ԶԱՐԻՆԷ ՍԱՌԱՋԵԱՆ
Բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ,
Արցախի պետական համալսարանի դասախօս
— Բարեւ, ԱՇԽԱՐՀ, — կամ միջազգային հանրութիւն, — թոյլ տուր «դու»-ով խօսել քեզ հետ, ինչպէս մեզ մօտ ընդունուած է խօսել հարազատ մարդու հետ, որովհետեւ քեզ հետ սրտաբաց զրոյց եմ բացելու: Ես Արցախն եմ: Գո՞ւցէ անունս քեզ ոչինչ չասի, որովհետեւ ինձ յաճախ կոչում են նաեւ Լեռնային Ղարաբաղ: Գիտե՞ս, դու ինձ չես ճանաչում, բայց ուզում եմ մի փոքր պատմել իմ մասին, որովհետեւ քո կողմից ինձ ճանաչելը իմ գոյութեան համար էական նշանակութիւն կ՚ունենայ, քո՝ ինձ ճանաչելով հնարաւոր է այլեւս զաւակներս չզոհուեն, կեանքս բռնութեան չենթարկուի եւ իրաւունքներս կոպտօրէն չեն ոտնահարուի: Չէ՞ որ քեզ համար մարդու իրաւունքների պաշտպանութիւնը առաջնահերթութիւն է, իսկ ես նախ եւ առաջ մարդ եմ, յետոյ՝ տարածք:
Արմատներս դարերի, հազարամեակների խորքից են գալիս, վկան՝ հին պատմագիրների աշխատութիւնները: Թէպէտ միջազգային իրաւունքի առանցքում մարդն է՝ անկախ ազգային, կրօնական պատկանելութիւնից, մաշկի գոյնից, այնուամենայնիւ, կարեւոր եմ համարում նշել, որ Արցախում հազարամեակների պատմութիւն ունեցող եկեղեցիներ, մշակութային կոթողներ կան, որոնք փաստում են, որ զաւակներս քրիստոնեայ են եւ համակուած են քրիստոնեային բնորոշ մարդասիրութեամբ, եւ նրանց համար գերակայ արժէքներ են խաղաղասիրութիւնը, մարդասիրութիւնը եւ մարդու իրաւունքները: Սակայն հողս զաւակներիս արիւնը շատ է տեսել: Իւրաքանչիւր սերունդ իր բաժին պատերազմն է ունենում, եւ գիտութեան ոլորտում տեխնոլոգիական զարգացման իւրաքանչիւր սերնդի ունեցած ձեռքբերումներ այդ սերնդի ոսկէ ֆոնդի ոչնչացմանն է ծառայում: Արդիւնքում իւրաքանչիւր քայլափոխի այստեղ հանդիպում ես ամեն պատերազմի արդիւնքում ծնուած յուշարձանի, զոհուած երիտասարդի լուսանկարի, անուասայլակում անշարժացած հաշմանդամի, զոհուած անմեղ մանուկների լուսանկարներից քեզնից պատասխան պահանջող մանկական աչուկների, որոնք հարցնում են.
— Ինչո՞ւ, ինչո՞ւ խլեցիք կեանքս, չէ՞ որ ես ոչ մեկին վատ բան չեմ արել, ես տիկնիկս գրկած խաղում էի, երբ աշխարհի ամենախելացի մարդկանց ձեռքով ստեղծուած զէնքով սպանեցիք ինձ, միայն նրա համար, որ հայ եմ ու ապրում եմ իմ տուն, իմ հայրենիք Արցախում, ինչու՞…(1) Չէ՞ որ ես երեխայ եմ, եւ իմ իրաւունքները եւս ամրագրուած են մարդասիրական իրավունքների վերաբերեալ միջազգային կոնվենցիաներով:
Հրեշտակ դարձած փոքրիկի աչքերը լուսանկարից շարունակում են զրուցել ինձ հետ.
—Ուզում եմ աշխարհի խելացիները հաւաքուեն եւ այնպիսի զէնքեր ստեղծեն, որոնցով մարդը լինի պաշտպանուած, որոնցով այլեւս բարի մարդիկ չզոհուեն, որոնցով թոյլ տան բոլոր երեխաները ապրեն ու խաղան իրենց խաղալիքներով, չէ՞ որ մենք ՝ մանուկներս, մեծերի գործերին չենք խառնւում, մենք չգիտենք նոյնիսկ ինչու՞ են պատերազմներ լինում, բայց արդիւնքում մենք ենթարկւում ենք բռնութիւնների: Մեր մանկապարտէզները, դպրոցները աւերում են(2), ուսուցիչները զոհւում, գերեվարւում են, անտառները վառւում են զէնքերից. դաժան են պատերազմները, զէնքեր ստեղծողներն ու դրանց վաճառքը օրինականացնողները:
—Ի՞նչ հասուն ես մտածում, հրեշտակս, այդ ե՞րբ այդքան մեծացար ու մեծի պէս ես սկսել խօսել հետս, — զարմացած խօսում եմ հրեշտակ դարձած մանչուկի լուսանկարի հետ:
— Մենք՝ պատերազմի երեխաներս, մանկութիւն չունեցող մարդիկ ենք… այնտեղ՝ վերեւներում, աշխարհի ու մարդկանց համար օրէնքներ ստեղծողներին ասէք, որ գիտութեան նուաճումները, ռոբոտների զարգացումը կիրառեն նաեւ ի բարօրութիւն չճանաչուած երկրների, եւ մարդու իրաւունքների պաշտպանութիւնը երաշխաւորեն նաեւ նման երկրներում։
Սիրելի՛ միջազգային հանրութիւն, քանի որ դու ինձ չես ճանաչում, շարունակեմ կիսատ մնացած միտքս, մի քիչ էլ պատմեմ իմ մասին:
Արցախը պատմական տարբեր աղբիւրներում ու արձանագրութիւններում յիշատակւում է նաեւ Արդախ, Օրխիստինէ, Արցախ, Խաչէն, Արցախամուր աշխարհ, Փոքր Սիւնիք, Ղարաբաղ եւ այլ անուններով: 7-րդ դարի հայկական աշխարհագրական երկի՝ Անանիայ Շիրակացու «Աշխարհացոյցի» համաձայն՝ Արցախը Մեծ Հայքի տասերորդ նահանգն է եւ ունէր 12 գաւառ(3):
Անտառային, լեռնային, ջրային, հանքային հարուստ պաշարները, ֆլորան ու ֆաունան, բնութեան անձեռակերտ եւ արարող, տաղանդաւոր հայերի ձեռամբ ստեղծուած յուշարձանները Արցախը դարձրել են դրախտ երկիր մոլորակի վրայ, որին տիրելու համար դարեր շարունակ այն դառնում է պատերազմների թատերաբեմ:
Գիտութեան ու մարդկային ինտելեկտի զարգացմանը զուգահեռ այդ պատերազմները դառնում են աւելի ու աւելի դաժան եւ անմարդկային, որոնք մարդկային զոհերից զատ, աւերում, ոչնչացնում են նաեւ անձեռակերտ ու ձեռակերտ հրաշալիքները Արցախի:
Պատերազմի ընթացքում ֆոսֆորային զէնքից Արցախի մխացող անտառների մասին պատմող մեդիանիւթերը բնապահպանական աղէտի մասին էին ահազանգում(4), որն արգելելն ու այլեւս չկրկնելուն ուղղուած գործուն քայլերը պէտք է միջազգային մարդասիրական կառոյցների համար օրակարգային լինեն։
Իսկ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը պատերազմի օրերին եւ եկեղեցու հետագայ ճակատագիրը եւս մէկ ահազանգ է մարդկութեան քաղաքակրթական արժէքների պահպանման տեսանկիւնից: Կատարուածի վերաբերեալ, ի թիւս մտահոգ կառոյցների եւ անհատների, իր ձայնը բարձրացրեց նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւնը. «Մշակութային ժառանգութեան վայրերի միտումնաւոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացուող հանցագործութիւն է: Մշակութային ժառանգութեան վայրերի թիրախաւորումը յատկապէս պատերազմական իրավիճակում խստօրէն արգելուած է մի շարք միջազգային կոնվենցիաներով (ԻՒՆԵՍԿՕ-ի Զինուած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան մասին Հաագայի 1954 թուականի կոնվենցիա եւ դրան կից 1954 եւ 1999 թուականների արձանագրութիւնները, ԻՒՆԵՍԿՕ-ի 2003 թուականի «Մշակութային ժառանգութեան միտումնաւոր ոչնչացման մասին» հռչակագիրը)»(5):
Խօսքս շատ չերկարացնեմ, սիրելի՛ միջազգային հանրութիւն, քանզի ասելիք շատ կայ: Եթէ կարող ես, ճանաչի՛ր ինձ եւ նպաստի՛ր Արցախում ապրող մարդու միջազգային մարդասիրական իրաւունքների պաշտպանութեանը, իսկ եթէ ոչ՝ գոնէ քո աղօթքներում մէկ-մէկ կրկնիր իմ ամենօրեայ աղօթքից մէկ նախադասութիւն.
ԱՂՕԹՔ
Այնտեղ՝ հեռաւոր այն գիւղում, մի հողաթումբ կայ, որը միշտ սպասում է խոնարհուող զոյգ ծաղիկների,
Այնտեղ՝ հեռաւոր այն գիւղում, մի այգի կայ, որի նռնենիները սպասում են սիրող ձեռքերի խնամքի,
Հեռաւոր լեռներ կան այնտեղ, որոնք սպասում են զրնգուն ծիծաղող մանուկների,
Մանուշակաբոյր անտառներ կան այնտեղ, որոնք կարօտում են շշուկներին սիրող զոյգերի,
Դատարկուած բներ կան այնտեղ, որոնք սպասում են վերադարձին հեռացած հաւքերի,
Այստեղ մի երկիր կայ, խոցուած հազար անգամ, յօշոտուած, վէրքերից տանջուած,
Այստեղ մի ժողովուրդ կայ, որ ամեն օր սպասում է խաղաղութեան,
Այստեղ հնամեայ հաւատ կայ, որ վերջում բարին կը յաղթի,
եւ երկիրն այդ նորից թեւերը կը բացի, կորացած մէջքը կ՚ուղղի,
Բացիր թեւերդ երկիրս՝ Արցախս, Հայաստանս,
Թռիչքիդ են սպասում զաւակներդ,
Եւ թող հողաթումբը մոռացուող կարօտ չմնայ խոնարհուող ծաղիկների,
Եւ թող նռները ճաք տան սիրող ձեռքերի ջերմութիւնից,
Եւ թող լեռները արձագանքեն զրնգուն ծիծաղող մանուկներին,
Եւ թող մանուշակաբոյր անտառները նուաղեն սիրոյ խոստովանութիւններից,
Եւ թող բոլոր հեռացած հաւքերը դառնան իրենց բները…
Եւ թող խաղաղութիւնը թագաւորի իմ հնամենի երկրում,
ԱՄԷՆ(6):
ՅԵՏԳՐՈՒԹԻՒՆ
44-օրեայ աղէտալի պատերազմից յետոյ անցել է մէկ տարի. անցել է տարի, բայց, եթէ անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ իմ թաքուն մտքերում դեռ սեպտեմբերի 27-ն է, որից ուշքի գալու փորձերը դեռ շարունակւում են ինձ մօտ. սա բոլորից թաքուն պահած իմ ներաշխարհում։ Իսկ ներաշխարհից անդին շարունակւում է կեանքը, որը լի է կորուստների ցաւով, վիրաւորումից ապաքինուող գործընթացներով բոլոր ուղղութիւններում, ցաւը յաղթահարելու եւ նորից ապրել ու ու ապրեցնելու մղումով։ Դժուար է… դժուար է նայել հօրը կորցրած ուսանողի աչքերին ու դաս պատմել, նրանից դաս հարցնել… դժուար է մէկ տարի անց դեռ անյայտութեան մէջ գտնուող եղբօրը փնտրող ուսանողուհուց սեմինար հարցնել, դժուար է երկուստեք՝ եւ դասաւանդողի եւ, բնականաբար, այդ ուսանողի համար, ու քիչ չեն, ցաւօք այդպիսի դէպքերը։ Դժուար է ամեն անգամ համալսարան մտնելիս առաջինը նայել պատի յուշատախտակից քեզ անխօս նայող 44-օրեայում անմահացած այն լոյս տղաների նկարներին, ովքեր դեռ մէկ տարի առաջ ուսանողական նստարանին նստած դաս էին անում… դժուարը նոյնիսկ այն բառը չէ, որ կարող է բառաւորել ողջ ապրումները… բայց շարունակում ենք ապրել, թէկուզ վիրավոր, թէկուզ կիսատ մնացած, բայց շարունակում է Արցախի սիրտը տրոփել։ Այդ սիրտն ապրեցնող արիւնատար անօթները ամեն վայրկեան իրենց աշխատանքով կեանք են ներարկում մեր սրտի չափ փոքր, բաց սրտի չափ մեծ հայրենիքին՝ Արցախին. դասախօսը՝ իր դասաւանդելով, ուսանողը՝ նոր գիտելիքներ ձեռք բերելով, հողագործը՝ այգին մշակելով, բժիշկը՝ հիւանդին բուժելով, պատշարը՝ պատը շարելով, ու այսպես Արցախում ապրողներս շարունակում ենք ապրել Արցախում ու ապրեցնել։
ՑԱՒԸ
Պատերազմի պատճառով կրած մեր կորուստներն աննկարագրելի են. մեր լոյս տղաները, որոնք դեռ այնքան անելիք ունէին ամեն մէկն իր ոլորոտում… հավերժ փառք ու պատիւ… Մեր 18-ամեայ ուսանողը, որը կարող էր աշխարհահռչակ ֆիզիկոս, տնտեսագէտ կամ չեմպիոն դառնալ, գերադասեց կեանքի գնով պաշտպանել իր հող հայրենին, իր հարազատ տունը, մօրը, քրոջը, հարեւանին, հայրենակցին, հայրենիքը….չվարանեց գիրքը, տետրը, գրիչը ցած դնել, վերցնել զէնքը, կամավորագրուել եւ շտապել առաջնագիծ, դառնալ յաւերժի ճամբորդ յանուն հայրենիքի. սրանք լոկ պաթոսային-գրքային խօսքեր չեն, այլ՝ իրականութիւն, որի պատճառած ցաւից սիրտդ միայն ճմլւում է, ու բառերը տեղի են տալիս… ցաւն անասելի է, բայց այդ ցաւի մէջ նաեւ հպարտութիւն կայ…
ՅՈՅՍԸ…
Մարդը որքան էլ անյուսալի վիճակում լինի, միեւնոյն է, յոյսը երբեք չի մարում, եւ այդ յոյսն է, որ ապրեցնում է նրան։ Շատ կարեւոր է, որ ինչ իրավիճակում էլ գտնուենք, երբեք յոյսը չկորցնենք։ Հայաստանի պատմութեան մէջ աւելի ծանր օրեր են եղել, քան այսօր է, բայց հայը կարողացել է յաղթահարել ու իր պետականութեամբ հասնել մինչեւ 21-րդ դար՝ պահպանելով ազգային ինքնութիւնը, ազգային արժեհամակարգը։
ՀԱՒԱՏԸ…
Յոյսն ու հաւատը ձեռք ձեռքի տուած միշտ ինձ հետ են։ Ես հաւատում եմ, որ առջեւում աւելի լաւ օրեր կը լինեն, յամենայնդէպս՝ նաեւ ուզում եմ հաւատալ։ Լաւատեսութիւնը թող երբեք չլքի ոչ ոքի։ Միշտ էլ խաւարին յաջորդում է լուսաբացը։ Ինչպէս յայտնի երգում է ասուած՝ ձախորդ օրերը ձմռան նման կու գան ու կ՚երթան… զինուենք լաւատեսութեամբ ու սպասենք, որ լավ օրերը կը գան…
ՍԷՐԸ…
Սէրը…Սէրը առհասարակ մարդու հանդէպ՝ մոլորակի շարժիչ ուժն է. եթէ իւրաքանչիւրը սիրի իր կողքինին, իր շրջապատի մարդկանց, այդ սիրուց կը ծնուեն դրական, բարի գործեր։ Իւրաքանչիւր արարումի հիմքում սէրն է ընկած։ Սիրուց է նաեւ չարը ոչնչանում։ Սիրուց մենք կը դառնանք աւելի միասնական, աւելի ուժեղ, միմեանց հանդէպ չարութիւնից չեն ծնուի վէճեր, պառակտումներ, իսկ պառակտումներից էլ միասնութիւնը ճաք չի տայ՝ տեղ տալով օտար հոսքերի, ուժերի… ես իմ վերջին գիրքը վերնագրել եմ «Արցախասէր», որը նուիրել եմ 44-օրեայ պատերազմի զոհերի անմար յիշատակին… եթէ սէր, ապա այս պահին՝ որպէս ազգային օրակարգ՝ Արցախասէր, որ ապրի Արցախը, շարունակի նրա սիրտը տրոփել հայեցի ու հայկական նաեւ ամբողջ աշխարհում սփռուած հայերի համար՝ որպէս համայն հայութեան հայրենիքի սրբազան մասնիկ…
ԻՂՁԸ…
Խաղաղութիւն, արժանապատիւ խաղաղութիւնն է իմ ու ժողովրդիս ամենանուիրական իղձը, որ այլեւս ոչ մի մայր զաւակ չկորցնի, ոչ մի կեանք չընդհատուի պատերազմի պատճառով…
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
1) Արցախում հակառակորդի հրետակոծութեան հետեւանքով զոհուած քաղաքացիական անձանցից ամենափոքրը 9 տարեկան է, իսկ ամենամեծը` 79 տարեկան։ 1. Վիկտորիա Գէորգեան, Մարտունի քաղաք, ծնվել է 2011թ., սպանուել է հրետակոծութեան հետեւանքով իրենց տան բակում: Միաժամանակ վիրաւորումներ են ստացել նաեւ Վ. Գէորգեանի մայրն ու եղբայրը:
Read more: https://armeniasputnik.am/karabah/20200929/24655696/haytnien-arcaxum-zohvac-xaxax-bnakichneri-anunnery.html
Read more: https://armeniasputnik.am/karabah/20200929/24655696/haytnien-arcaxum-zohvac-xaxax-bnakichneri-anunnery.html
2) https://armeniasputnik.am/karabah/20201018/24959462/avervel-en-dprocner-mankapartezner-usanoxner-en-zohvel.html
3) Ա. Շիրակացի, Մատենագրութիւն, թարգմանութիւնը, ծանօթագրութիւնները Ա. Աբրահամեանի եւ Գ. Պետրոսեանի, Եր., 1979, էջ 295:
4) https://armeniasputnik.am/karabah/20201102/25166626/ayrvele-1815-ha-antar.html
5) https://escs.am/am/news/7277
6) http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/grakanarcax/2019(1).pdf
Բանաստեղծութիւնը իմ հեղինակային ստեղծագործութիւնն է, տպագրուել է «Գրական Արցախ» պարբերականում,