ԵՐԵՒԱՆ—Այսօր ամենակարեւորը ժամանակակից հայ գրողին թարգմանելու խնդիրն է, եւ սա իրենց քաղաքականութեան գլխաւոր ուղղութիւնն է, իր տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց Հայաստանի գրողների միութեան նախագահ Էդուարդ Միլիտոնեանը 20 դեկտեմբերին:Նրա խօսքով՝ 2017-ը բուռն տարի էր գրողների միութեան համար: Միլիտոնեանի հաւաստմամբ՝ վերջին 5 տարիների ընթացքում հայ գրողների հարիւրաւոր ստեղծագործութիւններ են թարգմանուել ու տպագրուել աշխարհի տարբեր երկրներում, անգամ Խորհրդային միութեան ժամանակ նման բան չի եղել: «Մեր գրողները նաեւ մի շարք փառատօների են մասնակցել, ինչը գրողի հանրահռչակմանն է նպաստում: Ընդհանուր առմամբ, գրողների միութիւնն ընթացիկ տարում շուրջ 150 միջոցառում է իրականացրել՝ յոբելեաններ, հանդիսութիւններ», ասաց Միլիտոնեանը:
Հարցին, թե արդեօ՞ք հայ գրողները մասնակցել են միջազգային գրական հեղինակաւոր փառատօոների, նա պատասխանեց` ոչ, եւ առաջիկայ տարիներին դժուար էլ մասնակցեն: «Դրսում մեր գրողների ներկայացուածութեան խնդիր ունենք: Այս հարցով պէտք է հրատարակիչները զբաղուեն, այսինքն՝ թարգմանեն ու տարածեն մեր գրողների գործերը: Որեւէ ստեղծագործական միութիւն, որքան էլ ջանայ, չի կարող հասնել այն արդիւնքին, որ գրողին միջազգային փառատօնի ներկայացնի, քանի որ դա հրատարակչութեան գործն է, անգամ՝ գրողը հրատարակչութեան հետ է հեղինակային իրաւունքի պայմանագիր կնքում», ասաց Միլիտոնեանը:
Դիտարկմանը, թէ այդ դէպքում միութիւնն այդքան թարգմանութիւններն ինչի՞ համար է անում, եթէ դրանք միջազգային հանրութեանը չեն հասնում, եւ դրսում մեր գրողներին չեն ճանաչում, Միլիտոնեանը պատասխանեց, որ իրենք անում են իրենց հասանելիք գործը, մնացածը հրատարակչի խնդիրն է:
(yerkir.am)