ԳԱՌՆԻԻ ՁՈՐՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԱԾ ՇԻՆՈՒԹԵԱՆ ՀԱՏՈՒԱԾԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ՍԱՀԱԿԴՈՒԽՏԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ

ԱՐՄԷՆ ԱՍԱՏՐԵԱՆ

2019 թ. դաշտային հնագիտական-հետազօտական աշխատանքների ժամանակ Գառնի գիւղի տարածքում, հանրայայտ տաճարի ստորին մասում, Ազատ գետի կիրճում, ձորամիջեան ճանապարհի եզրին յայտնաբերուեցին անյայտ ծագմամբ սրբատաշ բազալտի մեծածաւալ քարերից, չոր շարուածքով կառուցուած շինութեան հետքեր: Պահպանուել է ընդամենը շարուածքի մի փոքր հատուած (4,0 մ երկարութեամբ եւ 2,5 մ բարձրութեամբ), իսկ մնացած մասը ջրագծի անցկացման պատճառով լցուած է հողալիցքով: Այս մասին գրել է qahana.am-ը:
Նախնական գնահատականն այնպիսին է, որ այն ժամանակակից պէտք է լինի Գառնիի ամրոցի շինութեանը, քանի որ շարուածքն ու քարերը նոյնատիպ են: Ենթադրւում է, որ սկզբնապէս՝ դեռեւս վաղ միջնադարում, շինութիւնը ծառայել է որպէս անցակէտ-պահակակէտ՝ գիւղ մտնող ձորամիջեան ճանապարհին: Գառնին, լինելով արքունական կալուածք, բնական է, որ պաշտպանուած էր բոլոր կողմերից եւ ունէր անցակէտեր:
Յետագայում՝ 8-րդ դարի առաջին քառորդում, կարծում ենք, որ շինութիւնը վերանորոգումից յետոյ վերածուել է երաժշտական դպրոցի, երբ այստեղ է տեղափոխուել Սահակդուխտ կոյսը: Վերջինս, հասած տեղեկութիւններով, առաջին կին բանաստեղծուհին է, երաժշտութեան առաջին ուսուցչուհին- ու կին երաժիշտը: Նա ոչ միայն շարականների տեքստերն ու եղանակներն է գրել, այլեւ դրանք սովորեցրել է աշակերտներին: Նրա մասին, ցաւօք, քիչ տեղեկութիւններ կան, նրան յիշատակում է միայն 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելեանը:
[…]
Կարծում ենք, որ Գառնիի ձորում յայտնաբերուած շինութեան հատուածը ոչ այլ ինչ է, քան Սահակդուխտի երաժշտական դպրոցը, իսկ նրա կեցութեան քարանձաւը այս շինութիւնից հեռու չէ, մօտ 100 մ արեւմուտք, բարձր քարափների մէջ, որը դեռ այսօր էլ տեղացիները անուանում են «Ճգնաւորի քարայր»:
Ստեփանոս Օրբելեանի հաղորդմամբ՝ Սահակդուխտը «մեռաւ ու այնտեղ էլ թաղուած է գերեզմանոցում, որից շատ բժշկութիւններ են լինում»: Այդ շինութիւնից ոչ հեռու, արեւելեան մասում, կիրճի դարաւանդներից մէկում Գառնիի հին գերեզմանոցներից մէկն է, որտեղ էլ հաւանաբար հանգչում է մեծանուն երգահանի ու երգչուհու մարմինը:

«Երկիր», 30 մայիս 2021 (հատուածներ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *