Մեզանից իւրաքանչիւրը պիտի տէր կանգնի իր բաժին հայրենիքին

ՆԱՆԱՐ ՍԻՄՈՆԵԱՆ

Արցախի Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախօս

Մեր կեանքի հէքեաթը գլխիվայր շուռ եկաւ 2020թ-ի սեպտեմբերի 27-ին… Պատերազմի 44 չարաբաստիկ օրերին չէի կորցնում հաւատս, աղօթում ու յուսադրում էի ամենքին, իմ լաւատեսութեամբ փակում էի բոլոր յոռետեսների (գուցէ նաեւ իրատեսների) բերանները…
Նոյեմբերի 9-ին երազում էի չլինել, անէանալ, ոչնչանալ։ Թւում էր՝ մղձաւանջի մէջ ենք ազգովի, շուտով կ՚արթնանանք ու ամեն բան իր տեղը կ՚ընկնի, բայց…
Արցախ վերադառնալու հնարաւորութիւնը փոքր-ինչ մեղմեց, տանելի դարձրեց խելագարեցնելու չափ անտանելի դարձած առօրեան։ Պատերազմը փոխեց իմ ներաշխարհն ու աշխարհայեացքը, կեանքի ու մահուան, ապրելու ու արարելու մասին իմ ունեցած բոլոր ընկալումներն ու պատկերացումները։
Հիմա փորձում եմ աւելի շատ շփուել իմ տեղահանուած հայրենակիցների հետ, աւելի շատ ջերմութիւն տալ որդեկորոյս մայրերին ու հայրերին, անհայր մնացած մեր հրաշք մանուկներին, իմ քոյրերին՝ առանց սիրելիի ու առանց ամուսին մնացած աղջիկներին ու կանանց, որպէսզի նրանք իրենց միայնակ չզգան։
Հոգուս մէջ ծայր առած փոթորիկը ստիպուած եմ լինում սանձել ամեն օր, ստիպուած եմ ամեն օր արցունքների միջից ժպտալ ու նայել առաջ։
Այս վայրիվերումների ճանապարհին Աստուածաշունչը տալիս է մեզ յուզող բոլոր հարցերի պատասխանները։ Աւելի շատ պիտի իրար սիրենք — «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը» (Ղեւտ. 19:18, Մատթ. 22:39, Մարկ. 12:31, Ղուկ. 10:27), — ներողամիտ լինենք միմեանց նկատմամբ, խորին հաւատով, քանզի հաւատը լեռներ կարող է շարժել, ապագայի հանդէպ լաւատեսութեամբ քայլենք առաջիկայ մարտահրաւէրներին ընդառաջ։
Յաճախ եմ սիրում կրկնել մեծն Չարենցի վաղուց ինձ հոգեհարազատ դարձած տողերը.
Թող ո՛չ մի զոհ չպահանջուի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մօտ չգան.
Եւ թող տեսնեն ի՛մ աչքերի մէջ կախուածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Մտաւորականը, գրողն ու արուեստագէտը պիտի օգնեն ժողովրդին վերականգնելու իր ուժերի հանդէպ ունեցած հաւատն ու վստահութիւնը։ Մտաւորականութիւնը պիտի հաւատայ ու հաւատացնի, որ ամեն բան անդարձ կորած չէ, որ մեր եղբայրներն ինքնամոռաց մարտի են նետուել այս փոքրիկ հողակտորը սեփական արեամբ պաշտպանելու ու այստեղ կեանքի շարունակականութիւնը տեսնելու վճռականութեամբ։ Մենք յանձնուելու, յուսահատուելու, մեր «լուսապսակ» ապագային չհաւատալու իրաւունք չունենք։
Մեզանից իւրաքանչիւրը պիտի տէր կանգնի իր բաժին հայրենիքին. շինարարը՝ ամուր շէնքեր կառուցելով, արուեստագէտը՝ այս երկիր դրախտավայրի հանդէպ ունեցած իր անսահման սէրն արտայայտելով, զինուորը՝ հայրենապաշտութեամբ ու հայրենի երկրի սահմանները ինքնամոռաց պաշտպանելով, ուսուցիչը՝ մեր հերոս նախնիների օրինակով գալիք սերունդների հոգում հայրենասիրութեան կերոնը վառ պահելով… Այս շարքը երկար կարելի է շարունակել։
Անանձնական երջանկութեանը պիտի հետամուտ լինի մեզանից իւրաքանչիւրը։ Միայն այս ճանապարհով կը կարողանանք մաքրուել մեր անհամար մեղքերից ու ազգովի պատուով դուրս գալ մեզ բաժին հասած հերթական ծանր փորձութիւնից։
Ես չեմ յուսահատւում, որովհետեւ Ստեփանակերտի իմ տան պատշգամբից երեւացող հայրենի Շուշին՝ իմ երջանիկ ու անհոգ օրերի լուռ վկան ամեն օր ինձ յուշում է, որ արդարութիւնը, ի վերջոյ, յաղթելու է, եւ աշխարհի ամենահայաշունչ ու ամենալուսաւոր քաղաքը նորից ազատագրուելու է գերութեան կապանքներից։ Ես հաւատում եմ, որ մենք Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում, Դիզափայտի Կատարոյ վանքում, Դադիվանքում, գերութեան մէջ գտնուող մեր հազարաւոր վանքերում ու եկեղեցիներում մեր աղօթքն առ Աստուած յղելու, հարսանեաց, մկրտութեան կարգեր կատարելու հնարաւորութիւն դեռ ունենալու ենք։
Ես հաւատում եմ, որ Արցախ աշխարհս իր հայրենանուէր զաւակների հոգածութեան ու սրտացաւութեան շնորհիւ կը շտկի ճկուած մէջքը, ոտքի կը կանգնի, բաց ճակատով ու հպարտութեամբ դեռ աշխարհին կը պատմի իր խաղաղ ու անզուգական լուսաբացների, իր չկոտրուող, չնսեմացող, ժայռի նման կուռ կամք ունեցող զաւակների քաջագործութիւնների ու կռած յաղթանակների մասին։

Յ.Գ. Գնում են Ամերիկա, Ֆրանսիա, Ռուսաստան… Գնում են ընտանիքով, գերդաստանով։ Գնում են, բայց միայն ֆիզիկապէս։ Մեծ ու փոքր քաղաքներում ներկայ է լինելու նրանց մարմինը, իսկ հոգին հայրենի լեռներում է մնալու։ Ես տեսնում եմ, զգում եմ. այդ մարմիներին լքել են հոգիները…Ես կը մնամ, այո՛, այո՛, կը մնամ այստեղ, եթէ մինչեւ անգամ ամենքն ինձ լքեն։ Կարեւորը՝ դու ինձ հետ ես, ի՛մ վիրաւոր Արցա՛խ։ Անշնչացած, հոգուց զրկուած մարմին ինձ հարկաւոր չէ։ Հեռացէ՛ք ու թողէ՛ք՝ մնացեալ կեանքս՝ մինչեւ վերջին շունչս, ինքս ինձ հետ, իմ Արցախ-հոգու հետ ներդաշնակ ապրեմ։ Ապրեմ այնպես, ինչպէս ապրում էի… Ես սրտի թրթիռով, յոյսով ու հաւատով պիտի սպասեմ հայրենի լեռների կանչով ու կարօտի թեւով տուն դարձող իմ եղբայրներից ու քոյրերից իւրաքանչիւրին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *