ԼՈՐԱ (Ա.)

ՊԵՏՐՈՍ ԱԲԱՋԵԱՆ

Նուիրում եմ Ֆլորայի յիշատակին

«Գրողը պիտի արտայայտի ոչ այն ինչ կայ, կամ կարող է լինել կեանքում, այլ այն ինչ ինքն է երազում տեսել»:
Անտոն Չեխով

Առաջին իսկ հայեացքից, Փոքրաւան գիւղը ինձ դուր չեկաւ: Դա մեծ մասամբ մէկ յարկանի տներով, իր անուանը չհամապատասխանող, բաւական փռուած գիւղ էր: Հողաշէն տների կտուրների վրայ հին կարպետի կտորներով ծածկուած խոտի դէզեր կային: Տների շուրջը պարտադիր, ցածրիկ նոյնպէս հողաշեն ցանկապատեր էին արուած: Ամենուրեք զգացւում էր չորացած խոտի եւ թրիքի, քիթ խտխտացնող, ոչ այնքան տհաճ հոտը: Տարօրինակ գնդաձեւ սաղարթներով, հատ ու կէնտ ծառերը բազմազանութիւն էին հաղորդում միօրինակ եւ ձանձրալի այս միջավայրին: Այստեղ գալու յաջորդ օրը առաւօտեան դուրս եկայ շրջապատը ուսումնասիրելու: Փողոցում, ցանկապատերի երկայնքով քարերի վրայ նստած պառաւ կանայք, չթաքցուած, նոյնիսկ ցուցադրական հետաքրքրութեամբ, հետեւում էին ինձ: Ես նկարելու համար ոչ մի պիտանի բան չտեսնելով, հիասթափուած որոշեցի մի քանի օրից վերադառնալ Երեւան, այն էլ, որպէսզի չնեղացնեմ իմ ուսուցիչ Սուրէն Մալեանի կողմից ինձ երաշխաւորած շատ սրտաբաց եւ հիւրընկալ տան տէրերիս: Երեւի իր խորհրդով էլ եկել էի այստեղ, հանգստանալու, ոչ թէ աշխատելու համար: Ուսուցչիս յատուկ ուշադրութիւնը իմ նկատմամբ եւ ինձ հետ մտերմութիւնը բացատրում էի նրանով որ, լինելով ուսումնարանի իմ դասընկերներից մի քանի տարով մեծ, ես նուազ թեթեւամիտ եւ աւելի լուրջ էի վերաբերւում գործին: Դիպլոմի տարբերակների վրայ վերջին ամիսների աշխատանքի լարուածութիւնը հիմա զգում էի վրաս: Բացի այդ, գիւղի անհրապոյր միջավայրը նկարելու չէր տրամադրում:
Խիղճս հանգստացնելու համար, յամենայն դէպս, գրակալս եւ նկարելու պարագաներս վերցնելով, որոշեցի դուրս գալ գիւղից, դէպի դաշտերը, մի քիչ թափառելու: Գիւղամիջեան ճանապարհը, որով գնացի, սահուն շրջանցում էր հարթ, խոտածածկ լանջի վրայ հատ ու կէնտ թփուտներով բլուրը: Ականջներիս մէջ հնչում էր միջատների բզզոցի եւ ինչ որ բազմաձայն շրշիւնի, վեր բարձրացող երգեհոնաձայն ակկորդ: Այսպէս անշտապ գնացի, մինչեւ ճանապարհի շրջադարձը: Յանկարծ, կարծես իմ այդ կիսաերեւակայական երաժշտութիւնը լրացնելու համար, տարածութիւնը ամբողջովին լցրած հնչիւնին միացաւ սահուն ու ներդաշնակ մի շատ մաքուր, խոր եւ կրծքային կանացի ձայն: Ժողովրդական՝ Կոմիտասեան երգերից էր: Երգչուհին չէր երեւում եւ ես որպէսզի չխանգարեմ այս զարմանալի ներդաշնակութեանը, զգուշութեամբ առաջ շարժուեցի: Բլրի ետեւից երեւացող մինչեւ հեռաւոր լեռները հասնող բնապատկերը բոլորովին տարբերւում էր այս կողմի, մարդու կողմից իմ կարծիքով, անյաջող կատարած գործունէութիւնից: Ինչ որ է, քիչ փոքր էլ առաջ գնալով տեսայ, մէջքով դէպի ինձ կանգնած, մարդկային մի կերպարանք: Ես անմիջապէս չհասկացայ, որ նկարիչ է: Երբ աւելի մօտեցայ, մարդը ուղղուեց եւ շուռ եկաւ: Բարձրահասակ, կորընթարդ քթով, թուխ դէմքով, բաւական երիտասարդ տղամարդ էր: Երգը շարունակում էր հնչել, թէեւ երգողը չէր երեւում: Երիտասարդի ձեռքին շատ երկար վրձիններ կային: Այդ չափի վրձիններ տեսել էի Սարեանի արուեստանոցում: Մենք բարեւեցինք իրար: Ես նայեցի իր գրակալին դրուած կտաւին: Տարօրինակ, ոչ ցայտուն գոյներով քսուած, մի քիչ ոճաւոր, կարծես առանձնապէս ոչինչ չասող բնապատկեր էր, բայց ինչ որ անըմբռնելի հմայք կար մէջը:
— Չե՞ս հաւանում, — քիչ ներողամիտ քմծիծաղով հարցրեց նա:
— Ես այդպէս չէի կարող, — ոճաւորումը նկատի ունենալով, ազնուօրէն խոստովանեցի ես: Ես միշտ Սեզանի երկրպագուն եմ եղել, իսկ այստեղ աւելի շուտ Պիկասօ էր յիշեցնում: Իմ երկչոտ պատասխանը հաւանաբար իրեն դուր եկաւ:
— Մելիք, — իւղաներկոտ ձեռքը ինձ պարզելով ներկայացաւ:
Այդ ընթացքում երգը լռել էր եւ վերջապէս երեւաց երգչուհին: Նկարչին շատ նման, բարձրահասակ, լաւ կազմուածքով, թուխ, քիչ խոշոր, բայց կանոնաւոր դիմագծերով, մեծոտ, հայի աչքերով, մօտ քսանչորս—-քսանհինգ տարեկան աղջիկ էր: Լաւ սանրած, շատ սեւ, խիտ ու ծանր մազերը մինչեւ գօտին էին հասնում: Ձեռքին դաշտային ծաղիկների մի մեծ փունջ կար:
— Լորան քոյրս է, — ներկայացրեց Մելիքը: Լորան աւելի շուտ թաիթուհու էիր նման քան հայուհու: Որպէս լրացում այդ պատկերին, մազերի մէջ էլ մի շատ խոշոր ծաղիկ էր ամրացրել:
— Երգչուհի՞ էք, — հարցրեցի ես:
— Ոչ, ինժեներ եմ, — ծիծաղելով պատասխանեց նա: Ծիծաղը խոր կրծքային էր եւ անկաշկանդ: Կերպարանքի մէջ, այս բոլորի հետ, ինչ որ տարօրինակ, ոչ սովորական, մի քիչ էլ հնաոճ բան էր զգացւում: Շփոթմունքս տեսնելով, աւելի լուրջ բացատրեց.
— Երգել եմ եկեղեցու երգչախմբում:
Ես ներկայանալով պատմեցի, որ մի քանի օր առաջ եմ աւարտել Թերլեմեզեանի ուսումնարանը եւ կ՚ուզէի հասկանալ, կարո՞ղ եմ փորձել ակադեմիա ընդունուել: Մելիքը քմծիծաղով ընդմիջեց ինձ.
— Արժէ՞ վատնես կեանքիդ ամենալաւ տարիները, եթէ Թերլեմեզեանից յետոյ, չես պարզել նկարիչ ե՞ս թէ ոչ: Ինձ, յամենայն դէպս, ակադեմիան ոչինչ չաւելացրեց:
Ես շփոթուել էի այս երկու կողմից ասուած, անսովոր խօսքերից: Տեսնելով իմ վարանումը, Մելիքը աւելի հաշտ աւելացրեց.
— Աշխատիր շատ նկարել եւ ինքդ կտեսնես, նկարի՞չ ես:
Մօտակայքում տեղ ընտրելով, գրակալը ամրացրեցի եւ ես էլ սկսեցի նկարել: Առանձնապէս լաւ չէր ստացւում եւ որոշ ժամանակ յետոյ, կիսատ թողնելով, իրենց հետ վերադարձայ գիւղ: Երեկոյան ինձ հրաւիրեցին սուրճ խմելու: Մելիքը ցոյց տուեց այստեղ արած իր մի քանի կտաւները: Գիւղի անհրապոյր միջավայրը իւրօրինակ, գեղանկարչական ձեւով տեսել եւ արտայայտել էր այստեղ: Ես մտովի ափսոսացի, որ այդ բանը չէի կարողացել ինքս զգալ: Մելիքը խօսում էր արուեստի իր ընկալումների մասին, կարճ ու կտրուկ արտայայտութիւններով: Կարծես մոզաիկա էր շարում: Պարզուեց, որ ինքն էլ սիրահարուած է Սեզանին, նրան համարելով ժամանակակից գեղանկարչութեան բոլոր ուղղութիւնների սկզբնաղբիւրը: Լորան մեր զրոյցին չէր մասնակցում, բայց նրա անխօս ներկայութիւնը ֆիզիկապէս զգում էի ինձ վրայ: Ուշ էր եւ ես ստիպուած հրաժեշտ տուեցի: Ինձ համար շատ հետաքրքիր էր իրենց հետ: Այս զոյգի, քիչ վերամբարձ պահուածքի մէջ, զգացւում էր ոչ սովորական, մի իւրատեսակ տաղանդի կնիք: Յաջորդ օրերին նորից հանդիպում էինք: Միասին գնում էինք նկարելու: Լորան միշտ մեզ հետ էր, բայց այլեւս ոչ մի անգամ չերգեց: Յանկարծ մի օր իմացայ, որ անսպասելի մեկնել են: Ափսոսանքի, մի փոքր էլ վիրաւորանքի զգացում ապրեցի. — Ինձ գոնէ հրաժեշտ կարո՞ղ էին տալ:
Երկու շաբաթ եւս մնացի գիւղում: Այս անգամ աւելի շատ գիւղի թեմաներով էի նկարում: Մելիքի գեղանկարչութեանը մօտենալու իւրատեսակ ձեւը եւ իր ֆանատիկօրէն նուիրուածութեան ազդեցութիւնը անտես ունէի վրաս: Յոգնածութիւնս կարծես վերացել էր եւ նկարելու անյագ ծարաւ էր պատել ինձ: Անհամբերութիւնից իւղաներկը թողած, ջրաներկով ճեպանկարներ էի անում, պատկերացնելով որ տանը, գունեղ մեծ գործեր կ՚անեմ դրանց հիման վրայ: Դեռ չգիտէի ինչպէս, բայց պիտի անէի:
Երեւանում ինձ համար սկսուեց ուսանողական շրջանից բոլորովին տարբեր կեանք: Փոքրաւանից ստացած տպաւորութիւններս գնալով աղօտանում էին, միայն այնտեղ արուած իւղաներկ եւ ջրաներկ գործերս էին յիշեցնում եղբօրն ու քրոջը: Ձմեռային մի բաւական ցուրտ օր, երբ գնում էի նկարչական սալոն կտաւ գնելու, ետեւից մէկը ինձ ձայն տուեց. Լորան էր: Իր դէմքին այնպիսի շողացող ուրախութիւն կար, որը չէի սպասում: Ես եւս շատ ուրախ էի:
— Կը գա՞ս ինձ հետ, Յունանեանի արուեստանոց եմ գնում: Լեհաստանից այնտեղ հիւրեր կան: Քեզ էլ հետաքրքիր կը լինի, — հին ծանօթի նման վրայ տուեց:
Ինձ համար անսպասելի եւ հաճելի էր «դու»ի անցնելու իր այս մտերմական խօսելաձեւը: Սիրով համաձայնեցի: Արուեստանոցում շատ հաճելի տաք էր: Նաւթի երկաթէ վառարանը ամենաանհրաժեշտ առարկան էր անկասկած: Արտաշէս Յունանեանը պատրիարքի կերպարանքով նստել էր իր կեանք տեսած բազկաթոռի մէջ: Անծանօթ երկու հայ երիտասարդ եւ մի քանի լեհ աղջիկներ տեղաւորուել էին չոր մրգերով եւ շամպայնի շշերով ցածրիկ սեղանի շուրջը: Լորային շատ ջերմ ընդունեցին: Նա էլ, վկայ բերելով իր եղբօր խօսքերը, ներկայացրեց ինձ, որպէս խոստմնալից երիտասարդ նկարչի: Մելիքի կողմից նման գնահատանք չէի սպասում: Հիւրերը բաւական լաւ տրամադրութեան մէջ էին եւ ասածը կարծես լուրջ ընդունեցին: Զգացւում էր, որ Մելիքը այստեղ հեղինակութիւն է: Յունանեանը երգեց իրենց գիւղի հին ու ձիգ երգերից: Յետոյ լեհ աղջիկները երգեցին: Լորան էլ երգեց իր հրեշտակային ձայնով: Աղջիկներից մէկը՝ Դանուտան արտակարգ գեղեցիկ էր: Ազնուազարմ մի բան էր զգացւում իր գլխի դիրքի եւ կեցուածքի մէջ: Ես վաղուց դիմանկար չէի արել եւ մէջս համարձակ ցանկութիւն առաջացաւ նկարել իրեն: Մաեստրոն սիրով ինձ թուղթ ու մատիտ տրամադրեց: Հաւանաբար, շամպայնի եւ յարմարաւետ մթնոլորտի ազդեցութեան տակ, դիմանկարը վատ չստացուեց: Դանուտան ուղղակի հիացել էր եւ խնդրեց նկարը նուիրել իրեն: Երբ համաձայնեցի, նա տեղից բարձրանալով, շրջանցեց սեղանը, մօտեցաւ եւ համբուրեց ինձ: Լորան ուրախ եւ մի քիչ էլ հպարտ էր այս խմբի վրայ թողած իմ տպաւորութիւնից:
Երբ բաւական ուշ դուրս եկանք փողոց, ձիւնը բարակ շերտով ծածկել էր ծառերն ու մայթերը: Դրսում գրեթէ անցորդներ չկային: Փողոցի էլեկտրական լամպերի լոյսերը կապտաւուն երանգ եւ իւրատեսակ հմայք էին տարածել շուրջը: Հիւրանոցի ճանապարհին, Դանուտան ինձանից չէր հեռանում: Հրաժեշտի ժամանակ, մենք համբուրուեցինք: Ես գլուխս կորցրել էի: Լորային տուն ուղեկցելիս խօսում էի միայն Դանուտայի մասին: Ինքը սիրալիր, մի քիչ էլ ներողամիտ ժպիտով լսում էր: Այս երեկոն իմ կեանքի համար եղաւ ճակատագրի կտրուկ փոփոխութիւնների սկիզբը:
Յաջորդ օրերին Դանուտայի եւ իմ հանդիպումները ռոմանտիկ եւ բուռն էին անցնում: Իր գեղեցկութեան կատարելութիւնը այնքան անիրական էր թւում, որ եթէ հեռանայի իրենից, երազի պէս կ՚անհետանար: Վերջիվերջոյ, յաւիտենական սիրոյ խոստումներով եղաւ մեր բաժանումը: Լեհական այս անհոգ խմբի մեկնումից յետոյ, ամեն վայրկեան մէկի հետ կարիք ունէի խօսել իր մասին: Լորան դարձավ իմ զգայուն եւ ամեն ինչ հասկացող հոգեւոր խոստովանահայրը: Յաճախ երեկոները հանդիպում էինք Մելիքի արուեստանոցում: Այստեղ լինում էր նաեւ, իմ ուսուցիչ Մամեանը: Դանուտայի հետ իմ ամենօրեայ հեռախօսային կապը՝ մեր ընկերների համար դարձել էր հումորի նիւթ: Շուտով, Դանուտայի հետ որոշեցինք, որ գնալու եմ մօտը, Վարշաւիոյ գեղարուեստի ակադեմիայում սովորելու: Ուսուցիչս վշտացել էր, Մելիքը նոյնպէս կտրուկ դէմ էր.
— Ազգային դեռ լրիւ չձեւաւորուած տեսակդ եւ անհատականութիւնդ կը կորցնես: Անհատականութիւնը արուեստի մէջ, հաւատայ ինձ, նոյնիսկ տաղանդից կարեւոր է, — ասում էր նա: — Եւրոպական արուեստի ուղղութիւնները իրենց հրապոյրով քեզ կուլ են տալու:
Ես գիտէի որ իրենք ճիշտ են, բայց Դանուտային տեսնելու եւ հետը լինելու անզուսպ ցանկութեանը դիմադրելու ուժ չունէի: Մելիքը շատ իրատես էր.
— Ես գիտեմ, — ասում էր նա. — Դու այնտեղ յաջողութեան կը հասնես, տաղանդը կը հերիքի, բայց այն ինչին կարող է հասնես այստեղ, աներեւակայելի մեծ պիտի լինի:
Ինքն էլ զգում էր, որ խօսելն անօգուտ է:
Վերջապէս, ամառը Դանուտայի հրաւէրով գնացի Վարշաւա: Ապրում էինք միասին: Մէկ ամիս յետոյ, Դանուտայի նախաձեռնութեամբ ամուսնացանք: Վարշաւայի ?Հայկական՚ կոչուող եկեղեցում, շատ հանդիսաւոր կատարեցինք պսակադրութեան արարողութիւնը: Կինս աներեւակայելի հրապուրիչ էր իր հարսանեկան շքեղ հագուստի ալիքների, եթերային քօղերի եւ ծաղիկների մէջ: Շատ մարդ էր հաւաքուել. միայն հարազատներիցս եւ հայաստանցի ընկերներից՝ ոչ ոք չկար: Յաջորդ օրը Լորայից շատ գեղեցիկ շնորհաւորական նամակ ստացայ: Իմ այս երջանիկ, երազային վիճակում անչափ կարեւոր էր կարդալ սրտակից մէկի ջերմ ու ըմբռնող, ճիշտ գտնուած բառերը: Մտովի գնացի Կինօ Մոսկուայից մինչեւ Արաբկիրի իրենց տան ճանապարհով, որտեղ վերջին անգամ միասին քայլել էինք: Սիրտս ճմլուեց կարօտից: Կարօտեցի ամեն ինչին. փողոցներին, մայթի քարերին, մարդկանց, Լորային, նոյնիսկ երբեմն անգրագէտ ու յաւակնոտ ցուցանակներին:
Ակադեմիա ընդունուեցի անսպասելի հեշտ: Գծանկարի ծերունի, ամեն ինչից դժգոհ պրոֆեսոր Մալինովսկին, երբ տեսաւ քննական աւարտուած աշխատանքս, զարմացած հարցրեց. «Իսկ ինչո՞ւ ես եկել այստեղ»: Ստացւում էր այն ինչ այստեղ պիտի սովորեմ, Թերլեմեզեանը արդէն տուել է:
Երկու տարում աւարտեցի ուսման երեք տարուայ ծրագրերը: Լեհերէնը, ինչպէս ընդհանրապէս օտար լեզուները, ինձ դժուար էին տրւում, բայց դա այստեղ ներւում էր նկարչութեան մէջ յաջողութիւններիս շնորհիւ: Ընտանեկան կենցաղի բոլոր խնդիրները Դանուտան վերցրել էր իր վրայ: Զարմանալի նախաձեռնող եւ ակտիւ էր բոլոր հարցերում: Լեզուներ գիտէր եւ աշխատում էր արեւմտեան դեղագործական մի մեծ ընկերութեան կենտրոնում: Ես ունէի մի ոչ մեծ արուեստանոց, այն ինչ ինձ պէտք էր եւ գլխովի նետուել էի գեղանկարչութան մէջ:
Այսպէս ինքնամոռաց աշխատանքի եւ սիրոյ մէջ, աննկատելի անցան մի քանի երջանիկ տարիներ: Կինս Իտալիայում եւ Գերմանիայում յաջողութեամբ կազմակերպում էր նկարներիս ցուցահանդէսներն ու վաճառքը, որին ես բոլորովին չէի խառնւում: Շատ բեղմնաւոր եւ յագեցած էին անցնում օրերս: Ժամանակը չէր հերիքում եւ ինձ իմ նկարչութիւնից բացի ուրիշ ոչինչ չէր հետաքրքրում: Դարձել էի ինքնավստահ, այլեւս այն երկչոտ տղան չէի: Տարին մէկ անգամ, Դանուտայի պնդմամբ, իր հետ գնում էինք Հայաստան: Երեւանում Մելիքի եւ Լորայի հետ մեր կարճատեւ հանդիպումները ինձ հոգեկան ու մասնագիտական շատ կարեւոր լիցք էին տալիս, բայց եւ տխրում էի, որ այլեւս մաս չեմ կազմում ստեղծագործական եւ ընկերային այս միջավայրին: Վերադառնալով, նորից մտնում էի Վարշաւայի կեանքի ամենօրեայ ռիթմի մէջ: Ժամանակ առ ժամանակ, Լորայից ստանում էի հայերէն մի քիչ տխուր նամակներ: Պատմում էր, որ Մելիքի առողջութիւնը խախտուել է եւ իր աշխատանքի տեղում, էլ անախորժութիւններ կան: Ես ցաւում էի իր համար եւ պատասխանում էի նամակներին: Փորձում էի սիրտ տալ: Մելիքի վիճակը գնալով վատանում էր: Իր մօտ, ?պարբերական՚, կամ ?հայկական՚ կոչուող տարօրինակ, խիստ ցաւոտ հիւանդութիւն էր յայտնաբերուել: Լորան վշտով պատմում էր, թէ Մելիքը ինչպէս է, անասելի ցաւերի մէջ, արիաբար շարունակում նկարել: Երկու ամիս տառապելուց յետոյ, անսպասելի մահացաւ: Մեզ բոլորիս, իր հետ երբեւիցէ շփուածներիս համար, մեծ կորուստ էր: Գիտէինք թէ Մելիքը կեանքի ինչպիսի յենարան էր Լորայի համար: Նման մտերիմ եւ անբաժան քոյր ու եղբայր չէինք տեսել երբեք: Հիմա մնաց բոլորովին մենակ:
Դանուտայի նախաձեռնութեամբ, որոշեցինք Լորային համոզելով, բերել Վարշաւա: Իմանալով թէ ինչպիսի անմիջական եւ զգացմունքային բնաւորութիւն ունի, շատ անհանգիստ էինք իր համար: Ուզում էինք նրան հանել, վերջին ամիսների սարսափելի տառապանքները յիշեցնող միջավայրից: Լորան, բացի ծնողների եւ եղբօր գերեզմանից, այնտեղ պահող հարազատ գրեթէ չունէր: Միեւնոյնն է, մէկ տարի տեւեց մինչեւ կարողացավ գալ Վարշաւա: Երբ եկաւ, կարծես բոլորովին հանդարտուել էր: Միայն օդանաւակայանում, երբ դիմաւորում էինք իրեն, ինձ գրկելով բարձրաձայն, աղիողորմ լաց եղաւ:
Դանուտայի շրջապատի մեր ընկերները Լորային շատ լաւ ընդունեցին: Յաճախ կրկնուող մեր հաւաքոյթների ժամանակ, ինքը միշտ ուշադրութեան կենտրոնում էր լինում: Հայաստանում, չգիտես ինչու, նա այսպիսի յաջողութիւն չունէր: Այստեղ փողոցում, ռեստորաններում, ուր երբեմն տանում էինք իրեն, բոլորի հայեացքները ուղղուած էին լինում իր վրայ: Դանուտան իր գործնական խառնուածքով, նրա համար արդէն ամուսնու թեկնածու էր փնտռում: Լորան, ջանասիրաբար լեհերէն էր սովորում: Ինքը իսկապէս էլեկտրիկ ինժեներ էր եւ ուզում էր աշխատանք գտնել: Մի գեղեցիկ օր, ես նրան տարայ Հայկական եկեղեցի: Շաբաթօրեայ ժամերգութիւն էր, բայց ներսում շատ քիչ մարդ կար: Ժամերգութեան վերջում, Լորան շարական երգեց: Ես չգիտէի որ իր մաքուր ու գեղեցիկ ձայնը այսպիսի հզօր ուժ ունի: Եկեղեցու կամարների տակ, տարածութիւնը ամբողջովին լցրած, հնչում էր «Սուրբ սուրբ»ը: Հազուագիւտ ներկաները ապշած լսում էին իրեն: Երբ շարականը վերջացաւ եւ լռութիւն տիրեց, սիրալիր ժպիտով մեզ մօտեցաւ մի բարձրահասակ կաթոլիկ կրօնական եւ ներկայացաւ որպէս այս եկեղեցու կանոնիկոսը: Շնորհակալութիւն յայտնելուց յետոյ, դիմեց մեզ.
— Դուք անշուշտ հայ էք, — ասաց նա. — ես եղել եմ Էջմիածնում եւ շատ եմ սիրում ձեր հոգեւոր երգերը: Ինձ համար անասելի հաճոյք է դա մեր եկեղեցում լսելը:
Յետոյ դիմելով Լորային հարցրեց. — Պանի, դուք չէի՞ք ուզի երգել մեզ մօտ: Ձեր կատարումը հիացրեց մեզ բոլորիս: Մեր եկեղեցին միշտ կարիք է ունեցել նման աստուածատուր ձայների:
Լորան հաճուքից շիկնելով համաձայնեց: Ես եւս ուրախ էի իր համար: Այսպիսով լրացուցիչ զբաղմունք էր ունենալու: Որոշ ժամանակ յետոյ, աստիճանաբար նրան սկսեցին հրաւիրել Վարշաւայի ուրիշ կաթոլիկ տաճարներից: Այս եկեղեցիներում իր հետ, մի օպերային տենորի եւ դրամատիկ թատրոնի դերասանի մասնակցութեամբ, սկսեցին կազմակերպել գրական, երաժշտական հանդէսներ, որտեղ գլխաւոր աստղը միշտ ինքն էր: Այդ հանդէսները մեծ յաջողութիւն էին ունենում եւ հաղորդւում էին հեռուստատեսութեամբ: Երբ ժամանակ էի ունենում, գնում էի այդ հանդէսներին: Յաճախ, ելոյթներից յետոյ, Լորային շրջապատում էին շատ երկրպագուներ: Մի անգամ, համազգեստ հագած վարորդի ուղեկցութեամբ, նրան մօտեցաւ թանկարժէք զարդերը վրան, շքեղ հագնուած մի տիկին եւ ջերմօրէն շնորհակալութիւն յայտնեց, ստացած մեծագոյն հաճոյքի համար:
— Հիմա ես ոտքով եմ տուն գնալու, — ասաց տիկինը, — որպէսզի մտովի երկար վայելեմ ձեր կողմից պարգեւած երաժշտութեան հաճոյքը:
Տիկինը շատ յուզուած էր: Լորայի երկրպագուները յարգանքով կողմ էին քաշուել: Երբ գնաց, ասացին, որ այդ տիկինը Միլանի Լա Սկալա օպերայում երբեմն երգող, Եւրոպայում ճանաչում գտած, Վարշաւայի օպերայի պրիմադոննան է: Լորան իսկապէս, երջանիկ էր:
Մի գեղեցիկ օր, Դանուտայի եւ Լորայի հետ գնացել էինք քաղաքի կենտրոն՝ «Ստարոյէ մեաստօ»: Հետիոտնի համար արուած սալայատակ փողոցի կենտրոնով, մեր դէմ եկան տղաների եւ աղջիկների մի ուրախ խումբ: Տղաներից մէկը առաջ գալով, ծնկի իջաւ Լորայի առաջ եւ «գրացիէ» գոչելով, համբուրեց ձեռքը: Բոլորը հիացած էին իրենով, եւ արտակարգ բարձր տրամադրութեամբ էին: Ծանօթանալով մեզ հետ, խմբով սրճարան հրաւիրեցին: Մեր նոր ծանօթները շատ ուրախ եւ աղմկոտ էին: Միայն Մարեկ անունով, Լորային ծնկաչոք ողջունած տղան, կարծես աւելի լուրջ ու հաւասարակշիռ էր: Ճիշտն ասած, ինձ համար, մի քիչ յոգնեցուցիչ էր այս խմբի հետ եւ քիչ յետոյ, մենք որոշեցինք բաժանուել իրենցից: Մարեկը թուլատրութիւն խնդրեց գալ մեզ հետ եւ այսպէս սկսուեց նրա յամառ սիրայետումը Լորային: Լորան երկար ժամանակ չէր ուզում հանդիպել իր հետ: Իմ զգացմունքները Լորայի նկատմամբ միշտ եղել էին ջերմ, մի քիչ երկիւղած եւ պլատոնական: Մեր մտերմութեան առաջին իսկ օրերից սկսած, հաւանաբար Մելիքից քաշուելով, մէջիցս վանել էի դէպի իրեն ոեւէ մարմնական զգացմունք: Դանուտան էլ գիտէր այդ մասին, բայց միեւնոյնն է զգացւում էր, որ սկսել է խանդել մեր հին մտերմութեանը: Լորայի մեր ընտանիքում ապրելը աստիճանաբար սկսել էր երկիմաստ դառնալ: Դա հասկանալով, ես միշտ զգոյշ էի եւ Դանուտայի ներկայութեամբ, աշխատում էի իր հետ հայերէն չխօսել:
Մի անգամ ցերեկով Լորան եկաւ արուեստանոց, ինձ մօտ: Շատ յուզուած եւ տխուր էր:
— Մարեկը ինձ ամուսնութեան առաջարկութիւն է արել:
Ես լռեցի: Ինձ համար դա անսպասելի չէր, սակայն երեւակայութիւնս հրաժարւում էր Լորային ուրիշ տղամարդու հետ պատկերացնել: Ենթագիտակցաբար, Մարեկին արժանի չէի համարում իրեն:
— Եկել եմ քո կարծիքն իմանալու եւ քեզանից թոյլատրութիւն խնդրելու:
— Թոյլատրութիւ՞ն խնդրելու: — Ես մտքերս հաւաքելու համար ժամանակ էի ձգում. — Իմ միակ ցանկութիւնը քեզ երջանիկ տեսնելն է: Եթէ կարող ես սիրել եւ իր հետ ապրել, ի հարկէ ամուսնացիր:
Լորան լաց եղաւ:
— Դուք հայ տղաներդ ինձ չէք ուզում: Ես այստեղ էլ քեզ համար բեռ եմ, — աւելի բարձր լաց լինելով, Լորան անսպասելի փարուեց ինձ: Առաջին անգամ զգացի իր գեղեցիկ, բարձր կրծքերի հպումը մարմնիս: Նա շարունակում էր լալով ամուր գրկել ինձ:
— Աւելի լավ էր ես էլ մեռնէի Մելիքի հետ:
Նրա երկար խիտ մազերը գիշերուայ պէս, ծածկել էին դէմքս: Ես փորձում էի սփոփանքի խօսքեր գտնել ասելու: Երեսը արցունքից ամբողջովին թաց էր եւ ինձ համար անսպասելի, մեր շրթունքները առանց փնտռելու հանդիպեցին: Երկար, շատ երկար տեւեց համբոյրը:
Երբ ուշքի եկանք, երկուսս էլ շփոթուած ու դատարկուած էինք: Նա ամաչելով ծածկել էր մարմինը: Յետոյ լուռ ու շտապ պատրաստուեց գնալու: Փորձեցի ուղեկցել իրեն, թոյլ չտուեց: Իր գնալուց յետոյ, չգիտէի ինչ անել: Ես էլ դուրս եկայ եւ թափառեցի մինչեւ ուշ երեկոյ: Վախենում էի հանդիպել Դանուտային, առաւել եւս Լորային:
Տանը Դանուտան չհարցրեց իմ ուշանալու պատճառը եւ չափազանց հանգիստ հաղորդեց, որ Մարեկը Լորային առաջարկութիւն է արել եւ Լորան իր համաձայնութիւնը տուել է: Իմ հարցին թէ ո՞ւր է ինքը, պատասխանեց, թէ շատ յոգնած եւ յուզուած էր, այդ պատճառով շուտ է պառկել: Յետոյ, պատճառ բռնելով իր նոյնպիսի յոգնածութիւնը, գնաց առանձին քնելու: Լորայի հետ կատարուածի մասին տագնապած մտածումներս ինձ երկար չէին թողնում քնել:
(Շարունակելի)

Երեւան

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *