«Սէրը գնաց այս երկրից»

ԱՐՄԻՆԷ ԳԷՈՐԳԵԱՆ

Կեանքից հեռացել է գրող, արձակագիր, հրապարակախօս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսեանը: Անուանի մտաւորականը 75 տարեկան էր:
«…Վերջին մի լաց ու արցունք,
Մեռնող գրգիռ մի վերջին,
Ատելութիւնն ուսն առած՝
Սէրը գնաց այս երկրից»:
Ալվարդ Պետրոսեանի տողերն են։ Շիտակ մտաւորական. այսպէս են բնութագրում նրան։ Անչափելի էր նրա` խօսքի, գոյնի, ձեւ ու չափի խորութիւնը, որը չեն կշռում, դրանք քեզ անհաշտ են պահում՝ կեանքին դէմ-յանդիման։ Չէր սիրում հեշտ ապրող մարդկանց, դրա համար էլ ընտրում էր կուռ ու արժանապատւութիւնը ձեռքի մէջ ամուր պահածներին։ Նրա գրիչը միշտ սուր էր, ազնիւ, ու ազնուօրէն էլ ապրում էր։ Հարցազրոյցներից մէկում իր մասին ասել է.
«Դժուար ապրող մարդկանցից եմ, “դրամատիկ սոպրանօ եմ”, եւ ամենապայծառ իրավիճակում անգամ դրամատիկ մի բան խցկւում է հայեացքիս մէջ: Եւ ինչքան շատ է աղմուկն ու լոյսը, այնքան թախիծը աւելի է շատանում: Բայց մի մանկութիւն կայ մէջս, որը փայփայելով պահել եմ, ու դա օգնում է սովորականի մէջ ֆանտաստիկ մի բան տեսնել: Յետոյ պիտի հասկանայի, որ Մարկեսը մոգական ռեալիզմով ոչինչ էլ չի հնարել: Դա հայեացք է, որ կայ նաեւ իմ մէջ, ու ես ոչինչ չեմ հնարում, պարզապէս տեսնում եմ»:
Տասնեօթ տարեկանում նրա գործերը տպւում են «Բագին» ամսագրում: 70-ականների վերջերից ընթերցողի սեղանին դրուեցին նրա «Երկրի պապերը», «Թռչնականչ», «Ես մի ծառ եմ ծիրանի», «Ապրելու օրէնքը», «Խմբերգերի ժամանակը», «Ապրելու զրօ ժամ» գրքերը։ «Յիշի՛ր». սա էլ նրա վերջի ժողովածուն է։ «Յիշի՛ր…»-ով գրողը վերադարձրեց մեզ մեր յիշողութիւնն ու մեր զգացած-չզգացածը, մեր հարցերն ու մեր ճշմարիտ պատասխանները, մեր ստանալիքը։
Դա նորի ծնունդն էր՝ արտայայտուած արձակ եւ չափածոյ ստեղծագործութիւններով, «Սեւագրութիւն» եւ «Ցաւի ծիածան» բանաստեղծական շարքերով։ Ասում է. «Տխրութիւնը նաեւ ազնուացնում է, եւ այսօրուայ մեր կեանքում այնքան շատ կան որդեկորոյս մայրեր, այս բանաստեղծութիւնները նրանց համար էլ է… Իսկ «Յիշիր»—ը յուշագրութիւն չէ, թէեւ այդպէս է վերնագրուած։ Սա աւելի շատ իմ ապրած ժամանակի ախտորոշումն է, նաեւ՝ անհատների, անհատականութիւնների, կարծում եմ՝ հետաքրքիր ձեւակերպել եմ իմ աշխարհակալներին»։
Մի առիթով էլ գրողը նկատել է՝ իր ապրած դժուար, շատ տարօրինակ, խառը ժամանակները, ինչու չէ՝ հարուստ կեանքը ներդաշնակօրէն նոր սերնդին փոխանցելու խնդիր կայ, արժէքների, պատուիրանների փոխանցման խնդիր, եւ այն պատառիկները, որ մնացել են այդ կեանքից չփոխանցելու իրաւունք չունէր։ Պետրոսեանը հոգու թելերով կապուած էր Արցախին, ու նրա վերջին հարցազրոյցները հէնց Արցախի մասին էին: Արցախցու հարս էր։ Ամուսնու, ինչպէս ինքն էր ասում` չոր կողը։
«Մենք անընդհատ յարատեւ կռուի մէջ ենք։ 32 տարի, 1988 թուականից ոտքի վրայ էինք, եւ էնպիսի յաղթական բան կար մէջներս։ Յաճախ եմ եթերում, հարցազրոյցների ընթացքում ասել, որ Շուշին բանաստեղծութիւն է, յաղթանակը՝ Շուշիի, Շուշին ինքը՝ մեր ամբողջ սերնդի միացեալ ուժերով գրուած բանաստեղծութիւնն է: Դուք կարող էք պատկերացնել, չէ՞, թէ հիմա ինչ ողբերգութիւն է ապրում իմ սերունդը: Ձեր սերունդը՝ երիտասարդները դեռ ժամանակ ունեն ինչ-որ բան շտկելու՝ նորից ու նորից: Դաշնակցութիւնը մի հետաքրքիր բառակապակցութիւն ունի՝ «յարատեւ կռիւ»։ Երեւի հայերի ճակատագիրն է, մենք անընդհատ յարատեւ կռուի մէջ ենք լինելու, որովհետեւ մեր հարեւաններն են ստիպելու մեզ, որ անընդհատ կռուենք: Հէնց մի պահ մեր զգօնութիւնը կորցնենք, փորձանքի մէջ կ՚ընկնենք, կը կորցնենք: «Էս ամբողջ ընթացքում մտածում եմ, որ որդիս ու իր հայրը՝ դերասան Լորէնց Առուշանեանը վերեւից նայում ու լաց են լինում, ես իրենց նախանձում եմ, որ իրենք վերեւում են, ու ես իրենց հետ չեմ, որովհետեւ էս ինչ կատարուեց՝ իմ սերնդի ֆիասկոն էր, պարտութիւնը»:
Միշտ կրկնում էր՝ մենք սովետական կայսրութեան միակ հանրապետութիւնն էինք, որ 21-րդ դար մտանք յաղթանակով:
«Իրենք մեզ նման բարդոյթներից ազատագրուած չէին, չէ՞ որ մեր սերունդը ցեղասպանուած ժողովրդի զաւակ լինելու բարդոյթից էր ազատուել՝ մեր յաղթանակով: Մենք 1994 թուականից սկսած ապրում էինք որպէս յաղթած ժողովրդի զաւակներ: Երեւի պէտք չէր գոռոզանալ, պէտք չէր հպարտանալ։ Աստուած պատժում է, մենք շատ հպարտացանք, երեւի աւելորդ հպարտութիւնը զգօնութեան կորուստ է»:

Կեանքի վերջին տարիներն Ալվարդ Պետրոսեանն ապրեց միակ որդու կորստեան ցաւը սրտում։ Փակուեց աշխարհի առաջ ու յետոյ բացուեց՝ աստիճանաբար, զգոյշ։ «Իմ խուլիգան մամա», — այսպէս էր տղաս ասում», հարցազրոյցներից մէկում պատմում է Ալվարդ Պետրոսեանը։ Յետոյ մանրամասնում է՝ քանի որ թմբլիկ եմ, դրանից հանդիսաւոր տպաւորութիւն եմ թողնում, բայց ես սիրում եմ անկարգութիւնները։

(Հայաստանի հանրային ռադիօ)

11 մարտ 2022

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *