Կոմիտաս Դանիէլեան
1
Տղան վերադարձաւ ադամամութին: Մայրը, որ ամբողջ գիշեր սրտատրոփ սպասում էր նրան, թեթեւացած շունչ քաշեց:
— Ինչո՞ւ այսքան ուշացար, — հարցրեց նա:— Հօ բան-ման չի՞ պատահել:
— Չէ, — տղան ոտքերն ազատեց կօշիկներից ու գլխարկը հանելով, զգուշօրէն մեկնուեց մօր կողքին: Սաստիկ յոգնել էր:— Ինչպէ՞ս ես:
— Անտէր ոտքերս գնալով աւելի են ծանրանում, — նա ափերի մէջ առաւ որդու մրսած մատները, մօտեցրեց շուրթերին` փորձելով տաքացնել:
Հեռւում` գիւղից անդին, արկի պայթումի խուլ թնդիւն լսուեց: Նրանք սսկուեցին:
— Մերո՞նք են, — շշուկով հարցրեց մայրը (նրանք շշուկով էին խօսում):
— Ի՞նչ իմանաս:
— Գիւղամուտքը դարձեա՞լ հսկում էին:
— Այսօր ոչ մէկին չնկատեցի: Կարող է` քնով էին անցել: Երկու օրից ամեն ինչ լաւ կը լինի, — վստահաբար ասաց տղան:
— Ինչպէ՞ս:
— Եթէ երկու օր էլ դիմանանք, կարող է ամեն ինչ մեր ուզածի պէս լինել:
— Երկո՜ւ օր… Բայց ես այսօր իսկ մի քայլ անել չեմ կարողանում, — մայրը հոգոց հանեց: — Դու երեւի չգիտես, որ ես սովորական հիւանդ չեմ… Ինձ համար դժուար է քեզ հետ խօսել այդ մասին, բայց պիտի իմանաս, որ այստեղ ես երկար չեմ կարող մնալ… Գուցէ այսօր վերջին օրն է: Ստոյգ չեմ կարող ասել…
— Այո, գիտեմ,— ասաց տղան:
— Ի՞նչ գիտես, — անհամարձակ հարցրեց մայրը:
— Երբ փոքր էի, — տղան գլուխը հպեց մօր կրծքին` ռունգերում քաղցր խուտուտ զգալով. այդպէս ձմռանը խնձորներն էին բուրում մառանում, ուր հիմա նրանք էին պատսպարուել: — Երբ շատ փոքր էի, հաւատում էի, որ ինձ Սեւանից էք հանել:
— Սեւանի՞ց, թէ՞ Վանից:
— Ասում էիք` տղաներին Սեւանայ լճից են հանում, աղջիկներին` Վանայ լճից:
— Իսկ հիմա՞…, — մօր շուրթերը դողացին յուզմունքից:
Տղան տատանուեց, այնուամենայնիւ՝ ասաց.
— Կ՚ուզէի` ախպերիկ ծնուի, մա՛:
Մայրը փոքր-ինչ շփոթուեց, ապա կոտրուած ժպիտով հարցրեց.
— Մի՞թէ քոյրիկը վատ է:
— Վատ չէ, բայց ախպերիկն աւելի լաւ է:
Ինչ-որ տեղ դարձեալ դղրդիւն լսուեց, եւ դարձեալ մայրը հարցրեց.
— Մերո՞նք են:
— Երեւի, — պատասխանեց տղան, որովհետեւ մայրն այդպէս էր ուզում:
— Իսկ ինչո՞ւ ես կարծում, թէ երկու օրից ամեն ինչ լաւ կը լինի, — հարցրեց մայրը:
— Վաղը-միւս օրը յարձակում է սպասւում,— ասաց տղան: — Մերոնք պատրաստւում են:
— Ինչպէ՞ս իմացար:
— Հոսպիտալում ասացին:
Մայրը զարմացաւ.
— Ի՞նչ հոսպիտալ:
— Ես մերոնց մօտ էի գնացել: Այնտեղից եմ գալիս: Դրա համար այսքան ուշացայ:
— Ե՞ւ…
— Ասացին` մէկ-երկու օրից ձեր գիւղի ուղղութեամբ մեծ յարձակում է սպասւում: Սկզբում չէին ուզում ասել, բայց երբ պատմեցի քո մասին, ասացին:
— Դու նրանց ասացի՞ր, որ ես…
— Այո:
— Դու գիտէի՞ր, որ ոտքերս դրա հետեւանքով են ուռել:
— Այո… Ասացին` մա՞յրդ է քեզ օգնութեան ուղարկել: Ասացի` ոչ, ինքս եմ եկել: «Եթէ այդպէս է, — ասացին, — լաւ է, ուրեմն` դեռ ժամանակը չէ… Վաղը-միւս օրը մերոնք կ՚ազատագրեն ձեր գիւղը, եւ մայրիկդ կը փրկուի: Երկու օր էլ դիմացէք: Միայն շատ զգոյշ եղէք, որ չնկատեն սրիկաները»:
— Տէ՛ր Աստուած: — Մայրը ձեռքերը վեր կարկառեց: — Տէ՜ր Աստուած…
— Վատն այն էր, որ հոսպիտալի պետը տեղում չէր, — շարունակեց տղան: — Ասացին` եթէ պետը այստեղ լինէր, գուցէ մի բան մտածէինք, բայց առանց նրան ոչինչ չենք կարող անել: Ասացին` առաւօտեան վերադառնալու է, սպասիր, տեսնենք. բայց ես չմնացի, եկայ: Չէի ուզում քեզ մենակ թողնել։
— Դա ի՞նչ հոսպիտալ է, — հարցրեց մայրը, — որտե՞ղ է գտնւում:
— Դաշտային հոսպիտալ է` շարժական: Անտառի մէջ է:
— Ինչպէ՞ս գտար: Առաջուց գիտէի՞ր տեղը:
— Չէ, որտեղի՞ց իմանայի: Պատահաբար գտայ:
— Հեռո՞ւ է այստեղից:
— Չորս-հինգ ժամուայ ճանապարհ է:
— Ուրեմն, ամբողջ գիշեր ճամբի՞ն էիր, քոռանամ ես: Եւ ինչպէ՞ս համարձակուեցիր այդքան հեռանալ:
— Քեզ թողնէի այս վիճակո՞ւմ:
— Իսկ եթէ մոլորուէի՞ր, եթէ…
— Չէի մոլորուի: Մեր հողում ինչո՞ւ պիտի մոլորուեմ, — մեծավարի պատասխանեց տղան:
— Հօրդ մասին չհետաքրքրուեցի՞ր:
— Նրանց ոչինչ յայտնի չէ: Վիրաւորների մէջ չկար:
— Վիրաւորներ շա՞տ կային:
— Մի մասին Ստեփանակերտ են տարել, իսկ ծանր վիրաւորներին՝ Երեւան, ուղղաթիռով:
— Իսկ զոհուածնե՞րը, — մօր ձայնը դողաց, — իսկ զոհուածները շա՞տ էին:
— Չգիտեմ: Այնտեղ միայն վիրաւորներն էին:
Մայրը երկար ժամանակ լուռ էր:
— Դու գիւղը լա՞ւ ես նայել, — հարցրեց նա:
— Ի հարկէ,— տղան նեղացաւ: — Նախորդ գիշերները ինչո՞վ էի զբաղուած: Գիւղում ոչ մի կենդանի շունչ չկայ: Բոլոր տները վառուած են: Առաջին օրը` ինչ կարողացել, թալանել են, յետոյ վառել: Միայն դպրոցն են թողել` զօրանոցի համար: Ես այդ ամենը պատմել եմ քեզ:
— Նրանց տներն էլ Աստուած բրիշակ դարձնի:
— Հոսպիտալում զարմացել էին, որ գիւղում մարդ կայ: Ասացին` ինչո՞ւ բոլորի հետ դուք էլ չփախաք: Ասացի` չհասցրինք, մայրս հիւանդ պառկած էր: — Շարունակութիւնը` «նա երեխայի է սպասում», տղան խնամքով կուլ տուեց, յիշելով` ինչպէս էին ականջները շիկացել այն արտաբերելիս: — Ասացին` ինչպէ՞ս է, որ թուրքերը ձեր տանը ձեռք չտուին: Ասացի` մտել են, վառել, ես ու մայրս նկուղում թաքնուել էինք, չնկատեցին: Ասացին` տունը վառել են, դուք ներսում ո՞ղջ էք մնացել: Ասացի` նկուղը բետոնապատ է, հողի մէջ խրուած:
— Հօրդ գլուխը եթէ վրան լինէր, մեզ չէր թողնի այս վիճակում, — յուսաբեկ արտաբերեց մայրը եւ անմիջապէս զղջաց. տղային չէր կարելի վշտացնել, այլապէս կարող էր խուճապի մատնուել, ու այնժամ վերջ ամեն ինչի:
— Հայրս ի՞նչ անէր, — տղան դառնացաւ: — Հայրս ի՞նչ կարող էր անել: 15-20 հոգով ինչպէ՞ս պաշտպանէին գիւղը: Ճիշտն այն կը լինէր, որ քեզ առաջուց տեղափոխէինք: Հոսպիտալում էլ այդպէս ասացին. «Աններելի սխալ էք թոյլ տուել»: Ի՞նչ իմանան, որ դու չէիր ուզում տնից հեռանալ:
— Ես այսօրուայ մասին եմ խօսում, — ասաց մայրը:
— Կարծում ես` հե՞շտ է գիւղ մտնելը, — նոյն տոնով շարունակեց տղան: — Այն չորս կողմից հսկում են: Ես համարեա սողեսող եմ շարժւում: Կրիայի նման: Այն էլ` միայն գիշերը:
— Մի նեղացիր, բալա՛ս, — մայրը մի ջերմ գորովով շոյեց որդու գլուխը: — Գուցէ Աստուած մի ճար անի:
Լռեցին:
Դպրոցի մօտերքում մի շուն ոռնաց` աուուո՜ւ…
— Երեւի գայլ է, — ասաց մայրը:
— Գայլ չէ, — ասաց տղան, — Յակոբենց Տուզն է` գիւղի վերջին շունը: Երեկ գիշեր աղբիւրի մօտ տեսայ: Միւսներին թուրքերը գնդակահարել են: Գիւղում մնացած խոզերին` նոյնպէս: Փողոցներում թափուած են:
Աւերակ գիւղի վրայ նորից տարածուեց անտերունչ շան հեծեծուն ոռնոցը:
— Հիմա նրան էլ կը սպանեն: Այդքան չպիտի մօտենար: Ի՞նչ է գտել նրանց զօրանոցի մօտ, — տղան շունչը պահեց:
Եւ յաջորդ ակնթարթին ճայթեց կրակահերթը: Ոռնոցը սրտակեղեք կլանչոցի փոխուեց ու լռեց:
Երկար ժամանակ լուռ էին եւ մայր ու որդի` գիրկընդխառն:
2
Լուսանում էր:
«Այսօր վերջին օրն է: Լուսաբացից առաջ պիտի հեռանաք գիւղից, — պատուիրեց հայրը: — Դու պէտք է փրկես մայրիկին»:
«Բայց նա համարեա չի կարողանում քայլել»:
«Դո՛ւ պիտի նրան դուրս բերես, տղա՛ս»:
«Ե՞ս»:
«Այո, միայն դու կարող ես դա անել: Ներիր, որ ես ի վիճակի չեմ քեզ օգնելու»:
«Ես ինչպէ՞ս դուրս բերեմ, պա՛, — երկիւղով հարցրեց տղան: — Ինչո՞վ դուրս բերեմ»:
«Սահնակով: Նայիր, այն կախուած է քո դիմաց: Յիշո՞ւմ ես, նախանցեալ տարի քաղաքից էի բերել, երբ պիտի տասը տարեկան դառնայիր: Միայն թէ աւելի յարմար դարձնելու համար անհրաժեշտ է յաւելեալ տախտակներ ամրացնել»:
«Առանց ձիւն ի՞նչ սահնակ»:
«Գիտեմ, դժուար է լինելու քեզ համար, բայց դա է միակ փրկութիւնը: Ես հաւատում եմ, որ կը կարողանաս: Պիտի կարողանաս: — Հայրը կռացաւ, համբուրեց նրա ճակատը: — Ամենագլխաւորը` զգոյշ եղիր եւ վստահիր ուժերիդ»:
Տղան բացեց աչքերը: Մայրը նորից համբուրեց:
— Մա՞…, — նա կիսով չափ բարձրացաւ տեղից, քնահատ հայեացքը պտտեցրեց կիսամութ ներքնայարկում ու համոզուելով, որ հայրը երազում էր այցի եկել, յուսախաբ ընկղմուեց տեղաշորի մէջ: Ցանկացաւ պատմել երազը, սակայն, չգիտես ինչու, երկմտեց` հայեացքը մեխելով դիմացի պատին, ուր սահնակը պիտի լինէր:
— Ձիւն է գալիս, — շշնջաց մայրը, եւ տղան ականջներին չհաւատաց. ապրիլին՝ ձի՞ւն:
Նա անհամբեր վեր թռաւ, մղուեց դէպի նեղլիկ, խնամքով քօղարկուած պատուհանը, որն աւելի շուտ օդանցք էր կամ դիտանցք:
— Լաւ է, մա՛, ի՜նչ լաւ է, որ ձիւն եկաւ, — տղան ուրախ ցատկով մօտեցաւ, համբուրեց մօրը:
— Ես հակառակը կ՚ասէի, — մտամոլոր հառաչեց մայրը:
— Ինչո՞ւ:
— Ձեան պատճառով կարող է մերոնց յարձակումը յետաձգուել կամ, Աստուած չանի, ձախողուել, իսկ տնից ելնել էլ չի լինի` հետքերը կ՚երեւան:
Տղան մի երկվայրկեան անակնկալի եկաւ. մօր ասածը անսպասելի էր նրա համար, այդուհանդերձ, գնաց, վար բերեց սահնակը եւ սկսեց բծախնդրօրէն ու թաքուն կարօտով տնտղել, շօշափել: Սահնակը գրեթէ նոր էր, նստատեղի ներկն էր փոքր-ինչ թափուած:
— Չլինի՞ մտադիր ես սղղալ, — հեգնեց մայրը. ամենայն հաւանականութեամբ, յանկարծակի տեղացած առատ ձիւնը նրան շատ էր վշտացրել: — Արի, մի բան դիր բերանդ:
Նա հանեց թէյասրբիչի մէջ փաթաթած վերջին թոնրահացը, չորս մասի բաժանեց, երկուսը կրկին փաթաթեց, դրեց բարձի տակ, որպէսզի մկները չհամարձակուէին մօտենալ, ապա ձեռքը երկարեց, անկիւնի կճուճից մի կտոր պանիր հանեց: Պանիր դեռեւս կար, նկուղում, անկասկած, ուտելու ուրիշ բաներ էլ կը գտնուէին, ալիւր եւս ունէին, բայց ինչպէ՞ս թխես… Նա, տղայից թաքուն, իր բաժինը նորից կիսեց, խոթեց սրբիչի մէջ:
Բոլորովին մթնել էր, երբ տղան վերջապէս աւարտեց սահնակի «վերանորոգումը»: Մի քանի անգամ ստուգեց մետաղալարով ամրացուած տախտակների յուսալիութիւնը եւ գոհ մնաց: Մայրը հանգիստ նիրհում էր. երբուանի՜ց աչք չէր կպցրել: Դա նոյնպէս սփոփեց տղային: Ու քանի որ այլ զբաղմունք չունէր (տնից դուրս գալը բացառւում էր` ձեան պատճառով, թէեւ այնտեղ մի առանձին անելիք չկար այլեւս), իսկ գետնայարկն էլ բաւականին ցրտել էր, վերստին կոլոլուեց տեղաշորի մէջ ու սկսեց մտածել: Զարմացաւ` ինչո՞ւ երազի մասին ոչինչ չասաց մօրը… Քառորդ ժամ անց լարուածութիւնից ուղեղը յոգնեց, ու նա Մորփէոսի գիրկն ընկաւ:
3
Ուղիղ կէսգիշերին մայրն արթնացաւ յանկարծածագ սուր ցաւերից: Սովորականի պէս փորձեց տրորել ոտքերը, բայց սարսափով զգաց, որ ցաւողը ոտքերը չէին: «Սկսուե՜ց», — ահաւոր սոսկումով մտածեց նա եւ աւելի շատ այդ անողոք միտքը, քան այրող ցաւը իրենից վանելու համար սկսեց լուռ արտասուել, երբեմն-երբեմն գալարուելով տեղում: Ուրիշ ի՞նչ կարող էր անել: Գոնէ հնար լինէր ճչալու, բղաւելու, գուցէ թէ փոքրիշատէ տանելի դառնային դժոխային բռնկումները, որ ժամանակ առ ժամանակ հրաբխւում էին ներսում: Այդպիսի մի պահի հապճեպ գլուխը խուժեց մի անակնկալ միտք` ինչպիսի՜ դժուարութեամբ են աշխարհ գալիս մարդիկ եւ ինչպիսի՛ հեշտութեամբ են ոչնչացնում միմեանց…
Տղան, որ արթնացել էր ներքին ինքնազգացողութեամբ, մօր անսովոր տնքոցներից եզրակացրեց, որ գնալու ժամը եկել է: Եւ որպէսզի նրա տարակուսանքը փարատի, պատմեց իր տեսած երազը: Հօր անունը լսելո՞ւց, թէ՞ ցաւի հերթական բռնկումից` մայրն անյուսօրէն փղձկաց: Այնքան խեղճ ու անօգնական էր նա այդ պահին, որ տղայի լացը եկաւ, անգամ քիթը վեր քաշեց:
— Իսկ դու վստա՞հ ես, որ մենք կը կարողանանք դուրս պրծնել, — արցունքները խեղդելով` հարցրեց մայրը, — որ նրանք չեն նկատի մեզ:
— Այո,— պատասխանեց տղան:— Միայն թէ ես նախ պիտի գնամ, ստուգեմ գիւղամուտքը:
Մայրը մտքերի մէջ ընկաւ, ի վերջոյ գտնելով, որ գնալը մնալուց գերադասելի է, քանզի մնալը վերջ էր նշանակում:
— Լաւ, — համաձայնեց նա, — գնա, բայց զգոյշ եղիր:
Տղան ելարանով բարձրացաւ, կէս րոպէի չափ ունկ դրեց եւ ուսով վեր հրելով` կամացուկ բացեց երկաթեայ ծանր մտոց-դռնակը: Դռնակի թեթեւակի, հազիւ լսելի ճռռոցից տղայի սիրտը ուժգին զարկեց: Նախորդ գիշերներին դարձեա՞լ այդպէս էր` չկարողացաւ յիշել: Նա նորից լարեց լսողութիւնը` այտերին զգալով մաքուր, ձիւնաբոյր օդի այրող սառնութիւնը. անդորր, անլուսին գիշեր էր, ձիւնը շարունակում էր տեղալ: Ապա դուրս ելաւ, հանդարտ վար բերեց դռնակը եւ ձուլուեց մթութեանը:
Քառորդ ժամից նա վերադարձաւ:
Արդիւնքը յուսադրող էր. գիւղամուտքը բաց էր, ժամապահներ չկային: Ըստ երեւոյթին, թշնամին պաշտպանական գիծ էր դարձրել գիւղավերեւի բարձունքը, ուր դպրոցն էր: Այնտեղից ոչ միայն ամբողջ գիւղն էր ափի մէջ, այլեւ` դիմացի տափարակում փռուած ընդարձակ թթաստանը, որտեղով էլ փոքրիկ, սակաւաջուր գետակին զուգահեռ, անցնում էր գիւղ մտնող միակ ճանապարհը: Տղային յատկապէս ուրախացրել էր այն, որ ձիւնը փափուկ-փխրուն էր եւ ոտքերի տակ չէր ճռճռում:
Երբ ամեն ինչ պատրաստ էր տնից ելնելու, մայրն ամուր գրկեց տղայի գլուխը, կարծես ինչ-որ մէկը սպառնում էր նրան խլել իրենից, ու լացակումած շշնջաց.
— Խոստացիր` եթէ որեւէ բան պատահի, դու կը թողնես ինձ ու կը փախչես:
— Ի՞նչ բան:
— Ո՞վ գիտէ: Եթէ յանկարծ նկատեն մեզ… Գոնէ դու կը փրկուես:
Տղան անսպասելիութիւնից կարկամեց. որերո՜րդ անգամ գլուխը շամփրեց բազմիցս լսածը, թէ ինչպէս են թուրքերը Սումգայիթում պատռել յղի հայ կանանց որովայնը… Ու նա նկատելի բորբոքուածութեամբ կանխեց մօրը.
— Այդպէս մի խօսիր: Ինձ այլեւս այդպիսի բաներ չասես:
— Ների՛ր, — մայրն անխռով գիրկն առնելով` մոլեգին համբոյրներ տեղաց որդու գլխին, դէմքին, ձեռքերին, — ներիր, ինքս էլ չգիտեմ` ինչեր եմ դուրս տալիս:
Նա տղայի օգնութեամբ հնազանդօրէն պառկեց սահնակին փռուած վերմակին եւ ինչ-որ բան մրմնջաց: Տղան երկրորդ վերմակով ծածկելով նրան` ձգեց պարանը: Սահնակը սահուն շարժուեց առաջ:
4
Նոր էին մտել կենտրոնական փողոցը, երբ որտեղից-որտեղ ինչ-որ ազդանշանային հրթիռ մխրճուեց երկինք` հէնց նրանց գլխավերեւում, ուժգին պայթեց ու կատաղօրէն թշշաց` կուրացուցիչ լոյս սփռելով շուրջբոլորը:
Ահից տղայի ծնկները ծալուեցին, սիրտն ասես կանգ առաւ: Մայրը խուլ ճչաց եւ ինքնաբերաբար փորձեց ոտքի կանգնել:
— Փախի՛ր, — աղերսագին խնդրեց նա: — Թո՛ղ ինձ, փախի՛ր:
Մօր ձայնը սթափեցրեց տղային.
— Կամա՛ց, — խստօրէն պատուիրեց: — Կը լսեն:
— Կարծում ես` չե՞ն նկատել, — հարցրեց մայրը:
— Այո, — անվստահ պատասխանեց տղան եւ մօրը, իսկ գո՞ւցէ թէ իրեն յուսադրելու համար` բռնեց նրա ձեռքը:
Այնուամենայնիւ, հարկ եղաւ մէկ-երկու րոպէ` համակ ուշադրութիւն դարձած, սպասել: Համոզուելով, որ ամեն ինչ կարգին է եւ հրթիռի արձակումը ոչ մի կապ չունի իրենց հետ, տղան քաշեց սահնակը: Նա վախի՞ց, թէ՞ ցրտից, դողացնում էր:
Գիւղամուտքին հասուէհաս, փողոցի անկիւնադարձին տղան կանգ առաւ, սրեց ականջները: Ոչ մի ձայն ու ծպտուն` չհաշուած սրտի զարկերը: Նա արագ քայլքով կտրեց-անցաւ ըստ նրա` ամենավտանգաւոր հատուածը, ուր երկու-երեք օր առաջ թուրքերի պահակակէտն էր: Թէեւ շարունակում էր դողացնել, գոհ էր սակայն: Ուզեց այդ մասին ինչ-որ բան ասել մօրը, բայց չասաց, գերադասեց լռել` մի շնչում, գրեթէ անճիգ յաղթահարելով ոչ մեծ վերելքը, որտեղից ձորակը շրջանցող ոլորանն էր սկսւում: Այն անցնելուց` նրանք, ճանապարհից դուրս գալով, թեքուեցին աջ ու բլրաստորոտով, խաղողայգու կողքով մտան բաց դաշտ: Եւս 20-25 րոպէ, եւ մայր ու որդի անտառակի մօտ կը լինէին: Այնտեղ միայն կարելի էր վստահ լինել, որ վտանգը մնացել է յետեւում: Ահա թէ ինչու տղան առաջ էր շարժւում իրեն չխնայելով` չզգալով ո՛չ այտերին խփող սառնութիւնը, ո՛չ ոտքերում հետզհետէ ծանրացող յոգնութիւնը:
Առջեւում, ուր մոխրատանձենին էր, մէկը հազաց:
Տղան` լեղաճաք, քարացաւ տեղում, մինչեւ իսկ կէս քայլ ընկրկեց եւ ակնթարթօրէն յետ նայեց: Մօր կողմից` ոչ մի արձագանք, հաւանօրէն ոչինչ չէր լսել: Զուր էր տղան ջանում հեռուից-հեռու, մութի միջով որեւէ բան նշմարել: Եղաւ մի ակնթարթ, երբ ցանկացաւ ետ դառնալ, սահնակն առած փախչել, բայց դիմացից հնչած ծկլթոցը, ապա եւ մանկան աղիողորմ լացի ձայնը պահեցին նրան: «Շնագայլ է», — մտածեց տղան ու սրտապնդուած քայլ արեց առաջ` աչքերը ցաւեցնելու աստիճան նայելով առջեւից փախչող, հազիւ տեսանելի ստուերին: Գիտէր, որ շնագայլը վտանգաւոր է լոկ անպաշտպան մարդու համար:
Անտառակին հասնելով` տղայի դէմքին լայն ժպիտ դրոշմուեց: Ե՞րբ էր վերջին անգամ այդպէս ժպտացել: Հոգ չէր, թէ ոտքերը նւում էին ու ցրտից մատները համարեա փայտացել էին եւ ուսերն էին մրմռում պարանի դաջած ակօսներից: Հօ փրկութեան ափ էին հասել: Գո՞ւցէ դեռեւս վաղ էր խօսել այդ մասին, յամենայնդէպս, դուրս էին եկել մահուան օղակից, եւ թշնամու արնոտ թաթը այլեւս չէր հասնի նրանց: Դա էր ուրախացրել տղային:
Նա կանգ առաւ` շունչ քաշելու, չմոռանալով, ի հարկէ, մօրը փոխանցել իր խինդը:
— Ե՞րբ ենք տեղ հասնելու, — ուժահատ հարցրեց մայրը:
— Շուտով, մա՛, — զուարթ պատասխանեց տղան, թէպէտ հազիւհազ ճանապարհի մէկ երրորդն էին հատել:
Անտառեզրից թեթեւակի վայրէջք էր ձգւում, եւ տղան այդ ամբողջ տարածութիւնը գրեթէ վազքով անցաւ: Քառորդ ժամից նա արդէն, բաւական ուժ գործադրելով, հանդիպակաց զառիվերն էր յաղթահարում: Յետեւից մերթ ընդ մերթ լսւում էին մօր տնքոցները, որոնք, կարծես թէ, աւիւն էին ներարկում տղային, վանում յոգնութիւնը, մեղմում վաղորդեան ցրտութիւնը:
Զառիվերին յաջորդեց վիթխարի, ամայի դաշտը, որը տղայից մէկ ժամի չափ ջանքեր խլեց, այնուհետեւ` փոքրիկ վայրէջքը, հնարաւորութիւն տալով նրան փոքրիշատէ խնայելու ուժերը: Առջեւում ծանր, դժուարանց, քայլ առ քայլ մօտեցող վերելքն էր: Վերջին, ամենավերջին խոչընդոտը: Տղան լաւ գիտէր, թէ ինչ փորձութիւն է սպասում իրեն եւ աշխատում էր չմտածել այդ մասին: Նրա ուղեղում սոսկ մի միտք էր առկայծում` բարձունքի գագաթից ընդամենը 200 քայլ է մինչեւ հոսպիտալ…
Առաջին տասնեակ մետրերը տղան համեմատաբար հեշտ անցաւ, բայց աստիճանաբար դժուարացաւ քայլելը: Գուցէ ոչ այնքան յոգնածութիւնը, որքան դիմացից փչող սառը քամին, որ կարգին սաստկացել էր ու երբեմն-երբեմն ձիւն էր շպրտում տղայի երեսին, կաշկանդում էր նրա առաջընթացը: Եւ տղան ստիպուած էր լինում երբեմն-երբեմն տրորել սառչող քթիկն ու սրբել ջրակալած աչքերը: Մի տեղ դէմ առաւ խոչընդոտի, հաւանաբար` թփի, եւ սայթաքեց, վայր ընկաւ` զօռով պահելով յետ փախչող սահնակը: Միառժամանակ անց տղան զգաց, որ ուժասպառ է լինում: Ոտքերը դողում էին եւ շնչառութիւնն էր ծանրացել: Այդուհանդերձ, նրան յաջողուեց որոշակի տարածութիւն յաղթահարել, երեւի թէ չենթադրելով, որ հազիւ հարիւր քայլաչափ էր մնում վերելքի աւարտուելուն: Եթէ հայեացքը բարձրացնէր, կը նկատէր հորիզոնը եզերող անտառի գորշ պատը: Գայթելո՞ւց, թէ՞ հաւասարակշռութիւնը կորցնելուց` տղան բերանքսիվայր ընկաւ: Երկու-երեք րոպէ այդպէս մնալով, փորձեց բարձրանալ, բայց` ապարդիւն: Ոտքերը չէին ուզում ենթարկուել. կարծես նրանց մէջ արճիճ էին լցրել: Ու նա սկսեց առաջ շարժուել ծնկաչոք, մտքում զարմանալով սահնակի թեթեւ ընթացքից: Չգիտէր, որ մայրն էր օգնում` ձեռքերով սահնակն առաջ մղելով:
Լուսադէմին նրանք յետեւում էին թողել անիծեալ վերելքը, որն անգթօրէն քամել էր տղայի ողջ ուժերը, հալումաշ արել: Հիմա նա, չնայած հարթ տեղանքին, առաջանում էր սողեսող` վիրաւոր, արիւնաքամ զինուորի նման: Մայրն այլեւս չէր օգնում. վերստին ահագնացել էին ցաւի բռնկումները, եւ որպէսզի տղային չվախեցնէր իր բղաւոցներով, անընդհատ վերմակի տուտն էր կծոտում արնոտուած ատամներով:
Տղայի աչքերը մշուշապատուել էին, ու թէեւ աղջամուրջ էր արդէն, ոչինչ չէր տեսնում: Յետոյ գլուխը պտտուեց սաստիկ եւ սրտախառնուք ունեցաւ: Անկարող էր մինչեւ իսկ լաց լինել: Նա դէմքը թաղեց ձեան մէջ, անշարժացաւ:
5
Ինչ-որ սուր ճիչ կպաւ տղայի ականջին: Նա փշաքաղուեց եւ անհանգիստ շուռ եկաւ: Թուաց` շնագայլն էր մօտեցել…
Ճիչը կրկնուեց: Տղան ճիգով յետ տարաւ կոպերը եւ զարմացած շուրջը նայեց. ինչպէ՞ս է յայտնուել այս վրանի տակ, անսովոր մահճակալին:
— Լսո՞ւմ ես, — ժպտաց ներս մտած ջահել բուժքոյրը` տղայի մազերը խառնելով, — ի՜նչ քաջ ախպերիկ ունես: Իսկ եւ իսկ քեզ նման:
Տղան շփոթուած նայեց, ապա անելիքը չիմանալով, ակամայ գրկեց նրա ձեռքն ու սկսեց լաց լինել` հոնգուր-հոնգուր: Իսկ կողքի վրան-տնակից լսւում էր նորածին մանկան զրնգուն ճիչը, որ` զարնուելով բողբոջուելու պատրաստ ծառերի կատարներին, տարածւում էր հեռո՜ւ-հեռու:
Արցախ