Արցախ—Նիւ-Եորք երկնային ճեպընթաց

Մհեր Իսրայէլեան

Աշխարհի մոռացուած անկիւնում, ուր բոլորը բոլորին սիրում են ու միաժամանակ ատում, ապրում էր մի եօթնամեայ, իսկ աւելի ճշգրիտ հաշուարկով՝ գուցէ վեցուկէսամեայ աղջիկ։ Ու քանի որ իր պէս հազարաւոր աղջիկներ կային ու բոլորի մասին մէկ պատմութեան մէջ անհնար է գրել, յանուն արդարութեան անունը սրտումս կը պահեմ, թող լինի բոլորի մասին, նրանց, որոնք աշխարհի մոռացուած եզերքում սպասում են իրենց եօթնամեայ տարեդարձի գալստեանը։ Նա դեռ շատ փոքր էր սիրոյ եւ ատելութեան նրբերանգներն ըմբռնելու, աշխարհի չարն ու բարին զանազանելու համար, իրենց իսկ լեզուով ասած՝ մի մատ խոխայ էր։ Ո՛չ պատերազմը գիտէր թէ իրականում ինչ է, ո՛չ նորայայտ «շրջափակում» կոչեցեալը, ո՛չ էլ կարող էր ենթադրել, որ երբեմն, երբ տատի ասած՝ Աստուած երես է թեքում մեզանից, պարզապէս ժամանակն է կանգ առնում, ինչպէս երեք տարի առաջ պատահեց։ Ժամանակը կանգ է առնում, ու տան տղամարդիկ ուղեւորւում են ովկիանոսից այն կողմ ու չեն էլ մտածում վերադառնալու մասին։ Մօր շուրթերից թռած ուղղութեամբ՝ Նիւ-Եորք, Նիւ-Եորք։
— Հայրդ ու եղբայրդ գնացել են Նիւ-Եորք, հեռու-հեռու, յոյժ կարեւոր գործերով, — ասել էր մայրը ու մտածել, թէ գնալ-գնալ, գոնէ մի լաւ տեղ ուղարկի, ազատութեան բերկրանքը լիուլի վայելեն։
— Բա ո՞նց են գնացել, ծովո՞վ, թէ՞ ցամաքով, — հարցրել էր աղջիկը։
— Երկնքով, — պատասխանել էր մայրը, — Արցախ-Նիւ-Եորք ճեպընթացով։
— Բա ե՞րբ են հետ գալու, — հարցրել էր աղջիկը, որ թէեւ դեռ շատ փոքր էր մօր ասածը կասկածի տակ առնելու համար, բայց արդէն բաւականաչափ մեծ էր այդ հարցը տալու ու խելքը գլխին պատասխան չստանալուց յետոյ պարզապէս լռելու համար։
— Երբ ժամանակը նորից սկսի հոսել, ու կախարդական դարպասները բացուեն, — հանգստացրել էր մայրը։
Մայրը ճիշտ էր, ժամանակը հոսում է, հոսում ու մի օր կանգ առնում։ Եթէ աղջիկը հասկանար այդ ամենը, կը դադարէր օրերը հաշուել ու սրտի տրոփիւնով սպասել, թէ երբ է ի վերջոյ ժամանելու երանելի օգոստոսի հինգը։ Գուցէ այդ օրը հրաշք լինի, դուռը բացուի ու…։ Ընդամենը վեց ամսից։ Ե՞րբ են բերելու իր ծննդեան տորթը, ե՞րբ է թոքերում օդ հաւաքելու, աչքերը փակելու ու ամբողջ ուժով փչելու մոմերը ու երբ են բոլորը ծափահարելու.
— Շնոր-հա-ւոր, շնոր-հա-ւոր…

* * *

— Տորթ թխե՞լն էլ դառնայ գլխացաւանք, — ասելու էր մայրը գլխին հաւաքուած հարեւաններին — մի գրամ շաքար չկայ, առանց շաքար ի՞նչ տորթ։
— Ցորենի ալիւր էլ չկայ, միայն տարեկանի(*), — առանց ալիւր ինչ տորթ, — ուսերն էին թոթուելու հարեւանները։
— Տարեկանի ալիւր, մտքիս Սելինջերի գործն եկաւ. «Տարեկանի արտում, անդունդի եզրին», — ասելու էր մէջների կարդացածը, — անդունդ չի, ի՞նչ է։
— Տորթը հօ ուտելու համար չի, զուտ տօնական զարդարանք է, խորհրդանիշ, ամենակարեւորը՝ Եօթ թուանշանով մոմը իմ վրայ, խոր դարակից պեղած, հօ չենք թողնի խոխան լացի, — խոստանալու էր վերջինը, ում հոգին միշտ խորն էր ու պէտք լինէր, օձի ձու էլ կը ճարէր։
Եւ այսպէս, տարեկանի արտում, անդունդի եզրին կանգնած, հարեւանները տորթ էին թխելու։ Շաքար չկայ, մեղր էլ հօ կայ, դարպասները փակ լինեն թէ բաց, մեղուն հնարը գտնում է, դրա համար էլ մեղու է, աշխարհի ծայրից էլ կը բերի նեկտարը, մեղր կը սարքի ու կը բաշխի նրանց, ովքեր քաղցրի կարիք ունեն։ Ով էլ խանգարի, կը խայթի, թէկուզ իր կեանքի գնով։ Մեղուն թքած ունի պատերազմի վրայ էլ, շրջափակման վրայ էլ, սահմանների վրայ էլ։ Շատերը թքած ունեն, բայց ձեռները ճար չկայ, ոչ էլ խայթելու ձեւը գիտեն, թէկուզ իրենց իսկ կեանքի գնով։ Ու մինչ հարեւանները տորթ էին թխելու, հարեւանի աղջիկը կտրօնով գնած հացով կերակրելու էր թափառական կատուներին։ «Կատուներն Աստծոյ թաշկինակն են ու եթէ կուշտ լինեն, Աստուած մեզ բարի աչքով կը նայի», — երեւի մտքում նման մի բան էր պահելու հարեւանի աստուածավախ աղջիկը ու շարունակելու աղօթք մրմնջալ։
Թէեւ դարպասները փակ են, որեւէ կասկած չկայ, ծննդեան տորթը կլինի ամենաշքեղը, ամենագունեղը եւ ի հարկէ՝ ամենահամեղը, յետոյ ինչ, որ շաքար չկայ, յետոյ ինչ, որ ալիւր չկայ, յետոյ ինչ, որ երեք տարի առաջ, երբ ժամանակը կանգ առաւ, հայրիկն անվերադարձ մեկնեց Նիւ-Եորք յոյժ կարեւոր գործերով։ Իսկ գուցէ հայրիկը անակնկալ է նախապատրաստել ու տորթը փչելու պահին, երբ աչքերը պինդ փակի ու յետոյ աւելի պինդ բացի, կամուֆլեաժէ համազգեստով ներս է մտնելու, գրկի իրեն ու եօթ պտոյտ պտտի օդի մէջ, ինչպէս միշտ անում էր ու ինչպէս վերջին անգամ արեց, ու իր գլուխն այնպէս պտտուեց, որ յետոյ գետնի վրայ քայլելիս ութ էր գծում։

* * *

Ամենուր շշուկներ էին պտտւում, որ հեռաւոր Նիւ-Եորքում աշխարհի մեծամեծներն են հաւաքուելու ու որոշելու անյապաղ բացել դարպասները։ Աղջիկն էլ լսում էր այդ լուրերը ու մտածում թէ իր հայրը գուցէ մի բան արել է այնտեղ ու իր ուժն ու հնարամտութիւնը բանեցրել՝ իրենց կապանքներից ազատագրելու համար։
Շատերը՝ առաւել իրատեսները, չէին հաւատում այդ հրաշքին, իսկ առաւել նրբազգացները նոյնիսկ յոյս էին փայփայում, թէ շուտով բեռով-բանով իրենց մոռացուած եզերքն է ժամանելու Լիխտենշտէյնի արքայազնը։ Հռոմի Պապն էլ ոչ աւել, ոչ պակաս փոխելու է նախօրոք թիզ առ թիզ գծագրուած երթուղին ու իր հաւատարիմ հետեւորդների Պորտուգալիայ գնալու փոխարէն մեռոնն առած շտապելու է մեր աւետեաց երկիր՝ հերքելով հին ասացուածքը, թէ բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Ասում էին, որ նա անխտիր մկրտելու է բոլորին, սրբադասելու նահատակներին ու օրհնելու սուրբ հողը, իսկ դաւադրապաշտական տեսութեան ջատագովներն էլ՝ վստահեցնում, թէ նոյնիսկ սքեմի տակ թաքցրած գաղտնի զէնք է բերելու հետը։
Վատ լուրեր էլ էին հնչում, մէկն ասում էր, թէ հակառակ կողմից, արեւելեան դարպասներին է մօտենում Տրոյական ձին ու թէ թոյլ տան ներս մտնել, երկիրը կը կործանուի։ Թէ այդ ինչ չար ձիու մասին էր խօսքը, այդ ինչպէս պիտի երկիրը կործանուէր, աղջիկն այդպէս էլ գլուխ չհանեց, ախր իր իմացած բոլոր հէքեաթներում ձիերը բարի արարածներ էին։ Իսկ միգուցէ սայ բոլորովին այլ հէքեաթ է կամ նոյնիսկ հէքեաթ էլ չէ, եթէ հէքեաթ լինէր, հայրն ու եղբայրը վաղուց պէտք է որ վերադարձած լինէին։ Ի դէպ, մայրիկը չասաց էլ, թէ երկնային ճեպընթացի տոմսը միակողմանի էր, միակողմանի չէր…
Յանուն նոյն արդարութեան պէտք է ասել, որ աղջիկը այնքան Հռոմի Պապի մօտալուտ գալստեան փաստով չէր ոգեշնչուած, որքան Լիխտենշտէյնի արքայազնի։ Եթէ հայրիկը չի կարողանում յոյժ կարեւոր գործերը թողնել ու գալ հասնել օգոստոսի հինգին, գոնէ նա գայ։ Գեղանի արքայազնը սպիտակ ձիու վրայ, արքայական վարգով արեւմտեան դարպասներից կը մտնի իրենց մոռացուած անկիւնը, զանգուլակների ղօղանջով կը լցնի անտառներն ու մարգագետինները, քաղաքներն ու գիւղերը, կը հասնի իրենց բակ, կը բախի դուռը, հէնց օգոստոսի հինգին ու իր ծննդեան տարեդարձի նուէրը անձամբ կը յանձնի իրեն։ Դեռ մի բան էլ թոյլ կը տայ շոյել հրաշագեղ նժոյգի բաշը՝ ի նշան երախտագիտութեան, նժոյգն էլ հաճոյքից կը փնչացնի։ Յետոյ նուէրներ կը բաժանի բոլորին, աշխարհի ամենալաւ նուէրները, մէկը մէկից պայծառ ու հէքեաթային։ Իսկ իր նուէրը հաւանաբար գլանակի նման ոլորած նամակ կը լինի հայրիկից, իսկ մի գուցէ եղբօրից, որ թելը քանդելով ու զգոյշ բացելով կը կարդայ թաքուն, երբ բոլորը քնած ու եօթերորդ երազը տեսնելիս լինեն, ու միայն աստղերն ու լուսինը ժպտան երկնքից։

* * *

Ինչպէս եւ սպասւում էր, ծննդեան տարեդարձը անցաւ յաւուր պատշաճի, աղով ու հացով։ Աղուհացի աղն էլ մի հնարամիտ մարդ էր ապահովել, որ մի անհաւանական գիւտի շնորհիւ քարից աղ էր քամում։ Լիխտենշտէյնի արքայազնն ու Հռոմի Պապը թէեւ անձամբ չեկան, իրենց սպասող աղն ու հացն էլ չորացաւ շեմին, բայց մեծահոգաբար իրենց օրհնանքներն ու ողջոյններն էին յղել յատուկ բացիկով, որ բոլորին ի տես կարդաց մայրիկը։ Գոյնզգոյն փուչիկներ էլ կային հարեւանի հոգեպահուստից։ Մոմն էլ փչեցին, ծափահարեցին էլ ու «Ծնունդդ շնորհաւորն» էլ խանդավառուած երգեցին։ Երբ թոքերը օդ հաւաքեց ու աչքերը պինդ փակեց, հայրիկին էլ տեսաւ, եղբօրն էլ, բայց չգիտես ինչու, ոչ թէ կամուֆլեաժէ համազգեստով էին, այլ սպիտակ կոստիւմներով ու ոտաբոբիկ։ Մոմը փչելուն ու աչքերը բացելուն պէս նրանք աւաղ անհետացան, թէեւ հասցրեցին մի ակնթարթ աղօտ ժպտալ ու ձեռքով անել՝ ծափողջիւնների պայթիւնի մէջ։
Բայց ինչ-որ մի բան այնուամենայնիւ այն չէր, մի բան պակասում էր, շաքա՞րն էր, ալի՞ւրը, հայրի՞կը, թէ մի այլ անտեսանելի բան, ու քանի որ այդ կարեւոր բանը պակասում էր, տորթը կուլ չգնաց, գնաց հեղձուկի պէս կանգնեց կոկորդներում ու փշրանք դարձած կատուներին բաժին հասաւ։
— Մամ, անպայման հեռախօսով նկարի տորթը, որ ուղարկենք հայրիկին, գուցէ աւելի կարեւոր գործերը թոյլ չտուեցին գալ իմ ծննդեան օրը, — ասելու էր աղջիկը։
— Հայրդ միշտ մեզ հետ է, չտխրես, — այտը համբուրելու էր մայրը, — եղբայրդ էլ։ Այ կը տեսնես, կախարդական դարպասները բացուելու են։

* * *

Վերջապէս եկաւ սպասուած օրը, երբ Նիւ-Եորքում աշխարհի մեծամեծերը պիտի որոշէին դարպասները բացել-չբացելու հարցը։ Մարդիկ ասում էին, թէ այդ օրը պարզ կը լինի, թէ Աստուած վերջնականապէս երես է թեքել մեզանից՝ ինչպէս աղջկայ տատն էր հաւաստիացնում, թէ սկսել է բարի աչքով նայել։ Ճիշտ է, ոչ Լիխտենշտէյնի արքայազնը տեղ հասաւ իր հէքեաթային նուէրներով, ոչ առավել եւս Հռոմի Պապը իր չեղած գաղտնի զէնքով, բայց ամեն ինչ դեռ կորած չէ, չէ որ կատուներին հացով կերակրող աղջիկը ամբողջ սրտով իր աղօթքներն է մրմնջացել առ Աստուած ու խնդրել բացել դռները։ Մեր աղջիկն էլ վստահ էր, թէ ժամանակը կը սկսի նորից հոսել ու կախարդական դարպասները կը բացուեն, ինչպէս մայրն էր խոստացել։ Ու քանի որ յոյսը վերջինն է մեռնում, աշխարհի մոռացուած եզերքի ամենամեծ հրապարակում մեծադիր էկրան էին կախել, ու բոլորը հաւաքուել էին այնտեղ ուղիղ եթերով դիտելու կարեւոր միջազգային հանդիպման հեռարձակումը։ Աղջիկը չգիտէր դեսպան բառի նշանակութիւնը, բայց բնազդաբար զգում էր, որ պէտք է որ կարեւոր մարդիկ լինէին, իսկ մեր դեսպանը՝ անտարակոյս պէտք է որ հայրիկի ընկերը լինէր ու իր յոյժ կարեւոր գործերի աջակիցը։ Բոլոր դեսպանները միահամուռ պնդում էին, թէ դարպասները պէտք է բացել, պէտք է փոքր երեխաները մանկապարտէզ ու դպրոց գնան, սովորեն ու խաղան, երգեն ու պարեն, ծննդեան տարեդարձ նշեն ու փչեն տորթի մոմերը, մարդիկ էլ պիտի ծափահարեն ու շնորհաւորեն նրանց։
Միայն մի դեսպան, որին մարդիկ «նրանց դեսպան» էին անուանում, ասում էր, որ դարպասները ամենեւին էլ փակ չեն, ամեն ինչ հրաշալի է եւ աննման, կարող էք գնալ եւ ինքներդ համոզուել, մանաւանդ՝ արեւելեան կողմից։ Ինչ Տրոյական ձի, ինչ բան։ Նրա ցուցադրած առաջին նկարը հարեւանի աղջկայ նկարն էր, ուր հացով կերակրում է թափառական կատուներին։ Եթէ հաց չկայ, բա ինչո՞ւ են աշխարհի մոռացուած անկիւնում կատուները կուշտ ու երջանիկ, շատ էլ, թէ Աստծոյ թաշկինակներն են։ Եթէ դարպասները փակ են, եթէ հաց չկայ, շաքար ու ալիւր չկայ, ի՞նչ գործ ունի այս շքեղ տորթը ծննդեան տարեդարձի սեղանին։ Բա՞ մոմը, եթէ ամեն ինչ այդքան վատ է, ո՞վ է փչելու այդ մոմն ու սպասելու ծափահարութիւնների։
Աղջիկը ոչինչ չէր հասկանում նրանց դեսպանի ասածներից, միայն մարդկանց հայհոյանքների տարափի մէջ խեղդուած աղեկտուր ձայնով ծղրտում էր.
— Իմ տորթը, իմ տորթը, ես գիտէի, ես գիտէի, որ հայրիկը գալու է… Նիւ-Եորք-Արցախ ճեպընթացով է գալու։

Երեւան

(Գրանիշ)

 

*) Տարեկան. հաճար, rye (անգլ.), seigle (ֆրանս.)։ Ցորենի նման բոյս, աւելի մուգ՝ բայց առողջարար հաց տուող։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *