ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՅՎԱԶԵԱՆ
Հանրագիտարանի գլխաւոր խմբագիր-տնօրէն
«Հայկական հանրագիտարան» հրատարակչութիւնը լոյս է ընծայել «Յովհաննէս Թումանեան. հանրագիտարանը», որը մեզանում առաջին գրական հանրագիտարանն է, նաեւ՝ յոբելեանական. նուիրուած է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդեան 150-ամեակին:
Հանրագիտարանը բանաստեղծի գրական ժառանգութիւնը, թումանեանագիտութեան հիմնական նուաճումները, Թումանեանի հայ եւ համաշխարհային գրականութեան հետ առնչութիւնները, հայ մշակոյթում նրա ստեղծագործութիւնների տարատեսակ դրսեւորումները, նրա բազմաբեղուն ազգային-հասարակական գործունէութեան պատմութիւնն ամփոփող համապարփակ հրատարակութիւն է:
Գրքում ծաւալուն յօդուածներով ներկայացուած են գրողի գրական ժառանգութեան բոլոր ժանրերը, որոնց հետեւում են տուեալ ժանրի բոլոր ստեղծագործութիւնների մասին համառօտ յօդուածներ: Ծաւալուն են նաեւ բանաստեղծի ստեղծագործութեան առանձնայատկութիւնների, ինչպէս նաեւ- արուեստում (երաժշտութիւն, կերպարուեստ, քանդակագործութիւն, թատրոն, կինօ եւ այլն) նրա ստեղծագործութիւնների արտացոլման մասին յօդուածները:
Հանրագիտարանը կազմուած է հետեւեալ խոշոր թեմատիկ բաժիններից (խորագրերից).
1. Թումանեանի նախնիները, հայրական օջախը, ընտանիքը,
2. Մերձաւոր շրջապատը,
3. Ուսումնառութիւնը,
4. Աշխատանքային գործունէութիւնը,
5. Գրական ժառանգութիւնը՝ բանաստեղծութիւններ, բալլադներ, լեգենդներ, պոեմներ, քառեակներ, պատմուածքներ, հէքեաթներ,
6. Թումանեանի ստեղծագործութիւնների գրական առանձնայատկութիւնները,
7. Թումանեանի ազգային-հասարակական գործունէութիւնը,
8. Թումանեանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին,
9. Թումանեանը՝ ժողովուրդների բարեկամութեան ջատագով,
10. Թումանեանը խորհրդային իշխանութեան տարիներին,
11. Թումանեանը եւ հայ մշակոյթը,
12. Գրական-կրթամշակութային հաստատութիւններ, ընկերութիւններ եւ այլ կազմակերպութիւններ,
13. Պարբերականներ,
14. Անձնանուններ,
15. Տեղանուններ:
Փաստագրական հարուստ նիւթի հիման վրայ բաւական մանրամասն ներկայացուած է Թումանեանի ազգային-հասարակական գործունէութիւնը, որը բանաստեղծի կեանքի շատ կարեւոր հատուած է եւ կարմիր թելի պէս անցնում է նրա կենսագրութեան մէջ: Այն սկսւում է 1905-06-ի հայ-թաթարական ընդհարումներին նրա մասնակցութիւնից, աւարտւում ՀՕԿ-ի նախագահի պաշտօնում Կ. Պոլիս այցելութեամբ՝ 1921-ի հոկտեմբերին:
* * *
1905-ի նոյեմբերի 22-ին տարածաշրջանում ընդհանուր ռազմական դրութիւն յայտարարուելուց յետոյ նա երեխաներին վերցրել եւ տեղափոխուել է Լոռի՝ համոզուած լինելով, որ հայ-թուրք խառը բնակչութեամբ այդ գաւառում խառնակութիւններ են լինելու, եւ ինքն այնտեղ շատ պէտք կը գայ: Սակայն նրա գործն այնտեղ եղաւ ոչ թէ հայերին զինելն ու թուրքերի վրայ յարձակման նախապատրաստելը, այլ սպիտակ դրօշը ձեռքին՝ ձիաւորների փոքր խմբով անցաւ բնակավայրից բնակավայր, թուրքերի քոչավայրից քոչավայր եւ նրանց բացատրեց, որ դա իրենց կռիւը չէ, այլ իշխանութիւնների կազմակերպած սադրանք, եւ որի դէմն առնելու նպատակով ինքը փորձեց զսպել բազմաթիւ տաքգլուխների եւ հազարաւոր կեանքեր փրկեց:
Տարօրինակ պիտի լինէր, եթէ Թումանեանի այդ խաղաղարար գործունէութիւնը ծուռ հայելու մէջ չներկայացուէր, եւ նա չյայտնուէր պահնորդական (ժանդարմերիայի) ծառայութեան տեսադաշտում: Հայ-թաթարական ընդհարումների հողի վրայ թխուեց, այսպէս կոչուած, «Դաշնակցութեան գործը», եւ բոլոր ձերբակալուածներին, այդ թւում՝ Թումանեանին, մեղադրանք ներկայացուեց դաշնակցական լինելու եւ ազգամիջեան թշնամանք հրահրելու մէջ: Այդ գործի շրջանակներում Թումանեանին կալանաւորել են 2 անգամ. առաջինը՝ 1908-ի դեկտեմբերի 23-ի լոյս 24-ի գիշերը. աւագ որդու՝ Մուշեղի հետ նրան տարել են Մետեխի բանտ, որտեղ մնացել է 5,5 ամիս, երկրորդը՝ 1911-ի հոկտեմբերի 31-ի գիշերը: Նա նախ Մետեխի բանտում, ապա Սանկտ Պետերբուրգի կալանավայրում մնացել է մինչեւ 1912-ի մարտի 20-ը, երբ աւարտուել է «Դաշնակցութեան գործով» դատավարութիւնը:
Դրանից շատ չանցած՝ սկսուեց Առաջին համաշխարհային պատերազմը, որի լուրը Թումանեանը ստացաւ Ծաղուէրի ամառանոցում. «Ամենքս կլանուած ենք պատերազմով: Ամենքս դարձել ենք ռազմագէտ, իհարկէ ես ոչ մի կասկած չունեմ մեր յաղթանակի վրայ արեւմուտքում…», — գրել է իր մտերիմ-բարերար Փիլիպոս Վարդազարեանին:
Ռուսական զէնքի յաղթանակի համոզուած ակնկալիքով՝ նա եռանդով մասնակցեց հայկական կամաւորական ջոկատների կազմաւորմանը, այդ նպատակով հասաւ մինչեւ Բաքու եւ հայերին յորդորեց միանալ կամաւորականներին: Այնուհետեւ Գէորգ Ե. կաթողիկոսի յանձնարարութեամբ 1914-ի նոյեմբերին եպիսկոպոսներ Մեսրոպ Տէր-Մովսիսեանի, Խորէն Մուրադբեկեանի, Շիրվանզադէի, Ներսիսեան դպրոցի տեսուչ Յովսէփ Խանունցի եւ Թիֆլիսի հոգեւոր հովիւ Տէր Նիկոլի հետ մեկնեց ռազմաճակատի գիծ՝ բանակի հրամկազմի շրջանում հայկական կամաւորական ջոկատների մասին ոչ բարենպաստ վերաբերմունքի պատճառները պարզելու եւ հարթելու նպատակով:
Այնուհետեւ 1915-ի յունիսի 6-ին (մինչեւ 25-ը) եղաւ Վանում եւ ապրեց Վանի հերոսամարտի առաջացրած համընդհանուր խանդավառութիւնը՝ Մեծ եղեռնի այն ահասարսուռ օրերին: Բայց իրադարձութիւններն արագ գլխիվայր շրջուեցին. ռուսական զօրքն անակնկալ յետ քաշուեց, եւ Վասպուրականի հայութիւնը կոտորածի սպառնալիքի տակ ստիպուած եղաւ գաղթել Արեւելեան Հայաստան: Էջմիածինն այդ օրերին անճանաչելի էր՝ հարիւրհազարաւոր գաղթականներով ու որբերով:
Այդ օրերին Թումանեանն Էջմիածնում էր դստեր՝ Նուարդի հետ: Ստեղծուած իրավիճակում շատերը չդիմացան, Թումանեանը ոչ միայն դիմակայեց, այլեւ նրա ջանքերով այնտեղ հիւանդանոցներ՝ 500 մահճակալով, եւ որբանոց՝ 3000 որբի համար, բացուեցին:
Բանաստեղծն այնքան գուրգուրանքով էր վերաբերւում այդ բախտահալած որբերին, որոնք նրան անուանեցին «հայրիկ», որը հետագայում վերածուեց «Ամենայն հայոց հայրիկ» պատուանուան: Որբերի ու գաղթականների հետ կապուած մի դիպուածով նա ընդհարուել է կաթողիկոս Գէորգ Ե.-ի հետ. տեղատարափ անձրեւից գաղթականներին պատսպարելու համար, նրա կամքին հակառակ, բացել տուեց նորակառոյց վեհարանի դուռը: Զայրացած կաթողիկոսի այն կշտամբանքին, թէ Դուք գիտէք, որ ես Ամենայն հայոց կաթողիկոսն եմ, բանաստեղծը պատասխանել է. «Իսկ դուք գիտէ՞ք, որ ես էլ Ամենայն հայոց բանաստեղծն եմ»:
Սեպտեմբերի կէսերին ամբողջովին ուժասպառ Թումանեանը վերադարձաւ Թիֆլիս, որտեղ շատ չանցած սկսուեց նրա անձնական ողբերգութեան շրջանը: Սեպտեմբերի 17-ին ստացաւ եղբօր՝ Ռոստոմի սպանութեան լուրը, 2 օրով մեկնեց Դսեղ: «Այնտեղից վերադարձաւ բոլորովին փոխուած, — գրել է Նուարդը, — մօտ 2 ամիս մնաց հիւանդ պառկած: Տխուր էր, ոչ ոքի չէր ընդունում, ոչինչ նրան չէր հանգստացնում»: 1916-ի յունիսի 23-ին ստացաւ ռուսական բանակում ծառայող կրտսեր եղբօր՝ Արտաշէսի՝ Բաթումում զոհուելու գոյժը:
Իսկ 1918-ի մարտին՝ Վանի վերջին գաղթի օրերին, զոհուեց Թումանեանի Արտաւազդ որդին, որն անասելի ողբերգութիւն էր բանաստեղծի համար: Այդ լուրը նա կարդաց դեկտեմբերի 3-ին «Նոր հորիզոն» թերթում. դա նրա կեանքի ամենաողբերգական օրն էր: «Կարդաց…, բօթը շանթեց հայրիկին, թերթը ձեռքին հեկեկում էր, ծանր, շատ ծանր տեսարան էր. Արտիկի սպանութիւնը նրա մէջքը կոտրեց»: Սա դարձեալ Նուարդի գրառումն է:
Այդ տարիներին Թումանեանի կենսագրութեան միակ լուսաւոր էջը թերեւս Զօրավար Անդրանիկի հետ հանդիպումներն էին, երբ Զօրավարը ռազմական գործողութիւնների դադարներին ռազմաճակատից գալիս էր Թիֆլիս բուժուելու: Զարմանալի մի մտերմութիւն էր ստեղծուել նրանց միջեւ: Զօրավարը կարծես եկել էր նրա աւագ ընկերոջը՝ Ղազարոս Աղայեանին փոխարինելու: Օրերով խօսում էին ժողովրդի դարդ ու ցաւից եւ յատկապէս արեւմտահայ գաղթականութեան ճակատագրից: Յայտնի է, որ 1918-ի մայիսի 22-ին թուրքերի յարձակումից նահանջող Անդրանիկի զօրաջոկատին Թումանեանը Ջալալօղլիում դիմաւորեց եւ առաջարկեց քաշուել Դսեղ՝ թուրքերի շրջափակման մէջ չյայտնուելու համար:
Ղարաքիլիսայի արիւնալի անկումից յետոյ, որի պաշտպանութեանը, ինչպէս գիտենք, Անդրանիկը չմասնակցեց, բանաստեղծը յորդորեց նրան՝ որքան հնարաւոր է շուտ հեռանալ Լոռիից: Զօրավարը ոչ միայն այդտեղից, այլեւ հանգամանքների բերումով ստիպուած եղաւ հեռանալ նաեւ 10 հզ. քառ. քմ տարածքով անկախ հռչակուած Հայաստանի տարածքից:
Թումանեանը եղաւ նաեւ վերջին մարդը, որն Անդրանիկին Թիֆլիսում ողջերթ մաղթեց՝ արտասահման մեկնելու ժամանակ՝ 1919-ի մայիսին:
Յետագայում (յունիսի 24-ին), երբ Ազգային խորհրդի նիստերից մէկում քննարկւում էին Ղարաքիլիսայի անկման պատճառները, Թումանեանը, այնուամենայնիւ, իր դժգոհութիւնը յայտնեց Զօրավարից. «Եթէ Անդրանիկը ժամանակին Դւալի գագաթը բռնէր, թերեւս Ղարաքիլիսայի կռիւը այդ վախճանը չունենար»: Իսկ Ազգային խորհրդի եւ Անդրկովկասեան կոմիսարիատի այդ օրերի գործունէութիւնը նա գնահատեց որպէս «ապիկարութեան հասնող ոճրագործութիւն»:
Առաջին հանրապետութեան տարիներին Թումանեանի հասարակական գործունէութիւնը մի նոր որակ ստացաւ. Թիֆլիսում գործող հայրենակցական միութիւնները միաւորելով՝ նա ստեղծեց Հայոց հայրենակցական միութիւնների միութիւնը (նախագահ ընտրուեց ինքը, քարտուղար՝ Համազասպ Համբարձումեանը), որը զբաղւում էր տարածաշրջանում սփռուած հայութեան տարբեր հատուածների ամենատարբեր խնդիրներով: Այնքան շատ էր անելիքը, որ մի անգամ Համազասպին ասաց. «Մենք (միութիւնը) ինչո՞վ պետութիւն չենք՝ պետութիւն ենք պետութեան մէջ»: Քանի որ նա մտերիմ յարաբերութիւններ ունէր առաջին երկու վարչապետների՝ Յովհաննէս Քաջազնունու եւ Ալեքսանդր Խատիսեանի հետ, նրանց գրում էր իրենց խնդիրների մասին եւ պահանջում դրանց որեւէ լուծում տալ: Այդ միութեան կարեւոր գործերից մէկն այն եղաւ, որ կազմաւորեց Առաջին աշխարհամարտում հայերի կրած վնասների գնահատման Քննիչ յանձնաժողով, որի պատրաստած տեղեկանքը (ի հարկէ ոչ ամբողջական), ներկայացուեց Փարիզի խաղաղութեան վեհաժողովին:
Թումանեանը յոյս ունէր, որ երկրում խորհրդային իշխանութեան հաստատումով կը վերջանան հայ ժողովրդի տառապանքները, եւ գրողները, նաեւ ինքը, կը զբաղուեն իրենց գործով: Բայց հանգամանքներն այնպէս կտրուկ փոխուեցին, որ Հայաստանում 1921-ի փետրուարին բռնկուեց եղբայրասպան պատերազմ, եւ Թումանեանը ստիպուած էր գալ Երեւան՝ այդ անմիտ պատերազմին վերջ տալու համար: Երեւանում միակ բանը, որ կարողացաւ անել, այն էր, որ նա Թիֆլիս՝ Սերգօ Օրջոնիկիձէին տեղեկացրեց, որ դա ոչ թէ Դաշնակցութեան սարքած խռովութիւն է, ինչպէս նախապէս հաղորդել էին, այլ համաժողովրդական ընդվզում, որն սկսել էր գիւղացիութիւնը: Եւ պէտք է անյապաղ ձեռնարկուեն բոլոր միջոցները՝ այդ անհեթեթ պատերազմին վերջ տալու:
Վերջին ծառայութիւնը, որ Թումանեանը մատուցեց արդէն նորաստեղծ խորհրդային իշխանութեան օրոք, եղաւ նրա համաձայնութիւնը Հայաստանի օգնութեան կոմիտէի նախագահ ընտրուելու եւ մեկնելու Կ. Պոլիս՝ այնտեղ համապատասխան կառոյց ստեղծելու եւ նորաստեղծ պետութեանն օգնելու համար: Այնտեղից նա վերադարձաւ հիւանդ եւ, ըստ էութեան, այլեւս չկարողացաւ զբաղուել ակտիւ գործունէութեամբ:
* * *
Մշակութային եւ դաստիարակչական առումով շատ կարեւոր է գրքի «Թումանեանը եւ հայ մշակոյթը» բաժինը, որտեղ ներկայացուած են նրա ստեղծագործութիւնների հիման վրայ ստեղծուած գործերը՝ օպերաներ, սիմֆոնիկ ստեղծագործութիւններ, երգեր, թատերական ներկայացումներ, կինոնկարներ, մուլտֆիլմեր, կերպարուեստի ու քանդակագործութեան նմուշներ եւ այլն: Յատկապէս ծաւալուն անդրադարձ կայ «Անուշ» եւ «Ալմաստ» օպերաներին, որոնք, ըստ էութեան, հայ ազգային ու դասական օպերաների հիմնասիւներն են:
«Անձնանուններ» բաժնում ներկայացուած են Թումանեանի բոլոր այն ժամանակակիցները, որոնք յարաբերուել են նրա հետ կամ ձեւաւորել են այն միջավայրը, որտեղ ապրել եւ ստեղծագործել է բանաստեղծը: Այս բաժնում տեղ են գտել ժամանակի գրեթէ բոլոր երեւելի դէմքերը՝ Աղայեան, Իսահակեան, Կոմիտաս, Խրիմեան Հայրիկ, Շանթ, Վահան Տէրեան, Դերենիկ Դեմիրճեան, Նիկոլ Աղբալեան, Լէօ, Յովհաննէս Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսեան, Ալեքսանդր Միասնիկեան, Մարտիրոս Սարեան, Հրաչեայ Աճառեան, Մանուկ Աբեղեան, Վիկտոր Համբարձումեան, Ալեքսանդր Սպենդիարեան, Ազատ Մանուկեան, Դանիէլ Ղազարեան, Ռոմանոս Մելիքեան եւ շատ ուրիշներ, նաեւ նրա բոլոր գրական նախորդները, որոնց Թումանեանն անդրադարձել է տարբեր առիթներով, բոլոր թումանեանագէտները եւ այն գրականագէտներն ու գրողները, թարգմանիչները, մշակութային գործիչները, որոնք նկատելի աւանդ ունեն բանաստեղծի մասին ստեղծուած գրականութեան ու արուեստի գործերում: Այս բաժնում ներկայացուած է ընդհանուր թուով շուրջ 500 անձնանուն:
Հանրագիտարանն ունի նաեւ հարուստ պատկերազարդում, նրանում տեղ են գտել բանաստեղծի եւ նրա ընտանիքի անդամների բազմաթիւ լուսանկարներ, տարբեր փաստաթղթերի լուսապատճէններ, ժողովածուների 1-ին հրատարակութիւնների կազմերի պատկերները, տարբեր հանդէսներում տպագրուած գործերի էջանկարներ, հանրագիտարանում ներկայացուած անձանց դիմանկարներ, նաեւ Թումանեանի տոհմածառը՝ կազմուած ե՛ւ բանաստեղծի, ե՛ւ հանրագիտարանի նախաձեռնողներից ու մի շարք յօդուածների հեղինակ լուսահոգի Գառնիկ Շախկեանի ձեռքով:
Հանրագիտարանում ներկայացուած են բոլոր այն գրական-մշակութային հաստատութիւնները, որոնք ստեղծել կամ որոնց հետ աշխատել է բանաստեղծը, բոլոր պարբերականներն ու այն վայրերը, որոնք այս կամ այն կերպ առնչւում են բանաստեղծի անուան հետ, յոբելեանական միջոցառումները՝ սկսած նրա ծննդեան 50-ամեակից, եւ բազմաթիւ այլ յօդուածներ, որոնք լուսաբանում են նրա գրական ժառանգութեան եւ գործունէութեան մի շարք ուշագրաւ էջեր:
Այս ոչ սովորական հանրագիտարանից օգտուելը փոքրիշատէ դիւրացնելու համար գրքի վերջում տրուած են Թումանեանի գործերի, անձնանունների, տեղանունների եւ պարբերականների ցուցիչներ:
Հանրագիտարանի պատրաստմանը մասնակցել են հանրապետութեան գրեթէ բոլոր գրականագէտ-թումանեանագէտները, առանձին յօդուածներ կազմել եւ ամբողջ տեքստը խմբագրել ու հրատարակութեան է պատրաստել հրատարակչութեան անձնակազմը:
Հանրագիտարանը համաժողովրդական նուիրումի արդիւնք է, յուսանք, որ այն օգտակար կը լինի նաեւ մասնագէտներին, դպրոցականներին, ուսանողներին ու սովորական ընթերցողին եւ կը դառնայ սեղանի գիրք Ամենայն հայոց բանաստեղծի կեանքի ու ստեղծագործութիւնների մասին:
«Գրական թերթ», 9 հոկտեմբեր 2020