ԿԱՐԱՊԵՆՑ-ՍԱՐՈՅԵԱՆ ԳՐԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹԻՒՆՆԵՐ

ՆԱՆԱՐ ՍԻՄՈՆԵԱՆ

Արցախի Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախօս

Գրական իր կեանքի առաջին տասնամեակում Սարոյեանը գրել է մի քանի հարիւր պատմուածք, որոնց մեծ մասն ամփոփուել է տասից աւելի ժողովածուներում։ Սարոյեանը յատկապէս կարճ պատմուածքի, նորավէպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողութեան հետ սերտօրէն կապուած սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչեղութիւն ունեցող մարդասիրական բարոյեական մոտիւներ, պատումի նոր ձեւեր, քնարականութեամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականութիւն եւ ճշմարտացիութիւն, պատկերների ու կերպարների գունագեղութիւն։ Սարոյեանի գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային աւանդոյթներով ու բարքերով։ Հայրենիքի մոտիւը, ինչպէս եւ նրա դարաւոր աւանդոյթները պահպանող մարդկանց կերպարները հակադրւում են ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին։ Իրականութեան հետ նոյնպիսի յարաբերութեան մէջ են «տարօրինակ» ու ձախորդ մարդկանց Սարոյեանական կերպարները ու յատկապէս մանուկների եւ պատանիների տպաւորիչ կերպարները։ Դրանք համաշխարհային գրականութեան մէջ մտել են որպէս հոգու մաքրութեան խորհրդանշան։ Իրականութեան եւ երազանքի հակադրութեան, անհատի ներքին ազատութեան եւ հոգեւոր գեղեցկութեան, սիրոյ եւ բարու հաստատման մոտիւներն են մարմնաւորուած Սարոյեանի արձակում, որոնք հետաքրքրական լուծում են ստացել նաեւ նրա դրամաներում («Իմ սիրտը լեռներում է»), «Կեանքիդ ժամանակը», «Քարանձաւի մարդիկ», «Հէ՜յ, ո՞վ կայ այդտեղ», «Կոտորածն մանկանց», «Խաղողի այգին» պիեսները։ Ե՛ւ Սարոյեանը, ե՛ւ Կարապենցը յաճախ ստեղծագործական դաշտում ներգրաւել են ծագումով օտար կերպարների՝ «անծանօթ հոգիների»։ Նրանց հերոսներն «օտարութեան» տառապանքը կիսող մարդիկ են՝ անկախ ազգութիւնից, սակայն մի էական չափով՝ հայկական բնաւորութեան գծերով:
Յ. Կարապենցը գնահատել է Ո. Սարոյեանի վաստակը բացառիկութեան թելադրանքով. «Ֆրէզնոյի մեծագոյն ու անառարկելի արքան մնում էր Ուիլեամ Սարոյեանը — Գրչի Թագաւորը, որը ոչ միայն հաիւթեանը ճանաչում պարգեւեց ժողովուրդների այս հոծ խառնարանում, այլ նաեւ Ֆրէզնոյի անունը դրեց քարտէսի վրայ: Իսկ աւելի լայն առումով՝ Սարոյեանն էր, որ Հաեաստանի մարմինն ու ոգին դրոշմեց համաշխարհային գիտակցութեան անջնջելի պաստառի վրայ»(1):
Մեզ թոյլ տանք խորանալ Կարապենց-Սարոյեան այն տարբերիչ գծերի վրայ, որոնք նկատուել են մերօրեայ գրական խաչուղիներում։ «Կարապենցը մեր հայատառ Սարոյեանն էր, որոշ չափով, անշուշտ, որուն անձին ու գրականութեան քաջածանօթ էր ու միշտ հիացումով կը խօսէր…,— նկատում է արձակագիր Մարգար Շարաբխանեանը: — Բայց Կարապենց կեանքին մէջ արկածախնդիր չէր եղած Սարոյեանի նման։ Մեր խորաթափանց գրողն էր ան՝ առանց «տէրվիշական» ու հպանցիկ դրսեւորումներու, ինչպէս եղած էր Սարոյեան իր բովանդակ կեանքին ու ստեղծագործութեանց մէջ»(2)։ Սարոյեան-Կարապենց գրական առնչութիւնների ծալքերը փորձում է բացել Հր. Թամրազեանը։ Բանն այն է, որ Ո. Սարոյեանը Յ. Կարապենցին շարունակ յորդորում էր «բացուել» ընթերցողին անգլերէն, քանի որ հայերէն կարդացողները քիչ են։ Այս առումով արժէ նկատել գրող եւ հրապարակագիր Մարգար Շարաբխանեանի գրական «յիշողութիւնը». «Կարապենց, ճիշդ է որ ամերիկեան մամուլին մէջ փորձեր կատարած էր՝ օրուան պատշաճ քրոնիկներ ու կարճ պատմուածքներ ուղարկելով անոնց։ Իսկ Համաստեղ, որուն հանդէպ (Յ. Կարապենց —- Ն.Ս.) մեծ հիացում ունէր, անընդհատ ու բուռն կերպով կը թելադրէր, Կարապենց շուտով անդրադարձաւ, թէ ինք հայ գրող էր, եւ թէ ամերիկեան գրականութիւնն իրեն պէտք չունէր, եւ ոչ ալ ինք ամերիկեան գրականութեան»(3)։
Երկու գրողներին ստեղծագործական դաշտում մերձեցնում է մարդկայինի տեղը ճշտորոշելու անդուլ պայքարը, ուր պատրաստի պատասխաններ չկան։
«Մարդկայինի տեղը ճշտորոշելու անդուլ գերխնդիրը», իբրեւ գեղարուեստական յանձնառութիւն, փոխում է Յ. Կարապենցի քննութեան ազգային անկիւնագիծը դէպի մարդն առհասարակ, եւ նա էլ Ուիլեամ Սարոյեանի նման դառնում է իր գրականութեան հաւաքական հերոսը՝ լինի ամերիկացի թէ հայ, արաբ թէ թուրք, ինչը որեւէ նոր բան չի փոխելու հարցադրումների ուղղութեան մէջ: Այդտեղ ազգային գերակայութիւն կամ գնահատութեան զեղչում չէք գտնի։
Ամերիկեան, արդէն կրկնակի օտարութեան մէջ է ապրում ու տառապում Կարապենցի «Որեւէ տեղից մինչեւ այստեղ» պատմուածքի հերոս Արտաւը, ով իր ողբերգականութեամբ ու մահով շատ նման է Ուիլեամ Սարոյեանի «Հէ՜յ, ով կայ այդտեղ» մէկ գործողութեամբ դրամայի հերոսներին: Արտաւը ծնունդով Էջմիածնից է, ապրել է Երեւանում, կնոջ եւ զաւակի հետ աքսորուել Սիբիր, ապա բռնել պանդխտութեան նոր ճամբան՝ դէպի Ամերիկա: Եկել է, բայց դա իր վերջնական հանգրուանը չէ։ Մենութեան խորհուրդը նրան մերձեցնում է Ուիլեամ Սարոյեանի «Հէ՜յ, ով կայ այդտեղ» դրամայի հերոսներին, ինչի յուշարար բանալին կարծես երկուսի խորագրերի նմանութիւնն է։
Ասես Ո. Սարոյեանի աշխարհից «իջած» Արտաւը յստակ լսում է հողի տնքոցը եւ իր հետ զրոյցի բռնուած գրողին հարցնում, թէ արդեօք վերջինս զգո՞ւմ է այդ տնքոցը: «Մի՞թէ հոգիների տնքոցը բաւական չէ», («Անծանօթ հոգիներ», էջ 61),- հետեւում է «Սարոյեանական» պատասխանը: Հարցադրումը մեզ ակամայ տանում է դէպի Համաստեղի «Միջոն», որի հերոսը նոյնպէս ապշում էր հողի ներսից եկող եւ իրեն հասանելի ձայների արձագանքից:
Արթնութեան ոգին ընդհանուր ելակէտ է Յակոբ Կարապենցի «Վերջին կայարանը» եւ Ուիլեամ Սարոյեանի «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը» պատմուածքներում։
«Վերջին կայարանը» պատմուածքում Կարապենցը գրեթէ չարենցեան տիպի «ազգային երազ»-երազանքի յաճախանքն ապրում է պատանի Վաչիկ Արամեանի շնորհիւ: Վաչիկի համար Երեւանը հրապոյր է, ձգողական կոյր ներուժ, արեան հեռակայ թուացող վազք։ Ժամանակին ծնողների գորովագութ պատմութիւնները Հայաստանի, Արարատ-Մասիսի ու Արաքսի մասին այնքան էին բորբոքել տասնամեայ պատանու երեւակայութիւնը, որ նա համոզում է սեւամորթ ընկերոջը, որի անունը շարունակուող երազի յանդուգն ու հեգնական տրամաբանութեամբ Ջորջ Վաշինգտոն էր, թռցնել «մինչեւ վերջին կայարան» նշումով երկու տոմս, անցնել կամուրջներ ու ծովեր, հասնել հեքիաթի Երեւան: Բայց գնացքը պատանիներին հասցնում է ընդամենը «վերջին կայարան», ոչ աւելին: Երազն աւարտւում է ամերիկեան տիրական ռեալութեամբ, բայց առանց ցնցումի, առանց փիլիսոփայական գունաւորումի։ Նրանք հասել են Ջեֆերսոն, — ըստ Յ. Կարապենցի՝ «Հայկական Ամերիկայի» գեղարուեստական միջնաբերդը, — այստեղից զանգահարել են հայ պատանու մօրը, որ գայ զաւակի ետեւից. արկածն աւարտուած է, տառապանքը՝ յաղթահարուած։ Սակայն Երեւանը մնում է այդպէս էլ «չնուաճուած»։
Թախիծը հազարաւոր մղոններ կտրելու տարածական պատրանք է ձեւաւորել, բայց այն աւելի է թանձրանում, երբ չենք յաղթահարում միջքաղաքային տարածքներ բաժանող սրտերի հանգրուանները։ Դա բխում է Յ? Կարապենցի առաջին ժողովածուի՝ ընդհանուր առմամբ հայրենական կարօտի կսկիծը խորքերում թաքցնող հերոսների ընդհանրական դարձած վարքագծից, որոնք որոնում են իրենց այսքան բարդ Նոր Աշխարհում ու այդպէս էլ չեն գտնում, քանի որ թաքցնում են իրենց անհանգրուան ներաշխարհը, երբ փորձում են ամերիկեան գրամշակութային աշխարհի հետ համընթաց քայլել։ Ուղղակի Յ. Կարապենցը հայ ընթերցողի վախուորած ականջին փորձում է հասցնել նրանց անկարեկիր հառաչանքի չերեւացող նստուածքների ծանրութիւնը։
Ամերիկեան այս գողտրիկ նիւթը հաճելիօրէն հիշեցնում է Ուիլեամ Սարոյեանի՝ անհամեմատ վաղ գրուած նշանավոր «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը» պատմուածքը՝ «Իմ անունն Արամ է» ժողովածուից, ուր պատանեկան խանդավառութեան նոյն ազգային խորքն է՝ հպանցիկ, բայց հետք ձգած սիւժետային կառուցումով։ Ո. Սարոյեանի պատանիներին յաջողւում է գրաստ դարձած ձիու առաւօտներին տենչ հաղորդել, այն, ինչ ենթագիտակցօրէն իրենց ռունգերում է, իրենց հայկականութեան խորքերում։ Ենթագիտակցական է նաեւ Յ. Կարապենցի պատանու հայկականութեան հաստատման նոյնքան բորբոք քայլը, բնազդներն են առաջնորդում նրան, նախորդ սերնդից մնացած կոչնակները, որոնց ակամայ արձագանքում է որդին՝ վաղը զտարիւն ամերիկացի դառնալու ճանապարհին։
Գրականագէտ Դ. Գասպարեանը բարձր գնահատելով Կարապենցի «Վերջին կայարանը» պատմուածքը, առաջարկում է այն զետեղել Հայաստանի հանրակրթական հիմնական դպրոցի գրականութեան դասագրքերում` «…դրանով իսկ Յակոբ Կարապենցի համար էջ բացելով գրականութեան ուսուցման մեր ծրագրերի մէջ»(4): Պահանջը, թւում է, տեղին է, միայն պիտի նկատի ունենալ ամերիկեան միջավայրի երկու խոշոր արձակագիրներ Ո. Սարոյեանի եւ Յ. Կարապենցի գրական նիւթի մատուցման միասնական եղանակը. եթէ խօսքն աշակերտների մէջ ազգային հպարտութեան ձեւաւորման պահանջն է, ապա աւելի նախընտրելի է համադրական քննութեան մէկ պատուհանը, որով հնարաւոր է դառնում հայրենիքի տեսլականը ներկայացնել անմիջական շնչով։
Յուշագրութեան պատմավաւերական հպանցիկ, բայց տպաւորիչ կնիք ունեցող «Ո՞ւր մնացին սասունցիները» պատմուածքում Կարապենցը ներկայացնում է Անդրանիկի երբեմնի զինուոր, Սասունի ապստամբութեան մասնակից Սարգսի ամերիկեան «անշուք» օրերը։ Նրա աչքի առաջ թուրքերը խոշտանգել են կնոջը, սրախողխող արել երկու մանկահասակ տղաներին: Նա առաջին ալիքի տարագիրների շարքը լրացնում է իբրեւ «Ֆըրսթ Նաշընըլ» դրամատան դռնապան, բայց շարունակում է մնալ Մշոյ դաշտում՝ հողագործի իր աշխատանքի պատրանքին: Դրամատունն ովկիանոսից այն կողմ միայնակ, բայց երբեք չխեղճացող սասունցուն նուիրել էր տնամերձ տարածք, որն ինքը տարիների ընթացքում շէնացրել է՝ գրքերի, քարտէզների շնորհիւ վերակերտելով Հայաստանի պատկերը՝ զոյգ Արարատներով, Զուարթնոցով, Սուրբ Էջմիածնով, Արաքսով, Անիի մայր տաճարով, Օշականով, Մաշտոցի կիսանդրիով, Աղթամարով, Երերոյքով ու, անտարակո՛յս, Երեւանով, նրա շէնշող լոյսերով:
«Սասունցի Սարգիսը կառուցում էր, որպէսզի աշխարհը շէն մնայ, որպէսզի մարդն այլեւս մարդուն վատութիւն չանի: Թէեւ նա ամբողջութիւնը չէր կռահում, սակայն գիտէր, զգում էր, որ մի տեղ մի բան խարխլել է, որ ինքն ու իր ցեղը ինչ-որ անասելի անդոհանքից են անցել» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 119-120)։ Որքա՜ն համահունչ է «մի տեղ մի բան խարխլել է» տողը սարոյեանական նշանաւոր՝ «Ես ոչ մէկի անունը չեմ տալիս, պա՛, բայց ինչ-որ տեղ մի բան սխալ է…»(5) արտայայտութեանը «Իմ սիրտը լեռներում է» աշխարհահռչակ դրամայից: Նոյնակարգ դատողութեան մենք հանդիպում ենք Կարապենցի «Արեւոտ առաւօտների կարօտը» թաւրիզցի հայերի ջեֆերսոնեան կեանքի մասին պատմուածքից, որի հերոսը՝ մեծահարուստ Նիկողոս Մուրադխանեանը, չէր հաշտւում, որ իր յիշողութեան մէջ թարմ ու մնայուն են «…թաւրիզեան սպիտակ օրերը…, երբ կեանքն այնքան լի էր երազներով ու խոստումներով։ Մի՞թէ աւելի լաւ չէր լինի Թաւրիզում չոր հաց ուտել եւ հայ մնալ, քան գալ այստեղ ոսկիների վրայ նստել ու մի պատառ հայութեան կարօտը քաշել։ Չէ՛, մի տեղ հիմքում մի բան խարխլել է», — եզրակացնում է եօթանասունին մօտեցող ծերունին («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 221)։ Այս վերջին օրինակը ցոյց է տալիս, թէ Ո. Սարոյեանը որքան խորն է նստած Յ. Կարապենցի ստեղծագործական ներքին շերտերում։

ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Կարապենց Յ., Երկու աշխարհ…։– Տե՛ս՝ գրողի «Սարոյեանը՝ մասամբ ներհայեցողութեամբ» ծրագրային փորձագրութիւնը, էջ 159-160:

2 «Հորիզոն գրական», մայիս 2017, թիւ 5 (393), ԼԳ. տարի, էջ 9-10։

3 Անդ, էջ 10։

4 Գասպարեան Դ., Հայ գրականութիւն, գիրք երկրորդ, էջ 259:

5 Սարոյեան Վ., Ընտիր երկեր` չորս հատորով, հ. 2-րդ — պիեսներ, պատմուածքներ, Եր., «Սովետական գրող», 1987, տե՛ս՝ էջ 39 եւ էջ 42։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *