ՄԵԼԱՆԻԱ ՄԻԼՈՆԵԱՆ
Արցախի Հանրային ռադիոյի լրագրող
Արցախի երաժշտարուեստը հայ բազմադարեայ երաժշտութեան անքակտելի մասն է կազմում, որն անհերքելի ապացոյցն է Արցախ-Հայաստան հոգեւոր միասնութեան եւ ընդհանուր մշակութային դաշտի: Պատմական Հայաստանի Արեւելից Կողմանց աշխարհ Արցախը Մեծ Հայքի 10-րդ նահանգն էր, որի բնիկ ժողովուրդը իր նիստուկացով, ազնուատոհմիկ հոգեկերտուածքով, արուեստով ու մշակոյթով եղել եւ մնում է իր հնամեայ ցեղի ոսկէ երակը: Դար ու դարեր յարատեւել է արցախցին՝ իր արմատներին կառչած, իր երկնափէշ լեռներին ապաւինելով, մի ձեռքին՝ սուր, միւսին՝ մաճ ու մուրճ, դիմակայել է մարախի պէս անապատներից ու տափաստաններից իր երկիր ներխուժած հրոսակների դէմ՝ զարմացնելով նրանց իր քաջութեամբ, արարումի իր տենդով ու ստեղծագործ հանճարով, ասեղնահիւս ժանեակների հանգոյն իր խաչքարերով, իր վանքերով ու եկեղեցիներով: Երկնահայեաց իր լեռների պէս հպարտ է արցախցին, ինչպէս Սիլվա Կապուտիկեանը կ՚ասէր՝ «ժայռի պէս կոշտ, չյղկուած» իր հին բարբառով,
«Ու ժայռի պէս էլ կարծր է, յամառ է,
Չի պոկի նրան ոչ մի հարուած»:
Իր լեռների պէս էլ արցախահայը խաղաղ է, իր բնութեան նման շռայլ ու լիաբուռ, հիւրասէր, կենսախինդ ու լաւատես: Նրա ստեղծած երաժշտարուեստն էլ, որն իր յոյզերի ու ինքնութեան թարգմանն է, հարկ է դիտարկել համահայկական երաժշտարուեստի տիրոյթում՝ որպէս իր խօսակցական լեզուի՝ բարբառային հենքի երաժշտամտածողութեան արտայայտութիւն:
Քննութեան առնելով Արցախի ժողովրդական երաժշտարուեստը՝ հարկ է նշել, որ տեղի բարբառի եւ երաժշտական ելեւէջների համադրումը երաժշտարուեստին, յատկապէս՝ ժողովրդական երգերին, հաղորդել է ինքնատիպ երանգ: Սակայն ցաւով պիտի արձանագրենք, որ ժամանակին ժողովրդաստեղծ այս հարուստ գանձարանի հանդէպ հարկ եղած ուշադրութիւն չեն ցուցաբերել մեր գիտնական-բանահաւաքները, ուստի այսօր չկայ Արցախի երաժշտութիւնն արժեքաւորող համահաւաք մի աշխատութիւն, որում ամփոփուած լինէր տեղի երաժշտական ազգագրութեան բացառիկ հարստութիւնը, անցած ուղին, դերն ու նշանակութիւնը: Թէպետ ՀՀ ԳԱԱ արուեստի ինստիտուտի եւ Երեւանի Կոմիտասի անուան կոնսերվատորիայի գիտական արշաւախմբերն ու մի շարք երգահաւաքներ հաւաքագրել են երկրամասի ժողովրդական երգերը, այնուամենայնիւ, չգրառուած, չձայնագրուած երգերի ու մեղեդիների մի հսկայ շտեմարան անհետ կորել է: Այս առումով բացառիկ նշանակութիւն ունի արցախցի երաժշտագէտ, ՀՀ Կոմպոզիտորների եւ երաժշտագէտների միութեան անդամ, ՌԴ Կոմպոզիտորների միութեան եւ ՀՀ ժուռնալիստների միութեան անդամ, վերջերս Ռուսաստանում իր մահկանացուն կնքած Սերգէյ Մարկոսեանի «Արցախի ժողովրդական երաժիշտներ» գիրքը: Այն բանահաւաք-երաժշտագէտի տասնամեակների ուսումնասիրութիւնների ու պրպտումների արդիւնքն է, որում փորձ է արւում մոռացութեան փոշուց մաքրել արցախածնունդ աշուղների ու երաժիշտ կատարողների անունները: Գրքում առանձնակի ուշադրութիւն է յատկացուած նուագարանային արուեստին, որը քննութեան է առնւում իր ժանրային բազմազանութեամբ, ոճական հարստութեամբ, օգտագործման լայն շերտերով, նուագարաննների տեսակներով, ժողովրդական մշակոյթին բնորոշ ազգային մտածողութեան դրսեւորմամբ: Երաժշտագէտ, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ցիցիլիա Բրուտեանի խօսքով՝ «ազնիւ սրտով ու բարոյական անկորնչելի իրաւունքով է Մարկոսեանը ողբում այն իրողութիւնը», որի հետեւանքով անհետացել են մեղեդիների «սարեր ու շտեմարաններ», արցախեան երաժշտական ազգագրութեան տասնեակ հազարների հասնող նմուշներ: Բաւարար չափով ձայնագրուած ու նոտագրուած չեն ժողովրդական երաժշտարուեստի ստեղծագործութիւնները, ուստի համակարգուած չեն դրանց ժանրերը, վերլուծուած չեն ձեւերը, հրատարակուած չեն առաւել հետաքրքիր նմուշները:
Ժայռի պէս իր հողում խրուած արցախցին հնուց անտի հողագործութեամբ է վաստակել իր հանապազօրեայ հացը եւ պատահական չէ, որ Արցախը հայկական աւանդական հորովելի նշանաւոր կենտրոններից է. դեռեւս 1890-ական թթ. սկզբին Կոմիտասը ձայնագրել է «Ձիգ տոր, քաշի», իսկ 1900-ական թթ. սկզբին «Հրեն, հրեն թումբումը» հորովելները, որոնք այդ ժանրի բարձրարուեստ նմուշներից են: Արցախը հարուստ է ոչ միայն հորովելներով, այլեւ նուագարանային մեղեդիներով, կենցաղային երգերով (յատկապէս կատակերգեր, ինչպէս՝ Արամ Քոչարեանի ձայնագրած «Նախշուն աքիր» սոցիալական թեմայով կատակերգը. չշփոթել «Նախշուն բաջի» հանրայայտ երգի հետ), մենապարերով, զուգապարերով, խմբապարերով, արեւագալի, լարախաղացի եւ առհասարակ իմպրովիզացիոն տիպի այլ ստեղծագործութիւններով: Օրինակ՝ Սահարին կամ Արեւականչը նուագել են վաղ առաւօտեան, արեւագալից առաջ, երբ յատուկ արարողութեամբ, երգով ու պարով մորթում էին հարսանիքի արջառը («մսացուկը»): Սահարի նուագով էին զոհում բոլոր մատաղացուները (յատկանշական է, որ զոհի արեան մէջ թաթախում էին նոր կողպէք ու բանալի, կողպում, որ չարի ճանապարհը փակուի):
Տեղւոյս ժողովրդի կենցաղում սիրուած ու տարածուած էին երաժշտական ու երաժշտաթատերական հանդիսութիւնները, բացօթեայ ներկայացումներն ու համանման արարողութիւնները՝ լարախաղացների (փահլեւանների), կենդանի վարժեցնողների յանպատրաստի ելոյթները, ժողովրդապրոֆեսիոնալ երաժիշտների եւ աշուղների մրցոյթները, որոնք վերածւում էին ժողովրդական տօնախմբութիւնների, երգի ու երաժշտութեան տօների: Նուագածուների հետաքրքիր ու զարմանալի մի մրցոյթի նկարագրութեան ենք հանդիպում Ս. Մարկոսեանի գրքի էջերում. կոճողոտցի յայտնի զուռնահար եւ քամանչահար Ջումշուդ Վանեանը, ում վարպետութեան համբաւը վաղուց թեւել էր իր հայրենիքի սահմաններից դուրս, իր ծննդավայրում կազմակերպում էր զուռնահարների մրցոյթ՝ հրաւիրելով Արցախում յայտնի երաժիշտների: Մրցոյթը մէկ բացառիկ պայման ունէր՝ հրապարակում փռուած կարպետներին մէջքի վրայ պառկում էին մրցոյթի մասնակիցները, նրանց կրծքին դրւում էր յատուկ այդ նպատակով բերուած ծանր երկանքաքարը, եւ երաժիշտները նուագում էին շնչառութեան գերճիգային լարուածութեամբ՝ չմեղանչելով երաժշտարուեստի դէմ: Յաղթողն ստանում էր 100 ռուբլի դրամական պարգեւ, բայց առաջմղիչ ուժը ո՜չ այնքան նիւթականն էր, որքան ժողովրդի կողմից լաւագոյնը ճանաչուելու եւ գնահատուելու փափագը:
Սա վկայում է այն մասին, որ Արցախը յայտնի էր հայ աշուղական երգի եւ ժողովրդական նուագարանային արուեստների հնագոյն աւանդոյթներով: 18-րդ դարի վերջից իր տասնեակից աւելի ներկայացուցիչներով մեծ համբաւ է վայելել Չիթչեանների աշուղական տոհմը Հադրութի Մեծ Թաղեր գիւղից: Տռնավարզ գիւղից Չփրաղանց տոհմը յայտնի էր իր վարպետ երաժիշտներով, գերդաստանի թառահարներն ու երգիչները, զուռնահարներն ու քամանչահարները Արցախում եւ նրա սահմաններից դուրս յայտնի էին «Չփրաղանց սազանդարներ» ընդհանուր անուամբ: Նոյն գիւղից նուագարանագործ, վարպետ-ուսուցիչ Ասլան Աւետիսեանի շնորհիւ 30-ական թթ. լայն ճանաչում էր վաստակել Աւետիսեանների ընտանիքը: Նրա 12 ուստրերից եօթը ընտրել են երաժշտարուեստի աշխարհը. 1938 թ. Աւետիսեանների ընտանեկան համոյթը հրաւիրուել է Մոսկուա՝ մասնակցելու ընտանեկան համոյթների համամիութենական փառատօնին, որտեղ արժանացել են բարձր գնահատանքի: Այստեղ նրանց կատարմամբ ժողովրդական մեղեդիներ ու պարեղանակներ են ձայնագրուել եւ թողարկուել ձայնապնակների տեսքով: Ընդհուպ մինչեւ 20-րդ դարի երկրորդ կէսը Արցախում տարածուած էին ընտանեկան անսամբլները, որոնք ելոյթներ էին ունենում երկրամասի տասնեակ բնակավայրերում ու նրա սահմաններից դուրս: Օրինակ՝ 30-ական թթ. ներկայիս Ասկերանի շրջանի Արանզամին (Վարազաբուն) գիւղում ստեղծուել է «Հայկազեան» ընտանեկան անսամբլը, որի երկացանկում ժողովրդական ստեղծագործութիւններից բացի ընդգրկուած էին նաեւ խմբի անդամներից հօր՝ Արշակի եւ որդու՝ Վարդանի ստեղծած երգ-պարերը, զուգերգերը, ընտանիքի դստեր՝ Ամալեայի համար յատուկ ստեղծուած մենապարերը: Անսամբլը ելոյթներ էր ունենում Անդրկովկասի հանրապետութիւններում, Հիւսիսային Կովկասում: 30-ական թթ. վերջին ընտանեկան անսամբլի կատարումներից մի քանիսը ձայնագրուել եւ թողարկուել են ձայնապնակներ:
Արցախածնունդ երաժիշտներ, թառահարներ Լազար Տէր-Վրթանէսեանը, Գրիգոր եւ Բալա Մելիքեանները, Արսէն Եարամիշեանը, Լազար Գաբրիէլեանը, Սողոմոն Սեյրանեանը, քամանչահարներ Աւանէս Աւանէսեանը, Արմենակ Ասրեանը (Շուշինսկի), Լեւոն Կարախանեանը եւ շատ այլ հրաշալի երաժիշտ կատարողներ իրենց արուեստով տասնեակ տարիներ կատարելութեան չափանիշ են եղել ոչ միայն Կովկասի, այլեւ հարեւան երկրների այլազգի շատ անուանի կատարողների համար: Անուրանալի է նրանց աւանդը արեւելեան երաժշտարուեստի, յատկապէս նուագարանային մուղամի կատարողական ոճի զարգացման առումով: Այդ վարպետներն ապրել ու ստեղծագործել են՝ շրջապատուած պարսիկ, քուրդ ու թուրք հարեւաններով, հրաւիրուել են նուագելու նրանց հարսանիքներին ու ժողովրդական հանդիսութիւններին, նրանց կազմակերպած մրցոյթներին եւ բազմիցս ապացուցել են, որ պակաս վարպետութեամբ չեն նուագում նաեւ նրանց ստեղծած երաժշտութիւնը:
Յատկապէս Շուշին ոչ միայն Արցախի, այլեւ Անդրկովկասի մշակութային հռչակաւոր կենտրոններից էր, որը գործունէութեան լայն հնարաւորութիւն էր ընձեռում ժամանակի հայ գրականութեան, մանկավարժութեան, երաժշտարուեստի ու թատերարուեստի յայտնի դէմքերին: Հինաւուրց բերդաքաղաքը տարածաշրջանում յայտնի էր ոչ միայն արուեստի գործիչներով, այլեւ առեւտրական տներով ու վարպետ արհեստաւորներով: Նշանաւոր երաժշտագէտ, կոմպոզիտոր Վասիլի (Բարսեղ) Ղորղանեանը իր «Կովկասի երաժշտութիւնը» աշխատութեան մէջ գրում է, թէ «Անդրկովկասին երաժիշտներով ու երգիչներով ապահովում է Շուշին՝ քնարեգութեան, երգ-երաժշտութեան այդ երանելի հայրենիքը: Նա Անդրկովկասի համար ծառայում է իբրեւ կոնսերվատորիա՝ նրան իւրաքանչիւր տարեշրջանի, նոյնիսկ իւրաքանչիւր ամսուայ համար նոր երգեր ու նոր մեղեդիներ մատակարարելով»:
Շուշիում ծնուած կամ արմատներով շուշեցի բազմաթիւ երաժիշտներ անջնջելի հետք են թողել ոչ միայն հայ, այլեւ կովկասեան, եվրոպական, ռուսական եւ միջինասիական ժողովուրդների մշակութային կեանքում. խմբավար, կոմպոզիտոր Եղիշէ Բաղդասարեան, կոմպոզիտոր, երգիչ, խմբավար Դանիէլ Ղազարեան, խմբավար, երգահաւաք, երաժշտագէտ, կոմպոզիտոր Ստեփան Դեմուրեան (դուստրը՝ Թամարա Դեմուրեանը՝ ասմունքող, դերասանուհի), կոմպոզիտոր, Մոսկուայի Մեծ թատրոնի դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշաեւ (33 տարի ղեկավարել է Մեծ թատրոնի նուագախումբը, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, երկու անգամ Փարիզում շահել է «Գրան պրի» մրցանակ, արժանացել Ամերիկեան արուեստների ակադեմիայի մրցանակի), կոմպոզիտոր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Միքայէլ Թարիվերդիեւ, կոմպոզիտոր Էդուարդ Ղազարեանց եւ շատ ուրիշներ, որոնց երաժշտահունց էութիւնը այս հող ու ջրի ծնունդ է…
Արցախ աշխարհին փառք են բերել ոչ միայն հմուտ երաժիշտները, այլեւ ինքնուս երգահաններն ու երաժիշտ կատարողները: Աւելին, դեռեւս անցեալ դարի առաջին տասնամեակներին Արցախում գիւղեր կային, որոնք յայտնի էին որպէս երաժիշտների բնօրրաններ: Երաժշտագէտ, բանահաւաք Ս. Մարկոսեանն առանձնացնում է Կոճողոտ, Սխտորաշէն, Շոշ, Վարազաբուն (Արանզամին), Բերդաշէն, Քերթ, Նորշէն, Թաղավարդ եւ այլ գիւղեր: Այստեղ տեղացի անուանի վարպետները կազմակերպում էին պատանի երաժիշտների անվճար խմբեր, որոնց փոխանցում էին ոչ միայն իրենց երաժշտարուեստի իրենց գիտելիքներն ու հմտութիւնները, այլեւ հաղորդակից դարձնում նուագարանագործութեան գաղտնիքներին, ստեղծում առաջնակարգ, գեղեցիկ ու մաքուր հնչերանգներով երաժշտական գործիքներ: Արցախցի վարպետների պատրաստած նուագարանները բարձր են գնահատուել Անդրկովկասում, Միջին Ասիայում, Մերձաւոր Արեւելքում, Հիւսիսային Կովկասում եւ այլուր: Բանահաւաքի վկայութեամբ՝ Շուշիում յայտնի երաժիշտների ու գործիքագործ վարպետների համբաւ էին վայելում Արտեմը, Կարապետը, Արսէնը, Աթան, Կոստին, Սեւին, ովքեր «համերգային հարթակներ էին հանում շնորհալի, ժողովրդական նուագարանների վիրտուոզ կատարողների»: Նրանք արցախեան նուագարանային արուեստը յաջորդ տասնամեակներին հասցնում են կատարելութեան աստիճանի: Ղարաբաղեան ոսկեշող թթենուց պատրաստուած նուագարաններ՝ յատկապէս թառեր ու քամանչաներ, կարելի էր տեսնել Միջին Ասիայի բոլոր հանրապետութիւններում, Թուրքիայում, Իրանում, Իրաքում, Յունաստանում, Յորդանանում եւ այլուր:
Բնական է, որ Արցախում նուագարանագործութեան բարձր մակարդակը մի իւրայատուկ խթան պիտի դառնար ժողովրդական-աշուղական երգարուեստի զարգացման համար: Սրանք սերտօրէն փոխկապակցուած էին իրար, քանի որ շատ յաճախ էր երաժիշտ կատարողը դիմում երգարուեստին: Աշուղական արուեստը մէկտեղում է խօսքը եւ մեղեդին, ասել է թէ՝ բանաստեղծ է եւ երգիչ-երգահան: Այսինքն՝ նա օժտուած է մի շարք ձիրքերով՝ խօսք յօրինելու, խօսքին համահունչ երաժշտութիւն յօրինելու, երգելու եւ նուագակցելու: Սակայն պէտք չէ այն նոյնացնել վաղ շրջանի մեր վիպասանների ու գուսանների արուեստին, որը հայ ազգային ինքնատիպ արուեստ է: Որոշ վերապահումներով կարող ենք ասել, որ աշուղական արուեստը շարունակութիւնն է գուսանականի, բայց միանգամայն տարբերւում է նրանից իր տաղաչափական առանձնայատկութիւններով, ոճային ինքնուրոյնութեամբ եւ յաճախակի հանդիպող ոչ հայկական բառերով ու կեղծանուններով: Սկզբնաւորուելով ուշ միջնադարում՝ աշուղական արուեստն անխուսափելիօրէն կրել է արաբական ու պարսկաթրքական ազդեցութիւններ թէ՛ ձեւի, թէ՛ բովանդակութեան առումով: Բնականաբար, հայ աշուղները, յետագայում հետեւելով ազգային զգացողութեանը, հայերէնի շեշտադրութեան ու հնչիւնախօսութեան իւրայատկութիւններին՝ մաքրուել են օտար ազդեցութիւններից: ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» աշուղական վաստակաւոր անսամբլի ղեկավար, բանասիրական գիտութիւնների դոկտոր, աշուղագէտ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պօղոսեանը նախանձախնդիր վերաբերմունք ունի գուսան եւ աշուղ եզրոյթների հանդէպ: Նա յատկանշում է, որ երկուսն էլ փոխառութիւններ են, գուսանը՝ պահլավերէնից, աշուղը՝ արաբերէնից: Գուսանական արուեստը հայոց հնագոյն մշակութային շերտն է, իսկ աշուղական արուեստը ուշ միջնադարի ծնունդ է: Երկուսն էլ առնչւում են երգարուեստին, բայց գուսանական երգերն ազատ ոճի երգեր են, իսկ աշուղականը՝ «կանոնիկ, թրծուած, տաղաչափական օրէնքներին ենթարկուող»։ Աշուղագէտի խօսքով՝ միջնադարից ցայսօր այս երգատեսակի յօրինողները աշուղներ են եւ ոչ թէ գուսաններ՝ չնայած անցեալ դարի կէսերին ստեղծագործած մի շարք աշուղներ վերանուանուել են գուսանների: ՀՀ ժողովրդական արտիստ, մեծանուն երգիչ Շարա Տալեանն առաւել բծախնդրօրէն է վերաբերւում հարցին. նրա համոզմամբ՝ արեւելահայութեան որոշ մասի մէջ, հետեւաբար նաեւ Արցախում առաւել տարածուած է եղել սազանդարա-աշուղական արուեստը: Այս ուղղութեան ներկայացուցիչները պահում են աշուղականի արտաքին յատկանիշները՝ տեքստ եւ մեղեդի են յօրինում, անձամբ իրենց երգերը կատարում, երգի վերջին տան մէջ յիշատակում իրենց կեղծ կամ իսկական անունը: Աշուղական արուեստի ներքին բովանդակութիւնը նրանք մոռացել են. «չգիտեն տաղաչափական կանոնները, չեն օգտւում, թէկուզ մասամբ, աշուղական մեղեդիներից» (Շ.Տ.):
Անդրադառնալով Արցախեան աշուղական արուեստի նուիրեալներին՝ հակիրճ ներկայացնենք մի քանիսին: 19-րդ դարի հայ աշուղների շարքում կայ մի երեւելի անուն՝ աշուղ Ռուստամ (Առուստամ Բեջանեան): Նրա երգերի դաւթարները պահպանուել են աշուղի ծննդավայրում՝ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գիւղում, որտեղ նա գրաճանաչ է դարձել: Աշուղութեամբ զբաղուել է հասուն տարիքում: Շրջագայել է Արցախի եւ շրջակայ հայկական ու ադրբեջանական գիւղերում, Դաղստանում, Պարսկաստանում, մասամբ նաեւ Թուրքիայում: Մրցել է բազմաթիւ աշուղների հետ, շատերին է յաղթել ու փառքով պսակել իր անունը: Ստեղծագործել է երեք լեզուով՝ հայերէն, ադրբեջաներէն, պարսկերէն: Տարածուած են եղել սոցիալական անարդարութեան դէմ ստեղծած եւ խոհախրատական բնոյթի երգերը: Գիւղի գերեզմանատանը պահպանուել է նրա տապանաքարը, մահացել է 1900թ. 85 տարեկան հասակում: Համագիւղացիների վկայութեամբ՝ նա զբաղւում էր դերձակութեամբ. գերեզմանաքարի վրայ աշուղի սազի հետ միասին քանդակուած է նաեւ դերձակի մկրատ:
Աշուղ, թառահար Խաչատուր Պօղոսեանը ծննդով Ճարտար գիւղից էր: 19-րդ դարի վերջին Շուշիի թեմական դպրոցի աւարտական դասարանի սանը հիւանդացել էր ծաղկախտով եւ կուրացել: Տղան աչքի էր ընկնում բանաստեղծական ձիրքով ու հաճելի ձայնով եւ ընդգրկուած էր թեմականի աշակերտական երգչախմբում: Թեմական դպրոցի տնօրէնութեան կողմից տրուած աւարտական վկայականը չէր կարող փարատել նրա վիշտը: Հողագործ հայրը որդու համար սազ էր գնել՝ փորձելով վանել ճակատագրի դաժան հարուածը եւ ցրել նրա միտքը տխուր խոհերից: Շատ արագ տիրապետելով նուագարանին՝ նա սկսել է իր իսկ բանաստեղծութիւնների համար մեղեդիներ յօրինել: Շուտով ինքնուրոյն սովորել է քամանչա նուագել, իսկ հադրութցի վարպետ Մարգարայի շնորհիւ տիրապետել է նաեւ թառին, որից անբաժան է մնացել մինչեւ կեանքի վերջը: 1910-ական թթ. Խաչատուրն արդէն յայտնի դէմք էր Բաքուի մշակութային կեանքում, ելոյթներ էր ունենում բարեգործական համերգներին, կատարում իր ստեղծած երգերը, նուագակցում երգիչներին: 1918թ. աշնանը մասնակցել է Մոսկուայում կազմակերպուած Արեւելեան երաժշտութեան համերգներին, աչքի ընկել իր նուագով ու սեփական երգերի կատարումներով: Համերգի կազմակերպիչներից նա որպէս նուէր է ստացել սադափանախշ մի թառ եւ արժանացել դրամական պարգեւի: 20-ական թթ. նա նորից Բաքւում էր, հանրապետական ռադիոհաղորդումների խմբագրութեանը կից ստեղծուած ժողգործիքների նուագախմբում՝ որպէս երաժիշտ մենակատար: Այդ տարիներին նա ստեղծել է իր լաւագոյն երգերը՝ հիմնականում սիրային թեմայով: 1930թ. կոյր քամանչահար, Արցախում յայտնի երաժիշտ Արսէն Սաղեանի հրաւէրով նա սկսել է աշխատել Մարտունիում գործող ժողնուագարանների խմբում, որի կազմում ելոյթներ է ունեցել ոչ միայն Մարտունում, այլեւ Արցախի բազմաթիւ գիւղերում, ժողովրդական հանդիսութիւններին ու հարսանիքներին:
Արցախում ճանաչուած աշուղի համբաւ էր վայելում նաեւ վերը յիշատակած կոյր երաժիշտ Արսէն Սաղեանի հայրը՝ Մուշկապատ գիւղից աշուղ Պօղոսը, ով բախտի քմահաճոյքով նոյնպէս կոյր էր եւ առաւել յայտնի էր աշուղ Պուղի անունով: Ծաղկախտը չէր խնայել երկուսին էլ: Ծանր ու դժուարին կեանք է ունեցել աշուղը, աչքերի լոյսին փոխարինել է մատների ճարտարութիւնը. փայտից նրա սարքած կենցաղային իրերը՝ նախշազարդ օրորոց, խմորի տաշտ, սանդերք ու ճախարակ, իւրաքանչիւր տան զարդը կարող էին համարուել: Շուտով վարպետը ձեռք զարկեց նաեւ նուագարանագործութեանը, ինքնուրոյն տիրապետեց թառին ու սազին, քամանչային ու շուիին: նուագը երգ էր դառնում, եւ նա յօրինում էր երգեր սիրոյ ու կարօտի, խոհախրատական, արցախեան բարբառով զուգերգեր, կատակերգեր:
Ժողովրդի լեզուով իմաստախօսելու, երգչի ու երգահանի ակնյայտ ձիրքով էր օժտուած արցախցիների կողմից շատ սիրուած Գուսան Բագրատը (Բագրատ Աւետիսեան): Ծնուել է 1915թ. Ճարտար գիւղում: Վաղ մանկութիւնից կորցնելով հօրը՝ 30-ական թթ. նա յայտնուել է Լենինականի (Գիւմրի) մանկատանը, որտեղ նա արցախեան բարբառով գրել է իր յայտնի «Դերունց ծորումը» երգը: Տեքստն ու երաժշտութիւնն այնքան համահունչ են, որ խօսում են նրա ակնյայտ երաժշտական ձիրքի մասին: Ոգեւորուած առաջին յաջողութիւններից՝ նա հիւսում էր մէկը միւսից գեղեցիկ երգեր, որոնք ինքն էլ կատարում էր: 1936թ. նա տեղափոխուեց Երեւան եւ տեղի Ժողովրդական ստեղծագործութեան տան ուղեգրով համերգներով հանդէս եկաւ Հայաստանի գիւղերում ու քաղաքներում: Նրա քնարի ամենաթրթռուն լարը սիրոյ երգերը դարձան, որոնք գրաւում էին ունկնդրին յուզաշխարհի խորունկ շերտերով ու ապրումների բացառիկ անկեղծութեամբ: Մեծ Հայրենականի տարիներին նա մեկնեց ռազմաճակատ՝ իր հետ տանելով իրենից անբաժան նուագարանը (նուագել է թառ եւ մանդոլին): Խրամատներում ծնուած մարտական երգերով նա ուժ ու կորով ներշնչեց զինուորներին՝ նրանց սրտում արթուն պահելով խաղաղ օրերի ու հայրենի եզերքի անմար կարօտն ու փափագը, իսկ նրա «Բժիշկ, դեղ դիր վէրքիս» երգն այն տարիների ամենատարածուած երգերից էր: Պատերազմից յետոյ սիրուած երգահանի քնարը հարստանում է նոր շեշտերով ու թեմաներով, որոնց շարքում առանձնանում են Արցախ-Ղարաբաղը փառաբանող երգերը: 1946-ին ժողովրդական ինքնագործ խմբերի համահայաստանեան ստուգատեսում նա արժանացել է յատուկ մրցանակի: Իր ապրած կեանքի ու թողած գործի լաւագոյն բնութագրութիւնը տուել է հէնց ինքը «Գուսանը» երգում.
«Ժողովրդի հետ է միշտ,
Հոգով շիտակ, խօսքով ճիշտ,
Երգում է խինդ, սէր ու վիշտ,
Ջինջ աղբիւր է գուսանը»:
50-60-ականների սերունդը քաջածանօթ էր վարպետի երգերից շատերին, դրանք տարածուած ու անչափ սիրուած են եղել ու հնչել են ոչ միայն համերգային բեմերից, այլեւ մտերմիկ հաւաքոյթներում ու հարսանիքներում («Ով ինչ գիտէ», «Մի վարդ ես», «Որ ասում եմ», «Կարօտ», «Ընկերացու», «Հերոս Անդրանիկ», «Հարսանիքի երգը»):
1950-ականների յետպատերազմեան Ստեփանակերտում երգի ու երաժշտութեան սիրահարների շրջանում ճանաչուած անուն էր թառահար, ինքնուս երգահան Սերգէյ Մովսիսեանը: Ընդգրկուելով Կոյրերի ընկերութեան մարզային բաժանմունքին կից գործող գեղարուեստական ինքնագործ խմբում՝ երաժիշտը մասնակցել է կոլեկտիւի համերգային շրջագայութիւններին Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում, արժանացել հանդիսատեսի ջերմ արձագանքին: Ուշագրաւ է, որ համերգային ծրագրերի մաս էին կազմում Ս. Մովսիսեանի հարիւրից աւելի երգերը, նրա հանելուկներն ու քառեակները, յաջողուած պարեղանակները: Նրա բանաստեղծութիւններն ու հանելուկները տպագրւում էին մարզային ու հանրապետական թերթերում: 100-ից աւելի երգերը հեղինակային կատարմամբ ձայնագրուել ու պահպանւում են հարազատների արխիւում, իսկ մի մասը ԼՂԻՄ երգի-պարի պետական համոյթի հիմնադիր, կոմպոզիտոր Տելեմաք Տէր-Աւետիսեանի կողմից յանձնուել է ՀԳԱ արուեստի ինստիտուտի ձայնադարանին:
Մերօրեայ աշուղներից է աշուղ Ապան՝ Մարտակերտի շրջանի Չլդրան գիւղում ծնուած Ժորա Շէկեանը: Ապրում եւ ստեղծագործում է Երեւանում, մասնագիտութեամբ քարտէզագիր-գէոդէզիստ է: Ստեղծագործում է երիտասարդ տարիքից, երգեր սկսել է գրել հասուն տարիքում: 2003թ. «Սայաթ-Նովա» աշուղական միութեան կողմից ձեռնադրուել եւ ստացել է աշուղ-վարպետի կոչում: 2004-ին լոյս է տեսել նրա «Զարմանք ես, աշխարհ» ժողովածուն:
Արցախեան երգարուեստի փայլուն գոհարներ է ստեղծել անուանի բանաստեղծ Գուրգէն Գաբրիէլեանը, ով յայտնի է նաեւ որպէս երգահան, ժողովրդական երգերի յայտնի կատարող: Նրա արեան մէջ խորն են հայ մելոսի արմատները. «Տատս՝ Սոնան, գուսան էր, քեռիս նոյնպէս: Մայրս՝ Զարուհին էլ, որ Խաչէնի հովտի գիւղերում յայտնի ողբասացի համբաւ ունէր, սրա-նրա վրայ երգեր էր կապում ու երգում: Չեմ սխալուի, եթէ ասեմ, որ երգարուեստի հանդէպ սէրս (ինչ ասել կ՚ուզի՝ նաեւ ձայնս) գալիս է ծնողներիցս», խոստովանում էր բանաստեղծ-երգահանը: Նրա հանրայայտ «Ըրկանքէն երգը», «Հացթուխ կընգանը երգը» ստեղծագործութիւնների հիմքում եւս ընկած են մօր յօրինած տեքստերը: Ժողովրդական մտածողութեան բիւրեղացած խտացումներ են դրանք, որոնք իրենց տեսակի մէջ պարզ, գուցէ ինչ-որ տեղ նաեւ պարզունակ յօրինուածքներ են, բայց առանձնանում են բանաստեղծական «գիւտերով»: Նրա երաժշտահունց էութիւնը նորովի բացայայտուեց Արցախեան շարժման տարիներին: Այդ օրերին ծնուեցին եւ միանգամից համաժողովրդական սէր վայելեցին նրա Ղարաբաղեան շարքի երգերը՝ «Խընեցուն երգը», «Հորովել», «Կալին երգը», «Այանէն երգը», «Հընգերէն երգը»…
2003-ին հրատարակուած «Ղարաբաղի հորովել» երգերի ժողովածուն չորս խորագրերի ներքոյ ամփոփում է բանաստեղծի երաժշտական ժառանգութիւնը: Ժողովրդական բարբառով ստեղծուած «Արցախական» շարքը բացւում է նշանաւոր «Ղարաբաղի հորովել»-ով, որին յաջորդող երգերում աւանդական Արցախի պատկերն է՝ նահապետական դժուար կենցաղով, արեւածագից մայրամուտ տեւող ուժասպառ աշխատանքով ու հոգսաշատ առօրեայով: Միւս երեք շարքերի («Հայրենական», «Քնարական» եւ «Եղբայրական») երգերը գրուած են գրական հայերէնով՝ համեմուած ժողովրդական բառուբանի հիւթեղ պատկերներով: Իսկ վերջին՝ «Եղբայրական» շարքն առանձնանում է նախորդներից իր բնոյթով. այստեղ առաւելապէս վառ է դրսեւորուած Գ. Գաբրիէլեան-երգահանի տաղանդը: Իր գրչակից ընկերներին եղբայրական ձեռք է մեկնել բանաստեղծը՝ նրանց ստեղծագործութիւնները վերածելով երգի: Իր հեղինակած երգերի հետ, այստեղ ներառուած են նաեւ Վ. Յակոբեանի, Հ. Բեգլարեանի, Ս. Խանեանի, Եու. Սահակեանի, Վ. Օվեանի եւ արցախցի այլ բանաստեղծների տեքստերով ստեղծած երգերը: Աշուղագէտ Շաւիղ Գրիգորեանն ընդգծում էր, որ չունենալով երաժշտական մասնագիտական կրթութիւն, բայց տիրապետելով ժողովրդական մի քանի գործիքների, նա ստեղծել է հայ ժողովրդական մելոսի նորմերի վրայ ձեւուած երաժշտութիւն, «որի լաւագոյն կատարողը թերեւս ինքն էր»: Բարձր գնահատելով երգիչ եւ երգահան Գ. Գաբրիէլեանի երաժշտարուեստը՝ աշուղագէտը գրել է. Որպէս արուեստագէտ՝ ոչ միայն արցախեան, այլեւ համահայկական երեւոյթ է՝ իր բազմաժանր եւ շատ կողմերով ուշագրաւ գեղարուեստական ժառանգութեամբ»:
Անդրադառնալով արցախեան հատուածի պրոֆեսիոնալ-ժողովրդական երգարուեստին՝ նշենք, որ Արցախեան ազատագրական շարժման հետ կապուած՝ վերակենդանացան ազգային-հայրենասիրական երգերը: Այդ տարիներին լայնօրէն տարածվեցին ոչ միայն Անդրանիկին, Աղբիւր Սերոբին, Գեւորգ Չաուշին, Դրոյին նուիրուած երգերը, այլեւ ստեղծվեցին նորօրեայ հերոսներին փառաբանող բազմաթիւ երգեր: Ասել է թէ՝ անսպառ է հայ երգի ժողովրդական ակունքը՝ ոսկէ երակը հայոց մելոսի:
Ստեփանակերտ