ԵՍ ՉԵՄ ԱՄԱՉՈՒՄ, ՈՐ ԱՄԵՆ ՕՐ ՀԱՅԵՐԷՆ ԵՄ ՍՈՎՈՐՈՒՄ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

Ինչ խօսք, ինչպէս իւրաքանչիւրդ, ինքս էլ եմ հպարտ իմ հայութեամբ՝ հպարտ եմ յատկապէս այն բանի համար, որ, կոպիտ չհնչի, հայերէնն ինձ համար աշխատանքային «ատաղձ» է: Ըստ մատենավարների հրապարակած, բնաւ էլ ոչ ամբողջական տուեալների՝ ֆրանսերէնից մի քանի տասնեակ գրական-գեղարուեստական, պատմական, գիտական՝ ամենատարբեր բնոյթի գրքեր եմ թարգմանել, ու գրեթէ չի պատահել դէպք, որ որեւէ բառի հայերէն համարժէքը գտնելու դժուարութիւն ունենամ: Եթէ ունեցել եմ, պատճառը ոչ թէ մեր ոսկեղենիկը, իմ անգիտութիւնն է եղել:
Դուք երբեւէ չէ՞ք հետաքրքրուել, թէ մեր նախնիները, բնիկ լինելով հանդերձ, ինչո՞ւ են իրենց հանապազօրեայ սննդանիւթը կոչել փոխառնուած, մեր լսողութեանն ու արտաբերութեանը խորթ, արեւելահայերը՝ ռուսերէնի ազդեցութեամբ «կարտոֆիլ», արեւմտահայերը՝ ներկայ սփիւռքահայերը, ֆրանսերէնի ազդեցութեամբ՝ «փաթաթէս» բառերով: Ի՜նչ է, մինչեւ ֆրանսիացիների կամ ռուսների հետ առնչուելը տեսած, կերած չե՞ն եղել: Նոյնը վերաբերում է ռուսերէնի «կոնֆետ» կամ ֆրանսերէնի «բոնբոն» անուանումներին: Մի՞թէ մենք այդքան առօրեական, առաջին դէպքում՝ սննդեղէնի, երկրորդ դէպքում՝ քաղցրաւենիի մե՛ր՝ հայերէն անուանումները չենք ունեցել: Պարզւում է՝ ունեցել ենք, այն էլ ի՜նչ հրաշալի անուանումներ: Թարգմանութիւնների ընթացքում, մայրենիիս նկատմամբ անվերապահ հաւատով համակուած, յամառել, պեղել ու պարզել եմ, որ նախքան օտարահունչ «կարտոֆիլն» ու «փաթաթէսը» հայերէնում կոլորիկ բառն է եղել, որ նոյնիսկ հոմանիշը՝ հողկիթն է ունեցել, «կոնֆետ»-«բոնբոնը» շաքարհատ է կոչուել: Մի՛ շտապէք թերահաւատ քմծիծաղել, յիշէք, թէ խորհրդային տարիներին որոշ մտաւորականներ, այո՛, հայ մտաւորականներ, ինչպէ՛ս էին մամուլով, հրապարակայնօրէն հեգնում իրենց այն գրչընկերոջը, ով յանդգնում էր «սոսիսկիի» փոխարէն նրբերշիկ բառը շրջանառութեան մէջ դնել: Շատ ժամանակ չի անցել, բայց հիմա իրեն յարգող ո՞ր հայը պարենային կը մտնի ու ոչ թէ նրբերշիկ, «սոսիսկի» կը գնի: Այնպէս որ, ես մեր ժողովրդին հաւատում, համոզուած պնդում եմ, որ գալու է նաեւ կոլորիկի, հողկիթի, շաքարհատի ժամանակը:
Շառլ Ազնաւուրի, այդպէս կոչենք, խնամին, ազգային՝ «Յառա՛ջ, նահատակ ցեղի անմահներ» մարտերգի հեղինակ Գէորգ Կառվարենցը, Աիդա Ազնաւուրի ամուսնու՝ երաժշտահան Ժորժ Կառվարենցի հայրը, հայասպանութեան նախճիրից յետոյ ընտանիքով երկրէ երկիր դեգերել ու ի վերջոյ ապաստանել էր Իտալիայում, որտեղ բանաստեղծ-մտաւորականի հետ առնչութիւն չունեցող ինչ գործ ասես անում, երեկոյան խոնջացած, նուաստացած տուն էր վերադառնում: Երբեմն, սակայն, վարձու կարուհի կինը նրա աչքերում ինքնագոհութեան ցոլքեր էր տեսնում, յաջողութեան ակնկալիքով հարցնում.
— Ի՞նչ է պատահել, մա՛րդ:
— Այսօր այսինչ հայ գրողի գրքից հայերէն այսինչ նոր բառը սովորեցի, կնի՛կ, — գոհունակ ժպտում էր 1915-ի մտավորական փաղանգի վերջին մոհիկանը…
Կառվարենցը բացառութիւն չէր: Յայտնի է, որ Դանիէլ Վարուժանը բառարանների, հէ՛նց բառարանների մոլի ընթերցող էր, ահա թէ ինչու 20-րդ դարի խոշորագոյն բանաստեղծներից մէկի իւրաքանչիւր յանգերգը հայերէնը պանծացնող չքնաղ կոթող է:
Ի հա՛րկէ, այն, որ աննկատ մոռացութեան էին մատնւում մեր ազգային լեզուի անբաւ գանձերը, այսինքն՝ ինքներս աղքատացնում էինք մեզ, մեղաւոր էինք ոչ այնքան մենք, որքան բռնատիրութիւնները, որոնց լծի տակ հեծում էինք դարերով: Յայտնի է՝ Օսմանեան կայսրութիւնում երբեմն անգամ հայերէն խօսողի լեզուն էին կտրում, պարտադրում էին մեսրոպագիր Աստուածաշունչ մատեանը թրքատառ հրատարակել, իսկ ցարական տիրակալութիւնում ուղղակի փակում էին ազգային կրթարանները: Նոյն միտումը, թէեւ քօղարկուած, շարունակուեց ցարական մեծապետականութեան ժառանգորդ Խորհրդային Միութիւնում: Տարիներով, հետեւողականօրէն, հայերէնին պարտադրուած «ռեւոլիւցիա», «ռեսպուբլիկա», «սովետական», «մինիստր», բազում այլ բառեր դրայ վկայութիւնն են: Բարեբախտաբար, Արարատեան Հայաստանը վերանկախացաւ ու թօթափեց մեր լեզուի այդ օտարոտի անարգանքը: Դժուար է նոյնն ասել պետականութիւնից զուրկ, աշխարհով մէկ տարտղնուած սփիւռքահայութեան մասին:
Մեր օրերում, մեր աչքերի առաջ, հերթական անգամ աստանդական դարձած հալէպահայերն ու բէյրութահայերը Արարատեան Հայաստանում, Արցախում տնավորուելով, իրենց բնորոշ ձեռներեցութեամբ սննդատներ ստեղծեցին, որոնք լցրեցին արեւելեան ախորժալի բոյրերով, կերակրացանկերը խորթ՝ արաբական, թրքական անուանումներով: Դարձեալ առանց առանձնակի ջանքերի, հէնց արեւմտահայերէնի գանձարան-բառարաններից այդ անուանումների անհամեմատ վաղ ստեղծուած, անհամեմատ բարեհնչուն հայկական հոմանիշները գտայ: Մի քանիսը թուարկեմ. թերթանուշ՝ «փախլաւա», թելահայս՝ «ղադայիֆ», հայսումիս կամ մսաշոթ՝ «լահմաջո», գլուր՝ «իչլի քիւֆթէ», եւ այլն, եւ այլն:
Վահրամ Փափազեանը պատմում էր, որ նախախորհրդային իր թիֆլիսեան հիւրախաղերին կինտոներն ամեն ներկայացումից յետոյ թատրոնի ետնամուտքում սպասում, ձիերին արձակում, իրենք էին կառքը հիւրանոց հասցնում: Ճիշտն ասած՝ դա ինձ չափազանցութիւն էր թւում:
— Վարպե՛տ, — տատամսում էի, — Թիֆլիսի կինտոները շեքսպիրեան Համլէտի, արքայ Լիրի, թէկուզ Օթելլոյի ձեր մեկնաբանութիւնները այդքան խո՞րն էին ընկալում:
— Ո՜չ, մա՛նչս, — հակադարձում էր Վարպետը, — նրանք գալիս էին, որ մի քանի ժամով կինտոյական բարբառից վերանան, մեր բիւրեղեայ հայերէնով հիանան, հպարտանան:
«Բիւրեղեայ հայերէնը» Վարպետի եզրոյթն է: Եկէք մենք էլ, ուրեմն, զմայլվենք մեր բիւրեղեայ հայերէնով, բայց նախ՝ իմանանք:
Հարստանանք ոչ թէ օտարի, ազգային՝ մե՛ր գանձերով:

«Գրական թերթ», 7 սեպտեմբեր 2020

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *