ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ
Աջափնեակի «Բնօրրան» ջոկատի հրամանատարը՝ Նոյ Ակնունին, որքան յիշում էր, խորովածանոցում ինքն էր, վարորդը՝ Վրէժը, որ մարտի դաշտում մենակ վարորդ չէր, թիկնապահը, համհարզը, յանձնակատարը, ամեն ինչն էր, Չապլինը (տափակ ու անհամ կատակելու, ընկերներին ծաղրանմանակելու համար Գեղամը դեռեւս Մարտակերտը չազատագրած Չապլին դարձաւ), ԱՍԱԼԱ-ի Ժիրոն, մէկ էլ Ճուտոն, որ այն տարիներին տնի՞ց, թէ՞ դասերից էր փախել, Արցախում իրենց միացել։ Ինքն, ի հարկէ, նրան վերցնել չուզեց, բայց Ճուտոն (այն ժամանակ դեռ անունը Հայկազ՝ Հայկօ էր) Գեղամի ինքնաձիգը անսպասելի խլեց, կրծքին դէմ արեց, թէ՝ յետ ուղարկէք, ինքնասպանութիւն եմ գործելու, խղճներիդ խայթ է լինելու…
Խորովածանոցում էդքանն էին, ուրիշ ո՞վ պիտի լինէր, մնացածը չկային, զոհուել էին։ Հա՛, ուշացումով Հայրենասէր Հայկն էլ միացաւ, ում, տարիներ առաջ, օպերայի հրապարակում արձանագրելիս, երբ հարցրեց, թէ ինչո՞ւ է ծպտանունը «Հայրենասէր», նա լռեց, սղալեց սասունցու, թերեւս մշեցու ոլոր ընչացքները, թեք իրեն նայեց, այսինքն՝ «Հրամանատար, չե՞ս տեսնում, որ հայրենասէր եմ»…
Այն պատճառով, որ Շուշիի ազատագրութեան հերթական տօնին՝ աւելի ճիշտ՝ յոբելեանին, իրենց ջոկատը յիշել, հրաւիրել, բանի տեղ էին դրել, մի բաժակը դարձրին երկու, երկուսը՝ երեք, չորս, յետոյ, ինչպէս միշտ, սկսեցին իրար խանգարելով վերյիշել բերդամրոցն ազատագրելու մանրամասները։ Կարծես միասին չէին եղել։ Որքան տարիներն անցնում, այնքան երեւակայական երանգներով գունաւորում՝ ասել է թէ կարօտով էին յիշում այն պահը, երբ Նոյը հրասայլերն էլ էր ետեւում թողել, վճռել էր առաջինը քաղաք մտնել։ Նա դեռեւս ջոկատի հրամանատար չէր, ջահել, մահ չտեսած ազատամարտիկ էր, փշփշոտ մացառուտներից քրքրուելով, քրտնելով, անսպասելի յայտնուեց Ամենափրկչի զանգակատան գաւիթում ու յուսախաբ կանգ առաւ։ Շշմել էր։ Եկեղեցու շուրջն իրենից առաջ հայկական համարանիշներով զինուորական ինքնաշարժեր էին հասել, կողք-կողքի կառանուել։ Բոլորովին նոր, չփոշոտուած համազգեստով ոչ այնքան ջահել տղամարդիկ, որոնք հաստատ այդ ինքնաշարժերից էին դուրս եկել, զինապահեստ դարձած եկեղեցու պատերին մոմ էին վառում։ Որտեղից որտեղ դհոլ-զուռնա յայտնուեց, երեւի հետներն էին բերել, նրանք շրջան կազմեցին, քոչարի պարեցին՝ այնպէս, որ լուսանկարող ու նկարահանող սարքերը հասցնեն, պատմական պահը յաւերժացնեն։
Նոյը, որ կարծել էր առաջինն է Շուշի մտել ու մինչեւ Ամենափրկիչ հասնելը գրեթէ հաւատացած էր եղել, այլայլուեց։ Մի կողմ գնաց, որ միզի ու ազատագրութեան բեմականացումը չտեսնի, բերդամրոցի ամենաբարձր աշտարակին Ադրբեջանի դրօշը նկատեց։ Կանաչ կիսալուսինը դեռ չգիտէր, թէ գլխին ինչ է եկել, ինքնագոհ փողփողում էր։ Նոյին թուաց, թէ այդ դրօշն է իրեն համակած դառնութեան, յուսախաբութեան պատճառը։ Նայեց այս ու այն կողմ՝ Աջափնեակի իրենց «Բնօրրան» ջոկատի տղաներից ոչ-ոք չկար։ Ինքնաձիգը թիկունքին նետեց, սկսեց պարսպով վեր մագլցել։ Մատները Շոշի քարակարկառները յաղթահարելիս քերծուել, արիւնոտուել էին, լարուածութիւնից դողդողում, բայց ենթարկւում էին։ Հասաւ աշտարակին՝ ձեռքը դրօշին գցեց։ Ադրբեջանցիները երկաթգամերով ամրացրել էին, որ քամին չպոկի։ Ձողը փայտից էր, ջարդեց, չիմացաւ ինչ անել։ Ուզում էր կիրճը շպրտել, միտքը փոխեց։ Ինքնաձիգից փամփուշտ հանեց, հրանիւթը կարծր քաթանի վրայ ցանցնեց, հրահանով բռնկեցրեց։ Նախ վառօդից գունաւոր կայծեր ցայտեցին, յետոյ դրօշը մխաց ու վերջապէս սկսեց այրուել։ Ոտքի կանգնեց, գլխավերեւում պտտեցրեց այնքան, մինչեւ ածխացաւ, զրահաբաճկոնի վրայ մոխիր թափուեց։ Մէկ էլ անունը լսեց։ Ցած նայեց, տեսաւ Ճուտոն, էն մի մատ Ճուտոն, որ առաջին ճակատամարտի ժամանակ վախից տակն արեց ու ամօթից լաց եղաւ, ուզում էր յետեւից բարձրանալ, բայց կիսաճտքերը երեւի մաշուած էին, գայթում էր։ Համոզուեց, որ չի կարողանալու Նոյին հասնել, մի ձող մեկնեց՝
—Տղերքն ուղարկեցին,— գոռաց։
Բերանքսիվայր պառկեց, ձեռքը մեկնեց, վերցրեց։ Նորից բարձրացաւ այն աշտարակը, որտեղ այրել էր ադրբեջանական դրօշը, իրեն պարզուած ձողը ամրացրեց։ Կտաւը բացուեց, Եռագոյնը աղաւնու թեւերի պէս լայն փռփռաց, ճախրեց։ Բերդամրոցում անմիջապէս խաղաղ հանդարտութիւն իջաւ, Շուշիի շրջակայ բլրաշարերը երկինք ձգուեցին, հաւասարուեցին Արարատին։
Նոյը դէպի հորիզոնը շրջուեց, տեսաւ ազատագրուած Արցախը:
Նախիջեւանը:
Արեւմտեան Հայաստանը:
Իր ազատ, անկախ, միացեալ Հայրենիքը:
* * *
—Հրամանատար, ինչի՞ ես լալիս,— բաժակը օղի էր լցնում, հոգատար հարցնում էր Ճուտոն, որ, պատերազմը վաղուց էր աւարտուել, բայց ինքնաձիգը չէր յանձնել…
(Երեւան)