Հայ գրողների միութեան Լոռու մարզային բաժանմունքում տեղի ունեցաւ բան. գիտ. թեկնածու Արմենուհի Դեմիրճեանի «Հայկ Նահապետ» գրքի շնորհանդէսը, որը վարում էր Վանաձորի պոեզիայի թատրոնի գեղղեկավար Ջիւան Սարգսեանը: Բացման խօսք ասաց մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանուէլ Միկոյեանը: Նախ, նրա խնդրանքով, ներկաները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին Արցախեան 44-օրեայ պատերազմում եւ վերջին օրերին Հայաստանի սահմաններում զոհուած զինուորների յիշատակը:
«Մեր երկրի այս բարդագոյն ժամանակներում Արմենուհի Դեմիրճեանի «Հայկ Նահապետ» գրքի լոյսընծայումը եւս մեկ խթան է մեր ժողովրդի հայրենասիրական ոգին բարձրացնելու համար: Հայկ Նահապետի մասին գրուած նախորդ գրքերից, առանձին գիտական աշխատութիւններից այս գիրքը տարբերւում է մինչ այժմ անյայտ բազմաթիւ փաստերով, որոնց յայտնաբերման համար հեղինակից տարիների տքնաջան աշխատանք է պահանջուել: Պատումը ներկայացուած է մաքրամաքուր հայերէնով, մատչելի բոլոր տարիքի ընթերցողների համար: Այնքան պատկերաւոր են նկարագրուած դրուագները, որ ընթերցողը կարծես մասնակից է դառնում մեր ազգի համար ճակատագրական ու բախտորոշ այդ իրադարձութիւններին: Կ՚ուզենայի, որ ե՛ւ Հայկ Նահապետի, ե՛ւ միւս պատմական ժամանակաշրջանների մասին ֆիլմեր նկարահանուեն: Ռուսաստանն այս առումով անգերազանցելի է, սակայն եթէ հայ ռեժիսորները նախաձեռնեն այդ կարեւոր գործը, հովանաւորներ կը լինեն», — ասաց Մ. Միկոյեանը:
Վերլուծական խօսք ասաց գրքի նախաբանի հեղինակ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդեանը, նաեւ հատուածներ կարդաց՝ անդրադառնալով գրքի լեզուական առանձնայատկութիւններին եւ միւս արժանիքներին:
Դրամատուրգ, երգիծաբան Սամուէլ Խալաթեանն իր խօսքում շեշտեց, որ հնագոյն ժամանակներից մեր ազգը ռազմագիտութեան անգերազանցելի դրսեւորումներ է ունեցել, մարտավարական հնարամտութեան փայլուն օրինակներ կան, որոնց նպատակը փոքրաթիվ զօրքով մեծաքանակ թշնամուն յաղթելն է եղել: «Այս ամենը փայլուն կերպով է նկարագրել Արմենուհի Դեմիրճեանը, խորհդակցելով իր եղբօր՝ տեխ. գիտ. թեկնածու Արտակ Դեմիրճեանի, նետաձգութիւն ԽՍՀՄ սպորտի վարպետ, պրոֆեսոր Անահիտ Յարութիւնեանի եւ այլ մասնագէտների հետ», — ասաց Ս. Խալաթեանը:
Բան. գիտ. թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյեանն անդրադարձաւ համաշխարհային գլոբալացման աղետալի հետեւանքներին, որոնք չեն շրջանցում նաեւ Հայաստանը։ «Ուղեղի լուացում է կատարւում ազգային ամեն ինչ մոռացութեան տալու, ջնջելու նպատակով, որին դիմակայելու լուրջ քայլերից մէկն է մի պատմական կարեւորագոյն իրադարձութիւնների մասին գրքեր գրելը, որը համարում եմ իւրաքանչիւր բանասէրի պարտականութիւնը: Այս առումով Ա. Դեմիրճեանի գիրքը խիստ կարեւոր եւ արդիական է, որի համար շնորհակալութիւն եմ յայտնում նրան», — ասաց Վ. Փիլոյեանը:
Գրքից հատուածներ կարդացին պոեզիայի թատրոնի սաներ Սոնա Ատիկեանը, Անգելինա Մկրտչեանը, «Արուեստագէտ» հանդէսի գլխաւոր խմբագիր Իւան Անտոնեանը: Ելոյթ ունեցան վաստակաշատ մանկավարժ, հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհի Ասիա Սարգսեանը, Վանաձորի արուեստի պետական քոլեջի դասախօս, վոկալ բաժնի վարիչ Մհեր Մելիքեանը, բանաստեղծուհի Ռոզա Վարդանեանը:
Արմենուհի Դեմիրճեանը իր շնորհակալական խօսքում շեշտեց, որ իրեն ոգեւորել են Թերեզա Շահվերդեանը, գրքի խմբագիր Վահագն Սարգսեանը, Սամուէլ Խալաթեանը եւ ուրիշներ:
«Գրական Թերթ», 14 հոկտեմբեր 2022