ԿԻԼԻԿԻԱՆ՝ ԻՄ ԿԻԼԻԿԻԱՆ, ԻՄ ԿԱՐՕՏՆ ՈՒ ՅՈՅՍԸ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

«Երթամ տեսնել զիմ Կիլիկիա…»:
Ն. Ռ.

Ով չի եղել Կիլիկիայում, թէ ինչ ենք կորցրել, չի պատկերացնի:
Ով լինի…
Ժողովուրդները բախտ ունե՞ն: Ես ի՜նչ իմանամ, ունեն, չունեն:
Փոխադրակառքը Բաթումից թուրքական սահմանը հատելուն պէս յայտնւում է Սեւ ծովի ափին, սլանում է ժամեր: Սլանում է օր ու գիշեր: Վերջապէս հասնում է Ստամբուլ, մի պահ խճողւում է Վոսփորի ու Մարմարայի ծփանքներում, ապա կտրուկ հարաւ է թեքւում, այս անգամ Միջերկրականի ափերով, դարձեալ սլանում է ժամեր, դարձեալ սլանում օր ու գիշեր, մինչեւ հասնում է Ադանա… Իսկ աշխարհի բարեխնամ կառավարութիւնների բարեգութ ղեկավարները, չնայած Ուիլսընի կազմած համեստագոյն քարտէզին, հայ ժողովրդին նեղլիկ ելք զլացան Տրապիզոնի մատոյցներում:
Ժողովուրդները բախտ ունե՞ն, չունե՞ն՝ ես ի՜նչ իմանամ…
Մեր պատկերացումները Արեւմտահայաստանի գոնէ այն քաղաքների մասին, որտեղ եղել եմ, հասկանալի պատճառներով մնացել են 15 թուի թնճուկում: Մերսինը, ինչպէս Սեբաստիան, Մալաթիան, արդիական, եւրոպական ծեքծեքումներով ու յաւակնութիւններով քաղաք է:
Դեռեւս նաւամատոյցում եմ ես գլխի ընկնում, թէ մեր ազգային դրօշում ինչո՞ւ է նաեւ նարնջագոյնը ծփում: Նախ Կիլիկիայի հայկականութիւնը հաւաստելու, ապա նաեւ չմոռացնելու համար: Մերսինը ողողուած է նարնջով, Մերսինում նարինջը նոյնքան առատ է, որքան համապատասխան օդեղանակին ծիրանը՝ Արարատեան Հայաստանում…

* * *

Վաղ միջնադարում, այս նոյն քարափում խաչակիրների մարտախմբով ափ ելան բելգիացի երկու ազնուատոհմ կոմսեր՝ Բույյոնն ու Բոդուինը:
— Ինչպէ՞ս է կոչւում այս հրաշալի աշխարհը, բարի՛ մարդիկ, — ձեռքի շարժումներով հարցրեց կոմս Բոդուինը:
— Կիլիկիա, — ֆրանսիական անխառն հնչերանգով պատասխանեց շքախմբով ընդառաջ ելած Թորոս Ա. իշխանն ու խաչակիրներին պալատ հրաւիրեց: Նա նրանց հիւրասիրեց երէների բոլորեփով, ոսկեդիպակ ընկողմնակալներում հանգչեցրեց, ապա միայն հարցրեց.
— Ո՞ւր էք արշաւում, ազնի՛ւ ասպետներ, ի՞նչ նպատակով:
— Անտիոք, — պատասխանեց շիկամօրուս Բոդուինը, — ուխտել ենք՝ բարբարոսներից պիտի ազատագրենք Սուրբ Քաղաքը:
Թորոս իշխանը, որ յաղթական շատ ճակատամարտեր էր մղել սելճուք թուրքերի դէմ, Կիլիկիայի սահմանները հասցրել էր Անտիոք, արդէն ծեր էր:
— Ես օրհնում եմ քո ճամբան, կո՛մս, — իշխանը դողդոջ ձեռքը Բոդուինի լայն, սպառազէն ուսին դրեց, — մենք աշխարհի առաջին քրիստոնեայ ազգն ենք, միածին Յիսուսը մեր պաշտելի որդի-աստուածը, կուսածին Մարիամը աստուածուհին է: Իմ անյաղթ զօրագունդը քեզ կ՚առաջնորդի: Եթէ դու բարբարոսներից խլես Փրկչի մասունքները, կը ստանաս իմ դստեր ձեռքն ու երկրի թագը:
Կոմսն հպանցիկ հայեացք նետեց գահաւորակին բազմած Արտային, միանգամից դիւթուեց: Իշխանադուստրն օժտուած էր Արեւելքի ու Արեւմուտքի կանանց բոլոր հրապոյրներով: Նա հօր առաջարկից շառագունել, աւելի հմայիչ էր դարձել: Ասպետն ուզեց ծնկի իջնել, յաւերժական սէր խոստանալ նրան, բայց վարգաձիի ասպանդակին նետուեց, մի գրոհով ազատագրեց Անտիոքն ու ետ փութալով բերդապարսպի բանալիները Թորոս իշխանին յանձնեց: Մի յաղթանակով նա նուաճել էր ոչ միայն Անտիոքը, այլեւ Կիլիկիայի թագն ու դեղձայտ Արտայի սիրտը: Սակայն, երբ դստեր ձեռքը յանձնելուց յետոյ իշխանն ուզում էր պելկիացի ասպետի գլխին թագ դնել, նա խոնարհուեց, ասաց.
— Երախտապարտ եմ, իշխա՛ն, բայց ես չեմ կարող թագ կրել այնտեղ, որտեղ մեր Փրկիչը փշէ պսակ է կրել:
Բելգիացի խաչակիրը ասպետաբար վճռել էր, որ հայկական Կիլիկիայում հայերը պիտի իշխեն…

* * *

Ո՜վ գիտէ գոնէ հին քաղաքի յետնախորշում փլատակուած եկեղեցու որմնասիւն, մահմետականացած, այդ կերպ կեանքը փրկած հայ մնացե՞լ է:
Առաջին իսկ թէյարանում, ո՛չ, արիւնս չի ձգում, պատահաբար եմ մօտենում մի սեղանի: Երկու ծերունի մզկիթաձեւ բաժակները ձեռքներին մրափում ու թւում է՝ իմ տեղաւորուելը չեն էլ նկատում:
— Ես շատ հեռուից եմ եկել, — ասում եմ, — ուզում եմ հայերի հանդիպել:
Ծերունիներից մէկը հազիւ բացում է աչքերը.
— Հայե՞ր, ի՞նչ հայեր, չգիտեմ, չեմ լսել:
Միւս ծերունին աչքերը լայն բացում, խոժոռում է.
— Ո՜նց չես լսել, Մուրա՛տ, ուրեմն երկու եկեղեցիների աւերակների մօտով ոչ մի անգամ չե՞ս անցել: Երբ մենք մեր աղջիկներին տնից դուրս չէինք թողնում, հայերինը մանկապարտէզ, օրիորդաց վարժարան էին գնում:
Նա զգում է իմ հայեացքի հարցականը, իրենը՝ շեղում:
Ծերունին, որքան էլ զառամեալ լինի, արհաւիրքից շա՜տ յետոյ պիտի ծնուած լինի, որտեղի՞ց գիտի, որ հայերը մինչեւ տասնհինգ թիւը Մերսինում երկու եկեղեցի, արական ու իգական վարժարաններ, մինչեւ անգամ մանկապարտէզ են ունեցել:
— Յամենայն դէպս մենք նրանց վատութիւն չենք արել, չենք նեղացրել, — արդարանում է առաջին ծերունին, — ինչի՞ թողեցին, գնացին:
Երկրորդ ծերունին մի պահ կարկամում, յետոյ առանց թէյն աւարտելու, գլխարկը թափով խլում, թէյը կիսատ թողնում, գնում է:
Եկեղեցիների աւերակները տեսնել չեմ ուզում…

* * *

Եթէ անգամ ես խելագար եմ, քանի դեռեւս հայեր են ապրում, միակը չեմ: Ոչ էլ վերջինը: Մի քանի օրից աշխարհի բոլոր հաճընցիները նշելու են ինչպէս իրենք էին նախ կոչում՝ գոյամարտի, յետոյ՝ հերոսամարտի, վերջերս նաեւ դիւցազնամարտի տարելիցը: Եկեղեցիներում հոգեհանգստեան կարգ է կատարուելու, աւանդական ճիտապուրի կաթսաներն են քլթքլթալու, փողերախմբերը հնչեցնելու են Հաճընի փառերգը, սկաուտները տողանցելու են թաղից թաղ:
Իսկ ես որոշել եմ Հաճընի գոյամարտի, հերոսամարտի, դիւցազնամարտի տարելիցը հենց Հաճընում նշել: Հաճըն ասելը, ի հարկէ, չափազանցութիւն է: Լեռնային արծուաբոյնը վաղուց Սայիմ պէյլի է կոչւում՝ այն զօրավարի անունով, ով ընկճեց հայերի իննամսեայ դիմադրութիւնը, գետերը արեամբ հեղեղեց:
Չգիտեմ՝ այս երկրի իսկական տէրը ե՞ս եմ, թէ վարձակառքի մթնադէմ վարորդը: Նա, քանի որ Հաճըն եմ գնում, երեւի բախշիշ-թէյընծայի ակնկալիքով ձգտում է ինձ սիրաշահել ու տեղի ջրվէժի (յետոյ կը տեսնեմ՝ եղած-չեղածը՝ չռիկի) մասին մուղամը ինքնաշարժի նուագարկիչով հնչեցնում, կլկլոցով ձայնակցում է մէկ անգամ, երկու անգամ, հազար անգամ, մինչեւ վերջապէս հասնում ենք քաղաք: Շուկայ-չարշըի հրապարակում ինձ բացատրում է, որ բոլոր հիւրանոցները, հաւանաբար հիւրատները, գտնւում են գլխաւոր փողոց-ճատտէում, ու ինձ ազատում է իր մուղամից:
Հաճընը գողտրիկ քաղաք է, երկյարկանի, եռայարկ առանձնատները ուզում եմ հաւատալ, որ ժամանակին հայերն են կառուցել: Բայց ներկայ բնակիչների անհաղորդ հայեացքները վհատեցնում են: Ի՜նչ գոյամարտ, ի՜նչ հերոսամարտ, ի՜նչ դիւցազնամարտ, Սայիմ պէյլին այնքան է թրքացել, որ հայերի գոյութիւնն էլ է մոռացել…
Չէ՛, ինձ միայն թւում է:
Առաջին հիւրատան սպասարկուն երկար զննում է անձնագիրս, կոպտօրէն հրում է ետ.
— Մինչեւ Ղարաբաղն իր օրինական տէրերին՝ ազերիներին չվերադարձնէք, ես հայաստանցի հայի սենեակ չեմ տայ:
Յաջորդ հիւրատունը մի քանի քայլ վեր է: Սպասարկուն դարձեալ երկար զննում է անձնագիրս, տարակուսում.
— Հայաստան… Հայաստան… էդ որտե՞ղ է…
— Ատրպէյճանի ու Վրաստանի միջեւ մի փոքրիկ, աննշան երկիր է, — բանիմաց յուշում է բարապանը:
Սպասարկուն ոտքից գլուխ զննում է ինձ.
— Ի՞նչ հաւատի էք, մահմետակա՞ն էք, թէ՞…
Այս անգամ ես եմ կոպտօրէն խլում անձնագիրս ու ելնում եմ դուրս: Բարեբախտաբար վարորդը նոյն տեղում յաճախորդի է սպասում:
— Ադանա գնանք, — ասում եմ:
Շարժիչը գործի է գցում ու հիմա էլ Ադանայի համբաւաւոր քեապապ-լուլայի մասին մուղամն է հնչեցնում: Հաճընից Ադանա մօտ հարիւր յիսուն քիլոմեթր է՝ Աստուած իմ, նոյն մուղամը քանի՞ անգամ եմ լսելու…
Խելագար եմ, բա ի՞նչ եմ: Ո՞վ այսպէս կը նշի Հաճընի գոյամարտի, հերոսամարտի, դիւցազնամարտի տարելիցը:

* * *

Սուգը ինձնից առաջ է Ադանա հասել: Տեղական ու կենտրոնական բոլոր հեռուստալիքները ողբում են նրա կորուստը, դրուատում երկու միլիոնից աւելի գլուխգործոցները, յիշատակում հանդիպումները Բերտրան Ռասելի, Փիքասոյի, Սալվատոր Դալիի հետ: Թուրքիայի նախագահն իր ցաւակցականում նրան բէօյուք ուստա — մեծ վարպետ — է կոչում: Այն, որ Արա Կիւլլէրը հայերէն գրքեր է գրել, հայկական թատերախմբերում հանդէս եկել, մոռանում են: Հայ լինելն էլ չեն յիշատակում: Բայց ես չեմ հասցնում հիասթափուել: Թուրքական կենտրոնական հեռուստակայանից, ճիշտ էք կարդում՝ թուրքական կենտրոնական հեռուստակայանից հայկական սաղմոս է հնչում, յուղարկաւոր յանձնախումբը կատարում է հանգուցեալի վերջին կամքը՝ Սթանպուլի Պէյօղլու թաղամասի Երեք խորան հայկական եկեղեցում դպրաց դասը հոգեհանգստեան կարգ է կատարում, հայկական տուտուկի, «Տլէ եաման» ողբերգերի ներքոյ մարմինը հանւում, հողին է յանձնւում Շիշլիի հայկական գերեզմանատանը:
Ուիլիըմ Սարոյեանը, Շառլ Ազնաւուրը, Արա Կիւլլէրն իրենց մահով անգամ հաւաստում են հայի հայկականութեան գերակայութիւնը:

* * *

1909 թուականի ուշ աշնանը Պոլսի քարափի ծաղարանը մտաւ փարիզեան վերջին նորաձեւութեան՝ փետրազարդ գլխարկով հմայիչ մի տիկին:
«Ազատամարտի» համբաւաւոր սիւնակագիր Արփիար Ակնունին, որ թերթանուշով պտղախիւս էր վայելում, իսկոյն ոտքի ելաւ.
— Հրամմեցէ՛ք, տիկի՛ն Եսայեան, ի՞նչ կը հաճիք:
— Սուրճ մը միայն, — թիկնաթոռում փլուեց Զապէլ Եսայեանը, — լեղի՛, լեղի՛ սուրճ մը:
— Ինչո՞ւ այլայլած էք, տիկի՛ն Եսայեան, ի՞նչ ունիք…
— Ադանայէն կու գամ, — հառաչեց արձակագրուհին ու շուրթերին տարաւ լեղի, լեղի սուրճը:
Նրան թուաց ամեն ինչ ասաց:
Մինչդեռ այն, ինչին երեք ամիս շարունակ ականատես էր եղել, հնարաւո՞ր էր մի բառով ասել: Տիար Արփիարը անիմաստ համարեց հարցնելը, թէ Ադանայում, երեք ամսում, ինչերի է ականատես եղել «Քոլեժ տը Ֆրանսը», ապա եւ Սորպոնի համալսարանը նոր աւարտած արձակագիրը, որը դեռեւս պահպանել էր փարիզեան ուսանողուհու հմայքն ու գրաւչութիւնը:
— Ես կրնամ պատկերացնել, թէ որքա՛ն տառապած էք, — արձակագրուհուն իւրովի սփոփել փորձեց Ակնունին, — Ակնի ջարդերին տարիներ առաջ ես ալ ականատես եղած եմ…
— Բնաւ այն չէ, ինչ կը կարծէք, պարո՛ն Արփիար, բարեբախտաբար, թէ դժբախտաբար՝ բնաւ այն չէ: Մենք՝ որբախնամի, նպաստամատոյցի կիներս ուշ հասանք Ադանա, սակայն այն ինչ տեսանք, սպանդէն, նախճիրէն ահաւոր էր…
— Սպանդէն, նախճիրէն ահաւոր ի՞նչ կրնայ ըլլալ:
— Այրիներուն, որդեկորոյս մայրերուն տառապա՛նքը, որոնց ողջ ձգած էին աւելի անգութ կերպով մեռցնելու՝ տանջամահ ընելու համար: Երեւակայեցէ՛ք մանկամարդ հայուհի մը, պարոն Ակնունի, որուն ամուսինը իր աչքերուն առջեւը բզիկ-բզիկ ըրած, մարմինը շուներուն նետած էին, չէին արտօնած անգամ, որ հողին յանձնէ: Բայց հայուհին կը տոկայ, ինքզինքը կը ժողվէ, որ երկու զաւակներուն կեանքը ազատէ: Տասը օր չանցնիր անօթութենէն մեծ տղան կը մահանայ: Մայրը իր ձեռքերով փոս կը փորէ, կը թաղէ, դարձեալ չի յուսահատիր, մէկ հատիկ պզտիկին համար կ՚որոշէ ապրիլ: Երբ պզտիկն ալ անօթութենէն կամ թէ տարանցիկ հիւանդութենէն կը մեռնի, մայրը մեծ տղային փոսը կը բանայ, որ պզտիկին քովը պառկեցնէ, հանդերձեալ աշխարհը գոնէ իրարմէ չբաժնէ: Փոսը կը բանայ, որ ի՜նչ տեսնայ՝ որդերը տասը օրուայ մէջ մանչուկին միսերը կերած, ոսկորները ձգած են: «… Եւ չէին հեռանար, տիկի՛ն, — մազերը կը փետտէր, կուրծքը կը բզկտէր հէգ մայրը, — կարմիր, լպրծուն որդերը տղեկիս ականջէն կը մտնային, քիթէն կ՚ելլային, քիթէն կը մտնային բերանէն կ՚ելլային, խրախճանքի ելած էին: Ինչպէ՜ս պզտիկս ալ անոնց կեր դարձնէի, դիակը գրկեցի ետ՝ տուն բերի…»:
Թշուառ մայրը չըսաւ, թէ պզտիկին մարմինը ի՞նչ ըրած է, որդերու կեր չդարձնելու համար մինչեւ ե՞րբ իր տունը, անկողինը պահած է:
Ծաղարանի նուագածուները յաճախորդներին զուարճացնելու համար շախով ու շուխով շարխիներ էին հնչեցնում: Բարեբախտաբար արձակագրուհին երաժշտութիւնը չէր լսում: Նա Ադանայում էր:
— Ես այդ տեսակ հարիւրաւոր, հազարաւոր մայրեր ու այրիներ տեսայ, պարո՛ն Ակնունի: Անոնք անօթի էին ու գրեթէ մերկ, բայց մեր տարած օգնութիւնը չէին ուզեր, իրենց զաւակները կ՚ուզէին: Կը կարծէին, որ եթէ մայրաքաղաքէն գացած ենք, ամենազօր ենք: Ես խեղճերուն աղերսները կը լսէի, բայց օգտակար ըլլալ անկարող էի: Եթէ քիչ մըն ալ երկար լսէի, անոնց պէս պիտի խենթենայի: Արդէն խենթենալ սկսած էի: Փախայ, Պոլիս վերադարձայ, բայց դժբախտ կիներն ալ հետս եկան: Չեմ գիտեր՝ ի՞նչ ընեմ:
— Գրեցէ՛ք, գրեցէ՛ք, այդ ամենը, — դարձեալ յուսադրել փորձեց Ակնունին, — Ակնի ջարդէն յետոյ Պոլիս հասնելուս պէս նոյն խորհուրդը ինծի Ռուբէն Զարդարեանը տուաւ, նոյնիսկ ստիպեց, որ օրը օրին տեսածներս շարադրեմ, թուղթին յանձնեմ:
Զապէլ Եսայեանը ծխախոտ վառեց, ծխախոտի ծխի պէս կծու ժպտաց.
— Գրելէն ի՜նչ օգուտ…
Ակնունին հասկացաւ հեգնանքը: Օսմանեան խորհրդարանի Ադանա մեկնած պատուիրակները տիկին Եսայեանի պէս ոչ թէ սոսկ լսել, սպանդն իրենց աչքով էին տեսել, բայց վերադառնալուց յետոյ պատուիրակութեան երկու թուրք անդամները իրենց զեկուցագրում գրել էին այն, ինչ իրենց նախօրօք թելադրել էին: Իբր հայ հայդուկներն են նախայարձակ եղել, զինուած բախումներ սադրել, թուրքերը սոսկ պաշտպանուել ու անհաշիւ զոհեր են տուել: Խորհրդարանական պատուիրակութեան հայ անդամը՝ Յակոբ Պապիկեանը, բնականաբար հրաժարուել էր ստորագրել այդ զրպարտագրի տակ, իր զեկուցագիրն էր գրել, որտեղ ականատեսի վկայութիւններով փաստել էր, որ Ադանայի ջարդին երեսուն հազար անմեղ ու անպաշտպան հայ է զոհ գնացել: Չհաշուած հրկիզուած թաղամասերը, պղծուած եկեղեցիները, թալանուած վաճառատները… Սակայն, զեկուցագիրն աւարտելու գիշերը, անհասկանալի պայմաններում հայ երեսփոխանն անսպասելի մահացել էր, զեկուցագիրը չքացել էր գրասեղանի վրայից…
— Ուրեմն, ի՞նչ կ՚ըսէք, տիկի՛ն, — հեգեց սիւնակագիրը, — այս վիճակէն ազատելու միջոց, փրկութեան յոյս չկա՞յ:
— Կա՛յ:

* * *

Միապաղաղ, միալար անձրեւ է տեղում: Հիւրանոցային իմ ընկողմնակալում ձանձրանում ու ձանձրոյթից փորձում եմ յիշաչար չթուալ, ինքս ինձ համոզել, որ ժամանակակից թուրքերը հայերիս նկատմամբ բարեհաճ ու բարեհամբոյր են, մանաւանդ, երբ իրենց լեզուով ես դիմում, հաճելիօրէն զարմանում են.
— Ի՜նչ ազատ էք խօսում, որտե՞ղ էք սովորել:
Կենտրոնական հեռուստաալիքներն այլեւս Արա Կիւլլէրի մասին հաղորդումներ չեն սփռում, Կարս քաղաքի անունն եմ լսում, լարւում եմ: Տեղի համալսարանի 2018-19 ուստարուայ բացման արարողութիւնն է, ելոյթ է ունենում Թուրքիայի խորհրդարանի նախագահ Պինալի Եըլտըրըմը: Նա բառացիօրէն ասում է (դիւրակիր հեռախօսովս ձայնագրել եմ). «Ցեղասպանութեան մասին ցանկացած պնդում ստոր պնդում է: Ցեղասպանութիւն, ազգային զտում եւ նմանատիպ բարբարոսութիւններ մեզ բնորոշ չեն: Նրանց նպատակը (հայերիս նկատի ունի) իրենց ամօթալի նկարագիրը (Արցախի ազատագրութիւնը նկատի ունի) թուրք ազգին վերագրելն է»:
Կեցասենեակիս դուռը թակում են: Յայտնւում է սպասեակը, յայտնում է, որ էրզրումցի հայ ուստա-վարպետները նորից եկել են, իմացել են, որ հիւրանոցում հայ կայ, ուզում են անպայման տեսնել: Ճաշասրահում ինձ են սպասում:
— Էրզրումցի հայ վարպետներն ովքե՞ր են:
Սպասեակը թօթւում է ուսերը՝ այդքանը գիտի:
«Հեղնար աղբիւրի» մէկի փոխարէն երկու՝ մի ահել, մի ջահել Մկրտիչ, տեղի նրբընտիր խորտիկը՝ Ադանայի քեապապ-լուլայ են պատուիրել, կողք-կողքի նստել, ինձ են սպասում:
— Իսկապէ՞ս էրզրումցի էք:
— Պապէ-պապէ-պապէ-պապ:
— Բա Ադանայում ի՞նչ էք անում:
Ահել Մկրտիչը գլխով կողքի սեղանն է ցոյց տալիս, այդ մի նախադասութիւնը հայերէն է ասում.
— Էսոնց վրայ քար քաշինք կու:
Տոհմիկ վարպետներ են, իրենց պապերի, պապերի, պապերի պապերը Էրզրումի եկեղեցիների խոյեակներն ու գերեզմանների խաչքարերն են քանդակել, բայց քանի որ հիմա եկեղեցի ու խաչքար քանդակել չկայ, թուրքերի գէօռերում տապանաքար են տաշում: Մեծահարուստները տարբեր քաղաքներից ու անգամ գիւղերից աներեւակայելի ընծավարձերով գայթակղում, հրաւիրում ու յետոյ պարծենում են, որ իրենց հանգուցեալների դամբարանները «էրզրումցի հայ ուստաներն» են կառուցել: Առաջին անգամը չէ, որ Ադանա են գալիս:
Ու իսկոյն էլ պարզւում է, որ նրանք ինձ կանչել են, ոչ թէ պատուելու, փնովելու համար:
— Դուք՝ Կովկասի հայերդ, առաւ-փախաւ («առաւ-փախաւ»-ը հայերէն) մարդիկ էք, — ասում է ահել Մկրտիչը:
Ջահել Մկրտիչը չի խօսում, ժպտում, գլխով հաստատում է ահելի ասածները:
— Էդ ինչի՞, — զարմանում եմ:
— Բա էդքան խաբե՞լ կը լինի: 1829-ին Կովկասի հայ կամաւորականները Պասկեւիչի բանակով մտել, մեր քաղաքն ազատագրել, նահանջելիս ասել են՝ համբերէք էլի ենք գալու, 1877-ին Լոռիս-Մելիքովի հետ եկել, նահանջել, նոյնն են խոստացել, 1918 թուին՝ նոյնը: Էդ վերջին անգամուայ խոստումից ուղիղ հարիւր տարի է անցել:
— Դո՛ւք եկէք Հայաստան, — փորձում եմ անուշի կապել:
— Էրզրումը Հայաստան չի՞, — վիրաւորւում է քարտաշ վարպետը:
Չնայած դա էլ է արել: Մի քանի տարի առաջ ջահել Մկրտիչի հետ որոշել է Գիւմրի գալ, իր հեռաւոր զարմիկների հետ ծանօթանալ, որ նոյնպէս քարտաշներ են:
Էրզրումից Գիւմրի քանի՞ ժամուայ ճամբայ է:
— Դուք հայ էք, սահմանը ձեր համար փակ է, — ասել են Թուրքիայում, ու իրենք, ճարահատ, ինքնաթիռով Էրզրումից հասել են Անգարա, Անգարայից Ստամբուլ, Ստամբուլից Երեւան ու նոր՝ Գիւմրի:
— Դուք Թուրքիայի քաղաքացի էք, սահմանը ձեր համար փակ է, — վերադառնալիս ասել են Հայաստանում ու նոյն շուրջերկրեայ ճանապարհորդութիւնը երկրորդ անգամ են կատարել:
Թուրքիայի ճաշարաններում ինչո՞ւ ոգելից խմիչք չեն մատուցում, չեմ հասկանում: Ադանայի նոյնիսկ ամենաախորժահամ խորտիկը առանց օղու կամ գինու չի ուտւում: Թէ՞ ուրիշ, բոլորովին ուրիշ պատճառով: Ահել ու ջահել Մկրտիչներն ակնդէտ նայում են դէմքիս, սպասում են, որ ասեմ՝ գալու ենք:
— Գալու ենք, — ասում եմ…

* * *

1920 թուականին Կիլիկիա հասան հայ կամաւորականները: Արեւելեան լեգէոնի զօրակազմում նրանք Արարայի ճակատամարտը յաղթանակով էին աւարտել, ու ֆրանսիացի հրամանատարները խրախուսում էին.
— Ուժ տուր ոտքերիդ, հա՛յ զինուոր, իմացի՛ր, ամեն եօթանասունհինգ սանթիմեթրը, որ դու յաղթահարում ես, մի քայլով քեզ մօտեցնում է քո սիրելի հայրենիքին:
Եօթ հարիւր տարի՝ հայկական թագաւորութեան անկումից ի վեր Կիլիկիա հայ մարտիկ չէր մտել, Ադանայի գլխաւոր հրապարակում, որ հիմա էլ է երեւում հիւրանոցի իմ պատուհանից, դեռատի աղջիկները, գեղադէմ մայրերը, դողդոջուն մամիկները փաթաթւում էին հայ կամաւորականներին, ցնծում էին ու լալիս.
— Բարով եկաք, ձեր հոգուն մատաղ:
— Ուշ եկաք, բայց յաղթանակով եկաք:
Միհրան Տամատեանը ամպիոն բարձրացաւ, պաշտօնապէս հռչակեց հայկական Կիլիկիայի անկախ պետականութիւնը: Թնդաց զինուորական փողերախումբը, յաղթերթով անցան հայկական լեգէոնի մարտիկները, նրանց հետեւեցին ազգաբնակչութեան թափօրները՝ հայերը, յոյները, ասորիները, սիրիացիները, քաղկեդոնացիները: Ու անգամ՝ թուրքերը:
Չնայած դրան՝ Կիլիկիայի հայկական անկախ պետականութիւնը միայն մի օրուայ կեանք ունեցաւ:
…Երբ ֆրանսիական վերջին կառաշարը դանդաղ, ասես գողէգող հեռանում էր Ադանայի կայարանից, Գասպար Մենակը, որ Միացեալ Նահանգներից եկել, քանի տարի կռուել էր Կիլիկիայի ազատագրութեան համար, բռունցքը անհետացող գնացքին ուղղեց, հեծեծաց.
— Հէ՜յ, Ֆրանսիա, էդ ո՞ւմ հողը ո՞ւմ ես տալիս…
Ֆրանսիան չպատասխանեց:
Աշխարհն էլ:

* * *

Այս պատմութիւնն այսքանով վերջացա՞ւ: Այս պատմութիւնը նոր է սկսւում: Մեծի Տանն Կիլիկիոյ Նորին Սուրբ Օծութիւն Տէր Տէր Արամ Ա. կաթողիկոսը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական ատեանին՝ պահանջելով Սիսի պատմական Կաթողիկոսարանի վերադարձը։
Մերժման դէպքում հայցը Եւրոդատարան է ներկայացուելու:

* * *

Ով չի եղել Կիլիկիայում, թէ ինչ ենք կորցրել՝ չի պատկերացնի. ով լինի՝ կեանքն «Ադանայի ողբով» չի աւարտի:

2018 թ., աշուն
Երեւան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *