Երեւանում, Աշոտ Յովհաննիսեանի անուան հումանիտար հետազօտութիւնների ինստիտուտի կողմից լոյս է տեսել խորհրդահայ աքսորական գրող Վաչէ Սարգսեանի «Ակեղդամա» եռահատոր վէպի երկրորդ` «Յաւերժական սառածութիւն. նամակներ Սոնիա Կարոլին» հատորը: Սարգսեանի կոթողային այս գործը, գրուած լինելով 1960-1980-ական թուականներին, անտիպ է մնացել խորհրդային տարիներին եւ միայն վերջերս` 2019 թվականին, Յովհաննիսեան ինստիտուտի կողմից լոյս տեսած առաջին` «Անկրկնելի պատմութիւն» հատորից յետոյ է, որ այն հասանելի է դառնում ընթերցողական շրջանակներին (Ծանօթ. խմբ. — տես՝ Սիրանոյշ Դւոյեան, «Վաչէ Սարգսեանի վերադարձը», Հորիզոն գրական, օգոստոս 2019):
Այս հատորը շարունակում է առաջինին` աքսորական փորձառութիւնը գեղարուեստօրէն պատկերելու տեսանկիւնից: Այն յղացուած է որպէս առաջինի շարունակութիւն, որը ծաւալւում է որպէս գլխաւոր հերոսի` Վազգէն Դարբինեանի աքսորական «ճանապարհորդութեան» երկրորդ մաս: Այս հատորում ճամբարից ճամբար թափառող հերոսի փորձառութեան մէջ ի յայտ են գալիս ճամբարային կեանքի ներքին բարդութիւնները: Եթէ առաջին հատորում քաղցը, ցուրտը եւ հիւծիչ աշխատանքն էին մարտահրաւէրներ պատանի աքսորականի համար` դիմակայելու գոյատեւման ֆիզիկական խնդիրներին, ապա այս հատորում քաղաքական դատապարտեալը ստիպուած է դիմակայել քրէական աշխարհի անմիջական ճնշումներին:
Այս համատեքստում որքան էլ վէպը յղացուած է որպէս ճամբարային փակ աշխարհից դուրս գոյատեւելու եղանակների մի փնտռտուք, որն արտայայտուած է առաջին հատորից ընթերցողին ծանօթ, բայց արդէն մահացած գլխաւոր հերոսի սիրած աղջկայ` Սոնիա Կարոլի հետ երեւակայական խօսակցութիւններում, այն միեւնոյն ժամանակ բացում է ստալինեան ճամբարներում քրէական ու քաղաքացիական կալանաւորների միջեւ բարդ յարաբերութիւնների ողջ բարդութիւնը: Անհամատեղելի այս երկու խմբերն անհաշտ պայքարի մէջ ձեւաւորում են տարասեռ բարոյականութիւններ, որոնք իրենց սրուած արտայայտութեամբ երեւան են գալիս վէպի տարբեր հատուածներում: Նոյն համատեքստում են ծաւալւում նաեւ ուկրաինացի կալանաւորների պատմութիւնները: Նրանք անհամարկելի տարր էին նկատւում ստալինեան ճամբարներում իրենց խիստ արտայայտուած քաղաքական դիմակայութեամբ եւ յատուկ ուշադրութեան արժանանում ինչպէս քրէականների, այնպէս էլ ճամբարի ղեկավարների կողմից:
Հատորը համալրուած է հեղինակի ընտանեկան արխիւում պահուող Վաչէ Սարգսեանի 1951 թուականին ծնողներին ուղղուած մի նամակով եւ հօր` Հմայեակ Սարգսեանի 1975 թուականին գրած «Յիշողութիւններ (մեր գերդաստանի պատմութիւնից) XIX դ. վերջից մինչեւ XX դ. 50-ական թուականները» ընտանեկան պատմութիւնից մի քանի հատուածներով: Երկու փաստաթղթերը տարբեր կողմերից լոյս են սփռում ստալինեան քաղաքականութիւնների աննկատ մնացած կողմերի վրայ, յատկապէս` թէ ինչպէս էին դրանք թափ առնում ոչ միայն վերեւներում ծաւալուող գաղափարական մակարդակներում, այլ նաեւ զօրանում ներքեւում` ընտանեկան ու ընկերական շրջանակներում ծայր առած գժտութիւններից: Վէպը եւ այս երկու փաստաթղթերը փոխլրացնում են միմեանց` միեւնոյն ժամանակ ցոյց տալով ճամբարային ներսը` անմիջական առօրեան, եւ դուրսը` փշալարերից այն կողմ գտնուող հարազատական աշխարհի մէջ ծաւալուող նոյնքան բարդ յարաբերութիւնները:
Տեքստն ուղեկցւում է ստալինեան ճամբարներում ստեղծուած յատուկ բառապաշարի թարգմանութեամբ, որոշ դէպքերում դրանց նրբերանգային բացատրութեամբ, ինչպէս նաեւ վէպում լայնօրէն տեղ գտած ռուսերէն եւ ուկրաիներէն հատուածների թարգմանութեամբ: Գրքի խմբագիրն ու կազմողը գրականագէտ Սիրանուշ Դւոյեանն է: Վաչէ Սարգսեանի «Ակեղդամա» վէպի հրատարակութեան նախագիծն իրականացւում է Վաչէ Սարգսեանի ընտանիքի աջակցութեամբ:
Գիրքը հասանելի է Երեւանի բոլոր գրախանութներում: Այն կարելի է ձեռք բերել նաեւ Յովհաննիսեան ինստիտուտից` գրելով info@johannissyan.am հասցեով: Գիրքը կարող է առաքուել նաեւ արտասահման:
Գ.Հ.