«Բանկ օտոման» գործողութիւնը ժամանակին ցնցել էր ամբողջ Եւրոպան

ԱՐՄԻՆԷ ՍԱՐԳՍԵԱՆ

Գրող, գրականագէտ, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչեանի հետ զրուցել ենք նրա՝ «Բանկ օտոման» վէպի լատվիերէն թարգմանութեան առիթով։ Սա «Բանկ օտոմանի» վեցերորդ թարգմանութիւնն է` ռումիներէնից, ֆրանսերէնից, ռուսերէնից, պարսկերէնից եւ սերբերէնից յետոյ:

— «Բանկ Օտոման»-ը անցած երեսուն տարուայ ընթացքում լոյս տեսած հայ գրողների գործերից ամենաթարգմանուածն է` ռումիներէն, ֆրանսերէն, ռուսերէն, պարսկերէն, սերբերէն եւ, վերջապէս, լատվիերէն: Ինչո՞վ էք բացատրում այս յաջողութիւնը: Ի՞նչն է գրաւել օտար հրատարակիչներին` գեղարուեստական արժանիքնե՞րը, ժա՞նրը, բովանդակութի՞ւնը, պատմական փաստե՞րը…
— Նախ պատմական փաստերը։ «Բանկ օտոման» գործողութիւնը ժամանակին ցնցել էր ամբողջ Եւրոպան: Մամուլը ներկայացնում էր որպէս ահաբեկչութիւն, մինչդեռ դա ընդամենը պատասխան արարք էր` ընդդեմ կազմակերպուած եւ հետեւողականօրէն իրագործուող պետական ահաբեկչութեան: Սակայն անարխիստների գործողութիւններից ահուսարսափած Եւրոպան ու Ռուսաստանը փաստօրէն չտեսնելու տուին արիւնոտ սուլթանի 300 000 զոհերը եւ զոհերի հարազատների անխուսափելի հակազդեցութիւնը դիտարկեցին լոկ ահաբեկչական համատեքստի մէջ: Բնական է, որ այս պատմութիւնը պիտի ներկայացուէր որպէս արկածային վէպ, իսկ գեղարուեստական արժանիքնե՞րը… Ի՞նչ ասեմ, տաշած քարը լաւ գիտէք, որ գետնին չի մնում:

— Եթէ գաղտնիք չէ, կարո՞ղ էք ասել, թէ Ձեր վէպն ինչպէ՞ս է յայտնւում օտար հրատարակիչների ուշադրութեան կենտրոնում, Ձեր նախաձեռնութեա՞մբ, թարգմանիչների՞, թէ՞ այլ կերպ:
— Ե՛ւ մէկը, ե՛ւ միւսը, ե՛ւ «այլ կերպը»: Անշուշտ, վճռական նշանակութիւն ունեցաւ այն փաստը, որ վէպն արդէն թարգմանուել էր ռուսերէն եւ ֆրանսերէն: Այս վերջին թարգմանութեան պարագայում նախաձեռնողը հիմնականում լատվիական կողմն էր։ Առիթից օգտուելով ցանկանում եմ իմ երախտագիտութիւնը յայտնել Լատվիայի հայկական գաղութի լուսաւոր դէմքերից մէկին` տաղանդաւոր արձակագիր, լրագրող Ալեքսանդր Գերոնեանին, որն արդէն քանի տարի հայկական մշակոյթի եռանդուն պրոպագանդիստն [քարոզիչը, ջատագովն] է դարձել Ռիգայում: Տպագրում է «Արարատ» թերթը եւ «Կռունկ» հանդէսը, պարբերաբար կազմակերպում մշակութային զանազան միջոցառումներ, հետեւում, որ հայ գրողների ստեղծագործութիւնները թարգմանուեն եւ տպագրուեն լատվիական հրատարակութիւններում: «Բանկ օտոմանը» լոյս է ընծայել լատվիական «Զելտա Ռուդէնս պրինտինգ» հրատարակչութիւնը, թարգմանիչն է Անդրիս Ձենիսը:
— Բնագրի՞ց, թէ՞ երկրորդ լեզուից է թարգմանել:
— Երկրորդ լեզուից` ռուսերէնից: Սակայն ես դժգոհելու պատճառ չունեմ, քանի որ դա հեղինակազօրուած թարգմանութիւն է, Անահիտ Թոփչեանն է թարգմանել, եւ Մոսկվայում լոյս տեսաւ առանց մի բառ խմբագրելու, ուստի կարող եմ ասել, որ լիովին համարժէք է բնագրին:

— Աշխարհաքաղաքական իրողութիւնները, որոնց ականատեսն ենք այսօր, մեզ յուզող բազում հարցերի պատասխանը կարո՞ղ ենք փնտրել այս վէպում:
— Ոչ միայն կարող ենք փնտրել, այլեւ գտնել, ըստ որում զարմանալի նմանութիւններ այսօրուայ եւ այն տարիների հետ։ Եւ շարունակ վարագոյրից անդին, կուլիսների խորքում տեսնում ենք անգլօ- սաքսոններին: Այն տարբերութեամբ, որ այսօր բրիտանացիներին միացել են ամերիկացիները, եւ մէջտեղը դարձեալ էներգակիրների [ջերմուժակիրների] խնդիրն է: XIX դարի վերջին Բաղդադն էր, այսօր աւելացաւ Իրանը: Եւ ինչպէս այն ժամանակ, հիմա էլ ուզում են մեզ` ուրիշի համար կրակից շագանակ հանողի դերը յատկացնել:

— Ձեր վէպն ընթերցելիս, իւրաքանչիւր տեսարանն ասես տեսնէի էկրանին [պաստառին]: Լարուած, գրաւիչ պատում եւ, ինչպէս ասացիք, խիստ արդիական նիւթ: Մեր կինեմատոգրաֆիստներն [շարժանկարիչները] արդեօք չե՞ն հետաքրքուել այս վէպով, Ձեզ հետ չեն բանակցե՞լ։
— Ի՞նչ էք կարծում, այս սերիալային [շարային] հակագեղագիտական եւ հակազգային ծրագրերում նման վէպը կարո՞ղ էր տեղ գտնել:
— Եւ մի վերջին հարց. երկա՞ր պիտի սպասենք եօթերորդ թարգմանութեան յայտնուելուն:
— Հաւանաբար ոչ։

(«Իրատես», 19 յունուար 2021)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *