ԱՐՄԷՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ
Ալիսա Մելնիկը երբէք չի մոռանայ, թէ ինչպէս 1986-ի յունիսեան մի օր, իր առջեւ երկաթէ վարագոյրի պէս աջ ու ձախ գլորուելով, բացուեց «Սեւան» մանկական առողջարանի արծաթափայլ դարպասը։
Երեք ու կէս տասնամեակի հեռուից էս անմոռանալի պահը վերյիշելիս Ալիսայի մտքով հէնց «երկաթէ վարագոյրն» անցաւ, բայց 86-ին նա դեռ 12-ը նոր բոլորած սովետական պիոներ էր ու հազիւ թէ էդ արտայայտութիւնը լսած լինէր։ (Ամեն դէպքում ճիշտ է «երկաթէ վարագոյրը» փոքրատառերով գրելը՝ հէնց նախնական՝ թատրոնի չհրկիզուող վարագոյրի իմաստով, որ 18-րդ դարում Եւրոպայում բաւական տարածուած էր)։ Մինչդեռ Ալիսայի կեանքում երկաթէ վարագոյրի պէս բացուող դարպասը շէքսպիրեան թատրոնի ոգով նոր արար էր աւետում, որտեղ, դէ գիտէք, կեանքը բեմ է, մարդիկ՝ դերասաններ։
Ինչեւիցէ, մեր պատմութեան մեկնարկի համար աւելի կարեւոր է 86-ի ապրիլին տեղի ունեցած չեռնոբիլեան աղէտի յիշատակումը (հետագայում Գորբաչովն ինքն է մի առիթով ասել, որ իրականում Չեռնոբիլն էր Սովետի փլուզման պատճառը)։ Փաստօրէն, երբ Ալիսա Մելնիկի առջեւ երկաթէ վարագոյրի պէս աջ ու ձախ գլորուելով բացուեց «Սեւան» առողջարանի արծաթափայլ դարպասը, Սովետն արդէն անդառնալիօրէն փլուզւում էր, բայց դրա մասին ոչ միայն պիոներ Ալիսա Մելնիկը, այլեւ հէնց ինքը՝ Гласность ու Пересторйка (Գլասնոստ եւ Պերեստրոյկա) հռչակած գենսեկ Միխայիլ Սերգէյեւիչը դեռ չգիտէր։
Ուրեմն մերկ սարերի գոգաւորութեան մէջ կանաչ, փարթամ ովասիս յիշեցնող, չորս կողմից պարսպապատ «Սեւան» մանկական առողջարանը Սովետի գտնուած մետաֆոր է՝ փակ միջավայր, որտեղ մանկավարժներն ու աշխատակիցները սպիտակ բժշկական խալաթներով էին շրջում, թէեւ ճամբարական երեխաների մեծ մասն առողջական խնդիրներ չունէր, որտեղ կեանքը հոսում էր երկու հունով՝ կեղծ կոմունիստական (քանի որ կոմունիզմի իդեալներին բրեժնեւեան լճացումից յետոյ առանձնապէս հաւատացող չէր մնացել, իսկ վերջին հաւատաւորներից շատերը հէնց աւագ սերնդի մանկավարժներն էին) եւ անկեղծ մանկապատանեկան (քանի որ Гласность-ին լրջօրէն հաւատացել էին առաջին հերթին դեռահասները եւ, ի հարկէ, մանուկները, դէ գիտէք, որոնց շուրթերով յաճախ են բարբառւում «Թագաւորը մերկ է» կարգի ճշմարտութիւններ)։
Եւ ահա, մեր ուկրաինուհի հերոսը՝ Ալիսա Մելնիկը, յայտնուել էր Հայաստանում հէնց Չեռնոբիլի աղէտի հետեւանքով, որովհետեւ էդ ամառ Ուկրաինայից տասնեակ հազարաւոր երեխաների «էվակուացրել էին» Սովետով մէկ սփռուած բազմաթիւ մանկական ճամբարներ՝ «ում որտեղ պատահի» սկզբունքով։ Պրիպիատից՝ պայթիւնի տեղանքից, երեսուն կիլոմետր շառաւղով բնակչութեանը հիմնականում տարհանել էին դեռեւս գարնանը, իսկ ամռանն արդէն Ալիսայի հարազատ քաղաք Կիեւից (որ հարիւր կիլոմետրից էլ հեռու էր նշուած շառաւղից) հիմնականում հեռացրել էին դպրոցականներին ամառային արձակուրդի պատրուակով։
Եւ քանի որ «անծայրածիր» Սովետն էլ մի տեղ վերջանում էր, Ալիսան հէնց «աշխարհի ծէրը» հասածի զգացողութեամբ էր կանգնել իրենից մի քանի անգամ բարձր դարպասի առջեւ ու համակուած էր անդառնալիութեան, փախուստի անհնարինութեան եւ անխուսափելի նորի՝ միանգամայն անկանխատեսելի կեանքի մեկնարկի զգացումով, մի խառը զգացողութիւն, որ համատեղում էր սարսափն ու էքստազը։ Սարսափը սրւում էր էն վերահաս գիտակցումից, որ տունդարձի ճամբայ չունի։ Կեանքում առաջին անգամ էր տնից ու ծնողներից էնքան հեռու, որ ինքնուրոյն վերադառնալու հնար չունէր՝ ոչ անվերջ քայլելով, ոչ շնչասպառ լինելու աստիճանի վազելով, ոչ էլ անգամ հազար հանրային տրանսպորտ փոխելով։ Ու տունդարձի անհնարինութեան էդ մտքից ծնւում էր անսահման, անծայրածիր միայնութեան մի զգացում, որ նախկինում իրեն էդքան ուժգին երբեւէ չէր պատել։ Բայց սարսափի սարսուռը ընկրկում էր ազատութեան նորայայտ հովերի, արկածալի, լուսաւոր գալիքի խոստման առաջ, եւ ահա երանաւետ մի դող էր անցնում ամբողջ մարմնով, ու էլի, ասես կեանքում առաջին անգամ Ալիսան գիտակցում էր իրեն իբրեւ ամբողջական, առանձին, անջատ, ինքնագլուխ ու ինքնուրոյն մի էակ, որ պատրաստ էր վերակառուցուել. հէնց էդպէ՛ս՝ քանդուել ու տեղում նորից հաւաքուել։
Ո՞նց շարժուենք առաջ։ Երկաթէ վարագոյրի պէս բացուող, արծաթափայլ, վեհ դարպասի առջեւ կանգնած, իր ողջ էութեամբ փլուել ու վերակառուցուելու պատրաստ փոքրամարմին, դեռահաս աղջկայ պատկերը, ժանրի կանոնների համաձայն, խոստանում է հասունացման մի պատմութիւն? գուցէ մանկապատանեկան ամառա-ճամբարային արկածապատում՝ սովետական լաւատեսութեամբ ու կարօտախտով լի, գուցէ առաջին սիրոյ անմեղ կրքերով համեմուած ազգամիջեան սիրավէպ՝ ուկրաինացի աղջկայ եւ Մասիս անունով հայ սեւաչեայ տղայի միջեւ, որի մկանները քրտնած շապիկի տակ խաղում էին, ինչպէս Սեւանայ լճից հէնց նոր դուրս բերած ձկներ, որի մի ունքը զարմանալիս միւսից շեշտակի բարձրանում էր, իսկ ժպիտը՝ ինքնագոհ ծռւում ու խելքամաղ անում առաջին ամսականի հետքերը հէնց էստեղ՝ առողջարանի սպիտակ սաւաններին թողած աղջիկներից շատերին։ Գուցէ Վլադիմիր Սորոկինի ոճով սոցռեալիզմը ծանակող մի պատմութիւն հիւսուի, որտեղ պիոներական խարոյկի շուրջը հաւաքուած ճամբարականները ոգեւորուած անվերջ քննարկում են Լենինի պատգամներն ու կոմունիզմի դասերը, մինչեւ որ լիալուսինը դուրս է գալիս մութ ամպերի հետեւից, եւ պիոներական հիմնի՝ «Взвейтесь кострами» («Խարոյկներ՝ թռչէք վեր») երգի ուղեկցութեամբ յանկարծ օղակավար ընկեր Պետրովը գայլամարդ է դառնում, «Всегда будь готов…» («Եղիր մի՛շտ պատրաստ») ձայնող պիոներները՝ վամպիրներ, կոմսոմոլ տղաները՝ այծամարդիկ, իսկ նորաթուխ կոմսոմոլ աղջիկները վերածւում են խարոյկի շուրջը մերկ պարող վհուկների։
Բայց արի ու տես, որ մեր պատմութիւնը հիմնուած է իրական փաստերի վրայ։ Մեր Ալիսան չի յայտնւում ոչ հրաշքների, ոչ էլ հայելիների աշխարհում, եւ որքան էլ շէնշող ու տպաւորիչ թուար իր առջեւ բացուած արծաթափայլ դարպասը, այնուհանդերձ այն երկնային դուռ չէր, այլ ընդամենը ստալինեան բարրոկկօ ոճի, սովորական, երկաթակուռ, նախշազարդ ճաղերով դարպաս էր եւ արտառոց այնքանով, որ սովետական տարածուած նշաններով՝ մուրճ-մանգաղով ու աստղով զարդարուած չէր։
* * *
Ինչ խօսք, Ալիսա Մելնիկն իր տարեկից միլիոնաւոր սովետական պիոներների մեծ մասի պէս նախորդ կլոր ուստարին երազել էր «Արտեկ»-ի մասին։ Ու թէեւ 6-րդ դասարանը, ինչպէս եւ խոստացել էր ծնողներին, գերազանց էր աւարտել, աւաղ, երազանքների ճամբար սեւծովեան «Արտեկի» փոխարէն յայտնուել էր Հայաստանի սարերում։
Ալիսա Մելնիկը հոգու խորքում արդէն գիտէր, որ Ղրիմի «Արտեկ» հռչակաւոր պիոներական ճամբար ոտք էին դնում կամ բացառիկ տաղանդի տէր աշակերտներ, կամ բարձրաստիճան նոմենկլատուրայի երեխէքը, կամ էլ, դէ գիտէք, կաշառքով գործը գլուխ բերողները։ Ու քանի որ Ալիսայի ինտելիգենտ ծնողները կաշառք տուողներից չէին, ոչ էլ բարձր պաշտոնեաներ, նա անկեղծօրէն փորձել էր, անմնացորդ ջանացել մի կլոր ուստարի լինել բացառիկ, լինել սովետական Սամանթա Սմիթը(*)։
Թէ ով էր Սամանթա Սմիթը միլիոնաւոր սովետական դպրոցականների համար, բառերով դժուար է փոխանցել, գուցէ իր ժամանակի Գրետա Թունբերգը, գուցէ սառը պատերազմի վերջի սկիզբն աւետող խաղաղութեան աղաւնին ու Բարի կամքի փոքրիկ դեսպանը, գուցէ իր լուսաւոր ժպիտով Երկաթէ վարագոյրի վրայ առաջին ծակը բացողը, որ յետոյ պիտի սկիզբ դնէր «մանկական դիւանագիտութիւն» կոչուածին, գուցէ պարզապէս սովետական դեռահասների կուռքը, իրենց փխրուն տարիքին յարիր սէքս խորհրդանիշը, որ ինչքան էլ աստեղային ու չնաշխարհիկ էր պատկերւում, միեւնոյն է, իրենց բարեկամն էր, հարազատը, իրենց առաջին իրական ամերիկացի ընկերը, եւ որ ամենակարեւորն էր Ալիսայի համար, բառիս բուն՝ նախնական իմաստով իսկական պիոներ։
Նախորդ տարուայ ամառային արձակուրդի վերջն էր, երբ Սամանթա Սմիթի մահուան լուրը հասաւ Ալիսային։ Շուրջբոլորը խօսում էին, որ ինքնաթիռի վթարը ԱՄՆ յատուկ ծառայութիւնների ձեռքի գործն է, իսկ Ալիսան չէր ուզում հաւատալ, պարզապէս հրաժարւում էր ընկալել, որ աշխարհում կը գտնուէր Սամանթայի մահը ցանկացող մէկը։ Երեք օրուգիշեր Ալիսան լաց էր եղել, որովհետեւ դժբախտ պատահարի անարդարութիւնն է՛լ աւելի անտանելի էր, քան դաւադրութեան վարկածը, իսկ երբ դպրոց էր գնացել, սեպտեմբեր մէկի պարտադիր՝ «Ինչպէս անցկացրի ամառը» շարադրութիւնը ծայրից ծայր նուիրել էր Սամանթային, ասես ամենամտերիմ ընկերուհուն կամ հարազատ քրոջն էր կորցրել, որ երբէք էլ չէր ունեցել։
(Ընդհանրապէս Սովետի դպրոցականներն իրենց ամերիկացի հասակակիցներից առաւել էին վախենում միջուկային գրոհից, եւ սառը պատերազմի հակառակորդ կողմի ղեկավարութեանը նամակներ գրելը երկուստէք ընդունուած մի բան էր, իսկ Սովետի դէպքում՝ նաեւ յաճախ ուղղորդուող)։
Ալիսան թերթերից կտրել ու պահել էր Սամանթայի նկարները, իսկ «Արտեկ»-ում արուած լուսանկարը, որտեղ Սամանթան արտեկցու համազգեստով ու լոդչկայ գլխարկով էր, ապակեպատ շրջանակի մէջ կախել էր իր սենեակի պատից։ Սամանթայի հռչակաւոր նամակը եւ Անդրոպովի պատասխանն անգիր գիտէր, ընդհանրապէս ամեն-ամեն բան, որ կապուած էր Սամանթայի եւ Սովետմիութիւն կատարած նրա այցելութեան հետ, քննութեան հարցաշարի պէս սերտել էր։
Սամանթայի մահից յետոյ օրեր, ամիսներ շարունակ նրա հետ մտովի զրուցում էր։ Ալիսային ոգեշնչում էր Սամանթայի էդ հրեշտակային, յետմահու, գաղտնի ձայնային ներկայութիւնն իր կեանքում, ինչ-որ առումով իր հարիւրաւոր անպատասխան նամակները միասին էին գրում։ Վաղամեռիկ Սամանթան, նրա ներսում ապրող Սամանթան, երբեմն թելադրում, երբեմն յուշում էր նրան, թէ ինչ պիտի գրի։ Բոլոր նամակները վերջանում էին Ալիսայի սիրած սովետական յայտնի կարգախօսով՝ «Миру мир» («Աշխարհին՝ խաղաղութիւն»): Էն փաստը, որ «աշխարհ» ու «խաղաղութիւն» բառերը համանուն էին, Ալիսայի սրտով էր։
Ու մի օր էլ՝ ուսումնական տարեվերջին, երբ արդէն պատահել էր Չեռնոբիլը, յուշարար Սամանթայի ձայնը կորաւ, չքուեց, կարծես երբէք էլ չէր եղել Ալիսայի հետ անվերջ շաղակրատող ներքին, ուրիշի, այլաշխարհիկ ձայնը։
Ալիսան յստակ չի կարող ասել՝ Չեռնոբիլի աղէտի ահաւոր պատմութիւննե՞րն էին պատճառը, որ խլացրին Սամանթայի ձայնն ու գլխիվայր շրջեցին Սառը պատերազմի վախերի սլաքը դէպի ներս, դէպի հայրենի եզերք, դէպի տնից այնքան մօտ մի տեղ, ուր անվերջ քայլելով կարող էր հասնել, ուր գուցէ հասնէր շնչասպառ լինելու աստիճանի վազելով, ուր հաստատ կը հասնէր մի քանի հանրային տրանսպորտ փոխելով, թէ՞ իր հարիւրաւոր նամակներին ի պատասխան եկած միակ նամակն էր պատճառը, որ սթափեցնող ապտակի պէս վերջակէտի դեր խաղաց։
Ալիսան իր նամակները հասցէագրում էր ոչ միայն Սպիտակ տուն կամ Մոսկուայում ԱՄՆ դեսպանին, ինչպէս ուղղորդուած անում էին իր դպրոցական ընկերները, այլեւ շատուշատ տարբեր մարդկանց, այդ թւում՝ մի անկեղծ նամակ էր ուղարկել Սամանթայի ռուս ընկերուհուն՝ Նատաշա Կաշիրինային, որ բախտ էր ունեցել «Արտեկ»-ում նրա սենեկակիցն ու թարգմանիչը լինել։ Նատաշայի պատասխանը կարճ կապած մի քանի բառ էր, սովորական, քաղաքավարի արձագանք Ալիսայի երկարաշունչ նամակին, որտեղ վերջինս խոստովանում էր, թէ ինչքան վատ պիոներ է, որովհետեւ ամենաչար նախանձով նախանձել է Նատաշային, ամբողջ հոգով տենչացել նրա փոխարէն լինել Սամանթայի մտերմուհին, յետոյ մի սրտաճմլիկ պարբերութեամբ մեղա էր գալիս, իսկ վերջում Նատաշային խնդրում, որ իրեն հաղորդակից դարձնի Սամանթայի հետ «Արտեկ»-ում ու Լենինգրադում անցկացրած օրերի թանկ յուշերին, եւ ի վերջոյ յոյս յայտնում, որ իրենք կը դառնան նամակընկերներ, ով գիտի՝ գուցէ նաեւ անբաժան ընկերուհիներ։ Պատասխանի փաստից զատ, Ալիսային ցնցեց Նատաշայի յետգրութիւնը՝ երկու բառ. «Будем жить!» («Ապրելո՛ւ ենք»)։ Սամանթայի խօսքերն էին, որ ռուսերէն ասել էր «Արտեկ»-ից հեռանալիս, ու դարձել էին թեւաւոր: «Будем жить, но не дружить…» («Կ՚ապրե՛նք, բայց առանց մտերիմներ լինելու»), տխրութեամբ փաստել էր Ալիսան ու վերջ տուել նամակներով աշխարհը «հրթիռակոծելու» իր ապարդիւն ջանքերին։
Հիմա Նատաշան արդէն Նատալիա Ռոսթոն է, ամուսնացել է մի սիրունատես ամերիկացու հետ, դատելով ֆեյսբուքեան նկարներից՝ երջանիկ ընտանեկան կեանքով ապրում է Լոս Անջելեսում, իսկ ի՞նքը… Դատարկ պատուանդանի դիմաց կանգնած ուխտագնացի է նման։
Մոսկովեան մի այցի ժամանակ՝ 2000-ականների սկզբին, ծաղկեփունջն առած գնացել էր Սամանթայի յիշատակին կանգնեցուած արձանի մոտ՝ Բիբիրեւօ թաղամաս, հասել էր Պլեշէեւի ու Լեսկովի փողոցների հատման կէտին ու տեղում քարացած մնացել. արձանը չկար, գողացել էին՝ երեւի մետաղն իբրեւ ձուլածոյ վաճառելու նպատակով, իսկ ինքը, բանից անտեղեակ, ծաղկեփունջը ձեռքին մնացել էր շուարած կանգնած… դատարկ պատուանդանի դիմաց կանգնած մի մենաւոր ուխտագնաց։
* * *
Ինչեւիցէ, «Սեւան» մանկական առողջարանի իր սենեակում տեղաւորուելիս մոռացուել էին թէ՛ Նատաշայի պատասխան նամակը, թէ՛ յուշարար Սամանթայի ձայնի կորստեան ցաւը, որովհետեւ սենեակակից աղջիկների հետ հանդիպման հէնց առաջին պահից Ալիսան գտել էր մէկի տեղ մի քանի հարազատ քոյր, որ երբէք էլ չէր ունեցել։
Սենեակում վեց աղջիկներով էին՝ չորս ուկրաինուհի՝ ինքը, Դարեան, Օլեան, Եուլեան եւ երկու հայուհի՝ Սիրունն ու Յասմիկը։ Բոլորն էլ գրեթէ հասակակիցներ էին՝ 13-14 տարեկան։ Դարեան միակն էր, որ նկատելի կուրծք ունէր (դեռ օրիորդական փարթամութեան չէր հասել, բայց արդէն տեսանելիօրէն ուռուցիկ էր), ու քանի որ մի քիչ լիքոտ էր, քայլելիս յետոյքը թեթեւակի թռվռում էր՝ իր յետեւից միշտ պլշող դպրոցական տղաների փսլինքը հոսեցնելով։ Ոսկեվարս Օլեան սպիտակամաշկ, մի քիչ դալուկ, նիհար ու ոսկրոտ աղջիկ էր, կոնքերն էլ չէին կլորացել, բայց չնաշխարհիկ կապոյտ աչքեր ունէր, որոնց ծովում պատրաստ էր խեղդուել ճամբարական տղաների բացարձակ մեծամասնութիւնը։ Եուլեան բոլորից բարձրահասակն էր, հեշտութեամբ բասկետբոլիստ կը լինէր, թէեւ երազում էր դաշնակահարուհի դառնալու մասին։ Յասմիկին կարելի էր գեղեցկուհի համարել, եթէ արծուաքիթ չլիներ, թէպէտ քիթը նրան իւրօրինակ էր դարձնում, սլացիկ ու համաչափ մարմին ունէր ու շատ երկար մուգ մազեր, որ խնամքով, ժամերով սանրում էր, ապա հիւսում՝ ըստ տրամադրութեան մէկ կամ երկու ծամով, երբեմն էլ հիւսքը հաւաքում էր գլխին ու վերածւում ինչ-որ ծանօթ վէպից փախած քմահաճ, բարձրաշխարհիկ օրիորդի։ Իսկ Սիրունը կարծես արեւ լինէր՝ շողշողուն աչքերով, գանգուր մազերի դէզը գլխին, ժպիտը դէմքից անպակաս։
Ալիսան միանգամից սիրեց բոլոր սենեակակիցներին, անգամ քիթը ցից Յասմիկին, որ էդքան էլ շփուող չէր, աւելի ճիշտ՝ իր մասին մեծ կարծիքի էր։ Թէեւ վարժ խօսում էր ռուսերէն, բայց Սիրունի հետ անընդհատ հայերէն էր բլբլում, ինչը մի փոքր նեղացնում էր ուկրաինուհիներին, իսկ նրբանկատ Սիրունը յատուկ ռուսերէնով էր պատասխանում՝ դժուարանալով, բառեր որոնելով ու հայկական առոգանութեամբ։ Ինչ խօսք, աղջիկների ուրախութեանը չափ ու սահման չկար, երբ բոլորը յայտնուեցին նոյն ջոկատում։
* * *
Հէնց առաջին երեկոյեան՝ ընթրիքից յետոյ, բոլոր նորեկ ուկրաինացիներին հրաւիրեցին ճամբարի գլխաւոր մանկավարժի՝ ընկեր Վիլսոն Թումանեանի հետ հանդիպման, որ փաստացի առողջարանի ղեկավարն էր։ Ընկեր Վիլսոն Թումանեանը վաթսունն անց բարի պապիկ էր, մեղմ, տրամադրող ժպիտով, երեխաների հետ մշտապէս սիրալիր ու ընկերական, իսկ աշխատակազմի նկատամամբ բաւական խստաշունչ ու պահանջկոտ էր, ամեն դէպքում զգացւում էր, թէ ինչպէս են նրայ ներկայութեամբ բոլոր աշխատակիցները ձգւում ու զգաստանում։ Նա միանգամից բոլոր ուկրաինացիների սիրտը շահեց՝ ասելով, որ Ուկրաինան իր երկրորդ հայրենիքն է, ծննդավայրից էլ թանկ մի վայր, որտեղ անց է կացրել ամբողջ Հայրենական պատերազմը։ Ալիսա Մելնիկը հարազատութեան, ընտանեկան ջերմութեան շունչ զգաց նրա անկեղծ խօսքերից, ասես առաջին անգամ հանդիպել էր պապին, որ երբէք էլ չէր ունեցել (երկու պապն էլ պատերազմից տուն չէին դարձել)։
Ճամբարի առաջին օրերը սովորական, կանոնակարգուած առօրեայով էին ընթանում. առաւօտեան՝ տողան, որի միակ հաճելի ու բացառապէս բոլորին հրճուանքի գիրկը գցող պահը եզրափակիչ մարզանք-պարն էր իտալացի Պիպպօ Ֆրանկոյի «Chi chi chi, co co co»-ի տակ։ Ջոկատները ներկայանում էին իրենց ջոկատավարներով, որոնց հետ էլ այնուհետեւ անց էին կացնում օրուայ մեծ մասը։ Ալիսայենց ջոկատավարը ընկեր Արեգն էր՝ երիտասարդ, առոյգ ու մշտապէս էներգիայով լի մի կին, որ ֆիզիկական վարժանքներին մեծ տեղ էր տալիս, էնպէս որ յետկէսօրին հիմնականում թիմային խաղերով էին զբաղուած, իսկ երեկոներն անց էին կացնում առողջարանի բաւական մեծ, անտառածածկ տարածքում թափառելով, իսկ երբ յոգնում էին, իրար գլխի էին հաւաքւում մի բացատում կամ ծառերի տակ ծուարած տաղաւարներից մէկում ու ամենատարբեր թեմաներով անվերջ զրուցում։
Ճաշից առաջ ազատ ժամն էր՝ ուղիղ մէկ ժամ, ճաշից յետոյ՝ մեռեալ ժամը։ Պարզ չի, թէ յետկէսօրի քնի պարտադիր ժամն ինչու էին կոչում մեռեալ, եթէ իրականում տիրում էր մի աննկարագրելի աշխուժութիւն. սենեակներում պարտադրաբար անկողին մտած ճամբարականները շշուկով անվերջ շաղակրատում էին, սուտմեռուկի տալիս, երբ օրուայ վերակացուներն անցնում էին սենեակներով՝ ձեւականօրէն ստուգելու, որ բոլորը տեղում մուշ-մուշ քնած լինեն։ Դէ գիտէք, առաւել համարձակները երբեմն մեռեալ ժամին փախչում էին սենեակներից՝ նախապէս անկողնում բարձերով ու շորերով ստեղծելով քնածի տպաւորութիւն։
Ճաշացա՞նկը։ Նախաճաշին՝ հաց, կարագ, պանիր, թէյ, օրումէջ՝ խաշած ձու, հազուադէպ՝ մէկական նրբերշիկ եւ որեւէ տաք ուտեստ։ Ընթրիքը գրեթէ չէր տարբերւում նախաճաշից՝ էլի հաց, կարագ, պանիր, թէյ, յաճախ՝ սեզոնային մրգեր, ճաշին՝ հիմնականում տարատեսակ բանջարեղենային ռագուներ, որոնց բոլորին էստեղ նոյն անունն էին տալիս՝ աջափսանդալ։ Երբեմն տաւարի կամ հաւի մսի կոտլետի հետ մատուցւում էին կարտոֆիլի խիւս, տարատեսակ փլաւներ (բացի հնդկաձաւարից, որի սրուած դեֆիցիտ կար այդ տարիներին Սովետով մէկ)։ Ջրիկ ճաշերին առանձնապէս ձեռք տուող չկար (բացառութեամբ այն օրերին, երբ առաջինը թթուասէրով բորշ կամ կոլոլակով ապուր էր), սեղաններին էր մնում նաեւ նախաճաշի տաք ուտեստը՝ սպիտակաձաւարի շիլան («մաննի կաշան»), կաթնովն ու խաւիծը, որի մէջ ալիւրը մշտապէս լաւ բոված չէր, ու ալիւրի գնդիկներ էին լինում։ Կիրակնօրեայ ճաշը երբեմն տօնական էր՝ խորոված, տոլմա, քեաբաբ, որ մատուցւում էին փոքր չափաբաժիններով ու հինգ րոպէում սրբւում սեղաններից։ Պլանային տնտեսութեան արգասիք սուր ապրանքային դեֆիցիտի պայմաններում առողջարանի ճաշացանկը բաւական ճոխ կարելի էր համարել։
Ալիսայի յիշողութեան մէջ վառ է մնացել նաեւ բաղնիքի օրերի անյարմարութիւնը՝ շաբաթը մէկ անգամ, միյարկանի առանձին բաղնիքի շէնքում, որտեղ գնում էին սրբիչներն ուսներին գցած, փոխնորդ ներքնաշորերը տոպրակների մէջ։ Ցնցուղները քիչ էին, լոգասենեակը՝ մէկը, առանց միջնորմների, հանդերձարանը՝ նեղլիկ։ Բաղնիքի վերակացուների հայեացքի ներքոյ պէտք է արագ լողանային, որ հերթը երկար չսպասէր։ Շտապով լողանալիս աղջիկներն աչքի պոչով ուսումնասիրում էին իրենցից աւելի շուտ հասունացածների մարմինները, ոմանք մտքում երանի տալիս միւսներին։ Երեւի նման մի բան էլ տեղի էր ունենում տղաների մօտ։ Իսկ սովորական օրերին բաւարարւում էին հիմնական շէնքի ամեն յարկում առկայ լուացարաններով, որտեղ ծորակի ջուրը միշտ սառն էր, բայց ամառային առաւօտները՝ արթնացնող, նոյնիսկ հաճելի։
Ի հարկէ չկար զուգարանի թուղթ, որի փոխարէն օգտագործւում էին խնամքով կտրտուած օրաթերթերը՝ բոլորը, բացառութեամբ «Պրաւդա»-ի, որը, չգիտես ինչու, նման նպատակով երբեւէ այստեղ չէր գործածւում։
* * *
Կարծես առաջին շաբաթուայ վերջին էր, երբ Ալիսայի սենեակակից աղջիկներից մէկը՝ կլորիկ Դարեան, որ նոյնպէս Կիեւից էր, տաղաւարային քննարկումներից մէկի ընթացքում նեղսրտած, բարձրացրեց մի խումբ հայ ճամբարականների ցուցաբերած անբարեացակամ վերաբերմունքի հարցը։ Ոչ բոլորը, բայց կային տեղացի երեխաներ, որ չէին շփւում «ճառագայթուածների» հետ, ընդգծուած հեռաւորութիւն էին պահում նրանցից, իրար մէջ քրթմնջում, ճաշարանում երբէք նրանց հետ չէին նստում, իսկ մի քանիսն անգամ սենեակները գաղտնի փոխել էին, կարծես նրանք բորոտ լինէին։ Դարեայի մեղադրանքներից ընկեր Արեգը յանկարծակիի եկաւ (իսկապէ՞ս չէր նկատել մի բան, որ բաւական ակնառու էր, անգամ իր ջոկատում նման հայ երեխաներ կային): Որոշ հայերի օտարուածութիւնն ուկրաինացի երեխաներից ընկեր Արեգը վերագրել էր լեզուի չիմացութեանը։ Ռուսերենը, դէ գիտէք, սովետամարդու լեզուն էր, ժամանակի lingua franca-ն, որ ուսուցանւում էր բոլոր դպրոցներում, բայց արի ու տես, որ ոչ բոլորն էին տիրապետում տիտղոսաւոր լեզուին` անգամ պարզ շփման մակարդակով։
Հաւանաբար հարցը քննարկուեց հէնց նոյն օրուայ մանկավարժական ժողովին, քանի որ ընթրիքից յետոյ բոլոր հայ ճամբարականներին կանչեցին մեծ դահլիճ, իսկ այլազգիներին ուղարկեցին սենեակները։ Թէ ինչ բացատրական աշխատանքներ էին տարուել երեկոյեան, Ալիսան չիմացաւ, բայց յաջորդ առաւօտուայ տողանին ընկեր Վիլսոն Թումանեանն անձամբ ներկայացաւ եւ հրահանգեց, որ բոլոր ճամբարականները ջերմօրէն ողջունեն դժուար ժամանակներ ապրող եղբայրական Ուկրաինայից եկածներին։ Ջերմ ողջոյնի տեսարանն ինքնին զաւեշտալի ու տարօրինակ ստացուեց, քանի որ նախ առանձին շարքով կանգնեցրին մի քանի տասնեակ ուկրաինացիներին, ապա միւսները՝ հարիւրաւոր երեխաներ, հերթով, շարքով-կարգով նրանց ողջունեցին հետեւեալ կերպ. ողջագուրւում եւ գրկախառնւում էին նոյն սեռի երեխաները, իսկ աւագ դպրոցական տղաները եւ աղջիկները բաւարարւում էին ձեռքսեղմումով։ Որքան էլ արտառոց էր պահանջը, ճամբարականներից ոչ մէկը չընդդիմացաւ։ Ծէսն անցաւ հիմնականում խնդմնդոցների ուղեկցութեամբ, մի քիչ ուրախ, մի քիչ տխուր, մի քիչ լուրջ, ուկրաինացի աղջիկներից մի քանիսն անգամ յուզուեցին եւ տողանից հեռացան թաց աչքերով, անհասկանալի է՝ ցուցադրականութեան վիրաւորանքի՞ց, թէ՞ եղբայրական սիրոյ անսպասելի-բեմադրուած դրսեւորումից։ Ամեն դէպքում միջոցառման աւարտին սառոյցը կոտրուած էր։ Մի քանի օրից ճամբարում մթնոլորտը կտրուկ փոխուեց, եւ «ճառագայթուածների» նկատմամբ անբարեացակամ վերաբերմունքի ամենաթոյլ դրսեւորումներն անգամ արժանանում էին համընդհանուր քննադատութեան։
* * *
Ընկեր Վիլսոն Թումանեանն ինքն էլ չիմացաւ, թէ իր ձեռնարկած «ուղղիչ միջոցառումն» ինչ ջին բաց թողեց շշից, ու շատ շուտով բացախօսութեան աննկատ պայթիւնը սնկի ամպի պէս կախուեց ողջ ճամբարի վրայ։
Երեխաներն օրնիբուն քննարկում էին Չեռնոբիլը, սկզբում աղէտից խօսում էին բացառապէս իրար մէջ, հիմնականում մեռեալ ժամին կամ քնելուց առաջ։ Մի օր խօսք բացուեց պայթիւնից յետոյ լոյս աշխարհ եկող երկգլխանի ու չորսոտանի նորածինների մասին։ Մեծ վէճ ծագեց՝ հնարաւո՞ր է նման բան, թէ՞ ոչ։ Ի վերջոյ որոշեցին դիմել ճամբարի գլխաւոր բժշկուհուն։ Տարիների հեռուից Ալիսան աղօտ է յիշում ակնոցաւոր բժշկուհու ասածները, բայց պարզ յիշում է էդ բոլոր խօսակցութիւնների ընթացքում երկարուկ Եուլեայի դէմքի սարսափած արտայայտութիւնը։ Մօրաքոյրը Չեռնոբիլից էր, յղի, որոշել էին երեխային պահել։ Շատ տարիներ անց, երբ Ալիսան ինտերնետով տեսաւ պարալիմպիական չեմպիոն Օկսաննա Մասթերսի լուսանկարը… Եուլեայի հետ ունեցած ակնառու նմանութիւնից սրտի զարկն արագացաւ։ Էդպէս էլ չհամարձակուեց Եուլեային գրել, մանաւանդ որ տարիներով կապը կորցրել էին եւ այլեւս վաղուց չէին շփւում։
Ինչեւիցէ, համաճամբարական նոր կրքերը երկար չսպասեցրին։ Տագնապի ու խուճապի ալիքը, որ հաշուած օրերի ընթացքում փոթորկեց մեծերի աշխարհից անջատ, իրենց զուգահեռ իրականութեան մէջ ապրող երեխաների կեանքը, հնարաւոր միջուկային արհաւիրքից անպաշտպան լինելու յուզական ալիքն էր։ Տագնապային տրամադրութիւնների առաջին տարածողներն ուկրաինացի «էվակուացուած» երեխաներն էին, թէեւ առիթը դարձել էր հայերից եկող խօսակցութիւնը, թէ Հայաստանում էլ՝ Մեծամօրում, կայ մեծ ատոմակայան, եւ ի՞նչ կը լինի, եթէ Չեռնոբիլի պէս մի բան էլ էստեղ կատարուի։ Ալիսան տարիների հեռուից դժուարանում է յիշել՝ կազմակերպուած բնոյթ ունէ՞ր, թէ՞ ինքնաբուխ էր իրենց կոլեկտիւ վարքը, բայց, փաստը մնում է փաստ, որ բոլորը սկսեցին ճաշարանից թռցնել չփչացող սնունդ՝ հիմնականում հաց, որ չորացնում ու խնամքով պահում էին սենեակների ծակուծուկերում։
Ճաշարանի աշխատակիցները շուտով ֆիքսեցին երեխաների արտառոց պահուածքը։ Դէ, ինչ խօսք, ընկեր Վիլսոն Թումանեանը փոքրիկ «հետաքննութիւն» անցկացրեց, որին յաջորդեց աշխատակազմի հերթական երկար ժողովը։
Յաջորդ առաւօտուայ տողանին ընկեր Վիլսոն Թումանեանը մի երկարաշունչ բացատրական ելոյթ ունեցաւ, որ երեխաները համակ աշխարհի ամենից ամենաապահով վայրերից մէկում են եւ ոչինչ չի սպառնում նրանց, բայց ամեն դէպքում պէտք է միշտ պատրաստ լինել անգամ բացարձակ անսպասելիին, չէ՞։ Պարզուեց, որ տարածքում տագնապի ազդանշան կայ, մեծ քանակութեամբ հին հակագազեր, պատգարակներ եւ այլ պարագաներ, իսկ դպրոցի ներքնայարկում՝ ապաստարանի պէս մի ընդարձակ տարածք, որ կարգի բերեցին առաջիկայ շաբաթօրեակին, ինչպէս նաեւ անցկացրեցին արտակարգ իրավիճակներին նախապատրաստող, կանոնակարգով սահմանուած մի քանի պարապմունքներ։ Հարցը համարուեց փակուած։ Տագնապային տրամադրութիւնները հետզհետէ մարեցին, եւ մի շաբաթ անց խաղաղուած ճամբարը վերստին ապրեց իր երկատուած կեանքով։
* * *
Ալիսայի համար մի յիշարժան միջադէպ էլ գրանցուեց յուլիսի 17-ին, երբ մանկավարժներն աւագ ճամբարական աղջիկների հետ որոշեցին հեռուստացոյցով դիտել ԱՄՆ-Սովետմիութիւն, աւելի ստոյգ՝ Լենինգրադ-Բոստոն հեռուստակամուրջը՝ «Կանայք խօսում են կանանց հետ» պատմական հեռարձակումը, որտեղ հնչեց հետագայում թեւաւոր դարձած «В СССР секса нет» («ՍՍՀՄում սեքս չկայ») արտայայտութիւնը (Իրականում այդ պահին 45-ամեայ, իր վերջին՝ չորրորդ ամուսնու հետ ապրող Լիւդմիլա Իվանովան ամերիկեան գովազդներում սէքսի գերգործածմանը վերաբերող հարցին ի պատասխան ասել էր «… секса у нас нет, и мы категорически против этого!») («Մեզ մօտ սեքս չկայ, եւ մենք կտրականապէս դէմ ենք դրան»)։ Ծիծաղի փռթկոցներին յաջորդել էր մի կաշկանդիչ լռութիւն, ի վերջոյ, առանց հեռուստակամրջի աւարտին սպասելու աղջիկներին ուղարկել էին քնելու։
Լիւդմիլա Իվանովան, որ հիմա իր երջանիկ ծերութիւնն է վայելում Բեռլինում (որովհետեւ հետագայում արտագաղթել ու միացել էր աշխատանքի բերումով Գերմանիա տեղափոխուած այդ նոյն՝ վերջին, չորրորդ ամուսնուն), անգամ գէյ փրայդների է մասնակցում եւ գերմանական պոռնոն համարում կեղծ, իրական մարմնական կրքից զուրկ։ Նա էդպէս էլ երբէք չիմացաւ, որ իր լեգենդար խօսքերի հետեւանքով հէնց էդ գիշեր Ալիսա Մելնիկի մարմնով առաջին անգամ անցաւ առաջին սիրուց ծնուած առաջին դողը։
Մինչեւ ուշ գիշեր Ալիսայենց սենեակում հորմոնալ փոթորիկ էր. առաջինը կլորիկ Դարեան էր, որ սիրտը բացեց ընկերուհիների առաջ, որովհետեւ մէջներից ամենափորձառուն էր, հարեւանի տղայի հետ համբուրուել էր ու թոյլ տուել իրեն գգուել, համբոյրներով պատել ոչ միայն դէմքը, այլեւ պարանոցը, բայց եւ երդւում էր՝ ազնիւ պիոներական, կրծքին ձեռք էր տուել միայն շորերի վրայից։ Երեկոյի խօսակցութիւններն ու յաջորդող երազը վերհիշելիս Ալիսային թւում էր, թէ այդ գիշեր «Սեւան»-ի իրենց աղջկական սենեակից հեշտալի տնքոցներ էին կիսաբաց լուսամուտից դուրս թռել ու թեւեր առած՝ հասել աստղազարդ երկինք։ Երազում Մասիսի հետ էր, որ քայլ առ քայլ, հմտօրէն կրկնօրինակում էր Դարեայի հարեւանի տղայի բոլոր-բոլոր արածները։ Երբ արթնացաւ, մինչեւ ականջների ծայրը սիրահարուած էր զարմանքից մի ունքը վեր թռցնող, ինքնագոհ ծուռ ժպիտով Մասիսին, որի մկանները քրտնած շապիկի տակ խաղում էին ինչպէս Սեւանայ լճից հէնց նոր դուրս բերած ձկներ։
Երեւան
(Շարունակելի)
*) Սամանթա Սմիթ (1972-1985) ամերիկացի դպրոցական աղջնակ մըն էր, որ միջազգային հռչակի տիրացաւ երբ 10 տարեկան հասակին խաղասիրական բնոյթի նամակ մը գրեց օրուան խորհրդային ղեկավար Եուրի Անդրոբովին, որուն հիմամբ ան անձնական հրաւէր մը ստացաւ այցելելու Խորհրդային Միութիւն։ Երկու գեր-պետութիւններու մամուլը լայնօրէն անդրադարձաւ իր այցին, արժանանալով Բարի կամքի դեսպանուհի յորջորջումին։ Մահացաւ 13 տարեկանին, օդանաւի արկածով։