ՎՐԷԺ ԻՍՐԱՅԵԼԵԱՆ
ՀՀ հեռուստաընկերութիւնները, խօսքները մէկ արած, մէկը միւսից առաջ ընկնելով, քաղաքական, լրատուական կարեւորագոյն ծրագրերը շրջանցելով, «ֆուտբոլային դիւանագիտութեան» ուղն ու ծուծը բացայայտելու մոլուցքը յետաձգելով, Բարաք Օբամայի յաղթարշաւը ամերիկացիների խղճին թողնելով, օրուայ բոլոր ժամերին, յայտնի եւ անյայտ բոլոր լեզուներով հնչեցրին մի ծանուցում, որը ՀՀ ազգաբնակչութեանը պոկեց իր առօրեայ հոգսերից, գազի ու լոյսի թանկացման անհրաժեշտութիւնը գիտակցելու տառապագին տուայտանքներից եւ տարակուսանքի պատին դէմ տուեց. ո՞վ է Բալաբեկը:
Յայտարարութեան տեքստի տողատակերը հասկանալու բնական ցանկութիւնը ունկնդիրներին մղեց գործի դնել տեղեկատուական նորագոյն տեխնոլոգիաների բոլոր միջոցները` «Բալաբեկ» անունն այնքան հնչեղ էր եւ դիւրահունչ, որ նոյնչափ հարազատ թուաց թէ՛ ռուսին, թէ՛ վրացուն, թէ՛ ամերիկացուն: Այն անզուգական էր նաեւ հանրահաւաքներում վանկարկելու համար` Բա՜-լա՜-բե՜կ… Բա՜-լա՜-բե՜կ…
Ահա այդ ծանուցումը. «Աշխարհասփիւռ հայութեանը եւ բարի կամքի տէր այլազգիներին տեղեկացնում ենք, որ 2008 թ. մարտի 13-ին, երեւանեան ծերանոցներից մէկում, 90 տարեկան հասակում վախճանուեց Շուշնամերկ գիւղի նախկին բնակիչ Բալաբեկը: Հանգուցեալի դին գիւղ տեղափոխելու համար մարտի 14-ին, ժամը 11։00-ին, թիւ 1 դիահերձարանի մօտ են հրաւիրւում քաղաքաբնակ բոլոր շուշնամերկցիները եւ նրանք, որոնց համար թանկ է մարդկութեան պատմութիւնը: Յուղարկաւորութիւնը տեղի կ՚ունենայ մարտի 15-ին, ժամը 14։00-ին: Յուղարկաւորութեան ծախսերը հոգում է գիւղը»: Գիւղի անունից յուղարկաւորութեանը մասնակցելու հրաւիրատոմսեր ստացան հանրապետութեան գրեթէ բոլոր պետական ատեանները, անխտիր բոլոր շուշնամերկցիները, ովքեր հանգամանքների բերումով բնաւորուել են աշխարհի չորս ծագերում, մայրաքաղաքի դիւանագիտական հաստատութիւնները եւ նոյնիսկ Միջազգային կարմիր խաչի երեւանեան գրասենեակը:
«Ո՞վ է Բալաբեկը». այս հարցը զգուշաւոր պետական այրերին դրդեց նախ եւ առաջ ստուգել ընդդիմութեան ակտիւիստների ցուցակը քսաներորդ դարասկզբից մինչեւ 21-րդ դարի հէնց այս օրը: Փնտրեցին խորհրդային շրջանի Սոցիալիստական աշխատանքի, խորհրդային Միութեան հերոսների ցուցակներում` չգտան: Քրքրեցին բոլոր «Փառքի մատեանները», Սարդարապատի հերոսամարտի դրուագները, ստեղծագործական միութիւնների անուանացանկերը` ապարդիւն: Ամեն դէպքում, հետագայում լրագրողների թիրախ չդառնալու մտավախութեամբ, իշխանութիւնները որոշեցին իրենց ներկայացուցիչներին ուղարկել յուղարկաւորութեանը: Աւելի խորաթափանց այրերը նոյնիսկ մտածեցին, որ այս Բալաբեկն իր անուան շուրջը բորբոքած հետաքրքրասիրութեամբ գուցէ եւ մեղմի մարտի 1-ի ողբերգական իրադարձութիւնների վտանգաւոր զարգացումներով յղի հետեւանքները:
Որպէս շուշնամերկցու թոռ` այդ հրաւիրատոմսերից մէկը բաժին հասաւ ինձ: Ճիշտն ասած, ինքս էլ հանգամանօրէն չգիտէի, թէ ով է Բալաբեկը: Լուսահոգի հայրս այդ անունը արտասանում էր տարբեր առիթներով եւ առանց մեկնաբանութիւնների: Երբ իշխանութիւններից էր վրդովուած լինում, ասում էր. «Զարմանալի բան չկայ… Բալաբեկի թոռներն են մեծանում»: Ընդդիմութիւնի՞ց էր վրդովուած լինում` դարձեալ նոյնը: Եթէ ոչ մէկից էլ վրդովուած չէր լինում, ինքն իրեն էր ձաղկում. «Իմ մէջ էլ Բալաբեկի թոռ կայ, քո մէջ էլ: Էս աշխարհը Բալաբեկից պրծում չունի»:
Բալաբեկի մասին իմ գիտելիքներն այսքանով սպառւում են: Հայրս իր բաժին Բալաբեկի հետ անաղմուկ հեռացաւ այս աշխարհից` իսկական Բալաբեկին թողնելով մեզ: Թէ ի՜նչ պէտք է անէինք մեր բաժին Բալաբեկի հետ, որին չէինք ճանաչում, մնաց մեր հայեցողութեանը: Չիմացած բանի հետ ոնց էլ վարուես` ճիշտ է. մա՞րդ է, ծա՞ռ, հանելո՞ւկ, թէ՞ շուտասելուկ, գուցէ երբէք չտեղացող անձրեւ է կամ չտրորուած ձիւն, գուցէ հայի եւ թուրքի միջեւ կարծրացած տարածութիւնն է, կամ աղքատի անէծք: Յանուն այս գաղտնիքի մեկնութեան ես պարտաւոր էի մասնակցել այդ յուղարկաւորութեանը, մանաւանդ հօրս շիրմին այցելելու պատեհութիւնը կար: Հանգուցեալին գաղտնազերծելու իմ մոլուցքին մէկ օր էր մնացել: Այս մէկ օրը ես կը նուիրեմ հարբեցողութեանը:
Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր փաստաթղթում Բալաբեկի մահուան իրաւունքը հաստատող կամ ժխտող ոչ մի խօսք չկայ: Այն շրջանցուեց նաեւ սահմանադրական փոփոխութիւնների փաթեթի ընդունման ժամանակ: Այս հանգուցեալը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, ով իր մոռացուած գոյութիւնը ծերանոցում մսխելուց յետոյ, կեանքի ու մահուան սահմանագծին, մտքի ճառագման հազուագիւտ պահերից մէկի ընթացքում յիշեց իր մանկութիւնը եւ ցանկութիւն յայտնեց վերջին հանգրուանը գտնել ծննդավայրում: Փառք Աստծոյ, մեռելների վերջին ցանկութիւնները մեր հինաւուրց երկրում գրեթէ քննարկման նիւթ չեն դառնում. միակ իրաւունքը, որ անվերապահ նուաճում են իրենց երկրային կեանքի ընթացքում: Ճիշտ էր հանգուցեալի որոշումը, թէ սխալ, ապրողների բանը չէ: Նրանցից պահանջւում է տեղը տեղին կատարել իրենց պարտքը` ապահովել յուղարկաւորների որոշակի քանակ, եկեղեցւոյ սպասաւորի խօսքն ու օրհնութիւնը, հոգեհացի անպակաս սեղան եւ վայելուչ շիրմատեղի:
Ամենաբազմամարդ հանրահաւաքի առաջնորդներն անգամ կը նախանձէին` դիահերձարանի մօտ կուտակուած մարդկանց հոծ բազմութիւնը տեսնելիս: Հաւանաբար այնտեղ, առանց քաղաքական կամքի դրսեւորման մասին ճառերի, առանց հակառակ ճամբարների երկխօսութեան մասին քաղաքագետների յորդորների, կայացել էր բոլորի երազանքը` միասնութիւնը: Այն, որ մահն աւելի ներգործուն է, քան կեանքը, ամենքը գիտէին: Խօսքը կեանքի ու մահուան արդիւնաւետութեան մասին չէ. մեզնից իւրաքանչիւրն էլ իր մահով աւելի գրաւիչ է, քան կեանքով: Բայց այն, որ ժողովրդի միասնութեան այս հրավառութիւնը իր մահով ոգեկոչել է մէկը, որին ոչ ոք չի ճանաչում, առնուազն տարօրինակ է: Եթէ տարօրինակ չլինէր, ծերանոցի տնօրէնն ապուշ կտրած սրան-նրան չէր ասի. «Ախր նա անտէր էր… Ախր 15 տարի ոչ ոք չայցելեց նրան… Ախր ազգանունն էլ չգիտէինք…»:
Իմ հարբեցողութեան մասին Երեւանում լեգենդներ են շրջում: Խմում եմ այնքան, որ երբեմն հանդերձեալ աշխարհի բնակիչները, իրենց հանգիստը խանգարելու համար, ոստիկանութեանը բողոք են գրում: Այնքան, որ բողոքի հետքով ներկայացած ոստիկաններից առերեսում եմ պահանջում: Բալաբեկի մահուան պարագայում խմիչքն անզօր գտնուեց. օղին դարձաւ սովորական ջուր, ես` սթափների ակումբի անդամութեանն արժանի մի բան:
Հայրս ասում էր, որ մեր մէջ Բալաբեկ կայ: Եթէ կայ, ուրեմն վաղը մեր միջի Բալաբեկի թաղումն է նաեւ: Ստացւում է այնպէս, որ վաղը մենք նոյնպէս մասնակիօրէն թաղւում ենք: Այսինքն` վաղը չէ միւս օրը ես կը դառնամ մարդ առանց Բալաբեկի: Լաւ է, թէ վատ, չգիտեմ: Եթէ իմանայի, միւսներին էլ կ՚ասէի. թող իմանան, որ վաղը ոչ միայն յուղարկաւոր են, այլեւ հանգուցեալ: Օղին, ի հարկէ, ջուր էր: Եթէ ջուր չլինէր, ես վաղուց Բալաբեկի հերը անիծած կը լինէի: Եթէ ջուր չլինէր, հայհոյանքների կծիկը գլորելու էի Ազգային ժողովի միջանցքներով, թել առ թել, գոյն առ գոյն հաւաքելու էի միջմայրցամաքային իլիկի ծայրին ու աշխարհի հագն ու կապը նախշազարդելու էի մինչեւ իսկական Բալաբեկի եւ մեր միջի Բալաբեկի հող մտնելը: Եթէ օղին ջուր չլինէր, յայտարարելու էի. «Ով վաղուայ մասին մտածում է, դաւաճան է»:
* * *
Յաջորդ օրը միակ մարդը (եթէ, ի հարկէ, դիակին մարդ ասելը մեղք չէ), որ չէր շտապում, Բալաբեկն էր: Նա էլ մեզ պէս երջանիկ անտեղեակութեան մէջ էր: Երեւի մտածում էր, թէ ինքն աշխարհի ամենակարեւոր մարդն է եղել, բայց չի իմացել: Կամ էլ կարծում էր, թէ աշխարհը դարձեալ իր օգտին է փոխուել, դարձեալ Բալաբեկի պահանջարկը կայ: Գիւղն էլ, հաւանաբար, նրանից իր կարօտն առնելու փափագ ուներ: Աշխարհի խուլ ականջից հէնց նոր դուրս պրծած գիւղացիները մեռելատիրոջ լրջախոհութեամբ դէս ու դէն էին խփւում, քչփչում միմեանց ականջի, հրահանգներ տալիս-առնում եւ խտտում հազարաւոր յուղարկաւոր հիւրերի առանց այն էլ բորբոքուած հետաքրքրասիրութիւնը: Սմքած, տրորուած ծերունուց մի ոսկրակոյտ էր մնացել, եւ անիմաստ էր այդ թափօնին «Բալաբեկ» կենսահիւթերով լի անունը կպցնել: Յուղարկաւորները հիասթափուած էին եւ վայրկեան առաջ տենչում էին ազատուել անդուր մեռելից: Ի հարկէ, հանգուցեալը մեղք չունէր, որ իր դին թափօրի սրտով չէ:
Աւելի քան եօթանասուն տարի գիւղը սպասել էր այս արարողութեանը: Եօթանասուն տարի Բալաբեկի վախճանի խորհուրդը շուրթից շուրթ էր անցել: Երանելի արարողակարգը մշակուել էր ժողովուրդների հայր Ստալինի օրօք: Գաղտնի նախագիծը բացայայտուել էր, եւ հեղինակներից շատերը վնասազերծուել էին` իրենց վերապահուած գործառոյթները պատգամելով որդիներին կամ թոռներին: Նախագիծը վերածնուել էր Խրուշչովի օրոք, լրացուել անհատի պաշտամունքի մերկացման հոգեբանական նրբերանգներով, վերամշակուել ու կարճատեւ մոռացութեան էր մատնուել լճացման տարիներին եւ դարձեալ վերածնուել գորբաչովեան վերակառուցման շնչի տակ: Անկախութիւնը Բալաբեկի մահուան խորհուրդը ստուերեց պատերազմներով, յաղթանակներով ու պարտութիւններով: յետոյ խաղաղութեան թոհուբոհի մէջ այն վերագտաւ իր կենսունակութիւնը: Մարդիկ Բալաբեկ էին դառնում` դոյզն-ինչ ծանօթ չլինելով նրա կեանքին: Ցաւօք, նախագծի հեղինակներից եւ համակիրներից շատերն անհասկանալի պայմաններում հէնց իրենք դարձան Բալաբեկներ` այլ անունների տակ ծպտուած եւ այլ գայթակղութիւնների տրուելով:
Գիւղն իրեն մեղաւոր էր զգում: Նրան թւում էր, թէ վարակի օջախը Շուշնամերկն է, եւ աշխարհի փրկութեան գործընթացը հէնց այնտեղից էլ պէտք է սկսել:
Բալաբեկի համար շիրմատեղի էին յատկացրել գերեզմանոցի ամենապատուաւոր տարածքից: Հողը նախօրօք մաքրել էին քարերից, փուշ ու տատասկից: Երկու օրուայ ընթացքում տարածքը գիւղի լաւագոյն դարբինների ուժերով ցանկապատուել էր: Այնքան եռանդ ու ջանք էին ծախսել, ասես հողին եգիպտական փարաւոն էր պահ տրուելու: Առանձնապէս ջանացել էին կանայք. բոլորը սեւազգեստ էին, սգաւորի դերի մէջ շուլալուած եւ պատրաստ ուզածդ պահին փարաւոնի հետ թաղուելու: Աշխարհի բոլոր յուղարկաւոր կանայք վշտի դրօշի ներքոյ յար եւ նման են միմեանց, իբր չցուցադրուող նոյն գեղեցկութիւնը, նոյն արցունքի կաթիլները, որ կէս ճանապարհին ներծծւում են հոտաւետ թաշկինակների մէջ, նոյն թափառուն հայեացքները, որ, հանգուցեալի պատկերից բացի, յընթացս կլանում են ամեն ինչ` գլուխկախ տղամարդկանց յիմարաւուն շարժուձեւերը, համեստ ու շքեղ շիրմաքարերը, հանգստարանի տարօրինակ ձայները:
Գիւղի ամենատարեց մարդը կոկորդը մաքրեց եւ մօտեցաւ հոգեւոր սպասաւորին: Թէ ինչ ասաց, չլսեցի: Տէր հայրը ձեռքերը թափահարելով ակնյայտ իր դժգոհութիւնն արտայայտեց: Յուղարկաւորների թափօրը ճեղքելով` մօտեցայ նրանց:
— Աստծոյ գործերին մի՛ խառնուէք, — ասաց տէր հայրը եւ խաչակնքեց:
— Գիւղի կամքը Աստծոյ բարեհաճութիւնն է, — ասաց գիւղացին:
— Աստուած շնորհում է, Աստուած` պատժում, — ասաց տէր հայրը:
— Մի մատնիչի` 67 զոհ, Աստուա՞ծ է շնորհել:
— Փորձութիւն է, — ասաց տէր հայրը:
— Փորձութիւնը կեանքն է, — ասաց գիւղացին, — մահը մահ է:
— Աւազակային յարձակում դժոխքի ճանապարհին. ձեր մտադրութիւնն այլ կերպ չես բնորոշի, — ասաց տէր հայրը:
— Գիւղի կամքն է, — պնդեց գիւղացին:
Հոգեւոր սպասաւորը մէկ անգամ էլ խաչակնքեց ու մրմնջաց. «Ների՜ր ինձ, Տէ՛ր, այսօր ես կոյր եմ եւ համր»:
Այս երկխօսութիւնից գրեթէ բան չհասկացայ: Երեկուայ իմ հարբեցողութիւնն ու Բալաբեկի հանելուկը նոյն սեղանի կերակուր չէին: Երկուսն էլ Աստծոյ անունն էին տալիս եւ ոնց որ թէ երկուսն էլ ճիշտ էին: Մատնութեան մասին ակնարկ կար, բայց ո՞վ, ե՞րբ, ո՞ւմ… Եթէ Բալաբեկն էր մատնիչը, այս հանդիսութեան իմաստը ո՞րն էր: Եւ յետոյ, ի՞նչ մի արտառոց բան կայ մատնութեան մէջ` լաւութիւն անելու պէս մի բան է դարձել: Ինչ-որ մէկին կործանելու համար առանց մատնութեան էլ եոլայ են գնում: Մինչեւ էսօր դեռ չեմ տեսել, որ հարբեցողը հարբեցողութեան համար պատժուի, մարդասպանը` մարդասպանութեան: Աւելի հաճախ մարդասպանին պատժում են հարբեցողութեան համար, հարբեցողին` մարդասպանութեան: Ի՞նչ կայ որ, կեանքն աւելի գունագեղ է դառնում: Պապս, ասում են, ճարպիկ մարդ է եղել եւ շատ խելացի. ո՛չ հարբեցողութեամբ է զբաղուել, ո՛չ մարդասպանութեամբ, բայց պատժուել է: 37-ին ինքն իր համար մի շուն է յօրինել եւ անունը կնքել Տրոցկի: Նախանձելի քաղաքական հոտառութիւն: Բայց արի ու տես, որ գիւղում պապիցս աւելի ճարպիկ եւ աւելի խելացի մի մարդ է յայտնուել եւ պատկան մարմիններին սեւով սպիտակի վրայ գրել. «Ամեն օր նա այդ շանը ջուր է տալիս, հաց է տալիս, ուրեմն Տրոցկուն սիրում է»: Հայրենիքի դաւաճանութիւնը պոզով-պոչով չի լինում: Իր խելքն ու ճարպկութիւնը պապիս չփրկեցին` կեանքով հատուցեց: Շատ հնարաւոր է, որ գիւղացու ակնարկած 67-ից մէկն է պապս: Հնարաւոր է, որ պապիցս աւելի ճարպիկ ու խելօք մարդն էլ Բալաբեկն է: Յետո՞յ ինչ, որ մատնիչ է: Ձեր ասելով, եթէ պապս շուն չունենար ու անունը Տրոցկի չկնքէր, ապրելո՞ւ էր, եթէ Բալաբեկն աւելի խելօք չգտնուէր, պապս իր ճակատագրից փախչելո՞ւ էր: Հիմի ի՞նչ, բռնենք բոլորին արդարացնե՞նք, կամ բոլորին կախե՞նք: Էդքան ծառ որտեղի՞ց գտնենք: Հայրս ասում էր. «Մեր մէջ Բալաբեկի թոռ կայ». բա մեր միջի թոռան հե՞տ ոնց վարուենք: Եթէ այդպիսի դահիճի տեղ գիտէք, ասէք:
* * *
Հանգստեան քարից այն կողմ կանանց չթողեցին: Գեղջկուհիները գիտէին իրենց տղամարդկանց արարողակարգի մանրամասները եւ քաղաքաբնակ կանանց, որքան հնարաւոր է, գերեզմանոցից հեռու տարան: Տղամարդիկ, իրար ձեռքից խլելով, Բալաբեկի դագաղը փոսը իջեցրին: Շիրմաթումբ սարքեցին, կոկեցին: Միջադէպեր չեղան. ո՛չ անձրեւ տեղաց, ո՛չ էլ կայծակը խփեց, ինչպէս ասում են` կը գնար-կը հասնէր հազար տարուայ մեռելներին, եթէ տէր հօր դժոխքի ճանապարհին աւազակային յարձակման վերաբերեալ կանխազգացումը չկատարուէր: Հա, ի միջի այլոց, գիւղացիները հոգեւոր սպասաւորի յամառութիւնը կոտրեցին` պրպտեց-պրպտեց եւ Աստծոյ պատուիրանների մէջ գտաւ այն խօսքը, որը խրախուսում էր գիւղի կամքը: Այն աստիճան ոգեւորուեց, որ արարողակարգին իր անձնական մասնակցութիւնը բերելու պատրաստակամութիւն յայտնեց: Տարեց գիւղացին յուղարկաւորների թափօրին եւ լրագրողներին տեսանելի դառնալու համար բարձրացավ շիրմաթմբին, արձակեց անդրավարտիքի կոճակները եւ իր տառապած անդամը հպարտութեամբ դուրս գցելով` միզեց շիրմի վրայ: Նոյնը կրկնեցին միւս գիւղացիները: Ծէսը գրաւեց նաեւ յուղարկաւոր հիւրերին, լրագրողներին, աշխարհի տարբեր ծագերից ժամանած սփիւռքահայերին եւ այլազգիներին: Բոլորն էլ իրենց անկարողութիւնն ու անօգնականութիւնը կոծկելու, դառնութիւնների մաղձից ազատագրուելու ցանկութեամբ էին համակուել: Հերթ գոյացաւ, ծնուեց կարգուկանոն հաստատող ջոկատ` բարձրաստիճան մի ոստիկանի գլխաւորութեամբ:
Մինչեւ շիրմաթմբի մօտ յայտնուեցի, հոգիս դուրս եկաւ: Երեկուայ հարբեցողութիւնից ընդարմացած անդամս քիչ էր մնում դաւաճանի. յիշեցի Նիագարայի ջրվէժը եւ տրուեցի իմ բնազդներին: Եթէ անգլիացի մի ջենթլմենի ուզենաս բացատրել, որ հանգուցեալի շիրմաթմբին միզելուց մարդ կարող է իրեն երջանիկ զգալ, քեզ վայրենու կամ խելագարի տեղ կը դնի. քաղաքակրթութիւնը Բալաբեկին չի ճանաչում եւ չի ուզենայ ճանաչել: Արարողութիւնը սահմանափակեց տէր հայրը. բարձրացաւ շիրմաթմբին, խաչակնքեց, ինչ-որ բան շշնջաց, վեր քաշեց փարաջան, հեթանոսին վայել խինդով զգաց իր մարմնի արհամարհուած մասնիկի գոյութիւնը եւ տրուեց լիցքաթափման հաճոյքին: Այդ պահին հոգեւոր հօր ունկերին հասաւ եկեղեցու զանգերի համաչափ ղօղանջը: Հաւանաբար նոյն զգացողութիւնն ունէր Երկրորդ աշխարհամարտի լեգենդար զօրահրամանատար գեներալ Նուէր Սաֆարեանը, երբ Բեռլինի գրաւումից յետոյ, Թամանեան դիվիզիայի մարտիկների կուռ շարքերի առաջ միզում էր հայոց ցեղասպանութեան կնքահայրերից մէկի` Վիլհելմ կայսեր գերեզմանին:
Այդ օրը, շուշնամերկցիների միաձայն որոշմամբ, յայտարարուեց աւանդական եւ անուանակոչուեց «Բալաբեկի օր»:
Բալաբեկի «մեծարման» լուրը շրջեց աշխարհով մէկ: Ինչ գնահատականներ ասես` չհնչեցին: Ասում են` իր ճառերից մէկում Ամերիկայի Միացեալ Նահանգների նորընտիր նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Շուշնամերկի արարողութեանը, նշել է. «Համաշխարհային ահաբեկչութեան եւ մատնութեան դէմ պայքարում լուրջ արդիւնքների է հասել Հայաստանի Հանրապետութեան Շուշնամերկ գիւղը: Կարծում եմ, նրա փորձն ուսանելի է, եւ չի բացառւում, որ առաջիկայում անձամբ մասնակցեմ «Բալաբեկի օրուան»:
— Եթէ Բարաք Օբաման իր խօսքի տէրը լինի, — նշում են հայ մեկնաբանները, — ապա ենթադրւում է, որ նրան կը միանան Մեծ ութնեակի երկրների ղեկավարները: Կարելի է արձանագրել, որ աշխարհի փրկութեան գործընթացը, ինչպէս համաշխարհային ջրհեղեղի ժամանակ, սկսւում է Հայաստանից:
ՎՐԷԺ ԻՍՐԱՅԵԼԵԱՆ
(1949-2013)
Գրանիշ