Ամենաերկար ընթրիքը

Հերմինէ Աւագեան

Տղամարդը հաւաքեց չոր փայտերը, դրեց իրար վրայ ու վառեց կրակը։ Երկինքը կլանում էր կայծերը ու յետ չէր տալիս, երկինքը սովոր է ամեն ինչ առնել-տանել: Ուզեց լաց լինել, բայց զգաց, որ աչքերը չոր են, նորից փորձեց, էլի չստացուեց, զայրացաւ ինքն իր վրայ, որ չի կարողանում մարդավարի լաց լինել։ Սիրտը լցուած էր, բայց ներսի բոլոր դռները փակ էին, արցունքը մնացել էր ներսում, լճացել ու մնացել էր։ Երանի հնար լինէր ներսի բոլոր դռները բացելու, փախչելու, ազատուելու…Ներսում ոչ շարժուելու տեղ կար, ոչ քայլելու, ոչ ապրելու։ Գուցէ՞ ինքը մեռած է, գուցէ՞ սա իր ուրուականն է։ Շօշափեց ինքն իրեն, տեղում էր, աչքերը շօշափեց, տեղում էին, չոր էին։ Կրակի բոցերը քչացել էին, այրող ու թէժ անձուղներ (ածուխ) էին մնացել մանղալի վրայ։ Վեր կացաւ, մտաւ տուն, բացեց սառնարանն ու հանեց խորովածի համար նախատեսուած ձկները, որ երէկ էր որդու հետ Թարթառից որսացել։
— Ի՞նչ ես անում, — կնոջ ձայնից թիկունքը սառեց:
— Խորոված։
Կինը ահաբեկուած հայեացքով նրան նայեց։
— Հա՛, խորոված։
Տղամարդն առաջ անցաւ։
Կնոջ աչքերում արտացոլուեցին կրակի հալուող անձուղները, աչքերը այրւում էին։ Տղամարդը տեսնում էր կնոջ այրուող աչքերը եւ զգում էր, թէ ինչպէս է իր ներսը այրւում:
— Երջանկութիւնն այնքան հեշտ բան էր, իսկ ես չգիտէի, — խօսեց կիսաձայն, — Երջանկութեան համար բաւական էր կարթ վերցնել եւ հասնել գետը, ականջներդ լցնել Թարթառի վշշոցով, ընդարմանալ վշշոցից, գցել կարթը եւ սպասել կարմրախայտերին։ Ախր, ես խի՞ չէի հասկանում մինչեւ հիմա…
— Ինչքա՞ն ժամանակ ունենք, — կինը փախցրեց հայեացքը։
— Գիւղապետն ասաց՝ քսանչորս ժամ։
— Բա ի՞նչ ես ձգձգում, ի՞նչ խորոված, երեխէքը մեղք են, արագացրո՛ւ։
— Դրսում ենք ընթրելու, որ լաւ տեսնենք տունը։ Կանչիր երեխաներին։
— Գո՞ւցէ խնայես մեզ։
— Երանի ես լինէի խնայողը:
Կինը սրբեց աչքերը։ Արցունքը տաք էր, այրեց դէմքը, յետոյ ձեռքերը, միտքը, ամեն բան:
Հինգ տարեկան աղջիկը եւ տասնչորս տարեկան տղան դուրս վազեցին: Վազելով երկու պտոյտ գործեցին տան շուրջը: Աննան չէր յիշում տան շինարարութիւնը, բայց Կարոն այնքան պատկերաւոր էր միշտ պատմում, որ նրան թւում էր՝ ինքն էլ է յիշում։ Կարոն մէկ-մէկ գիտէր հօրը օգնող վարպետների անունները, նրանց ընտանիքի անդամների անունները, ծննդեան օրերը: Մի օր հօրը բարկացրեց վարպետների դանդաղկոտութիւնը եւ որոշեց պահել աշխատավարձերը: Յետոյ, երբ ջղայնութիւնն անցաւ, չարեց դա, որովհետեւ ուստա Գէորգը տասը երեխայ ունէր ու տան հոգսը ուսերին էր գալիս-գնում։ Աշոտն էլ, ով վարպետի օգնականն էր, դեռ պատանի էր, շաբաթ-կիրակի օրերին էր գալիս աշխատում, իսկ շաբաթուայ միւս օրերը քաղաքում սովորում էր։ Աշխատում էր, որ ուսման վարձը տայ։ Կարոն լաւ յիշում է, թէ ինչպէս մի օր հայրը զրոյցի մէջ ասել է. «Զոհուածի տղայ է, թող գլուխը պահի»: Ինքը երբեք լաւ չի հասկացել, թէ «զոհուածի տղան» ինչ է ու չի էլ համարձակուել հարցնել հօրը։ Հիմա, երբ պատերազմը նոր է աւարտուել, նա բոլորից լաւ գիտի «զոհուածի տղան» ինչ է, որովհետեւ իր ընկերների մէջ չորս հոգի կան այդպիսին, որովհետեւ նրանք դեռ չեն հասցրել թաղել իրենց հայրերի կորած մարմինները, բայց, մէկ է, նրանց արդէն այդպէս են ասում։ Մաման մի օր ասել է իրեն, որ նրանց մօտ յանկարծ «պապա» չասի, պապայի մասին չխօսի, պապային չզանգի։ Տեսնես ինչո՞ւ է այդպէս՝ պատերազմները միշտ գալիս են պապաների յետեւից, տանում ու յետ չեն բերում… Ամաչեց, որ ինքը պապա ունի, իսկ ընկերները՝ ոչ: Ախր պապա ունենալը լաւ բան է…

Տան շինարարութիւնը մի յատուկ արարողութիւն էր, ամեն անգամ մայրը տոլմա էր եփում, որ ուստաների համար ճաշ տանեն. արցախցու սովորոյթ է՝ վարպետի փորը պէտք է կուշտ լինի, որ գործը գլուխ գայ։ Ինքն էլ էր սիրում վարպետների հետ ճաշել, լսել հօր կենացները։ Մի կենաց կար, որ հայրը միշտ խմում էր. «Սա էլ էս օրը մեզ պարգեւողների կենացը»։ Այդ կենացից յետոյ բոլորը ոտքի էին կանգնում եւ լուռ դատարկում բաժակները։ Յետոյ հասկացաւ, որ հայրն այդ կենացը միայն վարպետների հետ ճաշելիս չէ որ խմում է, բոլոր միջոցառումներին, բոլոր հացկերոյթներին այդ կենացը պարտադիր խմում է, պարտադիր բոլորը ոտքի են կանգնում։ յետոյ իմացաւ՝ այդ կենացը բոլորն են խմում բոլոր հացկերոյթների ժամանակ: Հիմա, երբ այս նոր պատերազմը նոր է աւարտուել, նա արդէն հասկանում է, թէ ում մասին էին այդ կենացները։ Այսուհետ ինքն էլ պէտք է խմի այդ կենացը. կենացը նոյնն է մնացել, հասցէատէրերն են շատացել…
Սեղանը պատրաստ էր, բայց ընթրիքն անսովոր բոյր ունէր, երեւի հրաժեշտի բոյրը էդպիսին է լինում, ո՞վ գիտէ։ Սեղանի մէջտեղում կինը ծաղկաման դրեց, քաղեց իր աճեցրած ծաղիկները, դրեց ծաղկամանի մէջ, յետոյ իջաւ նկուղ, հանեց ամենալաւ պահածոները, որ նոր էր պատրաստել եւ պիտի ձմռանը վայելէին։ Ամեն տարի այնքան պահածոներ էր պատրաստում, որ հարեւան կանայք հետը մրցում էին,թէ ով աւելի շատ պահածոներ կը հասցնի շարել նկուղում։ Մէկ է՝ իր պահածոներն ամենագունաւորն էին, որովհետեւ հանդերի բոլոր մրգերն ու հատապտուղները, բոստանի բոլոր բանջարեղէնները ամուսինը բերում էր տուն, եւ յետոյ դրանք յայտնւում էին թափանցիկ տարաներում, շարւում ամուսնու ձեռքով պատրաստուած պահարաններին եւ սպասում ձմռանը։ Իսկ հիմա…Հիմա ձմեռը շուտ էր եկել, որովհետեւ հիմա ձմեռը իրենց ներսից է սկսուել։
Նստեցին սեղանի շուրջ՝ ընկուզենու տակ ։
— Եթէ շուտ իմանայի՝ ժենգեալով հաց էլ կը թխէի, — կինը ժպտաց։ Ժպիտից բերանը դառնացաւ։
— Դա էլ պահենք վերադարձի համար, — տղամարդը նայեց կնոջը։
— Վերադա՞րձ:
Առաջին անգամ նրանց աչքերը շատ նման էին իրար, թէեւ մէկինը շագանակագոյն էր, միւսինը՝ կանաչ։
— Հա՛, վերադարձ:
Աննան վերցրեց ձկան պոչուկը ու սկսեց ախորժակով ուտել։ Յետոյ խմեց մօր սարքած թարմ կոմպոտը:
— Պա՛պ, իսկ կարմրախայտը միայն Թարթառո՞ւմ է լինում։
— Չէ՛, բայց Թարթառինն ամենահամովն է լինում, որովհետեւ նրա մէջ մեր սարերի համն է, իսկ ուրիշ տեղ մեր սարերից չկայ։
— Պա՛պ, ես շատ եմ սիրում ճամբորդել, ի՜նչ լաւ է, որ դու վերջապէս որոշեցիր մեզ ճամբորդութեան տանել:
Կարոն սաստող հայեացքով նայեց քրոջը, յետոյ հօր սառը հայեացքի ներքոյ մի կերպ կուլ տուեց մսի պատառը, զգաց, թէ ինչպէս արցունքի երկու կաթիլ ցած ընկան ափսէի մէջ, որտեղ մօր սարքած սիրելի պահածոն էր։ Վերցրեց պատառաքաղը եւ արագ կերաւ ափսէի պարունակութիւնը։ Մի լաւ կերաւ, արցունքը չէր երեւում հաստատ, բայց հայրը հասցրել էր տեսնել դրա փայլը:
Դա ամենաերկար ընթրիքն էր, որը չէր աւարտւում, որը ոչ ոք չէր ուզում աւարտել…
Մայրը գնաց իրերը հաւաքելու։
Հայրը լցրեց բաժակը,մօտեցաւ որդուն։
— Դու արդէն մեծ ես ու լաւ գիտես, որ էստեղ է մեր սկիզբը, էս ընկուզենու տակ, էս տանը, որ աչքիդ առաջ ենք կառուցել, չմոռանաս, որ մերը սա է: Սկիզբդ չմոռանաս։
— Պապ, դու է՞լ ես տունը վառելու։
Պատասխանի փոխարէն հայրը դատարկեց բաժակը, նայեց տանը ու լռեց: Տղան շարունակեց.
— Գիշերը բոլորը կը վառեն իրենց տները ու կը հեռանան, ես այդպէս եմ լսել։ Ոչ ոք չի ուզում, որ իր տունը թուրքին մնայ։
— Իսկ դու ի՞նչ ես ուզում։
— Ուզում եմ վառես, պա՛պ, խնդրում եմ, վառի՛ր, ես չեմ ուզում, որ թուրքի երեխաները քնեն իմ մահճակալին, որ քաղեն մամայի ծաղիկները, որ քշեն քո առած առաջին հեծանիւը։ Վառիր ամեն բան, պա՛պ։ Իմ ֆուտբոլի գնդակն էլ չեմ ուզում, թող մնայ պատի տակ, հէնց էդպէս էլ կը վառես՝ գնդակի հետ միասին:
Տղան կուչ եկաւ, չոքեց, գրկեց հօր ոտքերը, ուզեց լացել բարձր, բայց վախեցաւ, որ հայրն իրեն թոյլ կը համարի։
— Վե՛ր կաց, — հայրը գրկեց որդու ուսերը, թափ տուեց, համբուրեց ճակատը, — դու մի օր կը հասկանաս, որ աշխարհում աւելի սարսափելի բան չկայ, քան սեփական ձեռքերով վառել այն, ինչ ստեղծել ես։
Քեռի Սարոյի մեքենան կանգ առաւ տան մօտ։ Սարոն կնոջ հետ էր, երեխաներ չունէր։ Ճամպրուկների մի մասը դրեցին մեքենայի մէջ, մի մասը մնաց դրսում, երկու մեքենայով պիտի ճանապարհուէին։
— Պա՛պ, ես կարո՞ղ եմ քո մեքենայով գալ։
— Չէ՛, քեռուդ հետ էք գնում, ես մենակ կը գամ, տեղաւորուէ՛ք, արագացրէ՛ք։
Աննան պինդ գրկել էր իր խաղալիք կիթառը եւ սիրուն գլխարկ էր դրել, հագել էր ծաղկաւոր զգեստն ու սպիտակ կօշիկները։ Աննան ժպտում էր, նա միշտ երազել է ճամբորդել։
Կարոն նայում էր քրոջը եւ մտածում՝ երանի նրան, ոչինչ չի հասկանում։
— Բարով գնաք, — հայրը փակեց մեքենայի դուռը, — մէկ ժամից ես էլ դուրս կը գամ։
Ճանապարհի փոշին մշուշեց հեռացող մեքենայի պատկերը։ Տղամարդը մնացած ճամպրուկները տեղաւորեց իր մեքենայի մէջ եւ քայլեց դէպի ախոռը։
Սպիտակ ձին խրխնջաց, գլուխը քսեց տիրոջը։ Տեսաւ, թէ տէրը ինչպէս է արձակում կապանքները եւ երեւի հասկացաւ, որ միասին այլեւս որսի չեն գնալու, էլ ոչ մի տեղ չեն գնալու։
— Ազատ ես։
Ձին խրխնջաց ու մնաց կանգնած։
— Ներիր, բայց դու աւելի երջանիկ ես, քան ես։ Էս անտառներն ու դաշտերը քոնն են, կարող ես գնալ, արածել, ապրել սարերում, ես էլ ոչինչ չունեմ քեզ տալու, իմ ունեցածը յիշողութիւններ են, որ պիտի դասաւորեմ սրտիս մէջ ու ճամբայ ընկնեմ։ Բարով մնաս։
Հարեւան Սաքոյի տունը բոցավառուեց, թաղը լցուեց ծխով, յետոյ էլի տներ վառուեցին, տների փոխարէն ծուխ էր ու տղամարդկային ծանր լռութիւն։
— Վառե՛մ, — ասաց ինքն իրեն ու մօտեցաւ տանը…
— Վառե՞ս, — հարցրեց մէկը, որ չէր երեւում…
Ձին խրխնջոցով մօտեցաւ տիրոջը, երկուսով նայեցին տանը, տունը լեզու չունէր, չէր խօսում…

Արցախ/Երեւան

Art-collage.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *