ԳՐԻԳՈՐ ԱՃԷՄԵԱՆԻ ՄԵԾ ԵՐԱԽՏԻՔԸ — ՀՕՐ՝ ԳՈՒՐԳԷՆ ՄԱՀԱՐԻԻ ԵՐԿԵՐՈՒ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ 18 ՀԱՏՈՐՈՎ

ԳՐԻԳՈՐ ԱՃԷՄԵԱՆ

Գրիգոր Աճէմեան շուրջ կէս դար իր կեանքը նուիրեց իր հօր՝ մեծանուն հայ գրող Գուրգէն Մահարիի ամբողջ գրական ժառանգութիւնը ընթերցողին սեփականութիւնը դարձնելու նպատակին։ Մասնագիտական մօտեցումով իր աշխատասիրութեան արդիւնքը եղան 18 հաստափոր հատորներ՝ շուրջ 12 000 էջերով։ Այս գործի խմբագիրները հանդիսացան Վարդան Մատթէոսեան (Նիւ Ճրզիէն) եւ Արքմենիկ Նիկողոսեան (Երեւանէն) ։

Օրին երկար հարցազրոյցով մը, լոյս տեսած «Բագին»-ի 2017-ի առաջին (յունուար-փետրուար-մարտ) թիւով, Աճէմեան մանրամասնօրէն պատասխանած էր հարցումներուս՝ հօր ապրած դժուարին կեանքին եւ իր կատարած աշխատանքին մասին։ Նաեւ տրամադրած էր այն ատեն հրատարակուած առաջին 10 հատորներու իր իսկ գրած յառաջաբանները, որոնցմէ քաղուածքներով ալ գաղափար մը կու տայի անոնց բովանդակութեան մասին՝ «Հորիզոն գրական»-ի 2017-ի յունիսի թիւով («Հորիզոն», 2017-06-26)։ Հիմա որ աշխատանքը իր աւարտին է հասած, Գրիգոր Աճէմեան սիրայօժար տրամադրեց նաեւ մնացեալ հատորներու իր ստորագրած յառաջաբանները, որոնցմէ ալ կը քաղուին ստորեւ տրուող հատուածները, ընդհանրապէս զանց առնելով անոնց միջեւ զեղչուած մասերը բազմակէտով արտայայտելու ձեւը։
Նոր հատորներուն մասին գրութիւններէն առաջ, սակայն կը ներկայացուի այստեղ ցանկը առաջին տասնեակին, ընթերցողին տալու համար գործին ամբողջական ու կոթողական պատկերը։
ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ

ԳՈՒՐԳԷՆ ՄԱՀԱՐԻ — ԵՐԿԵՐԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ (ԵԼԺ)
ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ

Հատոր 1 (768 էջ), հատոր 2 (680 էջ) եւ հատոր 3 (680 էջ) — Պոէզիա, Երեւան, 2013-2014
Հատոր 4 (576 էջ) — «Մանկութիւն», «Պատանեկութիւն», «Երիտասարդութեան սեմին», «Երիտասարդութիւն», Երեւան, 2015
Հատոր 5 (736 էջ) — «Այրուող այգեստաններ», Երեւան, 2015
Հատոր 6 (800 էջ) — «Այրուող այգեստաններ», լրամշակուած տարբերակ, Երեւան, 2015

Հատոր 7 (496 էջ) — «Պատմուածքներ», «Երգիծական պատմուածքներ». «Մանկական պատմուածքներ», Երեւան, 2016
Հատոր 8 (496 էջ) — «Նախօրեակին», «Սիբիրական պատմուածքներ». «Ծաղկած փշալարեր», Երեւան, 2016
Հատոր 9 (608 էջ) — «Քանդակներ», «Յուշեր», «Ուղեգրութիւններ», Երեւան, 2016
Հատոր 10 (792 էջ) — «Երգիծանք եւ հումոր», «Թատերգութիւն», Երեւան, 2016

ԳՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՕՍՈՒԹԻՒՆԸ

Հատոր 11 (824 էջ) — Յօդուածներ, հատոր 12 (744 էջ) — Գրախօսականներ, հատոր 13 (864 էջ) — Ակնարկներ, դիմանկարներ, խոհագրութիւն, մահախօսականներ, հարցազրոյցներ, Երեւան, 2017-2018

Զարմանալի էր ձեւաւորւում գրող-տրիբուն-հրապարակախօսի համբաւը խորհրդային հասարակարգում: Կային խօսքաշատ «մասնագէտներ», որոնք ի պաշտօնէ կամ ոչ՝ ծանրաքայլ կամ «թեթեւ վազքով» ելնում էին բեմ եւ ամբիոնից կառչած` տնային անփոփոխ կոնսպեկտով [ամփոփագրով] բաժակաճառում հայ գրականութեան խնդիրների մասին՝ այսօր ա՛յս, իսկ վաղը մէկ ա՛յլ պատմական իրադարձութեան «լոյսի տակ»:… Մահարին ի սկզբանէ խուսափել է ելոյթներից, ուշադրութեան կենտրոնում, լամպերի ու լուսարձակների խաչման կէտում յայտնուելուց: Բնաւորութեան այդ գիծը ժամանակի ընթացքում դարձաւ ստեղծագործական սկզբունք. «Մի նստիր լոյսի տակ` աչքդ յառած ստուերներին: Եղիր ստուերում ու նայիր լուսաւոր կեանքի լուսաւոր եզերքներին: Եւ գրի՛ր…» (Կարեւորը դիրքն է, ԵԼԺ-9, էջ 126): Մահարին մտադիր էր իր հրապարակախօսութեան ընտրանին ընդգրկել Երկերի հինգհատորեակում. … Սակայն նիւթերի առատութեան պատճառով մտայղացումը չիրականացաւ: Միայն այսօր, սոյն հատորով են ամփոփւում գրողի հրապարարախօսութեան երեք հատորները:
Ընթերցողը դրանցում կը հանդիպի կեանքի փորձով թելադրուած տեսական ու գործնական ձեւակերպումների, որոնք ի զօրու են եղել երէկ, ի զօրու են այսօր եւ կը պահպանեն իրենց ուժը, քանի կը մնան հայ գրականութիւնն ու գրականագիտութիւնը. Եւ եթէ աուելացնենք, որ Մահարու հրապարակախօսութիւնը գրուած է ազատ ու անկաշկանդ ոճով, սրամտութիւնների ու բառախաղերի հրավառութեամբ, գրական այլ ժանրերի լայն ընդգրկումով, գրականութեան շահերից ելնելով եւ վաղուայ մտահոգութեամբ՝ անտեսելով արհեստական կոնյունկտուրան [կռահումը, ենթադրութիւնը, հանգամանքների զուգադիպութիւնը, իրադրութիւնը] եւ պատուանդանները, ապա անվիճելի կը լինի ներկայացուած հատորների մնայուն արժէքը:

Մահարու հրապարակախօսութիւնը սկիզբ է առնում նախախորհրդային տարիներից: Հազիւ տասնհինգը բոլորած՝ նա գրեց մի ամբողջ շարք յօդուածներ որբերի կեանքից: … Մի քանի շաբաթից նա արդէն խմբագիրն էր ռամկավար աշակերտական «Վերածնունդ» երկշաբաթաթերթի, որտեղ հիմնականում լուսաբանւում էին որբաշխարհի խնդիրները:
Մահարին ռամկավար «հակայեղափոխական» էր` ընդդիմադիր դաշնակ-հնչակ-բոլշեւիկ յեղափոխական կուսակցութիւնների: Ընտանեկան աւանդներին գումարուեցին անձնական տպաւորութիւնները Վանի ինքնապաշտպանութեան, գաղթի, անդրկովկասեան սէյմի, Հայաստանի առաջին հանրապետութեան առօրեայի մասին:
«Թռուցիկ նօթերն» ունէին հասարակական-քաղաքական լայն ընդգրկում: Պատանի հրապարակախօսի ընդդիմադիր կեցուածքը հեռու էր բոլշեւիկեան «որքան վատ, այնքան լաւ» ծայրայեղութիւնից եւ թելադրուած էր «լաւը տեսնելու ցանկութեամբ»: Մահարին կանգնած էր նորաստեղծ հանրապետութեան հողի վրայ եւ վտանգաւոր պահերին «թեւ ու թիկունք» էր իշխանութեանը գրչով, որքան էլ այն «մերը չէր» (Պատասխանի տեղ, ԵԼԺ-11, էջ 58):
Գրողի հրապարակախօսութիւնը, ի տարբերութիւն քաղաքագէտի՝ անխուսափելի կը շօշափի եւ գրական հարցեր: Մահարու վաղ հրապարակախօսութիւնում տարբեր առիթներով մուտք են գործում Յ. Պարոնեանն ու Ե. Օտեանը, Ա. Իսահակեանն ու Յ. Օշականը, Ե. Չարենցն ու Ա. Վշտունին, Օննիկ Չիֆթէ-Սարաֆը եւ այլ յայտնի ու անյայտ ժամանակակիցներ:
Բազմաժանր Մահարին արդեն ձեւաւորուել էր, երբ Հայաստանը խորհրդայնացավ: Կուսակցական տարբեր թերթերին փոխարինեց փոքրադիր «Կոմունիստ»-ը, որը շուտով պիտի վերանուանուէր «Խորհրդային Հայաստան»: Մեծ ճանապարհի սկզբում յայտնուած գրողն ապրեց ժամանակին բնորոշ իր դրաման: Նորի կոյր թմբկահարումից նա գերադասեց կամաւոր ինքնամեկուսացումը Գիւմրի-Ալեքսանդրապոլում եւ միայն երկամեայ լռութիւնից յետոյ վերադարձաւ գրականութիւն: Մահարու յետխորհրդային հրապարակախօսութիւնն ունի հիմնականում գրական բովանդակութիւն, սակայն հազիւ թէ առարկութիւն յարուցի պնդումը, որ ճշմարիտ հրապարակախօսութիւնը, որքան էլ հեռու մնայ գաղափարական խութերից` չի կարող չունենալ քաղաքական ենթատեքստ, մանաւանդ հասարակարգում, որտեղ խեղաթիւրւում էին գրական չափանիշները:
Մահարին ակտիւ մասնակիցն էր գրական-հասարակական գրեթէ բոլոր միջոցառումների եւ իւրաքանչիւր առիթով հակադրւում էր ռապպական քննադատութեանը: … Մահարին յատկապէս ակտիւացաւ, երբ հնարաւորութիւն ստացաւ հրապարակաւ հանդէս գալ «Նոյեմբեր» խմբի անունից: Պրոլետ-գրողների ասոցիացիայի եւ նրա անպտուղ անդամների քննադատութիւնն այդ շրջանում նրա գլխաւոր թեման էր:
ՀԿԿ Կենտկոմին գրուած գրական եւ անձնական նամակների մի ամբողջ շարք պատկերում է հեղձուձիչ միջավայրը, որում յայտնուել էր «Նոյեմբեր»-ի ըմբոստ անդամը:
Յետսիբիրեան յօդուածների հիմնական բովանդակութիւնը պայքարն էր անձի պաշտամունքի տարիներին գրականութեան խոտորուած մայրուղու եւ չարենցեան չափանիշների վերականգնման համար: Խաղաղ չէր կարող լինել այդ պայքարը: Մեծ էր անկոնֆլիկտ գրականութեանը վարժուած «գրողների» հակազդեցութիւնը, արմատաւորուել էր մոլախոտը, պասիւ էին գրական կողմնացոյցը մի կողմ դրած քննադատները: Մահարին ստիպուած էր յաղթահարել պաշտօնական եւ ոչ-պաշտօնական բազմաթիւ բացայայտ ու ներհակ դիմագրաւումներ. Մահարու հրապարակախօսութիւնը չի շրջանցել թատրոնը, կինոն, գեղարուեստը: Հասարակական-քաղաքական յօդուածներն անխուսափելի տուրք էին ժամանակին: Սակայն այստեղ էլ Մահարին գրեթէ մշտապէս փորձել է շրջանցել քաղաքական խութերը եւ հնարաւորութեան սահմաններում ասել արուեստագէտի իր խօսքը:

Մահարու ոչ-չափածոյ առաջին հրապարակումը գրախօսական էր («Հրազդան» գրական, գեղարուեստական ժողովածու, գիրք Ա, 917, Թիֆլիս, ԵԼԺ 12, էջ 7):
Այն չէր կարող հեշտ լինել անգամ փորձուած գրչի համար: Պէտք էր գնահատել ոչ թէ մէկ հեղինակի այս կամ այն արձակ կամ չափածո գործը, այլ պատմական մի ժողովածու, որտեղ առաջին անգամ ընդգրկուել էին արեւմտահայ եւ արեւելահայ ժամանակակից երկու տասնեակ գրողներ ու բանաստեղծներ, որոնցից շատերն արժէքաւորւում էին առաջին անգամ, իսկ շատերից շատերին սպասում էր գրական տեւական ճանապարհ: Այնուամենայնիւ «պատանեկան» գրախօսականը մէկ անգամ եւս վկայում է, որ կան գրիչներ, որոնց պէտք չեն հասունացման դասընթացները: Տրուած գրեթէ բոլոր գնահատականները դիմացել են ժամանակի քննութեանը:
Մի ամբողջ շարք են կազմում մանկական պարբերականներին նուիրուած խորհրդային առաջին տարիների գրախօսականները: Այստեղ աւելի մեծ էր անկեղծ խօսքի հնարաւորութիւնը, որից եւ օգտւում էր Մահարին։
Յետսիբիրեան տարիներին գրողը յայտնուեց նոր միջավայրում: Ի հեճուկս վարչական եւ կուսակցական «գեներալների»` Է. Թոփչեանի, Ն. Զարեանի, Հ. Քոչարի, անցեալին կառչած սիրասների ու գրաշիների, նորայայտ սեւունցների ու ալաջաջեանների՝ յայտնուել էր խոստումնալից նոր մի սերունդ: Ըստ հին սովորութեան՝ աւագանին` Դ. Դէմիրճեանը, Ս. Զօրեանը, Գ. Սարեանը, Ս. Տարօնցին, Մ. Արազին պահպանում էին «բարձր» չէզոքութիւն:
Չէզոքութիւնը խորթ էր Մահարուն: Ճամբարային եւ աքսորական տարիները սրել էին նրա մէջ արդարութեան ու ճշմարտութեան զգացումները: Նա անցել էր «մազէ կամուրջներով» եւ վերադարձել գրականութիւն ո՛չ ամենեւին հանգիստ կեանքով ու արտօնեալ ձայնազուրկի կարգավիճակով ապրելու համար: Նրա գրախօսականները հաշուի չէին առնում դիմացինի դիրքն ու հեղինակութիւնը, լայնօրէն հրատարակուող, տարբեր լեզուներով թարգմանուած ու ճանաչում գտածների ուռճացուած համբաւը…
Գրական աշխարհն արտաքուստ կանգնեց Մահարու կողքին, սակայն այդ պահուածքը շատ էր նման «մէկ նալին, մէկ մեխին» մուրճահարմանը:
Մոլախոտի դէմ պայքարում Մահարին յայտնուեց մենակ:
Մահարու վերջին գրախօսականներից մէկի նիւթը «Գիրք ճանապարհի» ժողովածուն էր (Վերջին գիրքը (Եղիշէ Չարենցի ծննդեան 70-ամեակի առթիւ), ԵԼԺ-12, էջ 435): Երեք տասնամեակ անց գրուած, բայց ոչ ուշացած գրախօսականում «Այրուող այգեստաններ»-ի փորձով, բանասէր-դոկտորներից առաջ նա արժեւորեց ազգային սնապարծութեան դէմ, ի պաշտպանութիւն ազգային զգաստութեան եւ ինքնաճանաչողութեան գրուած ժողովածուն եւ աւարտեց այն խորհրդանշական տողերով. «Եւ զարմանալ միայն կարելի է, որ մեր գրականագիտական միտքը մի տեսակ գեղջկական ամօթխածութեամբ մինչեւ հիմա անցել է մեծ բանաստեղծի եւ մտածողի այս մեծ, գագաթային ստեղծագործութեան կողքով… Եղիշէ Չարենցի վերջին գիրքը գրուած է գեղարուեստական բարձր մակարդակով, պետական մտածողութեամբ եւ զգացողութեամբ, առանց որի անհնարին է վերագնահատել, հասկանալ մեր պատմական անցեալը եւ հասնել զգաստ եզրակացութիւնների…»: Գրախօսականը մնաց անտիպ. «պետական մտածողութիւնն» այն տարիներին ունէր ազգայնական ենթատեքստ: Այն տպագրուեց միայն մեր օրերում…
Առաջին եւ վերջին գրախօսականների միջեւ ընկած է գրական մի ողջ հարստութիւն: Ի մի բերուած եւ մէկ հատորում ամփոփուած` դրանք այսօր էլ պահպանում են իրենց արժէքը, քանի որ գրուած են գեղագէտի գրչով, ճշմարտութեան զգացումով եւ վերաբերում են իր ժամանակի շատ գրողներին:
Մահարին հանդէս է եկել նաեւ թատերախօսականներով, որոնցում անդրադարձել է Առաջին եւ Երկրորդ (իմա` Երեւանի եւ Լենինականի) պետթատրոնների ներկայացումներին, անուանի ու շարքային դերասաններին, ռեժիսորներին, նկարիչներին, երաժիշտներին, անգամ… յուշարարներին:

Ակնարկը գրական կարեւոր ժանրերից է, սակայն 1920-30-ականներին այն դարձաւ պարտադիր՝ ջրանցքների կամ բամբակի «ֆրոնտներում», «Կաուչուկշինում» կամ «Քանաքեռգեսում» սոցիալիստական շինարարութիւնը պատկերելու կուսակցական առաջադրանքով: Ճշմարիտ գրողները, ի տարբերութիւն արհեստաւորների, դժուարութեամբ են ենթարկւում «վերեւից» իջեցուած սոցիալական պատուէրներին: Մահարին առժամանակ խուսափում էր «ստեղծագործական» գործուղումներից: Ակնարկներում ժամանակի եւ կեանքի անցողիկութիւնն է: Ներկան ընդգծուել է երեկուայ վերյուշներով: Հայաստանի առաջին հանրապետութեան զրոյականի մակարդակի համեմատութեամբ այն մշտապէս ստացուել է շահեկան: Մահարին չի յարմարուել, չի կեղծել: Հայ շատ մտաւորականների նման նա կաշառուել է տնտեսապէս ու բարոյապէս քայքայուած երկրում ծաւալուած շինարարութեամբ: Այլ հարց է, որ նրա ժամանակակիցներից ոմանք իրենց նուիրուածութիւնը հասարակարգին ծառայեցրին այսրոպէական անձնական շահերին` ի վնաս գրականութեան եւ իրենց:
Գրական դիմանկարների ժանրին Մահարին յաճախ է դիմել: Սայաթ-Նովային ու Սիամանթոյին, Շիրվանզադէին ու Բակունցին, Տէրեանին ու Չարենցին, Վալերի Բրիւսովին ու Սերգեյ Եսենինին, Շահան Շահնուրին ու Պարոյր Սեւակին, Վաղարշակ Նորենցին ու Համօ Սահեանին, Սիլվա Կապուտիկեանին ու Սերօ Խանզադեանին եւ այլ ժամանակակիցներին նուիրուած դիմանկարներում ամփոփուել են նրանց անցած ճանապարհները, բացայայտուել նրանց տեղն ու դերը գրականութեան պատմութիւնում:
Մահարու խոհուն գրիչը չէր կարող անտեսել խոհագրութեան ժանրը: Խոհագրութեան նիւթ են ծառայել եւ՛ գրական, եւ՛ հասարակական երեւոյթները: Մահախօսականներին Մահարին դիմել է միայն անձնական վերաբերմունքի առկայութեան դէպքում եւ ընտրողական վերաբերմունք դրսեւորել անգամ կոլեկտիւ մահախօսականներ ստորագրելիս: Չի եղել այդ ժանրը նրա համար իր ներկայութիւնը նշելու հեշտին միջոց: Շնորհիւ դրան մենք ունենք տարբեր մօտեցումներով գրուած մահախօսականների մի շարք, որոնք արտայայտում են գրողի վերաբերմունքը դեպի իր ժամանակը եւ ժամանակակիցները:
Հարցազրոյցներում Մահարին առիթը բաց չի թողել հասարակութեանը հասցնելու իր ստեղծագործական ծրագրերը, գրական տարբեր երեւոյթների ու հարցերի վերաբերեալ խոհերն ու մտահոգութիւնները:

Մահարին ապրել է քաղաքական խմորումների բարդ ժամանակաշրջան[ներ, [որոնք] ունեցել են իրենց բաղկացուցիչները, որոնցից իւրաքանչիւրն իր կնիքն է դրել խորհրդային եւ մասնաւորապէս Մահարու գրականութեան վրայ: ՆԷՊ-ի [Նոր տնտեսական քաղաքականութիւն — ռուսերէն համառօտագրութիւն] համեմատական ազատութեան տարիները, սոցիալիստական շինարարութեան առաջին հնգամեակը, անձի պաշտամունքի ձեւաւորումն ու ֆետիշացումը, «մեծ տեռորը», Երկրորդ համաշխարհային պատերազմը, «ժողովուրդների հօր» պարանոյիկ հիւանդութիւնն ու մահը, խրուշչովեան ձնհալը, բրեժնեւեան ճահիճը… Բարդ ու հակասական ժամանակներում է ստեղծուել Մահարու հրապարակախօսութիւնը:
Մենք չենք ունեցել սերունդներից տող անգամ թաքցնելու ամենափոքր իսկ ցանկութիւնը, գտնելով, որ բացառութիւնները միայն հաստատում են ամբողջականութեան օրինաչափութիւնը:
Գուրգէն Մահարին գրականութիւն է մտել արեւմտահայերէնով եւ նոր միջավայրի ազդեցութեան տակ անցել արեւելահայերէնի: Ներկայացուող հատորներում այդ անցումը դրսեւորուած է ցայտուն, անգամ թռիչքաձեւ, ինչը բացատրւում է խորհրդայնացումից յետոյ նրա երկամեայ լռութեամբ: Մահարու հրապարակախօսութիւնը հայ գրականութեան անբաժանելի հարստութիւնն է, որի նկատմամբ հետաքրքրութիւնն աճում է անգամ մեր ոչ գրական օրերում:

Հատուածներ «Գրական հրապարակախօսութիւնը» յօդուածէն

ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Հատոր 14-1 (784 էջ) — 1915-1958, հատոր 14-2 (832 էջ) — 1959-1963, հատոր 15-1 (760 էջ) — 1964-1966, հատոր 15-2 (696 էջ) — 1967-1969 … Նամակներ, Երեւան, 2020-2021

Գ. Մահարի Նշանաւոր մարդկանց նամակների ընթերցումը հեռու է նրանց «տնային խալաթով» տեսնելու քաղքենի ցանկութիւնից, այլ նպատակ ունի լրացնել եւ աուելի խոր ուսումնասիրել նրանց ստեղծագործական ժառանգութիւնը: Նպատակն այնքան է առաջնային, որ նամակները յաճախ հաւաքւում ու հրապարակւում են անգամ հակառակ հեղինակի կամքի կամ կտակի: Նամակագրութիւնը որպէս հաղորդակցութեան միջոց եղել է անգերագնահատելի՝ գրերի ստեղծումից մինչեւ քսաներորդ դարի վերջին տասնամեակները: Եւ միայն համակարգչային եւ համացանցային կապերի աննախընթաց զարգացումից նամակագրութիւնը կորցրեց իր պատմական ու աւանդական դերն ու նշանակութիւնը: Բարձր տեխնոլոգիական նորամուծութիւնները չհասցրեցին ազդել Գուրգէն Մահարու նամակագրութեան վրայ, մի գրողի, որի համար այն գրականութիւն էր, ինքնաարտայայտման եւս մի միջոց եւ ինքնատիպութեան եւս մի վկայութիւն:
Կան գրողներ, այդ թւում՝ փայլուն, որոնց նամակները նման են կենցաղային հաշուետւութիւնների եւ ոչնչով չեն յիշեցնում նրանց գլուխ-գործոցները: Չնայած դրան՝ սերունդները խնամքով հրատարակում են այդ «հաշուետւութիւնները», ձգտում յայտնաբերել թէկուզ նուազագոյն կապը այդ նամակների եւ դրանց հեղինակի կեանքի ու գործի միջեւ: Գուրգէն Մահարու նամակագրութիւնը երեւոյթ է հայ գրականութիւնում, եւ դա այդպէս էլ պիտի լինէր: Նրա ողջ գրականութիւնն ի՛ր, մի կեանքի պատմութիւն է, որտեղ արտացոլուած է ժամանակը: Առաւել եւս չէր կարող այդ հունից դուրս գտնուել խորապէս անձնական այնպիսի մի ժանր, ինչպիսին է նամակագրութիւնը: Գրողի նամակները սերտօրէն կապուած են նրա կեանքի եւ ստեղծագործութեան հետ եւ հանդիսանում են նրա արձակի օրգանական շարունակութիւնը: Բազմաթիւ են դրանցում յանպատրաստից բնապատկերները, սրամտութիւնները, բառախաղերը, վեյհուշները, բանաստեղծութիւններն ու յանգաւորումները:
Իւրաքանչիւր նամակ կեանքի մէկ ակնթարթ է: Ընթերցողը վերապրում է այդ ակնթարթները, որոնցում զրուցում, խորհում, ժպտում, ծիծաղում, կատակում, երազում, բողոքում, զայրանում, դառնանում ու տնքում է գրողը: Առանց որեւէ ձեւականութեան, առանց «կեցուածք բռնելու»:
Նամակներում ուրուագծուած է գրողի նախասիրութիւնների շրջանակը: Մահարին ծանօթ էր ռուս գրականութեանը, բայց միայն աքսորի տարիներին մօտիկից ճանաչեց Չեխովին ու Դոստոեւսկուն, Գոգոլին ու Գոնչարովին, Բելինսկուն ու Դոբրոլիւբովին, Գերցենին ու Չերնիշեւսկուն. «…Մատիտն ի ձեռիս, — թուղթն ի ծունկիս շտապում եմ պատասխանել: Թղթի եւ ծնկիս արանքում Գոգոլն է, «Մեռեալ հոգիները», որը կարդում եմ չորրորդ անգամ եւ պատրաստ եմ կարդալ եւս տասնչորս անգամ: Անմահ Գոգոլ, մեծ Գոգոլ: Զգո՞ւմ ես Գոգոլի շունչը «Երկիր Նայիրի»-ի վրայ. դա այնքա՜ն զգալի է…» (Նամակ թ. 119)։
Վերադարձից յետոյ էլ նա հետեւում էր դարի գրականութեանը հիացմունքով, մասնագիտական խանդով եւ… ցաւով. «Վերջերս կարդացի Ֆրանց Կաֆկայի երկու գործերը. Կաֆկան ցայսօր մեզ անհաս էր: Մահացել է 1924 թուին. եւ ի՜նչ դաժան ու հետաքրքիր հեղինակ. եւ ամեն անգամ, երբ հանդիպում եմ նման «արգելուած պտուղի», զգում եմ, թէ որքա՜ն ետ ենք մնացել ժամանակից եւ աշխարհից. մեր կեանքն էլ էսպէս-գնաց, տապակուել սեփական իւղով, իսկ եթէ ի բնէ, ի ծնէ նիհար ես, եփուել սեփական…» (Նամակ թ. 944։

Նոյն զգացումն է նա ապրում Սփիւռքի լաւագոյն գրողների հետ ծանօթանալիս. «Համաստեղի ջերմ գնահատութիւնից յետոյ ստացայ ի՛ր, Համաստեղի 7 գրքերը եւ… ամաչեցի: Մենք, աւելի ճիշտը՝ ես էլ կարծում եմ թէ գրող եմ…» (Նամակ թ. 951): Իր գրչընկերների կողմից (Մ. Արմէն, Վ. Նորենց) Մահարին յաճախ է յանիրաւի մեղադրուել «կլասիցիզմի» մէջ եւ այդ այն դէպքում, երբ կլասիկների համեմատութեամբ նա պարզապէս չէր գտնում իր տեղը. «Ո՜ւր եմ ես եւ ուր՝ իսկական, բարձր գրականութիւնը: Էլ չեմ խօսում Սարոյեանի, Հեմինգուէյի, աւելի ետ՝ Չեխովի, աւելի առաջ՝ Պաուստովսկումասին…» (նոյն նամակում): Նամակները խօսուն վկայութիւններ են նաեւ գրողի առօրեայ հոգեւոր կապերի: Սփիւռքի գրողների հետ ստեղծուած սերտ կապերին (Շահան Շահնուր, Համաստեղ, Արամ Հայկազ, Կարիկ Պասմաճեան, Գրիգոր Շահինեան…) ակամայ հակադրւում են տասնամեակներով ձգուող եւ յարաբերութիւնների խզումով աւարտուող հայաստանեան կապերը (Նաիրի Զարեան, Մկրտիչ Արմէն, Վաղարշակ Նորէնց, Պարոյր Սեւակ, Գէորգ Էմին, Լեւոն Միրիջանեան…): Բացայայտւում են նոր շերտեր առաջին հայացքից անամպ Մահարի-Զօրեան, Մահարի-Սարեան յարաբերութիւններում: Ընթերցողը հեշտութեամբ կը տեսնի ինչպէս խզումների, այնպէս էլ անսպասելի բացայայտումների իրական պատճառները:

Նամակներ Մահարին գրել է շատ եւ ողջ կեանքում: Սակայն նախախորհրդային խառնակ տարիներից պահպանուել են հեղինակային միայն երկու նամակ, իսկ 1920-1936 թուականներից՝ ընդամէնը 44 նամակ: Բռնադատուածների հետ «յանցաւոր» կապերի իրեղէն ապացոյցները, իմա՝ նամակները, ըստ մեծ մասի ոչնչացուել են: Բանտային (1936-1939), ճամբարային (1938-1947) եւ առաջին վերադարձի երեւանեան (1947-1948) 13 տարիներից պահպանուել է ընդամենը չորս նամակ: Եւ միայն աքսորի հինգ (1949-1954) եւ կեանքի վերջին տասնհինգ տարիներին (1954-1969) է ընկնում ներկայացուող նամականու առիւծի բաժինը՝ աուելի քան 97 տոկոսը:
Աքսորից գրուած նամակներում բացայայտւում է գրողի գոյատեւման «գաղտնիքը»՝ հաւատարմութիւնը գրականութեանը եւ իր կոչումին: Դժնդակ պայմաններում նա նայել է կեանքին հեգնական քննական հայացքով եւ բաժին ընկած փորձութիւնները համարել իր բարձր կոչումի անխուսափելի հետեւանք. «Նամակ սկսեցի պոէզիայով, սակայն վերջացնում եմ պրոզայով: Բայց այդ պրոզան կապուած է մի մարդու առօրեայի հետ, որն իր ողջ կեանքը նուիրել է Ոլիմպոսի աստուածներին: Եւ եթե նրան միշտ չեն շոյել Ոլիմպեան աստուածները, այդ նրանից է, որ նա չի արածել սրբազան լեռան ստորոտներում եւ ձգտել է միշտ լեռն ի վեր…» (Նամակ թ. 78):
Պէտք չէ այս տողերում տեսնել այն, ինչ չկայ: Սա այլախոհական ընդվզում չէր, այլ հերթական ինքնաբացայայտում: Ընդհակառակը, փակուղուց գրուած նամակներում մէկ անգամ չէ, որ զգացւում է ներքին գրաքննիչը: Մահարին չէր հակադրւում իրաւակարգին: Օձից խայթուածը երկիւղում էր պարանից, երբ կորցնելու, թւում էր, ոչինչ այլեւս չկար…
Անսպասելի ու անհաւատալի պայծառ են աքսորական նամակները: Հումորը դարձել էր նեղ օրերի ուղեկիցն ու ամոքիչը: Ինչ չարժեն «Անդրաշխարհեան Պառնասի եւ անոր ստորոտներուն վրայ» թատերական կատակը (Նամակ թ. 124), ժամանակակիցներին նուիրուած էպիգրամները:
Նամակները գրուել են բախտակիցներին: Ազատանին նրա նամակներին չի պատասխանել (Ա. Իսահակեան, Ն. Զարեան, Վ. Աճէմեան, Գ. Էմին) կամ թղթակցել է կարճատեւ (Ս. Թութունջեան), նման նամակագրութիւնները չէին քաջալերւում իշխանութիւնների կողմից, աւելին՝ կարող էին հանդիսանալ հնարաւոր մեղադրանքների լուրջ ապացոյցներ: Բացառութիւն է կազմել, մինչեւ իր ձերբակալութիւնը, Խորէն Աճէմեանը:
Անտոնինա Պաուլայտիտէին (հետագայում՝ Մահարի) գրուած նամակները եւ այլ նամակներում նրան տրուած գնահատականները վկայում են գրողի եւ լիտվուհու միջեւ ծագած բնութեան մեծագոյն պարգեւի՝ սիրոյ մասին եւ հաստատում են վերջինիս անգերագնահատելի դերը մնացած ողջ կեանքի համար. «Աստուած ինձ շատ բան չի տուել, բայց տուել է մի Անտոնինա եւ դա ամենն է, ինչ կարող էր տալ նա…» (Նամակ թ. 1678):
Նամակները դիւրընթեռնելի են, առանց ջնջումների եւ ուղղումների: Թուղթն օգտագործուել է «ցմրուր» (յատկապէս աքսորում) եւ թողել տպաւորութիւնը, թէ խօսքն աւարտուել է ոչ թէ նիւթի, այլ թղթի սպառուելու պատճառով: Նամակագրութիւնում դրսեւորուել է գրողի բացառիկ պարտաճանաչութիւնը։
Առինքնող են կրտսեր գրչընկերներին ուղղուած նամակներն առաջին իսկ տողերից՝ «Սիրելիդ իմ Վահագն, հոգեւորդի եւ հոգեղբայր, աղբիւր մաքրութեան եւ իմացութեան, յոյզերի եւ լոյսերի խառնարան… Ամէ՛ն» ([Վահագն Դաւթեանին] Նամակ թ. 833), մինչեւ վերջին տողերը. «Եւ լաւ եղիր, աստծու ափի մէջ պատրաստուած փլաւ եղիր, ծիածանի վրայ մարմանդ խորովուած խորոված եղիր, լուսնապուտուկի մէջ քլթքլթացող փիթի [վրացական ճաշ — Վ-Ա.] եղիր, եղի՛ր, մինչեւ տեսնենք Աստուած ինչ կը տայ…» (Հ. Սահեանին, Նամակ թ. 1572):
Մենք խիստ կասկածում ենք, որ հայ գրողներից որեւէ մէկը, բացի Մահարուց, արձագանքած լինի ԽՍՀՄ գրողների համագումարին ուղղուած Ա. Սոլժենիցինի շրջաբերականին: Մնում է ափսոսալ, որ Մահարու արձագանքի գոնէ պատճէնը չի պահպանուել, բայց անվիճելի է, որ ռուս գրողի մասին մտորումներում արտացոլուած է մեր գրականութեան տխուր ներկան. «Այսօր տանտիրուհուս գրադարանը քրքրելիս, գտայ Սոլժենիցինի «Իվան Դենիսովիչ»-ի լիտվական հրատարակութիւնը, առանձին գրքով:-Երկիր ենք, հա՛. մի գործ, որը լոյս տեսաւ Մոսկուայում եւ թարգմանուեց աշխարհի բոլոր առաջաւոր ազգերի կողմից, Երեւանում տեղ չգտաւ ոչ միայն Պետհրատում, — այլեւ մեր գրական մամուլում… Так-­так [այդպէս-այնպէս — Վ-Ա.]. Ուզում եմ ասել, որ «ժողովուրդ չենք, խալխ ենք» ասոյթը ի զօրու է» (Նամակ թ. 1152):
Նամակները նաեւ օրացոյց են գրական -հասարակական կեանքի սեփական ընկալման.
«…Ծանր, չափազանց ծանր ազդեց ինձ վրայ Համաստեղի մահը. երանի՜ թէ նամակագրութիւն չունենայի հետը, չճանաչէի իր ազնիւ եւ ազնուական հոգին…— Հիմա կարդում եմ նրա նամակները եւ նրան տեսնում եմ դէմս այնքան վառ եւ իրական, որքան եթէ — յիրաւի՛ Երեւան գար եւ հանդիպէինք… Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզէն…» (Նամակ թ. 1356):
Նամակներից յորդացող անմիջականութիւնն իր շնչի մէջ էր վերցնում հասցէատէրերին, տրամադրում նրանց փոխադարձ անկեղծութեան։ Սփիւռքի գրողներին Մահարին գրել է արեւմտահայերէն, բայց ժամանակակից ուղղագրութեամբ. «Ներէ կոտրած արեւմտահայերէնիս. այս պաշտելի լեզուն գործածելու, անով խօսելու առիթ, ոչ մէկ առիթ չունեմ: Միակ առիթը դուն ես… կը գրեմ կամքէս անկախ…» (Շ. Շահնուրին, Նամակ թ. 734)։ «Ներիր, սիրելի Համաստեղ, իմ կոտրտուած արեւմտահայերէնի համար, այսպէս կը գրեմ ոչ թէ վախնալով, որ դուն արեւելահայերէնս չես հասկանայ, այլ պարզապէս կը սիրեմ արեւմտահայերէնը: Ես գրականութիւն եմ մտեր արեւմտահայերէնով եւ կը սիրեմ այդ լեզուն առաջին սիրոյ պէս, առաջին սիրոյ եւ համբոյրի քաղցր յուշով եւ ընկալումով… Կը սիրեմ Զօհրապի, Մեծարենցի, նորերէն՝ Համաստեղի եւ Շահնուրի լեզուն, լեզուն Վարուժանի՛, Սիամանթոյի, Ինտրայի՛ լեզուն» (Նամակ թ. 946):

Սիրել է ճանապարհորդելը: Վաղ գարնանից ճանապարհները կանչում էին, հրապուրում նոր հանդիպումների ու տպաւորութիւնների խորհրդով: Սակայն երթուղիները չէր փոխում, եւ սահմանափակ է քաղաքների թիւը, որոնցում եղել է Մահարին: Ինչպէս մարդկանց, այնպէս էլ քաղաքների հետ կապւում էր անմիջական եւ զգայական կապերով։ Ուր էլ որ յայտնուէր, փնտրում էր պատմութիւն եւ պատմականութիւն, իսկ գտնելով՝ մտորում էր, խորհում, ուրախանում կամ տխրում։
Մահարու հիմնական զէնքը հումորն էր: Սակայն ինքնակենսագրական վիպակների պատանի հերոսին դժուար է համարել կատակաբան: Անհարթ շարժուձեւը, պատասխանատու պահերին անհրաժեշտ խօսքեր չգտնելը, դիւրազգաց, երազկոտ խառնուածքը, վառ երեւակայութիւնն ու ամօթխածութիւնը ոչինչ ունէին հայնէական հեգնանքից: Միայն տարիներ անց՝ «3»-ի [3-ը Չարենց-Վշտունի-Աբով գրական խումբն էր, որ ստեղծուեցաւ 1922-ին եւ ունեցաւ կարճատեւ կեանք — Վ-Ա.] եւ «երկաթէ պոէզիայի» [կ՚ակնարկէ երկաթ երգող պռոլետպոէզիային — Վ-Ա.] շրջանում քնարերգակը փորձեց հումորով մեղմել իր անհամապատասխանութիւնը ժամանակին: Հետագայում պարզուեց, որ դա օտարամուտ տարր չէր եւ ունէր բոլոր նախադրեալները դիմակից՝ դէմքի եւ ձեւից՝ բովանդակութեան վերածուելու: Մահարու հումորը շէնշող է, խայտող, յաճախ խայթող, ենթատեքստով հարուստ, ըստ մեծ մասի՝ քողարկուած միամտութեան դիմակով։
Վանում ծնուած գրողը մահացաւ հիւսիսի Պալանկայում… աւարտենք խօսքը սփիւռքահայ գրականագէտ, հրապարակախօս Վազգէն Էթիէմեզեանի աւելի քան չորս տասնամեակ առաջ գրուած տողերով. «Երեւի ճիշդ է այն վարկածը թէ՝ “Մեծ քաղաքակրթութիւնները անդունդին եզրին կը ծնին”: Երեւի ճիշդ է նաեւ այն՝ որ միայն իսկական ռազմիկն է որ պատերազմի դաշտին վրայ կը զոհուի: Մեր մտապատկերին մէջ, արեւելահայերէն յետեղեռնեան արձակէն, մէկ դէմք միայն կ՚արտացոլայ, որպէս յաւիտենաբար պատնէշի վրայ կեցող մարդ, չընկրկող մարտիկ, մահը ակռաներովը սեղմած ժպտերես մանուկ: Արուեստագէտ մը, որ հետեւեցաւ արեան կանչին եւ մեռաւ շատ բնական մահով, պատերազմի դաշտին վրայ: Գուրգէն Մահարի՛: Մենք համեմատաբար աւելի հարուստ բանաստեղծներու հոյլ մը ունեցած ենք… Ունեցած ենք նաեւ շատ մեծ արուեստագէտ արձակագիրներ, Բակունց, վերցնելու համար գէթ մէկ օրինակ: Հարցը ա՛յդ չէ սակայն: Մահարին իր մէջ կը մարմնացնէր ժողովրդայինը իր բոլոր երանգներով: Ունէր յարատեւութիւն, անդրդուելիութիւն, շարունակութիւն եւ խորապէս ըմբռնուած եւ ապրուած մարդեղենութեան կոչում, որոնցմով կը նոյնանար զինք ծնող ժողովուրդին ամենախոր իղձերուն, մտորումներուն եւ տառապանքին հետ» («Սփիւռք», Պէյրութ, 1978, 21 Մայիսի, թ. 15, էջ 5):

Հարիւրներով է չափւում անհատական եւ կոլեկտիւ թղթակիցների թիւը: Տասնամեակներ պահանջուեցին հաւաքելու համար ցրուած նամակները: Հայաստանեան թղթակիցները՝ Վ. Դաւթեանը, Հ. Սահեանը, Հ. Մաթեւոսեանը, Ռ. Լուսինեանը, Ա. Խաչունցը, Գեղամ Սեւանը եւ շատերը պատրաստակամ տրամադրել են իրենց նամակները կամ դրանց պատճէնները: Տողերիս հեղինակը հաստատել է կապեր Շահան Շահնուրի, Անդրանիկ Անդրէասեանի, Մարի Աթմաճեանի, Կարիկ Պասմաճեանի հետ, ստացել նրանցից նամակներ: Շատ նամակներ դեռեւս մնացել են «դրսում», բայց վստահօրէն կարելի է պնդել, որ հիմնականն արուած է: Ներկայացուած 1736 նամակները մեծ թիւ չէ, եթէ հաշուի առնենք, որ յետսիբիրեան տարիներին Մահարին գրել է տարեկան հարիւրից շատ աւելի նամակներ: Աւելորդ է ասել, որ անթոյլատրելի ենք համարել խմբագրական որեւէ միջամտութիւնը: Չեն խմբագրուել եւ «թունդ» բառերն ու արտայայտութիւնները, որոնց բացակայութիւնն անմիջական գրողի նամակներում կը լինէր անբնական: Սակայն այդ «թունդութիւնները» գռեհիկ չեն, ծառայում են եթէ ոչ պատկերին, յանգին, բառախաղին կամ տրամադրութեանը, ապա հէնց գռեհկաբանութեան մերժմանը: Հնարաւորինս պահպանուել են նամակների ուղղագրութիւնն ու կէտադրութիւնը, որոնք փոխուել են ժամանակի ընթացքում: Անտեսուել է 20-30-ական թթ. միջանկեալ ուղղագրութիւնը: Գրող, քաղաքացի եւ մարդ Մահարու անցած ճանապարհը պատկերող նամակներն ընթերցւում են գրական գործերին բնորոշ հետաքրքրութեամբ եւ ունեն բացառիկ արժէք ու նշանակութիւն հայ գրականութեան մէջ: Նրա նամականին կը լինի մեր օրերի եւ գալիք սերունդների սիրուած գործերից մէկը, ուսանելի դասագիրք՝ գրական նորակոչիկներին, որոնցից Մահարին պահանջում էր անմնացորդ նուիրում իրենց կոչումին:

Հատուածներ «Նամակագիրը» յօդուածէն

* * *

Շարքին վերջին՝ 18-րդ հատորը, որ «Լրացուցիչ» տիտղոսը կը կրէ ու տակաւին պատրաստութեան մէջ է՝ լոյս տեսնելու համար հաւանաբար 2023-ին, իրապէս պիտի ունենայ այդ լրացուցիչ համգամանքը, որովհետեւ պիտի բովանդակէ Գուրգէն Մահարիի ժառանգութեան այն մասը, որ բացայայտուեցաւ միայն իր այրիին՝ Անտոնինայի մահէն ետք, տունը պահուած ծրարի մը ու ճամպրուկի մը մէջ։ Այնտեղ կային աքսորի տարիներու իր ստացած նամակները եւ ՊԱԿ-ի կողմէ իրեն վերադարձուած ընտանեկան արխիւը եւ այլն։ Ակնդէտ կը սպասենք անոր ալ հրատարակուելուն, որպէսզի ամբողջանայ այս ակնարկը։

Վ-Ա.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *