Դաւիթ Միքայէլեան
Լոյսը դեռ չծագած
Փորձում եմ
Շօշափել օրուայ հոգսաշատ հայեացքը:
Արցախիս ցաւը
Սրտիս մէջ ծրարած
Բացում եմ հոգուս պատուհանները,
Որ շնչահեղձ չլինեմ
Ու հասցնեմ լիաթոք շնչել
Հայոց աշխարհի օդը կենարար:
Համոզուած լինել,
Թէ սատանան այն չի աղտոտել,
Եւ մանուկները
Հանգիստ կարող են քնել
Ու երազներում թաւշեայ
Ճերմակ աղաւնիներ գրկել…
Ճակատագիր
100-ամեայ պապս
Աւանդեց փառաւոր հոգին
Ու յայտնուեց դրախտում՝
Յաւերժ ձուլուելով նախնիների հողին,
(Դա նրանց երազանքն էր)
80-ամեայ հայրս
Կնքեց իր մահկանացուն,
Ու հողին պահ տալով
Ապրած տարիներն իր
Գնաց իմաստուն հօր ճանապարհով…
Նրանք՝ (հայր ու որդի), ննջում են կողք-կողքի:
աւագ եղբայրներս
Դեռ կարգին տարիք չառած,
Հայրենիքի կարօտը սրտերում,
Հետեւեցին
Իրենց պապի եւ սիրելի հօր օրինակին
Ու Արցախից շա՜տ հեռու
Հանգչեցին օտար ափերում…
Այսպէս է,ահա, ճակատագիրը հայի,
Մի օր, ասես, մերն է ամբողջ աշխարհը,
Մի օր էլ՝ տուն չունենք…
. . . . . . . . . . . . . . . .
Երազիս մէջ
Պապս այցի էր եկել
Եւ յորդորում էր.
— Ա՜ խոխեք,
Ինչո՞ւ էք մեզ մենակ թողել,
Բա դուք խիղճ չունէ՞ք…
Անզօրութիւնից կարկամել,
Պատասխան չէի գտնում:
Իսկ պապս սպասում է…
Մեղայական
Չմտածես,
Թէ վայրկեան անգամ
Մոռացել եմ քեզ, Արցախ,
Ու անառակ որդու պէս
Թողել, հեռացել եմ,
Կաթդ ուրացել…
Անհուն վշտի մէջ
Մենակ եմ թողել քեզ,
Լոյսդ մարելով՝
Տառապած սրտիդ
Նոր վէրք եմ բացել
Ու ցաւացրել…
(Ինձ երբէք չեմ ներում
Արարքիս համար):
Ինչպէս մոլոր թռչնակ
Հայեացքս անվերջ
Որոնում է քեզ,
Եւ կարօտից քո
Անունդ է հալւում
Իմ տաք շուրթերին…
Յորդորդ միայն
Կը փրկի ինձ մահից
(Եթէ դիմանամ):
Երկիր իմ,
Ե՞րբ է այդ օրը գալու…
Ով է ուրացել…
Թշնամին
Ընդհատեց զօրացումդ, Արցախ,
Երբ գոյի կռւում
Մեն-մենակ էիր մնացել եաթաղանի առաջ,
Ու քեզ սպառնում էին
Խեղդամահ անել,
Սովամահ անել եւ ծնկի բերել…
Չար լեզուները
Որքան էլ փորձեն իրենցը պնդել,
Թէ մայրն հարազատ
Հրաժարուել է, իբրեւ, զաւակից,
Նրան ուրացել՝ խորթ համարելով,
Հաւատացողը չեմ երբէք:
Մատնիչին զուր ենք ուրիշ տեղ փնտռում,
Այդպէս կարող է
Ցինիկաբար վարուել միայն
Դաւաճան Յուդան,
Ով երկու արծաթով երկիրս ծախեց
Եւ կուլիսների ետեւ
Անզուսպ հրճւում է հիմա
Այնքան յաջողուած գործարքի համար…
Արդար դատաստան կը լինի հաստատ,
(Դրանում երբէք ես չեմ կասկածում)
Բայց որ Արցախս կ՚ազատուի դաւից,
Եւ գարնան մի օր
Թեւի տակ կ՚առնի
Տաք բոյնը լքած ծիծեռնակներին,
Շատ եմ հաւատում…
Վերադարձ՝ մանկութեան արահետներով
Մանկութեան յուշերս մնացին հեռւում,
Սուզուեցին Մեղրագետիս զուլալ ջրերում,
Ուր ամռան տապին կոհակներն են խայտում,
Եւ կարմրախայտն է այնտեղ զուարթ խաղում…
Բարձունքից ժայթքող ջրվէժը զնգուն
Հէքեաթներ էր պատմում հին ու նոր,
Ու մամռոտ ափին մանուկներն էին քնում,
Քամին էր պար բռնում օրոր-շորոր…
Գետափին տղերքը անուշ թութ էին թափում,
Աղջիկները՝ շալ էին բռնում խինդով,
Այնպէս անհոգ էին օրերը անցնում,
Ի՜նչ թթափ, հանդէս էր երգի, սիրոյ…
Աւաղ, մոլորուած ու զարկուած սրտով
Դեգերում եմ այսօր լոյս որոնելով,
Աշխարհն ինձ համար խաւար է թւում,
Վախենում եմ՝ յանկարծ խելագարուեմ…
Ա՜խ, ուր է, թէ մի օր երազիս թեւով
Ետ դառնամ մանկութեանս արահետով,
Գնամ ու հազարամեայ կարօտս առնեմ,
Հայրենի տուն հասնեմ ու վերածնուեմ…
Քանի Արցախը պատանդ է, գերի…
Ձիւն է համատարած
Ու քար լռութիւն,
Փաթիլներն են հանդարտ իջնում
Մռայլ դաշտերին:
Ագռաւներն են այնտեղ հիմա
Իրենց տէր-տիրակալ կարծում,
Եւ շնագայլերը վայրահաչում՝
Ասկեարի ուսադիրներով…
Դրախտավայր երկիրն իմ
Այս ի՞նչ օրն ընկել,
Որ ճակատագիրը նրա
Սատանաներն են որոշում…
Նման նուաստացում
Ե՞րբ ենք մենք հանդուրժել:
Աստուած,
Ինչո՞ւ ես չարքերի դէմ կռւում
Մեն-մենակ թողել մեզ:
Նահատակների շիրիմներն հիմա
Ձիւնել են կարօտից,
Այնտեղ, հողի տակ
Մեր սրբերն են ննջում,
Նախապապերն են տոհմի
Կողք-կողքի հանգչում,
Պատգամ-յորդորով
Մեզ սիրալիր տանջում…
Տեսիլները այս
Գիշերներն անվերջ ուղեկցում են մեզ
(Անկախ մեր կամքից)
Ու ահազանգում մշտարթուն մնալ:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Քանի Արցախը պատանդ է, գերի,
Մենք աչք փակելու իրաւունք չունենք…