ԿԱՐՄԻՐ ԹԱՇԿԻՆԱԿԸ

ԱՆԱՀԻՏ ՂԻԱՍԵԱՆ

Որովհետեւ նորանց ոտները չարութեան են վազում,
եւ շտապում են արիւն թափելու:
Գիրք Առակաց, Գլուխ 1

Քամի էր թեթեւ: Լուացքի պարանի վրայ կանացի սպիտակ վարտիքները հաճոյքով տարուբերւում էին: Չափերով մեծ էին, հնամաշ ու տեղ-տեղ էլ` դեղնած: 52-ամեայ կինը մօտեցաւ պատուհանին, նայեց երկնքին` հասկանալու` անձրեւի կաթլները կը մաքրե՞ն իր վարտիքի դեղինները, թէ` ոչ:
Մի պահ աչքերը կկոցեց, որ վերեւներն աւելի լաւ տեսնի, բայց փոխարէնը քամին մի մեծ աւազահատիկ բերեց ու հեշտ-հանգիստ մխրճեց կնոջ արցունքատար ծորանի անցքի մէջ: Աւազահատիկը խորացաւ աչքի մէջ, հասաւ սպիտակուցային թաղանթին ու մնաց անշարժ: Կինը անյարմարութիւն զգաց, սկսեց քորել աչքը, որից արդէն գլոր-գլոր էին լինում արցունքաջրերը:
— Վաղի՛կ, տղե՛ս, մի հատ աչքս նայի, տե՛ս` ի՞նչ մտաւ, պատշգամբից` խօսելով դէպի հիւրասենեակ էր գալիս տիկին Կարինեն:
Նա մօտեցաւ Վաղիկին , գլուխը թեքեց, կռացավ, բայց մի բան խանգարում էր:
— Մա՛մ, սէնց հէչ յարմար չի, նոռմալ չեմ տեսնում, գնա՛ պառկի բազմոցին, գամ, փչեմ:
Տիկին Կարինէն պառկեց, գլուխն առաջ բերեց, Վաղիկն էլ մօտեցաւ բազմոցին, ամբողջ մարմնով առաջ եկաւ, ձեռքերի մէջ առաւ մօր գլուխն ու փչեց:
Մօր եւ տղայի միջեւ աննշան հեռաւորութիւն մնաց. շարժասայլակին նստած տղան մեծ ջանք էր գործադրում ողջ մարմնով առաջ գալու համար:
Երեք անգամ ուժեղ փչեց, ուշադիր նայեց մօր յոգնած աչքերին ու մի փոքր հետ գնաց.
— Մա՛մ, թարթի աչքդ, տե՛ս խանգարող բան կա՞յ:
Տղայի յորդորը լսելով` տիկին Կարինէն թարթեց աչքը, մի քիչ մռմռոց կար, բայց խանգարող բան այլեւս չկար:
Մինչ առօրեայ հոգսերից յոգնած կինը տնքալով բարձրացաւ բազմոցից` շարժասայլակի անիւները թեքուեցին, եւ Վաղիկն անձայն հեռացաւ:
Նա ուղղուեց դէպի ննջասենեակ, որտեղ հեռուստացոյցից ռուսական էստրադային երաժշտութեան ձայներ էին լսւում: Մի հայեացք ձգեց գեղեցկատես երգչուհուն, յետոյ հայեացքը սեւեռեց ձախ` պատի ուղղանկիւն հայելուն:

* * *

Տեսաւ իրեն ողջ հասակով մէկ` փոքրացել էր, կարճացել ու կպել սայլակին: Հայելուն աւելի մօտեցաւ, ուզում էր լաւ զննել իրեն, այնքան մօտեցաւ, որ սարժասայլակի անիւները շարժվելու տեղ էլ չունեցան: Աչքերը գամեց ուղիղ հայելուն, վախի պէս մի բան զգաց ներսը: Ումի՞ց էր վախենում ինքը: Վախենում էր ինքն իրենից, իր թրի պէս կտրող հայեացքից: Իր անդրադարձը հայելում շատ էր փոխուել, առաջուանը չէր ինքը: Հայեացքը մի պահ իջեցրեց, յետոյ նորից սեւորակ աչքերը գամեց իր անդրադարձին: Ո՞նց ապրի հիմա, ի՞նչ անի ինքն իր հետ: Վաղիկը չէր կարողանում հաշտուել կատարուածի հետ. միայն զգում էր, որ շնչում է, բայց իր գոյութեան մասին պատկերացումներն անէացել էին:
Հայելու միջից իրեն նայողն ինքը չէր, իրեն նա թողել էր հոկտեմբերի 6-ի յուշերում:

Հոկտեմբերի 6. Չարեքտար
(գիւղ Արցախի Հանրապետութեան Շահումեանի շրջանում)

Լուսինը փոքրացել էր, դարձել մի բուռ: Երկնքում ոչ մի աստղ չէր նշմարւում: Միայն մի քանիսի առկայծումներից էր պարզ դառնում, որ աստղերն անհետ չեն կորել երկնակամարից: Ահազանգող մի բան կար օդում` ծանր ու դժուարամարս:
Իրիկնապահի քամին հեռուներից լուրեր էր բերում, օդը սառեցնում ու դող գցում սահմանին ծառայութիւն իրականացնողների ներսը: Խրամատում չորսն էին. բոլորն էլ երեք տասնամեակը չէին բոլորել: Նրանցից մէկը` բարձրահասակ, սեւահեր, մկանուտ 28-ամեայ երիտասարդը, վաշտի հրամանատարն էր: Անունն Աբէլ էր, բայց հրամանատարութիւնից մինչեւ շարքային զինուոր նրան ռայկոմցի Աբօ էին դիմում: Զինուորական ծառայութեան աւարտից յետոյ Աբոն հասկացել էր, որ ինքը քաղաքում էլ տեղ չունի, ինքը պէտք է լինի սահմանին, իր տեղն այստեղ է:
Սահմանին` թշնամու դէմ դիմաց, ծառայութիւն իրականացնելը նման է օդապարիկի բացուելուն: Եթէ բախտդ բերեց, օդապարիկը բարեյաջող կը բացուի ու դու կը փրկուես: Հակառակ պարագայում` կը գնաս ու կը ձուլուես այն հողին, որի համար պայքարում ես: Սահմանն անեզր է ու հանգիստ, բայց այն գիշատչի նման շուտ է որսի հոտն առնում: Մէկ էլ, հո՛պ, բացում է երախն ու քեզ կուլ տալիս: Մի տեսակ շատ հանգիստ, մի տեսակ առանց խղճի խայթ զգալու: Սահմանին կանգնած ամեն մի զինուոր գիտակցում է, որ ինքը երկու կեանք ունի. մէկը նախկինում ապրածն է, միւսը` այդրոպէական ծառայութիւնն է` սահմանին:
Ռայկոմցի Աբոն սահմանին կանգնած լինելու հաճոյքը ոչ մի զգայական հաճոյքի հետ չէր համեմատում: Նա սիրում էր լինել անդունդի եզրին` հասկանալով, որ անգամ թեթեւ քամին կարող է իրեն գրկաբաց յանձնել սեւազգեստ հարսնացուին:

* * *

— Տղե՛րք, մի տեսակ էսօր շատ մութ ա, չլինի՞ լոյսի վարձը չենք տուել, — գեղեցկադէմ կերպարով մէկ, լայն ժպտալով ու հումորներ անելով` տղերքին մօտեցաւ Աբոն:
— Տօ մենակ լոյսինը չէ, ջրինն էլ չենք տուէ, «զբլինն» էլ չենք տուէ, — Աբոյին հակադարձեց նրա սիրելի զինուորը` «բիբար Վաղիկը»:
Բիբար մականունը Վաղիկը ստացել էր կծու բիբարի նկատմամբ անտարբեր չլինելու պատճառով: Երբ տղերքով նստում էին մի կտոր հաց ուտելու, առաջինը, որ ասում էր, հետեւեալն էր.
— Տղէ՛ք, կծու բիբար կա՞յ:
Մի անգամ նոյնիսկ գրազ էին եկել: Արտաշատցի Սմբոն բիբար էր բերել, բայց նախօրոք զգուշացրել էր, որ «էս ուրիշ սորտ ա, կծում ու պաժառ ես ընկնում»:
— Ապէ՛, գրազ եմ գալիս, որ ինձ բան չի անի, 100% հանգիստ կ՚ուտեմ, — ինքնավստահութիւն արտայայտող տեսքով ասել էր Վաղիկը:
— Կասկածում եմ, ապէ՛, չես կարա, — վրայ էր բերել Սմբոն:
Գրազ էին եկել, Վաղիկը գրազը կրել էր ու էդ օրուանից դարձել «բիբար Վաղիկ»:
Բիբարը նայեց անաստղ երկնքին ու Աբոյի հումորը գլխում պտտուեց:
— Ապէ՛, բայց իրօք հլը նայէ՛ք երկնքին, ձեւի հմար մի հատ աստղ չկայ, — աչքերը երկնքին յառած, հոգոց հանելով՝ ասաց Վաղիկը:
— Ասա վիճակներս վիճակ չի էլի, նեղն ենք: Կարող ա լաւերին ասենք մեզ լուսաւորեն, — վրայ բերեց ծաղկաձորցի Վզգոն:
Խրամատում չորսն էին` Աբոյին էլ հաշուած: Չորսի հայեացքն էլ դիփ սեւ երկնքին էր գամուած, երբ ամեն բան սկսուեց:
Գիշերը մի վայրկեանում դարձաւ ցերեկ, երկինքն այնպէս լուսաւորուեց, կարծես, հիւրասենեակի ջահերը մէկ կտտոցով վառուեցին:
— Տղե՛րք, յետ, — անմարդկային եղանակով լսելի եղաւ Աբոյի ձայնը:
Թշնամու յարձակումն այնքան անսպասելի էր, որ, անկասկած, կարելի էր հէնց տեղում յանկարծամահ լինել: Աբոն սուր հայեացք ձգեց տղերքի վրայ ու հասկացաւ իր անելիքը:
— Տղե՛րք, ասում եմ յետ, սաղդ, հէնց հիմա՛, — անմարդկային ջանքեր գործադրելով՝ գնդակոծութեան աղմուկի միջից մի կերպ լսւում էր Աբոյի ձայնը:

Հրամանատարի ասածն ասած էր երիտասարդ զինուորների համար: Մի անգամ` մի խաղաղ երեկոյ, Աբոն հաւաքել էր իր տղերքին ու մարդավարի, ընկերոջ նման խօսել հետները.
— Տղե՛րք, երկար խօսեցի, բայց ուշադիր լսէք` ինչ եմ ասում: Եթէ մի օր լսէք «Տղե՛րք յետ» բառերն` ասածս անում էք արագ ու կազմակերպուած: «Տղե՛րք յետ»-ը չբացատրեմ, հասկացա՛ք ինչ ա նշանակում: Չանողը երեսիս չնայի՛:
Երրորդ անգամ հնչեց «Տղե՛րք յետ»-ն ու դրութիւնից շանթահար եղած Վաղիկն ու միւս երկու տղաները, անմարդկային ջանքեր գործադրելով, ոտքերի մկանները պրկելով, հեւասպառ ու շնչարգել լինելով, խրամատից 50-100 մետր հեռացան:
Պատերազմի սկիզբը դոմինօ խաղն է յիշեցնում: Սկզբում շարում ես քարերը, մի տեսակ յատուկ տրամաբանութեամբ, տակտիկական հնարքներով, յետոյ, երբ ամեն բան իր տեղն է, սկսում ես խաղդ, որ հաճոյք ստանաս: Պատերազմ սկսողները, երեւի, դոմինօ խաղալ շատ են սիրում: Մի լաւ տեղաւորւում են, իրենց կամակատարներին հրամայում ֆիգուրները շարել, որ վերջում, էքստազի մէջ ընկած, մատով կտտացնեն: Մատի մէկ հպումից երկրի երեսից անհետանում են տարբեր քանակի զոյգ աչքեր` շատ բան տեսած. շատ բան չտեսած: Աչքերից բացի անհետանում են ժպիտներ, որոնք առերեւոյթ կան, բայց հանգամանքներից ելնելով` փակւում են ու մնում կիսատ:
Անաստղ երկնքից յետոյ երկնքում այնպիսի հրավառութիւն էր, որ ձայները Չարեքտարի տարածքից հասնում էր կողքի` 100-150 բնակիչ ունեցող գիւղերը: Տպաւորութիւն էր` Աստուած աշխարհն աւերում է, որ նորը ստեղծի:
Անօդաչու սարքերը բզզում էին մոծակի պէս, բայց խայթելուց ու փուշը թողնելուց բացի տապալում էին կամ անդամահատում` ձեռք, ոտք ու միտք:
Երբ Աբոն գլուխը շրջեց ու տեսաւ, տղերքը հեռու են, այնպէս երջանկացաւ, ինչպէս իր 3-ամեայ որդին` խաղալիք ստանալիս: Մի հատ էլ նայեց հետ, տեսաւ տղերքի ստուերներն էլ անհետացան, միաժամանակ հասկացաւ, որ անօդաչուներից բացի այլ խաղալիքներ էլ են կռուի մէջ մտել: Աղմուկն այնքան մեծ էր, որ Աբոն մի պահ աչքերը փակեց, թուաց` խելագարուել է, բայց գործել էր պէտք:
Թշնամին մօտենում էր, իսկ ինքը դեռ կանգնած էր իր տեղում:
— Արա՛, ապէ, արա՛, ապէ, — ներքին ձայնն էր յուշում ու ներսից գոռում:
Հրասայլերը մօտենում էին արեւելեան կողմից, իսկ առջեւից նշմարւում էին տասնեակից աւել թշնամական ուժերի ստուերներ:
Մի քանի քայլ էր մնացել, որ թշնամական ուժերի խումբը շրջափակեր Աբոյին: Հրամանատարն այլեւս չէր զգում` ու՞ր է, ի՞նչ է անում: Նա անգամ շնչելու ձեւն էր մոռացել. Ա՜խր, ինքն ուզում էր ապրել, ա՜խր ինքն այնքան անելիքներ ունէր:
Ու հէնց այդ պահին աստուածային պայծառացման պէս մի բան իջաւ Աբոյի վրայ. երիտասարդ կեանքի դրուագները ժապաւէնի պէս թերթեց, վերջում կատարեալ նիրվանայի հասնելով` եզրակացրեց.
«Ոչինչ այս աշխարհում յարատեւ չէ, մարդկային կեանքն էլ. բոլորս ճամբորդ ենք, գուցէ, ես իմ ճանապարհորդութիւնն աւարտեցի, գուցէ, ես բացայայտեցի մի նոր կղզի կամ թերակղզի, գուցէ, իմ ետեւից եկած նաւն ինձ նոր հորիզոններ շպրտի: Ես անվերջ ճամբորդ եմ, ես ուզում եմ չանէանալ, ես ուզում եմ տեսնել, զգալ, գործել»:
Մտքերի տարափը վայրկենական արագութեամբ եկաւ ու չքացաւ: Սպասելու ժամանակ չկար, գործելու ժամն էր:
Ծոցագրպանում դրուած «մահն» անասելի արագութեամբ հանեց ու մէկ, երկու, երեք հաշիւը մտքում աւարտելուն պէս 67 մմ տրամաչափ ունեցող, 850 գ. քաշով զրահահար նռնակը կայծակնային արագութեամբ գործի դրեց:
Հէնց այդ պահին նոր ճամբորդութիւն սկսած հրամանատարը սանդուղքով բարձրացաւ նաւի վրայ, եւ այլեւս որեւէ մէկը նրան աշխարհիս երեսին չտեսաւ:

Վաղիկն ու միւս տղաներն արդէն ահագին հեռացել էին իրենց դիրքից: Նրանց համար կատարուածն իրականութեան հետ աղերս չունէր, նրանք պատերազմի կործանիչ թմրութեան մէջ էին:
— Տղե՛րք Աբոն մնաց, տղե՛րք էս ի՞նչ արինք, — կատարուածի հետ չէր համակերպւում Վաղիկը:
— Ստե՛ղ կանգնելու ժամանակը չի, քայլէ՛ք տղերք, գոնէ անտառ հասնենք, մտնենք ծառերի տակ:
Երկնքից թափուող կրակահերթը չէր դադարում, նոր թափ էր առել: Վաղիկն ու ընկերները քրտինքի մէջ կորել էին, ոտքերը հազիւ էին քարշ տալիս, բայց ապրելու ցանկութիւնը բարձրացնում էր նրանց տիղմից: Տիղմը նորից քաշում էր նրանց իր ճիրաններն ու իրենք էլ չգիտէին` ո՞վ կը յաղթի անհաւասար կռւում: Տղերքը չէին դադարում հուսալ, որ կը փրկուեն: Անելանելի թուացող իրավիճակներում ցանկացած անձի մօտ արթնանում են գոյապայքարի ամենասուր արտայայտութիւնները: Գիտակցութիւնն ուղղակի թմբկահարում է ուղեղը, ուզում եմ փրկուել: Քիչ չենք լսել պատմութիւններ, երբ մարդիկ ուղղակի հրաշքով փրկուել են:
— Վաղօ՛ վազի, ապէ՛, արագ, Վա՛ղղղ, — կոկորդի երակները պատռելով՝ Սեթոն բան էր հասկացնում ընկերոջը:

Սեթոն ու Խիկարը Վաղիկից առաջ էին ընկել, ճիշտ է, շատ քիչ, բայց պատերազմում շատ ու քիչ չի լինում. մէկ սանտիմետրն էլ կարող է մէկ մարդու կեանք արժենալ: Վաղիկը մի քանի քայլ հետ մնաց ընկերներից` առանց նկատելու, որ արկի հարուածի ուղիղ նշանառութեան տակ է:
Գիշերը դարձաւ ցերեկ, բնութիւնը խլացաւ ձայներից, Վաղիկն ընկաւ խոնաւ հողի վրայ` անցաւ, անտրտունջ ու անգիտակից: Միայն թէ խոնաւ հողն աւելի խոնաւացաւ արեան շիթերից:
— Սեթո՛, պտի փրկենք Վաղոյին, Սե՛թ, պտի մի բան անենք, — յուսակտուր ճչում էր Խիկարը:
Ընկերոջը դաշտում անօգնական ընկած տեսնելը գօտկատեղից ներքեւ հարուած է սահմանին կանգնած ցանկացած զինուորի համար:
Վաղիկի կեանքը վայրկեաններից էր կախուած: Խոտերի մէջ, արնաշաղախ պառկած վիճակում նա մի տեսակ ձուլուել էր բնութեանը: Նա նոյնիսկ մի քանի պարզ բացայայտում էր իր համար արել: Ամեն բան այս կեանքում` շնչաւոր կամ անշունչ, իր ձեւն ու բոյրն ունի:
Նոյն կառուցուածքն ունեցող մարդիկ այնքան տարբեր են իրարից` թէ՛ արտաքուստ, թէ՛ ներքուստ: Կեանքի ու մահուան հետ կռիւներում, սովորաբար, ամենամեծ ճշմարտութիւններն են ծնւում: Իսկ, եթէ կռւում կեանքն է յաղթում, մարդիկ 99,9% վերափոխուած են վերածնւում: Վաղիկն իր կերպարանափոխութիւնը խոտից էր սկսել, ուզում էր աւելին զգալ, ուզում էր ձուլուել բնութեանը:
— Քշէ՛ք տղերք, քշէ՛ք տղերք, գոյնը գնում ա, արագ, — դէպի հիւանդանոց ճանապարհին անկանոն խօսում էին Վաղիկի ընկերները:

* * *

Քաոսից յետոյ միշտ խաղաղութիւն է գալիս, աղմուկից յետոյ միշտ երկարատեւ լռութեան պահեր են լինում: Սպիտակ հիւանդասենեակ, դէպի բակ նայող պատուհան, հիւանդապահ եւ զինուոր, որը երկու օր է` գիտակցութեան չի գալիս:
Որդու ծայրայեղ ծանր վիճակի մասին լուրը տիկին Կարինէն իմացել էր Վաղիկի հիւանդանոց տեղափոխուելու յաջորդ օրը: Բժիշկները հրատապ կանչել էին զինուորի ծնողներին, ներկայացրել կատարուածը եւ նախկինում առողջ, եռանդուն երիտասարդին տվել հետեւեալ ախտորոշումը.
— Տիկի՛ն Կարինէ, ձեր տղան` Վաղիկը, հրաշքով է փրկուել: Դուք կարող էք Աստծուն փառք տալ, որ նա հիմա հիւանդասենեակում պառկած է: Ձեզ ասեմ, որ Վաղիկը հերոս է, որովհետեւ ունենալով ողնաշարի գօտկային հատուածի հրազէնային բեկորային կոյր թափանցող վիրաւորում, ողերի բազմաբեկոր կոտրուածք` ողնուղեղի սալջարդով, ստորին պարապլեգիայով, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումով, Վաղիկը ժպտում է եւ յոյսը չի կորցնում: Իսկ եթէ պացիենտը հաւատում է, ուրեմն անգամ սարերը տեղից կը շարժուեն:
Սարերը տեղից շատ իրար չեկան, Վաղիկն հիւանդանոցում մնաց մի քանի ամիս, բայց ամենդժուարը սկիզբն էր, գիտակցութիւնը, որ դու ոտքեր ունես, բայց քայլել, շարժուել չես կարող: Մի անգամ, դպրոցական տարիներին` գրականութեան ժամին, ուսուցչուհին Նարեկացուն էր ներկայացնում, մեկնաբանում միջնադարեան գրականութիւնն իր ողջ հմայքով, եւ «Մատեան ողբերգութեան»-ից մէջբերումներ անում: Մի քանի տողեր այդ գործից ուղղակի մխրճուել էին 15-ամեայ դպրոցական Վաղինակ Գալստեանի միտքն ու սիրտը:

«Չլինի, որ երկնեմ ես, եւ չծնեմ,
Ողբամ՝ եւ չարտասուեմ, խորհեմ՝ եւ չհառաչեմ,
Ամպեմ, եւ չանձրեւեմ,
Եւ, երբ որ բացուի երկինքը վերին,
Չլինի՛ որ ես լոյսը վայելելու անվարժ, անընտել՝
Մոմի պէս հալուեմ, սպառուեմ ի սպառ,
ջնջուեմ մէջտեղից»:
Գրիգոր Նարեկացի, «Մատեան ողբերգութեան»

Այս տողերը դարձան Վաղիկին էլ աւելի հարազատ այն պահից, երբ նա իմացաւ բժշկական եզրակացութիւնը` ստորին վերջոյթների պարապլեգիայի հետեւանքով յենաշարժողական համակարգն ամբողջապէս ախտահարուել է:
Անցան ամիսներ, փոթորկոտ տրամադրութիւնները կամաց-կամաց դարձան մեղմ քամիներ: Վաղիկը փուլ առ փուլ հետեւեց բժիշկների ցուցումներին` հասնելով վերջին կէտին` վերականգնողական բուժմանը: Սա, թերեւս, ամենասպասուածն էր. վերակագնուել էր պետք թե՛ հոգեպէս, թե՛ ֆիզիկապէս:
22-ամեայ տղան մաշուել էր մտքերից, երբեմն նրան թւում էր` ծանր իրականութիւնը բեմադրուած է, բայց թէ ռեժիսորն ո՞վ է, գլխի չէր ընկնում, որ ասէր.
— Պարո՛ն ռեժիսոր, այս դերն ինձ դուր չի գալիս, փոխէ՛ք, ուրիշը տուէք:
Քնում արթնանում էր, ոչինչ չէր փոխւում: Յետպատերազմեան սթրեսի վերջին շոկային հարուածը մտքերն էին, մտքերը Աբոյի մաին: Վաղիկն թեւաթափ էր լինում դրանցից, խոր հոգոց հանում ու սրտի մռմռոցով ասում. «Ախպե՛րս, երանի քո տեղը ես լինէի»:
Վաղիկի միւս երկու զինակից ընկերները ողջ-առողջ վերադարձել էին տուն, բայց ներսում մի բան փոխուել էր, պոկուել ու ընկել: Դարձել էին քչախօս ու մի տեսակ ցրուած:

* * *

— Ветер с моря дул, ветер с моря дул, нагонял беду, нагонял беду… (Քամին փչեց ծովից, քամին փչեց ծովից, փորձանքի յետեւից, փորձանքի յետեւից …)
Ռուսական էստրադայի մի ժամանակուայ հիթերից մէկը «Մտածմունքների կղզուց» Երկիր մոլորակ բերեց Վաղիկին: Ինքն էլ չէր յիշում` քանի րոպէ մնաց հայելու առջեւ, ինքն էլ չէր յիշում` մտքերի ծովում ինչքան լողաց:
Իրեն յուզող մտքերից ամբողջովին արթնացաւ, երբ դուռը ծեծեցին.
— Վաղիկ, տղէ՛ս, ի՞նչ ես փակուել սենեակում, արի՛, քեզ հարցնող կայ, — կիսաբաց դռան արանքից Վաղիկին միջանցք հրաւիրեց տիկին Կարինէն:
Միջանցքում կանգածը երիտասարդ աղջիկ էր` 20-21 տարեկան, սեւահեր, կլոր երեսով, արտայայտիչ սեւ աչքերով, համաչափ դիմագծերով, միջինից ցածր հասակով: Նա մի տեսակ խառնուած էր, ապրումներից կուչ եկած, ձեռքին էլ մի իր կար` պինդ բռնած:
Տիկին Կարինէն զգաց, որ իր ներկայութիւնն աւելի է կաշկանդում երկուսին:
— Ազի՛զ ջան, եկէ՛ք հիւրասենեակ, դռների արանքը կանգնած մնացիր, եկէ՛ք, եկէ՛ք, — ասաց տիկին Կարինէն ու երիտասարդների հիւրասենեակ մտնելու պէս` անցաւ խոհանոց:
Քար լռութիւն էր, երկու զոյգ աչքեր իրար էին գտնում, երկու զոյգ աչքեր բառերից աւելի խօսուն էին արտայայտւում: Լռութիւնը խախտեցին ոչ թէ բաղաձայններն ու ձայնաւորներն, այլ սայլեակի շարժումը:
Երբ Վաղիկը մօտեցաւ գեղեցկադէմ աղջկան, նա աւելի ամուր սեղմեց բռունցքն ու միջի եղածը:
— Յա՛ս, չէի սպասի, որ մի օր նորից կը հանդիպեմ քեզ: Երեւի դու էլ չէիր սպասի ինձ էս վիճակում տեսնել, ինչի՞ ես տէնց նայում:
— Չէ, չէ Վաղ, ամեն ինչ նոռմալ ա, գիտես ինչի՞ եմ եկել, յիշում ես, երբ ընկերութիւն էինք անում ես քեզ էս կարմիր թաշկինակը նուիրեցի ու խնդրեցի, որ ու՞ր էլ լինես հետդ վերցնես: Յիշում ես` ասեցի հետդ ծառայութեան էլ տանես:
— Բա տարել եմ, լաւ պտտել եմ, յետոյ հետ եմ բերել… Նստի Յա՛ս, նստի՛ կոֆէ խմենք, մա՛մ մեզ կոֆէ տու՛ր էլի:
Վաղիկն ու Յասմիկը նոյն դպրոցում էին սովորում, Յասմիկը մի տարի փոքր էր: Վաղիկը դպրոցի միջանցքում մի քանի անգամ հանդիպել էր Յասմիկին, հայեացքներով փոխանակուել էին, յետոյ սկսուել էր բուռն սիրոյ շղթան: Հէնց այդ ժամանակ էլ Յասմիկը սիրելիին նուիրել էր իր կարմիր թաշկինակը` անուշաբոյր օծանելիքը վրան:

* * *

Ծառայութեան գնալուց առաջ զոյգը կռուել էր ու չէին էլ ուզում իրար մասին որեւէ բան իմանալ:
Վաղիկը ծառայութեան ընթացքում` հանգստի ժամերին, երբեմն գրպանից հանում էր կարմիր թաշկինակը, հոտ քաշում ու տեղը դնում: Նա կարօտում էր Յասմիկին` յուսալով, որ ծառայութիւնից յետոյ իրենց յարաբերութիւններում մի բան կը փոխուի:
Երիտասարդները հարեւանութեամբ էին ապրում, տեղի կանայք էլ փայլում էին վերջին լուրերը արագ տանել-բերելու ունակութեամբ: Պատերազմի ողջ ընթացքում Յասմիկը տեղը չէր գտնում, նա դեռ զգացումներ ունէր Վաղիկի նկատմամբ:
— Երեխէ՛ք ջան, կոֆէն պատրաստ ա, հէսա ձմերուկն էլ բերեմ, — սկուտեղը ձեռքին` խօսելով հիւրասենեակ մտաւ տիկին Կարինէն:
Սուրճը սեղանին դրեց ու դուրս եկաւ:
Յասմիկը լսել էր, որ Վաղիկը ծանր վիրավորուել է, բայց որ գամուել է սայլակին, այսօր իմացաւ:
Ինչպէ՞ս կարմիր թաշկինակը Վաղիկենց տնից հասաւ իր ձեռքը:
Քամին, որը տարուբերում էր տիկին Կարինէի վարտիքները, լուացքի պարանի վրայից պոկել էր կարմիր թաշկինակն ու գցել գետնին: Յասմիկն էլ տուն գնալու ճանապարհին ոտքերի տակ անմիջապէս նկատել էր իրենց սիրոյ առարկայական ապացոյցն ու իմանալով, որ Վաղիկը վատառողջ է ցանկացել էր տեսակցել նրան:
Հիմա, երիտասարդ աղջիկը ո՛չ կարմիր թաշկինակի մասին էր յիշում, ո՛չ իրենց միջեւ եղած յարաբերութիւնների. նա քարացել էր տեսածից: Վաղիկը սլացիկ, ամրակազմ տղայ էր, իրենց դպրոցի սրտակերներից մէկը, բայց կեանքը նման անակնկալներ էլ է մատուցում:
— Յա՛ս, շատ շփոթուած ես, որտեղի՞ց քեզ իմ կարմիր թաշկինակը:
— Դրսից եմ գտել, բակում ընկած էր, ես էլ ասեցի հա՛մ բերեմ, հա՛մ քեզ տեսնեմ:
— Էդ կարմիր թաշկինակը ոնց որ մեզ հանգիստ չի տալիս հա՞, — զննելով Յասմիկի գեղեցիկ երեսն ասաց Վաղիկը:
Մօտ 15 րոպէ էլ Յասմիկը նստեց, նստած տեղը տասնեակ անգամ կարմրեց-սպիտակեց, մի կերպ նայեց Վաղիկի աչքերին, տիկին Կարինէին հապշապ ցտեսութիւն մաղթեց ու դուրս եկաւ:
Տուն հասնելուն պէս մտաւ սենեակ, փակուեց ու ինքն էլ չէր հասկանում` ի՞նչ է զգում: Գլուխը տրաքում էր մտքերից, սիրտը` յոյզերից:

* * *

Պատերազմից յետոյ կանայք շատ են փոխւում, նրանք նոյնը չեն մնում, նրանք դառնում են աւելի խիզախ, աւելի ճարպիկ ու տեղ-տեղ էլ նախաձեռնող: Նրանք գիտակցում են, որ սիրելու եւ սիրուելու ժամանակը եկել է, նրանք գիտակցում են, որ իրենց զէնքերն էլ պակաս հուժկու չեն:
Մի քանի օր մտորելուց յետոյ Յասմիկը դիմեց այս քայլին:
Վաղիկի համարն իմացաւ ու հաղորդագրութիւն գրեց` կին-հրամանատարի ոգով:
— Սէրս, արի՛ ամուսնանանք:
Պատասխանը երկար սպասեցնել չտուեց. տղամարդավարի, կարճ-հակիրճ:
— Կեա՜նքս, պատրաստ եմ:

Քամի էր թեթեւ: Երիտասարդ աղջիկը լուացք էր փռում, բայց քամին հանգիստ չէր տալիս: Կարմիր թաշկինակը փռելիս երեք ամրակով ամրացրեց. վախենում էր գտածը կորցնել:
Քամի էր ուժեղ, կնոջ` ժանեակով եւ տղամարդու` մոխրագոյն վարտիքներն ու կարմիր թաշկինակը հաճոյքով տարուբերւում էին: Քամի՞ն էր մեղաւորը…

(Գրանիշ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *