ՀԱՐԵՒԱՆ ՇԷՆՔԵՐ

ԳԱՅԵԱՆԷ ԶԱՐԵԱՆ

Մեր տան պատշգամբներում անցնում են մեր կեանքի մտորումների պահերը, մեկուսացման վայրկեանները: Ոմանց այնտեղ է տանում ձանձրոյթը, ոմանց յուսահատութիւնը, որոշներին էլ ուղղակի ծխելու պահանջը: Թւում է,ամեն ինչ սովորականից էլ պարզ է… Մեզ պատշգամբ են տանում մեր պահանջները. միգուցէ…
…Նրա հայեացքը մտահոգութիւն էր ցրում, շարժումները սովորականից էլ տարօրինակ էին: Դուրսը կլանած գիշերը, կարծես, խորհուրդներ էր տալիս՝ քամուց թեթեւակի քշուող նրա սեւ մազերին, իսկ իր բարակ մատները, կարծես, երաժշտութիւն էին նուագում՝ պատշգամբը բակից բաժանող երկաթէ կտորին:
Ոչ, դուրսը ցուրտ չէր, պարզապէս քամին էր փորձում սթափեցնել հարեւան շէնքի տասերորդ յարկում բնակուող աղջկայ մտքերը: Ինձ թւում էր, դա նրան ամենեւին էլ չէր յաջողւում:
Սեւահերի բարակ մատները կարծես նուագում էին իր խառնուածքին հակառակ մի երաժշտութիւն: Եթէ փորձէի ունկնդրել, ապա այն նման կը լինէր ռոք երաժշտութեան, որը անհասկանալի կալանքի տակ էր առնում իր լիրիկական բնաւորութիւնը:
Ինչու՞…
Աջ ու ձախ փախչող նրա հայեացքը յանկարծ հանդարտուեց: Մատները, կարծես կշտացած իրենց իսկ մեղեդիից, կանգ առան.
— Ե՞ւ…, — շշնջացի ինքս ինձ…
Նա շրջուեց դէպի լոյսը, որը գալիս էր նրա իսկ խոհանոցից, եւ իսկոյն փորձեց իրեն տուն տանել, բայց կրկին կանգ առաւ: Նոյնիսկ այսքան հասարակ որոշումները դժուարութեամբ էր իրականացնում:
Յետոյ նա աջ թեքուեց, փոքրիկ կլոր սեղանից սպիտակ ինչ-որ տուփ վերցրեց եւ կրկին մօտեցաւ երկաթէ կտորին: Կարծես քամին էլ նահանջեց, երբ մթութեան մէջ երեւացող կրակը մօտեցաւ աղջկայ շուրթերին: Այս անգամ նրա զրուցընկերը ծխախոտն էր:
Զարմացայ… Նա երբէք չէր ծխում, յամենայն դէպս, առաջին անգամ եմ տեսնում ծխախոտը ձեռքին: Նոյնիսկ այն օրերին, երբ իր ընկերը բաւականին ուշ էր տուն վերադառնում, նրա այցելութիւնները պատշգամբ այլ նպատակ էին հետապնդում. նա ինձ նման անդորր էր փնտրում:
Արդէն ցուրտ էր… Ոտքերիս մատները կարծես կլանել էին մեր տասնմէկերորդ յարկի բոլոր բնակիչների բաժին սառը օդը:
Մտայ տուն: Տանը գրեթէ մենակ էի, քնած էին երեխաներս ու ինքը, ում հետ շփուելը նոյնքան դժուար էր, որքան մօտենալը բազմոցին անշարժացած համակարգչին: Թեթեւակի շարժումով փակեցի այն ու դատարկեցի բազմոցը: Ձեռքս առայ խոհանոցին ջերմութիւն հաղորդող սպիտակ բամբակէ վերմակն ու իսկոյն քուն մտայ:
Զարմանալի է, բայց երկար ժամանակ է, ինչ երազ չեմ տեսնում: Մի՞գուցէ ես չեմ ուզում տեսնել, իսկ նրանք էլ հրաժարւում էին, անկոչ հիւրի նման, ներթափանցել առանց այն էլ ծանրաբեռնուած մտքերս: Անկեղծ ասած, յոգնել եմ ամեն տեսակի երազներից…
Թարմ լոյսը՝ վայրկեաններ չանցած, ծածկեց մարմինս ջերմ հոսանքով: Նոր օր, նոր նպատակ, նոր յոյս:
Մեր ընտանեկան սովորութեան համաձայն՝ նախաճաշին հացով ձուածեղ պատրաստեցի: Օրը կիրակի էր:
Կիրակնօրեայ աղմուկը անընդհատ շեղում էր միտքս: Ինձ թւում էր, աննկատ եմ հայեացքս դէպի հարեւան շէնքը ուղղում: Բայց, պարզուեց որ ոչ: Նրա զարմացած ու անհասկանալի հայեացքը որսացի: Բայց լուռ էր: Մի պահ հասկացայ, որ երեխաներիս առօրեայ աղմուկը իմ օգտին էր, չէի ուզում կրկին քննարկէինք իմ ուշադրութեան աղբիւրները:
Խոհանոցային խառնաշփոթը ինձ առիթ տուեց պատշգամբ դուրս գալ: Աւելը ձեռքիս յայտնուեցի այն միջավայրում, որտեղ այլեւս ինձ չէր խեղդում ձուածեղի ձանձրացնող հոտը: Աչքերիս մինիմալ շարժումով փորձում էի գտնել տասերորդ յարկի սեւահերին, զուգահեռ աջ ձեռքիս կտրուկ շարժումով թափահարում էի աւելը` արանքներում թաքնուած փոշին ցրելու համար:
Ահա եւ նա: Նրա հագուկապն ու բակում տիրող եղանակը հականիշներ էին: Շաբաթուայ վերջին օրը արեւ էր նուիրել քաղաքին, իսկ սեւահերի իրանը փաթաթուած էր մոխրագոյն գործուածք յիշեցնող վերմակով: Երկու վայրկեանից հասկացայ, որ զարմանալիօրէն երջանիկ էին նրա աչքերը, մատները հանգիստ իր գիրկն էին առել հաստ ու կլորաւուն շագանակագոյն բաժակը: Թուաց, թէ նա ինձ նորութիւն պիտի ասէր, եթէ միայն հնարաւորութիւն ունենար:
Կէսրոպէանոց իմ այս այցելութիւնը պատշգամբ գլխումս մի վերնագիր առաջացրեց:
Չեմ յիշում ոնց յայտնուեցի խոհանոցում: Ձեռքիս վստահ շարժումով ազատեցի սեղանի մեծ մասը` նուիրելով այն համակարգչիս: Մատներս յուզախառը ոգեւորութեամբ գրառում կատարեցին սպիտակ էկրանի կենտրոնում. «Եթէ թեյ, ապա մուգ, եթէ սուրճ, ապա` դառը»:
«Գլուխ առաջին
Սեւահերը
Նրա մազերը խորտակւում էին մթութեան մէջ: Նա զգում էր, թէ ինչպէս է առօրեան ըմպում իր ինքնութեան արձակած ճրագը: Հետեւում էր, թէ ինչպէս է կեանքը խլում ամենաթանկագինը, ինչը ունէր՝ իր երազանքը: «Ես ուրիշ եմ», ահա թէ ինչ էին շշնջում նրա փակ շուրթերը: «Ես ուրիշի կեանք եմ ապրում», սա էր իրականութիւնը:
Խորամանկ էր, թէ միամիտ, նոյնիսկ ինքը չգիտէր: Նպատակասլաց էր, թէ ինքնահաւան, ստիպուած էր պարզել ինքնուրոյն: Բայց այն, որ իրականութիւնը հրաժարւում էր ընդունել, բացայայտ էր:
«Ես գրող եմ՝ նկարչի հոգով: Ես արծիւ եմ՝ լորի կտուցով: Ես աստղ եմ խամրած, ու բնութիւն՝ անգոյն: Ես ծիլ եմ հողի տակ ու տերեւ թափանցիկ: Թշերս պաշտպանիչ բլուրներ են, որ անձրեւանոցի նպատակ են հետապնդում՝ կաթիլներից ծանրացած երկւորեակ աչքերիս համար: Ես ստուեր եմ՝ առաջացած արեւի զիգզագաձեւ լոյսից: Ես անդունդ եմ հարթութեան կենտրոնում: Ես սեւ բիծն եմ՝ ինքնաթիռի թողած: Ես, ես, ես, ես… այն չեմ, ում տեսնում եմ հայելու մէջ: Ես վարդագոյն եմ, այլ ոչ թէ կարմիր եւ նոյնիսկ սեւ: Խորամանկ է հայելին, այլ ոչ թէ ես…»
Կանգ առան մատներս… Լուռ էի ես, խոհանոցը ու կիրակին: Վեր կացայ ու շտապեցի իրագործել ոտքերիս հրամանը: Գնացի պատշգամբ: Այնտեղ էր իմ խորհրդաւորութեան կծիկի ծայրը, այնտեղ էր իմ տողերի մշուշն ու էջերիս ծուխը:
Պատշգամբը դատարկ էր, տասերորդ յարկում մենակութեան շունչն էր: Առաջին անգամ հայեացքս գրաւեց խոհանոցի վարագոյրը, աւելի ճիշտ, դրա բացակայութիւնը: Զարմացած թեքուեցի սեւահերի ննջասենեակի պատուհանի ուղղութեամբ: Կրկին վարագոյր չկար: Նոյնիսկ ամենաանուշադիրը կը նկատէր, որ սենեակը զերծ էր նոյնիսկ կահոյքից:
Մատներս, առանց դաշնամուրի երաժշտութիւն, սկսեցին նուագել պատշգամբը դրսից բաժանող երկաթէ կտորին: Յետոյ խոհերս ցրուեցին: Չէի հասկանում. տա՞ք էր ինձ համար, թէ հոգիս կլանած սարսափն էր սառը քրտինք առաջացնում ճակատիս: Հասկացայ որ դողում եմ ցրտից: Սառել էին մատներս: Չորացել էր բերանս:
Յետոյ աջ թեքուեցի ու փոքրիկ կլոր սեղանի սեւ տուփից մէկ ծխախոտ հանեցի: Կարծես քամին էլ նահանջեց, երբ առաւօտեան լոյսում հազիւ երեւացող ճրագը մօտեցավ իմ շուրթերին: Մենակութեան մէջ էի ինքս ինձ հետ: Ես ես էի…
Յանկարծակի միտքս լուսաւորուեց: «Հասկացայ», — շշնջացի ինքս ինձ:
«Ոչ, ոչ, դա անհնար է», — դժգոհ իմ այս բացայայտումով, շտապեցի տուն: Վերջին անգամ շրջուեցի դէպի պատշգամբ տանող դռան ապակին ու… քարացայ: Ես տեսայ իմ արտացոլումը: Իմ առջեւ կանգնած էր սպիտակ բամբակէ վերմակով փաթաթուած շիկահերը:
«Ե՞ս… Ե՛ս», — հոգիս տանջող հարցիս յաջորդեց սիրտս կալանքի տակ առած պատասխանը:
Կարծես տարիներ անցան մինչեւ իմ անհամարձակ քայլերս վերջ ի վերջոյ ինձ համակարգչիս մօտ հասցրին: Նստեցի, աւելի ճիշտ՝ ընկայ աթոռին: Ձեռքս յայտնուեց ստեղնաշարին ու կախարդական գրառում կատարեցի.
«Ես գոյութիւն չունեմ, ես յօրինուածք եմ, կամ երազանք: Ես ներկայ եմ, կամ բաղձալի ապագայ: Ես ես չեմ, ես ուրիշ եմ, ով այդպէս էլ չգտաւ իր տեղը կեանքում, ով փնտռտուքների մէջ է: Ով սեւի ու սպիտակի արանքում է յայտնուել ու դուրս գալու ելք չի գտնում: Մի՞գուցէ ես իմ փրկութիւնը գտայ իմ տողերի մէջ: Ես ես եմ իմ նախադասութիւններում, բառերում եւ էջերում: Ափսոս, միայն համակարգչի փակ շրջանակում ու այն պատշգամբին, որտեղ սիրում եմ, ինքս ինձ հետ, մուգ թէյ կամ դառը սուրճ խմել…»:

Արցախ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *