Գրիգոր Ջանիկեան
Սիրելի գրչընկերոջս՝ ՎՐԷԺ ԻՍՐԱՅԷԼԵԱՆի յիշատակին,
բոլոր Վրէժներին, որ ծնուել, ծնուելու են անպայման
Հօրը տեսնելը տեսել էր, բայց աղօտ էր յիշում: Վերապրող խարբերդցիներն էին պատմում, որ հայրը, քսանը չբոլորած, Միացեալ Նահանգներ է մեկնել, ուսանել է Եյլի, Հարուարդի համալսարաններում, աւարտելուց յետոյ վերադարձել է Խարբերդ, «Եփրատ» քոլէջում տարրաբանութիւն, իմաստասիրութիւն, ընկերաբանութիւն է դասաւանդել: Շատ շուտով համաքաղաքացիները նրա բուն՝ Պարգեւ Պարթեւեան անուն-ազգանունը մոռացել, «Խարբերդի Սոկրատ» էին կոչել: 1915-ի յունիսին հօրը, քոլէջի բոլոր ուսուցչապետերի հետ տարել էին Արեգունի՝ Ծովքի հիւսիսային ափամերձ քարքարուտը: Հէնց այդ պահին էլ թիկնապահներով լիճ էր հասել կուսակալը՝ Ալի Սաբիթ բէյը:
— Համբերէ՛ք, — հրամայել, գրեթէ նետուել էր հազիւ կառանուած կառքից…
Նա կարճահասակ էր, շեղաչք, ո՛վ գիտէ, նախնիները մահմեդական ո՞ր վաչկատու հորդայով էին Խարբերդ՝ պատմական Հայաստանի Ծոփք լեռաշխարհը հասել: Իթթահատականները, իշխանութեանն անցնելուց յետոյ այդ գրել-կարդալ չիմացող անուսին, ով առաջին անգամ ինքնաշարժ տեսնելիս հրէշ էր կարծել, լեղապատառ փախել, կուսակալ էին կարգել, որովհետեւ համոզուել էին թէ հայերին ատում է, ատելն ի՜նչ է, մարդ արարած չի համարում: Նահանգապետ կարգուելուց յետոյ շատ էր պատահում, որ կուսակալանիստ Մեզիրէ քաղաքում հայի նկատելով կառքից իջնում էր, հեծնում, հրամայում էր տուն հասցնել:
Ի զուր էր Հարուարդի համալսարաններում իմաստասիրութիւն, ընկերաբանութիւն ուսանած ուսուցչապետը նրան հասկացնել փորձում, որ օսմանեան կառավարութիւնը Սահմանադրութիւն է հռչակել, կայսրութեան բոլոր հպատակներին իրաւահաւասարութիւն շնորհել, սիրոյ, եղբայրութեան կոչել: Ալի Սաբիթ բեյը ցանցառ՝ թել-թել հաշվուող մօրուքը ցուցամատով ոլորում, յոխորտում էր.
— Չի կարող պատահել, Ալլահը հայերին ստեղծել է, որ ծառայեն մուսուլմաններին՝ տղամարդիկ՝ ցերեկը, կանայք՝ գիշերը: Հէնց չուզէք ծառայել, մենք ձեզ մեր օրհնած վաթանից կը սրբենք, կը վերացնենք: Ու հաւատա՛, այդ օրը գալու, շատ շուտ է գալու:
Իրօք՝ այդ օրը եկել, շատ շուտ էր եկել:
— Ո՛տքս բերէք, — կառքից իջնելով նա մատնացոյց էր արել պարանով ձեռքերը թիկունքին կապկպած «Խարբերդի Սոկրատին», — դրա գլուխը ես պիտի ջարդեմ, որ տեսնեմ, որտեղ էր այդքան խելք տեղաւորում:
Ու իսկապէս՝ Արիսի հօր գլուխը ծնկների մէջ էր առել, քարերով փշուր-փշուր արել…
Արիսը մօրն էլ էր աղօտ յիշում: Նորածին քոյր ունէր, մայրը տաք աւազով խանձարուրը գոլացնում, դիեցնում էր, միաժամանակ ոսկեցոլ ատամները փայլատելով, երգում.
— Քուն եղիր, բալաս,
աչերդ խուփ արա…
Այդ ժամանակ Արիսը դեռ չգիտէր, որ մայրն իրեն ծննդաբերելու ժամանակ առաջին յղիութեան տարօրինակ ախտով էր հիւանդացել, ատամներն սկսել են կակղել, թափուել: Հայրը՝ «Խարբերդի Սոկրատը», նորահարս կնոջը տարել էր Պոլիս, որտեղ հիւանդութիւնը կանխել էին, թուլացած ատամները ոսկեշար պատեանով ամրացրել: Մի անգամ, երբ հայրը վերջապէս գրքերից ու յատկապէս թերթերից յոգնել, որդուն գիրկն էր առել, Արիսը հարցրել էր.
— Հայրիկ, ինչո՞ւ մեր թաղում միայն իմ մաման ոսկէ ատամներ ունի:
Հայրը խանդաղատանքով խառնշտել էր մազերը.
— Բարի ու գեղեցիկ մայրիկները ոսկի ատամով են ծնւում, տղաս:
Արիսը հաւատացել էր՝ մայրն իրօ՛ք բարի ու գեղեցիկ էր:
* * *
Հօր աքսորից յետոյ (դեռ չգիտէին, որ Ծովքում նրան անձամբ կուսակալն է տանջասպանել) շրջաբակի հարեւանուհին՝ Մէյրամ հանըմը, ում անունն Արիսը արտաբերել չէր կարողանում, Հարսիկ էր ասում, հէնց լսում էր մօր օրորոցայինը, գալիս, Արիսին գրկում, տուն էր տանում: Որ իբր չաղմկի, քոյրիկի քնելուն չխանգարի:
Տեղահանութեան նախորդ գիշերը մայրը քնեցրեց քրոջը, Արիսին գիրկն առաւ, շշնջաց.
— Լսի՛ր, անուշս, ինչ որ ասեմ ուշադիր լսիր ու միտքդ պահիր: Վաղը Խարբերդի ամբողջ հայութեանը աքսորի պիտի հանեն, յայտնի չէ ուր պիտի տանեն, ինչ պիտի անեն: Մենք հարսիկիդ հետ ամեն բան կարգադրել ենք: Հիմա նա կը գայ, քեզ տուն կը տանի, վաղն էլ մեր քարաւանը ճամբայ ընկնելուն պէս, թուրքական որբանոց կը յանձնի: Ինքը գիտի ինչ կ՚ասի: Երկուսով շատ մտածեցինք՝ քեզ փրկելու աւելի ապահով միջոց չգտանք: Միայն թէ վաղուանից քո անունը Արիս չէ, Աբդուլլա է, յիշի՛ր, դու թուրք ես, բայց հայ լինելդ, հայկական անունդ մի մոռացիր..
Յետոյ թաղի ճրագները մէկիկ-մէկիկ մարեցին, հարսիկը սեւ վարշամակով եկաւ, Արիսին վարշամակի մէջ առաւ, տարաւ: Մայրը դէմքով շրջուել էր դէպի պատը, չէր նայում: Բայց հէնց շրջաբակից անցան, լսուեց նրա կողկողանքը, որ մինչեւ լոյս չլռեց: Գիշերը Արիսը հարսիկի ծոցում քնեց ու չհասկացաւ, մայրն իրականո՞ւմ էր լալիս, թե՞ իր երազում…
Խարբերդում թուրքական որբանոց վերջերս էին հաստատել, հայերից խլուած մի մեծ շէնք յատկացրել: Կովկասեան ճակատում ռուսական բանակն ու Անդրանիկի կամաւորականները հայկական գիւղերը, քաղաքներն ազատագրելով առաջանում էին, իսկ թուրքերը վրէժխնդրութեան ահից երկիւղած, երեխաներին շալակում, լեղապատառ երկրի խորքերն էին նահանջում: Որբանոցը փախստական լամուկների համար էին նախատեսել, բայց երբ նրանց հոսքը նուազեց, սկսեցին տեղացիների էլ ընդունել, անգամ ազգութեամբ շատ չհետաքրքրուել: Աւելի լաւ, եթէ որբը հայ լինէր, մանկատանը կը թուրքանար…
Մէյրամ հանըմը Արիսի համար մտաւախութիւն չունէր, ծնուած օրից ոչ միայն հետը թուրքերէն էր խօսել, այլեւ ոտանաւորներ, երգեր, անգամ Ղուրանից սուրահներ էր սովորեցրել: Սովորեցրել էր այն ամենը, ինչն ինքն էր իմացել:
Որբանոցի բակում մենակ մնալով Արիսը մի պահ թնկթնկաց, յետոյ շուրջը վազվզող երեխաներին նայեց, ուրախացաւ, ընդառաջ նետուեց: Հրայրին նկատեց: Երկար ու լղար հասակի համար «Եփրատ» քոլէջում նրան Լոլոզ էին կոչում: Տարիքից անհամեմատ մեծ էր երեւում: Հօր սիրելի սանն էր, երբ ակնոցը կամ որեւէ գիրք էր տանը մոռացած լինում, նրան էր ուղարկում: «Խարբերդի Սոկրատի» յանձնարարութիւնը կատարելը Հրայրը բացառիկ շնորհ էր համարում, ամաչում, շիկնում էր, երբ ուսուցչապետի կինը նեղութիւն պատճառելու համար գրպանները շաքարհատ, չամչարակ էր լցնում:
Հրայրն էլ իսկոյն Արիսին նկատեց, ձեռքից բռնեց, պէտքարան խցկեց, խիստ հրահանգեց.
— Չլսեմ-չիմանամ, որ ինձ հայկական անունով կանչես, Հասան կ՚ասես, իմացա՞ր: Քո անունն ի՞նչ է:
— Աբդուլլա:
— Թող լինի Աբդուլլա: Ուրիշ ճար չունենք, Աբդուլլա, մինչեւ Անդրանիկ փաշան գայ, մեզ ազատի, պիտի համբերենք:
Որբանոցի հայրիկը՝ Մուստաֆա էֆենդին, մայրիկը՝ Գիւլինիա հանըմը գիտէի՞ն Հասանի հայ լինելը: Եթէ չգիտէին էլ, գոնէ կասկածում էին, բայց կառավարութեանը չէին յանձնում, ընդհակառակը, ամեն կերպ սիրաշահում էին: Պատերազմում հիւծուած, սնանկացած երկիրը միլիոնաւոր ծնողազուրկների սովամահութիւնից փրկել չէր կարողանում, Խարբերդի թուրքական որբանոցի սնունդը, եթէ կարելի էր այդպէս ասել, Հրայրն էր ապահովում: Ճիշտ է, պատերազմի պատրուակով հարկահանները, դեռեւս նախքան բռնահանութիւնը, տարել էին հայերի մսատու, կաթնատու անասուններին ու ամբարների պարէնը, բայց, խարբերդցիները, ինչպէս եւ յաճախ պարծենում էին, այդքան միամիտ չէին, ժամանակին հասցրել էին թաքուն պաշար հորել: Այդ՝ այդպէս էլ չբացուած թաքստարանների տեղերը Լոլոզը գիտէր, հէնց սովի սպառնալիքը մթամպում էր որբանոցի վրայ, Մուստաֆա էֆենդուն, մի քանի աչքաբաց սաների, որոնց ինքն էր ընտրել ու քաջազէններ անուանել, տանում էր Վերի, Վարի թաղերը, պարկերով ալիւրը, տիկերով իւղը, կճուճներով մեղրն ու տհալը շալակում, որբանոց էին տեղափոխում:
Ու մինչ Լոլոզն ու նրա «քաջազէնները» թալանում էին անապատներում բռնասպանուող հայերի տները, Մուստաֆա էֆենդին լինգով, քլունգով տեղահան էր անում նստասենեակների տախտակամածները, քանդում էր որմնաթախտերի պատերը, պահուած ոսկիներ, ակնեղէն էր փնտռում եւ եթէ գտնում էր, լցնում էր մախաղը, տանում, կուսակալին էր յանձնում:
Մուստաֆա էֆենդին իր գտած գոհարեղէնի ո՞ր մասն էր յանձնում, ո՞ր մասն էր կնոջ ապահովութեանը յանձնում, Սաբիթ բէյը չէր իմանում, այդ պատճառով էլ միշտ դժգոհ էր ձեւանում, կուսակալանիստում յետառաջ էր քայլում, գոռգոռում.
— Ես էսքան տարի Խարբերդի վալին եմ, հայերի ունեցածը լաւ գիտեմ: Էնպէս չանես, որ գամ, կնոջդ փոխանը հանեմ, պահածներդ գտնեմ:
— Վալլահ-բիլլահ, էսքան էր բէ՛յ, դու հօ տեղեակ ես՝ հայերը գաղթի մասին նախօրոք իմացել, ունեցուածքները վրաները կարել, հետներն են տարել:
— Խարբերդի հայերը Գիւնէյում (թուրքերը Արեգունիին Գիւնէյ էին ասում), կոտորուած-թափուած են, թէ ասածիդ հաւատում ես, գնա՛, հաւաքիր բեր, չբերեցիր, կնոջիցդ բացի քո փոխանն էլ եմ հանելու, քո պատճառով նահանգի տուրքը պակաս չեմ յանձնելու, պաշտօնազուրկ լինելու: Պատերազմ է, հայվա՛ն, հասկացիր: Մեր ազիզ ասկեարները քո համար են ռուսական ճակատում զոհւում:
Մուստաֆա էֆենդին ճար չունէր, լռում էր: Մինչդեռ վստահ էր՝ եթէ Խարբերդի հայերն անգամ հետները հարստութիւն տարել են, մինչեւ Ծովք հասնելը զինուոր-ոստիկաններն են խլել, մնացածը, խորը թաքցրածն էլ շրջակայ քրդական Խոզաթ, Խուզիջան, Օվաճըկ գիւղերի հուղկահարները…Ամեն դէպքում կուսակալի հրամանը չկատարել չէր կարող: Եթէ կատաղէր, իրօք, որբերի ներկայութեամբ միայն Գիւլինիա հանըմի փոխանը չէ, իրենն էլ կը հանէր, խելքին ինչ փչեր, կ՚անէր:
* * *
Այդ երեկոյ նա սրճարան թուղթ խաղալու չգնաց, Լոլոզին, Լոլոզի «քաջազէններին» հաւաքեց, պարսատիկի նման երկճիւղ խչմարներ պատրաստել տուեց: Ինչի՞ համար, չասաց: Առաւօտեան էլ հոջային չարտօնեց, որ նամազից յետոյ Ղուրանից սուրահներ կարդայ, որբերին երկար-բարակ պարզաբանի, որ իրենք թուրք մեծատունների զաւակներ են եղել, անհաւատ հայերն են ծնողներին մորթել, ունեցուածքները թալանել, եւ եթէ նրանք ջերմեռանդ մուսուլման են, պիտի շուտ մեծանան, մէկի տեղը տասը, քսան գեաւուր կառափնատեն, ծնողների վրէժը լուծեն:
Թրքացած, այդ պատճառով Խարբերդում մնացած միակ հայը՝ կառապան Իբրահիմը որբանոցի առաջ բեռնասայլը կանգնեցրել, հլու-հնազանդ սպասում էր: Մուստաֆա էֆենդին Լոլոզինՙ երեկոյան պարսատիկի նման երկճիւղ խչմարներ պատրաստած «քաջազէններին» հրամայեց նստել: Դարձեալ չասաց ինչու: Բայց որբանոցով մէկ տարածվեց, որ «քաջազէնները» Ծովք են գնում: Արիսը վազեց, Հրայրին գտաւ, խնդրեց.
— Ինձ էլ տար էլի:
— Ինչի՞, — զարմացավ Հրայրը:
— Շատ եմ ուզում:
— Բայց ախր ինչի՞:
— Ես Ծովքի ափին եմ կնքուել:
— Պահ, ուրեմն դու քո կնունքը յիշո՞ւմ ես:
— Յիշո՛ւմ եմ: Հայրս որոշել էր ինձ էն տարիքում մկրտել, որ մկրտութեան խորհուրդը հասկանամ:
Տղեկի թարթիչները թրթռում էին, եթէ մերժէր, լաց պիտի լինէր:
— Լա՛ւ, պարոն Պարթեւեանի յիշատակի համար կտանեմ: Թռիր, նստիր, բայց այնպէս արա, որ Մուստաֆա էֆենդիի աչքով չընկնես:
Մուստաֆա էֆենդին բեռնասայլ բարձրացաւ ու առաջինը հէնց Աբդուլլային նկատեց, Հասանի վրայ բարկացաւ.
— Էս լակոտին ո՞ւր ես տանում:
— Հասակին մի նայէք, բե՛յ, — շողոքորթեց Հրայրը, — ամենաճարպիկ քաջազէնն է:
— Տեղ կը հասնենք, կը տեսնենք…
* * *
Ծովքը չէր փոխուել, իր մկրտութեան օրը՝ Վարդածաղկի տօնին էլ հէնց այս նոյն տեղում կառքից իջան, տկալաստերով կղզու սուրբ Նշան վանքը հասան: Քահանան եկեղեցին տօնականօրէն զարդարել, իրենց էր սպասում:
Նա Մկրտութեան արարողութիւնը շարականների երգասացութեամբ սկսեց. միաժամանակ ջուր էր լցնում կնունքի աւազանն ու սուզում կարմիր, ճերմակ թելերով ագուցուած նարօտները՝ «որպէս Քրիստոսի տիգախոց կողից ելած կենարար արեան ու ջրի խառնուրդ»։ Այնուհետեւ ներկաներին դառնալով խնդրեց, որ իր հետ կրկնեն «Հրաժարիմքը»:
Մկրտութիւնից յետոյ, սակայն, Արիսին մոռացան: Նահանգի երեւելիները շրջապատեցին հօրը, իսկ մայրը, որքան էլ որ Խարբերդի Սոկրատի կինը լինէր, նորահարս էր, միացաւ կանանց, շերեփը վերցրեց, մօտեցաւ մատաղի կաթսաներին: Տղեկը մեն-մենակ ձանձրացաւ, չոքեչոք լճին մօտեցաւ: Ոսկեթեփուկ մի ձկնիկ, հէնց ափի մօտ խայտում, Արիսի դէմքին ջուր էր ցայտեցնում: Նա էլ էր մենակ՝ ձանձրանում, խաղընկեր էր որոնում:
— Արի իրար հետ խաղանք, — ասում էր Արիսը:
— Դո՛ւ արի, — պոչն ուրախ շարժում էր ձկնիկը:
Արիսը ձեռքը մեկնեց, որ ձկանը բռնի, ափ հանի, գլորուեց լիճը: Ձկնիկը զարմանալի արագութեամբ Ծովքի խորքերն էր փախչում, Արիսը թեւերը պարզում էր, որ բռնի: Շուտով զգաց, որ լիճը լուրթ է, բայց ինքը ոչինչ չի տեսնում, ուզում է շնչել, չի կարողանում:
— Տղաս ո՞ւր է, — տարածուեց մօր ահաբեկ ճիչը:
— Տղա՜ս, — արձագանքեցին շրջակայ լեռները:
Մայրը հագուստներով լիճը նետուեց, ջուրը պղտորեց: Նրա տասը մատները տասը սրատես աչքեր ունէին, պղտոր ջրում Արիսին գտան, փաթաթուեցին, ափ հանեցին: Յետոյ մայրը երկար դողդողում, ջուր էր ործկում, բայց Արիսին գրկից չէր իջեցնում: Նրա ոսկեփայլ ատամները խամրել, վախից կափկափում էին:
Գիշերուայ մի պահի մայրն իրեն արթնացրեց, ճերմակ վրանից դուրս հանեց:
— Երկնքին նայի՛ր, տղաս, — ասաց, — հիմա լուսաստղը կը ծագի, օրհնութեան լոյսով ճակատդ կը պսակի:
Վարդածաղկի տօնն էր, երկնքում այնքան շատ աստղ կար, որ Արիսը չիմացաւ՝ լուսաստղը ծագե՞ց, ճակատը օրհնութեան լոյսով պսակե՞ց: Քունը տարել էր…
* * *
Լճափին Մուստաֆա էֆենդին առաջինը բեռնասայլից ցատկեց, ձեռքի խչմարով «քաջազէններին» ցոյց տուեց, թէ ինչպէս խողխողուած հայերի դիակները շուռումուռ պիտի տան, մատներին մատանիներ, պարանոցներին վզնոցներ, բերաններում թաքցուած ոսկեդրամ որոնեն: Ամենաշատ գտնողին որբանոցում անակնկալ էր սպասում: Թէ ինչ անակնկալ, իր մշտական սովորութեամբ, նախօրօք չէր ասում:
Թուրք որբուկներն իսկոյն ոգեւորուեցին, առափնեայով մէկ ցրիւ եկան: Արիսը ձեւացնում էր, թէ մեռելներ է քչփորում, բայց հայեացքը կղզու սուրբ Նշան վանքի աւերակներից կտրել չէր կարողանում: Մօրն էր որոնում:
Հուսէյնի ձայնը, ում հետ նոյն փսիաթին էր քնում, սթափեցրեց:
— Մուստաֆա էֆենդի, — զիլ, զնգուն ճիչը ցնծաց լճափով մէկ, — կնոջ գլուխ եմ գտել, ոսկի ատամներ ունի, բայց չեմ կարողանում ջարդել:
Որբերը նետուեցին ձայնի ուղղութեամբ, Արիսը ահաւոր նախազգացում ունեցաւ, միւսներից առաջ անցաւ:
… Հուսէյնը լայն բացել էր խողխողուած մօր ծնօտն ու խչմարով աշխատում էր պոկել ոսկի ատամնաշարը: Կողքին վեց ամսական քրոջ մարմինն էր, խանձարուրի ծուէններից ճանաչեց:
— Մամա՜ ջան, քոյրիկ ջան, — Արիսը ճչաց, ընկաւ դիակների վրայ, որ թեւերով պաշտպանի:
Հուսէյնը կնոջ ծնօտը թողեց, իր յայտնութիւնից ոգեւորուած, վեր-վեր թռաւ.
— Մուստաֆա էֆենդի, Աբդուլլան հայ է, ես վաղուց էի կասկածում, բայց համոզուել էի ուզում, լսեցի՞ք, հէնց նոր հայերէն խօսեց:
Թէ յետոյ ի՞նչ եղաւ՝ Արիսը չիմացաւ…
Հրայրն Արիսին փախցրել, խոժոռ անձաւներից մէկն էր մտցրել, ռունգերին ճարճատուկ էր ճմրթում:
Տղեկը սարսռաց, բացեց աչքերը:
— Հը՞, զարթնեցիր, — ժպտաց Հրայրը, — էս խոտի հոտը մեռած մարդուն էլ ոտքի կը հանի:
— Ափարիկ, — կարկամեց տղեկը, — ես երազ էի՞ տեսնում:
— Տեսնում էիր, — անորոշ գլխով արեց Հրայրը…
Մութն ընկաւ, Ծովքի խայտացող կոհակներին սարսափի սեւ շղարշ իջաւ: Հրայրն ու Արիսը իրար ձեռք բռնեցին, խարխափելով քարանձաւից դուրս ելան: Էլ չէին դիմանում՝ թաց, լպրծուն խլէզներն ամեն ճեղքից գլուխները հանում, սողում էին հագուստների վրայով, դէմքներին քսւում:
Արիսը նորից թնկթնկաց։
— Դիմացիր, քիչ մնաց, արդէն ամերիկեան հիւպատոսութիւն ենք հասնում…
* * *
Ամերիկայի Միացեալ Նահանգների դեսպանորդ Լեսլի Դեւիսն իր հիւպատոսարանում հարիւրից աւելի հայ մանուկներ էր պատսպարում, բայց ամեն դէպքում Հրայրին ու Արիսին թաքցնելը վտանգաւոր համարեց, իր պատասխանատւութեամբ Պորտ Սաիդ՝ տիկին Վիկտորիա Արշարունու նորաբաց որբանոցն ուղարկեց:
Տիկին Վիկտորիա Արշարունին մեծահարուստ այրի էր, Կահիրէում ամուսնուց մնացած ապարանք, զարդատուփերով գոհարեղէն, իտալացի, ֆրանսիացի գեղանկարիչների բնօրինակներ ունէր, բայց իմացել էր Թուրքիայից բեռնանաւերով բերուող հայ որբերի մասին, ամբողջ ունեցուածքը վաճառել, տեղափոխուել էր Պորտ Սաիդ, «Ապաւէն» որբախնամը հիմնել: Ամեն ժամանած խմբի նա գորովով ընդունում, կերակրում, արձանագրուելու համար հերթով առանձնասենեակն էր հրաւիրում, հարցնում..
— Մկրտութեան անունդ ի՞նչ է, զաւակս:
Աղջիկներն իրենց սովորական՝ կնունքի անուններն էին ասում, բայց տղաներն ուզում էին, որ իրենց անունը Քաջն Վարդան կամ Քաջն Անդրանիկ արձանագրուի:
Երբ Արիսի հերթը հասաւ, տիրուհին կանխեց.
— Միայն թէ չասես, որ անունդ Քաջն Վարդան կամ Քաջն Անդրանիկ է: Հասկացի՛ր մանչս, մի համեստ որբախնամում չի կարող այդքան Անդրանիկ ու Վարդան լինել:
— Ո՜չ, մայրիկ, — ընդդիմացաւ Արիսը, — իմ անունը ոչ Անդրանիկ է, ոչ էլ Վարդան:
— Հապա ի՞նչ է:
— Վրէժ…
Տիկին Վիկտորիան գրիչը վայր դրեց, տղայի աչքերին նայեց, յայտնի չէ ինչ հասկացաւ կամ չհասկացաւ, մօտ կանչեց, փաթաթուեց, լաց եղաւ:
Արիսը լաց չեղաւ:
Նրա անունն արդէն Վրէժ էր:
Երեւան