ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉԵԱՆ
Գրաքննադատի եւ լրագրողի իմ գործունէութեան ամբողջ ընթացքում կտրականապէս դէմ եմ եղել «չեմպիոնական» արատաւոր այն սկզբունքին, որ շատ յաճախ մեզանում կիրառւում է արուեստի եւ գրականութեան գործիչների վաստակը գնահատելիս: «Ամենամեծին» եւ «ամենատաղանդաւորին վերջերս աւելացաւ «ամենահանճարեղը», կարծես հանճարեղ լինելը քիչ է եւ դեռ պէտք է մի բան էլ վրան աւելացնել:
Պօղոս Գուբելեանի գրականութեանը ծանօթ եւ ըստ արժանւոյն գնահատել իմացող գրաքննադատը, ենթադրում եմ, պիտի մի պահ տրուի նման գայթակղութեանը` նրան որակելու որպէս Սփիւռքի գրականութեան անցած յիսուն տարիների ամենա… Չենք թաքցնում, այդ գայթակղութիւնը մեզ էլ է փորձութեան ենթարկել, բայց տեղնուտեղը հասկացել ենք, որ աւելի համոզիչ կը լինի, եթէ ընթերցողին ներկայացնենք գրողի այն արժանիքները, որոնք քիչ էր մնում մեզ ստիպէին ազդարարելու նրան «ամենա»:
Իմ առաջին ծանօթութիւնը Պօղոս Գուբելեանի գրականութեան հետ տեղի ունեցաւ համալսարանական տարիներին, երբ մէկը միւսի ետեւից պարզապէս կլանում էի սփիւռքահայ գրականութեան պաշտօնապէս արտօնուած, իսկ հիմնականում՝ արգելուած գրականութիւնը: Ակամայից վերջիններիս թւում էր յայտնուել նաեւ նա, քանի որ իր առաջին գործերը տպագրւում էին Բէյրութի «Սփիւռք» շաբաթաթերթում՝ արգելուած մամուլ, որը միայն հատուկենտ մարդկանց էր մատչելի: Այդ պատմուածքներն անմիջապէս գրաւեցին իմ ուշադրութիւնը, եւ հետագայ տարիներին ես պիտի այդ անունը փնտրէի մամուլում, իսկ աւելի ուշ՝ առանձին գրքերով:
Նրա գրականութիւնը եղաւ եզակի մի երեւոյթ ոչ միայն սփիւռքի, այլեւ ընդհանրապէս քսաներորդ դարի հայ գրականութեան մէջ: Եզակի նրանով, որ գրողը ծնւում էր ոչ թէ Բէյրութի, Փարիզի, Թեհրանի, Պոլսի կամ Միացեալ Նահանգների սփիւռքահայ մշակութային անդաստաններում, ոչ թէ եւրոպական գրականութիւնների բարենպաստ եւ սնուցանող հարեւանութեամբ (ինչպիսին էր Շահնուրի, Շուշանեանի, Որբունու կամ Սարաֆեանի գրականութիւնը, ովքեր ֆրանսիական հզօր գրականութեան կողքին եւ զուգահեռ ստեղծեցին իրենցը եւ զուտ հայկականը), այլ ափրիկեան յետամնաց երկրի մշակութային անապատում, որտեղ այդ տարիներին, 60-70-ականներին, «գրականութիւն» բառն իսկ հազիւ թէ գործածուէր:
Մի առիթով Պ. Գուբելեանի ստեղծագործութիւնները համեմատել ենք Մաքսիմ Գորկու եւ Ջէկ Լոնդոնի հետ, հեղինակներ, ովքեր գրականութիւն եկան ոչ թէ մշակութային ակունքներից, այլ, ինչպէս ասւում է, կեանքի թելադրանքով: Գրական «դպրոցների» դասերը սերտած գրողն իր հետ բերում է հաստատուած-անխախտ աւանդներ, որոշակի-անզանցելի գեղագիտութիւն, ժամանակի ոգով ձեւաւորուած աշխարհայեացք, որոնք իրենց անջնջելի հետքն են թողնում նրա գործերում։ Եւ եթէ անգամ նա զօրաւոր անհատականութեան տէր է եւ իր անջնջելի դրոշմն է դնում իր ստեղծածի վրայ, ապա դարձեալ մնում է որոշակի ժառանգականութեան սահմաններում։ Մինչդեռ, Մ. Գորկու բնորոշմամբ իսկ, կեանքի դժուարին «համալսարաններում» ուսանած գրողն սկսում է բառացիօրէն ճերմակ էջից, որոշակի ժամանակի եւ որեւէ վայրի կամ երկրի «սոցիալական պատուէրի» հրահանգով։ Նա ինքն է ստեղծում իր լեզուն, ոճը, ճաշակն ու գեղագիտութիւնը, իր աշխարհայեացքն ու գաղափարախօսութիւնը։ Չգիտեմ, եթէ նա Բէյրութից ոչ թէ Սիերրա Լեոնէ, այլ եւրոպական որեւէ բարգաւաճ, մշակութային հարուստ աւանդներ ունեցող երկիր գնար, նրանում դարձեա՞լ բնական ցանկութիւն կ՚առաջանար գեղարուեստօրէն վերարտադրել տեսածը, բայց փաստ է, որ ափրիկեան իրականութիւնը եւ յատկապէս այնտեղ մոլեգնող կոռուպցիան նրանում արթնացրեց եւ ձեւաւորեց գրողին, հմուտ արձակագրին, պատմուածքի վարպետին:
Պատմուածքի ժանրը ծանր փորձութիւն է գրողի համար` անկախ նրա բնատուր կարողութիւններից: Առաւել դժուար` երբ առաջին քայլերդ պատմուածքով ես անում: Սակայն բազմիցս ապացուցուած այս ճշմարտութիւնը, հաւանաբար, Պ. Գուբելեանի համար չէ: Նրա առաջին իսկ փորձերը զարմացնում են ձեւի կատարելութեամբ, յղկուած ոճով, սուր դիտողականութեամբ եւ գրաւիչ պատումով: Երբ կարդում ես նրա առաջին ժողովածուն, թւում է թէ չորրորդ-հինգերորդ գիրքն է, եւ որ հեղինակն արդէն հասցրել է գրական լուրջ փորձառութիւն ձեռք բերել, մշակել սեփական ոճն ու լեզուն:
Առանձին խօսակցութեան նիւթ է Պօղոս Գուբելեան արձակագիր-մտաւորականի քաղաքական-հասարակական յստակ դիրքորոշումը նկարագրուող իրականութեան հանդէպ: Չմոռանանք, որ նա յայտնուել էր մի երկրում, մի ժողովրդի մէջ, որը հարիւրամեակներ շարունակ կողոպտուել ու ստորացուել էր եւրոպացի գաղութատէրերի կողմից, իսկ ձեւական անկախութիւնից յետոյ փաստօրէն ոչինչ չէր փոխուել, քանի որ այս անգամ հարստահարողներն օտարները չէին, այլ սեփական ժողովրդի ծոցից ելածները, որոնք իրենց անգթութեամբ գերազանցում էին նախորդներին: «Մենք` սեւերս իրարու հետ շատ աւելի անխղճօրէն, շատ աւելի շնականօրէն կը վարուինք, քան մեր արգահատած սպիտակամորթերը», — խոստովանում է սեւամորթ վարչապետը «Փտախտ» վէպում: Ասում է եւ ասածն ապացուցում` անյագօրէն թալանելով արդէն բազմիցս թալանուած ժողովրդին:
Բնական է, որ ողբերգական պատմութիւն ունեցող ժողովրդի զաւակն իր համակրանքը պիտի արտայայտէր ճնշուածների եւ հարստահարուածների հանդէպ: Եւ եթէ այս տեսանկիւնից նայենք Պ. Գուբելեանի գրականութեանը, ապա նրան կարող ենք համարել` 1961թ. անկախութիւն ստացած ափրիկեան այդ երկրի գրականութեան` առնուազն հիմնադիրներից մէկը, եթէ ոչ հիմնադիրը: Թող տարօրինակ չհնչի այս յայտարարութիւնը, բայց երբ կարդում ես նրա առաջին երեք գրքերը` պատմուածքների ժողովածուները, ապա փաստում ես, որ այնտեղ գերազանցապէս ներկայացուած են այդ երկրի մարդիկ, նրանց կեանքը, նրանց խնդիրները, անշուշտ, դիտուած հայ մտաւորականի աչքերով, գրուած հայերէն, սակայն նոյն սրտացաւութեամբ, ինչն անպայման պիտի ունենար այդ երկրի դժուարին ճակատագրով մտահոգուած հայրենասէր քաղաքացին:
Սա նշանակում է նաեւ, որ Պ. Գուբելեանը, որպէս գրող, առաջին իսկ քայլերից յայտնուել է «գետտոյական» փակուղուց դուրս: Այս բնորոշումը 60-ական թուականներին շրջանառութեան մէջ դրուեց` որպէս հոմանիշ նեղ-ազգային մտածողութեան, որն այդ տարիներին իշխում էր սփիւռքահայ գաղթօջախներում: Արդեօք օտար հո՞ղն էր, թէ՞ կատարելապէս ուրիշ նիւթը, թէ՞ գրողի մարդկային տեսակը, որ օգնեցին նրան միանգամից յայտնուելու նման մտայնութիւնից դուրս, բայց փաստ է, որ նրա` գրողի հայեացքը երբեք ոչնչով կաշկանդուած չի եղել: Իսկ աւելի ուշ, հայկական թեմաներին նուիրուած «Merci beaucoup, ասպետական Ֆրանսա» եւ «Փասփորթ» գրքերում հանդիպում ենք գրողական մի լայնախոհութեան, որը սփիւռքահայ գրականութեան մէջ հատուկենտ հեղինակների գործերում կարող ենք տեսնել:
Թւում էր թէ արձակագիրը, հեռանալով այդ թշուառ երկրից եւ հաստատուելով Միացեալ Նահանգներում, վերջնականօրէն հրաժեշտ է տուել «ափրիկեան» շրջանին եւ, իր նկարագրին հաւատարիմ, մխրճուել նոր` ամերիկա-հայկական, լոսանջելեսեան իրականութեան մէջ, շարունակելով մեզ զարմացնել իր տաղանդի անսպառ դրսեւորումներով: Եւ, իսկապէս, «Պայթումը լռած թնդանօթներու» եւ յատկապէս «Ֆրիվէյ» վէպը, մի նոր շրջան են նշանաւորում ոչ միայն նրա, այլեւ սփիւռքահայ արձակում: Այս նոր միջավայրում Պ. Գուբելեանը «հայկական» նիւթին մօտեցավ «օտարը» հիմնաւորապէս իւրացնելուց յետոյ, արդէն որպէս փորձառու արձակագիր, վերստին ապացուցելով, որ կարող է միանգամից խորանալ հարցի բուն էութեան մէջ:
Եւ յանկարծ, լիովին անսպասելի, Պ. Գուբելեանը վերադառնում է ափրիկեան իրականութեանը` 2003թ. տպագրելով «Փտախտ» վէպը: Համաշխարհային գրականութեան պատմութիւնը բազմիցս վկայել է, որ վիպական ծաւալուն երկերը չեն կարող հէնց այնպէս, պահի թելադրանքով գրուել: Ժամանակի բովով անցած որոշակի դրդապատճառներ են պէտք դրա համար` քաղաքական, հասարակական, վերջապէս, անձնական… որոնք հեղինակին ստիպում են նստել ճերմակ էջի առջեւ ու ստեղծել մի երկ, որն առնուազն նրա համար ծրագրային նշանակութիւն ունի, որը չգրել չէր կարող:
Պ. Գուբելեանն իր պատմուածքներում արդէն հիմնովին եւ առաւել քան առարկայական ներկայացրել էր հարստահարուած երկիրն ու նրա բնակիչներին: Պատմուածքներ, որ գրուած էին վաւերաթղթի համոզչականութեամբ, ասես լրագրողական հաւաստի ռեպորտաժի եւ գեղարուեստօրէն համոզիչ յօրինուածքի սահմանագծին գտնուէին: Իւրատեսակ մի ժանր, որ հեղինակից պահանջում է ոչ միայն քաղաքացիական յստակ դիրքորոշում (քանի որ նա պատասխանատու է իր ստեղծածի համար), այլեւ գրողական որոշակի ունակութիւններ: Իսկապէս, ինչո՞ւ նա պահանջ ունեցաւ երկրորդ անգամ ապացուցելու արդէն մէկ անգամ անժխտելիօրէն ապացուցուածը:
Հնարաւորինս ճշգրիտ պատասխանելու համար այս հարցին, ուշադրութիւն դարձնենք ափրիկեան առաջին շրջանում ստեղծուած գործերի եւ վէպի միջեւ նկատուող ժանրային ակնբախ տարբերութիւններին: Պատմուածքներն ասես գրուած են առաջին իսկ տպաւորութեան անմիջական ազդեցութեամբ, այդ պատճառով էլ շատ յաճախ դէպքի վայրից արուող ռեպորտաժների տպաւորութիւն են թողնում, մինչդեռ վէպը՝ տասնամեակների ընթացքում առաջացած նստուածքների հիման վրայ գրուած, քաղաքական-հասարակական լայնակտաւ մի գործ է, որտեղ գեղարուեստական յօրինուածքը մշտապէս ուղեկցւում է հասարակագէտ լրագրողի վերլուծումներով, իսկ տեղ-տեղ կրքոտ հրապարակախօսութեամբ, մի երեւոյթ, որն իսպառ բացակայում էր պատմուածքներում, որտեղ ընթերցողին գեղարուեստօրէն համոզելուց յետոյ, ազատ հնարաւորութիւն էր տրւում անսխալ հետեւութիւններ անելու:
Մեր կարծիքով, հեղինակն այս քայլին է գնացել մի պարզ պատճառով, իր իսկ հայրենիքում` անկախացած Հայաստանում տեսնելով նոյնը, ինչի մասին արդէն գրել էր աւելի քան քսան տարի առաջ: Եթէ մեր ենթադրութիւնը համոզիչ չէ, ապա կ՚ուզէինք, որ պատասխան տրուի հետեւեալ հարցին. եթէ պարկեշտ, քաղաքացիական բարձր գիտակցութեամբ օժտուած գրող-մտաւորականը չէր կարող անտարբեր լինել ուրիշի ցաւի հանդէպ, ապա կարո՞ղ էր անտարբեր մնալ՝ տեսնելով իր հայրենիքում ծաւալուող միեւնոյն կոռուպցիան, այն կոռուպցիան, որի մասին առաջին իսկ օրերից բարձրաձայնում էին նոյնիսկ պետութեան առաջին դէմքերը, եւ որը գնալով ահագնացաւ ու վերջը չի երեւում, այն կոռուպցիան, որի մասին այսօր խօսւում է գիշերուզօր, խօսւում է, բայց կարծես ամեն ինչ մնում է նոյնը, իսկ երբ խօսքը գործ չի դառնում, վերածւում է զաւեշտի` յիշեցնելով կռիլովեան առակը, երբ գող կատուի գլխին շերեփով մի լաւ հասցնելու փոխարէն, խոհարարը քարոզ է կարդում, իսկ կատուն լսում է եւ շարունակում անվրդով լափել…
Արդ, կարո՞ղ էր արդեօք Պ. Գուբելեանի նման անարդարութեան հանդէպ անհաշտ գրողը, անկաշառ մտաւորականը, վերջապէս հայ մարդը անտարբեր լինել եւ չտեսնելու դնել համակարգուած կոռուպցիայի միեւնոյն դրսեւորումները Հայաստանում: Ո՛չ, նա չէր կարող լռել, նա պիտի արտայայտուէր: Բայց ինչպէ՞ս, երբ Սփիւռքը, վերեւից իջեցրած կամ, ինչպէս վէպում է ասւում` «երկնաքարի պէս անջրպետէն ինկած անկախութեան» առաջին իսկ օրերից, յամառօրէն ու հերոսաբար չտեսնելու էր դնում հայրենիքում, օրնիբուն, տեղի ունեցող այլանդակութիւնները, իսկ երբ որեւէ մէկը, մանաւանդ հայաստանցի, համարձակուէր աղաղակող փաստերից թէկուզ մէկը բերել, տեղնուտեղը բերանը կը փակէին, ասելով. «Հայրենիքի մասին ինչո՞ւ գէշ կը խօսիս»: Ահա ինչու, սրտացաւ գրողը հայրենիքի մասին «գէշ չխօսելու», բայցեւայնպէս տագնապայարոյց ճշմարտութիւնը «խօսելու» համար առաջնորդուեց` «կուժ քեզ եմ ասում, կուլայ դու լսիր» հայկական ժողովրդական ասացուածքի տրամաբանութեամբ:
«Փտախտ»-ի վիպական գործողութիւնները տեղի են ունենում Հայաստանից հազարաւոր կիլոմետրեր հեռու, ափրիկեան Կերա Լեմոն պետութիւնում, աշխարհագրական յօրինովի անուանում, որը շատ նման է Սիերրա Լեոնէին, Աֆրիկայի արեւմուտքում ընկած ծովափնեայ մի երկիր, որտեղ, տարիներ շարունակ ապրեց, աշխատեց եւ մեր լաւագոյն արձակագիրներից մէկը դարձաւ վէպի հեղինակը: Այսպիսով, «կուժը» տուեալ դէպքում Սիերրա Լեոնէն է, իսկ «կուլան»` Հայաստանը: Վէպի միակ հայկական տարրը գլխաւոր հերոս Վազգէնն է, որը գործ է հիմնել Կերա Լեմոնի մայրաքաղաքում եւ ձգտում է ոչ միայն օրինական ճանապարհով դրամ վաստակել, այլեւ, բարձրորակ բանուորներ պատրաստելով, նպաստել երկրի առաջընթացին: Սակայն լիբանանեան մաֆիան, որ քաղցկեղի պէս իր շօշափուկներն է տարածել երկրով մէկ եւ որոշակի ազդեցութիւն ունի իշխանական ամբողջ համակարգի վրայ, մտադիր է նրան երկրից վտարել: Բարեբախտաբար, Վազգէնը մենակ չէ իր արդար պայքարում: Կառավարութեան ազդեցիկ դէմքերից մէկը կարողանում է պաշտպանել նրան եւ հնարաւորութիւն տալիս հայ մասնագէտին իր օգտակար գործն անելու ի բարօրութիւն երկրի: Բայց, ինչպէս գլխաւոր հերոսն է ասում. «Պայքարը դեռ նոր պիտի սկսէր»:
Պետական յեղաշրջումները սովորական երեւոյթ են անբուժելի կոռուպցիայով վարակուած ափրիկեան երկրների համար: Կերա Լեմոնում էլ հերթական դաւադրութիւնն է հասունանում: Իշխանութիւնը գրաւելու անյաջող փորձից յետոյ, յեղաշրջում է իրագործում քաղաքապետարանի նախկին ոստիկանը, որն իբրեւ թէ պայքարում էր յանուն ժողովրդի եւ յանուն արդարութեան: Սակայն փորձը ցոյց է տալիս, որ ամենամեծ գողերը հէնց սրանք են, որ իշխանութիւնը զաւթելուն պէս, գործում են «բերան ունես` պիտի ուտես» անասնական սկզբունքով: Բայց երանի՜ բաւարարուէին «մի փոր հացով»: Արդարութեան այս ջատագովների ախորժակը բացւում է ուտելու հետ, բացւում է ու չի՛ փակւում:
Վէպն ընթերցելիս շարունակ այն տպաւորութիւնն ես ունենում, թէ նկարագրուող գործողութիւնները ծաւալւում են Հայաստանում: Օրինակ. «…խումարի եւ բախտախաղի մեքենաներ տեղաւորուեցան մինչեւ քաղաքին ամենախուլ անկիւնները, եկեղեցիներու գաւիթն ու աղքատ հիւղաւանները, մինչեւ կեթթոյին պորտը»: «Բնիկը ե՞րբ ելեկտրականութիւն ունեցեր է որ: Թող վերադառնայ աւանդական իր նախկին ուրախ, անհոգ կենսաձեւին, երբ անտառներու խորը, հողաշէն հիւղակներուն բակը, բոցավառուող խարոյկի շուրջ թամ-թամ կը զարնէր…», — ասում է սեփական ժողովրդի լոյսն ուղղակի եւ փոխաբերական իմաստով մարող նախագահը: («Մեր «ազատատենչ ու արդարամիտ» յեղափոխականները, անկախութիւնից անմիջապէս յետոյ, մեզ էլ ստիպեցին տարիներ շարունակ «խարոյկներ» վառել ու «թամ-թամ» զարկել, եւ ժողովրդին անհաշուելի նիւթական ու բարոյական վնասներ պատճառած այս ոճրագործութեան համար առ այսօր ոչ ոք պատասխան չի տուել: Աւելին, մեղաւորները մնալով անպատիժ, ամենայն լկտիութեամբ եւ անողոքաբար քննադատում են իրենց յաջորդածներին): Կամ թէ` բախտի բերմամբ նախագահ դարձած նախկին ոստիկանի մասին այսպէս է գրում. «Չկար ձեռնարկութիւն մը որու մէջ զառամած ծերուկը փայատէր չըլլար»: Իսկ լիբանանեան մաֆիան կարողանում է «ձիւնասփռիչ մեքենաներ վաճառել արեւադարձային երկրին», որտեղ չգիտեն, թէ ինչ բան է ձիւնը: Այս անհեթեթ գործարքը շատ հեռու չէ մեր տխրահռչակ բիոզուգարաններից:
Ի վերջոյ, երկիրը հիմնաւորապէս թալանելուց, «մերկացածներին աւելի մերկացնելուց», հեղինակի ասելով՝ «քարէ դարից քաքի դարին» հասցնելուց յետոյ, ողբալի պայմաններում իր հոգին է աւանդում հերթական բռնակալը: Վէպն աւարտւում է զաւեշտալի մի տեսարանով, երբ նա, վախճանուելուց առաջ, գերիրական մի տեսիլք է ունենում` պատկերացնելով իր հանդիսաւոր թաղումը. «Սինիք քմծիծաղով, մարեշալի շողշողուն համազգեստը հագին… կը նախագահէր իր իսկ ազգային շքեղ թաղումին, մասնաւոր ոգեւորութեամբ դիտելով ժողովրդային յարգանքի վերջին արտայայտութիւնը հանդիսացող տողանցքը, հազարաւոր փորը ուռած, ոտաբոպիկ, մերկ ու նօթի, աչքերը խոռոչ ինկած, քաղցէն գալարուող կերալեմոնցի մանուկներու: Գոմանտոյի համաչափ վազքով անցնող կմախքներու գունդը ազգընտիր նախագահին վրայ խոր տպաւորութիւն գործած էր»: Բռնակալը «հանգեաւ ի Տէր», բայց փտախտը չմեռաւ, այլ շարունակելու է մոլեգնել աւելի ուժգին: Հեղինակը կարծես համոզում է, որ այս աշխարհում ոչինչ այդքան համամարդկային չէ, որքան կոռուպցիան: «Փտախտին դէմ նոյնիսկ գերպետութիւններու հիւլէական զրահը անկարող կը մնար: Փտախտը ունէր իր ներքին օրինաչափութիւնը, տրամաբանելու ու գործելու գաղտնի օրակարգը»:
Փարիզ
Յ.Գ. — Յօդուածի սկզբում խոստացանք վերլուծական համոզչականութեամբ ապացուցել յոբելեար գրողի եզակիութիւնը։ Յուսանք մեզ յաջողուեց։ Այնուհանդերձ, կ՚ուզէինք աւելացնել չափազանց պերճախօս մի փաստ։ Պ. Գուբելեանին խնդրել էինք ուղարկել իր հրատարակուած բոլոր գրքերի ցուցակը՝ տեսնելու, որ ոչինչ չի վրիպել մեր ուշադրութիւնից։ Պարզվեց, որ իսկապէս անցած տասնամեակների ընթացքում նրա հրատարակած բոլոր գրքերը ոչ միայն ամենայն ուշադրութեամբ եւ հաճոյքով ընթերցել ենք, այլեւ դրանցից մի քանիսը գրախօսել մամուլում։ Սակայն մեզ անակնկալ էր սպասւում։
Ցուցակը միայն ծանօթ գրքերով չէր կազմուած, այլեւ անտիպներով, որոնց քանակը չի զիջում տպուածներին։ Վէպեր, պատմուածքների ժողովածուներ, հրապարակախօսութիւն, պատմական ուսումնասիրութիւն եւ նոյնիսկ՝ մանկապատանեկան արձակ… Հայերէն եւ անգլերէն…
Գնալով աւելի եմ համոզւում, որ Աստուած ստեղծագործողին տաղանդ պարգեւելիս, ասես համապատասխանաբար նրան զրկում է նախաձեռնելու, սեփական գործն առաջ տանելու կարողութիւնից, եւ որքան աւելի տաղանդաւոր, այնքան աւելի անկարող իւր երկնածն արժեւորելու եւ բարձր պարգեւների ու գնահատութիւնների արժանացնելու։ Սա առաւել քան համոզիչ է թւում մանաւանդ այն աչք ծակող եւ անդուլ (ու անդուր) ջանքերի կողքին, որոնք բնութիւնից ժլատօրէն օժտուած որոշ անձինք Սփիւռքում եւ Հայեաստանում կիրառում են Պառնասի լանջերին հնարաւորինս բարձր ու տեսանելի տեղաւորուելու համար։ Եւ տեղաւորւում են, եւ արժանանում, շատ յաճախ՝ առատօրէն, ստանալով այն պարգեւները եւ նիւթական խրախուսանքը, որոնք արդարացիօրէն պիտի հասնէին տաղանդին։ Աւաղ, այսպէս եկել է, այսպէս էլ պիտի գնայ, լկտի միջակութիւնը այսուհետ էլ պիտի շարունակի իր «փառքը քաշել պարանով…» (Ե. Չարենց), մեղա՜, «կանաչով», իսկ մենք մշակութային այս մշտական ոտնձգութիւնները կարող ենք չէզոքացնել միայն տաղանդներին արժանին մատուցելով, տուեալ դէպքում ոչ միայն մեր երախտիքը յայտնելով հրաշալի արձակագրին, պարկեշտ մտաւորականին իր ծննդեան 85 եւ գրական անընդմէջ գործունէութեան 65-ամեակների առթիւ, այլեւ օգնելով, որ հնարաւորինս շուտ ընթերցողին ներկայացուեն նրա անտիպները՝ համոզուած, որ դրանք առնուազն նոյնքան արժեքաւոր են, որքան մինչ այսօր հրապարակուածները։
Վարձքդ կատար, յարգարժան Վարպետ, սիրելի Գրչեղբայր։