Անծանօթուհուն

ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

Ես մտածում եմ.
Կ՚անցնի մի շաբաթ,
Ու ես վերստին կը տեսնեմ նրան,
Ում հանդիպեցի առաջի՜ն անգամ,
եւ մի-երկու բառ փոխանակեցինք`
Չծանօթացած:

Կը տեսնեմ նրան
Ու կ՚ասեմ «դու»-ով.

—Թոյլ տուր տամ մի հարց,
Բայց շատ եմ խնդրում,
Որ դա չհաշուես բնաւ հաճոյ խօսք:
Անցել է ահա ուղիղ մի շաբաթ,
Եւ ողջ մի շաբաթ ժպտացել ես ինձ,
Անվե՜րջ-անդադա՜ր ժպտացել:
Ինչու՞:

Եւ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ ինձ ասես`
Ես գոհ կը մնամ,
Իսկ եթէ շիկնես`
Առաւե՛լ եւս:
Իսկ եթէ շիկնես`
Կը շարունակեմ.
—Երկու փոսիկիդ,
Որ կայ երեսիդ,
Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել
Հմայքի ծովո՜վ:

Ես նո՛ր հասկացայ,
Թէ ոնց է լինում,
Որ հողագնդի կլոր կողերից
Ծովերը երբէք չեն թափւում ներքեւ,
Ու չեն դատարկւում այն փոսիկները,
Որ մենք կոչում ենք ծովերի յատակ…

Եւ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ որ ասես,
Ես գոհ կը մնամ:
Միայն… միայն թէ դու չնկատես,
Որ յանկարծ ես քեզ`
Անծանօթուհուդ,
Դիմել եմ «դու»-ով:

Թէ չնկատես`
Ես այնժամ կ՚ասեմ.
—Դէ՜ , անունդ ասա…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *