ԱՐՑԱԽԵԱՆ ԾԱԳՈՒՄՈՎ ԵՐԿՈՒ ԳՈՐԳԻ ՄԱՍԻՆ (Բ.)

ԱՇԽՈՒՆՋ ՊՕՂՈՍԵԱՆ

Պատմական գիտութիւնների թեկնածու,
ՀՀ մշակոյթի նախարարութեան մշակութային արժէքների փորձագիտական կենտրոնի գլխաւոր մասնագէտ։

Սկիզբը մեր նախորդ թիւով

Մեծ հետաքրքրութիւն են ներկայացնում նաեւ «Գանձասար» գորգի գեղազարդման համակարգի մանրամասերը։ Այս դէպքում խօսքը վերաբերում է դրա լայն գօտուն, որը գեղազարդուած է մէկընդմէջ ներկայացուած վարդակով եւ մասնակիօրէն գծայնացուած «կենաց ծառ» յօրինուածքով։ Մեր դիտարկումները հնարաւորութիւն են տալիս շեշտելու, որ այս տիպի եզրագօտիները առաւելապէս բնորոշ են պատմական Հայաստանի արեւելեան ու հիւսիսարեւելեան նահանգների գորգագործական կենտրոններին։ Այդ աւանդոյթը առկայ է նաեւ XIX- XX դ. սկզբներին այդ նոյն կենտրոններիում ստեղծուած գորգերի մի շարք տիպերի գեղազարդման համակարգում։ Սա շատ կարեւոր հանգամանք է, եւ հնարաւորութիւն է տալիս հիմնաւորել այդ յօրինուածքների աւանդական լինելը Արցախի եւ վերը նշուած միւս տարածաշրջանների գորգագործական կենտրոններում։ Միւս կողմից էլ, «Գանձասար» գորգի թուագրմանն ու ծագման տարածաշրջանին վերաբերող յստակ տուեալները հնարաւորութիւն են ստեղծում թուագրել նաեւ XVII- XVIII դդ. վերաբերող այն գորգերին, որոնց գեղազարդման համակարգը այս կամ այն չափով աղերսներ ունի մեր այս գորգի գեղազարդման համակարգի հետ։ Այդպիսինն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատանը պահուող թիվ 49 գորգը, որը բնորոշւում է գեղազարդման տարրերի հազուագիւտ պատկերային ոճաւորումներով։(20) Մենք այդ գորգը ժամանակին թուագրել ենք XVIII դարի երկրորդ կէսով, սակայն պատմահամեմատական տուեալների սակաւութեան պատճառով դժուարութիւններ են ծագել դրա ծագումնաբանութեան բացայայտման հարցում։ Բանը նրանումն է, որ 1731 թվականին գործուած «Գանձասարի» եւ Մայր Աթոռում պահուող պատկերային գորգի լայն գօտիները բացարձակապէս նոյն են։ Այս հանգամանքը մեզ հնարաւորութիւն է տալիս որոշ յստակութիւն մտցնել Մայր Աթոռի թանգարանում պահուող խնդրոյ առարկայ պատկերային գորգի ծագման տարածաշրջանի հարցում, որն ըստ իս, կարող է լինի Արցախի, Սիւնիքի ու Վասպուրականի արեւելեան գաւառների գորգագործական կենտրոններից որեւէ մէկը։ աւելացնենք որ դրա կրկնօրինակը պահւում է Վարշաւայի արքայական ամրոցի թանգարանում պահող «Թերեզա Սահակեան» հաւաքածուի կազմում։
Այսքանից արդէն ակնյայտ է «Գանձասար» գորգի սկզբնաղբիւրային նշանակութիւնը ուշ միջնադարեան ու նաեւ յաջորդ երկու դարերի հայոց գորգագործական մշակոյթի նկարագրի ու առանձնայատկութիւնների ուսումնասիրման գործում։
Ինչ վերաբերում է Փոքր Ասիայում այս գորգի, եւ ընդհանրապէս պատմական Հայաստանի արեւելեան նահանգներին բնորոշ մշակութային աւանդոյթների առկայութեանը՝ այս հարցադրմանը մենք բազմիցս անդրադարձել ենք մեր նախորդ հետազօտութիւններում։(21) Ուղղակի շեշտենք, որ այդ բոլոր դրսեւորումների համար էլ կան բաւականաչափ տարատեսակ սկզբնաղբիւրներ, որոնք հնարաւորութիւն են տալիս մեզ դրանց առկայութիւնը բացատրել նաեւ XVI-XVIII դդ. թուրք-պարսկական երկարամեայ պատերազմների ընթացքում, Հայոց Արեւելից կողմից՝ Սիւնիքից, Արցախից, ինչպէս նաեւ հարաւ արեւելեան Կովկասի Շամախի- Շաքի-Դերբենտ տարածաշրջաններից իրականացուած բռնի տեղահանումներով։ Այդ կերպ շուրջ մէկուկէս դարի ընթացքում Փոքր Ասիայի կենտրոնական տարածաշրջաններ ու Կոստանդնուպոլիսի մեձակայք տեղափոխուեցին տասնեակ հազարաւոր հայ ընտանիքներ(22)։ Վերաբնակիչների մի ստուար զանգուած էլ այդտեղ էր հաստատուել Պարսկաստանից` Շահ Աբաս 1-ի կողմից բռնագաղթուածների թուից: Շատ ուշագրաւ է, որ այդ իրադարձութիւններին ականատես սկզբնաղբիւրը՝ յոյն պատմիչ Խալկոնդիլէսը, տալիս է նաեւ իր բացատրութիւնը, ըստ որի դա պայմանաւորուած էր նրանով, որ թուրքերն իրենք ոչ մի մասնագիտութեան չեն տիրապետում ու իրենց հսկայական տիրոյթներում ոչ մի բան իրենց ստեղծածը չի:(23) Այն, որ Փոքր Ասիա բռնագաղթուած կամ ուղղակի տեղափոխուած հայոց թւում զգալի մաս էին կազմում հիւսիս Արեւելեան Հայաստանի հայերը` վկայում են յետագայում արուած տեղագրական ու լեզուաբանական դիտարկումները: Մասնաւորապէս Արցախից, Սիւնիքից ու Ղարադաղից Փոքր Ասիայի արեւմտեան տարածքներ՝ Դենիզլի, Այդն, Եոդեմիշ, Մանիսա, Սպարտա տեղափոխուածների մասին տեղեկացնում է Յակոբ Քոսեանը:(24) Մակար եպս. Բարխուտարեանցը նշում է, որ ինքը 1878-1879 թուականներին Նիկոմեդիայի եւ Զմիւռնիայի շրջանների քաղաքների եւ գիւղերի հին գերեզմանոցների տապանաքարերին բազմիցս տեսել ու գրի է առել ննջեցեալների ծննդավայրերին վերաբերող Սիւնիք-Արցախեան տեղանուններ` Մեղրի, Ղափան, Կալեր, Կճողուտ, Հաղորտի, Հացի, Հադրութ եւ այլն: Ուշագրաւ է յատկապէս այն, որ դեռեւս XIX դ. վերջերին Զմիւռնիայի Դենիզլի գիւղի տարեց կանայք իրար հետ խօսում էին Ղարաբաղի բարբառով:(25) Հրաչեայ Աճառեանը պարզել էր, որ Բուրդուրի ու Սպարտայի հայերի խօսակցական լեզուն, որը միանգամայն համապատասխանում է Ղարաբաղի բարբառին, այդ տարածքների հայաբնակ վայրերում պահպանուել էր անկորուստ:(26) Յետագայ հետազօտութիւների արդիւնքում բացայայտուել է, որ բացի նշուածներից, Ղարաբաղի բարբառով են խօսել նաեւ Զոնգուլդաղի, Անթալիայի, Գասաբայի, Նազիլիի, Քըրք Աղաջի, Դովրեկի, Դուզջէի եւ մի շարք այլ` ընդհանուր թուով տասնհինգ բնակավայրերի հայերը:(27) Նկատենք, որ փոքրասիական գորգագործական կենտրոններից Արեւելեան Հայաստան ու մասնաւորապէս Արցախ կամ Սիւնիք նման տեղաշարժեր չեն կատարուել։
Ուստի, հաշուի առնելով վերն ասուածները, կարող ենք եզրակացնել, որ արցախեան գորգագործական կենտրոններում ստեղծուած «Եռախորան» ու «Գանձասար» գորգերի գեղազարդման աւանդոյթները նշանակալից տեղ ունեն ինչպէս պատմական Հայաստանի, այնպէս էլ մերձակայ՝ մասնաւորապէս փոքրասիական գորգագործական կենտրոններում սիւնազարդ ու խորանաւոր գորգերի աւանդոյթների տարածման եւ արմատաւորման գործում։

(Շար. 2 եւ վերջ)

ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

20 Poghosyan Ashkhunj, Reverend Father Asoghik Karapetian, The Rug Collection of the Holy See Museums, — «Armenian Knot: Traditions of Carpet Weaving Art». Proceedings of the international Conference.Yerevan, 20-22 November, 2013, Yerevan, History Museum of Armenia, 2016, էջ 282, նկ.1:

21 Ա.Ա., Պօղոսեան, Կովկասեան ու փոքրասիական գորգագործական կենտրոնների փոխառնչութիւնների մասին. — «Գիտական յօդուածների ժողովածու», Գաւառի պետական համալսարան, 1, Եր., 2014, էջ 270-282, նոյնը՝ Արցախեան գորգագործական աւանդոյթների արեալային տարածման ու Կովկասի հարաւարեւելեան գորգագործական կենտրոնների փոխառնչութիւնների մասին.- Բանբեր հայագիտութեան, 2015, Երեւան, թիւ 2-3, էջ 78-104, նոյնը՝ Rug weaving Culture of Artsakh, Historico-Ethnographic illustrated study, SaarbrՖcken, «Scholars Press», 2015, էջ 48-55, նոյնը՝ On the Origin Anatolian Rugs, /Անատոլիական գորգերի ծագումնաբանութեան հարցի շուրջ/ .- «Armenian Knot: Traditions of Carpet Weaving Art. Proceedings of the international Conference (Yerevan, 20-22 November, 2013), papers, Yrevan, History museum of Armenia, 2016, Yerevan, History Museum of Armenia, էջ 258-277 եւ այլն։

22 Այս մասին տես՝ Ա. Պօղոսեան, Հայաստանի պատմական ժողովրդագրութիւն (ուսումնա-մեթոդական ձեռնարկ մագիստրատուրայի ուսանողների համար), Եր., 2018, էջ 33-45, 67-83։

23 Տես` Հ. Զուլալեան, Հայ ժողովրդի պատմութեան հարցերը ըստ եվրոպացի հեղինակների, XIII- XVIII,: Գիրք Ա., Քաղաքական պատմութիւն, Եր., 1990, Հայաստանի ԳԱ հրատարակչութիւն, 1981, էջ 110:

24 Յակոբ Վ. Քոսեան, Հայք ի Զմիւռնիայ եւ ի շրջակայս, հատոր Ա, Վիեննա, 1899, էջ 9, 13,14, 25- 27, 31- 32, 66- 67, 79-80, 94 – 96, 141, 152-153 եւ այլն:

25 Գաղտնիք Ղարաբաղի, հեղինակութիւն Ապրեսի Բեկնազարեանց, Ս.Պետերբուրգ, 1886, էջ 242:

26 Հ. Աճառեան, Հայ բարբառագիտութիւն, Մոսկուա-Նոր Նախիջեւան, 1911, էջ 61, նոյնը` Հայոց լեզուի պատմութիւն, հ. 2, Եր., 1952, էջ 332:

27 Ն. Մկրտչեան, Բուրդուրի բարբառի ձեւաբանութիւնը. — Լրաբեր հասարակական գիտութիւնների, 1966, N 1, էջ 49, նոյնը` Բուրդուրի բարբառը, Եր., 1971, էջ 7:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *