Տիկին Զապէլ Եսայեանի խնկելի յիշատակին
ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ
Աշնանային արեգակի ցոլքերը ոսկեփայլ ծաղկաթերթեր էին տեղում Մարմարայի վրայ: Ալիքները ջինջ ճողփում, ժպտում էին նրանց զնգուն ժպիտով: Ծովեզրեայ յետկէսօ՞րն էր անհոգ, թէ՞ տիար Արփիարին էր անհոգութիւնը համակել: Արդէն համոզուել էր, որդին՝ Նոյը, այնքան էր մեծացել, որ դասագրքերով լեցուն պայուսակը մերժում էր իրեն տալ, ուսափոկերով կռնակն էր նետում, օր օրի մանկութիւնից պատանեկութեանն անցնում: Շուտով երեւի թոյլ չտար, որ Կեդրոնական հասնէր, դասերից յետոյ իրեն տուն տանէր: Տարեկից դասընկերները, նույնիսկ աւելի հեռու՝ Սկիւտար, Բանկալթի ապրողները, ինքնուրույն էին վերադառնում: Ամիրաների զաւակները՝ հայրիկների ուղարկած շքակառքերով:
Առափնեայով կողք-կողքի քայլում, զբօսանաւերի, ճեպանաւերի ու ճեմանաւերի նաւազների պոռչտուքն էին լսում, որոնք Իշխանաց ինը կղզիները շրջապտոյտի էին հրաւիրում: Երեկոյեան Նոյը «Գուսան»ի խմբափորձ չունէր, հօր՝ աշնանային արեւոտ յետկէսօրի անհոգութիւնը, ոչ մի տեղ չշտապելը երեւի իր սրտովն էլ էր: Կանգ առաւ, որ բոված շագանակ գնի, հայրը կանխեց.
—Ախորժակդ մի՛ աւրեր, Իշխանաց կղզիները երթանք, այսօր ձուկով կշտանանք:
—Ո՞ր կղզին երթանք, հայրիկ:
—Որը որ դուն կ՚ուզես, ամենէն մօտը Քնալըն չէ՞:
Տիար Արփիարի նախընտրութեան պատճառը միայն մօտ լինելը չէր, Քնալըն Իշխանաց ինը կղզիներից ամենահայահոծն էր:
Ճայերը ճերմակ, թեւածող ամպերի նման նաւահանգստից նաւահանգիստ ճեպանաւն ուղեկցում, հաց էին մուրում: Ուղեւորները ձեռնունայն էին, կերակրելու համար հետները ոչինչ չունէին: Հայր ու տղայ միւս ուղեւորների պէս ճայերի ճիչերով Քնալը հասան, բայց միւս ուղեւորների պէս զբօսաշրջիկ չդարձան, ամբոխից զատուեցին, սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մոմ վառեցին, ազգային գերեզմանատունն այցելեցին, Ներսիսեան վարժարանի զարդաքիւերով զմայլուեցին, որից յետոյ միայն իրենց պարտքը կատարածի գոհունակութեամբ ծովեզրեայ ձկնարանը ճաշի նստեցին: Ձկնարանների առաջ ճաշարանատէրերը ծովալճակներ էին գոյացրել, որոնց մեջ Մարմարայի ամենահամեղ ձկներն էին խլվլում: Յաճախորդը, որ ձուկը որ մատնացույց էր անում, մերկանդամ լամուկները նետւում էին, հանում, ընծավարձ ստանում: Հայր ու տղայ կեփաղ, ծովախխունջ պատուիրեցին, մինչեւ պատրաստուելը քչփորեցին խաւարտը:
Ձկնարանի նախասրահում փարիզեան վերջին նորաձեւութեան՝ փետրազարդ գլխարկով հմայիչ մի տիկին յայտնուեց, հայեացքն այս ու այն կողմ յառեց: Հայր ու որդուն նկատելով՝ արագ մօտեցաւ.
—Բարի ախորժակ, պարոն Ակնունի, հայերէն խօսակցութիւն լսեցի, անտարբեր անցնիլ չկրցի:
—Հրամմեցէք, տիկին Եսայեան,— իսկոյն ոտքի ելաւ պատմագիրը,— կը հաճի՞ք մեզի հետ ճաշել, մեծ պատիւ ըրած կ՚ըլլաք:
—Սուրճ մի միայն,— թիկնաթոռում փլուեց Զապէլ Եսայեանը,— լեղի՛, լեղի՛ սուրճ մը: Պոլսէն ամառանոց եկայ, որ ինքզինքս մոռնամ, աւելի գէշ եղայ, խենթեցած էի, եթէ ձեզի չի տեսնէի, կարծեմ ծովը պիտի նետուէի…
—Ի՞նչ ունիք, տիկին Եսայեան…
—Ադանայէն կու գամ,— հառաչեց արձակագրուհին ու շուրթերին տարաւ լեղի, լեղի սուրճը:
Նրան թուաց ամեն ինչ ասաց:
Մինչդեռ այն ամենը, ինչին երեք ամիս շարունակ ականատես էր եղել, հնարաւո՞ր էր մի բառով ասել: Կիլիկիայի մայրաքաղաքի տեղանուանումն Պոլսում էլ էր ամբողջ օրը հնչում, հոլովւում, բայց հեռաւոր արձագանքի նման…
Երիտթուրքերի «Միութիւն եւ առաջադիմութիւն» կուսակցութիւնը հաւասարութեան, եղբայրութեան կարգախօսներով, հայերի օգնութեամբ տապալեց Աբդուլ Համիդի բռնապետութիւնը, իշխանութիւնը նուաճելուց յետոյ ժողովրդավարական կարգեր հռչակեց: Հայերն ու թուրքերը մայրաքաղաքի փողոցներում համերաշխութեան քայլերթերի էին ելնում, հայ քահանաներն ու թուրք մոլլաները հրապարակայնօրէն համբուրւում, նախորդ ջարդերի հայ նահատակների համայնական շիրմափոսերի վրայ հոգեհանգստեան համատեղ կարգ էին կատարում: Տարիները, սակայն, անցնում էին, երիտթուրքերը խոստումներից եւ ոչ մէկը, որ իշխանութիւնը նուաճելիս տուել էին իրենց աջակցած հայերին, չէին կատարում՝ ազգային ինքնորոշում չէին շնորհում, անգամ բարենորոգումները չէին իրագործում: Աւելին, երբ հայերը իրենց պահանջները հետեւողականօրէն հնչեցրին, անգամ եւրոպական գերտերութիւնների աջակցութեանը դիմեցին, նրանց սաստելու համար Կիլիկիայում հայկական ջարդեր սանձազերծեցին: Իբր ազգային կուսակցութիւնները ժողովրդին զինում, խռովութիւններ էին հրահրում, որպէսզի կայսրութիւնից զատուեն, ինքնիշխան պետութիւն ստեղծեն: Բարեբախտաբար Գրիգոր Զոհրապը խորհրդարանի պատգամաւոր էր, յանդուգն ու հաւաստի ելոյթներ ունեցաւ, պահանջեց արդարութիւնը պարզելու համար խորհրդարանական անկողմնակալ պատուիրակութիւն ուղարկել Ադանա: Կառավարութիւնն ստիպուած էր տեղի տալ: Ադանա մեկնեցին երեք խորհրդարանականներ, որոնցից մէկը հայ էր՝ Յակոբ Պապիկեանը…
Տիար Արփիարը անիմաստ համարեց հարցնելը, թէ Ադանայում, երեք ամսում, ինչերի է ականատես եղել «Քոլեժ դը Ֆրանսը», ապա եւ Սորբոնի համալսարանը նոր աւարտած արձակագիրը, որը դեռեւս պահպանել էր փարիզեան ուսանողուհու հմայքն ու գրաւչութիւնը: Նոյնը կամ գրեթէ նոյնը տարիներ առաջ ինքն էր Ակնում տեսել:
—Ես կրնամ պատկերացնել, թէ որքան տառապած եք,— արձակագրուհուն իւրովի սփոփել փորձեց պատմագիր-դպիրը,— Ակնի ջարդերուն տարիներ առաջ ես ալ ականատես եղած եմ…
—Բնաւ այն չէ, ինչ կը կարծէք, պարոն Ակնունի, բարեբախտաբար, թէ դժբախտաբար՝ բնաւ այն չէ: Մենք՝ որբախնամի, նպաստամատոյցի կիներս ուշ հասանք Ադանա, սակայն այն ինչ տեսանք, սպանդէն, նախճիրէն ահաւոր էր…
—Սպանդէն, նախճիրէն ահաւոր ի՞նչ կրնայ ըլլալ:
—Այրիներուն, որդեկորոյս մայրերուն տառապա՛նքը, որոնց ողջ ձգած էին աւելի անգութ կերպով մեռցնելու՝ տանջամահ ընելու համար: Երեւակայեցէ՛ք մանկամարդ հայուհի մը, պարոն Ակնունի, որուն ամուսինը աչքերուն առջեւը բզիկ-բզիկ ըրած, մարմինը շուներուն նետած էին, չէին արտօնած անգամ, որ հողին յանձնէ: Բայց հայուհին կը տոկայ, ինքզինքը կը ժողվէ, որ երկու զաւակներուն կեանքը ազատէ: Տասը օր չանցնիր անօթութենէն մեծ տղան կը մահանայ: Մայրը իր ձեռքերով փոս կը փորէ, կը թաղէ, դարձեալ չի յուսահատիր, մէկ հատիկ պզտիկին համար կ’որոշէ ապրիլ: Երբ պզտիկն ալ անօթութենէն կամ թէ տարանցիկ հիւանդութենէն կը մեռնի, մայրը մեծ տղային փոսը կը բանայ, որ պզտիկին քովը պառկեցնէ, հանդերձեալ աշխարհը գոնէ իրարմէ չբաժնէ: Փոսը կը բանայ, որ ի՜նչ տեսնայ՝ որդերը տասը օրուայ մէջ մանչուկին միսերը կերած, ոսկորները ձգած են: «… Եւ չէին հեռանար, տիկին,—մազերը կը փետտէր, կուրծքը կը բզկտէր հէք մայրը,—կարմիր, լպրծուն որդերը տղեկիս ականջէն կը մտնային, քիթէն կ’ելլային, քիթէն կը մտնային բերանէն կ’ելլային, խրախճանքի ելած էին: Ինչպէ՜ս պզտիկս ալ անոնց կեր դարձնէի, դիակը գրկեցի, ետ՝ տուն բերի…»:
Թշուառ մայրը չըսաւ, թէ պզտիկին մարմինը ի՞նչ ըրած է, որդերու կեր չդարձնելու համար մինչեւ ե՞րբ իր տունը, անկողինը պահած է:
…Ճաշաժամը երեւի աւարտուել էր, սուրճի, կլկլակի հետ ձկնարանի տէրերը յաճախորդներին զուարճացնելու համար շախով ու շուխով շարքիներ էին մատուցում: Բարեբախտաբար արձակագրուհին չէր լսում: Նա Ադանայում էր:
—Ես այդ տեսակ հարիւրաւոր, հազարաւոր մայրեր ու այրիներ տեսայ, պարոն Ակնունի: Անոնք անօթի էին ու գրեթէ մերկ, բայց մեր տարած օգնութիւնը չէին ուզէր, իրենց զաւակները կ՚ուզէին: Կը կարծէին, որ եթէ մայրաքաղաքէն գացած ենք, ամենազօր ենք: Ես խեղճերուն աղերսները կը լսէի, բայց օգտակար ըլլալ անկարող էի: Եթէ քիչ մ՚ալ երկար լսէի, անոնց պէս պիտի խենթենայի: Արդէն խենթենալ սկսած էի: Փախայ, Պոլիս վերադարձայ, բայց դժբախտ կիներն ալ հետս եկան: Չեմ գիտէր ի՞նչ ընեմ:
—Գրեցէ՛ք, գրեցէ՛ք, այդ ամենը,— դարձեալ յուսադրել փորձեց Ակնունին,— Ակնի ջարդէն յետոյ Պոլիս հասնելուս պէս նոյն խորհուրդը ինձի Ռուբէն Զարդարեանը տուաւ, նոյնիսկ ստիպեց, որ օրը օրին տեսածներս շարադրեմ, թուղթին յանձնեմ:
Զապել Եսաեանը ծխախոտ վառեց, ծխախոտի ծխի պէս կծու ժպտաց.
—Գրելէն ի՜նչ օգուտ…
Ակնունին հասկացաւ հեգնանքը: Օսմանեան խորհրդարանի Ադանա մեկնած պատուիրակները տիկին Եսայեանի պէս ոչ թէ սոսկ լսել, սպանդն իրենց աչքով էին տեսել, բայց վերադառնալուց յետոյ պատուիրակութեան երկու թուրք անդամները իրենց զեկուցագրում գրել էին այն, ինչ իրենց նախօրոք թելադրել էին: Իբր հայ հայդուկներն են նախայարձակ եղել, զինուած բախումներ սադրել, թուրքերը սոսկ պաշտպանուել ու անհաշիւ զոհեր են տուել: Խորհրդարանական պատուիրակութեան հայ անդամը՝ Յակոբ Պապիկեանը, բնականաբար հրաժարուել էր ստորագրել այդ զրպարտագրի տակ, իր զեկուցագիրն էր գրել, որտեղ ականատեսի վկայութիւններով փաստել էր, որ Ադանայի ջարդին երեսուն հազար անմեղ ու անպաշտպան հայ է զոհ գնացել: Չհաշուած հրկիզուած թաղամասերը, պղծուած եկեղեցիները, թալանուած վաճառատները… Սակայն, զեկուցագիրն աւարտելու գիշերը, անհասկանալի պայմաններում հայ երեսփոխանն անսպասելի մահացել էր, զեկուցագիրը չքացել էր գրասեղանի վրայից…
Երկու-երեք մատուցող պարբերաբար մօտենում էին նրանց սեղանին, յամառօրէն աղանդեր՝ կլկլակ, անուշեղեն, մրգաջուր ու մրգահիւթ էին առաջարկում, բայց հայ յաճախորդներն առանց մինչեւ վերջ նրանց լսելու, մերժում էին: Երբ դարձեալ իրար հետ մնացին՝ տիար Արփիարը վերջին ճիգը արեց.
—Ուրեմն, ի՞նչ կ՚ըսէք, տիկին, այս վիճակէն ազատելու միջոց, փրկութեան յոյս չի կա՞յ:
—Կա՛յ:
Ակնցի դպիրը նոր յիշեց որդու ներկայութիւնը, նրա կողմը շրջուեց ու տագնապով համակուեց: Ո՞ւր էր Մարմարայի ափին մի ժամ առաջ անհոգ ու անփոյթ զբօսնող որդին: Նոյը սփրթնել, բիբերը խոշորացել, սպիտակուցները դեղնել էին, ինչպէս այն օրը, երբ Ակնում իր աչքերի առաջ փողոտել էին մօրն ու քոյրերին: Ձայնը, սակայն, ինքնավստահ էր հնչում.
—Կա՛յ…
Տիար Արփիարը որդու ներկայութեամբ խօսակցութիւնը չշարունակելու, վիճակը չվատթարացնելու համար ոտքի կանգնեց: Տիկին Եսայեանը չուզեց կղզում մենակ մնալ, Պոլսից Քնալը էր հասել, բայց ադանացի կանանց ուրուականներից ազատուել չէր կարողացել:
—Ինծի ալ հետերնիդ կը տանի՞ք:
—Սիրով, տիկին:
Ուղեւորները նոյն ճեպանաւն ելան: Քնալըի միւս այցելուները ձկնարանների համադամ կերակրատեսակները վայելել, բայց ճայերին չէին մոռացել, ճաշասեղանների թերմացքը, հացի կրճոններն անգամ հաւաքել, հետները վերցրել էին: Հէնց ճեպանաւը ցամաք ուղղվեց, բռերով վեր նետեցին, շաղ տուին ճայերի առաջ: Ճայերը օդում որսում էին ուտելիքի մնացորդները, մի ակնթարթում կուլ էին տալիս, կռնչալով նորից մօտենում: Տիկին Եսայեանը նստել էր հայր եւ որդի Ակնունիների մէջտեղը, երեւի ուզում էր մտափոխուել, Նոյի՝ առանց այն էլ խռիւ մազերը խառնում, Կեդրոնականի ուսուցիչների մասին էր հարցնում: Շատերն իրեն էլ էին դաս տուել, անգամ նրանց, ովքեր իրեն նախատել էին, երբեմն անհարկի պատժել, շատ էր կարօտել: Նոյը լուռ լսում, չէր պատասխանում: Ակնդէտ ճայերին էր հետեւում: Զարմանում էր, որ մինչ իրենք Քնալըում ճաշել էին, կարմիր, լպրծուն որդերը խժռել էին նրանց մարմինները, կմախքներն էին թողել: Ու հիմա այդ կմախքները ոստոստնում, ուտում, ուտում, չէին յագենում: Նրանց յագեցնելն երեւի անհնար էր:
Գիշերը տղան նոյն մղձաւանջներով անցկացրեց: Հէնց աչքերը փակւում էր, ճայերի կմախքները չարագուշակ կռնչում էին: Ու ինչպէս լինում էր նման դէպքերում՝ մէկը միւսից անհեթեթ, անիմաստ դրուագներ էին միտքը չարչրկում: Վերջերս, յատկապես Ամերիկայից, Ֆրանսիայից, Դանիայից աւետարանչական քարոզիչներ, կաթոլիկ քոյրեր ու եղբայրներ էին այցելում իրենց վարժարանը: Կեդրոնականի հոգեւոր հայրերին? բնական է, դուր չէր գալիս, որ նրանք իրենց կրթարանները, աղօթատներն են բացում, հայ համայնքը պառակտում:
—Ի՞նչ էք մտադիր անել Թուրքիայում,— հարցնում էին նոր ժամանած հերթական յարանուանութեանը,— հայերն ի սկզբանէ իրենց առաքելական կրօնն ունեն, իսկ թուրքերը մահմեդական են:
—Մենք էլ հէնց ուզում ենք թուրքերին քրիստոնեայ դարձնել,— բարի, բարի ժպտում էին աւետարանչական քարոզիչներն ու կաթոլիկ քոյր-եղբայրները,— եթէ թուրքերը Քրիստոսի հաւատով լցուեն, Պատուիրանները սերտեն, կը մարդկայնանան, հայերի հետ կ՚եղբայրանան, իրենց վայրագութիւնները՝ նախճիրն ու սպանդը կը մոռանան իսպառ:
—Մինչեւ այդ օրը գայ, Թուրքիայում ողջ հայ չի մնայ,— մտածում էր Նոյը, որ երեք տարեկանում տեսել էր Ակնի ջարդը: Կեդրոնականի հոգեւոր հայրերն էլ էին նոյնը մտածում, բայց չէին ասում:
* * *
Առաւօտեան, ինչպէս միշտ, տիար Արփիարը Նոյից անհամեմատ վաղ զարթնեց, որդուն Կեդրոնական ուղեկցեց: Նախասրահում Նոյը հօրը հրաժեշտ տուեց, աստիճաններով սերտարան բարձրացաւ, պայուսակը դարակը դրեց, կողքի դասընկերոջը շշնջաց.
—Դասերէն յետոյ, որ հայրիկս ինձի տանելու գայ, պայուսակս իրեն կու տաս:
Ու քանի ուսուցիչը չէր եկել, դուրս նետուեց:
—Ո՞ւր,— ետեւից ձայնեց դասընկերը:
Նոյը չասաց: Գուցէ ասաց՝ դասընկերը չլսեց: Այնպէս որ պարապմունքներից յետոյ պայուսակը տիար Արփիարին յանձնելիս որոշակի ոչինչ չկարողացաւ յայտնել: Ուսուցիչներն՝ առաւել եւս: Նրանք չէին էլ իմացել, որ Նոյն առաւօտ վարժարան է մտել, յետոյ՝ անհետացել: Դասընկերները չէին մատնել: Որդու դասագրքերով լեցուն պայուսակի ուսափոկից բռնած, հայրը քայլում էր ծովափով, մտնում էր այն բոլոր ծաղարանները, որտեղ թերթանուշ կամ կրծանուշ էին կերել: Նոյը չկար: Մտածեց գուցէ Քնալըն հաւանել, մեն-մենակ թափառելու է գնացել, նաւ նստեց, կղզի հասաւ: Չկար:
Վերջին յոյսը «Գուսան» երգչախումբն էր: Նոյը Կոմիտասի փորձերին միշտ էլ անհամբերութեամբ էր սպասել, ոչ մի անգամ չէր բացակայել, ահհնար էր, որ բացակայէր: Տիար Արփիարը հայր սուրբից քաշուելով ընդհուպ վերջին խմբերգչի հեռանալը սպասեց, տղան չյայտնուեց: Յուսաբեկ տուն հասաւ: Եթէ մինչեւ մութն ընկնելն էլ չվերադառնար, ոստիկանութիւն պիտի յայտներ: Ուրիշ ճար չունէր:
Մութն ընկնելուց յետոյ ոստիկաններն իրենք բերեցին որդուն: Ադանա մեկնող շոգենաւում, վերջին պահին էին նկատել: Դեռ անչափահաս էր, առանց ծնողի երթեւեկելու իրավունք չունէր, իջեցրել, տուն էին հասցրել:
Ոստիկաններն ուզում էին նախատել հօրը դպրոցական տղային առանց հսկողութեան թողնելու համար, նոյնիսկ կալանքով սպառնալ, բայց երբ առատ ձեռադիր ստացան, արեւելեան խոնարհումներով գլուխ տուեցին, գնացին:
Նոյը հօր հետ վերջապէս մենակ էր մնացել, գլուխը կախ սպասում էր, բայց նա իրեն ո՛չ յանդիմանում էր, ոչ՝ փնովում: Դեռեւս Ակնում, Նոյի ծնուելու օրը տեսած երազն էր վերապրում: Երա՞զը, թէ՞ տեսիլը:
—Ադանա՞ պիտի երթայիր, տղա՛ս,— ինքն իրեն ուզեց ստուգել հայրը:
—Այո՛, հայրիկ,— պատասխանեց որդին:
—Երթայիր ի՞նչ պիտի ընէիր:
—Այրիները պիտի պաշտպանէի: Այն ժամանակ պզտիկ էի, իմ մայրիկիս չկրցայ, գոնէ միւս…
Հայրը չուզեց, որ որդին մանրամասնի, միայն իրեն չարչրկած հարցին պատասխանի.
—Է, զէնք չունէիր, ինչո՞վ պիտի պաշտպանէիր:
—Ես գիտէի ինչով, հայրիկ,— աներկբայ պատասխանեց Նոյը:
Բայց չասաց ինչով:
Երեւան