Խղճի խոստովանութի՞ւն, ճակատագի՞ր, թէ պարզապէս սիրավէպ

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ

Մարդու էութեան ամենախորքային բացայայտումների նպատակադրմամբ պէտք է բացել հայ ժամանակակից եզակի կին արձակագիրներից Մարգարիտ Տէրանցի «Սէր լուսնեզրին» վէպը: Հեղինակի գրիչը պրպտում է մարդկային ճակատագրերի լուսանցքներում, ձեւաւորում ինքնուրոյն մտածողութիւն եւ հաղորդում հետաքրքիր կառուցուածքային բովանդակութիւն: Արձակագիրը չի վախենում երեւոյթների մեծութիւնից, դրանց ներկայացնելու ինքնատիպ կարողութիւնն իսկապէս իր գրականութեան կարեւոր հիմնասիւներից է: Մարգարիտ Տէրանցն իր արձակի համար կարեւորում է ժամանակը, իրավիճակը եւ խորութիւնը: Հէնց այս երեք նախապայմանով էլ հեղինակի գրականութիւնն ընթերցողի համար դառնում է գրաւիչ, ինքնաբուխ եւ կլանող:
Արձակագիրն ունի գրական ճանապարհի քարտէզ, հիւսած գրական կենսագրութիւն՝ հեղինակային այլ գրքերով: Սա գալիս է փաստելու, որ Մարգարիտ Տէրանցն անընդհատ գրական տեղաշարժերի մէջ է, փնտռում ու գտնում է կարեւոր եւ առանցքային թեմաները, որոնք կարեւոր լինելով հանդերձ նաեւ համոզիչ օրինակներ են մարդու համար:
«Սէր լուսնեզրին» վէպը կեանքի քառակուսու մէջ է հաւաքում երջանիկ կրակներին, արուեստի դեւերին, այն մահը, որին փափաքեց հեղինակը, սակայն մահն իրեն հետապնդեց եւ անցեալի չարագոյժ տեսիլքը, որը խմորւում է բազմաշերտ ասելիքով:
Վէպը քառասնամեայ գրող կնոջ կեանքի մասին է, որը ոչ թէ սիրային ընդգրկում ունի, այլ հոգեբանական լայն շերտեր: Արձակագիրը սոսկ սիրային պատմութիւն չի ներկայացնում, այլ իր ձեռագրին յատուկ կտրուկ շեշտադրումներով է ձեւաւորում արձակը՝ թոյլ տալով ընթերցողին կեանքի ոլորապտոյտ ճանապարհին ճիշդ ընտրութիւններ կատարել, ինքնադիտարկել սեփական քայլերն ու ինչու ոչ՝ հոգին:
Ինչպէս վերեւում նշեցինք, ժամանակն ինքնին կարեւոր դեր ունի Մարգարիտ Տէրանցի արձակում: Պատահական ընտրուած չէ վէպի հերոսուհու ապրած ժամնակաշրջանը՝ Խորհրդային Միութեան քայքայման եւ դրան հետեւող երեւոյթների ամբողջութիւնը, որը տարածք է ստեղծում հեղինակի համար՝ նոր բացայայտումներ անելու, կերպարը բնական եւ ամբողջական պատկերելու համար:
Սէրը, այո՛, միշտ կայ նրա արձակում, բայց «Սէր լուսնեզրին» վէպում նա ոչ թէ սէրն է առաջ բերում, այլ կնոջ պատմութիւնը, գենետիկ կոդի փնտռտուքը եւ կեանքը պատկերում է այնպէս, ինչպէս այն կայ: Ժամանակակից մարդը, ի հարկէ սիրոյ տարբեր դրսեւորումներ ունի, բայց ահա հեղինակը փորձում է այդ ամենը այլ քօղի տակ միաւորելով ներկայացնել, արդիւնքում ստանալով ինքնատիպ եւ պատկերաւոր արձակ, խիտ հիւսուած ու տողատակերի կայուն ասելիքով: Սա բոլորին չէ յատուկ, եւ անգամ ընթերցողը պէտք է գիտակցի, որ Մարգարիտ Տէրանցի այս վէպի մէկ էջի տակ թաքնուած են եւս երեք էջ՝ աւելի կարեւոր ասելիքով ու բովանդակութեամբ:
Համամարդկային արժեհամակարգային խնդիրները հեղինակի վէպում ակնառու է։ Սակայն դրանով ոչ թէ հիասթափեցնում է մարդուն, այլ նոր ուժ որոնում՝ ինքնաբացայայտուելու, յաղթահարելու, կեանքը նորովի ընկալելու համար:
Անհատ ու ազգ իրական կապը դժուար է ներկայացնել։ Առաւել եւս դժուար է դրա խորքային՝ մարդ-հայրենիք կապի մասին բացէ-ի բաց խօսելը։
«Եթէ կարողանանք օգտագործել մեր էութեան մէջ դրուած աստուածային յայտնատեսութեան աննշան մասն անգամ, այլ կեանք կ’ունենանք»։
Գրականութիւնը սիրում է գրողի անկեղծութիւնը, եթէ այն փաստարկուած է: Այս առումով իւրայատուկ է Մարգարիտ Տէրանցի վէպը, որը հոգեբանական շերտերի խտացում է եւ ասելիքով բազմաբովանդակ: Սրան զուգահեռ վէպում ընթացող գործողութիւնները փիլիսոփայական դատողութիւններ ունեն, որոնք նաեւ շեշտադրում են մարդու անձնականութեան կարեւոր բաղադրիչները: Այնպէս չէ, որ հեղինակը փորձում է այդ անձնականութեան որակների մէջ խորանալ եւ մանրամասնօրէն ներկայացնել, ինչն աւելի շատ կը ձանձրացնէր: Այլ փորձում է իրական փոփոխութիւն անել գրական հերոսի անձնականութեան դաշտում, այն դարձնելով կոփուած, նպատակաուղղուած:
Առաջին հայեացքից սիրավէպ թուացող «Սէր լուսնեզրին» գնալով բացայայտում է իր հերոսը, տալիս կոնկրէտ պատասխաններ՝ ինչո՞ւ կայ սէրը եւ ինչերի է պատրաստ: Գրական կին հերոսը միւս հերոսին լրացնելով նոր հորիզոն են բացում, եւ հեղինակը սկզբնակէտից էլ դասական սիրավէպի ժանրում չի ձեւաւորում իր արձակը, որովհետեւ դասականութիւնը կարող է խանգարել այն ասելիքին, ինչը հէնց Մարգարիտ Տէրանցի մատնանշածն է:

Մենք շատ զուգահեռներ կարող ենք անցկացնել հեղինակի նախորդ ստեղծագործութիւնների հետ, հիմնականում թեմատիկ որոշ շերտերի խտացմամբ, բայց այս վէպում զգացւում է ասելիքի թարմութիւնը, խնդիրների պարզ ներկայացումը, հոգեբանական եւ մշակութային տուայտանքը:
«Հեղինակի կերտած կերպարների յուզառատութիւնն, էմոցիոնալ զեղումները սենտիմենտալիստական չեն. Գրական միտումներ, որ առկայ են յատկապէս կին գրողների գործերում (Ժորժ Սանդ, Սրբուհի Տիւսաբ): Մարգարիտ Տէրանցի գրչին աւելի յատուկ է ինտելեկտուալիզացուած–անալիտիկ սենտիմենտը, որը բնորոշ է Ֆրանսուազ Սագանի գրական մեթոտին: Պէտք է ասել, որ Մարգարիտի կողմից ապրումների, հոգեվիճակների, ծայրայեղ զգացողութիւնների այդ սպեկտրալ անալիզը կարող է դեռ նոր, հետաքրքիր բացայայտումներ անել իր հերոսների ներաշխարհում: Տէրանցի կին հերոսները ուժեղ կերպարներ են, ոգով ուժեղ, թուլութեամբ՝ ուժեղ, միայնակութեան մէջ՝ կատարեալ», — բ.գ.թ., գրականագէտ, հոգեբոյժ Վարդգէս Դաւթեանը ժամանակին գրել է Մարգարիտ Տէրանցի «Սէր եւ էմիգրացիա» գրքի մասին, որը կարծես արտացոլում է ընդհանուր Տէրանցի գրական հերոսներին, նրանց ապրած կեանքն ու հոգեվիճակները: Եւ պատահական չէ, որ հեղինակը գնալով առատապէս իր բծախնդրութիւնն է դնում իրավիճակների հիմքում, սակայն հերոսների կատարած քայլերի արդիւնքում ցոյց տալիս այդ ամենն ու բացում նոր տիրոյթ, որտեղ ներկայ են կեանքի ու յիշողութեան, ապրելու եւ պայքարելու ազդակները:
Օտար ու հարազատ զգացումների կողքին արձակագիրը վարպետօրէն կարեւորը զատում է երկրորդականից, առաւել կարեւոր բաների մասին խօսելիս իրեն յատուկ ձեւակերպումներով հարստացնում տողը՝ ինքնութեան դաշտում պահելով սեփականը, ազգայինն ու ապրուածը:
Վիպական հիւսուածքն առանձնանում է անցեալի ու ներկայի համադրմամբ՝ անշեղօրէն կապելով մարդկանց յոյզերն ու սպասումները: Դրանց հետ մեկտեղ մարդկային յարաբերութիւնների խնդիրն է գլուխ բարձրացնում՝ ֆիզիոլոգիապէս ներդաշնակ մանրամասներով: Մարգարիտ Տէրանցը գտել է բանալին՝ կին եւ տղամարդ յարաբերութիւնների ճշգրիտ ներկայացման, սեփական սկզբունքներն առաջ բերելով եւ դրանք գրական ստեղծագործութեան մէջ գործնականօրէն կիրառելով:
«Մեր «ես»-ը կազմաւորւում է ամենախոր ապրուած զգացմունքներով: Յաճախ՝ հէնց դրանք են մեր շղթաները»։
Վէպի հիմնանիւթը կարեւոր ստեղծարարութեան է ենթարկուել, որը ապահովում է գրական գործի շնչառութիւնը՝ սկզբնամասից մինչեւ աւարտակէտ: Պէտք է նշել, որ այդ ընթացքը ինչ-որ չափով որոշակիանում է՝ ժամանակակից աշխարհի լուծումներով, խոչընդոտներին հակադարձելու եւ սեփական մտքերը պատմելու համարձակութեամբ:
Հեղինակն իր տողերին խորհրդաւորութիւն է հաղորդում՝ զգացմունքների դիտարկմամբ եւ դրանց կիրառմամբ: Կեանքի, սիրոյ, տառապանքի ու մի շարք այլ հարցեր են վէպի հիմքում, որոնք քայլ առ քայլ բացայայտում են ինչպէս կերպարներին, այնպէս էլ նրանց փիլիսոփայութիւնն ու մտածողութիւնը: Եւ դրա շնորհիւ է, որ իր վէպի հերոսները նշաձող են սահմանում ու փորձում դրանց հասնել՝ թէկուզ դժուար, բայց իմաստային ուղիներով: Այդ ուղիներից մէկը հայրենիք է տանում, ծրարւում է բառը՝ կարօտի եւ սիրոյ եզրին թողնելով կեանքի հայեացքը՝ մե՛րթ երեւացող, մե՛րթ՝ ցաւից խեղճացած: Բայց ահա արմատներն այնքան ամուր են, որ հողեղէն տառապանքներից կարող ես մենանալ հեղինակի ստեղծած այն տարածութիւնում, որն այս դէպքում երկինքն է, ասել է թէ՝ անհունութիւնը:
«Թէկուզ արմատներդ հասել են մինչև դժոխք, դու կարող ես սաղարթներդ մխրճել երկինք: Սովորաբար, Երկինք են տենչում նրանք, ովքեր ապրել են դժոխքի ցաւը…»։
Վէպի վերջաբանում «ռումբերի պայթիւններ յիշեցնող յամառ հեռախօսազանգերը» կարծես մարգարէական կանխատեսում լինէր սպասուելիք պատերազմի մասին, որ ունենում են ճշմարիտ գրողները (վէպը հրատարակութեան է յանձնուել 2020 թուականի մայիսին, իսկ պատերազմը սկսուել է սեպտեմբերի 27-ին):
Անխօս, արձակի երկրում դժուարութիւնները շատ են, նաեւ դիւրին չէ համարձակ գործելը: Մարգարիտ Տէրանցը կոտրում է մի շարք կարծրատիպեր, որոնք յաճախ վերագրում են արձակագիրներին: Նա իր խօսքով, տարբերուող ոճով, լեզուով, բառամթերքով կայուն եւ մնայուն արձակ է ստեղծում՝ խօսելով կարեւորի մասին եւ չսահմանափակուելով թեմատիկ ընտրութեան հնարաւորութիւններից:

Արցախ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *