Հայաստանի պատմահոգեբանական պատկերը Թամար Յովհաննիսեանի պոեզիայում

Նարինէ Յովհաննիսեան
Նախաբան

Հայաստանը՝ որպէս պատմաշխարհ եւ հոգէաշխարհ, աշխարհաքաղաքական կոխան ու քրիստոնեայ ճակատագիր, խռովք՝ ընդդէմ ժամանակի եւ ժամանակի երկփեղկուած զոհ, ոգու փրկութեան վերջին կայան, ժամանակակից բանաստեղծ Թամար Յովհաննիսեանի պոեզիայում կերպաւորւում է նոր յատկանիշներով ու նորովի ընկալումներով: Դա տարիքի հետ հասունացած եւ իմաստնացած սէր է, հեռուներից վերաիմաստաւորուած բարձրագոյն արժէք, երկրներով անցած ու ներքին համեմատականներով աներկրորդութիւն վերարժեւորուած սրբութիւն: Դա սիրոյ ու ցաւի թախծամրմունջ երգ է, հոգին հայրենիքում թողած ու մարմինը որպէս բեռ աշխարհի միւս ծայր տեղափոխած բանաստեղծ էակի «ի խորոց սրտի խօսքը» ընդ երկրի, որ բիւրեղանում ու որպէս անծրար նամակներ տարածւում է ովկիանոսից ովկիանոս՝ ցրելով բանաստեղծական հոգու ուղերձներն առ Հայաստան.
Երկիրն իմ ասք է չգրուած՝
Ժայռերի ըմբոստ ճակատին…
Երկիրն իմ նուռ է ճեղքուած,
Քմահաճ քիմքին ժամանակի,
Տեսիլք է՝ խռով երկնքից
Փրկութեան նաւի յայտնութիւն…
Երկիրն իմ խաչ է՝ միւռոնով օծեալ՝
Աշխարհի անհաւատ ճակատին…(1)

Բանաստեղծութիւնն ասես հեթանոսական ծիսակատարութեան ասք լինի, եւ քնարական հերոսուհին՝ որպէս նորօրեայ քրմուհի, փառաբանութիւն է վերառաքում վասն Հայաստանի՝ առ տիեզերքի չորս կողմեր:

Տարագիր հոգու անծրար նամակներ՝ հասցէագրուած աշխարհի չորս կողմին:

Ի տարբերութիւն հայ դասական հայրենասիրական պոեզիայի՝ Թամար Յովհաննիսեանի հայրենասիրական պոեզիայում քնարական հերոսուհին հիմնականում ոչ թէ երկրորդ դէմքով երկխօսութեան մէջ է մտնում հայրենիքի հետ, այլ պատմում, զրուցում է նրա մասին, այլ կերպ ասած, հայրենիքը Յովհաննիսեանի պոեզիայում գերազանցապէս երրորդ դէմքն է, բանաստեղծուհին ոչ թէ անմիջական զրուցակից է, այլ՝ քնարական պատմիչ: Չկայ առարկայական անմիջական կապը, աներեւոյթ է մարմինների էներգիայի ոգեշունչ ներթափանցումը, այդ կապը ոգեկան է՝ ժամանակային ու տարածական որոշակի խզուածքներով ու ճեղքերով, որոնք, սակայն, երբեք անջրպետ չեն դառնում: Այստեղից նաեւ՝ Յովհաննիսեանի պատմահայրենասիրական բանաստեղծութիւնների ասքային եղանակը.

Հայրենիքն իմ բարոյական եւ իմացական
Իդեալների ծննդավայրն է,
Ես նրան վստահում եմ առանց
Տագնապների եւ մտավախութեան,
Պահ եմ տալիս նրան վերագտնումիս
Ու ինքնափրկութեանս
Խաղաքարտերը վերջին,
Ու անշունչ լինելութեան պարապը
Չհիմնաւորուած տիեզերական դեգերումների
Ամաչեցնում է ինձ յանկարծ՝
Դասալիք զինուորի անպատւութեամբ համակած:
Երբ դատարկւում է երկիրս,
Ես երկինք եմ պարապ՝
Թեւաւորներն իր վաղուց չուած,
Ու ներքին տագնապներն անասելի
Ահազանգում են յիշողութեան հաւաքական մահը
Ինձ ստեղծած ննջեցեալների…(2)

Կայ մեղքի ու ինքնախարազանումի զգացումը, որ հայրենիքի պարպումը նաեւ իրենով է կայանում, որ ինքն էլ նրան թողլքած մի մասնիկն է: Առկայ է նաեւ խոստովանութեան պահը ինքնալլկումով՝ երկիրն իրենով չլցնելու, երկիրը իր ներկայութեամբ կենդանի չպահելու, գոյութեան խրամատը լքելու համար:
Բանաստեղծուհին կիսուած էութիւն է, ինչպէս իր հայրենիքը, մարմինը՝ մի ափին, հոգին՝ միւս, օվկիանոսից այն կողմ հորիզոնի պէս ձգուող հեռու հայրենիքում: Կայ ամենօրեայ տագնապի աղօթքը՝ յիշողութիւնը չկորցնելու՝ որտեղից է եկել ինքը: Քնարական հերոսուհու երկփեղկուած էութիւնը անընդհատ ձգտում է նախկին վերամբողջացմանը՝ միաժամանակ ներքուստ զգալով, որ դա խաբկանք է, տեսիլ, որ չի կայանայ վերջնական դարձը, յաճախակի այցելութիւնները նոյնպէս չեն վիրակապի ճեղքուածքը, որ բաց վէրքի պէս մնում է իր ու հայրենիքի միջեւ: Ինչքան էլ հեռուները ապահովութիւն խոստանան, միեւնոյն է, կայ կեանքի երաշտը, հոգու պարապը, որ կարող է լցուել միայն հայրենիքում.
Հայրենիքը հեռուից ապրեցնող տեսիլք է,
Գոյութիւն է, ոգեղենութիւն է չշօշափուած,
Երազ է, որ միշտ քեզ հետ է,
Մանկութեան խմբանկար է՝ չերեւակուած,
Որի երեւակումով վերամբոջանալու եմ ես: [ՏՀ, 383]

Այս բանաստեղծական տողերում էլ բացակայ է անմիջական ներշնչումը, քանի որ առկայ չէ անմիջական կապը: Այդպէս ոգիների ներթափանցումն է չքանում մարմինների երկարատեւ տարանջատումից.
Երկրից հեռու երգ հիւսելը
Բեղմնաւորում է առանց սերմի,
Հողից դուրս հանուած ծաղկաթմբի պէս… [ՏՀ, 384]:

Թամար Յովհաննիսեանի պատմահոգեբանական բանաստեղծութիւնների մի մասը, յիրաւի, թողնում է չափածոյ նամակների տպաւորութիւն: Ոճն ազատ է, անկաշկանդ ու անյանգ, ռիթմը առաւելապէս վիպական է, քան քնարական:
Իր անտիպ նամակներից մէկում բանաստեղծուհին գրում է. «Օտարութիւնը աքսոր է, այն աքսոր է ազատութեան մէջ, որն ընդամենը գնովի պատրանք է»: Օտարութեան մէջ հոգու ներդաշնակութեան ափ չգտնող բանաստեղծի համար որպէս դիւթական հովիտ, որպէս իր շուրջը ձգող մագնիսական դաշտ՝ տարածւում է հայրենի երկրի հեռակայ պատկերը, ինչպէս փոթորկուն ովկիանոսին մատնուած հոգուն հեռուից ժպտացող լոյսի փարոս: Հայրենի երկրի ոգեղէն ներկայութիւնը կէսգիշերին քնարական հերոսին համակած սառնութիւնը ջերմութեան փոխակերպող ու հարազատօրէն գգուող տեսիլ է.
Հայրենի՛քս, ա՛րեւ իմ ինձանից հեռու,
Ջերմացրու՛ կարօտս ու մնայ երկնքում,
Սիրտս լուսաւորւում է քեզ մտաբերելիս,
Քեզ վերյիշելիս գիշերով,
Երբ միակ ժպտացողն ինձ
Անսիրտ լուսինն է վերեւից: [ՏՀ, 385]

Սա այն բացառիկ պահերից է, երբ քնարական հերոսուհին ստացական յօդով ու երկրորդ դէմքով է խօսում հայրենիքի հետ, երբ բանաստեղծուհու զրոյցը հայրենիքի հետ ծաւալւում է դէմ առ դէմ, մտերմաբար:
Աքսորական կամ ինքնաքսորուած հոգու հողեղէն կարօտի մի այլ պատկեր է «Հողի յիշողութիւնը» բանաստեղծութիւնը, կարօտացաւի մակընթացութեան որերորդ տեղատւութիւններից մէկը: Հողի յիշողութիւնը օտարութեան մէջ «Մտերմացնում է կորչող ես-դ քեզ», յիշեցնում «….Որ դու ուրիշ խմորից // Ուրիշ մի սիրուց ես սերուած».
Յիշողութիւնը հողի կարօտի ճամբայ է՝
Կիսագնդից կիսագունդ կամրջուած,
Յիշեցումներ է անում սիրելի
Ու յետոյ սրբում աչքդ թաց:
Յիշողութիւնը հողի սէր է վերայցելուած,
Որը հրդեհում է մարմնիդ խորշերը սառցէ,
Դու նրան յանձնւում ես ջահել հարսի պէս,
Ու պտուղներ են երգի ներարկւում քեզ… [ՏՀ, 389]

Թամար Յովհաննիսեանի ստեղծածը հասուն հայրենասիրութեան պոեզիա է, տարիք առած եւ իմաստնացած սիրոյ պոեզիա, որ կեանքի ճանապարհին համընթաց փիլիսոփայական նոր խորքեր է ընդգրկում, պատկերային նոր գիւտեր յայտածում: Դա մարդ-հայրենիք միագոյութեան պոեզիայ է, միագոյութիւն, որի երկփեղկումն ու տարանջատումը յանգեցնում է որոնումների՝ գլխապտոյտ յարուցող մի շրջապտոյտի, եւ ինքնախաղաղումը միայն վերամբողջացումն է.
Ես քեզ որոնում եմ քեզանից դուրս,
Դու որոնում ես ուրուականն իմ… [ՏՀ, 394]:

Նոյն հասուն եւ իմաստնացած սիրոյ մի այլ դրսեւորում է «Ընկերոջս» բանաստեղծութիւնը: Պատկերային բացառիկ համակարգով, խոհի արժեկշռով, էմոցիոնալ զսպուած խորութեամբ այն կարող է դասուել Հայաստանին նուիրուած պոեզիայի լաւագոյն շարքում: Արեւմուտքի բարձրաշխարհիկ մտածողութիւնն ու արեւելքի տաք յուզականութիւնը միախառնուել են այստեղ՝ ստեղծելով բանաստեղծական հրաշալի մի պատկեր: Այստեղ գունապատկերային նոր մանրամասներով է վերահաստատւում մարդ-հայրենիք միագոյութեան փիլիսոփայական խոհը: Հայրենիքը հիւլէ առ հիւլէ ներծծուած է մարդու հողեղէն էութեան բջիջների մէջ, մէկի գոյավիճակը պայմանաւորում է միւսինը, մէկի տարանջատումը միւսի կիսատութիւնն է: Անհայրենիք գոյութիւնը մարմինը դարձնում է սոսկ տարայ, որի հոգին իրենից դուրս խարխափում, անիմաստ չափչփում է աշխարհի փողոցներում: Ու գոյութեան վերաիմաստաւորումը վերամիաւորումն է հայրենիքի ու մարդու, ինչպէս կտրուած ու չորացող ծառի վերընձիւղումը արմատներին հանգուցուելուց յետոյ.
Ես գիտեմ հիմա, թէ ինչու
Դու չես կարող փակել դուռն ու հեռանալ
Այդ ցաւատանջ, ցամաք, ծերացած հողից:
Ամեն-ամեն բան արդէն պարզ է ինձ.
Հողն այդ ապրում է բջիջներիդ մէջ…. [ՏՀ, 395]
Շարունակւում են հայրենիք-մարդ երկուորեակային կապուածութեան խոհապատկերները՝ իմաստային նոր դրսեւորումներով ու կենսափիլիսոփայական նոր ածանցումներով: Հայրենիք-մարդ միագոյութիւնը դառնում է փոխադարձ երկգոյութիւն, փոխանակումներ չպէտք է լինեն, ինչպէս ծնող եւ զաւակ կապն է անփոխելի, ինչպէս ծնողն է անփոխարինելի: Միաժամանակ հռչակւում է զաւակի բարոյական պատասխանատւութիւնը՝ ծնող-հայրենիք երկբեւեռ միասնութեան առաջ.
Հողն այս ուղեկիցն է ճակատագրիդ:
Ուխտագնացի պէս ոտաբոբիկ ու խեղճ
Եւ ազնւութեան դրոշմ ճակատին,
Հողն ու դու ապրում էք տիեզերական մտերմութեան մէջ:
Այն, ինչ սպանում է, ապրեցնում է նաեւ,
Լաւն ու վատը քոնն է, դու որդին ես նրա,
Որ չի կարող լքել ծնողին իր ծեր:
Ծնողը երեւի սրբութիւնն է արեան,
Որին չի լինի փոխանակել կամ օտարել: [ՏՀ, 395]

Բանաստեղծութիւնն ընծայագրուած է նկարիչ ընկերոջը, ով իր կտաւի վրայ Հայաստանի բախտն է պայծառակերպում՝ վրձնահարուածներից առաջ թաթախելով վրձինը «Արագածի ձիւներին», ում կտաւները ճակատագիրը հայոց՝ Աստծոյ անաւարտ հէքեաթ, կերպագծում են հէքեաթային վերջաբանով.
Մինչ դու վրձինդ թաթախած Արագածի ձիւներին
Նկարում ես սրբերին քո ապաւինած,
Ու ծանր օրերիի դրուագները ցաւոտ
Տարրալուծւում են գոյներիդ քնքշութեան հալոցքում
Ու դառնում նոր դրախտ՝ դռները մշտաբաց,
Ձմեռները դաժան գարուններ դարձրած,
Աստծոյ հետ տուած ձեռք ձեռքի՝
Դու որոնում ես ճակատագիր մի նոր
Ու վերընծայում այն քո պաշտած երկրին.
Երկիրդ կտաւն է քո, ու այն ձգել է Աստուած
Ու քեզ է թողել գործն իր չաւարտուած… [ՏՀ, 395]

Հայաստանի պատմահոգեբանական կերպաւորումը Թ. Յովհաննիսեանի բանաստեղծական աշխարհում մանրամասնւում է նաեւ այնտեղ ապրող մարդկանց դիմապատկերայնութեամբ, մարդիկ, որոնք այս կամ այն չափով ամբողջացնում են ժողովրդի ազգային դիմագիծը: Այդպիսի բանաստեղծութիւններից է «Իմ երկրի այրերը»: Հայաստանին վիճակուած պարտութիւնների ու ողբերգութիւնների՝ նախօրինակի արժէք ունեցող պատկերների ֆոնին կերպագծւում են երկրի այրերը՝ «Թագը կորցրած արքաներ հպարտ», որ «Ինքնակամ ապրում են ասես մահուան մէջ // Կամ մեռնում են ապրելու համար».
Տրտմութիւն կայ մի վեհ,
Ցաւախառն խստութիւն՝
Խզբզուած թանձրութեամբ յօնքերի:
Սեւ յովազն է ասես առել կերպարանք՝
Հպարտ ու վիրաւոր երկոտն արու:
Իմ երկրի այրերը, թիւն իրենց սակաւ,
Անելիք որոնող, մտահոգ, հոգսաշաղ,
Իրար ատում են խենթի պէս
Կամ զոհւում յանուն իրար: [ՏՀ, 390]

Այս եւ ուրիշ բանաստեղծական պատկերներում անդրադարձւում են նաեւ երկրի այրերի ուժը ջլատող պարապութեան դատապարտուածութիւնը, անգործ ու հոգսաշատ առօրեան:
Հայաստանի երգերը Թ. Յովհաննիսեանի պոեզիայում հիմնականում ամփոփուած են «Տարիքի հոգին» գրքի «Ապրեցնող տեսիլք» շարքում: Յիրաւի, ապրեցնող տեսիլք՝ օտարութեան լայն ու նոր, բայց անհայեացք ու դատարկ փողոցներում, ապահով, բայց տարաշխարհիկ միջավայրում: Ապրեցնող տեսիլքի գաղափարը վերահաստատւում ու ամրագրւում է տողից տող, բանաստեղծութիւնից բանաստեղծութիւն.
Քեզանից հեռու, երկիր իմ,
Խոհերս այցելում են օտարահունչ ղօղանջով,
Սիրտս փոխակերպիչ է՝ նոր դերի վարժուած,
Որը վերհագցնում է խոհերն իմ հայկական տարազով:
Մտապատկերիս կտաւին ճերմակ
Երկայն արահետ է ձգւում խոհերի,
Ես լարախաղաց եմ կիսագնդերի վրայ,
Երկփեղկւում եմ յաճախ այս երերոցում… [ՏՀ, 398]

Հոգեւոր երերումները դրսեւորւում են նաեւ լեզուական «թերացումներով»՝ «Մոռացուած բառեր պարտքով վերցրած», ու դարձդարձիկ վերագտնումներով՝ «Ես բառերի կռիւն եմ արձանագրում յաճախ» [ՏՀ, 398]:
Անընդհատ հոգեւոր դարձ դէպի ծննդավայր, անընդհատական ներքին մի հայեացք՝ ուղղուած հայրենիքին ու անցեալին, եւ դա այնքան ժամանակ, մինչեւ կայանայ վերամբողջացումը: Ինչքան էլ մարմինը «քարշ գայ» մեծ աշխարհի պողոտաներում, այնուամենայնիւ, հոգին կառչած է մնում հին կայանատեղին՝ ծննդավայրին.
Երկիրն իմ, որ թողեցի թիկունքում,
Կանչում է, ձայնում է ինձ երազներիս մէջ,
Այնտեղ ես ինձ այնքան ջահել եմ զգում,
Որ անցեալն ու ներկան տեղերը փոխած
Շփոթեցնում են երբեմն երեւոյթս հեգ….
Սիրելիներն իմ գրկաբաց ժպտում են հեռուից,
Խմբապատկեր՝ ներծծուած երկնի կտաւի մէջ… [ՏՀ, 404]

Վերյուշն իր մէջ ներառում է ժամանակային ինքնատիրապետումը կորցրած կարօտեալ հոգուն, ու կեանքի ճանապարհի կծիկը՝ ձեռքից բաց թողնուած, ետ սահում է տունդարձի հետքերով: Իսկ ծննդավայրը միայն հայրենական հողը չէ, այնտեղ ծանօթ ու թանկ յուշերն են, իւրայինները, նախնիների հրաշապատում ասքերը՝ երեկոները սեղանի շուրջ համախումբ պարպուող տաքացնող շշերի շուրջ.
Որոնց մասին լսել եմ, երբ ծպտեալ թաքուն
Ականջալուր եմ եմ եղել մանուկ օրերի
Ծխախեղդ եղած մի բուռ սենեակի
Չափն անցած վէճերի ու գովեստների ժխորում,
Երբ թանկ յուշեր են դրւում սեղանին,
Ու ցաւն արբել է պարպուած շշերի մէջ: [ՏՀ, 404]

Արեւմուտքի գեղարուեստական մտածողութեան շրջանակներում ի յայտ են գալիս հայրենական տան պատկերները՝ ամբողջական ու կիսադէմ. «Կաւէ կճուճներ՝ պռօշը կոտրած, // Ու կորամէջք ծերեր ցնցոտիապատ», «Քրտինք ու հողի խառնուրդով ծեփուած, // Հասած ծիրանի գոլութեամբ բուրող // Մի գիշերուայ մէջ ծերացող ջահել կանայք», «Արեւախանձ հնձուորներ, կտուրներ կարկատուած, // Խեղկատակի դէմքով արքաներ կարմիր, // Ու ձիեր՝ երբեք չպայտուած» [ՏՀ, 407]:Սա Հայաստանի բնաշխարհիկ ու հոգէաշխարհիկ մի պատկեր է՝ բնօրինակային արժէքով, երբեմն սարեանական պայծառ ու նախնականօրէն մաքուր գոյներով, երբեմն՝ մթագնող գունապատկերներով: Հայրենիքի վերյուշի հետ թեւ է առնում նաեւ բանաստեղծուհու պատկերային մտածողութիւնը, անհատական են մակդիրները, փոխաբերութիւններն ու համեմատութիւնները՝ որպէս պատկերաւորութեան հիմնական միջոցներ, ինչպէս՝
Անցեալի ցաւը, պռօշը ճաքած,
Առուի ջրի պէս հեղեղուել է դուրս,
խոստովանութիւնները, տասնամեակներ զսպուած,
Յանձնուող զինուորների պէս զինաթափուել են հլու…
[ՏՀ, 408]

Պոեզիայի մարգարէութիւնը կամ հայրենիքի ճակատագրի քրմուհին
Յովհաննիսեանի պոեզիայում մարդու եւ հայրենիքի ոգեղէն ու օրգանական կապի, հոգեւոր պատմութեան մէջ տեսլացող Հայաստանի պատմահոգեբանական պատկերներին զուգահեռ տիրականօրէն առաջ են մղւում նաեւ նրա ներկայ օրը, սպառնալիքներով ծանրացող գոյաբանական ընթացքը, զինաթափութիւնը լինելութեան մաքառումներում.
Հայրենիքս ձեռքից բաց թողնուած հին գինու շիշ է,
Ու ես աչքերս փակ սոսկում եմ
Գահավիժումի մօտալուտի պատկերից իր… [ՏՀ, 387]

Այս եւ համանման այլ բանաստեղծութիւններում՝ գրուած դեռ 2013-2018 թուականներին, բանաստեղծուհին դառնում է հայրենիքի ճակատագրի քրմուհի, ոգեղէն աչքերով պատկերագրում լինելիքը, ճակատագրով ու բախտով նախասահմանուածը:
Թ. Յովհաննիսեանի Հայաստանի պոեզիան ե՛ւ մարգարէութիւն է, ե՛ւ ոգեղէն հեռազգայութիւն, ե՛ւ բանաստեղծի ու հայրենիքի օրգանական ամուր կապուածութիւն: Դա մերթ սիրուհու եւ հեռաւոր սիրեցեալի կարօտալար է. «Երազներիս մէջ ես դու, Երկի՛ր իմ, // Կա՞յ ինձանից մասնիկ մի աննշմար // Երազների մէջ քո…» [ԼՀ, 343], մերթ՝ երկուորեակային կապուածութիւն, մերթ՝ մօր ու զաւակի կամ զաւակի ու մօր պորտալարային շաղկապուածութիւն: Հայաստանի գալիքի տեսիլային պատկերները Յովհաննիսեանի պոեզիայում ասես զաւակին սպառնացող մահուան մղձաւանջից ցնցուած վեր թռչող մօր կէսգիշերային երազներ լինեն՝ ասքային եղանակի փոխակերպուած: Ահաւասիկ մի պատկեր եւս, որ Հայաստանի ներկայ իրավիճակի բնօրինակային տեսիլ է.
Հայրենիքս վեր նետուած մանկան պէս
Խաղացւում է օդում
Ու որսացող ապահովութեան ձեռքերն ամուր չեն
Ետ գրկելու համար… [ՏՀ, 385]

Դարակազմիկ տագնապը հայրենի երկրի ապագայի հանդէպ գրեթէ միշտ այս կամ այն չափով առկայ է Թ. Յովհաննիսեանի պատմահայրենասիրական պոեզիայում: Բանաստեղծական տողերում տրոփում, թպրտում է զգայուն մի սիրտ՝ մտավախութիւններով ծանրաբեռ ճնշման ներքոյ: Ներքին լարուածութիւնն ու կանացի դողը հայրենի երկրի բախտի հանդէպ մշտապէս փոխանցւում են իրար՝ փոխադարձաբար դառնալով առանցքային տարր.
Ես մտավախութիւն ունեմ,
Որ աշխարհի յիշողութիւնը
Արձանագրւում է առանց իմ տեսակի
Ներառման: [ՏՀ, 387]

Յովհաննիսեանի պոեզիայում Հայաստանի գոյաբանութեան ճանապարհի վրայ կախուած սպառնալիք է նաեւ ազգի՝ երկրի ներսում պահպանման եւ տեսակի տարածման խնդիրը, այլ կերպ ասած՝ հայութեան արտահոսքը, հիմքում սոցիալական հիմնապատճառներ ունեցող վերտադրողականութեան անկման միտումը: Բանաստեղծի ցաւոտ բնորոշմամբ՝ իր հին ժողովրդի «…..Արգանդը ցամաքող երաշտահար դաշտ է// Կամ տեղահանուած այգեստան // Առանց տնկիների».
Ու աղաղակն իմ կիսագնդից կիսագունդ
Որդեկորոյս այրու թառանչ է՝ ձգուած օդում
Յանգաւոր երբեմն կամ անյանգ յաճախ… [ՏՀ, 387]

Բանաստեղծուհու աշխարհիկ շարականները այսպէս յայտածում ու մորմոքում են Հայաստանի ճակատագրի կանխասացութիւնը՝ դառնալով Հայաստանի շուրջ եւ ներհայաստանեան քաղաքական արդի իրադարձութիւնների նախերգանքներ ու պատկերաւոր նախօրինակներ: Այդտեղ ե՛ւ հայրենիքի տէրեր ինքնահռչակուած սին ու անարժան բախտախնդիրներն են, որոնք ժողովրդի անգիտակից թողտւութեամբ շարունակում են անխնայ կողոպտել երկիրը ու իշխել, ե՛ւ արտաքին աշխարհաքաղաքականութեան անհոգի ու դիմակաւոր տէրերը, որոնց համար Հայաստանը մանրադրամ է մեծ խաղընթացներում: Գլուխգործոցային արժէք ունեցող ստեղծագործութիւն է «Մաշուած աղօթք» բանաստեղծութիւնը՝ խոհափիլիսոփայութեան եւ արուեստի պատկերաւորութեան առումով, որի ազդեցութիւնը եռապատկւում է մարգարէական արժանիքով:
Աղօթքը մաշուել է երկար ճանապարհներից, ինչպէս ուխտագնաց հաւատացեալների բոբիկ ոտքերն են մաշւում Երուսաղէմ տանող հեռաձիգ ուղիներից: Աղօթքի ճանապարհի երկարութիւնը փրկութեան որոնումների ապարդիւնութիւնն է, գոյութեան բարձունքի անմատչելիութիւնը, խօսքի զօրութեան կորուստը: Աշխարհաքաղաքական խաղացողների անսիրտ ու անմիտ սեղանների վրայ Հայաստանը շրջանառւում է որպէս մանրադրամ, ու նա, թիւրիմացաբար թէ անճարակօրէն, իր լինելութեան վերջին յոյսը պահ է տուել նրանց, ովքեր կարող են իրեն անփութօրէն, ստորակէտի պէս կցել սխալ տեղի, որոնց համար իր ներկայութիւնը չնշմարուող միջակէտ է կամ շուայտօրէն ծախսուող մանրադրամ.
Ես վախենում եմ, հայրենիք իմ,
Երբ քեզ վաճառում կամ հեշտ օտարում են մաս առ մաս,
Ու դու մատաղւում ես՝
Վերջին գոյութեան յոյսը քո
Մանրադրամ դարձած, պատառ առ պատառ,
Տրւում նրանց, ում ափսէներում հսկայ
Ներկայութիւնդ չի էլ երեւում,
Կամ էլ կցւում է տեղի ինչ-որ անկապ՝
Սխալ օգտագործուող շաղկապումի նման,
Որ հեշտօրէն կարող է փոխուել
Ստորակէտի անփոյթ
Կամ տողատները զատող միջակէտի անկապ… [ՏՀ, 392]

Սա Հայաստանին նուիրուած հայ պոեզիայի արտաժայթքումներից է՝ էմոցիայի ու խոհի բարձրակէտային համաձոյլ վիճակ, Հայաստանի ապագայի բնօրինակային նախապատկեր: Բանաստեղծուհու խորազգայ ու հեռաթափանց հայեացքը պարզ տեսնում է աշխարհաքաղաքական գործընթացների ուղղուածութիւնն ու ողբերգական հետեւանքները Հայաստանի համար.
Ես վախենում եմ, հայրենիք իմ,
Երբ լոյսի պէս չքացող դու մարմրում ես տեղ առ տեղ,
Շնչառութիւնը կորցնող,
Հանգչող ծնողի ժպիտի նման՝
Գիտակցութեան վերջին առկայծումները
Մեծահոգաբար սգացող որդիներին թողած… [ՏՀ, 392]
Բանաստեղծուհու աղօթքը՝ կասեցնելու հայրենիք-զաւակի խաչելութեան ողբերգութիւնը, անզօր եւ ի զուր է այլեւս. Հայաստանն արդէն «խաչուած հրաշք» է, իսկ ժողովուրդը՝ «տիեզերական բեռ»: Մաս առ մաս վաճառուած ու օտարուած Հայաստան, անհայրենիք ու թափառական ժողովուրդ, յուշ դարձած հայրենական տուն.
Ես վախենում եմ, հայրենիք իմ,
Հրաշք իմ խաչուած,
Աղօթք իմ մաշուած,
Որ առանց քեզ տիեզերական բեռ ենք դառնում ամենքս…
[ՏՀ, 392]

Հայաստանի ներկայ պահի ողբերգական պատկերն է սա՝ տեսլացած պոեզիայով տարիներ առաջ: Հայաստանի զինաթափ-անպաշտպանութիւնը, անգլուխ-անղեկութիւնը, կրաւորական-պարտուողական գոյավիճակը բանաստեղծութեան մէջ առերեսւում են աշխարհի՝ «հեգնանքը խնայած» անտարբերութեանը.
Աշխարհի անցուդարձը խաղ, խորամանկ ու խարդախ,
Դու՝ անզրահ ասպետ, ձին՝ անհեծեալ, անսանձ,
Որն իր վերջին շունչն է ճօճում դաշոյնի տեղ,
Ու աշխարհն անտարբեր, հեգնանքը խնայած,
Շրջանցելիս անգամ չի նկատում էլ քեզ… [ՏՀ, 392]

Կորսուող Հայաստան-մարմնից յետոյ լինելութեան վերջին յոյս է դառնում Հայաստան-հոգու փրկութիւնը: Բանաստեղծուհու խօսքը հնչում է որպէս որդեկորոյս մի նոր Մարիամի աղերս-հրահանգ, նախասահմանութեանը դիմադարձող պոետական հրաշափառութիւն կամ քրիստոսաբար պայծառակերպութիւն.
Արդ, դաշոյնի տեղակ լեզուդ հազարաշեղջ,
Փայլատակի՛ր, ճչա՛ կոչ ու գոչով հպարտ,
Հոգի՛դ փրկիր, երկի՛ր, հոգիդ հազարամեայ… [ՏՀ, 392]

Հայաստանը՝ որպէս յարափոփոխ ու բազմադիմակ աշխարհի քաղաքական հանդէսներում քայլող անդիմակ մաքրութիւն ու հազուագիւտ թանկութիւն, որպէս երկրային կեանքի վրայ տարածուող երկնային մանանայ՝ գիշատիչների բաց երախին յանդիման, որպէս որբ մանուկ ու մտահոգ ծնող, որպէս կորուսեալ մարմինը որոնող անմարմին հոգի: Հակադրութիւնների տաճարում աղօթասացող բանաստեղծուհին նուիրեալ զինուորի պէս պատրաստ է զոհաբերել իրեն, միայն թէ կայանայ հայրենի երկրի փրկութեան աղօթքը.
Հայրենիք իմ,
Մշուշոտ տեսլախաբութիւն իմ հեռու,
Սրտի տրոփ՝ իմ կրծքի տակ,
Ես քո մատաղն եմ չմորթուած,
Դու երազանքն իմ բաղձալի՝
Այս երկդէմ աշխարհի այս ու այն կողմերում
Յակինթի պէս արգելուած… [ՏՀ, 394]

Յաջորդում է Ապրիլեան քառօրեայ պատերազմի խոհապատկերը՝ բեկուած ցաւախառն մտածումներով ու կորուստների անսփոփ պոռթկումով: Դա նաեւ 44-օրեայ պատերազմի նախօրինակն ու նախերգանքն է՝ պատմական ու պոէտական համահարթակներում: Հայրենիքը անառակ ու անհոգի որդիներից կողոպտուած ծնող է, ու արժանաւոր, ընտիր սերուցքը նրա ստիպուած իր կեանքն է զոհաբերում՝ փրկելով մեր ազգային «հպարտութեան խաբկանքը» եւ երկրի՝ իրենց «տարեկից անկախութիւնը»: Մի կողմից անարժանների արիւնոտ խնջոյք, հայրենիքի անխնայ կողոպուտ եւ զինաթափութիւն՝ լինելութեան ճակատամարտերին դէմ յանդիման, միւս կողմից՝ արժանաւորների մաքառում ու ինքնազոհաբերութիւն. ահա մեր ազգային ողբերգութեան պարունակներից մէկը եւս, որ ներկայանում է որպէս ճակատագրի հեգնանք.
Հայրենիքը, որին պահ էինք տուել որդիներին մեր,
Թալանուած ծնող էր կամ այր՝ ծակ գրպանով,
Կամ թալանուած ծառ, որի սնանկութիւնը յանկարծ
Տեսանելի դարձաւ լուսաբացին,
Երբ դեռ իր կարգին չառնականացած ճիւղերը մատղաշ
Իրենց դիերով փրկեցին հպարտութեան խաբկանքը մեր,
Որը հազիւ տարեկից էր իրենց,
Ու անկախութիւնը, մուրացիկի պէս մերկ,
Կախուեց ի տես բոլորի՝ օդում: [ՏՀ, 397]

Խոհապատկերային բացառիկ ինքնարտայայտում է նաեւ «Անմիտ խզբզուք» բանաստեղծութիւնը: Անմիտ խզբզուք, այսինքն՝ ապարդիւն ճիգ, անարդիւնք լարում, ընթացք չբեկող միտք, նոր սկիզբ չարարող բան: Բանաստեղծութիւնը Հայաստանի պատմութեան գեղարուեստական խտացում է, որի իւրաքանչիւր տուն ժողովրդի պատմութեան մի փուլ է՝ բազմաբեւեռ տարողութեամբ ու բազմասեւեռ հայեացքով: Բանաստեղծուհու սիրտը աշխարհի անցուդարձի մայրուղի է, աշխարհաքաղաքական գործընթացների կոխան, հայրենիքի գլխին առկախ տագնապների մշտամնայ կայան.
Ինձ իմ բախտից զատ, գուցէ եւ աւելի,
Իմ հայրենական տան բախտն է տագնապեցնում,
Խախտուել են կարծես սիւները երբեմնի
Ու անտէր թողել մի ողջ ժողովուրդ… [ՏՀ, 399]

Արտաքին սպառնալիքներին դէմ յանդիման ուրուապատկերւում են ներքին մարտահրաւէրները՝ քաղաքների բեւեռացումն ու դատարկուող գիւղերի թշուառութիւնը՝ տխուր ու յուսալքող հետեւանքներով.
Տունն իմ հայրենական բեւեռուել-խտացուել է
Թզաչափ վարդագոյն մայր քաղաքի վրայ,
Այնտեղ գիւղացին եկուոր է
Ու ապրում է տուփում ցեմենտէ վարձակալուած;
Մայրաքաղաքցին հին ցաւոտ յամառութեամբ
Փորձում է դեռ իրեն իր տանը պահել,
Գրաւի է դրուել կեցութեան նաւն իր,
Ու ինքն իր տան մէջ արդէն կենուոր է… [ՏՀ, 399]

Գումարւում է հայրենաբնակների արտահոսքի սպառնալիքը՝ տարագիրների ներհոսքի փոխարէն: Գիւղ առ գիւղ, քաղաք առ քաղաք նօսրացող ու դատարկուող հայրենիք, տարագնացող ժողովուրդ, որ յետ չի նայելու, ու երկիրը դառնալու է «չայցելուած սրբատեղի»: Եւ այդ աւերակների վրայ պիտի թագաւորեն անտիրակալ արքաները՝ «ինքնահռչակ» ու սին, իրենց անխոհեմ ու անստոյգ, յոռի կառավարման եւ ոչնչատեսիլ քաղաքականութեան արդիւնքը ժառանգելու.
Սրբատեղի է լինելու չայցելուած
Երկիրն իմ, թէ եղածը արտայորդի այդպէս,
Ես չգիտեմ, թէ ում են տիրակալելու
Արքաներն ինքնահռչակ ռամիկների պէս: [ՏՀ, 399]

Սա մեր օրերի անմխիթար պատկերն է, սթափութեան վերջին մի ճիչ՝ գրուած 2018-ին՝ ժողովրդի պատմութեան բեկումնային օրերին:
Տնտեսապէս կեղեքուած, բարոյապէս յուսալքուած, զօրապէս ուժասպառուած երկրի դժբախտութեան գլխաւոր հեղինակները Թ. Յովհաննիսեանի տողերի ենթատեքստում հայրենի երկրի՝ անհոգի ու անգաղափար վաշխառու դարձած գահակիր զաւակներն են, եւ երկիրը՝ քաղցկեղի բարձիթողի ճիրաններում գտնուող կարեվեր ծնողի պէս, իր գոյութեան յոյսը դրել է դարձեալ անյուսալի Աստծոյ վրայ: Առաքինիների ու նուիրեալների փրկութեան պայքարն էլ այս դէպքում անզօր է, ուշացած, քանի որ արդէն «աւա՜ղ, երկիրն իմ արգանդ է ծակուած» [ՏՀ, 400]: Նշտարով խոցուած արգանդից հոսող արեան պէս սերնդապարպւում է հայրենի հողը, արտայորդում է երկրի ուժը՝ «Ուրիշի օջախները շէնացնելու դատապարտուած» [ՏՀ, 400].
Իմ ժողովրդի առնականութիւնը երբեմնի
Ասքերի մէջ ձանձրանում է չընթերցուած,
Մինչդեռ պարպուած գիւղերի եզրերից
Պատուաբեր ու ցասկոտ մեռեալները ննջած
Ուրուականների պէս ելումուտ են անում
Ու հսկում կիսափուլ տները լքուած….
Իշխանական անտարբերութեան մատնուած
Երկիրն իմ ցամաքում է ամառուայ առուի պէս,
Որ յոյս ունի դեռ լցուելու գարնանը: [ՏՀ, 400]

Պատկերների շարքը ծաւալւում ու յոյզերի նոր մրրիկ է յարուցում: Երկրի դատարկումն ամբողջանում է արտաքին ու ներքին երեւոյթներով ու յատկանիշներով: Ֆիզիկական ու նիւթական պարպումներին համալրւում է հոգեւոր պարպումը, երկրի աւերին ու աւարին աւելանում են հոգեւոր արժէքների անկումն ու անհետացումը: Ապամշակոյթը դառնում է օրուայ շքահանդէս, կեանքի տօնավաճառ, մշակութային առուծախի մէջ աճուրդի է հանւում ամեն ինչ՝ ճաշակ ու խիղճ, ինքնութիւն եւ փառք.
Մշակոյթը երկրիս արգանդ է պարպուող՝
Արհեստական բեղմնաւորումից յոգնած,
Վախենում եմ հոգեքաղցից երկիրն իմ համբարձուի,
Եթէ չդադարի այս էժան առուծախը: [ՏՀ, 401]

Հայաստանը ամեն ինչ է Թամար Յովհաննիսեանի համար, բայց ամենից առաջ՝ վտանգից առաջ բազմապատկուող սէր եւ կորուստին դէմ յանդիման բազմապատիկ թանկ դարձող գոյութիւն, «ցամաքող առու» կամ «եզրախանձ հաց» կամ փոքրացող կտաւ՝ «կորուստներով հին ու նոր»: Տէրեանական մեղմ ու վհատ, պայծառայուշ տրամադրութիւններով, բայց ինքնատեսակ գեղարուեստական ոճով ու յանգով նորօրեայ խոստովանութիւն է «Սիրում եմ երկիրն իմ՝ հաց արեւախանձ….» սկզբնատողով բանաստեղծութիւնը: Տէրեանի «Երկիր Նայիրի»-ից եւ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի….»-ից սերուած ու կերպարանափոխուած, անհատական կնիքով զմռսուած մի նոր գլուխգործոց է սա՝ կանացի հիւսուածքով: Այնտեղ՝ Չարենցի բանաստեղծութեան մէջ, «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում», այստեղ՝ Թամար Յովհաննիսեանի տաղում՝ «Սիրում եմ երկիրն իմ՝ հաց արեւախանձ»: Այնտեղ՝ Տէրեանի «Երկիր Նայիրի» շարքում՝ «Մշուշի միջից տեսիլ դիւթական», իսկ այստեղ՝ «Ու տեսլականի տարածքներն անհուն»: Տէրեանական նրբաթախիծ քնարականութիւնն ու Չարենցի պատմափիլիսոփայական հայեացքը երբեմն կամայ-ակամայ յայտնւում ու անմիջապէս չքանում են Յովհաննիսեանի հայրենասիրական պոեզիայում՝ յաջորդ պահին դառնալով նոր մտածողութիւն ու նոր ոճ.
Սիրում եմ երկիրն իմ՝ հաց եզրախանձ,
Շուրթը ցամաքած կարճ առուի հուն,
Սիրում եմ եզրագծերի կորութիւնները նրա
Ու տեսլականի տարածքներն անհուն:
Երազն ու երեւոյթը իրար խառնած՝
Ոգեղէնութեան օրրան է երկիրն իմ,
Երկիրն իմ հսկայ էր հնօրեայ յուշերում
Ու մի թիզ կտաւ՝
Եզրերը պատռուած նորոգ օրերում,
Ու եղածի համար իսկ սիրտս է դողում… [ՏՀ, 402]

Հայաստանի բնաշխարհիկ ու հոգէաշխարհիկ դիմապատկերներին աստիճանաբար յայտնւում են քաղաքական ճակատագրի ցաւից ծնուած ակօսներ ու ստուերներ.
Իմ երկրի հպարտութիւնն իր պատմութիւնն է,
Ու մտահոգութիւնն իր՝ խճճուած ներկան,
Կայ, դեռ մնում է քարտէզին աշխարհի
Աստծոյ ձեռքից ընկած յակինթի նման… [ՏՀ, 403]

Հայրենիքի ճակատագրի խոհափիլիսոփայական բարձրակէտերից է շարքի վերջին բանաստեղծութիւնը՝ «Չվճարուած պահապան»: Դա ժամանակի քմահաճոյքին զոհ դարձող հայրենի երկրից սկիզբ առած խոհաքննական ու պատկերային յանդուգն ու նորարար արտաժայթքում է, աշխարհաքաղաքական արշաւներին դէմ յանդիման զինաթափ կանգնած հայրենի երկրի զոհաբերման ցաւի ու ինքնախարազանումի երգը.
Անցեալի ու ներկայի խոյակռուից տագնապած՝
Յապաղումով ոտքը կախ է գցում ապագան,
Կարծես մտորում է, թէ արժէ՞ ունենալ
Իր տարածքներում ժողովուրդն այս
Կրքոտ, կռուարար, շինարար ու հազարճարտար,
Բայց նաեւ մուրացիկ, ողբասաց ու լալկան…

Երկիրս արագ ծախսուող վարկ է,
Որը չի փարատում հոգսերը վերցնողի,
Երկրիս գոյութիւնը պարտք վերցրած կեանք է,
Որ ոչ պարտատիրոջն է պէտք, ոչ պարտատուին… [ՏՀ, 410]

Եզրակացութիւն

Թամար Յովհաննիսեանի պոեզիան Հայաստանի պատմահոգեբանութեան՝ ներկայ ժամանակի գիրքն է՝ օծուած աստուածային առանձնայատուկ շնորհներով: Այն նաեւ Հայաստանի գալիքի մարգարէութեան գիրքն է, հեթանոսական տաճարում ծնրադրած քրմուհու՝ կրակի քուրայի մէջ անդրադարձուող հայրենիքի ճակատագրի վերծանման տագնապալի ողբերգը՝ ուղղուած ժամանակներին: Դա տարիքի հետ հասակ առած եւ իմաստնացած սիրոյ հայեացք է, ամեն պահի վերարժեւորուող մասունք ու աներկրորդ սրբութիւն:
Թամար Յովհաննիսեանի՝ դասական արժէք ունեցող առանձին բանաստեղծութիւններ վստահաբար կարող են դասուել հայ հայրենասիրական պոեզիայի ընտրանու շարքերում:

Նարինէ Յովհաննիսեան

բ. գ. թ., դոցենտ
Արցախի պետական համալսարան

1) Թ. Յովհաննիսեան, Լինելութեան համանուագ, Ե., 2013, ՀԳՄ հրատ., էջ 335: Այսուհետ այդ գրքից մէջբերումների յղումները կը տրուեն տեքստում՝ փակագծերում նշելով գրքի վերնագրի սկզբնատառերը եւ էջը:

2) Թ. Յովհաննիսեան, Տարիքի հոգին, Ե., 2018, «Անտարես» հրատ., էջ 383: Այսուհետ այդ գրքից մէջբերումների յղումները կը տրուեն տեքստում՝ փակագծերում նշելով գրքի վերնագրի սկզբնատառերը եւ էջը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *