ԱՐՑԱԽԵԱՆ ՏԱՐԱԶԻ ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹԻՒՆԸ

ԳՈՀԱՐ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Տարազը կամ ազգային հագուստը իւրաքանչիւր ազգի հոգեւոր եւ մշակութային ժառանգութեան կարեւոր մասն է, որն ամփոփում է էթնոսի ինքնատիպութիւնն ու ազգային խառնուածքի առանձնայատկութիւնները: Լինելով կենսապահովման միջոց եւ կենսակերպի անբաժան մաս՝ տարազները նաեւ գեղարուեստի նմոյշ են, ազգային մտածելակերպի խորհրդանիշ: Տարազը համարւում է իւրատեսակ այցեքարտ, քանի որ տեղեկատւութիւն է փոխանցում կրողի սոցիալական դիրքի եւ պատմական ժամանակաշրջանի մասին:
Ազգային տարազները հագուստի համալիրներ են, որոնք բաղկացած են ներքնազգեստից, վերնազգեստից, գլխի յարդարանքից, արդուզարդից եւ ագանելիքից (գուլպայ, ոտնաման, ոտքի փաթաթան, սռնապան): Հայրենական ազգային հագուստները չունեն համահայկական մէկ ընդհանուր նկարագիր եւ բաժանւում են տարբեր խմբերի, որոնց մէջ է մտնում նաեւ Սիւնիք-արցախեան տարազախումբը:
Ծնունդ առնելով դարերի խորքից՝ արցախեան տարազը գոյատեւել է մինչեւ 20-րդ դարի վերջը (տարեց կանանց մօտ):
Արցախեան հին տարազի մասին պատկերացում կազմելու համար ուշագրաւ են 12-րդ դարից սկսած խաչքարային, իսկ 15-րդ դարից`(1) տապանային պատկերաքանդակների ուսումնասիրութիւնները: Պատկերաքանդակներում կանայք պարտադիր պատկերւում էին կլորաւուն գլխաշորով, որը բոլորում էր նաեւ ծնօտը (առանց բերանը ծածկելու) եւ լայն ու մինչեւ ոտնաթաթերը հասնող վերնազգեստով(2): Հանդաբերդի ստնտու մօրը ներկայացնող պատկերաքանդակում կանացի զգեստն ունի յատուկ կտրուածք-յարմարանք` կուրծքը հանելու համար:
Տղամարդու տարազի ուսումնասիրման տեսակէտից հետաքրքրական է 2008 թ. Տիգրանակերտից յայտնաբերուած 5-7-րդ դարերով թուագրուող կաւէ սկաւառակը, որի մի երեսին պատկերուած բեղ-մօրուսով տղամարդու դիմապատկերը գլխին ունի մորթենի բարձր գլխարկ(3):
Արցախի՝ 12-13-րդ դարերի մի շարք խաչքարերի ստորին հատուածներում կարելի է տեսնել տղամարդու (ռազմիկի) պատկերներ, որտեղ նրա հագ ու կապի մէջ արտայայտիչ երեւում են ծնկներից ներքեւ իջնող չուխան, եռանկիւնաձեւ, կոնաձեւ կամ սրածայր գլխարկը: Իսկ Հանդաբերդից գտնուած խաչքարերից մէկի պատկերաքանդակը եզակի է նրանով, որ այնտեղ հեծեալը պատկերուած է հաւանաբար ոչխարի մորթուց պատրաստուած կլոր փափախով(4): Բացի գլխարկից եւ չուխայից՝ որոշ պատկերաքանդակներում տեսանելի է նաեւ ուսից դէպի գօտի իջնող կաշեփոկը եւ գօտին(5):
19-րդ դարում Արցախում առկայ էին տարազի երկու տեսակ, որոնք անուանում էին «հայավարի» եւ «քաղքավարի»: «Հայավարի» կոչուածն Արցախին յատուկ աւանդական տարազն էր, որ գոյութիւն ունէր հնագոյն ժամանակներից ի վեր եւ մինչ 20-րդ դարը պահպանւում էր տարեց կանանց շրջանում: Իսկ «քաղքավարին» Երեւանի եւ Թիֆլիսի կանացի տարազի որոշ մասերի, յատկապէս գլխի յարդարանքի ընդօրինակումներն էին, որոնք գոյատեւեցին մինչեւ 20-րդ դարի սկիզբը(6):
Ս. Լիսիցեանը յիշատակում է, որ հնում Արցախում ինչպէս տղամարդու, այնպէս էլ կանացի հագուստների կտորները գործւում էին բրդից: Բամպակէ գործուածքները հանդէս են եկել աւելի ուշ` դուրս մղելով բրդին, որին էլ փոխարինելու եկաւ մետաքսը(7):
Արցախեան կանացի տարազի համալիրն առանձնանում է ձեւուածքի կատարելութեամբ եւ գունային ներդաշնակ լուծումներով: Երիտասարդ աղջիկների ու կանանց հագուստներում յաճախ են դիտւում կարմիր եւ կանաչ, իսկ հասուն, տարեց կանանց մօտ` կարմիր-կապոյտ, կարմիր-մանուշակագոյն երանգների զուգորդումներ: Գոյների նմանօրինակ ընտրութիւնը պատահական չէ. նախ` կարմիրի, կապոյտի, կանաչի ներդաշն համադրումները բնորոշ են մեր աւանդական զարդարուեստին, բացի այդ, յայտնի է, որ իւրաքանչիւր գոյն ունեցել է որոշակի իմաստ ու ծիսական խորհուրդ: Կարմիր գոյնին վերագրուել է մաքրագործող, չարխափան մոգական զօրութիւն, կանաչ-կարմիրը դիտուել է որպէս կեանքի, կենսունակութեան, արգասաւորութեան խորհրդանիշ: Որդուն ամուսնացնելիս յաճախ ասել են. «Կանաչ-կարմիր պիտի կապենք»(8):
Տարազի բաղկացուցիչ մասն էր կարմիր մետաքսեայ կտորից կամ սատինից կարուած, մինչեւ կրունկները հասնող թեւքաւոր, երկար ներքնաշապիկը (վիրվի հալաւ), որը հագցւում էր մերկ մարմնին՝ խոնջանով ամրացուող վարտիքի վրայ: Շապիկի կամ զգեստի առաջնամասի բացուածքը երբեմն զարդարւում էր սեւ, թաւշեայ կտորով, որի վրայ էլ ոսկեթել, մետաքսաթել ասեղնագործ նախշեր էին արւում: Ամուսնացած հարուստ կանանց շապիկի երկար ու լայն, երբեմն սրածայր թեւքերի եզրերը կարող էին զարդարուել ոսկէ սրմաթելերով եւ արծաթեայ փոքր զարդերով: Կային նաեւ դնովի թեւքեր (կռնդիր, կռնաման) ունեցող զգեստներ: Կռնդիր թեւքերը զարդարւում էին արծաթէ սուրմաներով եւ փուչերով:
Շապիկի վրայից հագնում էին կողքերին եւ առաջնամասին երկար բացուածքներ ունեցող մետաքսէ կամ բամպակաթաւշէ արխալուղ` «իրեքփշկանի», «խըլեղ», «ղաբայ» տարանուններով(9): Այն հիմնականում կարւում էր մուգ կանաչ, նաեւ՝ կապոյտ, մանուշակագոյն ծաղկազարդ կտորից, տարեց կանանց համար՝ շագանակագոյն կամ սեւ կտորից: Երեքփէշանի արխալուղ-վերնազգեստի երկայնքով անց էր կացւում զարդերիզ: Շուշիում արխալուղի եզրերին կարում էին 3-4 սմ լայնութիւն ունեցող ոսկեգոյն ժապաւէն: Տօնական վերնազգեստի զարդը կարմիր թաւշէ ժապաւէնն էր, որի վրայ ոսկեթելով ասեղնագործում էին բուսական ու երկրաչափական զարդանախշեր: Թեւատակերին բացուածք (խշտակ) կար` թեւերն ազատ շարժելու եւ չքրտնելու համար: Թեւքերը ձեւաւոր էին, երբեմն՝ աստառապատ, վերջանում էին սուր ծայրերով: Թեւքաբերանը զարդարւում էր բոժոժներով, եռանկիւնաձեւ շարուած խողովակաձեւ սուրմաներով: Արխալուղը գօտեւորւում էր լայն եւ երկար (2.5-4 մ)(10) մետաքսէ կամ արծաթէ գօտիով: Հէնց հարսանիքի օրն էլ կանանց թոյլատրւում էր գօտի կրել, եւ հաւատում էին, որ եթէ արձակուի, կարող է ազդել պտղաբերութեան վրայ:
Տօն օրերին եւ ձմռանը կանայք աղուէսի, կզաքիսի մորթով եւ կանաչ ժապաւէնով երիզուած մուշտակ՝ քուլք (քուրք) էին հագնում, որը կարւում էր մուգ կարմիր գոյնի թաւշեայ կամ բրդեայ հաստ կտորից(11): Մուշտակն արխալուղից կարճ էր ե՛ւ փէշի, ե՛ւ թեւքի հատուածում: Վերջինիս թեւքերը նոյնպէս պաճուճւում էին զարդակոճակներով եւ բոժոժներով:
Գոգնոցի առկայութիւնը արցախեան տարազին բնորոշ չէր,(12) սակայն կանայք այն կրում էին աշխատանքի պահին:
Հագուստը լրացւում էր գլխի ճոխ յարդարանքով, արդուզարդով եւ ագանելիքով: Կանանց գլխի յարդարանքին մեծ նշանակութիւն է տրուել, եւ այն համարուել է տան բարեկեցութեան գրաւական: Տարբերւում են գլխի յարդարանքի երկու տեսակ՝ բաց եւ փակ(13): Արցախեան կնոջ գլխի յարդարանքը փակ տեսակի էր:
Կանայք ունէին գլխի բարդ, բազմատարր յարդարանք, որը տարբերւում էր աղջիկների յարդարանքից եւ արտացոլում նրանց կեանքում տեղի ունեցած ընտանեկան ու սոցիալական փոփոխութիւնները: Վ. Բդոյեանը վկայում է, որ արցախցի կնոջ գլխի յարդարանքի տարրերը 10-ից աւելի էին(14):
Մինչեւ ամուսնանալն աղջիկներն իրաւունք չունէին գլխին կոտ(15) դնելու եւ կապում էին գլխաշոր, որը մետաքսէ կամ բամպակէ կտորից էր: Ամուսնացած կնոջ գլխաշորը հիմնականում սպիտակ էր, երբեմն՝ կարմիր, իսկ սեւ գլխաշոր կրելը սգի նշան էր: Ունեւոր կանայք գլխաշորը արծաթէ գեղեցիկ քորոցներով էին ամրացնում: Արցախում տարածուած էր նաեւ բերանը եւ քթի ծայրը ծածկելու սովորոյթը, ինչը կապուած է կանանց չխօսկանութեան հետ: Այն պայմանաւորուած էր Արցախի՝ տեւական ժամանակ Պարսկաստանի տիրապետութեան տակ գտնուելու հանգամանքով: Սակայն չպէտք է կարծել, որ հայ-պարսկական մշակութային փոխառնչութիւնները խաթարել են արցախեան տարազի հայկականութիւնը: Այն միշտ էլ պահպանել է իր էթնիկ նկարագիրը(16):
Կանանց ճակատը զարդարւում էր ճակատնոցով (թափա), որի վրայ միաշարք արծաթեայ, հարուստ խաւի դէպքում՝ ոսկեայ կամ ոսկեջրած դրամներ էին կախւում: Ճակատնոցի համար ընտրւում էր թաւշեայ գեղեցիկ կտոր, որը երբեմն զարդանախշւում էր: Արցախեան տարազը սակաւ էր զարդանախշւում ասեղնագործական հարուստ նախշերով: Ասեղնագործուել են միայն վարտիքի եզրերը, շապիկի կուրծքը, ճակատնոցը, գլխի ծածկոցները(17):
Գլխի յարդարանքը լրացւում էր նաեւ քունքակալներով, որ եռանկիւնաձեւ ականջակալներ էին՝ վրան արծաթէ բոժոժների շարան:
Կանացի զարդերին (ճակատնոցներ, քորոցներ, քունքակալներ, ոսկէ մատանիներ, արծաթէ գօտիներ, հմայիլ-պահպանակներ, բոժոժներ) մեծ նշանակութիւն է տրուել: Գեղագիտական դերից բացի՝ զարդերն ունեցել են պաշտպանական եւ հմայական նշանակութիւն:
Ինչ վերաբերում է Արցախի տղամարդկանց տարազին, ապա այն Արեւելեան Հայաստանի միւս գաւառների տարազաձեւերի հետ ունէր ընդհանրական շատ գծեր եւ մտնում էր «կովկասեան» տարազաձեւի մէջ: Այնուամենայնիւ, այն ունէր տեղական որոշ առանձնայատկութիւններ: Տղամարդու «կովկասեան» տարազաձեւի բաղկացուցիչ տարրերն էին շապիկ-վարտիքը, լայնափողք տաբատը, կարճ վերնազգեստ արխալուղը եւ վերարկու չուխան՝ պատրաստուած մուգ շագանակագոյն, կապոյտ եւ սեւ գոյնի կտորներից: Ա. Պատրիկի վկայութեամբ՝ տղամարդկանց շալվարը նոյն գոյնի էր, ինչ արխալուղը: Դրա փողքերը ծնկներից վար երկարաճիտ կօշիկի կամ գուլպայի մէջ էին ամփոփւում(18): Իսկ Ս. Լիսիցեանը նշում է, որ 19-րդ դարում Արցախում քուղերով կապուող տաբատը ետ ու առաջ կարելի էր հագնել: Ձմռանը տղամարդիկ կրում էին երկար, ոչխարենի մուշտակ՝ քուլք (քուրք): Իսկ այծենակաճը՝ եափընջին, մուտք է գործել աւելի ուշ(19):
Տղամարդիկ կրում էին կաշուէ, արծաթէ եւ կտորից գօտիներ:
Արցախի այրերի գլխի յարդարանքը՝ գառան մորթուց կոնաձեւ գլխարկը, նման էր Արեւելեան Հայաստանի միւս շրջանների տղամարդկանց գլխի յարդարանքին: Հարուստների գլխարկն աւելի բարձր էր եւ կարւում էր որակեալ մորթուց: Տարեց տղամարդիկ կրում էին երկար կոնաձեւ, իսկ երիտասարդները՝ շրջանաձեւ գագաթով գլխարկներ, որը կոչւում էր «ղարաբաղեան»(20):
Մանկական տարազը՝ որպէս առանձին հագուկապ, իւրայատկութիւն չի ունեցել: Այն բաղկացած էր սովորական ձեւուածքի վարտիքից, շապիկից, շրջազգեստից, գլխարկից ու գլխաշորից, ուր բացակայում էր զարդարանքը:
Արցախեան տարազի բաղկացուցիչ մաս էին նաեւ գուլպան ու ոտնամանը: Ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք ոտքերին թելակապ, կարճ գուլպայ եւ սռնապան էին հագնում, որոնք գործւում էին բրդեայ, բամպակեայ եւ մետաքսեայ թելերով: Գուլպաների ու սռնապանների հիւսուածքի մէջ զարդանախշերը գունաւոր թելերով էին գործւում: Դրանք զարդարւում էին երկրաչափական եւ բուսական զարդանախշերով(21): Արցախի տեղական տնայնագործ կօշիկները կաշուէ տրեխներն էին՝ բրդեայ եւ կաշուէ կապերով, որոնք գիւղերում պահպանուեցին մինչեւ 20-րդ դարավերջ: Բացի տրեխներից, հագնում էին սրածայր, վեր թեքուած, ետեւը բաց, կրունկներով կիսակօշիկներ՝ քոշեր(22) կամ չմոշկներ (կանանցը՝ կարմիր, կանաչ, տղամարդկանցը՝ սեւ):
Քաղաքային մշակոյթի ազդեցութեան տակ բնակչութիւնը հետզհետէ հրաժարւում է ազգային հագուստներից: Աւելի վաղ սկսեցին նահանջել տղամարդկանց, ապա կանանց տարազային համալիրները: Արդէն 20-րդ դարի սկզբներին տղամարդկանց եւ կանանց չմոշկներին փոխարինելու եկան եւրոպական կրնկաւոր ճտքակօշիկները: Տղամարդկանց մորթենի փափախին աստիճանաբար փոխարինել է փոքր հովարով կլոր գլխարկը: Չուխան սկզբում փոխարինուեց լեռնավիրական չուխայով, ապա՝ կոճակներով կոճկուող պիջակով, եւ ի վերջոյ արխալուղի փոխարէն սկսեց գործածուել բաճկոնը: Կանայք տարազային համալիրում գունաւոր շապիկի տակից սկսեցին հագնել ներքնաշապիկ եւ սպիտակ վարտիք: Սակայն Արցախում տարազային համալիրները հնարաւորինս անաղարտ էին պահւում՝ դժուարութեամբ իրենց տեղը զիջելով եւրոպական հագուստին(23):
Կանացի տարազային համալիրների համար անցումային շրջան էին 1920-1930-ական թուականները(24)։ Առաջին լուրջ փոփոխութիւնը քաղաքներում Թիֆլիսի տարազի նմանութեամբ գլխանոցներ, ապա նաեւ եւրոպական բոլորագլխարկներ կրելն էր: Գիւղերում շարունակում էին գունաւոր գլխաշորերի գործածումն այնպէս, որ ծածկուէր երեսի ստորին մասը, իսկ հիւսերն ընկած լինեն կրծքին ու մէջքին:
Այսպիսով՝ արցախեան տարազը, գալով դարերի խորքից, անցել է զարգացման իւրայատուկ ուղի, եւ պատմութեան ամեն մի շրջափուլում հնարաւորինս դիմակայելով օտար ներգործութիւններին՝ հաւատարիմ է մնացել հայրենի արժէքներին եւ արցախեան ազգային նկարագրին: Ձեւաւորուելով հայրենիքում եւ հայկական միջավայրում՝ այն իր նմանութիւններն ունի հայկական միւս էթնիկ տարազախմբերի հետ՝ միաժամանակ լինելով իւրայատուկ ու տարբերուող: Ցաւօք, կապուած արտաքին ու ներքին քաղաքական գործընթացների, հարեւան երկրների հետ ունեցած փոխառնչութիւնների եւ ժամանակի այլ մարտահրաւէրների հետ՝ արցախեան ազգային տարազը 20-րդ դարավերջին դուրս մղուեց կենցաղից՝ դառնալով թանգարանային նմուշ, թատրոնի, կինոյի, ազգագրական երգարուեստի եւ պարարուեստի բեմական հագուստ:
Վստահ ենք, որ աւանդական տարազի տարրերը վերականգնելու եւ նորովի մատուցելու համար պէտք է այն արդիականացնել՝ «դուրս հանելով թանգարաններից»: Ողջունելի է այն փաստը, որ արդէն իսկ բազմաթիւ ոճաբաններ, նոր շունչ հաղորդելով ազգային տարազին, իրենց աշխատանքներում (հագուստներ, զարդեր) լայնօրէն կիրառում են դրա բաղադրիչները: Համաշխարհայնացման այս ժամանակահատուածում, երբ աշխարհը գնում է ազգային արժէքների յետմղման գործընթացի, առաւել քան կարեւոր են մեր ազգային արժէքների եւ մշակութային հարստութեան պահպանումն ու փոխանցումը յաջորդ սերունդներին:
ԳՈՀԱՐ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի աւագ գիտաշխատող
Ստեփանակերտ
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
1) Պետրոսեան Հ., Յովսեփ Օրբելին եւ Արցախի խաչքարային պատկերաքանդակի հետազօտութեան խնդիրը, ՎԷՄ, 2014, թիվ 2 (46), էջ 102:
2) Հանդաբերդի, Վաղուհասի, Օխտը եղցիի՝ 12-13-րդ դարերով թուագրուող խաչքարեր:
3) Հնագիտական ուսումնասիրութիւններն Արցախում 2005-2010 թթ., ԼՂՀ կառավարութեանն առընթեր զբօսաշրջութեան վարչութիւն, Ստեփանակերտ, 2011, էջ 12:
4) Պետրոսեան Հ., Կիրակոսեան Լ., Սաֆարեան Վ., Հանդաբերդի վանքը եւ նրա պեղումները, Ե., 2009, էջ 58:
5) Պառաւաձորի, Կօշիկ անապատի, Հաւապտուկի, Հանդաբերդի, ԱՊՊէ թանգարանի 12-13-րդ դարերով թուագրուող խաչքարերը:
6) Марутян А., Саркисян Г., Харатян З., К этнокультурной характеристике Арцаха, ВОН, 1989, N6 (3), стр. 14.
7) Լիսիցեան Ս., Լեռնային Ղարաբաղի հայերը, Հայ ազգագրութիւն եւ բանահիւսութիւն, Ե., 1981, էջ 36:
8) Պօղոսեան Ս., Ստեփանեան Ա., Սիւնիք-Արցախեան աւանդական տարազախումբը հայոց տարազի համակարգում, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն. անցեալը, ներկան եւ ապագան» միջազգային գիտաժողովի նիւթերի ժողովածու, Ե., 2007, էջ 418:
9) Նոյն տեղում, էջ 418:
10) Լիսիցեան Ս., նշ. աշխ., էջ 36:
11) Նոյն տեղում:
12) Բդոյեան Վ., Հայ ազգագրութիւն, Ե., 1974, էջ 105:
13) Ամիրխանեան Է., Հայկական տարազը նման է ծաղկած ծառի, http://www.louysworld.com/archives/tag/հայկական-տարազ
14) Բդոյեան Վ., նշ. աշխ., էջ 105
15) Կանանց գլխազարդի փայտէ սնամէջ բոլորակ մաս, որ դրւում էր փաթոյթների վրայ՝ վերեւից շղարշը գցելու կամ քթկալը կապելու համար:
16) Պատրիկ Ա., Հայկական տարազ. հնագոյն ժամանակներից մինչեւ մեր օրերը, Ե., 1967, էջ 16:
17) Աւագեան Ն., Հայկական տարազի զարդանախշման ժողովրդական եղանակները 19-20-րդ դարերում, ԼՀԳ, 1970, թիւ 7, էջ 88:
18) Պատրիկ Ա., նշ. աշխ., էջ 15:
19) Լիսիցեան Ս., նշ. աշխ., էջ 36:
20) Պօղոսեան Ս., Ստեփանեան Ա., նշ. աշխ., էջ 422:
21) Աւագեան Ն., Հայկական գուլպաներն ու սռնապանները եւ նրանց զարդանախշերը, ԼՀԳ, 1967, թիւ 4, էջ 252:
22) Լալայեան Ե., Երկեր. հինգ հատորով, հ. 2, Ե., 1988, էջ 338:
23) Բդոյեան Վ., նշ. աշխ., էջ 102-103:
24) Тер-Саркисянц А., Некоторые тенденции этнокультурного развития армян Нагорного Карабаха, ВОН, 1988, N 8, ст.18.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *