ԾՆՈՒԵԼ ԵՄ… եւ այլ քերթուածներ

ՆՈՐԵԿ ԳԱՍՊԱՐԵԱՆ

Արցախում, ժայռի պարանոցից կախուած մի գիւղ կայ, անունը՝ կարեւոր չէ: Քանի տարեկան է, չգիտեմ, բայց հայրս ծնուել է այնտեղ, պապս էլ, պապիս պապն էլ, պապիս պապի պապն էլ: Հաշուէք, տեսէք ինչքան է ստացւում, եթէ, ի հարկէ, հետաքրքիր է: Գիւղի կէսը մենք էինք, ուզում եմ ասել՝ մեր գերդաստանը, հօրս ասելով՝ մեր ցեղը, միւս կէսը՝ միւսները: Եւ մենք գիւղի վերեւում էինք, ժայռը, որ ասում եմ, հէնց այդ ժայռի ամենավերեւի տեղը: Եւ այնտեղ էլ հօրս պապը՝ Գասպարեան Մարտիրոսը, տուն է շինել, երկյարկանի, գեղեցիկ, հաստ պատերով՝ տանիքին փռելով հօրս տատի նախշուն հայեացքը: Եւ երբ մի օր պապիս հարցրել եմ՝ ինչու՞ է տունն այդքան գեղեցիկ, պապս տաք ժպտացել է՝ որովհետեւ այնտեղ ծնուելու էիր դու: Եւ ես, Մարտիրոսի հպարտութեան հասած քաղցր պտուղները գիւղով մէկ բաժանելու համար, հէնց այդ տանն էլ ծնուել եմ: Յիշում եմ, աշուն էր, բայց կարգին, տեղը տեղին ձիւն էր եկել: Չէք հաւատայ, բայց այդ օրը համարձակուել եմ նաեւ բանաստեղծութիւն էլ գրել.

Ինչքան յիշում եմ, հօրս Մարտիրոս պապը,
— բնականաբար, ես նրան երբեք չեմ տեսել, —
մի օր խոստովանել է, որ առանց ինձ չէր կարող տնկել մեր թթենիները…
Պապս էլ համոզուած բացատրում էր, որ առանց իմ ներկայութեան
երբեք չէր համարձակուի խնդրել Անահիտ տատիս մանուշակաբոյր ձեռքը…
Հայրս էլ ընդամենը մի անգամ, բոլորի ներկայութեամբ, յայտարարել է,
որ եթէ մանկութեան տարիներին ընկերութիւն չանէր ինձ հետ,
երբեք չէր հանդիպի մօրս…

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹԻԻՆ

Ինքնասպանութիւնից առաջ երիտասարդ գեներալը
զինուորավարի փայլեցրեց երբեք չկրակած
ատրճանակը,
նոյնիսկ փամփուշտները մաքրեց բծախնդրօրէն,
սափրուեց ու լողացաւ տղայավարի,
ինչպէս տարիներ առաջ սովորաբար անում էր
ժամադրութեան գնալուց առաջ…
յետոյ մտքում, հէնց այնպէս, ուղղակի
պատահականօրէն,
ներեց բոլոր ինքնասպանութիւն գործածներին,
անգամ նրանց,
ովքեր դեռ շարունակելու են իրենց նետել
բարձր-բարձր կամուրջներից,
ամպերից կախուած շէնքերի կտուրներից,
կամ էլ, առանց յատուկ պատրաստութեան,
կրակելու են սեփական ճակատին…
Երիտասարդ գեներալը, ինքնասպանութիւնից
վայրկեաններ առաջ,
երբեք չկրակած ատրճանակը զինուորավարի
փայլեցնելիս էլ հասկացաւ,
որ ինքը երբեք, երբեք չի ունեցել
ապրելու այդպիսի անզուսպ ցանկութիւն…

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՅԵՏՈՅ

Ես է՛լ ոչ մէկին չեմ փորձելու համոզել,
որ վերջին օրհասական պատերազմից
վերադարձող չի եղել…
որովհետեւ վերադարձողներից ոչ մէկը չի յիշում,
որ ինքը վաղուց,
արդէն անյիշելի ժամանակներում մի քանի անգամ
հերոսաբար զարկուել է
հերթական բնակավայրը ազատագրելիս…

ՎԵՐՋԻՆ ՀԷՔԵԱԹԸ

Երբ հերթական հէքեաթը պատմելուց յետոյ
մայրս կրկին ուրախ-ուրախ բաժանում էր
երկնքից ընկած
փայլփլուն խնձորները,
ես հրաժարւում էի ուտել իմ բաժին կենարար պտուղը…
որը ամենահամեղն էր ու ամենաշողշողունը…
եւ միայն հիմա եմ լսում այն օրերին
երկինքն ի վեր
հոսող մօրս արցունքների
անմխիթար հառաչանքը…
երբ վաղուց արդէն չորացել են երկնքի
բոլոր խնձորենիները…

ԳԵՂԵՑԻԿ ՊԱՏԵՐԱԶՄ

Վերջում, այն ամենավերջում,
երբ օրերը սկսեն արագ-արագ ծերանալ
տների կարկատած տանիքներին,
երբեք չբացուած դռների առաջ, ծառերի մռայլ ճիւղերին,
խրամատների չսափրուած եզրերին
ու ճմռթուած գետնատնակներում,
մենք ոչ մի տեղ, նոյնիսկ ամենապարապ
ու ձանձրացող բակերում չենք գտնի մէկին,
ով կը կարողանայ սուտ-սուտ պատմութիւններ յօրինել
պատերազմի մասին,
իսկ մենք՝ պատերազմ չտեսածներս էլ,
սկսենք դժգոհել, որ պատերազմը
երբեք այդքան գեղեցիկ չի լինում…
Իսկ առանց ուսադիրների ու շքանշանների
փողոցում յայտնուած գեներալը
դեռ կը շարունակի զարմանալ,
որ իրեն ոչ մէկը չի ճանաչում..

ԱԶԱՏ ԱՆԿՈՒՄ

Վաղը, ինչպէս տարիներ առաջ, ամիսներ
ու օրեր առաջ, ես կրկին կը հագնեմ
իմ ամենագեղեցիկ ու չհնացող շորերը
եւ կարեւոր մի հանդիպման
գնացողի աճապարանքով դուրս կը գամ փողոց…
բայց երբ տեսնեմ փողոցի երթեւեկը վարպետօրէն
կարգաւորող ոստիկանին,
որպէսզի ամբողջ քաղաքը զաւթած սգոյ թափօրը
անարգել ու առանց պատահարների հանգուցեալին
հասցնի գերեզմանոց,
կը հասկանամ, որ էլի տեղ չունեմ գնալու,
ինչպէս տարիներ, ամիսներ ու օրեր առաջ…

ԿՏԱԿ

Այսօր երեւի չեմ հասցնի…
Վաղը, լուսաբացից մի քիչ էլ կանուխ,
արագօրէն կը հաւաքեմ իրերս,
թէպէտ առանձնայատուկ ոչինչ էլ չկայ
ինձ հետ վերցնելու,
երես առած մանչուկի նման ինձ աւելի ու աւելի
չարչարող քո բացակայութիւնից բացի…
եւ ինձ անպայման կ՚ուղեկցի իմ ծերացող գելխեղդը,
նա արդէն մի քանի անգամ հասկացրել է,
որ ուզում է մեռնել հեռու ու անծանօթ մի տեղ՝
հարազատների ու մտերիմների աչքերից հեռու…

ԾՆՈՒԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Երբ հարազատներս, իմ լոյս աշխարհ գալուց
ամիսներ առաջ,
մեր փոքրիկ, պատերը սպիտակեցրած
տանը հաւաքուած,
փորձում էին իմանալ հեղինակաւոր կարծիքս՝
իմ ծննդեան օրուայ ու տարուայ եղանակի հետ կապուած,
ես առանց երկար-բարակ մտածելու բացատրում էի,
որ ուշ աշնան առաջին օրերից բացի
ես մի ուրիշ օր ծնուելու ո՛չ ցանկութիւն ունեմ,
ո՛չ էլ, բնականաբար, տրամադրութիւն,
որովհետեւ տարիներ, շա՜տ-շատ տարիներ յետոյ,
հէնց ուշ աշնան առաջին օրերին եմ հասկանալու,
որ ընդամենը մի քանի օր ապրելու համար
ծնուելը պարզապես անհեթեթութիւն է…

ՀՐԱԴԱԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

Տան սրթսրթացող պատերի տակ,
ծռմռուած պատուհանների սառած գոգերին,
նաեւ վէրքածածկ դռան աներկինք շեմին,
ամբողջ գիշեր կաղկանձում էր դատարկութիւնը,
Իսկ ես յետոյ միայն պիտի հասկանայի,
որ իմ փրկութիւնը մի սովորական կատուի ձագ էր, մի փիսիկ,
որ վախից անդադար մլաւում էր
քաղաքի որբացած թաղամասերից մէկում…

ԷԼԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՅԵՏՈՅ

Ոչ մէկը չի անցել, չի անցել, ես եղել եմ այնտեղ,
ոչ մէկը չի անցել ծովը…
եւ երբ կրկին վերադարձել են զարմացած ջրերը,
Մովսէսին տեսնող չի եղել…

Յետգրութիւն.
Այս մասին քիչ առաջ հաղորդագրութիւն տարածեցին
որոնողական աշխատանքները դադարեցրած
բոլոր ահել ու ջահել փրկարարները…

ԷԼԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՅԵՏՈՅ

Ես այդպէս էլ չյարմարուեցի
մենակ ապրելու քաղցր տառապանքին,
եւ ամենեւին էլ չեմ հասկանում, ինչու են այդքան ուրախ
ինձնից հեռացողները…

ԷԼԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՅԵՏՈՅ

Այսօր
ադամամութին
երբ լոյսն ու խաւարը դեռ շարունակում էին քաշքշել իրար,
(մենք դեռ գիշերն էինք բռնել ճանապարհի ձեռքը)
քաղաքից հեռու մի բացատում, ծաղիկների մէջ, երկնքի աչքի առաջ,
գնդակահարեցի հազար անգամ գէլ ու գազանի առաջն առած իմ Արջուկին,
որովհետեւ բոլորն ինձ անընդհատ համոզում էին,
որ նա կատաղել էր պատերազմից յետոյ
եւ մարդկանց չէր տարբերում
տարիներ առաջ բնակավայրը գրոհող այդ ողորմելի գիշատիչներից…

Յետգրութիւն.
Իսկ երեկոյան, երբ մեն-մենակ վերադարձայ քաղաք,
հրապարակներում ու փողոցներում հաւաքուած մարդիկ
իրար յօշոտում էին ագահօրէն ու դիւահար…

ԷԼԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՅԵՏՈՅ

Ես վաղուց, շատ-շա՜տ վաղուց
ոչինչ չեմ յօրինում ո՛չ մեծերի համար, ոչ էլ՝ փոքրերի,
բայց երկնքից ամեն օր խնձորներ են ընկնում
փայլփլուն ու գոյն-գոյն,
թէպէտ ոչ մէկը չի գալիս իր խնձորները տանելու…

Յետգրութիւն.
Երեւում է Տէրը գործեր ունի կարեւոր ու անյետաձգելի,
եւ նրան ամենեւին էլ չի հետաքրքրում,
թէ ինչով է զբաղուած մի ժամանակ զուարճալի պատմութիւններ յօրինող
կարգին բանաստեղծ ՆՈՐԵԿ ԳԱՍՊԱՐԵԱՆԸ…

ԱՂՕԹՔ

Ես վաղը բարձրանալու եմ ՍԱՐԸ,
թէպէտ ամենեւին էլ չգիտեմ
այնտեղից ինչ եմ բերելու ինձ հետ…
եւ էլի նախանձելու եմ փոքրիկներին,
որ կարողանում են լացել առանց ամաչելու…

Արցախ

Leave a Reply

Your email address will not be published.