Եսթեր Սարգսեան
1923 թուականի մարտի 23-ին երկարատեւ հիւանդութիւնից յետոյ Մոսկուայում մահանում է ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանը: Հիւանդանոցում նրա հետ էին գտնւում 10 երեխաներից երեքը՝ Աշխէնը, Նուարդն ու որդին՝ Արեգը, ով դիահերձարանից գողանում է հօր սիրտը։ Նոյն թուականի ապրիլի 15-ին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը տեղի է ունենում Յովհաննէս Թումանեանի յուղարկաւորութիւնը. բանաստեղծին հողին են յանձնում առանց իր սրտի։
Որդին՝ Արեգը, դիահերձարանից հօր սիրտը թաքուն վերցնելուց յետոյ այն ֆորմալինի սրուակի մէջ բերում է Թիֆլիսի իրենց տուն, որտեղ էլ սիրտը պահւում է աւելի քան քսան տարի՝ տան պատից կախուած դեղերի փոքրիկ պահարանում։ Եղբօրը գրած նամակում Արեգն իր արարքը բացատրում է նրանով, որ «չի ցանկացել իր աննման հայրիկի՝ աշխարհն ընդգրկող սիրտը հէնց այնպէս շպրտեն»։
Մի անգամ Թիֆլիս այցելած Իսահակեանը հիւրընկալւում է Թումանեանի ընտանիքին, մնում այնտեղ գիշերելու ու տեղաւորւում հէնց այն սենեակում, որտեղ գտնւում էր Թումանեանի սիրտը, որի մասին Իսահակեանն այն ժամանակ չգիտէր։ Պառկում է թախտին ու ամբողջ գիշեր չի կարողանում քնել: Թումանեանի սրտի՝ պահարանում պահուելու մասին տեղեկանում է առաւօտեան՝ գրողի որդուց։ Իսահակեանը հասկանում է անքնութեան պատճառն ու ասում. «Ամբողջ գիշեր Օհաննէսի սրտի հետ էի, դրա համար էլ չքնեցի»: Շատ յուզուած դուրս է գալիս սենեակից եւ խորհուրդ է տալիս սիրտը տանը չպահել:
Բանաստեղծի կինը՝ հետեւելով Իսահակեանի խորհրդին, համաձայնում է սիրտն ուղարկել Երեւանի Բժշկական ինստիտուտ, որտեղ այն պահւում է մինչեւ Թումանեանի 125-ամեակը։
Միայն 1994 թուականին Կառավարական յանձնաժողովի որոշմամբ Թումանեանի սիրտը բերում են Դսեղ եւ ամփոփում այնտեղի հայրական տան բակում՝ ճարտարապետ Ռոմէօ Ջուլհակեանի նախագծով կառուցած մատուռում։
(grqamol.am)