Արիութիւնը մեր ժողովրդի բոլոր սերունդների արեան մէջ է — Սարդարապատի ճակատամարտի 100-ամեակին առթիւ

ԱՆԱՀԻՏ ԽԱՐՄԱՆԴԱՐԵԱՆ

Շտաբս-կապիտան Խորէն Խարմանդարեանցի յիշատակին

Ի՞նչ գիտենք մենք Սարդարապատի ճակատամարտի մասին: Ըստ ժողովրդի ճակատագրի եւ պատմութեան վրայ ունեցած ազդեցութեան՝ պատմաբաններն այն համեմատում են Աւարայրի ճակատամարտի հետ: Սակայն ճակատամարտն արդէն պատմութիւն է դարձել, վաղուց արդէն ոչ ականատեսներ կան, ոչ՝ մասնակիցներ: Հայկական հանրագիտարանի 10-րդ հատորում կարելի է կարդալ. «Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել մայիսի 21-29-ը, հայկական կանոնաւոր զօրամասերի (աշխարհազօրի աջակցութեամբ) եւ թուրքական զօրաբանակի միջեւ, Սարդարապատ կայարանի (այժմ՝ ք. Հոկտեմբերեան) շրջակայքում: Օգտուելով Կովկասեան ռազմաճակատի մերկացումից՝ թուրքական կառավարութիւնը ծրագրել էր ոչ միայն վերազաւթել Արեւմտեան Հայաստանը, այլեւ նուաճել Արեւելեան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը, վերջնականապէս բնաջնջել հայ ժողովրդին: Խախտելով Անդրկովկասեան Կոմիսարիատի հետ կնքուած (1917-ի դեկտեմբերի 5) զինադադարը՝ թուրքական զօրքերը, 1918-ի փետրուարի 10-ին յարձակման անցնելով, շուրջ 2 ամսում գրաւեցին Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը, ապա Սարդարապատի ու Բաշ-Ապարանի վրայով փորձեցին մտնել Երեւան: Սարդարապատի ուղղութեամբ շարժուող թուրքական զօրախումբը (հրամանատար՝ Եաղուբ Շեւքի փաշա) բաղկացած էր 36-րդ հետեւակային դիվիզիայից, մէկական հարուածային եւ սակրաւորների գումարտակից, կորպուսային հեծեալ գնդից, 1500 քրդական հեծեալից, հրետանային մարտկոցից (40 թնդանօթ): Հայկական զօրքերի երեւանեան խմբաւորումը (հրամանատար՝ Մ. Սիլիկեան) կազմում էին 2-րդ հրաձգային դիվիզիան (առանց 7-րդ եւ 8-րդ գնդերի), 3-րդ հետեւակային բրիգադը եւ 2-րդ հեծեալ բրիգադի 1-ին գունդը»:
Ինչքան էլ քիչ եմ հասկանում ռազմական գործից, սակայն ակնյայտ է, որ ուժերը ոչ թէ անհաւասար են եղել, այլեւ՝ անհամեմատելի: Ինչպէս այստեղ չյիշել ռուս մեծ զօրավար Ալեքսանդր Սուվորովին. «Կռուել հարկաւոր է ոչ թէ քանակով, այլ՝ հմտութեամբ»:
Այսպիսով, 1918 թուականին Սարդարապատում մի քանի դիվիզիան եւ ժողովրդական աշխարհազօրայինները մարտնչում էին հակառակորդի տասնապատիկ անգամ գերազանցող ուժերի դէմ: Եւ, ինչպէս միշտ, թուրքերը փորձում էին զաւթել ուրիշի երկիրը, եւ, ինչպէս միշտ, հայ ժողովուրդը պաշտպանում էր իր հայրենիքը, վերջին ամրոցը՝ Հայաստանի վերջին մայրաքաղաքը: Հայ զինուորը սխրանք գործեց, հայրենասիրական եւ ռազմական սխրագործութիւն, սխրանք, որը երբէք չի մոռանայ հայ ժողովուրդը, որովհետեւ այն ոսկէ տառերով գրուած է նրա յիշողութեան մէջ եւ սրտում:
Մենք գիտէինք, որ մեր պապիկը` Խորէն Խարմանդարեանցը, մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, եւ որ մեծ է եղել նրա հրաձգային գնդի դերը կռուի յաղթական ելքի համար: Մենք հպարտանում էինք դրանով, բայց շատ քիչ բան գիտէինք նրա մասին: Նա լռակեաց էր, ոչ ժպտադէմ, երբեմն նոյնիսկ մռայլ, հազուադէպ էր խօսում՝ կշռադատելով իւրաքանչիւր բառը, եւ նրա անձը, կարծես, ինչ-որ գաղտնիքով էր պարուրուած: Պապիկը Թբիլիսիում էր ապրում, մենք՝ Երեւանում, հազուադէպ էինք հանդիպում: Երբ նա մահացաւ, ես երիտասարդ էի, եւ ինչ նրա մասին պատմում էին հարազատները, Առաջին համաշխարհային պատերազմի միջադէպերի էին նման: Ինքներդ դատէք: Նա աւարտել էր ռազմական ուսումնարանը, եղել էր հրետանաւոր, Դաշնակցութեան անդամ էր, շատ անգամ վիրաւորուել էր, ցարական ու խորհրդային մի քանի շքանշան ու շտաբս-կապիտանի կոչում ունէր, մարտնչել էր Սարդարապատում… Պատմում էին (տատիկիս խօսքերով), որ ճակատամարտը, առանց դադարի, տեւել է վեց օր: Վիրաւորները, որոնք կարող էին շարժուել, մտնում էին դիրքերի կողքին գտնուող Կարմիր խաչի վրանը: Բժիշկներն ու բուժքոյրերը նոյն սխրանքն էին դրսեւորում, ինչ զինուորները. նրանց վիրակապում կամ վիրահատում էին, եւ նրանք անմիջապէս շարք էին վերադառնում: Մեր պապն այդ օրերին երկու անգամ վիրաւորուել ու երկու անգամն էլ վրանից գնացել է ղեկավարելու իր գնդացիրները: Եւ այդպէս էին վարւում բոլորը: Արիութիւնը մեր ժողովրդի բոլոր սերունդների արեան մէջ է, այդ թւում նաեւ՝ 2016 թվականի Ապրիլեան հերոսների…

1919 թուին ՀՀ կառավարութիւնը Խարմանդարեանցին յատուկ անցաթուղթ-անձնագիր տուեց, խնդրանքով բոլոր բարեկամ երկրների քաղաքացիական եւ զինուորական իշխանութիւններին (նկատի էին ունեցել նաեւ Վրաստանը)՝ աջակցութիւն ցոյց տալ նրան ու նրա ընտանիքին: Եւ նա գնաց Թբիլիսի: Անձնագրում գրանցուած էին մայրը, կինը եւ երեխաները, այդ թւում՝ նա՝ իմ ապագայ հայրը, որ այդ ժամանակ երկու տարեկան էր: Ես երկար եմ մտածել՝ ընդհանրապէս արժէ՞ ակնարկ գրել, դա ինձ շատ անհամեստ էր թւում: Սակայն, պատահաբար, թերթում աչքովս ընկաւ մի յօդուած, որտեղ պատմական հարցերում հեղինակաւոր մարդիկ, քննարկելով Հայաստանում բոլշեւիկեան դարաշրջանի սկզբնական ժամանակների իրադարձութիւնները՝ յիշում էին, թէ ինչպէս, իշխանութեան գալով, նրանք գնդակահարեցին Սարդարապատի ճակատամարտի մասնակից ռուսական բանակի բոլոր սպաներին… ու եզակիներն են ողջ մնացել: Նշանակում է՝ իմ պապը նրանցից մէկն է եղել, եւ իմ ընտանիքը փրկվել է ՀՀ դաշնակցական իշխանութեան կողմից տրուած անձնագրի շնորհիւ… Այս բոլոր տարիներին այն ինձ մօտ պահապանվել է որպէս ընտանեկան մասունք:

* * *

Անիմանալի են Աստծոյ ուղիները: Ինչպէ՞ս գրել այն ժամանակի մասին, որի մասին շատ քիչ բան գիտես: Հօրաքրոջս մօտ պապիցս փոխանցուած փաստաթղթերի մի փաթեթ էր պահպանւում՝ մի պայմանով, որ ոչ մէկին ցոյց չտայ: Ես դժուարութեամբ համոզեցի որոշ ժամանակով այն ինձ վստահել: Ժամանակակից մարդու տեսանկիւնով՝ դրա տեղը պատմական արխիւն է: Ես մանրամասն ծանօթացայ եւ ինչ-որ բան էլ, ինչ ինձ հետաքրքիր կամ ուշադրութան արժանի թուաց, դուրս գրեցի:
Ահա մի լուսանկար՝ արուած Սանկտ-Պետերբուրգում. ինչպէս երեւում է նրա Ծառայողական ցուցակից, 1916 թ. մայիսից-ապրիլ պապիկը եղել է արձակուրդում: Տատիկս այդ ժամանակ սովորում էր Սանկտ-Պետերբուրգի կանանց բարձրագոյն դասընթացներում: Լուսանկարում պատկերուած են Խորէն (աջ կողմում) եւ Վաղինակ Խարմանդարեան եղբայրները՝ իրենց մօր՝ Փեփրոնէի (կենտրոնում) եւ կանանց հետ: Փեփրոնէն՝ իմ տատիկը, թոռների յիշողութեամբ շատ խելացի, վայելուչ վարմունքով եւ առաջադէմ կին է եղել: Ի դէպ, նրա պատկերաքանդակը պահպանւում է Պետերբուրգի Ռուսական թանգարանում: Հետաքրքիր է այդ պատկերաքանդակի ստեղծման պատմութիւնը: Մի երիտասարդ քանդակագործ տեսել է փողոցում, երբ նա որդուն ու հարսին այցելութեան էր եկել Կարսից: Տեսել է ու խնդրել, որ թոյլ տայ քանդակել: Որդին համաձայնել է, ու նա քանդակել է տատիկիս դիմանկարը: 1971 թ. Ռուսական թանգարանում տեսել էի «Հայուհու գլուխը» դիմաքանդակը, բայց չգիտէի, որ բնօրինակը իմ նախատատն է, քանդակի ստեղծման պատմութիւնն ինձ բաւականին ուշ են պատմել:
Լուսանկարից մեզ են նայում երկու խիզախ սպայ՝ պապիկս ու նրա եղբայրը: Այդ նրանք եւ հազարաւոր նրանց նմանները պաշտպանեցին, նուաճեցին, փրկեցին ժամանակին հսկայական Մեծ Հայաստանի վերջին պատառիկը, որը դարձաւ Հայաստանի Առաջին Հանրապետութիւն եւ որին վիճակուած էր երկու տարի յետոյ 70 տարիների խորհրդայնացում, ապա՝ վերջապէս երկար սպասուած անկախութիւն:
Հարիւրամեայ վաղեմութեան տարբեր թղթեր ու փաստաթղթեր եմ զննում՝ դեղնած, հնամաշ, տրորուած, ծալքերում պատռուած… Որտեղ ասես, որ մեր պապը չի ուսանել: Տարատեսակ փաստաթղթերից երեւում է, որ տարրական ընդհանուր դաստիարակութիւնը ստացել է Երեւանի հոգեւոր սեմինարիայում, յետոյ սովորել Վլադիկաւկազի զինուորական ուսումնարանում, ապա՝ քառամսեայ հրետանային դասընթացներում:
Թիվ 653 ատեստատին (1934 թ. այդպէս էր կոչւում բարձրագոյն կրթութեան դիպլոմը) տեղեկանք է կցուած այն մասին, որ 1926-29 թթ. նա եղել է Թբիլիսիի Վ. Ի. Լենինի անուան պետական պոլիտեխնիկական ինստիտուտի գիւղատնտեսական ֆակուլտետի անտառագիտական բաժնի եւ Վրացական ՍՍՌ-ի Պետական համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի ուսանող, ութ կիսամեակ ունկնդրել, յանձնել է անտառագիտական ուսումնական պլանով պահանջուող բոլոր առարկաները: Էլի մի քանի տեղեկանք: Վրացական ՍՍՌ-ի Լուսժողկոմից՝ 1938թ. բոլոր առարկաներից մանկավարժական մինիմումի գերազանց յանձնելու վերաբերեալ: Այդ ժամանակ նա ֆիզիկայի ուսուցիչ էր նշանակուել բարձր դասարաններում: 1948 թ. ՍՍՌՄ բարձրագոյն կրթութեան նախարարութեան կողմից տրուած պարգեւատրութեան տարբերանշանի վկայականից պարզ է դառնում, որ մեր պապն աւարտել է երկու ֆակուլտետ՝ գիւղատնտեսական եւ ֆիզիկա-մաթեմատիկական:
Չնայած հարիւր տարուայ ընթացքում փաստաթղթերի մեծ մասը կորել է, սակայն պահուածների մէջ էլ շատ հետաքրքիր մանրամասներ ու տեղեկութիւններ են հանդիպում: Ահա գործող բանակից նամակ՝ մեր պապին: Մէջբերեմ կրճատումներով.

«Մեծարգոյ պորուչիկ, վստահ եղէք, որ 1916 թ. յուլիսի 25-ին Թեմուրանի տակ իմ հրամանատարութեան ժամանակ Ձեր գործած սխրանքը չեմ մոռացել եւ մի քանի անգամ տեղեկութիւններ եմ հաւաքել Ձեր պարգեւատրման համար:
Ես կատարելապէս համոզուած եմ եղել, որ ջոկատի պետ Գեներալ Եուրկեւիչը, ում այն ժամանակ զեկուցեցի Ձեր մասին, իրենից կախուած ամեն ինչ կանի՝ կարգադրութիւն անելու Ձեզ Ձեր վաստակին համապատասխան պարգեւի ներկայացնելու համար:
Շատ ցանկանալով արագացնել Ձեզ ներկայացնելը, ոչ մի տուեալ չունենալով Ձեր Ծառայողական ցուցակից՝ ինչն ստացայ միայն մայիսի սկզբին, Առաջին Կովկասեան Հանգրուանային բրիգադի շտաբի միջոցով, ես չէի կարող:
Ցանկանալով Ձեզ ներկայացնել մարտական բարձրագոյն պարգեւի՝ 4-րդ աստիճանի Գէորգիի, բոլոր դէպքերում Գէորգեւեան զէնք, ես առաջին վաշտի սպաներ պոդպորուչիկ Տրուսկովսկովից ու ենթասպայ Տէր-Իոգանեսեանից վկայութիւն եմ պահանջել 1916 թ. յուլիսի 25-ին Ձեր գործած սխրանքի մասին:
…Ձեր գործած սխրանքը համապատասխանում է Գէորգեւեան կանոնադրութեան 47-րդ յօդուածին:
Վստահութիւն ունեցէք Ձեր հանդէպ քաղաքացու կատարեալ յարգանքի եւ նուիրուածութեան:
ստորագրութիւն
Պոլիտկովսկի (անընթեռնելի)
21.6.17 թ.
Խնուս-Կալայ (Թուրքիա)
Այս նամակը եւս գրուած է անցեալ դարի հին, տրորուած ու մաշուած թերթերի վրայ… Դէ՛, էլ ի՞նչ կարող ես ասել: Այ, կեցցե՛ս, իմ կտրիճ պապիկ:
Ահա եւ վկայական 1916 թ. յուլիսի 25-ին Թիմուրլանդ գիւղում վիրաւորուելու մասին. «Հրացանի պայթուցիկ գնդակով ձախ ուսից, արմունկից վերեւ, ոսկորի կոտրուածքով»: Վիրաւորուելու ամսաթիւը համընկնում է սխրանքի ամսաթուի հետ, ինչի մասին գրել է նրա հրամանատարը: Դա եղել է Սարդարապատից շատ առաջ, որտեղ նա էլի երկու անգամ վիրաւորուել է…
Եւս մի հետաքրքիր փաստաթուղթ՝ 28 պատգամաւորից բաղկացած զինուորական պատգամաւորների գնդի կոմիտէի՝ 1917 թ. ապրիլի 19-ի խորհրդակցութեան արձանագրութիւնը, որտեղ քննարկուել եւ որոշուել է չորս հարց, որոնցից չորրորդ հարցն արժանի է ներկայացուելու ամբողջովին:
Եւ այսպէս, 4-րդ հարց. «Ի գիտութիւն՝ գնդի կոմիտէն յայտնում է, որ յանուն ազատութեան մաքառողների օգտին ապրիլի 18-ին կատարուող հանգանակութիւնը կազմել է 1272 ռուբ. 51 կոպ., ինչքան գումար հէնց այսօր ներկայացուել է գնդի հրամանատարին՝ ըստ նպատակի առաքելու համար: Կոմիտէին մնում է միայն անկեղծօրէն ուրախանալ, որ գունդն այդպէս անկեղծօրէն արձագանքեց այդ կոչին՝ ուժերի ներածին չափ իր լուման ներդնել, մեր ուշադրութիւնը դրսեւորել այժմ ազատ հայրենիքի ազատութեան գործի համար տուժած մարդկանց հանդէպ:
Բնագիրն ստորագրել են. Նախագահի փոխարէն՝ պորուչիկ Խարմանդարով եւ քարտուղար՝ Կոսարեւ»:
Ովքե՞ր էին այդ Մեծ Մարդիկ՝ ազատութեան մարտիկները, ոչ ոք չգիտի, ու ոչ մի տեղ նրանց մասին ոչ մի բառ չի յիշատակւում: Միայն կարելի է ենթադրել՝ գիտենալով, որ մեր պապիկը եղել է Դաշնակցութեան անդամ, ընդ որում՝ շատ ակտիվ ու գործնական, որ խօսքը Դաշնակցական կուսակցութեան ազատագրուած առաջնորդների մասին է: Իսկ որ ողջ գունդը եղել է պապիս ազդեցութեան ներքոյ եւ համերաշխօրէն արձագանքել է այդ կոչին, որովհետեւ համակուած էր Դաշնակցութեան գաղափարախօսութեամբ, կարելի է չկասկածել: Իսկ եթէ ոչ այդպէս, ապա, այնուամենայնիւ, ովքե՞ր են եղել այդ Մեծ Մարդիկ…
Կարդում եմ Հայկական 7-րդ հրաձգային գնդի շտաբս-կապիտան Խարմանդարեանցի Ծառայողական ցուցակը, որը կազմուած է 1918 թ. պոդպորուչիկ Խարմանդարեանցի հին Ծառայողական ցուցակի հիման վրայ: Մարտեր էին գնում, ցուցակի համար նոր, մաքուր, բազմաէջ ցուցակաթերթ գտնել հնարաւոր չէր: Պարզապէս ջնջուած է «Պոդպորուչիկ» բառը, վերեւում գրուած՝ «շտաբս-կապիտան», մատնանշուած են պաշտօնը՝ 1-ին գնդացրային անձնակազմի պետ, պարգեւները՝ սրբ. Աննայի 3-րդ աստիճանի շքանշան՝ սրերով ու ժապաւէնակապով, ու սրբ. Ստանիսլաւի 3-րդ աստիճանի շքանշան՝ սրերով ու ժապաւէնակապով, երկուսն էլ՝ 1916 թ. համար:
Յաջորդ էջերը՝ Վլադիմիրի ռազմական ուսումնարան, զինուորի ազնիւ ուղին՝ ունտեր-օֆիցերից մինչեւ պորուչիկ… 1916 թ. ապրիլի 23-ին մեկնել է Խնուս-Կալայ, Կովկասեան բանակային 4-րդ կորպուսի շտաբ՝ Հայկական 2-րդ հրաձգային գումարտակի կազմաւորման համար (հրաման թիւ 39): Այնուհետեւ՝ սրբ. Ստանիսլաւի շքանշանով ու սրբ. Աննայի շքանշանով պարգեւատրելու հրամանները՝ հակառակորդի դէմ գերազանց գործելու համար… Քաղուածքներ հրամաններից նրան պորուչիկ (1915 թ.), շտաբս-կապիտան (1917 թ.) նշանակելու եւ 7-րդ Հայկական հրաձգային գունդ տեղափոխելու մասին:

Ոչ մի փաստաթուղթ, կապուած Սարդարապատի ճակատամարտի հետ, բնականաբար, չի պահպանուել, աւելի ստոյգ, դրանք չեն էլ եղել: Մարտերի ժամանակ ո՛չ թղթերի, ո՛չ քնելու եւ ո՛չ էլ ուտելու տրամադրութիւն ու ժամանակ չի եղել: Վիրաւորուել-սանիտարական վրան-վիրակապում-նորից դիրքեր՝ գնդացիրների մօտ: Եւ այդպէս երկու անգամ:

Թբիլիսի տեղափոխուելուց յետոյ մեր պապիկի յետագայ կեանքը յստակօրէն բացահատւում է փաստաթղթերով: Սովորել է, աւարտել Պոլիտեխնիկական ինստիտուտի անտառագիտական բաժինը, ֆիզմաթ, բարձր դասարաններում ֆիզիկայ դասաւանդել, անտառագէտ-բրիգադավարների դասընթացներ ղեկավարել, գործադրական (օպերատիւ) ուսումնական պլաններ կազմել դասընթացների համար, պագեւատրուել է Լենինի եւ Աշխատանքային Կարմիր Դրօշի շքանշաններով:
Երբ պատերազմ սկսվեց ֆաշիստական Գերմանիայի դէմ, առողջութեան պատճառով նրան ռազմաճակատ չտարան: Զինկոմիսարիատի տեղեկանքում գրուած է. «Պիտանի է ոչ շարային ծառայութան»: Նա 50 տարեկան էր, բայց պատրաստ էր մարտնչելու…
Նրա կեանքի վերջին օրն է եղել հետաքրքիր: 1970 թ., երբ 78 տարեկան էր, անսպասելի մեկնում է Սոչի: Մենակ: Սոչիի յայտնի բուսաբանական այգու տնօրէնը նրա հին ընկերն էր, երկար տարիներ չէին տեսնուել: Պապը ամբողջ օրը նրա մօտ է անցկացնում: Երեկոյեան դուրս է գալիս բուսաբանական այգուց, նստում նստարանին ու… Գեղեցիկ կեանք — գեղեցիկ մահ:

* * *

Ռուսական բանակի կադրային սպաներ, որոնք Սարդարապատի ճակատամարտում պաշտպանել են Հայաստանի ազատութիւնն ու անկախութիւնը, եղել են հազարաւորներ: Կարծում եմ՝ նրանք իրաւամբ կարող են գրանցուել «Անմահների գնդում», որտեղ առյաւէտ գրուած են Սուրբ Ազատութեան, իրենց հայրենիքի պատուի ու անկախութեան ներկայ եւ ապագայ մարտիկների անունները՝ որպէս յիշատակ երախտապարտ մարդկութիւնից:
Մարինա Ցվետաեւան խորհրդային իշխանութեան տարիներին արգելուած «Կարապների կացարանում» գրել է.
Ով ողջ է մնացել, կը մեռնի, ով մեռած է կը յառնի:
Եւ, ահա, սերունդները՝ յիշելով օրերը հին.
— Ո՞ւր էիք դուք, — հարցը կայծակի պէս կ՚որոտայ:
Եւ պատասխանը կայծակի պէս կը պայթի.
— Մօտակայքում էինք Դոնի:
Եւ եթէ մեր պապերի սերնդին հարցնէինք.
— Որտե՞ղ էիք դուք, երբ Հայաստանը կարող էր կործանուել:
Կարող էր որոտալ.
— Սարդարապատում էինք:

Ռուսերէնէն թարգմանութիւնը` ՅՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄԵԱՆի
«Գրական թերթ», 28 սեպտեմբեր 2018

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *