Մշոյ Ս. Կարապետ Վանքի Ս. Դուռ (*)

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

Տասներեքերորդ դարի սրբութիւն ես դու,
Ընդամենը ելումուտի մի դուռ,
Երկու թեւերով,
Որ գրկել ես համայնքիդ,
Սեղմել ես տաճարիդ,
Որ աւելի մօտ լինեն Աստծուն։

Տասներեքերորդ դարից ի վեր
Գրկումդ պահածդ համայնքդ
Մնում է սեղմ գրկիդ մէջ, որպէս՝
Սուրբ Կարապետ թաղի ժողովուրդ,
Որ այնուհետեւ
Արհաւիրքով բացակայում է թաղից։

Համայնքդ
Մինչեւ 1915 թուականը
Դեռ ելումուտ էր անում…

Յիշողութեանս մովում
Այդպէս է ստուերուած…
Գնում-գալիս են,
Որ այլեւս չեն գնում-գալիս…

Բեկուել է գնալ-գալը…
Ելումուտը սրբադուռ սուրբ տաճարիդ…
Մշոյ սուրբ Կարապետ վանք…

Բացուիր վերստին
Պատմական վաղեմի սրբութեամբ,
Եւ ընդունիր համայնքիդ,
Որ… որ նախկինը չէ,
Բայց ձգտում է լինել համայնքդ…

Չէ՞ որ սեղմ էիր պահում գրկումդ
Որ մօտ լինեն Աստծուն…

Այնուհետեւ,
Խափանուել է իմ յիշողութիւնը,
Գրկիդ սեղմ ջերմութիւնը,
Եւ չգիտեմ թէ մնացել է սրբութիւնդ…
Ախր… այնքան աւերումներից յետոյ,
Որ այնպէս կնջռոտեցին քանդակներդ,
Որ մեր օրաւուրն էր պատկերում…

Տասներեքերորդ դարի մեր օրաւուրը…

Ես քեզ պետք է առնեմ իմ վտիտ ուսերին,
Ու պիտի տանեմ Մհերի անդուռ Դռանը
Կախելու,
Զօդելու,
Ինձ էլ վրադ խաչած։

Կլենտէյլ, Գալիֆորնիա
29 սեպտեմբեր 2018

*) Մշոյ Ս. Կարապետ վանքի դուռը, 1212թ.
Մեծ Եղեռնին, երբ քարուքանդ եղաւ Մշոյ Ս. Կարապետ վանքը, սրբաքանդակ դուռը անյայտացաւ եւ այս ամառ յայտնուեցաւ Նիւ Եորքի Մեթրոփոլիթըն թանգարանի հայկական ցուցահանդէսին…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *