ԱՐՑԱԽԵԱՆ ԾԱԳՈՒՄՈՎ ԵՐԿՈՒ ԳՈՐԳԻ ՄԱՍԻՆ (Ա.)

ԱՇԽՈՒՆՋ ՊՕՂՈՍԵԱՆ

Պատմական գիտութիւնների թեկնածու,
ՀՀ մշակոյթի նախարարութեան մշակութային արժէքների փորձագիտական կենտրոնի գլխաւոր մասնագէտ։

ԱՄՓՈՓՈՒՄ

Հայոց գորգագործական մշակոյթի ուսումնասիրման հարցում կարեւոր նշանակութիւն ունեն Արցախում 1202 թ. գործուած «Եռախորան» եւ 1731 թ. գործուած «Գանձասար» հայատառ յիշատակարանով խորանաւոր գորգերը։ Դրանցից առաջինը պահւում է Վիեննայի արդիւնաբերութեան եւ արուեստի թանգարանում ու նուիրուած էր Սուրբ Հռիփսիմէին, իսկ երկրորդը՝ Երուսաղէմի Սուրբ Յակոբ հայոց եկեղեցու թանգարանում եւ նուիրուած է Աղվանից Ներսես III կաթողիկոսին։ Յստակ թուագրում եւ կատարման վայրի մասին տուեալներ ունեցող այս գորգերի գեղազարդման տարրերը բնորոշ են ոչ միայն պատմական Հայաստանի մի շարք գորգագործական կենտրոններին, այլ նաեւ հարեւան ու յատկապէս փոքրասիական գորգագործական կենտրոններին։ Այս առումով յատկապէս յատկանշական է «Գանձասար» գորգը, որի գեղազարդման տարրերից մեկը՝«կակաչ» բուսածաղկային յօրինուածքը նաեւ «Լադիկ» գորգերի բնորոշիչներից մէկն է։ Յօդուածում հիմնաւորուած է արցախեան գորգագործական կենտրոններում ստեղծուած «Եռախորան» ու «Գանձասար» գորգերի գեղազարդման աւանդոյթների անմիջական ազդեցութիւնը ինչպէս պատմական Հայաստանի, այնպէս էլ մերձակայ՝ մասնաւորապէս փոքրասիական գորգագործական կենտրոններում սիւնազարդ ու խորանաւոր գորգերի գեղազարդման սկզբունքների ձեւաւորման գործում։

* * *

Պատմական Հայաստանի Արեւելից կողմի՝ Արցախի, Ուտիքի եւ Սիւնիքի գորգագործական մշակոյթը առանձնայատուկ տեղ ունի հայոց գորգագործական մշակոյթի համակարգում։ Այս տարածաշրջանի գորգագործական մշակոյթին անդրադարձել ենք մեր նախորդ ուսումնասիրութիւններում եւ քննութեան առարկայ էինք դարձրել յատկապէս արցախեան գորգերի ծագումնաբանութեան, գորգերի տիպաբանման ու նաեւ դրանց արեալային տարածման հիմնահարցերը(1)։ Ի շարս դրանցում կարեւորուած հարցադրումներին, մենք այստեղ կը ներկայացնենք հայատառ, թուակիր յիշատակարանով գորգերի երկու նմուշ, որոնք չափազանց կարեւոր նշանակութիւն ունեն հայոց գորգագործական մշակոյթի պատմութեան ուսումնասիրման գործում։ Այս երկուսն էլ ստեղծուել են Արցախի գորգագործական կենտրոններում, եւ իրենց վերաբերող ծագումնաբանական ստոյգ տեղեկութիւնների ու գեղազարդման մանրամասերի առանձնայատկութիւնների բերումով առանցքային նշանակութիւն ունեն Արցախի ու մերձակայ գորգագործական կենտրոնների պատմութեան ամբողջականացման համար։
Մեր կողմից արուած հայոց գորգերի տիպանութեան համակարգում խորանաւոր ու սիւնազարդ գորգերն առանձնացուած են առանձին՝ «Խորանաւոր» գորգերի խմբում։ Դրանք բնորոշւում են հէնց գորգադաշտում պատկերուած խորաններով, որոնք լինում են մէկ եւ աւելին: Կարծում ենք, որ այս խմբի գորգերը, առաւել քան միւսները, մեծամասամբ առնչւում են եկեղեցու, ինչպէս նաեւ կրօնական արարողակարգի ու ծիսակարգի հետ: Յայտնի է, որ յատուկ գորգեր՝ իբրեւ հոգեւոր համապատասխան աստիճանակարգին անհրաժեշտ հանդերձանքի տարր, ունեցել են նաեւ հոգեւորականները։ Ըստ երեւոյթին, հէնց դրանով էլ պայմանաւորուած է այս գորգերի գեղազարդման համակարգում եկեղեցական առարկաների՝ ջահի կամ կանթեղի պատկերների, ինչպէս նաեւ բուսածաղկային նախշերի ու յօրինուածքների առկայութիւնը։ Խնդրոյ առարկայ գորգերից առաջինը մասնագիտական շրջաններում բաւականին յայտնի «Եռախորան» անուանակոչուած գորգն է։ Նախկինում այն եղել է Վենետիկի Մխիթարեան Միաբանութեան սեփականութիւն, որն էլ յետագայում այն յանձնել է Վիեննայի արուեստի եւ արդիւնաբերութեան պատմութեան թանգարանին։ Այս գորգն առաջին անգամ՝ 1895 է հրապարակել է ավստրիացի յայտնի արեւելագէտ Ալոիզ Ռիգլը:(2) Այստեղ կարեւորուած են սիւներով իրարից բացազատուած խորանները: Գորգադաշտի ազատ մնացած տարածքը գեղազարդուած է կենդանակերպ ոճաւորումներով ու բուսածաղկային յօրինուածքներով: Գորգը երիզուած է ծաղկաշղթայով գեղազարդուած մէկ լայն եւ ականթատերեւներով ծածկուած երկու նեղ գօտիներով (պատկեր 1): Հայոց գորգագործական մշակոյթի ուսումնասիրման համար արդէն իսկ ուշագրաւ բացայայտումների հնարաւորութիւն է տալիս այս գորգի յիշատակարանը՝ «Արկանելիս Կիրակոսի Բանանցուց ի յիշատակ Հռօփսիմէի տն ՈԾԱ թւին զսա գործեցի»։ Յիշատակարանը դեռեւս XIX դ. վերջին կարդացել են մի շարք հայագէտներ, եւ դրանում յստակօրէն ընթերցուող «ՈԾԱ»/651/ հայոց թուականի համաձայն գորգի ստեղծման թուականն էլ Գրիգորեան տոմարին համապատասխան ընդունուել է 1202 թուականին։ Աւելի ուշ, մի շարք հետազօտողներ էլ, մասնաւորապէս Վարդան Թեմուրճեանը, կարծիք են յայտնել, որ այն գործել են Արցախի Բանանց գիւղում:(3) Մենք այս գորգի ծագումնաբանական ու գեղարուեստական հարցերին անդրադարձել ենք առանձին յօդուածներով, ուստի այս դէպքում խօսք կը գնայ դրա պատմական նշանակութեան մասին։(4) Հիմք ընդունելով գորգի գեղազարդման համակարգի խորանաւոր կառուցուածքն ու արձանագրութեան բուն իմաստը, ենթադրուել է, որ այն գործել են եկեղեցուն նուիրելու նպատակով:(5) Ուղղակի, հարկ է շեշտել, որ գորգի թուագրման, ինչպէս նաեւ անուանակոչման հարցում եղել են, եւ հնարաւոր է, ներկայումս էլ կան տարակարծութիւններ։ Դեռեւս 1908-1909 թուականներին աւստրիացի հանրայայտ արեւելագէտ, մշակութաբան Եոզեֆ Ստրժիկովսկին նկատի ունենալով դրա գեղազարդման համակարգի խորանաւոր բնոյթը, կասկածելի է համարել Ա. Ռիգլի ընթերցումն ու առաջ է քաշել այդ գորգը 16-17-րդ դարերում գործուած լինելու տեսակէտը, որը յետագայում զարգացրել են մի շարք այլ՝ այդ թւում հայ մասնագէտներ։(6)
Բացի թուագրման հետ կապուած խնդիրներից, մէկ այլ թիւրիմացութիւն էլ առաջացել է այս գորգի անուանման հետ եւ սրա պատճառը յարգարժան Ֆ.Գանցհորնի աշխատութեան մէջ հրապարակուած այս յիշատակարանի բացարձակ սխալ ընթերցուած տարբերակն է։ Ֆ.Գանցհորնի մօտ այն ներկայացուած է այսպիսի տեսքով՝ «ՍԲ Հռիփսիմէի տաճարի Սրբութիւն սրբոցի դռան վարագոյր Տիրոջ 1051 ամի (Ք.հ 1602թ) կամ (1)651: Սա ես Գորզի վարպետս ( ես եմ արել կամ նուիրաբերել):(7) Գորգի յիշատակարանի ընթերցման այս տարբերակը, որն անշուշտ, Գանցհորնին տրամադրել են հայերէնի մասնագէտները, հեռու է դրա իրական իմաստից ու բովանդակութիւնից։ Մասնաւորապէս՝ այստեղ «ՈԾԱ թուին զսա գործեցի» հատուածը դարձել է «սա ես Գորզի վարպետս», որի հետեւանքով էլ վերջին շրջանում արտերկրի մասնագիտական շրջանակներում «Եռախորանը» շրջանառւում է «Գորզի» անունով:(8) Ոմանք էլ կարծում են այն կորած է, մինչդեռ իրականում շարունակւում է պահուել Վիեննայի արդիւնաբերութեան պատմութեան թանգարանում:(9)
Հարկ է շեշտել, որ այս գորգի թուագրման հարցում, բացի յիշատակարանում եղած թուականից, որոշիչ նշանակութիւն ունի նաեւ արձանագրութեան ոճն ու բառակազմը։(10)
Արդէն իսկ դրանում եղած «արկանելի» բառը, որը գործուածքի ընդհանրացուած հասկացութիւն է(11), չի հանդիպում յետագայ դարերի մատենագրութեան մէջ: Ամեն պարագայում այն յետագայ հարիւրամեակներում այլեւս չի հանդիպում: Տուեալ տեքստում մենք հիմնաւոր ենք համարում այդ բառի «գորգ» նշանակելու հանգամանքը։ Ընդհանրապէս յայտնի է, որ գործուածքի այս տեսակը տարբերակւում էր մի քանի այլ անուններով եւս: Այդ առումով մեր համար շատ մեծ կարեւորութիւն է ներկայացնում դրանց թւում եղած «բազմական» բառը: Յայտնի է, որ այն նշանակում էր սեղան, փռոց, ծածկոց, գահաւորակի ծածկոց, սետջադէ (աղօթքի գորգ):(12) Այս բառի իմաստի բացայայտման հարցում իրական սկզբնաղբիւր են հանդիսանում Խաչիկ Ա. Արշարունի եւ Գրիգոր ԺԱ. կաթողիկոսների կոնդակները։ Առաջինը 976 թուականին վեհափառն ուղղել էր Նախիջեւանի մերձակայքում գտնուող Սուրբ Նախավկայի վանքի Բաբկէն եպիսկոպոսին: Այդտեղ ասուած է, որ ՝ «…պարտիք տալ Աստծօյ` բաժին Աթոռոյ, տեառնականս, զխաչաւրհնեսն, եւ զսրբանուէրս, զիրաւունս մատաղաց. Կենդանեաց եւ ննջեցելոց, բազմականսն, զյանկարծամահ եւ զառակամահ, եւ զամենայն իրաւունս կենաց եւ մահու լիով անթերի տուք ի ձեռն դորայ զուարթ եւ առատ սրտիւ….»:(13) Նոյն վանքին 1545 թուականին նման մի կոնդակ էլ ուղղել էր Գրիգոր ԺԱ. կաթողիկոսը, որում սակայն վերոհիշեալ պարտաւորութիւնների թւում յիշատակուած բազմականի համար գործածուած է «խալի» բառը՝ «եւ կողոպուտք լաւ խալի մի, կամ լաւ շուրջառ տան յաթոռն….»:(14) Ներկայացուածից պարզւում է, որ «բազմական» եւ «խալի» բառերը միեւնոյն հասկացութիւններն են, հոմանիշներ են ու նշանակում են գորգ: Այստեղ յիշատակուած արաբա-պարսկական ծագումով «խալի» բառի առկայութիւնը մատնանշում է հայոց բանաւոր ու գրաւոր լեզուից «բազմական», «արկանելի», «գորգ» ու նմանատիպ այլ հասկացութիւնների դուրս մնացած լինելու փաստը: Գրիգոր ԺԱ. կաթողիկոսին, անկասկած, քաջ յայտնի էր, որ բազմականը նոյն գորգն է, որն իր ժամանակաշրջանում արդէն այլ գործուածքներից տարբերակւում էր օտարահունչ «խալի» բառով: Մեր այս բացայայտումը չափազանց կարեւոր նշանակութիւն ունի վաղ միջնադարեան հայոց գորգագործական մշակոյթի պատմութեան ուսումնասիրման համար։ Դրանով միանգամայն յստակ է դառնում այդ ժամանաշրջանի հայ մատենագիրների օգտագործած «բազմական» բառի՝ որպէս գորգ հասկացութեանը համարժէք եզր գործածուած լինելու փաստը։ Իսկ «Եռախորանի» դէպքում էլ, արդէն ակնյայտ է, որ XVI -XVII դարերում գործուած լինելու դէպքում, դրա յիշատակարանում առնուազն չէր լինի «արկանելի» բառը:
«Եռախորանը», որն ըստ էութեան, վաղ միջնադարի արաբական սկզբնաղբիւրներում յիշատակուած հայկական աղօթագորգերի աւանդոյթների կրողն էր, փոքրասիական գորգագործական կենտրոնների ուշ միջնադարեան գորգարուեստում արտայայտուել էր մի շարք տարբերակների տեսքով։ Ընդ որում՝ դրանց մեծ մասում պահպանուած են գեղազարդման աւանդական համակարգի հիմնական տարրերը՝ խորաններն ու սիւները։

Խնդրոյ առարկայ երկրորդ գորգը Աղուանից Ներսէս Գ. կաթողիկոսին վերագրուող 1731 թ. գործուած գորգն է, որն ըստ Յարութիւն Քուրտեանի, պահւում է Երուսաղէմի Սուրբ Յակոբ եկեղեցու թանգարանում (պատկեր 2): Յարութիւն Քուրտեանը անձամբ տեսել ու հետազօտել է այդ գորգի տեխնոլոգիական յատկանիշները եւ անդրադարձել է նաեւ դրա ծագումնաբանական հարցերին։ Պէտք է ասել, որ այս գորգին անդրադարձած միւս բոլոր ուսումնասիրողներից որեւէ մէկը այն չի տեսել եւ մեր ձեռքի տակ եղած տեղեկութիւնները սահմանափակւում են միայն անուանի հայագէտի հրապարակած նիւթերով, այդ թւում սեւ ու սպիտակ միակ լուսանկարով։ Ըստ այդմ՝ այն նոյնպէս ունի հայատառ, թուակիր ընդարձակ արձանագրութիւն, որը նոյնութեամբ գործուած է գորգի վերին մասում՝ արտաքին եւ ներքին նեղ գօտիների ամբողջ լայնութեամբ։ Դրանում ասուած է` «յիշեցէք ի մաքրափայլ յաղօթս ձեր Ներսէս մեղապարտ կ(ա)թողիկոս Աղուանի(ց) է պատճառ սմին (…այրուած…) լոյս ընկալ Չարեքու Սբ Անապատին ՌՃՁ թուին»:(15)
Յ. Քուրտեանի հրապարակած տեղեկութիւնների համաձայն, այն գործուած է մետաքսէ հէնքի վրայ եւ թէեւ տեղ-տեղ այրուած էր, սակայն դեռեւս ունէր ներկայանալի վիճակ։ Ընդ որում՝ մասնակի կորուստներ կան նաեւ յիշատակարանի որոշ հատուածներում:(16) Այս գորգի գեղազարդման համակարգում առանցքայինը կենտրոնական դաշտում պատկերուած երկայնաձիգ հինգ շրջանակներն են, որոնց գագաթները երիզուած են կեռիկներով։ Դրանցում ամփոփուած են տարատեսակ մանր բուսանախշեր ու զարդեր։ Դաշտի ծայրերում էլ մէկ լայնակի շարքով պատկերուած են վարսանդաւոր խոշոր բուսանախշեր՝ որոնք մասնագիտական գրականութեան մէջ տարբերակուած են «կակաչ» անուանումով։
Այս գորգի պատմական արժէքը անգնահատելի է՝ սա այն բացառիկ նմուշներից է, որում յստակօրէն վկայուած են գործելու վայրն ու նաեւ պատուիրատուն։ Աղուանից կաթողիկոս Ներսէս Գ.-ը միանգամանայն յայտնի հոգեւոր գործիչ էր, եպիսկոպոսական աստիճանով եղել է Երից Մանկանց վանքի վանահայրն ու 1726 թուականին Գանձասարի վանքում կաթողիկոսական աթոռին յաջորդել էր Եսայի Հասանջալալեանին(17)։ Չենք կարող որեւէ տեսակէտ յայտնել գորգի նախատիպի մասին՝ այն ընդօրինակում է գոյութիւն ունեցած որեւէ նմուշից թէ ոչ, բայց Չարեքայ անապատում գործուած լինելու հանգամանքն ինքնին վկայում է, որ այն ստեղծել են այդտեղ գոյութիւն ունեցած եւ անշուշտ՝ կաթողիկոսի նստավայր Գանձասարի վանքին կից եղած գործատների մասնագէտները։ Ընդ որում՝ մենք այդ հանգամանքը նկատի ունենալով էլ այս տիպի գորգերը տարբերակել ենք «Գանձասար» անուանումով։
Այս գորգի գեղազարդման համակարգում կան պատկերագրման սկզբունքներ ու յատկապէս գեղազարդման մանրամասեր, որոնք բնորոշ են գորգերի տարբեր տիպերի, այդ թւում նաեւ փոքրասիական գորգագործական կենտրոններում XVIII-XX դդ. լայն տարածում ունեցած «Լադիկ» ենթախմբին պատկանող աղօթագորգերին։(18)
Այս առումով մենք առանձնայատուկ կարեւորութիւն ենք տալիս «կակաչ» նախշին, որում ընդգծուած են կոկոնն ու հարուստ եւ փարթամ ծաղկաթերթերը։ Այս յօրինուածքները «Լադիկ» գորգերի գեղազարդման համակարգի տարրերից մէկն են, ներկայացւում են մէկ լայնակի շարքով եւ ամբողջութեամբ զբաղեցնում են գորգադաշտի ստորին հատուածը։ Այս յօրինուածքը այսպէս կոչուած «Օտտոմանեան ասեղնագործութիւն» հասկացութեան բնորոշիչ յօրինուածքն է, եւ ըստ այդմ էլ, համարւում է իսլամական արուեստին բնորոշ գեղազարդման տարր։ Մեր մօտեցումները փոքրասիական կիրառական-գեղազարդման առարկաների ծագումնաբանութեան առումով հիմնուած են պատմազգագրական ու ժողովրդագրական հետազօտութիւններից բացայայտուած արդիւնքներին։ Բացի այդ էլ, դրանք համադրել ենք XVII_XVIII դարերին վերաբերող մշակութային արժէքների հետ, որոնց ծագումը նոյնքան արժանահաւատ է, որքան այս երկու գորգերինն է։ Խօսքը վերաբերում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատանը պահուող ոսկեթել ասեղնագործութեամբ կաթողիկոսական թագին(19)։ Այն ունի հայատառ, թուակիր յիշատակարան՝ «Յիշատակ է թագս ի Մելիք Բեգլարի կողակից Մարիամեայ ի դուռն Հոռեկայ վանքի. ՌՄԽԴ»։ Ըստ այդմ էլ պարզւում է, որ դրա հեղինակը Ջրաբերդի Մելիք Բեգլարի կին Մարիամն է՝ Վարանդայի Մելիք Շահնազարի դուստրը եւ այս աշխատանքն էլ արուել 1795 թուականին։ Նա ամուսնու եղերական մահից յետոյ թողել էր աշխարհիկ կեանքն ու հաստատուել հիւսիսային Արցախում գտնուող Չարեքայ կուսանաց անապատում, որտեղ էլ ի յիշատակ իր ամուսնու, պատրաստել ու ճոխ ասեղնակարով զարդարել էր այդ կաթողիկոսական թագը։ Այս պարագայում, մենք կարեւորում ենք այն, որ դրա գեղազարդման համակարգի հիմնական տարրերից մէկն էլ նոյնպէս «կակաչ» շքեղ յօրինուածքն է։ Այսինքն, կարելի է միանգամայն վստահօրէն ասել, որ այս հանրայայտ բուսածածկային յօրինուածքը լայնօրէն յայտնի էր Արցախի մշակութային կենտրոններում, մասնաւորապէս Գարդմանում եւ Ջրաբերդում։ Կարծում եմ, որ այդպիսով, մենք հիմք ունենք շեշտելու, որ արտերկրի արուեստագէտների կողմից «օտտոմանեան» յորջորջուած այս նախշի ակունքները ըստ էութեան կապ չունեն Փոքր Ասիայի հետ։
Բաւականաչափ հետաքրքրութիւն է ներկայացնում նաեւ «Գանձասար» գորգի միւս հիմնական յօրինուածքը՝ երկայնաձիգ ձեւաւոր շրջանակը։ Մեր պրպտումների արդիւնքում պարզեցինք, որ այն հանդիսանում է նաեւ մեր կողմից «Կոգովիտ» (յայտնի է նաեւ «Բայազետ» անունով) տիպի գորգերի գեղազարդման համակարգի հիմնական տարրը։ Հայոց գորգերի այս տիպը յայտնի է պատմական Հայաստանի Կոգովիտ, Մասեացոտն, Արտազ գաւառների գորգագործական կենտրոններում, ինչպէս նաեւ Սեւանի աւազանում, Գարդմանում, Քարվաճառում եւ Ջրաբերդում։ Կարելի է ենթադրել, որ այս տիպի գորգերի տարբերակ են նաեւ փոքրասիական մի շարք գորգագործական կենտրոններին բնորոշ «Մաղրի» անուանումով տարբերակուած գորգերը։

(Շարունակելի)

Ծանօթ. Խմբագրութեան —Գրութեան մէջ նշուած պատկերները տեսնել թերթի ամբողջական ելեկտրոնային տարբերակին մէջ։

ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Ա.Ա., Պօղոսեան, Վիշապագորգերի ծագումնաբանութեան եւ տարածման արեալների հարցի շուրջ. Հանդէս Ամսօրեայ, հայագիտական ուսումնաթերթ, Վիեննա-Երեւան, Մխիթարեան հրատարակչատուն, 2004, թիւ 1-12, էջ, 367-415; Կովկասեան ու փոքրասիական գորգագործական կենտրոնների փոխառնչութիւնների մասին. — «Գիտական յօդուածների ժողովածու», Գաւառի պետական համալսարան, 1, Եր., 2014, էջ 270-282; Շուշին՝ գորգագործական մշակոյթի կենտրոն (ԺԹ. դարի վերջ-Ի. դարի առաջին քառորդ). «Էջմիածին» կրօնագիտական-հայագիտական հանդէս, Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչութիւն, 2014, Բ., էջ 42-50, նոյնի՝ Արցախեան գորգագործական աւանդոյթների արեալային տարածման ու Կովկասի հարաւարեւելեան գորգագործական կենտրոնների փոխառնչութիւնների մասին. Բանբեր հայագիտութեան, 2015, թիւ 2-3, էջ 78-104, նոյնի՝ «Եռախորան» գորգի թուագրման հարցի շուրջ. «Գիտական յօդուածների ժողովածու», Գաւառի պետական համալսարան, 3, 2016, էջ 154-166; Poghosyan Ashkhunj, Rug weaving Culture of Artsakh, Historico-Ethnographic illustrated study, «Scholars», Press», SaarbrՖcken, 2015; Poghosyan Ashkhunj, On the Origin Anatolian Rugs, (Անատոլիական գորգերի ծագումնաբանութեան հարցի շուրջ). «Armenian Knot: Traditions of Carpet Weaving Art.Proceedings of the international Conference, Yerevan, 20-22 November, 2013, papers, Yerevan, History museum of Armenia, 2016, էջ 258-270;
2 Այս մասին տես՝ Վ. Թեմուրճեան, Գորգագործութիւնը Հայաստանում, Եր., ՀՍՍՌ ԳԱ հրատարակչութիւն, 1955, էջ 9:
3 Վ. Թեմուրճեան, Գորգագործութիւնը Հայաստանում, էջ 35: Այս մասին տես նաեւ՝ Ս. Դաւթեան, Դրուագներ հայկական միջնադարեան կիրառական արուեստի պատմութեան, Եր. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, 1981, էջ 123-124:
4 Տես Ա. Պօղոսեան, «Եռախորան» գորգի թուագրման հարցի շուրջ. «Գիտական յօդուածների ժողովածու», Գաւառի պետական համալսարան, 3, Երեւան, 2016, էջ 154-166, նոյնը՝ «Եռախորան» գորգի ծագումնաբանութեան հարցի շուրջ. «Էջմիածին» կրօնագիտական-հայագիտական հանդէս, Էջմիածին, 2017, էջ 80-96։
5 Վ. Թեմուրճեան, նշ. աշխ., էջ 20:
6 Այս առումով տես՝ Տես Զ. Հոֆռիխտեր, Հայկական գորգերը. Հանդէս ամսօրեայ,Վիէննա,1937, էջ 155-190, Ս. Դաւթեան, Դրուագներ…, էջ 123 -124, Վ. Թեմուրճեան, նշ. աշխ., էջ 70 – 71: Ցաւօք այս թիւրիմացութիւնը ուսումնասիրողների մի մասը եւ այդ թւում Մ. Ղազարեանն ու Ֆ. Գանցհոռնը ընդունել են որպէս իրողութիւն, տես՝ V. Ganzhorn, Le Tapis Chrétien Oriental, Koln, Benedikt Tashen Verlag, 1991, էջ 484, Manya Chazarian, Armenian Carpet, Los Angeles, Editions Erebuni, 1988, էջ XII:
7 V. Ganzhorn, նշ. աշխ., էջ 484:
8 Տես օրինակ` V. Ganzhorn, նշ. աշխ., էջ 29, 484, A.Boralevi, The mystery of Armenian «Niche» rugs. Armenian knot, Traditions of carpet weaving art, Erevan, 20-22 November, 2013, abstracts, 2016, History Museum of Armenia, էջ 25-26 եւ այլն:
9 2008 թ. կէսերին այդ գորգը թանգարանում լուսանկարել եւ տողերիս հեղինակին է ուղարկել արեւելեան գորգի փորձագէտ, տեխնոլոգ ու վերականգնող Աւետիս Կույունեանը (Բեյրութ):
10 Պողոսեան Ա.Ա., Այս ամենի մասին տես՝ «Եռախորան» գորգի ծագումնաբանութեան հարցի շուրջ. «Էջմիածին» կրօնագիտական-հայագիտական հանդէս, էջ 80-96։
11 Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, հտ.1, Ա-Կ, Եր., 1979, էջ 562:
12 Նոյնը, էջ 407:
13 Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատեանց, Տեղագիր Գեղարքունի ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-Բայազիտ գաւառ. գրեց Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատեանց Նախիջեւանցի միաբան սուրբ Էջմիածնի / ի 1862 թուին ց 1895 թիւն/, Վաղարշապատ, 1896, էջ 412:
14 Նոյնը, նշ. աշխ, էջ 415:
15 Յ. Քուրտեան, Գորգը հայոց մօտ, Վենետիկ, Ս.Ղազար, 1947, էջ 68, տես նաեւ` Ս. Դաւթեան, Դրուագներ .., էջ 128 -129:
16 Յ. Քուրտեան, նշ. աշխ., էջ 68:
17 Տես՝ Մ. Բալայեան, Հայ աղուանից եկեղեցին /սկզբնաւորումից մինչեւ մեր օրերը, Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատարակչութիւն, 2009, էջ 178-179:
18 Տես՝ Iten-Maritz J., Der Anatolische Teppich, Munchen, Office du Livre, էջ 236-237, 242; Des Tapis Turks, Istanbul, Hitit Color, 1989, էջ 49, 96, 97։
19 Ա. Պօղոսեան, Հարթակարով ասեղնագործական մշակոյթի մասին. «Էջմիածին» կրօնագիտական-հայագիտական հանդէս, 2011, Է,Ս.Էջմիածին, էջ 55։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *