Յակոբ Կարապենցի ստեղծագործութիւնը — 2

ՆԱՆԱՐ ՍԻՄՈՆԵԱՆ

Արցախի Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախօս

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ (Ա.)
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ. — ԱՇԽԱՐՀԱՅԵԱՑՔԻ ԵՒ ՄՏԱԾՈՂՈՒԹԵԱՆ ՁԵՒԱՒՈՐՈՒՄԸ, ԿԱՄ՝ ԳՐՈՂԻ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Յակոբ Կարապենցի ստեղծագործութիւնը թերեւս կարելի է գնահատել էկզիստենցիալիստական (գոյապաշտական) մտածողութեան գեղարուեստական հարթութիւնում: Էկզիստենցիալիզմը(8) (գոյութեան փիլիսոփայութիւն) արդի բուրժուական փիլիսոփայութեան մէջ իռացիոնալիստական ուղղութիւն է, որն առաջ է եկել որպէս մի փորձ` ստեղծելու բուրժուական ինտելիգենցիայի շահերին համապատասխանող նոր աշխարհայեացք։ Առօրեայ կեանքում մարդը միշտ չէ, որ գիտակցում է իրեն որպէս էկզիստենցիա, դրա համար անհրաժեշտ է, որ նա գտնուի սահմանամերձ իրադրութեան մէջ, այսինքն՝ մահուան դէմ-յանդիման։ Ձեռք բերելով ինքն իրեն իբրեւ էկզիստենցիա՝ մարդն առաջին անգամ ձեռք է բերում եւ իր ազատութիւնը։ Ըստ էկզիստենցիալիզմի, ազատութիւնն այն է, որ մարդը հանդէս չգայ իբրեւ մի իր, որը ձեւաւորւում է բնական կամ սոցիալական անհրաժեշտութեան ազդեցութեամբ, այլ «ընտրի» ինքն իրեն, ձեւաւորի իրեն իր իւրաքանչիւր գործողութեամբ ու վարմունքով։
Աւանդոյթի բերած կաշկանդումների դիմաց գրողական «փրկութեան ճանապարհին» գոյապաշտները նախընտրում են «բացարձակ ազատութեան կարգախօսը», եւ այս հենքով էլ Յ. Կարապենցը նշում էր. «Յոյսից առաւել, նրանց ենթադաշտը գաղափարներն են՝ արտայայտուած մերթ իրապաշտ, մերթ վերացապաշտ գոյներով, սակայն միշտ մնալով գիտակցականի ու ենթագիտակցականի միջեւ ընկած ծիրում»(9)։
Գրողի գրական հետաքրքրութեան երկրորդ դաշտն արդիապաշտութիւնն է (մոդեռնիզմ)(10), որի հայկական ընդգրկումների «սահմանագլխին» նա տեսնում էր արձակագիր Յակոբ Օշականին՝ որպէս գրական բարձր երեւոյթ, իբրեւ իրական համակշիռ Ջեյմս Ջոյսին(11): Իսկ ահա ազգային գրականութեան նորագոյն զարգացումներում «ամենից հաւատացեալ» արդիապաշտների շարքում Կարապենցը տեսնում էր Վահէ Օշականին, Գրիգոր Պըլտեանին ու իրեն: Նոյն այս չափումով էլ նա իր երկու ծրագրային վէպերը՝ «Կարթագէնի դուստրը» եւ «Ադամի գիրքը», յայտարարում էր «ժամանակակից», որն իր համար արդէն արդիապաշտութեան ընդգծուած հոմանիշն էր։ Նա խոստովանում էր, որ ինքն էլ է արդիապաշտական փորձեր արել։ Օրինակ` երազի ու ներքին մենախօսութեան վերակերտման կամ ենթագիտակցական հոսանքների վերարտադրման ժամանակ Կարապենցը կէտադրական նշաններ չէր դնում, ինչպէս նաեւ չէր հետեւում երեւոյթների, պատկերների ու մտորումների հերթականութեանը։
Բնութագրական են հեղինակի սեւեռուն դիտարկումները դարի ու մարդկանց վերաբերեալ, անգամ՝ ինքն իրենից խորթանալու խնդրի շուրջ: Անցեալ դարի ութսունականների երկրորդ կէսին գրուած փորձագրութեան մէջ նա խոստովանում էր, որ ինքնախաբէութեան մէջ է ընկել, քանի որ բառը, որը նա փնտռում է, չկայ: Կայ միայն իր աքսորը, որը քաղաքական հիմք ունի: Եւ դա նաեւ մարդ լինելու աքսորն է, մարդու ներքին աքսորը: Եւ նա ուրիշ ելք չունի եւ այլեւս ինքը` ինքը չէ: Նոյն գրքում, բառի որոնման պատկերի իմաստաւորումը մահուան ու աքսորի խաղարկումների շուրջպարի մէջ կրկնւում է։ Եւ կարեւոր էլ չէ՝ հեղինակը որ յորձանքում է իրեն «հրաշալի» կամ «անկատար» զգում՝ ամերիկեան, թէ՞ հայկական գոյավիճակներում։ Չմոռանանք, որ հեղինակը ոչ պատահական զուգադիպութեամբ գիրքը կոչել է «Անկատար»։ Անկատարը կեանքն է, երազը, քանի որ կատարեալին չի հասնում «բառը». հոգու «աքսորը» չի յաղթահարւում։ Կատարեալը «հոգեհանգիստն» է, որը հեղինակը դարձրել է իր այս վերջին խոհագրութեան խորագիրը. «Նորից կրկնուած խօսքեր, կրկնուած քաղաքներ, կրկնուած ցաւեր, որոնք կրկնուելով այլեւս բթացել են։ Դու երբեք չիմացար բացարձակը։ … Բացարձակից այն կողմ ոչինչ կայ, որ բացարձակը է կամ չէ։ Ասա, կա՞յ բառը։ Եթէ չկայ, ինչպէ՞ս ասել բառը։ Ճշմարտութեան մասին չէ խօսքը, այլ բանի, որ լինի ըստինքեան, որ լինի լինելութիւն»(12)։
Խօսքը, որի մասին քանիցս ակնարկում էր Կարապենցը, առարկայական չի թւում. խօսքը կամ բառն արուեստագէտի համար միջավայրի ու անցեալի կենսական հանդիպադրումն է՝ ազգայինի ու համազգայինի խաչուղիներում, խօսքը մարդու մէջ եւ գեղարուեստական հանգոյցներում մարդկայինի տեղը ճշտորոշելու գերխնդիր է, ուր պատրաստի պատասխաններ չկան։
«Մարդկայինի տեղը», իբրեւ գեղարուեստական յանձնառութիւն, առհասարակ փոխում է Յ. Կարապենցի քննութեան ազգային անկիւնագիծը դէպի մարդը, ով եւ դառնում է նրա գրականութեան հաւաքական հերոսը՝ լինի ամերիկացի, թէ հայ, արաբ, թէ թուրք, ինչը որեւէ նոր բան չի փոխելու հարցադրումների ուղղութեան մէջ: Այդտեղ ազգային գերակայութիւն կամ գնահատութեան զեղչում չէք գտնի։ Այդ առումով յստակ է գրողի մօտեցումը. «Այսօր կանգնած ենք 21-րդ դարի շեմին: Հայ գրականութեան սպասարկելուց առաջ՝ գրականութեա՛ն պէտք է սպասարկել: Հայ լինելուց առաջ՝ մարդ պէտք է լինել: Կրկնում ենք: Լեզուն ըստ ինքեան արդէն բնորոշում է ազգային պատկանելութիւնը: Եթէ ամերիկահայ գրականութիւնը վաւերական պիտի լինի, ապա այն պիտի արտացոլի ամերիկահայ ներկա՛յ կեանքը, անկեղծօրէն ու համարձակօրէն ու նաեւ դաժանաբար»(13), ինչը, ի հա՛րկէ, գրողին կարող է լիակատար հնարաւորութիւն ընձեռել «ընթրիքի նստել օտարների հետ»(14):
Ահա թէ որն է Կարապենցի գեղագիտական դաւանանքի հիմքը, որից եւ ծնունդ առնում համաշխարհային գրականութեան հետ համաքայլ գնալու նրա բուռն ձգտումը։ Դրա մէջ մենք տեսնում ենք իր իսկ ստեղծած գրականութեան հանդէպ գրողի ներքին հպարտութիւնը։ Հեղինակը յաճախ իր ստեղծագործական դաշտում ներգրաւել է օտար մարդկանց կերպարներ՝ «անծանօթ հոգիներ», բայց եւ միաժամանակ զգուշացնում էր, թէ երբեւէ նպատակ չի ունեցել դիմելու օտարագրութեան գայթակղութեանը, թէեւ, ինչպէս վկայել է Մինաս Թէօլէօլեանը, «…անգլերէնով հրատարակուող ամերիկեան հանդէսներու մէջ ունի բանաստեղծութիւններ, պատմուածքներ եւ գրական-գրադատական ակնարկներ»(15): Նրա հերոսներն «օտարութեան» տառապանքը կիսող մարդիկ են՝ անկախ ազգութիւնից, սակայն մի էական չափով՝ հայկական բնաւորութեան գծերով։ Կարապենցը պնդում էր, որ ինքը երբեք կախում չի ունեցել ամերիկեան պատմութիւնից ու մշակոյթից: Ամբողջովին կախում չի ունեցել նաեւ հայոց պատմութիւնից ու մշակոյթից: «Թերեւս ես ու ինձպէսները հանդիսանում են սփիւռքահայ նոր տիպարը, որը շփոթի է մատնում բոլորին: Հիմա Նիւ Եորքն իմ ընտանիքի շարունակութիւնն է…: Այսքանը գիտեմ, որ լրիւ ամերիկացի չեմ զգում ինձ եւ չեմ կարող ամերիկեան գրականութեան մաս կազմել»(16)։ Արձակագիրն այս գաղափարը խտացրել է անցեալ դարի 1975-ին գրած «Նոր աշխարհի հին սերմնացանները» ժողովածուի պատմուածքներում, որի խորագիրը յուշում է, որ հեղինակի մտահոգութեան առանցքը մնում է հայի հոգէաշխարհի բացայայտումն օտար ափերում: Այս տեսանկիւնից խնդրին մօտենալու դէպքում, տեսնում ենք, որ ներքին աղերսներ կան Յ. Կարապենցի եւ Վ. Սարոյեանի մօտեցումներում: Դա երեւում է նաեւ Կարապենցի բարձր գնահատականից. «Ֆրէզնոյի մեծագոյն ու անառարկելի արքան մնում էր Ուիլեամ Սարոյեանը — Գրչի Թագաւորը, որը ոչ միայն հայութեանը ճանաչում պարգեւեց ժողովուրդների այս հոծ խառնարանում, այլ նաեւ Ֆրէզնոյի անունը դրեց քարտէսի վրայ: Իսկ աւելի լայն առումով՝ Սարոյեանն էր, որ Հայաստանի մարմինն ու ոգին դրոշմեց համաշխարհային գիտակցութեան անջնջելի պաստառի վրայ»(17):
Մէկ այլ դերակատարութիւն էր վերապահում Յ. Կարապենցը սփիւռքահայ գրականութեան արժեւորմանը՝ այն դիտելով իբրեւ ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային գրականութեան բաղկացուցիչ: Յ. Կարապենցը խօսքի ոճական նորարարութեան, իւրովի ասելաձեւի կողմնակից էր: Բարձր գնահատելով ազգային ու տոհմիկ գրականութիւնը՝ նա ընդգծում էր, որ հէնց ազգայինից է գրողն անցնում համամարդկայինին: Այս հենքով նա նկատում էր, որ հայ կեանքը պատկերող յաջողուած որեւէ պատմուածք կամ վէպ արժանանում է համընդհանուր ուշադրութեան, եթէ նրանում խորն է համամարդկային կենսահողը:
Գրողը գտնում էր, որ ժամանակն է հասունութեան, որդու ու մօր միջեւ մտքերի եւ գաղափարների ազատ փոխանակման: «Որդի ու մայր» յարաբերութիւնը ենթադրում է ոչ միայն Հայրենիք-Սփիւռք շերտերի կարգաւորման նոր փորձ, այլ առաւելաբար՝ ազգային եւ համաշխարհային քաղաքակրթութիւնների գրամշակութային փոխներթափանցումի հայեցակարգային պահանջ։
Յակոբ Կարապենցի գեղարուեստական «ուրոյն աշխարհն» ամբողջացնում են «Անծանօթ հոգիներ» (Բէյրութ, 1970), «Նոր աշխարհի հին սերմնացանները» (Վաշինգթոն, 1975), «Միջնարար» (Նիւ Եորք, 1981), «Ամերիկեան շուրջպար» (Նիւ Եորք, 1986), «Անկատար» (Նիւ Եորք, 1987), «Մի մարդ ու մի երկիր» (Ուոթերթաուն, 1994) պատմուածքների ժողովածուները, «Կարթագէնի դուստրը» (Բէյրութ, 1972), «Ադամի գիրքը» (Նիւ Եորք, 1983) վէպերը եւ «Երկու աշխարհ» փորձագրութիւնների ժողովածուն (Բոստոն, 1992):
Անցեալ դարի 70-80-ական թուականներին, մէկ տասնամեակի ընթացքում, Յ. Կարապենցն ընթերցողի սեղանին դրեց երկու վէպ՝ «Կարթագէնի դուստրը» (1972) եւ «Ադամի գիրքը» (1983)։ Երկուսում էլ հեղինակի մտորումներն են ազգային ճակատագրի շուրջ: Առաջինն օտար «լուսանցքների» մէջ դեգերող հայկական միտքն է՝ «աւանդականից» խուսափող, բայց միշտ՝ նրա «միջանցքներից» կառչած։ Երկրորդում ազգային «վրիժառու հոգեբանութեան» շարունակական ընթացքների «արդար» (հայկական պատուհան) կամ «անարդար» (միջազգային ընկալման դիտանկիւն) նախահիմքերի քննութեան ճիգն է։ Երկւութիւն, որ հակասական ժամանակի ողբերգութեան ծնունդն է, որի մի բեւեռում հայի մխացող ճակատագիրն է՝ իբրեւ ապրում ու գոյութիւն, միւսում՝ Եղեռնի քաղաքական մոռացման սարսուռը, աշխարհի սառն անտարբերութեան ուղղակի հետեւանքը:
Յ. Կարապենցի ստեղծագործութիւններում հայկական կեանքը եւ մարդը փոխլրացնում են իրար տարաբնոյթ եւ նոյնակերպ երեսակներով: Նրանք փորձում են գոյատեւել համընդհանուր քաոսի մէջ, ճանաչել պատմութիւնն ու բնազդը եւ դիմակայել ժամանակի քմայքներին։ Հեղինակը ծրագրում էր գրել «Ադամ Երկրորդի գիրքը» վէպը, նոյնիսկ, ինչպէս վկայում էր Մարգար Շարապխանեանը, «…զայն սկսած էր գրել…։ Անոր մասին միայն կը խօսէր ինծի։ Վէպ մը պիտի ըլլար ան, որ անկեղծ մօտեցումներով, իր իսկական կեանքն ու իր ապրած շրջապատը պիտի տար մեզի՝ իր թաքուն ծալքերով, առանց քօղարկումներու։ «Այս գրուելիք գրքիս մէջ անձս բզիք-բզիք պիտի անեմ», — կ՚ըսէր ան յաճախ ինծի։ Բայց ուրիշ գործերու նման այս «բզիք-բզիք»ն ալ չհասաւ գրելու։ «Վաղուան գրելիքս աւելի կարեւոր էր լինելու», ըսաւ ու գնաց…։ Ու ՎԱՂՆ ալ իր հետը տարաւ»(18)։
Յակոբ Կարապենցը, ինչպէս նկատել է Մինաս Թէօլէօլեանը, ստեղծել է «անմիջական գրականութիւն»: Մեկնակէտային այս գնահատականը տարածւում է անցեալ դարի կէսերից մինչեւ գրողի մահը ձգուող գրական մտածողութեան վրայ: Ամերիկահայ գրականագէտը հասցնում է մշակել արժեւորման նուրբ տեսութիւն, ըստ որի ամերիկահայ գրողները եւ ի շարս որոնց՝ Ա. Արփինէն, «թանձրօրէն հայ մնալով հանդերձ …առնուազն անտարբեր չեն հանդէպ միջավայրին»(19), այսինքն՝ բացում են նաեւ ամերիկեան «շուրջպարը»։ Նա, ելնելով արձակագրի առաջին երեք գրքերից՝ վէպ եւ պատմուածքներ, նրան համարում է «ոգեպաշտ մը»՝ «ու նո՛յնքան մարդ էակի արժանաւորութիւնը հանգանակ դաւանող մտաւորական մը»(20), որի հաւաքական հերոսի իմացական դաշտում «տիպարները կ՚ապրին հայուն երկուութիւնը, — քաղաքացիական մարդուն եւ անխորտակելի հայուն ներքին պայքարով»(21)։
Բանաստեղծ Թորոս Թորանեանն արժանւոյն է գնահատել Յ. Կարապենցի իրական ներկայութիւնը հայ գրականութեան նորօրեայ ընթացքում: Նա զգալի աշխատանք է կատարել, կէտ առ կէտ վերաշարադրել «հում» նիւթը՝ շեշտադրելով գնահատութեան իր էապէս կողմնակի «շօշափելիները», սիւժէից գաղափարին անցնելու ճանապարհները։ Թ? Թորանեանն ընդհանրացնում է, որ Կարապենցի համար գրողը յաւիտենական ըմբոստն է, իր ժամանակի ու ժողովրդի խիղճը։ Կարապենցի համար գրականութիւնը բարոյախօսութիւն չէ(22)։
Բանաստեղծուհի Վեհանոյշ Թեքեանը (ԱՄՆ) գրականագիտական յօդուածների մի ամփոփ գրքով անդրադարձել է սփիւռքահայ գրականութեանը, որտեղ Յ. Կարապենցին յատուկ տեղ է յատկացնում: Նա եզրակացնում է, որ փորձաքարն օտարն է, եւ Կարապենցը միակն է, որ կարողանում է լիովին ընդունել եւ ըմբոշխնել օտարի ներկայութիւնը: Ընդ որում՝ «Կարթագէնի դուստրը» վէպում օտարի հետ շփուելու սիւժէտային եզրաբանութիւնը բանաստեղծուհին տեղափոխում է բարոյագիտական այլաբանական հարթակ. «Օտա՛րն» է, որ տնօրինում է ճակատագրերը, անգամ նոյն անձի երկու տարբեր դիմագծերը բարդոյթների բաժանման հատու գծեր ունեն, անգամ ֆիզիքական կապը սիրող էակների միջեւ։ Ասել է թէ՝ «երկրորդ աշխարհ» դարձած օտարին ընդունելու խնդիրը դառնում է անփոփոխ հարցադրում Յ. Կարապենցի տարաշերտ գործերում։ Աւելին՝ «Ժամադրութիւն» պատմուածքի հերոսուհի Անահիտի ձգտումը դէպի «երկրորդ աշխարհ» այդպէս էլ մնում է փորձաքար, որը հայ հերոսուհին յաղթահարել չի կարողանում ու Մետրոպոլիտենի յայտնի երգչի ննջասենեակից փախչում է դէպի աւանդական բարոյական կացութիւն։ Վ. Թեքեանը պատմուածքի հանգուցալուծումը դիտում է իբրեւ ազգային բնազդի գիտակցուած յաղթանակ, «որ մէկ հայուհիի իսկ արտօնութիւն չի տար օտարին հետ սիրաբանելու»(23)։ Հակառակ գործօնը բնական է համարում գրողը, թէեւ այդ տեսակէտը Թեքեանը չի կիսում իր դիտարկումներում։
Արձակագիր եւ «Բագին»-ի նախկին խմբագիր Յակոբ Պալեանը (Ֆրանսիա) մեր օրերում շարունակում է իր պայքարը լեզուական նահանջի, ուծացման եւ այլասերման դէմ: «Ազդակ»-ի էջերում նա դիմում է Յ. Կարապենցի փորձագրութիւններին եւ «Ադամի գիրքը» վէպին: Սփիւռքի ընթերցողին իր տրամադրութիւններով տոգորելու համար, նա նոյնացնում է Յ. Կարապենցի եւ նրա հերոս Ադամ Նուրեանի մտածողութիւնը («…ինքնութիւն կ՚ուզէ պահել խելառ մաքառումով, դրժումներու հոսքին մէջ»)(24)։ Վտանգը նա տեսնում է այլասերման շարունակական քայլերի մէջ։
Յ. Կարապենցի հարցադրումների մէջ, ըստ Յ. Պալեանի, երկրորդ թիրախն արդէն օտարագրութիւնն է։ Նա ծառանում է այն մտայնութեան դէմ, թէ իբր ծագումով հայ օտարագիրները հայկական նիւթն աշխարհին մատուցելու առաքելութիւն են իրականացնում։ Գուցէ խիստ է թւում, բայց ուշադիր աչքը որսում է Յ. Պալեանի անհանգստութիւնը. «Երբ օտարագրութիւնը կը համարուի նորարարութիւն, օտարագիրը եւ անոր ջատագովները կը դառնան ինքնութեան կորուստը տնտեսողները, նոյնիսկ երբ կը ներկայանան, օրինակ, «հայասէր»ի դիմակի խաբէութեամբ։ Այս՝ Հայաստան եւ բազմագոյն սփիւռքներ»(25)։ Մենք համաձայն ենք Յ. Պալեանի այն տեսակէտին, թէ Հայաստանում օտարագիրներին ընդունում են միայն գրքերի փաստով՝ առանց «զատումներու», առանց «մաղի»։
Հայաստանում Յ. Կարապենցին գնահատողների մէջ արժէ առանձնացնել Հրանտ Թամրազեանին, ով գրողի մահից մէկ տարի առաջ գրուած «Կարապենցի աշխարհը» յօդուածում(26) արժեւորել է նրա գեղարուեստական վաստակը՝ շեշտը դնելով հիմնականում արծարծուող խնդիրների բազմազանութեան վրայ: Նրա հայեացքի մէջ «…Կարապենցը որոշ առումով տարբերւում է Սփիւռքի նախորդ գրողներից, որոնք ամբողջովին խորասուզուած էին անցեալի հայ կեանքի եւ «մնացորդաց» թեմայի մէջ, նկատելի չափով էլ դիմադրում էին «օտար» թեմաներին…։ Աւելի ճիշտ՝ արուեստագէտը ձգտում է գտնել այն տեղը, որ գրաւում են հայկական սերունդներն ամերիկեան իրականութեան մէջ, հետեւում է կեանքի ընթացքին ու վերափոխումներին, բնականաբար, նաեւ նորագոյն խաչաձեւումներին»(27)։
Ընդհանրական գնահատութեան մէջ Հր. Թամրազեանն ունի ենթախորք, որով փորձում է բացել Սարոյեան-Կարապենց գրական առնչութիւնների ծալքերը։ Բանն այն է, որ Վ. Սարոյեանը Յ. Կարապենցին շարունակ յորդորում էր «բացուել» ընթերցողին անգլերէն, քանի որ հայերէն կարդացողները քիչ են։ Այս առումով արժէ անդրադառնալ հրապարակագիր Մարգար Շարապխանեանի հետեւեալ մեկնութեանը. «Կարապենց, ճիշդ է որ ամերիկեան մամուլին մէջ փորձեր կատարած էր՝ օրուան պատշաճ քրոնիկներ ու կարճ պատմուածքներ ուղարկելով անոնց։ Իսկ Համաստեղ, որուն հանդէպ (Յ. Կարապենց — Ն.Ս.) մեծ հիացում ունէր, անընդհատ ու բուռն կերպով կը թելադրէր, Կարապենց շուտով անդրադարձաւ, թէ ինք հայ գրող էր, եւ թէ ամերիկեան գրականութիւնն իրեն պէտք չունէր, եւ ոչ ալ ինք ամերիկեան գրականութեան»(28)։
Միանգամայն տրամաբանական է, որ Հայաստանի գրականագիտական միտքն առաւել ջանասիրութեամբ հակւում էր Յ. Կարապենցի ամերիկահայ հերոսների մէջ «կեանքի լեզուն» ու ոգին, կշռոյթը, ընթացքն ակներեւ դարձնելու գրողական եղանակին։ Հր. Թամրազեանը նրան է վերապահում մասնաւորապէս հայ «սերմնացանների կենսական ուժը, …ցեղի յատկանիշները պահելու»(29) զօրութիւնը՝ թէկուզ բնաշխարհից դուրս, թէկուզ Ամերիկայում: Հայապահպան գլխաւոր ուղղութիւնը նա ինքը դիտում է իբրեւ «խորհրդաւոր իրողութիւն» եւ գտնում է, որ հայրենիքից ու հողից հեռու՝ նրանք տարերայնօրէն կազմում են նաեւ ինքնապաշտպանական բջիջներ, եւ համայնքների տարերքը ձեւաւորուելով այդ կենդանի բջիջներից՝ ստեղծում է պաշտպանական կայուն շերտեր։ Անխարդախ գրիչը պատկերների մէջ հաստատում է այդ խորհրդաւոր իրողութիւնը(30)։ Հայ մնալու ջիղը, «տարերային ինքնապաշտպանական բջիջները», Նոր աշխարհում անգամ գալիս են ազգային յարատեւող առասպելական շնչի շարունակական գիտակցութիւնից։ Ընդհանրացնելով իր միտքը, Հր. Թամրազեանն ընդգծում է, որ Կարապենցին լիովին յաջողւում է արուեստի լեզուով խօսել ե՛ւ Սփիւռքի, ե՛ւ ամերիկեան կեանքի մասին: Ըստ Թամրազեանի՝ նա կանգնած է մի մակարդակի վրայ, որը բնաւ չի զիջում ո՛չ ամերիկեան գրականութեան ժամանակակից որակին, ո՛չ էլ ժամանակակից հայ գրականութեան ճշմարիտ նուաճումներին։
Գրականագէտ Սերգէյ Սարինեանը եւս առանցքային հարցադրումների է դիմել գրողի տիպաբանական համակարգի քննութեան շրջանակում` հայրենիք-սփիւռք յարաբերութիւնները դիտարկելով համաշխարհային զարգացումների մէջ: Նա նկատում է, որ մենք տարիներ շարունակ նախապաշարուել ենք դիդակտիկ-սիրողական պատկերացումներով յօրինաբանուած իռացիոնալ հայրենասիրութեամբ(31)։
Սերգէյ Սարինեանն իր «Յակոբ Կարապենցի «Կարթագէնի դուստրը» եւ «Կարապենցի դասերը» յօդուածներում հանգամանօրէն անդրադարձել է գրողի խորհրդանիշների համակարգին՝ արժեւորելով մտածողի ու գեղագէտի թողած զուգահեռ հետագծերը: Նրա տեսաբանական շահագրգիռ որոնումները հնարաւորութիւն են ընձեռում վերակառուցելու Յ. Կարապենցի գեղարուեստական աշխարհը՝ ըստ գեղագիտական երկշերտ մեկնութեան, երբ «ազգային մօտիւի» գերակայութեան բնաբուխ ձգտումը բախւում է «օտար սիւժէների փորձառական հրապուրանքին» ու շարունակում է «զուգահեռ ընթանալ նրա (գրողի — Ն.Ս.) ներաշխարհի մէջ»(32)։ Գրականագէտը կարեւորում է Յ. Կարապենցի առաջադրած հիմնադրոյթը, նշելով, թէ այլ ձեւով հայ կեանքից «հեռացման» ու «վերադարձի» հարց չկայ։ Հերոսների կերպարների վերլուծութեան ընթացքում Սարինեանը հետամուտ է «իրականութիւնից զատ աներեւոյթ մի ենթակեանքի, ուր իրերի տրամաբանութիւնը գիտակցւում է բնազդների նախազգացումով»(33)։ Մեր կողմից նկատենք, որ նոյն զուգահեռի վրայ են Ալմիրայի հմայքի աշխարհում գտնուող բոլոր տղամարդ հերոսները՝ առանց ազգային խտրականութեան եւ առանց տարորոշումների՝ նա հայ է, թէ զտարիւն ամերիկացի:
Ելնելով փորձագրութիւնների ենթաժանրի ամերիկեան իրականութեան տրամաբանութիւնից՝ Յ. Կարապենցն ուշադրութիւնը սեւեռել է իրեն անհանգստացնող հայ գրական «աւանդապաշտ բնաւորութեան վրայ», ինչի հետեւանքով այն «գրեթէ անարձագանք մնաց գոյապաշտութեան «գիտակցուած իւրացումի» հանդէպ»։ Այդ «անհանգստութիւնը» հայրենի գիտնականի համար արդէն դառնում է տագնապի ահազանգ, քանի որ «բնութագրումն ակնարկում է այն անհամաչափութիւնը, որ առկայ էր ազգային գեղարուեստական մտածողութեան եւ դարաշրջանի գեղապաշտ շարժման միջեւ»(34)։ Հէնց այստեղ է Ս. Սարինեանը տեսնում իր իսկ բառով՝ «Կարապենցի յայտնութիւնը», նա իր իմացական զօրութեամբ զգալիօրէն յաղթահարում է մեր գրականութեան «բաց բնագրերի» սիւժէների ետընթաց արագութիւնը՝ ներուժ հաղորդելով նիւթի եւ գաղափարի ընկալման ու մատուցման միջոցներին ու ձեւերին։ Նա եզրակացնում է, որ սա Կարապենցի արուեստի ուժն է՝ ի հեճուկս նրա երկերը ռէալիստական հարթութեան վրայ դիտող եւ ըստ այդմ հոգեբանական կամ ոճական ինչ-ինչ «թերութիւններ» նշմարող որոշ քննադատների(35)։
Ուշադիր աչքն անմիջապէս նկատում է որոշակի անհամաձայնութիւն Հր. Թամրազեանի եւ ելակէտային միւս դիտարկումների միջեւ՝ գրողի իրապաշտական հակումների կամ հոգեբանական ու ոճաբանական իւրօրինակ ընդգրկումների վերաբերեալ: Եւ այդ «անհամաձայնութեան» մէջ է Կարապենցի «յայտնութեան» խորհուրդը։
Գրականագէտ Դաւիթ Գասպարեանի համար ամերիկահայ արձակագրի փիլիսոփայական ու գոյապաշտական հակումներն ուղղութեան էկզիստենցիալ խնդիր կարծես թէ չեն էլ ենթադրում. այդ «հիմնաշերտով հանդերձ՝ Յ. Կարապենցը մարդո՛ւ գրող է, որ նոյնն է թէ՝ կեանքի՛ գրող»(36)։ Ապա Դ. Գասպարեանն անդրադառնում է հեղինակի ծրագրային թուացող այն մտքին, ըստ որի, Կարապենցի մտասեւեռումը միշտ էլ եղել է մարդը։ Նկատի պէտք է ունենալ, որ այս պարագայում սահմանազատուած չեն ուղղութիւնների իրապաշտ եւ վիպապաշտ կենսադաշտերը։
Որոնումները Դ. Գասպարեանին յաճախ բերում են ոճերի վերարժեւորման արդիւնաւորութեան(37)։ Ինչ վերաբերում է գրողի անգլերէնին դիմելու հրապոյրին, գրականագէտն այն կարծիքին է, որ Յակոբ Կարապենցը դիմացաւ գայթակղութեանը եւ մնաց որպէս խորապէս հայ գրող, որպէս XX դարավերջի սփիւռքահայ գրականութեան առաջնորդ(38)։
Կարծում ենք՝ Դ. Գասպարեանը ճիշտ է վարւում, երբ Յ. Կարապենցին վերապահում է այն դերակատարութիւնը, որն ունեցաւ Պարոյր Սեւակը ներհայաստանեան գրական միջավայրում. «Իր գեղարուեստական արձակով եւ գեղագիտութեամբ Յ. Կարապենցը Պ. Սեւակի բարենորոգչական ծրագրերի զուգահեռ արտայայտութիւնն է: Նոյնն է նրանց հայեացքի ուղղութիւնը, ինչն էլ պայմանաւորեց նրանց առաջքայլը հայ գրականութեան աւանդական շրջագծից դուրս»(39):
Գրականագէտ Վազգէն Գաբրիէլեանը մէկ այլ մեկնակէտից է մօտենում Յ. Կարապենցի ստեղծագործութեան գաղափարական ու գեղարուեստական առանձնայատկութիւններին: Նրա դիտարկմամբ Կարապենցի արձակում առաջին գծի վրայ «անծանօթ ու մենակ հոգիների դրաման է»(40)։ Ի տարբերութիւն Պ. Սեւակի հետ կապերի յայտնութեան, նա վերլուծութեան մէջ ձգտում է զուգահեռ պահել Վազգէն Շուշանեանի ստեղծագործական աշխարհի հետ՝ հայրենիքի տիրական պահանջի հաւատարմութեամբ(41)։ Ընդ որում, «ահռելի մենութիւնից» ազատուելու ելք չէ նաեւ Հայաստանը, ուր, ինչպէս նկատում է Վ. Գաբրիէլեանը, Կարապենցն ու ազատութեան վարժուած նրա հերոսները պարզապէս «հոգեւին կը մեռնէին»։
Գրականագէտը ժանրային տարաբաժանման մէջ նկատելի առաւելութիւն է տալիս պատմուածքներին՝ գտնելով, որ հեղինակի «երկու վէպերը, անշուշտ, նոր աշխարհ չեն ստեղծում պատմուածքների կողքին, … այլ փորձ են վիպական կառոյցի մէջ ներառել … ամբողջական հատուածներ»(42), որը նշանակում է, թէ վէպերի մէջ տեսնում է պատմուածքների ժանրային ու տարերային նախահիմք։
Յակոբ Կարապենցի ստեղծագործութեանը խորքով անդրադարձել է նաեւ Անահիտ Քեշիշեանը(43)՝ քննական հայեացքի կենտրոն բերելով գրողի բարոյափիլիսոփայական ըմբռնումների համակարգը՝ փորձելով բացայայտել նրա գրական աշխարհի բնորոշ գծերն ու գեղարուեստական առանձնայատկութիւնները:
Յ. Կարապենցին անդրադարձել են նաեւ Սէյրանուհի Գեղամեանը, Արա Ղազարեանցը, ով դարավերջին կազմել է գրողի մատենագիտութիւնը, Խորէն Արամունին(44) եւ ուրիշներ:
Ամերիկահայ գրականագէտ եւ պատմաբան Ռուբինա Փիրումեանն ուշագրաւ մի նոթ ունի, ուր գրում է. «Կարապենցն իր կեանքի մեծ մասը, աւելի քան կէս դար, ապրեց ու ստեղծագործեց Ամերիկայում: Նրա գրականութեան անբաժանելի մասը դարձաւ Ամերիկան՝ ֆիզիքական, հոգեկան, թէ՛ բնազանցական: Բայց Ամերիկան մնաց լուսանցքային, չկարողացաւ տիրել նիւթին: Հայրենիքը, չտեսած Հայաստանը կառչած մնաց նրա երեւակայութեանը ու դարձաւ փորձաքարը նրա ինքնութեան»(45): Վերջին միտքը, յիրաւի, ճիշտ է. Ամերիկան նրան գերեց, բիւրեղացրեց, բայց արդեօ՞ք, Ամերիկան մնաց լուսանցքային, արդեօ՞ք այդպէս էլ չտիրեց ամերիկեան նիւթին։ Նա մահացել է պատնէշի վրայ իբրեւ հայ արձակագիր:
Սա է Յ. Կարապենցի երբեմնի հայրենակից Ռ. Փիրումեանի մօտեցման իւրայատկութիւնը, բայց մեզ թոյլ ենք տալիս չհամաձայնել Ռ. Փիրումեանի տուեալ մօտեցմանն այն պնդումով, որ ընդհակառակը, գրողը ոչ միայն իւրացրել էր օտար բարքն ու հոգեբանական նկարագիրը, այլեւ գրական այլազան ուղղութիւնների յորձանուտում էր՝ արդիապաշտութեան, աբսուրդի, էկզիստենցիալիզմի սկզբունքների խորագնայ իւրացումով։ Աւելորդ չէ նշել, որ Յ. Կարապենցի գրական հայեացքները մի էական չափով ձեւաւորուել են 50-ականներին լայն տարածում գտած «բիթ» սերնդի (բիթնիկ) նոր գաղափարական դաշտի ուղղակի ազդեցութեամբ: Վստահաբար, Ռ. Փիրումեանի այս մօտեցումը գալիս էր գրողի` հայրենիքին փարուած լինելու առաջնային պաշտպանութիւնից, որը գրականագէտի համար արդարացուած, ընդունելի գաղափար է, անգամ աւելին է, քան գրողական անուրանալի տաղանդը: Մինչդեռ գրական նախընտրութիւնների համակարգման ճանապարհին պէտք է առաջնորդուել հէնց Յ. Կարապենցի մեկնական վերաբերմունքով: Շարունակելով մնալ ամերիկեան, միջազգային գրական հետաքրքրութիւնների ոլորտում, այդուհանդերձ, ազգայինը նա առաջնային է համարում, գտնելով, որ օտարագիր գրականութիւնը հրապոյր է, որը նրա կողմից սկզբունքօրէն մերժելի էր: Մինչդեռ, ինչպէս ինքն է նկատում` Հայաստանի գրական եւ ակադեմիական շրջանակները գրաւուած են նրանով շատ աւելի, քան սփիւռքահայ գրականութեամբ. «Մենք մեր արիւնով ու քրտինքով ջանում ենք հերքել Շահան Շահնուրի նահանջական գաղափարը, իսկ նրանք՝ Հայաստանի գիտութիւնների ակադեմիայի Մ. Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտն ու Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը միասնաբար նիստեր են գումարում եւ տենդենցիոզ եզրակացութիւնների յանգում։ Ինչե՜ր են ասում» («Ամերիկեան շուրջպար», էջ 109)։ Իր կարծիքով, հայրենի գրական քաղաքականութիւնը վեր չի կանգնել, վեր չի դասուել «կուսակցական ու գաղափարական նկատառումներէ» (Նոյն տեղում)։ Ինչ վերաբերում է հայկականի (հայրենական թէ սփիւռքեան) եւ համամարդկայինի «իրարու հաշտեցման կամ դաշնութեան» ուղիղ հարցին, ամերիկահայ արձակագիրը շեշտադրում է գրական երկի գեղարուեստական մակարդակի անհրաժեշտութիւնը, ուր տեղ չի կարող լինել ենթակայութիւններին կամ «ազգային բացառիկութեան» պայմանականութիւններին. «Իրականութեան մէջ, — պատասխանելով Դետրոյթում ապրող նախկին պոլսահայ Սեդա Ծաղիկեան-Տեմիրճեանի հարցախոյզին՝ անկեղծանում է իր ամերիկեան ջիղին ամուր կառչած գրողը, — ազգային կամ համամարդկային գրականութիւն չկայ։ Կայ գրականութիւն… Չէ՞ որ հայը բաղկացուցիչ մէկ անդամն է համաշխարհային ընտանիքի։ Ազգային կոլորիտը գեղեցկացնում է ընդհանուր մարդկութեան դիմագիծը»(46)։
Նշենք, որ Յ. Կարապենցը խորհրդային տարիներին մի քանի անգամ եղել էր հայրենիքում եւ նկատելիօրէն դժգոհ էր մնացել այդ այցերից: Ընդ որում՝ առաջին երկու այցերն իրեն մի տեսակ պարտադրուած էին թւում. «Երկու առիթներով եղել եմ Հայաստանում, ոչ որպէս այցելու, այլ աւելի վատ, որպէս ամերիկեան կառավարութեան ներկայացուցիչ՝ մշակութային փոխանակման ծրագրերի առնչութեամբ (ամերիկեան այլ խմբագիրների կարգին, 1973-ին — Ն.Ս.)։ Երկու դէպքում էլ սահմանափակ են եղել շարժումներս թէ՛ գործի եւ թէ՛ պաշտօնական հանգամանքիս բերումով» («Ամերիկեան շուրջպար», էջ 125):
Այդ շրջանում՝ անցեալ դարի 70-80-ական թուականներին, զգալի կաշկանդուածութիւն կար հայրենական գրամշակութային շփումների, նաեւ տեսարժան վայրերն ըմբոշխնելու առումով։ Իր համար Արարատը տեսնելն աշխարհընկալման պէս մի բան էր՝ քաղաքակրթութիւն կամ մշակոյթ, ինչի հիմնաւորումները պարզում է «Երբ Հայաստան գնաս, բարեւ տար Արարատին» նոթագրութեան մէջ, որը նոյնպէս զետեղուած է «Ամերիկեան շուրջպար» գրքում։
Ուշագրաւ են արձակագրի քաղաքական հայեացքների այն ամփոփ բնութագրերը, որոնցով նա բացում է յատկապէս Հայաստանի մտաւորականութեան, գրողների ընկալումների յարաբերական խեղճութիւնը, գաղափարական նստուածքներից մնացած կաշկանդումները։ Զուսպ է հրապարակագիրը, նրանց անդիմութեան դիմաց նկատելի հիասթափութեան ընդգծումով, բայց եւ կարեկցանքով ու այն բանի ըմբռնումով, որ նրանք բարդոյթաւորուած են խորհրդային գրաքննութեամբ: Մասնաւորապէս, «Նիւ Եորք Թայմզ»ի թղթակից Մերի Ահարոնեանի(47) հետ զրոյցի ակնարկները շատ թափանցիկ են եւ շեշտում են նրա դժգոհութիւնները խորհրդային գրաքննութեան կամայականութիւնների կապակցութեամբ:
Չմոռանանք, որ խորհրդային իշխանութիւնների վարած քաղաքականութեան արդիւնքում Յ. Կարապենցի գրականութիւնն իր հերթին երկար տարիներ անծանօթ մնաց հայրենի ընթերցողին: Մինչդեռ նրա բազմաթիւ յօդուածների ու գրական երկերի մէջ մշտապէս հնչել է ճշմարիտ, զգաստ ու սթափ խօսքը մեր երկրի ու հասարակութեան մասին: Արդիւնքում` հայ գրողն արգելուած հեղինակ է եղել մայր հայրենիքում: Այդ տարիների սահմանափակ, միակողմանի չափանիշները Յ. Կարապենցին դուրս թողեցին հայ գրականութեան ընդհանուր հոսանքից: Այսպէս՝ «Ադամի գիրքը» վէպի հերոսը մերժում է առարկայացած, օտար կեցութեամբ շնչող հայրենիքի կանչը, չի հաւատում նրա ազգային բացարձակութեան նշանների ամբողջութեանը. «Ո՛չ, ԿիրակոԲս, այդ կանչը թող ուրիշները լսեն, ինձանից խէր չկայ, մէկ էլ տեսար` եկայ ու քանդեցի, մէկ էլ տեսար` եկայ, ու ինձ քանդեցին, մէկ էլ տեսար` ունքը շինելու փոխարէն` աչքը հանեցի, չէ՞ որ ես երդուեալ հակապետական եմ, մէկ էլ տեսար` Լեռնային Ղարաբաղը պահանջեցի, մէկ էլ տեսար` Նախիջեւանն ու Ախալքալաքը պահանջեցի, մէկ էլ տեսար` Արեւմտեան Հայաստանը պահանջեցի, մէկ էլ տեսար` պետական յեղաշրջում պահանջեցի, մէկ էլ տեսար` աշխարհով մի յայտարարեցի, թէ պետութիւնը ժողովրդի ծառան է, որ ամենավերջին քաղաքացին նոյն իրաւունքներն ունի, ինչ Հանրապետութեան նախագահը» («Ադամի գիրքը», էջ 131-132):
Շատ աւելի ուշ՝ Հայաստան այցելութիւնների վերջին շրջանում, արդէն երկրի անկախութեան շեմին ու դրանից անմիջապէս յետոյ, արձակագրի հայեացքում էական տեղաշարժ էր նկատւում, որի մասին խօսում էր ակնյայտ բերկրանքով, քանի որ երկիրն ինքն էր արմատապէս փոխւում, եւ վերաբերմունքի տեղաշարժը նրան իրական ուրախութիւն էր պատճառում: «Տարիներ շարունակ Հայաստանն իմն է եղել եւ իմը չի եղել: Տասնամեակներէ ի վեր, որի լինելու զգացումը տանջել է ոչ միայն ինձ, այլեւ երեք միլիոն սփիւռքահայութեանը: Հայաստանը մինչեւ վերջերս իր հոգեւոր դռները չէր բացում ժողովրդի առաջ, ահռելի վիհ կար Սփիւռքի եւ Հայաստանի միջեւ…: Մեր մտքերը, մեր կեանքն ու կենցաղը ոչ մի կերպ չէր արտացոլւում ձեզ մօտ: Յոյսով, կարօտով այրւում էինք արտասահմանեան տարբեր երկրներում, եւ մեր հոգում այդ ամենի պատճառով կուտակուել էր ահռելի դառնութիւն: Չգիտէինք՝ ինչ է անում մեր ժողովուրդը հայրենիքում: Հիմա, փա՜ռք Աստծոյ, զարթօ՜նք է: Հայութիւնն ամբողջ աշխարհով մէկ է, մենք մէկ ազգ ենք, հայրենիքը բոլորինն է, եւ ինչ պայմաններում էլ լինենք, չպէտք է սահմանագիծ լինի Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ»(48):
(Շար. 2)

ՅՂՈՒՄՆԵՐ ԵՒ ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

8) Փիլիսոփայական բառարան, Հայաստան հրատ., Երեւան, 1975։
9) Կարապենց Յ., Երկու աշխարհ…, էջ 211։
10) Իմպերիալիզմի դարաշրջանում արուեստի եւ գրականութեան բնագաւառում հանդէս եկած հակառէալիստական բուրժուական ուղղութիւնների (Էքսպրեսիոնիզմ, վերացապաշտութիւն, դադաիզմ, սիւրռէալիզմ եւն) ընդհանուր անուանումը
11) Երկու աշխարհ…, էջ 206։ — Ի դէպ, արդիապաշտութեան լայնահուն ճանապարհը նա բերում է շարժման հայկական նոր գետին զուգընթաց, թէեւ ընդունում է, որ մեր իւրացումն ամբողջական չէ, գետը յորդառատ չէ կարծես։
12) Երկու աշխարհ..., էջ 245։
13) Նոյն տեղում, էջ 219:
14) Այդպէս, ի դէպ, այլաբանական նշանառութեամբ, կոչւում է օտարագիր աւագագոյն արձակագիր Փ. Սուրեանի (ԱՄՆ) պատմուածքների ժողովածուն (Սուրեան Փ., Ընթրիք օտարների հետ, Եր., Լուսակն, 2010)։
15) Թէօլէօլեան Մ., Դար մը գրականութիւն (1920-1980), երկրորդ հատոր, Նիւ Եորք, «Ոսկետառ», 1977, էջ 422:
16) Կարապենց Յ., Անկատար, էջ 205-206:
17) Կարապենց Յ., Երկու աշխարհ…։ — Տե՛ս՝ գրողի «Սարոյեանը՝ մասամբ ներհայեցողութեամբ» ծրագրային փորձագրութիւնը։ Էջ 159-160:
18) «Հորիզոն գրական», մայիս 2017, թիւ 5 (393), ԼԳ. տարի։ Մոնթրէալ։ Էջ 12։
19) Թէօլէօլեան Մ., Դար մը գրականութիւն, երկրորդ հատոր, էջ 83։
20) Նոյն տեղում, էջ 423։- Ըստ գրականագէտի՝ մտաւորական հերոսի «ոգեպաշտութիւնն» ածանցուած է զարեանական շնչից (նոյն տեղում)։ Ցաւով նկատենք, որ ուշագրաւ այս տեսակէտն այդպէս էլ զարգացում չստացաւ ո՛չ իր, ո՛չ էլ հետագայ մեկնաբանների կողմից։
21) Նոյն տեղում։
22) Թորանեան Թ, Հայ գրականութեան խշշացող բարտին՝ Յակոբ Կարապենց, Հալէպ, 2006, էջ 13։
23) Թեքեան Վ., Խօսող լերան պատմութիւնը, Նիւ Ճըրզի, «Վեհարթ», 2015, էջ 142։
24) «Ազդակ» օրաթերթ, Պէյրութ, 6 մայիս 2016։
25) Նոյն տեղում։
26) «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթ, թիւ 15 եւ 16 յուլիս, Եր., 1993։ — Տե՛ս՝ Թամրազեան Հր., «Կարապենցի աշխարհը» յօդուածը։
27) «Կարապենց», մատենագիտութիւն, էջ 20։ — Տե՛ս՝ Թամրազեան Հր., «Կարապենցի աշխարհը» ուսումնասիրութիւնը, էջ 20։
28) «Հորիզոն գրական», մայիս 2017, թիւ 5 (393), ԼԳ. տարի։ Մոնթրէալ։ Էջ 10։
29) Թամրազեան Հր., Գրական դիմանկարներ, յօդուածներ, հատոր երկրորդ, Եր., «Նայիրի», 1998, էջ 180:
30) Նոյն տեղում, էջ 181։
31) Սարինեան Ս., Հայ գրականութեան երկու դարը, գիրք չորրորդ, Եր., «Տիգրան Մեծ», 2004, էջ 320։ — Տե՛ս՝ «Յակոբ Կարապենցի դասերը» ծրագրային յօդուածը։
32) Սարինեան Ս., Հայոց գրականութեան երկու դարը, գիրք երրորդ, Եր., «Զանգակ 97», 2002, էջ 343։- Տե՛ս՝ «Յակոբ Կարապենցի «Կարթագէնի դուստրը» ծրագրային յօդուածը։
33) Նոյն տեղում, էջ 348։
34) Սարինեան Ս., Հայոց գրականութեան երկու դարը, գիրք չորրորդ, Եր., «Տիգրան Մեծ», 2004, էջ 319։- Տե՛ս՝ «Յակոբ Կարապենցի դասերը» ամփոփիչ յօդուածը։
35) Նոյն տեղում։
36) Գասպարեան Դ., Հայ գրականութիւն, հատոր երկրորդ, Եր., Զանգակ 97, 2002, էջ 245։
37) Մի դէպքում նա նկատում է արձակագրի սիւժէտային պատումների եւ հոգեբանական խաղարկումների մէջ շեղումի նախասիրութիւնը (Նոյն տեղում, էջ 252), մէկ այլ տեղ՝ լուծումների ճանապարհին մանրամասների դիմելու Յ. Կարապենցի հմտութիւնները (Նոյն տեղում, էջ 271), ինչն անխօս հարստացնում է գեղարուեստական տեսողութեան գրողի սահմանները։
38) Նոյն տեղում, էջ 250։
39) «Հայոց լեզուն եւ գրականութիւնը դպրոցում», գիտամեթոդական ամսագիր, Եր., 2002, թիւ 3-4, էջ 16:
40) Գաբրիէլեան Վ., Սփիւռքահայ գրականութիւն — հայ նորագոյն գրականութիւն, Եր., ԵՊՀ հրատ., 2-րդ հրատ., 2008, էջ 361:
41) Նոյն տեղում, էջ 363:
42) Նոյն տեղում, էջ 377։
43) Քեշիշեան Ա., Յակոբ Կարապենց. աշխարհընկալումը եւ արուեստը, Եր., ԳԱԱ հրատ., 1999։
44) «Ալիք» օրաթերթի յաւելուած, Թեհրան, նոյեմբեր 2010, էջ 38-43:
45) «Նորք», ՀԳՄ գրական-գեղարուեստական, հասարակական-քաղաքական հանդէս, Եր., 1998, թիւ 1, էջ 95:
46) «Սփիւռքահայ արդի գրականութիւն վերջին կէս դարու — հատընտիր բանաստեղծութիւններ եւ պատմուածքներ, կենսագրական գիծեր եւ հարցազրոյց»։- Հատոր Բ., Սփիւռքահայ գրողներ, կազմեց՝ Սեդա Զ. Ծաղիկեան-Տեմիրճեան, Ռօյըլ Օք, Միշիկըն, 1994, էջ 671։
47) Մեր տպաւորութեամբ՝ հրապարակագրական շնչով գրուած «Ամերիկեան շուրջպար» այս պատմուածք յիշեցնող խոհագրութիւնը, — ինչը, նկատենք, ոճային կառուցողական առանձնայատկութիւն է Յ. Կարապենցի համար, բնորոշ՝ առհասարակ նրան եւ նրա սերնդակիցներից՝ յատկապէս Վարդգէս Պետրոսեանին, — առանձնանում է ստեղծագործական աւազանից վերցուած հերոսների գրապատմական նախատիպերի ընդգրկուն ուրուագծերի շաղախով։ Մասնաւորապէս, մեր յիշատակած պատմուածքում հերոսուհիներից Մերի Ահարոնեանը, թւում է, «Նիւ Յորք Թայմզ»ի թղթակիցներ, մեծահամբաւ Աննա եւ Նոնա Բալաքեան քոյրերի գեղարուեստական մատուցման շաղախն է, որոնք, ի դէպ, նոյնքան անմիջական ներկայութիւն են Փիթեր Բալաքեանի «Ճակատագրի սեւ շունը» նշանաւոր օտարագիր վէպում՝ ներկայացուած թերեւս մի փոքր քնարական-զգայական շնչով, տեղ-տեղ պաշտամունքի հասնող մտերմիկ վրձնախաղով, ինչը կարելի է բացատրել հոգեհարազատութեան հանգամանքով՝ նրանք, ի վերջոյ, նրա հօրաքոյրերն են։
Մինչդեռ Մերիի եւ միւս գրող-լրագրողների կերպարների (Վիգէն Վարդանեան, Զաւէն Արմէնեան եւ ուրիշներ) հպանցիկ խաղարկումներում Յ. Կարապենցը դրսեւորում է գործընկերային, մտաւորական յարաբերութեան գործնական դաշտ, ուր «կողմնակի» քննութեան եղանակը հնարաւորութիւն է բացում գրամշակութային լրջմիտ, երբեմն սուր ենթաբնագրով երկխօսութիւնների, քաղաքական-հասարակական, Հայաստան-Սփիւռք կապերի խորքային, թէեւ թեթեւասահ գնահատութիւնների։
Նոյն գործի մէջ ուշադիր աչքը կը նկատի նաեւ կարգի զրոյցներում ներգրաւուած հանրածանօթ գրականագէտ ու պատմաբան Ռուբինա Փիրումեանին՝ արդէն Մելիքեան ազգանուան տակ, ում հետ նա Միացեալ Նահանգներում շարունակում էր պահպանել հայրենակցի՝ ծննդավայրից բխող մտերմութիւնը։
48) «Մտորումներ» Յակոբ Կարապենց, կազմեց եւ դասդասեց՝ Արա Ղազարեանց, Առլինգթոն, Հայ մշակութային հիմնարկութեան գրադարան-թանգարանի հրատ., 2009, էջ 12:

Leave a Reply

Your email address will not be published.