ԱԼԻՍ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Խմբագրութեան կողմէ. ընթերցողին կը ներկայացնենք վերջին տարիներուն հայկական եթերը ողողած «սերիալ»ներու (հեռատեսիլային պատմուածքաշարք) մասին սոյն ակնարկը, նկատի ունենալով, որ համացանցային այս դարուն անոնց տարածման դաշտը դուրս եկած է Հայաստանի աշխարհագրական սահմաններէն։
«Ով ուրախութեամբ չի նայում, թող նախանձի»… Սրանք «հեռուստասերիալների աստղային սցենարիստ» Դիանա Գրիգորեանի բառերն են մի հարցազրոյցի ժամանակ, որ գրեթէ «մարգարեկան» են: Այո՛, ես անձամբ ոչ թէ ուրախութեամբ, տխրութեամբ, ոչ էլ ցաւով եմ նայում մեր «հայրենական» սերիալների օր օրի տարածուող մետաստազներին, այլ՝ միայն տագնապով: Եւ քիչ է մնում նախանձեմ այս ինքնամեծար ինքնասիրահարուածներին, յաջողութիւնից գլուխները կորցրածներին…
Սցենար գրելուց առաջ մեր Հրանտ Մաթեւոսեանի, Ռուբէն Յովսէփեանի նման գրողները Մոսկուայում երկամեայ դասընթացներ էին անցել: Իսկ մեր «սցենարիստ աստղերը», իրենց «ֆեյերվերկային» երեխայամիտ ինքնամոռացութեան մէջ, չեն էլ ուզում մի պահ կանգ առնել ու հասկանալ. «Ինչի՞ համար ենք եփել այս շիլան, ո՞րն էր մեր նպատակը, իմմմմաստը (ինչպէս վերջերս սիրում են կրկնել «խօսակցական նոր լեզուին» տիրապետողները): Եւ ինչի՜ վրայ են ծախսուել այդ հսկայական միջոցները, ժամանակը, մարդկային էներգիան… ոչ մի լաւ տեղ չտանող ամենօրեայ տափակաբանութիւններ, տունտունիկներ նկարահանելու համար: Մինչդեռ շատ աւելի սուղ միջոցներով եւ մի քիչ ուղեղը աշխատեցնելու դէպքում կարելի էր սերիալներ նկարահանել, որոնցով ոչ թէ կը նսեմանար մեր հասարակութեան մաս կազմող անդամը՝ ծերունուց մինչեւ մանկապարտէզի երեխայ, այլ կը տեսնէր, կ՚առնչուէր, կ՚ապրումակցէր իրենից բարձր ինտելեկտ, վեհանձնութիւն, բարոյական վեհ մղումներ ունեցող ազգակիցներին, կը փորձէր նմանուել նրանց: Հասարակութիւնը կը գնար մաքրման ուղիով, ներդաշնակութիւնը եւ ոչ թէ քաոսը կը դառնար տիրապետող:
Երբ մեր ղեկավարները քովիդի սկզբնական շրջանում տագնապահար մեզ յորդորում էին դիմակ կրել, ձեռքերը յաճախակի լուանալ, միմեանցից մէկ ու կէս մետր հեռաւորութիւն պահպանել, չգիտէին երեւի, որ քովիդից աւելի մեծ չարիք կայ մեր հասարակութեան մէջ՝ սերիալներ, որ ամեն օր, առանց դուռը ծեծելու մուտք ունեն դէպի մեր տները:
Շուտով ոչ միայն այս սերիալներին անհամբերութեամբ սպասողներին, այլեւ մեզ՝ մշակոյթի մշակներիս կարող է թուալ, որ մենք ոչ թէ Հայաստանում ենք ապրում, որի գլխաւոր քաղաքներում մարդիկ մինչեւ ուշ գիշեր կարող են ապահով զբօսնել փողոցներում, այլ՝ Կորսիկայում: Եւ որ մենք՝ հասարակ մահկանացուներս, եթէ մաֆիայի պարագլուխ կամ գոնէ շարքային անդամ չենք, սերիալային աստղ չենք, եթէ փողոցային լեզուով չենք խօսում ու գրում, եթէ թանկարժէք զարդեր կրելու, «գեղեցիկ կեանքով» ապրելու համար չենք «ծախում» մեր ընկերներին ու մեր ընտանիքի անդամներին, եթէ մեր ընտանիքներում փոխադարձ յարգանք, սէր, վստահութիւն կայ, ուրեմն ետ ենք մնացել ժամանակի սլացքից: Իսկ Կոմիտասը, Բախը (նաեւ՝ Ռիչարդ Բախը), Բեթհովենը, Րաֆֆին, Տոլստոյը, Դոստոեւսկին, միայն մեզ պէս կեանքից բան չհասկացողների համար են իրենց տառապանքից հունցել վեհ ու արժանապատիւ կեանքի մասին պատկերացումները: Մենք էլ, դէ, մնացել ենք այս երկու համակարգերի միջեւ՝ օդային պարաններից կախուած:
Երբ սկսեցին նուաստացնել հայ ժամանակակից գրողին ու նրա կատարած գործն արհամարհել, հէնց այդ պահից էլ ամբարտաւանների մի հոծ խումբ սկսեց խլրտալ, գլուխ բարձրացնել եւ ի վերջոյ տէրն ու տիրականը դառնալ մի ամբողջ համակարգի, որի դերն ու նշանակութիւնը մեր առանց այն էլ բազում հոգսերից գլուխը կորցրած հասարակութեան համար շատ աւելի վտանգաւոր են, քան քովիդը, խոլերան, ժանտախտը եւ անգամ մեր ազգի թշնամիները: Եւ սրանք իրաւունք են ստացել ոչ մի պատասխանատւութիւն չկրելու մշակոյթի իսկական մշակ-գործիչների առաջ: Իսկ եթէ հաշվի չես նստում քո երկրի բազմավաստակ, յարգուած մտաւորականների հետ, կարող ես քեզ թոյլ տալ ինչ ուզես՝ որպէս կապը կտրած ընտանիքի անդամ կամ ընտանիք չունեցող, վատ շրջապատ ընկած դուրսպրծուկ:
Իսկ հիմա ստացւում է՝ ունենք մի լայնատարած դաշտ, որի վրայ հատուկենտ յամառօրէն բուսնող ցորնածիլերը ուղղակի խեղդուած են որոմի ագրեսիւ մոլեգնումներից:
Մինչ ժամանակակից փայլուն գրողները ստեղծագործելիս ճգնում, մտածում, ճշգրտում են իրենց աշխարհաճանաչողութիւնից, ապրումներից ու վերջապէս Վերից ժամանած մուսայից թելադրուած խօսքը, մտածում են անգամ միջակէտի, ստորակէտի, առոգանութեան նշանների մասին, սերիալային ինքնակոչ «աստղերը» վերվարում են՝ մոռացած, թէ ինչ վտանգաւոր աշխարհում ենք ապրում, եւ որ բոլորս էլ կոչուած ենք ոչ թէ ամեն ինչ աւելի խոտորելու ու խառնակելու, այլ ներդաշնակութիւն, միասնականութիւն, բարոյական բարձր արժէքներին հաւատարմութիւն հաստատելու համար: Սերիալային «աստղերն» իրենց այնպէս են պահում, կարծես երբեւէ չեն առնչուել ու չեն տեսել այս արժէքներն իրենց շրջապատում: Հիմնականում նկարահանւում է այլանդակութիւն, ժահր սփռող 10-15-30… սերիա, որպէսզի 300-րդ սերիայում վերջապէս բացատրուի, որ այն ամենը, ինչ մինչեւ հիմա տեսաք՝ վատ է, խոտելի է, տեսա՞ք չարը ոնց պատժուեց:
Վերջերս դուրս պրծած «Կոյր աշխարհ» սերիալը փորձում է կարամազովեան ինտրիգների մէջ խոթել քիթը, առանց պատճառահետեւանքային որեւէ հիմնախնդիր դնելու, առանց հոգեբանական գոնէ չնչին գիտելիքի: Այս ամենի փոխարէն, անհասկանալի պատճառներով բոլորը ստում են, բոլորը բոլորին ատում են, բոլորը բոլորին սիրում են երբ եւ ինչպէս ուզեն՝ պայմանաւորուած սցենարիստի այդ գիշեր տեսած բանդագուշանք-երազով:
Թէեւ այս «սցենարիստների», «շոումենների, դերասանների, ռեժիսորների», նրանց առատօրէն բուծող հովանաւորների բազմութեան դէմն առնելը այսօրուայ-վաղուայ խնդիր չէ, այնուամենայնիւ, որպէս գրող, համարձակւում եմ բոլոր վազքուղիներն զբաղեցրած այս «ամենագէտներին» խորհուրդ տալ, որ իրենց իսկ օգուտն է՝ եթէ մասնագիտական կրթութիւն չունէք, մի՛ խորշէք գիտակ մարդկանց կարծիքը լսելուց: Ձեր «մատից ծծած» սիւժէներն անգամ կարող են օգտակար լինել սերիալամոլներին, եթէ էկրանային ժամանակը չլցնէք տափակ, սիւժէն մի կերպ, հրմշտելով առաջ մղող երկխօսութիւններով, որ յաճախ երկու տգէտ մարդկանց յանպատրաստից դատարկախօսութիւն է (եթէ նոյնիսկ դերում իրենք դատաւոր են, վիրաբոյժ են, ուսուցիչ են), եւ որոնց նման հազարաւորները կարող է մոգոնել ցանկացած գրաճանաչ եւ խիղճը կորցրած մէկը: Երկխօսութիւններ կազմելը մեծ շնորհ է, արուեստ է. հրաւիրէ՛ք պրոֆեսիոնալների: Տեղեկացէ՛ք ու տեղեա՛կ պահէք ձեր հովանաւոր ու ձեր գործընկեր «աստղերին», որ մարդկանց աչքին երեւալու հնարաւորութիւնից օգտուելուց առաջ պէտք է իւրաքանչիւրս լուրջ աշխատանք կատարենք մեր՝ հասարակական մարդ, առհասարակ մարդ լինելու գիտակցութեան ուղղութեամբ:
Ասում են, երբ կատուն քնած է, մկները պար են բռնում: Բայց իմացա՛ծ եղէք, մենք՝ հասարակութեանը դէպի բարձր նշաձողեր ուղեկցելու գործին լծուած, էւոլիւցիոն գեղեցիկ հեռանկարներ փայփայող մշակոյթի գործիչներս, կատուներ չենք եւ քնած էլ չենք, պարզապէս չգիտենք, թէ ո՞ր կողմից մօտենանք մեր այս մոլորուած զաւակներին, որ չվնասենք, այլ ստիպենք ոչ միայն կանգ առնել, այլեւ ետ նայել՝ իրենց անցած ուղուն. ի՞նչ էք սերմանել եւ ի՞նչ հունձք ունէք: Մտածէ՛ք, թէ ինչ էք քարոզում՝ ատելութիւնից, ստախօսութիւնից, դաւաճանութիւնից, գռեհկաբանութիւնից, վրիժառութիւնից, անաշխատ շքեղութիւնից բացի… եւ ոչ մի խօսք իսկական սիրոյ, ազնւութեան, հոգեւոր աճի, գեղեցիկի, վեհի մասին…
28 հոկտեմբեր 2022
(«Գրական Թերթ»)