Բանաստեղծութիւններ

«Տունս մնաց հեռուներում» շարքէն

Դաւիթ Միքայէլեան
Թթենին՝ քաւութեան նոխազ

Լուսադէմին
Հրթիռների որոտից
Երկիրն իմ երերաց,
եւ ծխի մէջ նշմարուեցին
Հարեւան օջախներից հեռացող
Վերջին բնակիչների ստուերները…
(Թուրքն արդէն գիւղի մատոյցներում էր
Ու եաթաղանից փրկուելը
Կեանքի ու մահուան խնդիր էր…)
Ժամանակը սահում էր աննկատ,
Տեղահանուածների ճամբան՝ երկարում…
Մոլոր մանկան նման
Ես էլ հրաժեշտ տուի
Հայրական տանն իմ
Ու կարօտով փարուեցի
Բակի դարաւոր թթենուն
(Մեղքերս չգիտէի ինչպէս քաւել)
Համբոյրներ դրոշմեցի
Կնճռոտ դէմքին նրա
Ու հայեացքով ետ շրջուեցի,
Փորձելով թաքցնել թաց աչքերս…
(Նրան կեանքում երբէք
Այդքան տխուր չէի տեսել)
Սրտնեղեց,որ լքում եմ իրեն,
Զարմացաւ, որ մենակ եմ իրեն թողնում:
Երդուեցի,որ յետ եմ դառնալու շուտով,
Ղուշի թեւով էլ լինի՝
Դարձեալ գիրկն եմ գալու…
Հաւատա՞ց նա,արդեօք, իմ խօսքերին,
Թէ՞ խղճաց,
Որ փախչում եմ դժոխքից:
(Ամօթ է թագաւոր թթենուց
Գթացող պատասխան ակնկալել),
Բայց,վստահ եմ,
Որ նա ինձ հասկացաւ,
Երբ տանս դուռը չկողպեցի…

Յ.Գ. Թթենին դարձնելով «քաւութեան նոխազ»,
Այսպէս հեռացայ ես իմ տնից…

Կարօտ

Նախորդ օրերի պէս
Անցած գիշեր էլ քուն չեկաւ աչքիս,
Մտապատկերներիս մէջ
Արցախում թողած սրբութիւններս են,
Ծննդավայրս, որբացած այգիս,
Օջախս, տունս…
(Հաւքից որ խնդրեմ՝
Խաբար չի՞ բերի,
Թէ 130-ամեայ տարեց թթենիս
Կանգո՞ւն է, արդեօք,
Ու նենգ թշնամին այն չի՞ գլխատել)…
Մի պահ թուաց,թէ
Խոր նինջ է իջել յոգնած կոպերիս
Եւ յուսախաբուած ձեռքից ընկնում եմ…
Մղձաւանջից սթափւում
Ու լուսադէմի ճամբան եմ բռնում:
(Այս ժամին
Չէ՞ որ իմ այգում եմ լինում,
Այստեղ ի՞նչ եմ անում),-
Մոլոր ելնում տեղից, յանդիմանում եմ ինձ:
Իսկ պատուհանիս տակ,
Իբրեւ ձմեռնամուտի խրոխտ նախերգանք,
Քամին է ոռնում՝գլուխը կորցրած:
Սաստկացող ցրտից
Բակում կուչ են եկել
Շները վախուորած,
Ու ծառերին՝ վերջին տերեւներն են դողում:
Լսո՞ւմ ես,քամի,
Անզօր եմ սանձահարել քեզ,
Մանաւանդ
Միշտ էլ նոյն խենթն ես մնում…
Հասուն մրգերս մնացին հեռւում,
Իսկ նուագիդ տակ
Տերեւներն են հիմա խելացնոր պարում:
Ի՜նչ կը լինի,
Եթէ աշնան գոյներից
Մի փունջ բաժին հանես,
Որ ըմբոշխնեմ
Այգուս որբացած ներկապնակը…

19 նոյեմբեր 2023

* * *

Գաղթից առաջ,
Երբ ընդմիջուել էին հրթիռահաչոցները,
Ու վերջին պատարագն էր մատուցւում
Սուրբ Աստուածածին եկեղեցում,
Շատերի պէս
Աղօթք շշնջացի ու մոմ վառեցի
Պատերազմում ընկած տղաների
Եւ ննջեցեալների համար:
Ապա տագնապի զանգը հնչեցուեց
Մարող տաճարում,
Ու հայեացքը՝ խորանին յառած,
Հոգեւոր հօր շուրթերին
«Հայր Մեր»-ը դողաց:
(Նա այդպէս էլ չհասցրեց
Թաց աչքերը թաքցնել վախուորած
Երեխաներից)
Վայրկեաններ անց
Հերթական ռումբը պայթեց
Եկեղեցու բակում,
Ու մանուկների աղերսագին ճիչը
Հասաւ երկինք…
— Այս անգամ էլ
Զորեղ խաչը
Մեզ փրկեց դժողքային մահից, —
Ենթադրեցին կանայք
Եւ օրհնեցին այն:
Բախտորոշ այդ պահին,
Երբ Արցախն էր յայտնուել զոհասեղանին,
Նրանք երեւակայել անգամ չէին կարող,
Թէ գաղթի ճանապարհին
Դեռ որքան դաժան փորձութիւններ են
Սպանդից փրկուածներին սպասում…

Աշխարհը կոյր է…

Ցաւից
Ցնցուել է երկիրն իմ ըմբոստ,
Խառնուել են իրար կրակ ու կայծակ,
Մոլորուել են երկնում
Աղաւնիները ճերմակ,
Կտուցներին
Մահաբեր ռումբեր են կախուել…
Դաժան կռիւ է Արցախի հողում,
Հրդեհ է ամենուր,
Հրթիռների ոռնոց,
Ամենուր մահուան տեսիլներ են շրջում…
Թշնամին անյագ արիւն է տենչում,
Սեւազգեստ մայրը
Մինուճար որդու կորուստն է ողբում,
Զարկուած ծերուկն է
Մահճում խուլ տնքում,
Իսկ բարուրի մէջ
Նորածին մանչն է մօրն իր աղերսում…
Արցախիս ճիչը
Լուսնին է հասել,
Սակայն անօգուտ:
Աշխարհը կոյր է,
Աշխարհը խուլ է,
Ոչինչ չի լսում…

Ինչից է սարսափում թշնամին

Ամեն օր մոմ եմ վառում եւ աղօթում
Դարաւոր վանքերիդ
Ու եկեղեցիներիդ համար,
Որ սատանան չպղծի,
Ու չփորձի
Յուդայի թելադրանքով
Անուանափոխել
Եւ օտարներին վերագրել,
Ինչ ստեղծել,արարել են
Մեր նախնիները,
Քրիստոսի զաւակները…
Տոկա՛,դիմացիր, երկիր իմ հայոց,
Թշնամին
Սարսափում է այն մտքից,
Որ Աստծոյ տունը կանգուն մնալով,
Աշխարհի որ ծայրում լինի՝
Արցախցին տուն է վերադառնալու…

 

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՄԱՍԻՆ
Դաւիթ Իշխանի Միքայէլեան ծնած է 1952-ին, Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան (Բալուջա) գիւղը։ Անդամ է ՀՀ-ԼՂՀ գրողներու միութիւններուն։ Հեղինակ է բազմաթիւ հատորներու, որոնց շարքին բանաստեղծական չորս ժողովածուներ։ Աշխատած է մամլոյ զանազան օրգաններու խմբագրութիւններու կազմերէն ներս, տասնամեակ մը ղեկավարած է Արցախի կառավարութեան մամլոյ ծառայութիւնը, իսկ վերջին շրջանին Ստեփանակերտի քաղաքապետարանի մամլոյ քարտուղարն էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *