ՀԱՅ ՆՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ ԹՌՉՈՒՆ-ՀՈԳԻՆ` ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐԵԱՆ

ԱԲԳԱՐ ԱՓԻՆԵԱՆ(*)
Սուսաննա Ղազարեան, «Սէր իմ, Հայրենիք», Երեւան 2021:
Գիրքը հրատարակուած է Վահէ Թղլեանի (Գանատա) հովանաւորութեամբ:

Ժամանակակից հայ գրականութեան հանդէպ գնալով մեծանում է հետաքրքրութիւնը՝ եւ դա հայրենի գրական կեանքի լաւ լուրն է: Պատճառն այն է, որ մեր արդի գրողները մշակութային ճգնաժամը յաղթահարեցին գործնական քայլերով՝ վերականգնուել է երբեմնի լաւ համբաւ ունեցող գեղարուեստական գրականութեան պրոպագանդայի բիւրոն, ինչով ժամանակին հպարտանում էր գրողների միութիւնը: Յաճախակի կազմակերպւում են գրական հաւաքներ, քննարկումներ՝ ամենատարբեր թեմաներով, այցելութիւններ հանրապետութեան մարզեր, սահմանամերձ գիւղեր: Ես, որ ներկայ եմ այդ բոլոր ձեռնարկներին, իբրեւ գրական քննադատ, բերկրանք եմ ապրում, երբ տեսնում եմ մեր ընթերցողների հետաքրքրութիւնից շողացող աչքերը, ուրախ ծափերը, մեր ընթերցողների ցանկութիւնը՝ ծանօթանալու գրական նորութիւններին: Այդպիսի հրաշք հանդիպումներ տեղի ունեցան Տաւուշի, Լոռու, Շիրակի մարզերում, Բերդ, Գիւմրի քաղաքներում, Դսեղ եւ Այգեհովիտ գիւղերում: Բայց ամենից տպավորիչը մեր գրական հանդիպումն էր Արարատի մարզի չքնաղ գիւղում՝ Տիգրանաշէնում (Քարքէ): Գնացել էինք յատուկ նպատակով՝ Տիգրանաշէնի բնակիչներին հոգեպէս զօրացնելու, համախմբելու մէկ գաղափարով՝ մեր հողն այսուհետ ամուր ենք պահելու՝ չնայելով ոչ մի գաղտնի ծրագրի կամ որոշման:
Տիգրանաշէնում աշակերտները անչափ յուզուեցին, երբ իր նոր՝ «Սէր իմ, Հայրենիք» գիրքը ներկայացրեց երիտասարդ բանաստեղծուհի Սուսաննա Ղազարեանը, իսկ հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհին չկարողացաւ զսպել արցունքները: Ընթերցողները եկել էին լսելու հայ բանաստեղծութիւն, եկել էին ծանօթանալու գրողի հետ, նրանից լսելու այն հարցի պատասխանը, թէ ինչպէս ապրենք: Երիտասարդ հեղինակը ոգեւորուած կարդում էր բանաստեղծութիւններ իր նոր գրքից՝ ողջ դահլիճը համակելով պոետական խօսքի հմայքով: Դա հոգիների պարզ ու անմիջական զրոյց էր, որ երբեք չի մոռացուի: Նման ջերմ ընդունելութիւն կ՚երազի ամեն մի ստեղծագործող:
«Սէր իմ, Հայրենիք» գիրքը նուաճեց ընթերցողի սիրտը նախ եւ առաջ իր հայրենասիրական խոր բովանդակութեամբ: Հայրենիքին նուիրուած տաղեր հայ դասական պոեզիան շատ ունի, բայց բանից պարզւում է, ժամանակակից ընթերցողը… կարօտ է դրան: Եւ իսկապէս, վերջին տարիներին մեր հեղինակներից շատերը մոռացել են հայ դասական պոեզիայի աւանդոյթները, աշխատում են հետեւել գլխավորապէս օտար հեղինակներին, շատ բանաստեղծութիւններ թարգմանութեան տպաւորութիւն են թողնում, այնքան օտարահունչ են եւ բովանդակազուրկ: Սակայն խնդիրը միայն դա չէ՝ Հայաստանը լցուեց օտար մտայնութեամբ, հայ ոգին նահանջեց: Արդի արուեստում գեղեցկութեանը փոխարինեց տգեղը, պոեզիային՝ անտիպոեզիան: Ազգայինը մատնուեց մոռացութեան, ծաղրի առարկայ դարձան Վարդան Մամիկոնեանն ու հայոց մեծերը, հակաբանաստեղծութիւնը գրաւեց ասպարէզը:
Հետեւանքը 2020 թուականի ողբերգութիւնը եղաւ՝ ադրբեջանաթուրքական ագրեսիան, որի դիմաց կանգնեցինք թուլացած հոգով եւ կորցրեցինք երիտասարդ մի ողջ սերունդ եւ Արցախ աշխարհի մեծ մասը:
Հիմա ժամն է ոտքի կանգնելու՝ յիշենք ու չմոռանանք, որ ազգովին ուժեղ ենք միայն այն ժամանակ, երբ յենւում ենք հայ ոգու եւ հայ մշակոյթի ամուր հենքին: Այս հիմնական գաղափարն է ընկած երիտասարդ, տաղանդաւոր բանաստեղծուհի Սուսաննա Ղազարեանի նոր գրքի հիմքում: Ահա եւ գաղտնիքն այն բանի, թէ ինչու գիրքն ընդունուեց այսչափ ջերմօրէն: Պատերազմից յետոյ ամենքս յուսահատութեան մէջ ենք՝ մեզ պէտք են յոյսի ջահակիրներ: Շատերն են մտածում երկիրը լքելու մասին, ոմանք էլ արդէն արտագաղթել են՝ մեզ պայքարի երգ է պէտք եւ կոչ՝ ամեն գնով պահելու Հող Հայրենին: Սուսաննա Ղազարեանի բանաստեղծական յայտնութիւնն ահա այս իմաստով մեծապէս գնահատելի է. երիտասարդ գրողը եկել է ճիշտ ժամանակին:
Գրքի քնարական հերոսը երիտասարդ Հայուհին է, որ սէր ու պայծառ երազներ ունի իր ջահել սրտում: Հայուհին պոետ է, որ նախընտրում է գրել ոչ թէ քաղաքային միօրինակ առօրեայի, այլ հայրենի բնութեան, հայ բնաշխարհի մասին: Իր ընտրեալին նա ուզում է տեսնել քաղաքային միջավայրից դուրս՝ հայրենի լեռների մէջ` «Արի գնանք, եղբայր, ազատ սարերը մեր»: Բանաստեղծական այս կերպարը մեր օրերի հայ աղջիկն է եւ միաժամանակ՝ իւրօրինակ դիցաբանական մի կերպար, որ ապրում է տարբեր ժամանակների մէջ: Նա յայտնւում է մեր կողքին՝ իբրեւ սիրավառ սիրտ, յետոյ անհետանում՝ թագուհու կերպարով մեր առջեւ կրկին յառնելու համար: Սուսաննա Ղազարեանի բանաստեղծական աշխարհում պատմութիւնն ու արդիականութիւնը միախառնւում են գեղարուեստական մի սքանչելի, անկրկնելի զուգակցումով: Հայ կնոջ լաւագոյն արժանաւորութիւնների մարմնաւորումն է նա՝ «Ես հողաբոյր, ես հողահամ»: Բնութեան զաւակն է, որ նոյնանում է հայ ոգու խորհրդանիշ ծիրանենու հետ եւ անգամ հարսնանում՝ բնութեան ծոցում: Աղջկականը, յաւերժ կանացին բանաստեղծական իր աշխարհում բարձրագոյն արժէքներ են՝ կեանքի իրաւ երջանկութիւն: Միաժամանակ կանացիութեան այդ հրաշքը ինքնանպատակ չէ, այլ իւրօրինակ աղջկական նուիրում Սիրուն՝ Հայրենիքին: Գեղեցկութեան իմաստը անձնազոհ, անսահման սէրն է Հայրենիքի հանդէպ՝ այստեղից էլ գրքի խորագիրը՝ «Սէր իմ, Հայրենիք», որ նոր սերնդի հայրենակարօտ երգն է՝ անձնական սէրն ու սէրը Հայրենիքի հանդէպ նոյնանում են՝ նրանք պայմանաւորուած են առյաւէտ մէկը միւսով.
Ձիւնը՝ ճերմակ թիկնոց իմ փխրուն ուսերին,
Ես գալիս եմ քեզ մօտ, նոր հաւատով, սէ’ր իմ։

Ահա այստեղ էլ Հայուհին երեւում է պոետական իր երրորդ կերպաւորումով՝ թռչուն հոգին: Նա ազատութեան երգիչն է, թռիչքի սիրահար, որ արհամարհելով կենցաղ ու արգելքներ, ընտրել է թռիչքն իբրեւ ճակատագիր (պատահական չէ, որ բանաստեղծուհու նախորդ գիրքը հենց այդ վերնագիրն ունի՝ «Թռիչք», 2019):
Այս նոր հատորում թռչուն հոգին վերափոխւում է ասես ռազմի աստուածուհու՝ արթնացումի ու պայքարի շեփորը ձեռքին: Նա չի հաշտւում պարտութեան հետ, նրա համար չկան յուսահատութեան մայրամուտ եւ ունայնութեան մահիճ, նա եկել է իր սիրտն այրելու Հայրենիքի համար եւ հաւատացած է՝ առանց ազատութեան եւ պայքարի չկայ Յաղթանակ.

ԱԶԱՏՈՒԹԻՒՆ
Տանիքների վրայ մայրամուտը կարմիր
Իր վերջին աղօթքն է յուսահատ մրմնջում,
Դու քո այգալոյսի շէկ նժոյգը հեծի’ր,
Լսի’ր, թէ ինչպէս է նա աշխոյժ վրնջում:

Գնա անխախտ կամքով դէպի արեւն անմեռ`
Լքած ունայնութեան մահիճը մշուշոտ,
Գնա այնտեղ, որտեղ չի՛ եղել ցուրտ ձմեռ,
Եւ դաշտերը երբէք չե՛ն ներկուել արիւնով:

Յամառօրէն անցիր սահմանը նենգ վախի,
Մատնահարի’ր` երկնի աստղերը թող վառուեն,
Քո խիզախ նժոյգին էլ ոչ ոք չի յաղթի,
Բա՛ց թող երազներդ, թող կապոյտում ճախրեն…

«Սէր իմ, Հայրենիք» գրքի շատ էջեր գրվել են 2020 թ. հերոսական-ողբերգական պատերազմի օրերին: Բազմաթիւ գրուածքներ կան այստեղ՝ նուիրուած պատերազմի քաջ հերոսներին, որ իրենց կեանքը տուեցին յանուն Հայրենիքի: Սակայն դրանք եղերամօր ողբ չեն, այլ նորօրեայ Տրուբադուրի կոչ՝ կրկին ոտքի կանգնելու, վրէժ լուծելու, երկրի սահմաններն ու Հող Հայրենին անձնուրաց պաշտպանելու:
Գնահատելի է երիտասարդ հեղինակի գրական խստապահանջութիւնը իր իսկ գրուածքների ընտրութեան հարցում: Վերջին շրջանում գրուած ստեղծագործութիւնների միայն փոքր մասն է տեղ գտել այս ժողովածուի մէջ, մնացեալը չեն հրապարակուել, ինչը դրականօրէն է ազդել գրքի գեղարուեստական որակի վրայ: Ձգտումը դէպի լաւագոյնը, միջին կամ անարուեստ մակարդակի մերժումը Սուսաննա Ղազարեանի ստեղծագործական անհատականութեան, նրա բանաստեղծական նկարագրի էական յատկանիշն է, որ լուրջ հիմք է լինելու հետագայ նոր ձեռքբերումների: Այն դէպքում, երբ այսօր հարիւրաւոր բանաստեղծական հատորներ թերթելով, չենք գտնում գէթ մէկ գեղարուեստօրէն արժեքաւոր գրուածք, յուրախութիւն այս հեղինակի պիտի ասեմ, որ նրա գրքում տեղ գտած ստեղծագործութիւնների բացարձակ մեծամասնութիւնն արժէքաւոր գործեր են: Այս խնդիրը պէտք է հաշուի առնենք լրջօրէն՝ թէ՛ Հայրենիքում, թէ՛ Սփիւռքում գրական որակի հարցը կարեւոր պիտի հռչակուի, քանզի ցածրարուեստ կատարումով վարկաբեկւում են անգամ լաւագոյն միտքն ու գաղափարը: Իսկ գրական վարպետութեան եւ մտքի խորութեան երիտասարդ հեղինակը կարող է հասնել միայն ուսումնասիրելով մեր դասականների փորձը: Ահա թէ ինչ է սովորել մեր երիտասարդ բանաստեղծուհին իր նախորդներից.

ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ
Ինձ չներէ՛ք, եթէ կեանքում թոյլ գտնուեմ.
Օ՜, թոյլերին ես ժխտում եմ ամբողջ հոգով.
Նրանցից են ծնւում մեղքեր ու ոճիրներ,
Ուժեղներին, որ գերեզման տանեն շուքով։

Ինձ չներէ՛ք, երբ էլ չզգամ հողի կանչը,
Անհողներին ես հերքում եմ իմ ողջ հոգով.
Այդպէս դառնում են օտարի ստրուկ-հարճը,
Հայրենիքը պատում մոռացման մշուշով։

Ինձ չներէ՛ք, թէ պարտութեան երգեր գրեմ,
Պարտուողներին մերժում եմ իմ ամբողջ հոգով.
Ձեր բեռնաբարձ հունձքը պիտի ես ամբարեմ,
Որ անց կենամ յաղթանակի ճանապարհով։

Սուսաննա Ղազարեանի գրական յաջողութեան պայմաններից մէկն էլ այն է հէնց, որ երիտասարդ հայ բանաստեղծուհին ամուր փարուած է հայ պոեզիայի դասական աւանդոյթներին: Գրքում դուք կը տեսնէք իր ստեղծագործական առնչակցումն այնպիսի մեծութիւնների, ինչպիսիք են Թումանեանը, Դանիէլ Վարուժանն ու Սիամանթոն, Համօ Սահեանն ու Պարոյր Սեւակը, եւ ի հարկէ հանճարեղ Չարենցը, որ իսկական սնուցիչն է իր տաղանդի.

ՉԱՐԵՆՑԵԱՆ
Իմ բառերը դաշոյնի պէս պիտի փայլեն,
Սրալեզու թրի նման կտրեն պիտի,
Ես չեմ եկել անկիւններում կո՛ւչ գամ, լռե՛մ,
Թող իմ բառը ճշմարտութեան հուրը լինի…

Իմ բառերը բալասան ու բո՛ց պիտ՚ լինեն,
Փլատակեն տաճարները անարգ ստի,
Ճշմարտութեան ապարանքներ պիտ՚ կառուցեն,
Հոգիներին բաշխեն լոյսը երանելի։

Խենթ բառերս պիտի հնչեն ամեն բեմից,
Կուլիսներում թող պահ մտնեն առնետները,
Չեմ վախենում ես մահացու կախաղանից,
Թող յաւերժի իմ Չարենցեան խիզախ գենը։

Հայ դասական պոեզիայի աւանդոյթն է շարունակում Սուսաննա Ղազարեանը, երբ բանաստեղծութիւնը նմանեցնում է աղօթքի: Երազանքի իր աշխարհում ցօղէ կաթիլն արցունք է, որ ովկիան է դառնում, իսկ ամենակարող սէրը բուժում է մեր վէրքերն ու ջերմացնում մեր հոգին: Նոր օրհնութիւն պիտի իջնի հայրենի շէների վրայ, եւ գիշերուայ այս խաւարից յետոյ լոյս պիտի բացուի, եւ պիտի երկինք բարձրանայ պոետական խօսքն իբրեւ աղօթք այն ժամանակ, երբ պաղ հոգիների փոխարէն երկրին տէր կանգնեն հայրենիքի նուիրեալները:

Բացե՛նք դռները պաղ հոգիների,
Թող հրավառուեն արեւի բոցով,
Մեր թոնիրներից թող աղօթք բուրի,
Ու մեր ամբարը լիանայ հացով:

Երիտասարդ բանաստեղծուհու գիրքը տպուել է ճիշտ ժամանակին: Շահեկանօրէն առանձնանալով ժամանակակից գրականութեան մէջ` բանաստեղծական այս հատորը ոգեզարթօնքի կոչ է: Չենք հաշտուելու կորուստների հետ, պատգամում է այս գիրքը, նորից ոտքի ենք կանգնելու, ազգային մեր միաբանութեամբ կրկին պիտի հաւաքուենք փրկութեան մեր տաճարի շուրջ: Ինչ որ մեզ հետ տեղի ունեցաւ, սիրոյ պակասից էր, օտար շշուկների փոխարէն պիտի այսուհետ հնչեցնենք հայրենի խրոխտ նուագներ, քանզի մենք մի նպատակ ունենք, իսկ այդ նպատակը մէկ անուն` Սէր իմ, Հայրենիք:

Երեւան

*) Համահայկական գրողների միութեան նախագահ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *