Կարդալով Հերմինէ Աւագեանի «Վազում եմ, սպասի՞ր…» հատորը

Տաթեւ Թամրազեան(*)

Երազի միջով հեղինակը հիմա պիտի ուղեկցի մանկութեան պատկերասրահով։
«Ի՞նչ ենք շահելու դրանից»։ ՉԷ՞ որ յիշողութիւնները գուցէ պիտի ցաւ պատճառեն յաճախ եւ կամ պիտի արցունք բերեն։ «Ճանապարհը չհասնելու մէջ է նաեւ գեղեցիկ։ Կարեւորը՝ ոչինչ չկորցնես»։
Եւ մենք ոչինչ չենք կորցնում այս գունազարդ պատկերասրահով շրջելիս։ Կտաւներից վայրի խնձորի, ալիւրի, հող ու ջրի, սուրբ հողի հոտ ու համ է գալիս։ Պատերազմը չի սկսւում մի պատմուածքում եւ աւարտւում միւսում։ Սա գիրք չէ պատերազմի մասին, բայց այն ասես կողքիդ է, օդում է աչքերում գնդուած արցունքի, կոտրուած մէջքի ու երազանքի, սեւ գուժկան ամպի նման…
Պատկերասրահը կը տանի երեք խորագրերին ընդառաջ։ Պատմուածքներ, որոնց հետ կարելի է լռել. եւ դուք կը լռէք ծովի ալիքների ձայնի հետ, ամենալաւ թռչունի սլացքի հետ, կ՚այցելէք ամենատխուր մարդուն, ու մի խոշոր շառաչով թիթեռների թեւերի թրթռոցը կը փոխարինուի սրտխփոցով, որն անպայման կը սաստէք՝ չխախտելու համար այն անհուն, խորին ճռռացող լռութիւնը։
Եւ կը շարունակուի երազի ճանապարհը դէպի պատմուածքներ, որոնց հետ կարելի է բռնոցի խաղալ։ Դուք այստեղ այլեւս չէք շրջելու դանդաղօրէն, այլ վազելու էք դէպի Սիրան տատի հէքեաթը եւ ամենաբարի հսկայի հետ հանդիպումը։ Պատերազմոտ այս էջերում, որ պատերազմի մասին չեն ամենեւին, կը նստէք դեղին, ոչ խաղալիք աւտոբուսը, որ կը տանի ամենից կարեւոր եւ բաղձալի կայարանը՝ մանկութիւնը։ Հեղինակի հոգին ու միտքը, որքան էլ թափառեն երազով, մշտապէս հանգրուանում են Արցախ աշխարհում։ Նա մշտապէս այստեղ է, եւ սա է պատճառը, որ բոլոր ճանապարհները բերում են Շուշի եւ ոչ թէ տանում։ Բերում են դէպի իրեն, դեպի մանկութեան ծանօթ ու հին տունը, տան ապրող տատն ու պապի լանջաբաց գիրկը, դէպի լաւ ընկերները, դէպի երազը, ուր յստակ որոշում ու ապրելաոճ կայ. ծուխը չպիտի մարի, տան դուռը չպիտի կողպուի, հայրական տունը գոմ չպիտի դառնայ…
Պատկերասրահով շրջելիս իւրայատուկ եւ աշխարհընկալման կանացի նրբութիւն պահանջող հումորը, բառընտրութիւնը ընկեր ու ուղեկից կը դառնան ձեզ։ Բառ հասկանալու, բառ ընտրելու, կիրառելու, ապագայում գրող դառնալու մասին տողերը, որոնք որսալու համար յատուկ ուշադրութիւն է պահանջւում, ստիպում են հիանալ ստեղծելու, կառուցելու դժուարին գործը մետաքսէ նրբութեամբ մատուցելու վարպետութեամբ։
Բոլոր հեռու, սառը եւ ցուրտ աշխարհներից մի ժողովուրդ կորացած մէջքով ու կարօտով կը գայ ու կը նստի գիւղամէջում, ձեռքը կը դնի յոգնած ծնկներին, կը նայի սարից իջնողին, բարեւ կը տայ, բարեւ կ՚առնի, եւ յանկարծ անլուծելի ոչինչ չի մնայ, որ կարելի է փարատել միայն երազում։ Եւ կը ժամանի Խաչիկը՝ մեղուից խայթոց ստացած իր քթով, կը յայտարարի՝ «Ժպի՜տ, նկարում եմ», մի ընտիր լուսանկար կ՚անի, որ կը մնայ մեր յուշերի պատկերասրահում՝ իբրեւ բանալի՝ իբրեւ այս հարազատ աշխարհ մուտք գործելու ապաւէն։

*) Ուսանողուհի, Հայկական պետական մանկավարժական համալսարան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *