ՅԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ
Այս բոլորի պատճառը տատիս տատն է եղել, այլապէս Նիւ Եորքում ծնուած որդիս ի՞նչ գործ պիտի ունենար Ղարաբաղի հետ։
Յետոյ այս խնդրում կարեւոր դեր են ունեցել նաեւ Մեղրիի գիշերները, երբ տատիս տատը Փոքր Թաղի իր քարակերտ տանը քաշուած բաներ է պատմել իր զաւակներին Արցախի ու Սիւնիքի մասին, Դաւիթ-Բեկի, Մխիթար Սպարապետի, Թորոսի, Բայանդուրի, էլ ի՞նչ գիտեմ, Տէր Աւետիքի, Փարսադանի, Պապի, Աւթանդիլի եւ, իհարկէ, իր ամուսնու՝ Վայրենի Յակոբի մասին, ո՞վ գիտէ, ինչպիսի սխրագործութիւններ վերագրելով նրան։ Խնդիրը այդ չէ, այլ այն, որ այդ պատմութիւնները ղարաբաղցիներին յատուկ վառ երեւակայութեան բովից անցնելով առասպելական տարածք են ստացել եւ եկել ու վրդովել իմ որդու հանգիստը։
— Ես Ղարաբա՛ղն եմ ուզում,— պահանջում է նա։
— Ինչո՞ւ Ղարաբաղը։
— Որովհետեւ պապերիս տունն է։
Դէ՛, արի՛ ու էշը ցեխից հանիր։
Ես ինչո՞ւ պիտի նստէի ու մերոնցից լսածներս որդուս պատմէի: Միթէ՞ աշխարհում այլ հէքեաթներ չկան։ Յետոյ ո՞վ ասաց, որ աշխարհի կենտրոնը Ղարաբաղն է։ Չէ, սխալուել եմ։ Սխալուել են Սիմոնն Կարապետը, Թոմասն ու Արշաւիրը եւ ամենից շատը՝ հէնց ինքը Վայրենի Յակոբը, որը խոփ ու գութան թողած՝ Մռաւ լեռն է բարձրացել եւ վիթխարի քարեր գլորել պարսիկ խաների գլխին։ Եղածը եղել, անցել է։ Ես ինչո՞ւ պիտի նստէի եւ երկու հարիւր տարուայ գաղթը պատմէի որդուս: Դէ, եղել ենք, է՜լի։ Եղել է Թաւրիզ: Եղել է Մուժամբար։ Եղել է Մեղրի։ Եղել է Մեծ Սղնախ։ Եղել է Փոքր Սղնախ։ Եղել է Դաւիթ—Բեկ ու ապստամբութիւն։ Այդ է եղածը։
— Ես Ղարաբաղի լեռնե՛րն եմ ուզում,— պահանջում է որդիս։
— Դէ, որ ուզածդ լեռ է, գնանք Քաթսկիլ։
— Ես Ղարաբա՛ղի լեռներն եմ ուզում։
Յամառ է որդիս, ճիշտ իր պապի պապի պէս, եթէ իհարկէ, չի չափազանցել տատիս տատը, երբ ձմրան գիշերներին, տաք թոնրի շուրջ հաւաքուած՝ իր զաւակներին բաներ է պատմել իր նահատակ ամուսնու մասին: Տոհմական բանահիւսութիւնից դատելով բարի մարդ է եղել Վայրենի Յակոբը։ Նոյնիսկ խաղաղ: Չէ՞ որ հողագործ էր։ «Վայրենի» պիտակը կպցրել են նրան այն տարուայ աշնանը, երբ ջիվանշիր ցեղերի դէմ Դաւիթ-Բեկի հրամանատարութեամբ Իւչթափայում տեղի ունեցած ճակատամարտում նա մի հարուածով թշնամու երեք գլուխ է թռցրել։ Ըստ մեր գերդաստանի պատմիչների, իսկական աժդահա է եղել Վայրենի Յակոբը։ Ժայռակերտ մարմին, երկաթեայ թիկունք եւ աննկարագրելիօրէն մազոտ, այն աստիճան, որ դժուար է եղել զանազանել նրա գլխի խռիւ մազերը բեխ ու մօրուքից: Եղել է արծուաքիթ։ Ունեցել է ահռելի կզակ եւ անդրդուելի կամք, որն այս դէպքում նշանակում է յամառ բնաւորութիւն։ Ասածի տէրն է եղել։
Ղարաբաղի ազատագրումից յետոյ Վայրենի Յակոբը մտնում է Թորոսի ջոկատի մէջ, արշաւում Սիւնիք, լեռ բարձրանում, լեռ ճեղքում եւ կանգնում մահմեդականութիւն ընդունած մելիք Բաղրի ամրոցի առջեւ՝ Տաթեւի շրջանում։ Ասում են, թէ երկօրեայ գրոհներից յետոյ դաւաճան Բաղրին սրախողխող անողը նա է եղել։ Յետոյ Թորոսի ու Բայանդուրի ջոկատների հետ պապիս պապը Չավնդուր գաւառում պարսիկ խաների մէջքը կոտրելուց յետոյ անասելի քանակութեամբ գինի է խմում եւ մինչեւ լոյս պարում լեռների վրայ: Պարում է, սակայն յուշն ու միտքը՝ Մեղրի: Որովհետեւ Մեղրիում էր թողել իր երիտասարդ կնոջը՝ Մարիամին: Այս կէտում մեր տոհմի պատմիչները հակասութիւնների մէջ են: Յայտնի չէ, թէ Վայրենի Յակոբը ե՞րբ է ամուսնացել կոյսն Մարիամի հետ: Իւչթափայի ճակատամարտից առա՞ջ, թէ Մեղրիի շրջափակումից յետոյ: Ամեն պարագայի, այդ այնքան էլ կարեւոր չէ։ Փաստն այն է, որ ղարաբաղցի Յակոբը Սիւնիքի ապստամբութեան արանքում մի կերպ ժամանակ էր գտել հայրանալու, չորս անգամ։
Յետագայ զարգացումները եւս մասամբ պղտորուած են, սակայն ոչ տղայիս համար։ Նա արդէն գծել է մեր տոհմի ծառը իր բազմազան ճիւղաւորումներով՝ Ղարաբաղից տարածուելով Երեւան, Մեղրի, Թաւրիզ, Թեհրան, Ժընեւ, Լոնդոն, Ամերիկա եւ դեռ, Աստուած գիտէ, ուր: Երկրաչափական գծերի գլխին Վայրենի Յակոբն է, իսկ ստորին ծայրամասում ինքը՝ վերջին շառաւիղը: Իմ տեղը, հէնց այսպէս, միջանկեալ է։ Տղաս ուզում է տէր կանգնել Ղարաբաղին։ Քարտէսագրում է, պատմական տուեալներ ժողովում եւ թեւերը մէջքին կանթած մտասեւեռ քայլում սենեակի մէկ ծայրից միւսը։
— Ե՞րբ պիտի վերադառնանք Ղարաբաղ,— ասում է որդիս։
— Չգիտեմ։ Երբ ժամանակը գայ։
— Ես հիմա՛ եմ ուզում։
Նոյն ժայռի կտորն է։ Ոչինչ գլուխը չի մտնում։ Նրա մօտ երկւութիւններ գոյութիւն չունեն։ Կամ այս կամ այն: Դանդաղ է մտածում, բայց երբ հասնում է եզրակացութեան, ոչ ոք չի կարող փոխել նրան իր ընթացքից: Ծայրայեղութիւնների տոպրակ է: Միջին ճանապարհ չկայ։ Ամեն ինչ մեծ է իր մօտ: Սիրում է մեծապէս, ատում է մեծապէս։ Աւելի ապրում է քան մտածում կեանքի մասին։ Եւ ամենայատկանշականը. նրա համար յետադարձ չկայ։ Այդ աղբիւրն է թէ՛ երջանկութեան եւ թէ՛ դժբախտութեան։ Գերադասում է վարար գետը ցատկել քան սպասել խաղաղ ջրերի գալստեան։
Տատիս տատը իր թոռներին է պատմել, թոռները իրենց զաւակներին։ Պատմել են երկար ճանապարհների պռունգին։ Պատմել են քարերին, դաշտային ծաղիկներին եւ աներեւոյթ զեփիւռներին, իսկ երբ պատմութիւնը Թաւրիզ է հասել, ծիածանի երանգ է ստացել։ Իմ մանկութիւնը անցել է այդ ծիածանի տակ։
Երբեմն մտածում եմ, որ այդ բոլորը թերեւս լոկ ընտանեկան շարահիւսութեան արդիւնք է, բայց միեւնոյն ժամանակ գիտակցում, որ յօրինումը նստակեաց մարդու գործ է։ Մերոնք լեռնականներ են եղել՝ լեռից լեռ ցատկող խենթեր, որոնք գուպարի մէջ են մտել փոթորիկների հետ եւ անդունդների երախում թաղել իրենց վիշտն ու ցասումը։ Երբեւէ Ղարաբաղցի բանաստեղծ տեսե՞լ էք, իսկ զօրականներ ինչքան որ ուզէք։ Այլ կերպ չէր կարող լինել Վայրենի Յակոբը։
Դաւիթ-Բեկի ուժերը իջնում են հարաւ։ Ապստամբութիւնը իր հրէ թեւերը տարածում է Սիւնիքի ներքնագաւառների վրայ։ Իր զինակիցների հետ Վայրենի Յակոբը հասնում է գետի ափին։ Նրա աչքերից կրակ է թափում, կամ գուցէ գետն է ճաճանչում նրա աչքերում։ Լոյսի սլաքների հետ խաղեր է խաղում։ Սակայն Նախիջեւանի խանը անցնում է հակայարձակման՝ հանդիպելով հայկական ջոկատների բուռն դիմադրութեան։ Թշնամին գետի միւս ափն է շպրտւում եւ նահանջի ճամբան բռնում։ Բայց հէնց այդտեղ է, որ հայերը ծուղակն են ընկնում։ Խանը շուռ է գալիս ու ջարդ տալիս հայերին։
Դաւիթ-Բեկը կորցնում է մի ճակատամարտ, սակայն ոչ պատերազմը։ Նախիջեւանի յաղթանակից գօտեպնդուած ոտքի են ելնում Օրդուբադում ծուարած խաները։ Վայրենի Յակոբը առիւծի պէս կռւում է Եղվարդի ճակատամարտում եւ անխախտ պահում հայոց թեւը Բարկուշատում։ Մարտի դաշտում ընկնում է Թորոս զօրավարը։ Ըստ Թաւրիզեան տարբերակի, այդ ճակատամարտում զոհւում է նաեւ Վայրենի Յակոբը, ինչպէս սովորութիւն է ասել, թուրը ձեռքին: Սակայն աւելի հաւաստի պատմիչներ վկայում են, թէ նրա կեանքի թելը կտրւում է Մեղրիում՝ Սաֆի ղուլի խանի զօրքերի ներխուժման օրերին։
Այսպէս թէ այնպէս, տղայիս խելքին չի պառկում վախճանականը։ Վայրենի Յակորը այնքան կենդանի է որքան կենդանի են Սասունցի Դաւիթն ու Դաւիթ-Բեկը։ Նա հիմա շատ բան գիտէ: Նա գիտէ Ֆաթալի խանին ու մելիք Ֆրանգուլին։ Իսկ ամենից լաւ գիտէ Պապ զօրավարին, որի աջ թեւն էր դարձել Վայրենի Յակոբը։
— Մենք պէ՛տք է վերադառնանք Ղարաբաղ, — հրահանգում է նա։
— Մի օր, մի գուցէ։
— Այդ մի օրը ուշ է: Այսօ՛ր:
Ասում են, թէ տատիս տատը Մեղրիի ծաղիկների պէս սիրուն է եղել, իսկական Սիւնեաց գեղուհի, կաթներես ու ծովաչեայ: Պապիս պապը երբ նրան տեսել է, եօթ օր, եօթ գիշեր հանդերն է ընկել եւ իր կոշտ մատներով պսակ հիւսել։ Պսակ է հիւսել եւ Երասխը նետել ու ամեն մի պսակի մէջ իր սիրտը դրել։ Սակայն լեռնականին ո՞վ աղջիկ կը տայ։
Ինչե՜ր են ասում…
Հրդեհը հասնում է Մեղրի։
Ֆաթալի խանը իր յաղթանակից արբեցած՝ որոշում է ասպատակել հայկական գիւղերը, սակայն արծիւի պէս Չավնդուր է հասնում Պապ զօրավարը իր քաջերով եւ քաջերի մէջ, քաջերի կողքին՝ Վայրենի Յակոբը: Մինչ այդ սակայն Սաֆի ղուլի խանը պաշարում է Մեղրին ու ներխուժում Փոքր Թաղ: Այստեղ արդէն հերոսական լայնք են ստանում իրադրութիւնները։ Ամեն ինչ ցցուն է, գրեթէ հոմերոսական։ Ժողովուրդի առաջն անցած անմահութիւն է կերտում Վայրենի Յակոբը՝ իր ամեն քայլը մի մի լեգենդ։ Արեւ ու արիւն է թորում նրա թուրից եւ որքան ջարդում է այնքան բազմանում է թշնամին։ Ջրերից վեր, մռայլ հորիզոնում կանգնում է Մարիամը, իսկ նրա փէշից կառչում են մանուկները՝ Վարդանոյշ, Սաթենիկ, Աստղիկ ու Սիմոն: Եւ յետոյ ամբողջ Մեղրին ու Մեղրիի հետ ամբողջ ազգն ու ցեղը։ Խենթանում է Վայրենի Յակոբը եւ խենթութեան մէջ լուսաւորւում նրա միտքը։ Մէջքը տալիս է կամուրջին եւ խորտակում կամուրջը։ Խանի զօրքը մրջիւնի պէս գետն է թափւում։ Թշնամին նահանջում եւ սկսում է լիզել իր վէրքերը, բայց երբ խաւարը վրայ է պրծնում, մեղրեցիները փայտ, մահակ, բահ ու բրիչ վերցրած յարձակւում են թշնամու վրայ եւ դուրս շպրտում նրան քաղաքից: Մեր գերդաստանի դիտապակուց նայելով այդ շարժման գլուխն է կանգնած լինում Վայրենի Յակոբը: Բայանդուրին ու Ստեփանոս Շահումեանին օժանդակ դերեր են վիճակուած, չնայած նրան, որ ասողներ կան, թէ առանց յիշեալ զօրավարների անվեհեր ջոկատների, հրոյ ճարակ դարձած կը լինէր Մեղրին։
Տղաս մատիտը վերցրել ու Ղափանը կապել է Ղարաբաղին։
Հռչակել է Ղարաբաղի իշխանութիւն։ Մայրաքաղաքը՝ Գանձակ։
Բացատրում եմ ու բացատրում, սակայն բան դուրս չի գալիս։
Ոչ միայն յամառ է, այլ նաեւ չորգլուխ։ Արդէն իշխանական հովեր է առել եւ մեծ ծրագրեր է որոճում: Որ իրեն թողնէք, Հայաստանի սահմանները մինչեւ Վլադիվոստոկ ու Բուխարեստ կը տարածի։ Նրան խօսում եմ պատմական հոլովոյթների աշխարհաքաղաքական ազդակների մասին, որոնց պատասխանում է երեք տառանի մի անվայել բառով եւ հայեացքը Նիւ Եորքի երկնաքերերին ուղղում։
— Առանց Ղարաբաղի Հայաստան չի՛ լինի, — եզրակացնում է նա։
— Ինչո՞ւ չի լինի։
— Որովհետեւ Ղարաբաղը Հայաստանի գլուխն է։
Դէ’, արի ու տակից դուրս արի։
Ժամանակին խելօք տղայ էր։ Ժամանակին տղաս կտուրն էր բարձրանում եւ աստղերի հետ բաներ փսփսում։ Մտածում էի, որ նրանից մի բան դուրս կը գայ: Կամ բանաստեղծ եւ կամ էլ մի երկրորդ Համբարձումեան: Ես ի՞նչ իմանայի, որ Վայրենի Յակոբի ձայնը Ղարաբաղի լեռներից պիտի հասնէր Նիւ Եորք եւ խենթացնէր տղայիս: Հիմա օրն ի բուն նա Ղարաբաղի մասին է մտածում։ Հիմա, նա աստղերը ծալել մի կողմ է դրել եւ շարունակ Ղարաբաղն է տենչում։
Թերեւս այս բոլորի պատճառը տատիս տատն է եղել։
Դեկտեմբեր 1972, Վաշինգտոն
*) Այս պատմուածքը առաջին անգամ լոյս տեսած է 1977-ին («ՄԵՆՔ» պարբերաթերթ, Գ. տարի, թիւ 4, դեկտեմբեր 1977, Նիւ Եորք)։ Ան մամուլով վերահրատարակուած է 4 անգամներ՝ 1988-ին, 1989-ին եւ 1990-ին, ինչպէս նաեւ ներառնուած է հեղինակի «Մտորումներ» ժողովածուին մէջ (Արլինկթըն, 2009. խմբ. Արա Ղազարեանց)։