Վսեմ առաքելութեամբ

Յուլիսի 17-ին Հայաստանի գրողների միութեան (ՀԳՄ) Մեծ դահլիճում տեղի ունեցաւ հանդիպում սփիւռքահայ ուսուցիչների հետ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնեանը ուրախալի համարելով այն փաստը, որ Սփիւռքի Մայրենի լեզուի ու գրականութեան ուսուցիչները ցանկութիւն են յայտնել հանդիպել գրողների հետ, ցաւով նշեց, որ ժամանակակից գրողների ստեղծագործութիւնները ծանօթ չեն մեր ուսուցիչներին եւ հասարակայնութեանը, քանզի թէ՛ տպաքանակներն են քիչ, թէ՛ հանդիպումներն են սակաւացել: «Բաց խօսակցութեան անհրաժեշտութիւն կայ. մենք ձեզ հարցադրումներ ունենք, դուք՝ մեզ, եւ այդ ամենը պէտք է ներկայացուի պետական լիազօրուած մարմիններին, նաեւ Սփիւռքի հասարակական, ստեղծագործական կազմակերպութիւններին՝ սերտացնելու հայ գրողի եւ դպրոցի կապը»,— ամփոփեց Էդ. Միլիտոնեանը:
Սուրեն Դանիէլեանը տեղեկացրեց, որ ներկայ են ուսուցիչներ 17 երկրներից, ինչպէս նաեւ երիտասարդներ, որոնց համար հայակերտումը, ըստ Ս. Դանիէլեանի, հրապոյրի պէս բան չէ: «Նրանք վաղը կարող են դառնալ հայագէտներ. այսօր եկել են դէպի հայկական մշակոյթ որպէս հիւր, վաղը կը գան որպէս այդ մշակոյթի պաշտպան ու նախանձախնդիր իրենց երկրներում»: Նա առանձնայատուկ երախտագիտութիւն յայտնեց սիրիացի ուսուցիչներին, ովքեր շարունակել են իրենց աշխատանքը պատերազմական իրավիճակում:
Ալիս Յովհաննիսեանը կարեւորեց ուսուցիչների վերաբերմունքը գրողների նկատմամբ, քանի որ առանց հայրենի գրականութեան հնարաւոր չէ սերունդ դաստիարակել: «Ժամանակակից հայ գրականութիւնը արտացոլում է այն ամենը, ինչ այսօրուայ մեր իրականութիւնն է արտայայտում: Իսկ յատկապէս Սփիւռքում երեխան պետք է իմանայ, թէ ինչ է կատարւում իր հայրենիքում»,— ասաց նա եւ կարեւորեց ժամանակակից գրական ստեղծագործութիւնների ընդգրկումը դասագրքերում:
Յակոբ Մովսէսը ուսուցչի, յատկապէս Սփիւռքի ուսուցչի աշխատանքը որակելով իբրեւ դժուար ու պատասխանատու աշխատանք, վստահեցրեց, որ առաւել մեծ ու վսեմ առաքելութիւն, քան ուսուցչինն է, չկայ: «Մեր պատմութիւնը ուսուցիչների պատմութիւն է. Խորենացուց սկսած մինչեւ մեր օրերը մենք լուսաւորչականութեամբ ենք կարողացել պահպանել մեր ժողովրդին, ազգը, լեզուն, աւանդոյթները»,— ասաց նա: Յակոբ Մովսէսն անդրադարձաւ նաեւ ժամանակակից հայ գրականութեան ուղղութիւններին, նկատեց, որ իրարամերժ, երբեմն հակասական միտումները վկայում են, որ գրականութեան սիրտը դեռեւս աշխատում է: «Հայ գրականութիւնն այսօր կայ, որի սիրտը բաբախում է, որի վրայ պէտք է լինի հէնց ուսուցչի ձեռքը: եւ բոլոր խնդիրները կը լուծուեն լուսաւորչականութեան շնորհիւ»,— ամփոփեց նա:
Պետրոս Դեմիրճեանը նոյնպէս ուսուցիչներին բնորոշեց իբրեւ առաքեալներ թէ՛ Սփիւռքում, թէ՛ հայրենիքում, քանի որ ուսուցչութիւնը նշանակում է ապագայ սերնդի ճիշտ դաստիարակութիւն, եւ առաջարկեց խօսել յուզող խնդիրների մասին:
Ելոյթ ունեցան եւ իրենց գրքերից Սփիւռքահայ ուսուցիչներին նուիրեցին Սուրէն Մուրադեանը, Խաչիկ Մանուկեանը, Ռուբեն Մարուխեանը, Կարինէ Խոդիկեանը, Սեյրանուհի Գեղամեանը, Դիանա Համբարձումեանը, Արամ Արսէնեանը, Նոնա Պօղոսեանը, Անուշ Վարդանեանը, Թադեւոս Տոնոյեանը եւ ուրիշներ:
«Մենք այն օղակն ենք, որ ներառում ենք մեր մէջ հոգեւոր լիցքերը եւ տանում ենք հաղորդելու մեր աշակերտներին, տանում ենք նրանց հայ պահելու, պայքարելու ուծացման ամենօրեայ ժանգի դէմ»,— ասաց ուսուցչուհի Թամարա Մաթեւոսեանը (Մոսկուա) եւ հպարտութեամբ տեղեկացրեց, որ Մոսկուայում գործում է հայկական միջնակարգ ամենօրեայ դպրոց՝ 560 աշակերտով՝ ե՛ւ ռուս, ե՛ւ հայ: «Սփիւռքի դպրոցները մեզ համար դառնում են ոչ թէ պարզապէս կրթօջախներ, այլ տուն, հայրենիք: Եթէ կարողանում ենք թէկուզ մեկ ընտանիք հայ պահել, նշանակում է` մեր առաքելութիւնն արդարացուած է: Լինել մայրենի լեզուի ուսուցիչ Սփիւռքում մեծ պատասխանատւութիւն է»,— ամփոփեց նա:
«Գրական թերթ»
21 յուլիս 2017

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *