ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉԵԱՆ
«Ու Ձե՛զ եւրոպեան դիք որ շնագին
Սակարկեցիք մեր արեան լռութեան գին…»
Ռուբէն ՍԵՒԱԿ «Կարմիր գիրքը», 1910թ.։
«Եւրոպայում տիրող անհամաձայնութեան հետեւանքով Ասիան ընկաւ թուրքերի ձեռքը, նրանց առջեւ բացուեցին Թրակիոյ դարպասները։ Այնուհետեւ, եւրոպական թագաւորների միջեւ, Հիդրայի գլուխների պէս ծագած վէճերն ու կռիւները քաջալերեցին թուրքերին աւելի տարածուվել Եւրոպայում… Հանդարտ ծովի վրայ նաւի ղեկն ում ասես կարելի է վստահել։ Սակայն մեր սխալների հետեւանքով, թուրքերն իրենց յաջողութիւններից դարձան աւելի համարձակ։ Երբեմն արուեստը հասցնում է խմբագրել բնութեան թերութիւնները, սակայն չի վերացնում արմատը, եւ երբ արուեստը քաշւում է մի կողմ, բնութիւնն աստիճանաբար վերադառնում է իր դիրքերին։ Իսկ երբ արուեստը ջնջուած է կամ թոյլ, բնութիւնը տիրականօրէն պահանջում է այն, ինչ իրեն է պատկանում։ Եթէ քամին մի քիչ դադարի փչել եւ եթէ դուք ձեր քէնն ու կատաղութիւնն ուղղէք թուրքի դէմ, անմիջապէս կ՚իմանաք, թէ ինչ է ասիացիների ուժը։ Դժբախտութիւնը կը բացայայտի այն, ինչն անընդհատ յաջողութիւնների շարքը թաքցրել էր, եւ ամբողջ յստակութեամբ ձեզ ցոյց կը տայ, որ թուրքերը զօրաւոր են ոչ թէ իրենց ուժով եւ քաջութեամբ, այլ ձեր սխալներով։ (Դոստոեւսկին 1877թ. գրեթէ նոյնն էր ասում թուրքի մասին. «Молодец против овец« сам овца против молодца», «Ոչխարի դէմ հերոս, հերոսի դէմ ինքն է դառնում ոչխար», — Ալ. Թոփչեան)։
Քրիստոնեաները շարունակում են տիրապետել Եւրոպայի ամենահաստատուն մասին. Գերմանիան։ Միայն թէ վերջ տան իրար դէմ կռուելուն, այլապէս կորած են։ Պէտք է որ ամրացնեն Գերմանիան, այո, պէտք է ամրացնեն բերդերով ու պարիսպներով, բայց նախեւառաջ պէտք է համատեղ աշխատեն, որպէսզի թուրքը Գերմանիան չզաւթի, թէ ոչ այլեւս յոյս չի լինի, թէ ամբողջ Արեւմուտքը չի ընկնի թուրքերի ձեռքը, եւ նրանք, ովքեր կը հրաժարուեն այդ լծի տակ ապրել, մեծ տորմիղներով կը գաղթեն Նոր Աշխարհ։ Բայց այնտեղ էլ նրանք ապաստան չեն գտնի ընչաքաղցութեան բոռերի գրոհներից։ Ի՞նչ ամրութիւն կարող են դնել թուրքերի դէմ, եթէ նրանք նուաճեն Գերմանիան։ Այդ ժամանակ միւս բոլոր արգելքները թղթէ ամրոցներ կը դառնան։ Ճիշտ է, Եւրոպան շատ ուժեղ է, բայց ի՞նչ օգուտ, եթէ թուրքը տիրանայ Եւրոպայի լաւագոյն մասին»։ (Դենի դը Ռուժմոն, «Եւրոպայի 28 դարերը», էջ 82-83, Երեւան, «Ապոլլոն» հրատ., 1996թ., թարգմ. ֆրանսերենից Ալեքսանդր Թոփչեանի)։
Այս մարգարէութիւնը գրուել է 1522թ.՝ իսպանացի հումանիստ, Էրազմ Ռոտերդամցու աշակերտ, կաթոլիցիզմ ընդունած իսպանական հրեայ Խուան Լուիս Վիւեսի (Juan Luis Vives, 1492-1540) «De europae Dissidis et Bello Turccico Dialogus» («Վասն Եւրոպայի պառակտման եւ թուրքական պատերազմի») գրքում։
Այդ տարիներին թուրքերն արդէն մտել էին Եւրոպա, բայց շատ հեռու էին Գերմանիայից, այնուհանդերձ մեծ հումանիստը հինգ հարիւրամեակ առաջ անցնելով գուշակել է Եւրոպայի ներկայ կացութիւնը։ Գերմանացիներն այսօր «ի՞նչ ամրութիւն կարող են դնել թուրքերի դէմ», որոնք այդ երկրում մոտ չորս-հինգ միլիոն են (չհաշուած թուրքերից ու գերմանացի կանանցից սերած անթիւ ու անհամար թուրքածինները)։ Պարտադիր չէ, որ այսօր մի նոր Խուան Լուիս Վիւես հանդէս գայ եւ մեզ ասի Եւրոպայի սիրտը հանդիսացող այդ երկրի մօտակայ ապագայի մասին։ Այսինքն, ինչո՞ւ միայն Գերմանիան… Թուրքերը լցուել են հարեւան բոլոր երկրները` Ֆրանսիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Դանիա, Աւստրիա, Շուեյցարիա… Մօտաւոր հաշուարկներով այսօր նրանց թիւը Եւրոպայում եօթ-ութ միլիոն է…
Կոնստանդնուպոլսի անկումից անմիջապէս յետոյ Եւրոպան, ի դէմս իր արթնամիտ մի շարք մտաւորականների եւ պետական գործիչների, միանգամից հասկացաւ թուրքի ինչ լինելը։ Էրազմ Ռոտերդամցին կոչ էր անում քրիստոնեայ վեհապետներին վերջ տալ երկպառակութիւններին, միաւորուել եւ թուրքին քշել Կոստանդնուպոլսից։ Իսկ Երկաթէ Ձեռք կոչուած հուգենոտ ասպետ Լա Նուն (François de la Noue, 1531-1591) գրում էր. «Եթէ քրիստոնեայ թագաւորները միաբանուեն, չորս տարում կարող են թուրքերին քշել Եւրոպայից»։ Այդ նպատակին հասնելու համար նա առաջարկում էր կայսեր նախագահութեամբ, Աւգսբուրգում, քրիստոնեայ թագաւորների համադաշնութիւն հաւաքել։ Մարտին Լիւթերն էլ գրում էր. «Դուք պէտք է վստահ լինէք, որ կռւում էք դեւերի մի հսկայ զանգուածի դէմ, որովհետեւ թուրքաց բանակը հէնց այդ դեւերի բանակն է… Թուրքերն Աստծոյ պատուհասն են ու սատանայի գործիքը»։
Թուրքի կերպարն արտացոլուեց նաեւ գեղարուեստական գրականութեան մէջ։ Շեքսպիրի մի շարք պերսոնաժների բերանում թուրքը մարդկային ամենավարնոց գծերի մարմնաւորումն էր։
Թուրքերը Շեքսպիրի օրօք սպառնալիք էին համարւում Եւրոպայի համար, ուստի եւ հանդէս են գալիս իբրեւ խաբեբաներ, անգամ իրար դէմ չարիք գործող բարբարոսներ։ Նրանք ձեւացնում են, թէ իրենց նաւատորմը գնում է Հռոդոս, բայց իրականում յարձակուելու են Կիպրոսի վրայ։ «Եթէ ճիշտ չեմ թող թուրք լինեմ», — ասում է Յագոն, իսկ գիշերային ծեծկռտուքի ժամանակ անկողնուց ելած Մաւրից լսում ենք.
Ի՞նչ է, էհէ՜յ, այս կռիւն ինչի՞ց ծագեց.
Թո՞ւրք ենք դարձել, որ ինքներս մեզ ենք անում
Այն, ինչն Երկինքն օսմաններին թոյլ չտուեց։
Քրիստոնեայի ամօթ չունէ՞ք, որ բարբարոս
Վէճը թողնէք։
Ողբերգութեան վերջում Օթելլոն պատմում է, թէ ինչպէս է ժամանակին Հալէպում սպանել մի «թլպատուած շան»` փաթթոցաւոր ու «նենգ» թուրքի.
Այսպէս գրէք,
Նաեւ պատմէ՛ք, որ մի անգամ, երբ Հալէպում
Փաթթոցաւոր ու նենգ մի թուրք ծեծում էր մի
Վենետիկցու եւ անպատւում պետութիւնը,
Ես բռնեցի այդ թլպատուած շան կոկորդից
Ու զարկեցի նրան այսպէ՛ս։
Արդ, եթէ Եագոն այն սպիտակամորթն է, որը «սեւ» հոգի ունի, ապա նաեւ այն քրիստոնեան է, որն իրականում «թուրք» է, իսկ սեւամորթ Օթելլոն, չնայած իր հեթանոս ծագմանը, օժտուած է քրիստոնեայի առաքինութեամբ» (Ուիլեամ Շեքսպիր, «Օթելլօ», անգլերէն բնագրից թարգմանութիւնը, առաջաբանը եւ ծանօթագրութիւնները` Արամ Թոփչեանի, Երեւան, «Զանգակ», 2018թ. էջ 29)։
Պետական գործիչներից ոմանք փորձեցին որոշակի քայլերի դիմել։ 1463թ. Բոհեմիայի արքա Գէորգ Պոդիէբրադը Փարիզում հանդիպելով իր ֆրանսիացի գործընկեր Լուի Տասնմէկերորդին, առաջարկեց կնքել հետեւեալ քաղաքական փաստաթուղթը. «Միասնութեան եւ դաշնակցութեան պայմանագիր արքայ Լուի Տասնմէկերորդի, Բոհեմիայի Գէորգ արքայի եւ Վենետիկի սենիորիայի միջեւ` թուրքին դիմադրելու համար»։
Այդ պայմանագիրը, որին պիտի միանային նաեւ Լեհաստանն ու Հունգարիան, Բուրգունդիայի եւ Բաւարիայի դքսութիւնները, աւա՜ղ, այդպէս էլ չիրականացաւ։ Հռոմի պապն իրեն այդ ծրագրից դուրս էր տեսնում, առանց նրա օրհնութեան նման ձեռնարկ անհնար կը լինէր իրագործել։ Դա այն պապն էր՝ Պիոս Երկրորդը, որը Վատիկանից թուրքական սուլթանին նամակ էր գրում, որտեղ այսպիսի տողեր կային. «Չնայած ծէս են մատուցում Քրիստոսին, նրանք բոլորը` հայերը, յակոբիկեանները, մարոնականները եւ այլոք թաթախուած են սխալների մէջ» (Դենի դը Ռուժմոն, նոյնը, էջ 69)։
Փաստօրէն մեզ քրիստոնեայ չհամարող այս պապը ցնորական մտադրութիւն ունէր քրիստոնեայ դարձնել սուլթանին։ Սա ասում է լոկ այն մասին, որ Քահանայապետը չէր հասկացել, թէ ինչ պտուղ է թուրքը։ Սակայն եթէ մի հրաշքով յաջողէր, սուլթանն, անշուշտ, դառնալու էր կաթոլիկ քրիստոնեայ եւ Վատիկանից արտօնութիւն ստանար հալածելու, եթէ ոչ կոտորելու` «սխալների մէջ թաթախուած» հայերին, յոյներին, ասորիներին, մարոնականներին, յակոբիկեաններին…։ Եւ հաւանաբար համոզուելով, որ թուրքից քրիստոնեայ դուրս չի գայ, այդ պապը գաղափար յղացաւ դաշնակից երկրների տորմիղ հաւաքել եւ անձամբ առաջնորդել դէպի Բոսֆոր` ազատագրելու Կոնստանդնուպոլիսը։ Աւանդութիւնն ասում է, որ 1464թ. օգոստոսի 14-ին, պատուհանի մօտ կանգնած անհամբեր սպասում էր նաւատորմի ժամանելուն։ Սակայն երկար սպասելուց յետոյ երբ յայտնեցին, որ ոչ մէկ նաւ չի մտել նաւահանգիստ, նոյն պահին պապը վշտից մահացաւ։ Իսկ թուրքն, ինչպէս յայտնի է, քրիստոնեայ չդարձաւ, փոխարէնը հրով ու սրով իսլամ պարտադրեց բուլղարների, սերբերի մի մասին եւ ալբանացիներին` գրեթէ ամբողջութեամբ։
Այսպիսով, թուրքին դիմադրելու նման բոլոր կոչերն ու ծրագրերը պիտի մնային ձայն բարբառոյ յանապատի, եւ եւրոպական թագակիրներից միայն Լեհաստանի արքայ Եան Սոբիեսկին էր, որ եղաւ ամենագործնականը եւ 1683թ. սեպտեմբերի 12-ին, Վիեննայի մօտ, ութսուն հազարանոց բանակով գլխովին ջախջախելով քաղաքը պաշարած թուրքական հարիւր երեսուն հազարանոց զօրքը, Եւրոպան փաստօրէն փրկեց կործանումից։ Այդ առթիւ յո՜յժ երախտագէտ աւստրիացիք ընդամենը մի յուշատախտակ են փակցրել թուրքական անխուսափելի նախճիրից փրկուած քաղաքի պատերից մէկին… Հռոմի պապն աւելի լիաբուռն եղաւ` գոնէ բառերով, լեհ արքային համարելով «Արեւմտեան քաղաքակրթութեան փրկիչ»։
Նման փառահեղ յաղթանակից յետոյ Եւրոպային մնում էր միայն անյապաղ միաւորուել եւ թուրքերին վերջնականապէս քշել Կոստանդնուպոլսից, սակայն դա տեղի չունեցաւ, իսկ թուրքերն էլ բաւարարուեցին մինչ այդ գրաւուած եւրոպական տարածքներով` Յունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Ալբանիա, Սերբիա… Ի դէպ, սերբական Նիշ քաղաքի մերձակայքում է գտնւում թուրքական վայրագութեան ամենապերճախօս վկայութիւնը` Չելէ-Կուլա կոչուած ահասարսուռ աշտարակը։
1809թ. սերբերն ապստամբեցին թուրքերի դէմ, սակայն ուժերն անհաւասար էին, ուստի պարտուեցին։ Այնուհանդերձ, թուրքերը մօտ տասը հազար զոհ ունեցան։ Այդ ծանր կորուստներից կատաղած` թուրքերի զօրահրամանատար Խուրշիդ փաշա կոչուածը որոշեց այնպիսի դաս տալ պարտուածներին, որ այդուհետ այլեւս չհամարձակուեն ընդվզել։ Նախ հրամայեց մաշկել զոհուած սերբերի մարմինները, ծղօտ լցրեց եւ ուղարկեց սուլթանին։ Այնուհետեւ գլխատուեցին մորթազերծ մարմինները, եւ սերբ մարտիկների գանգերից հինգ մետրանոց աշտարակ կառուցուեց, որի կատարին դրուեց ապստամբների հրամանատար վոյվոդա Ստեֆան Սինջելիչի գանգը…
Ֆրանսիացի մեծ բանաստեղծ Լամարտինը 1833թ. այդ աշտարակը տեսնելով, այսպէս գրեց. «Թող սերբերը լաւ պահեն այս յուշարձանը։ Նրանց երեխաները նայելով դրան, կը հասկանան, թէ ինչ արժէ ազատութիւնը եւ թէ յանուն դրա ինչ գին վճարեցին նրանց հայրերը»։
Թող աշխարհի բոլոր քաջահմուտ պատմաբաններն ինձ ապացուցեն, թէ մարդկութեան պատմութեան մէջ նման քստմնելի դաժանութեան երկրորդ օրինակը գոյութիւն ունի։
Իսկապէս որ «թուրքերն անցան այդտեղով»։
1829թ. այսպէս գրեց Վիկտոր Հիւգոն իր նշանաւոր բանաստեղծութեան մէջ` ցնցուած յունական Քիոս կղզում թուրքերի կազմակերպած նախճիրից։ Նոյն թուականին, նոյն նախճիրը պատկերեց Էօժէն Դելակրուան` ստեղծելով իր լաւագոյն կտաւներից մէկը, վերնագրելով «Le massacre de Chios», «Քիոսի կոտորածը»։
Աւելի ուշ, երբ թուրքերը հերթական անգամ արեան բաղնիք էին դարձրել Սերբիան, 1876թ. օգոստոսի 29-ին Վ. Հիւգոն լուսաւոր հանճարին բնորոշ զայրալից մի ելոյթ պիտի ունենար Ֆրանսիայի սենատում, անարգանքի սիւնին գամելով եւրոպական կառավարութիւնները` իրենց անտարբեր եւ կեղծաւոր կեցուածքի համար. «Անհրաժեշտութիւն է ծագել եւրոպական կառավարութիւնների ուշադրութիւնը հրաւիրել մի փաստի վրայ, այնքա՜ն փոքրիկ, որ կառավարութիւններն ասես չեն նկատել։ Ահա այդ փաստը. սպանում են մի ամբողջ ժողովուրդ։ Որտե՞ղ։ Եւրոպայում։ Վկաներ կա՞ն։ Ընդամենը մէկ վկայ` ամբողջ աշխարհը։ Իսկ կառավարութիւնները տեսնո՞ւմ են այդ փաստը։ Ոչ։
Մէկ մարդ սպանելը ոճիր է։ Մէկ ժողովուրդ սպանելը մի “հարց”։
…Ե՞րբ պիտի վերջ դրուի այս հերոսական փոքր ազգի նահատակութեանը»։
(Իսկապէս որ, մէկ Նաւալնիի «սպանութեան» մութ պատմութիւնը ոճիր է եւ հերթական պատժամիջոցների հրաշալի պատրուակ, իսկ խաղաղ բնակիչների ամիս ու կէս տեւող ռմբակոծսւթիւնները «հարց», որը դեռ պիտի քննա՜րկուի)։
Ֆրանսիական սենատի անդամ Վիկտոր Հիւգոն ընդամենը մէկ լուծում էր տեսնում. «Այն, ինչ տեղի է ունենում Սերբիայում, ապացուցում է Եւրոպայի միացեալ պետութիւնների անհրաժեշտութիւնը»։
Այս ելույթից 83 տարի անց հիմնուեց Եւրոմիութիւնը, որն այսօր ընդգրկում է 27 երկիր, եւ մեր օրինակով տեսնում ենք, թէ այդ հզօր միութիւնը որքանով է ունակ կամ, աւելի շուտ, ցանկանում կանգնեցնել արիւնահեղութիւնները եւ վճռական քայլերի դիմել ընդդէմ ոճրագործ պետութեան… Սակայն շարունակ, Վ. Հիւգոյի բառերովն իսկ ասած, «այդ կառավարութիւնները տարտամ պատասխաններ են թոթովում» եւ իրենց սովորոյթի համաձայն միեւնոյն հարթութեան վրայ դնում արիւնարբու գազանին եւ նրա զոհին։
Քառորդ դար անց, 1900թ. ֆրանսիացի մէկ այլ ազնուական բանաստեղծ` Շառլ Պեգին համիդեան ջարդերին պիտի անդրադառնար, ցուցաբերելով առաւել իրատես մի հայեացք Արեւմուտքի հանդէպ. «Համոզուած եմ, որ ներկայիս մարդկութիւնը լրջօրէն հիւանդ է։ Հայոց ջարդերը, որոնց ես շարունակ պիտի անդրադառնամ եւ որոնք շարունակւում են, միայն ամենամեծ ջարդերը չեն այս դարի… եւ որպէսզի կարողանանք համայնական մահուան նման օրինակներ բերել, մարդկութեան յիշողութեան միջով պիտի գնանք մինչեւ միջնադարի ասիական նախճիրները։ Եւ Եւրոպան տեղից չշարժուեց։ Ֆրանսիան տեղից չշարժուեց։ Միջազգային ֆինանսները մեզ կաշկանդում են… Եւրոպան հիւանդ է։ Ֆրանսիան հիւանդ է։ Ես հիւանդ եմ։ Աշխարհը հիւանդ է»։
Քաղաքակիրթ յորջորջուած մարդկութիւնն այսօր շարունակում է մնալ հիւանդ։ Անբուժելի հիւանդ։ Վարակակի՛ր հիւանդ։
Գէորգ Պոդիէբրադի, Խուան Լուիս Վիւեսի, Մարտին Լութերի, Եան Սոբիեսկու, Էօժէն Դելակրուայի, Վիկտոր Հիւգոյի, Ֆեոդոր Դոստոեւսկու, Շառլ Պեգիի, Ռոմէն Ռոլանի, Անատոլ Ֆրանսի, Էմիլ Վեռհարնի, Եան Ռայնիսի ժամանակ հեռուստացոյց, համացանց եւ ընդհանրապէս արդի տեղեկատուական միջոցները չկային, որոնցով աշխարհի ուզած ծայրից հնարաւոր կը լինէր մի քանի րոպէների ընթացքում քիչ թէ շատ ամբողջական պատկերացում կազմել մարդկութեան դէմ կիրառուող յանցագործութիւնների մասին, սակայն նրանցում արթուն էր խիղճը եւ անկաշառ մտաւորականի յանձնառութիւնը, որն ստիպում էր լուրն առնելուն պէս տագնապ հնչեցնել, բողոքի ձայնը բարձրացնել ընդդէմ ոճրագործի եւ գոնէ բարոյապէս սատար կանգնել զոհին, մինչդեռ այսօր, այս ու այն կողմից հնչող հատուկենտ քաջալերական խոսքերը չհաշուած, քաղաքակիրթ աշխարհի մտաւորականութիւնն, իր ամբողջութեան մէջ, մնում է անտարբեր այն ամենի հանդէպ, ինչ տեղի է ունենում Արցախում։ Անգամ այս օրերին, երբ թուրքիսլամական ահաբեկչութիւնը միաժամանակ գլուխ է բարձրացրել եւրոպական մի շարք երկրներում եւ սպառնում է դառնալ մի նոր covid…
Փարիզ, նոյեմբեր 2020
Յ.Գ. — 2006 թ. յունուարին բախտ ունեցայ հիւրընկալուելու բելգիացի մեծ բանաստեղծ Մօրիս Կարէմի տանը՝ Բրիւսելի արուարձան Անդերլեխտում։ Բնականաբար, առիթն անմիջապէս օգտագործեցի մեկնելու Բրիւգէ եւ յարգանքի տուրք մատուցելու Խուան Լուիս Վիւեսին։ Հիւսիսային Վենետիկ համարուող այդ հրաշք քաղաքում, Սուրբ Դոնատիանուսի տաճարի առջեւ, պատուանդանի վրայ դրուած է Մեծ հումանիստի կիսանդրին։ Այդ այցելութեան վկայութիւնը՝ մարգարէի լուսանկարը, չնայած ամպամած օրուան, կարծում ենք յաջող ստացուեց եւ, անշուշտ, շնորհիւ նրա դէմքից ճառագող լոյսի, որն, աւա՜ղ, առ այսօր անզօր է բուժել արեւմտեան աշխարհի քրոնիկ հաւկուրութիւնը թուրքերի հարցում։