Հայե՛ր, սիրեցէք միմեանց…

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆԵԱՆ

Գիտութեամբ ապացուցուած իմաստունի խօսք է այն, որ ամեն ինչի հիմքում հաւասարակշռութիւնն է: Այսօր, ահա ականատեսն ենք գրականութեան, որ պեղում է հաւասարակշռութեան գաղտնիքների լաբիւրինթոսը: Այդ գրականութիւնն է ներկայացնում Արտաշէս Շահբազեանի արձակը, որին հետեւելով մտնում ես կեանքի այն լաբիւրինթոսը, որտեղ հակադրումների եւ համադրումների մէջ են երբեմն իրարից անկախ, երբեմն՝ իրարամերժ երկու երեւոյթներ:

Այդ երեւոյթներն են՝ գործողութեամբ ու շօշափելի գոյութեամբ ապացուցուող իրողութիւնը եւ անշօշափելի, բայց իր ազդեցութեամբ ապացուցելի էութիւնը: Արտաշէս Շահբազեանի գրիչն առաջնորդում է մեզ, որի առջեւ, ինչպէս իւրայինի, բացւում են կեանքի տարբեր կողմերն իրենց ետեւում ունեցող դռները: Հէնց այդ դռներից այն կողմ էլ հաւասարակշռութեան կշեռքից կախուած ճօճւում են իրողութիւն եւ էութիւն անուններն ունեցող նժարները: Ահա տատանւում են նրանք, բարձրանում ու իջնում, իսկ գրողի ցանկութիւնն է՝ մէկ գծի վրայ բերել նրանց այնպէս, որ կարողանան ուղիղ նայել իրար աչքերի մէջ: Միայն այդպէս, իրողութեան եւ էութեան զուգահեռ քննարկումով կարող է ծնուել ճշմարտութիւնը: Ո՞ր ճշմարտութեան կամ ճշմարտութիւնների մասին է Արտաշէս Շահբազեանի խօսքը:
Առաջինը, որով բացւում է «Ես կը գնամ» ժողովածուն՝ ոսկէ միջուկի նման իր մէջ է առել ընկերութեան ճշմարտութիւնը: Իսկ ճշմարտութեան երեսը բացելու համար անհրաժեշտ է, որ մէկ գծի վրայ բերուելով իրար հետ հանդիպեն այն ընկերութիւնը, որը գործողութեամբ ընթացող իրողութիւն է, եւ այն ընկերութիւնը, որի խորքերում գործողութեան իրաւունք տուող նրա էութիւնն է:
Չգիտեմ, կեանքի որ փուլերի փորձով, ստեղծագործական մղումների ինչ զօրութիւններով, ներաշխարհային ինչ վերապրումներով, բայց Արտաշէս Շահբազեանը մեծ վարպետութեամբ հէնց այդպէս էլ անում է՝ հաւասարեցնում է կշեռքի նժարները այնպէս, որ իրողութիւնն ու էութիւնը իրար հանդուրժելով, տեղ են բացում մէկը միւսի համար, որոնց կենտրոնում փայլում է Ընկերութիւն կոչուող ոսկէ ճշմարտութիւնը: Ժողովածուն բացող պատմութիւնն սկսւում է իրողութեան նկարագրութեամբ, որը հետեւեալն է.
Կեանքից հեռացել է չորս ընկերներից մէկը՝ Գրիգորը: Չորս ընկերներ: Մտածում եմ՝ մէկով ավելի, քան համաշխարհային ճանաչում գտած գերմանացի գրողի՝ Ռեմարկի նկարագրած երեք ընկերները: Ընկերներից մէկին կորցնելու ֆոնին ահա չափազանց տեսանելիօրէն վեր է բարձրացել հաւասարակշռութեան այն նժարը, որը գործողութիւն-իրողութիւն է: Ահա այն բարձրացել է մի աստիճանի, որ թոյլ է տալիս դեռեւս ապրող երեքին՝ թողնել վշտի, կորստի, ցաւի ապրումներն ու ջանասիրաբար զբաղուել գիշերուայ տեղատարափի հետքերը մաքրելու գործով: Իրողութեան հետ հաշուի նստելու նրանց առաջին քայլը հէնց դա էր, այլապէս հնարաւոր չէր լինի Գրիգորի դին հանել տանից: Ահա ճանապարհը մաքրուած է, դռան նեղ լինելու հարցն էլ լուծուած է, իսկ բանալին գտնելու եւ հանգուցեալի դուռը կողպելու կարիքը չկայ… Իրողութիւնը շարունակում է աւելի ու աւելի ծաւալուել, որը կապուած էր ցեխակոլոլ զառիվերը յաղթահարել փորձող մեքենայի բրդբրդոցի ու յետոյ՝ մնացած արարողութիւնների հետ, որոնց մէջ էր նաեւ այն, որ «Ռոմիկը, կողքի տապանաքարի վրայ ուտելիքը դասաւորելով, մաշուած տառերը մի կերպ իրար կպցրած, բարձրաձայն կարդաց Գրիգորի մօր անունը»: Իրողութիւնը շարունակւում է, սակայն, ահա մի պահի, պատմուածքի բազմաշերտ ենթատեքսի մէջ երերում է նոյն իրողութեան նժարը: Երերում է այն պահին, երբ «Լռութիւնը կախուել էր մի բարակ, նուրբ լարից ու ամենաանմեղ, ի միջի այլոց ասուած բառն անգամ կարող էր ծանր գալ լարին: Կափարիչը փակեցին, հողն էին լցնում…»: Ահա այս լռութիւնը հող է նախապատրաստում, որպէսզի իրողութեան նժարն իջնի իր վերին դիրքերից, ու արթնանայ չորսի ընկերութիւնը պահող խորքային էութիւնը: Բայց, իրողութիւնը դեռեւս չի ուզում զիջել իր դիրքերը: Գուցէ թէ էութիւնն է դեռեւս խուսանաւում, որովհետեւ, ամեն դէպքում, ծանր է բեռ վերցնել, երբ մերժուած է քո գոյութիւնը: Այսպէս, կարճ ու խօսուն ներկայացումներով իրողութեան ու էութեան նժարների տատանումների ֆոնին, պահը եւս մի անգամ առօրէական է դարձնում Ռոմիկը: Նա բարձրաձայնում է, թէ ուզում է դուրս գալ աշխատանքից, նստել տանն ու զբաղուել միայն վերարկու կարելու գործով: Այնուհետեւ, եւս մի շտրիխով ահա առօրեան կրկին ուզում է մտնել իր հունի մէջ: Դա այն ժամանակ, երբ «պարզուեց, որ շամպայնի շշով էլ տնական գինի ունեն, քաշուեցին կողքի գերեզմանի տաղաւարի տակ, նորից անձրեւը կաթկթում էր»:
… Ընկերութիւնը պահող աներեւոյթ էութիւնը ի յայտ եկաւ չափազանց զգայացունց ձեւով, իր անկեղծութեան ողջ շողարձակումով, այն աստիճանի, որ, յանկարծ, «Մարլէնը նայեց մութ դարաւանդի կողմն ու բացականչեց.
— Տղերք, հէն է, Գրիգորը գալիս է:
Գրիգորը բարձունքից եկաւ, հաւասարուեց իրենց, ու, կարծես կողքին մարդ գոյութիւն չունէր՝ ուրուականի պէս շարունակեց ճանապարհը… հին թաղի ուղղութեամբ: Ընկերները ձեռք ձեռքի բռնած, զառիթափով ներքեւ էին իջնում: Կարծես ոչ թէ շարունակում էին կեանքը, այլ խորդուբորդ ոլորապտոյտներով վերադառնում էին իրենց կենսագրութեան սկիզբը»:
Ընկերութեան աներեւոյթ էութեանը նուիրուած գրքերի շարքում հանրայայտ է Ռեմարկի «Երեք ընկերը»: Արտաշէս Շահբազեանը հսկայածաւալ այդ թեման մեր առջեւ է դրել 2-3 էջով, զգայացունց, խօսուն, գրագէտ ու գեղեցիկ շարադրութեամբ եւ վերնագրել առաւել խօսուն «Մեզանից ո՞ր մէկը մեռաւ, տղերք» հարցադրումով:
Ահա այս ազդեցիկ գործով բացուած ժողովածուում ընդգրկուած պատումները շարունակում են բացել Հաւասարակշռութեան գաղտնիքները պահող դռները, որից այն կողմ կրկին ու կրկին տատանւում են երեւութապէս կատարուող գործողութեան եւ աներեւոյթ էութեան նժարները:
«Ես կը գնամ» ժողովածուի գաղափարական հենքի համար որպէս բանալի է հեղինակի խօսքը՝ գրքի վերջում: «…Ես կը գնամ: Ես կը հեռանամ իմ երազներից, որոնք գիշերն անգամ շարունակելի են դարձնում այսպէս ապրելու տառապանքը, որոնք այցելում են փոխաբերութիւնների խորհրդանշական պատկերներով, իրականում, սակայն, նոյն բաների մասին են. շարունակում են հիւսել իրադարձութիւնների ու յոյզերի այն շղթան, որոնցով անկողին ես մտնում:
…Ես կը գնամ, ես կը փախչեմ, ես կը զատուեմ… ու կը հեռանամ: Միայն վախենում եմ, թէ ուր էլ լինեմ, այս ամենը գայ, լցուի իմ մէջ, ու կրկին ամեն ինչ դառնայ նոյնը»:
Իսկ «Իրողութիւնները սեփականել են ինձ…» հեղինակի այս խօսքը բխել է նրա անհանգստութիւնների աղբիւրից: Իսկ փրկութիւնը նա փախուստի մէջ է տեսնում. «Փախուստ տեղից, փախուստ տեսակից, փախուստ յիշողութիւնից, փախուստ պատկերներից ու բանականութեանդ ներարկուած ճշմարտութիւններից…»: Փախուստ, փախուստ… այսինքն՝ փախուստ կշեռքի այն նժարից, որն Իրողութիւն անունն ունի: Փախուստ, սակայն ոչ յուսալքուած թաքնուելու, այլ այնտեղ, որտեղ քո ճշմարիտ Ես-ն է, անապակ մաքրութեամբ, անխառն քո էութիւնը, որը դեռ չի տուժել իրողութեան գործողութիւններից: Փախուստ՝ գտնելու ու վերադառնալու հէնց այդ անապակի հետ, ինքդ քեզ հաւատարիմ, որպէսզի կարողանաս կանգնել ու հարցնել քեզ հետ ու քեզ նման եղողներին, թէ՝ Մեզանից ո՞ր մէկը մեռաւ, տղերք: Չէ՞ որ, երբ անխառն են էութիւնները, դժուար է նրանց իրարից տարբերելը:
«Եղբօրս տան ճամբին» պատմուածքը երկխօսութիւն է Աստծոյ հետ:
… Ու երբ արթնանում է գրողը, զգում է, որ այտերը, աչքերն ու մատները խոնաւացած են: Դա իրականութիւն էր, իսկ երկխօսութիւնը Աստծոյ հետ՝ երազ, սակայն ականջներում հնչում էր Աստծոյ պատուիրանը՝ «դուք հայերդ պէտք է շատ սիրէք իրար»:
«Բառ կայ՝ մի ամբողջ աշխարհ արժէ», — ասում էր Մեծ Լոռեցին: «Սէր» բառի մէջ աշխարհն ու տիեզերքն են, այն ամենը, ինչ արարել է Աստուած: Այս բառը ծնուել է աշխարհի հետ, տեսել աշխարհի ծնունդը եւ փառահեղօրէն ու հպարտ բազմել այնպիսի նախաստեղծ բառերի կողքին, բնութագրել աստուածային այնպիսի երեւոյթներ, ինչպիսիք են «ծնունդ» եւ «կեանք» բառերը:
Յոռետեսները շատ են զազրախօսում հայ գրականութեան գետի պղտորուելու, բարակելու կամ ճահճանալու մասին: Մինչդեռ այդ գետն անլռելիօրէն շաչում է, շառաչում յաւերժականի եւ անցողիկի խորհուրդը, փիլիսոփայական խորին խոհերի տեղիք տալիս:
Արտաշէս Շահբազեանի հերոսների կենսագրութիւնները հարուստ են մարդկութեան պատմութեան մեծ փորձով: Նրանց տոհմագրութիւնն սկսւում է առասպելական Նոյից, որն իր սխրանքով մարդկութեանը մի անգամ էլ ապրելու հնարաւորութիւն տուեց, Հայկից, որը խիզախեց բռնութեան ու կապանքների դէմ, եւ հասնում մինչեւ մեր օրերը: Այդ հերոսները հարազատ են ոչ միայն հայ, այլեւ այլազգի ընթերցողին, որովհետեւ նրանք, ազգայինից բացի, կրում են նաեւ համամարդկային արժէքներ: Չէ՞ որ մարդն իբրեւ մշակոյթի կրող, անցել է երկու խոշոր փուլ: Առաջինը՝ Աստուածակենտրոն, եւ երկրորդը՝ Բնակենտրոն: Սակայն 20-րդ դարի կէսերից արդէն չափազանց տեսանելի է դառնում բեկումնային յաջորդ՝ Մարդակենտրոն փուլը: Այստեղ մշակոյթն առնչւում է շատ կարեւոր խնդիրների հետ: Խնդիրներ, որոնք կան մարդու եւ իր նմանի, մարդու եւ պետութեան, մարդու եւ Աստծոյ միջեւ: Ահա նման յարաբերութիւնների միջեւ եղած հակասութիւնների լուծմանն են գնում տաղանդաւոր անհատները, եւ նրանք են կարողանում գտնել գլխավոր խնդիրների բանալիները: Այստեղ է գրող Արտաշէս Շահբազեանի Մարդակենտրոն մշակոյթի կարեւորումը: Նա ոչ միայն նկատել է մեզ խոչընդոտող հակասութիւնների վտանգը, այլեւ ուզում է լուծել իր գրականութեան միջոցով եւ իր պատմուածքն աւարտում է աստուածաշնչեան պատուիրանով՝ «Սիրեցէք միմեանց, սիրեցէք միմեանց»:

Երեւան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *