Ս.Ա.Յ.
Այս գարնան լոյս տեսաւ «Մեղր ու լեղի աշխարհ» խորագրով արձակագիր, թարգմանիչ, «Հորիզոն գրական»-ի վաղեմի աշխատակից, բանասիրական գիտութիւններու դոկտ., փրոֆ. Դիանա Համբարձումեանի նոր վէպը։
«Մեղր ու լեղի աշխարհ»-ը Համբարձումեանի հինգերորդ վէպն է։ Գանատայի հայ գրասէր հասարակութիւնը անձամբ ծանօթացած է հեղինակին երբ ան հրաւիրուած էր որպէս հիւր գրող Val David-ի միջազգային գրողներու եւ արուեսատագէտներու տան եւ մասնակցած գրողներու փառատօնին՝ 2014-ին։
«Մեղր ու լեղի աշխարհ» վէպը մարդկային ցաւի եւ սիրոյ պատմութիւն է։ Պատումն է ան գերդաստանի մը չորս սերունդներուն, իրենց կորուստներուն, վախերուն, տագնապներուն եւ նաեւ ուրախութիւններուն։ Դիանա Համբարձումեան վէպ գրելու իր ընթացքին ապրումներուն մասին արտայայտուած է հետեւեալ բառերով. «Գրելիս ես հիւանդանում եմ։ “Մեղր ու լեղի աշխարհ” վէպը ցաւեցրեց ոչ միայն միտքս ու հոգիս (ինչպէս յաճախ է ինձ հետ պատահում վէպ գրելիս), այլև նկատելի վնասեց առողջութիւնս, պրկեց ու քայքայեց նեարդներս, հանգուցեալ մայրս կ՚ասէր՝ գնացի էն աշխարհ, ետ եկայ։ Այս վէպը մեր հին ու նոր ցաւերի, կորուստների, և ի հարկէ, չմարող յոյսի, չմեռնող սիրոյ պատմութիւնն է, որն անընդմէջ նորոգւում է մեր “մեղր ու լեղի աշխարհ”-ում»։
Գիրքը լոյս տեսած է ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի և սպորտի (մարմնամարզութեան) նախարարութեան աջակցութեամբ, Հայաստանի ազգային գրադարանի գրականութեան հանրահռչակման բաժնի «Աջակցութիւն ստեղծագործողներին և հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրով։
Ստորեւ՝ վէպէն հատուածներ.
«Ա´յ տղայ, երկի´ր, դու հիմա հիւանդ ես, խեղճ ու անօգնական՝ սրա-նրա ձեռքին ես նայում, քեզ մուրացիկ են դարձրել, չեն թողել դպրոց գնաս, որ քեզ բանեցնեն իրենց ուզածի պէս, հէր ու մէրդ չկան, երկի՛ր, որ քեզ տիրութիւն անեն, բայց ես քո աղջիկն եմ, երկի՛ր, եկել եմ ոտքդ, որ քեզ տանեմ բուժեմ, որ քեզ լողացնեմ, մաքրեմ անցեալի ու ներկայի կեղտերից, օրերը ցրտել են, երկի´ր, իմ հօր սնդուկից քեզ համար հագուստ եմ պեղել-հանել, քեզ տաք պահիր, երկի՛ր, յանկարծ չմրսես, եկել եմ քեզ համար քո հալալ քրտինքով մի կտոր հաց վաստակելու հնար ստեղծեմ, որ էս լէն ու բոլ երկնքի աչքի առաջ, էս զենիթում շողացող արևի տակ, էն լուսնալոյսի մէջ գիշերները խաղաղ քնելու, քո տան մէջ քեզ տէր ու տնօրէն զգալու մի ճանապարհ գտնեմ, երկի՛ր, ա՛յ տղայ, ես քո աղջիկն եմ, դու ինձ բաց չթողնես, ձեռքս պինդ բռնիր, որ իրար հետ ճամբայ գնանք, որ տեղ հասնենք, երկի՛ր, լսո՞ւմ ես, քնով չ՚անցնես, ճամբաները ոլոր-մոլոր են, արթուն մնայ, ա՛յ տղայ, հազար ու մի աղէտ կայ. մի օր վարորդը վարպետ կը լինի, մի օր՝ սկսնակ ու անփորձ, մի օր վարորդի մտքով կ՚անցնի քեզ կողոպտել ու անպատուել, մեքենան զարտուղի ճանապարհներով կը տանի՝ քեզ փակուղի կը մտցնի, կ՚ուզի քեզ լլկել ու սպանել, մի օր գլխիդ փորձանք կը բերի՝ վթարի մէջ խեղելով մարմինդ ու հոգիդ, բայց դու արթուն մնայ, ա՛յ տղայ, երկի՛ր, տե՛ս, քնով չ՚անցնես, օրերը դառն են հիմա, ու ես եկել եմ, որ մի պուտ մեղր խառնեմ կեանքիդ, որ բերանիդ լեղին գոնէ մի պուտ պակասի, վե՛ր կաց, քնով չ՚անցնես, ա՛յ տղայ, երկի՛ր, օրերը ցրտել են, չմրսե՜ս»: (էջ 276)
«Պատերազմը կոյր գուսան է, որը չի տեսնում նրանց, ում համար, ձայնը գլուխը գցած, երգում է՝ արկերի պայթիւնով, հրանօթների ու թնդանօթների համազարկով, անօդաչու թռչող սարքերի հազիւ լսելի բզզոցով մահուան ստուերը սփռելով աւազուտների, լերկ բլուրների, կանաչ դաշտերի ու անտառների վրայ, գետնափոր բլինդաժներում՝ մահուան ահից երգող, մի վերջին նռնակ ձեռքերի մեջ զգուշօրէն շուռումուռ տուող, ընկերոջ անշունչ մարմինը գրկած ու սողեսող դէպի անտառ նահանջող զինուորների վրայ, ջահել որդիների ու նրանց առաջին սէրերի մեծադիր լուսանկարների առջև, ինչպէս Տիրոջ պատկերի առջև՝ մարմրող մի բարակ մոմի լոյսի տակ աղօթք մրմնջացող մայրերի ու աղջիկների վրայ. պատերազմը խաղաղութեան հակառակ կողմը չէ, ոչ էլ մարդու հոգէառն է ու մղձաւանջ երազը, պատերազմը կեանքի բորբոքուած, թարախապալարներով պատուած, այլանդակօրեն ծամածռուած երեսն է՝ դիմագծերը անճանաչելիօրեն աղճատուած պառաւ ջադուի նման. պատերազմը կեանքի թիկունքին զարկուած անէծք է, երբ հինգ մատը բաց չանչ են արել ու չարքերին ուղղորդել մարդկանց տուն: Կռիւը մահահոտ, արիւնադէմ ու պայթիւնաձայն հրէշ է, երախը բաց կոկորդիլոս է, որին գլխատում են` զոհուելով, իսկ խաղաղութիւնը վայելում են ողջ մնացածները, կարևոր չէ, թէ ինչպէս՝ վախերը յաղթահարելով, քաջաբար կռուելով ու յաղթելով, թէ վախերի գերին մնալով, մորթապաշտ ճողոպրելով ու փրկուելով:
Սուտ է, պատերազմում յաղթողներ ու պարտուողներ չեն լինում, պատերազմը տեղով մէկ պարտութիւն է, պատերազմը մարդկութեան պարտութիւնն է, պատերազմը խեղճուկրակ, անճար մարդ արարածի պարտութիւնն է՝ ինքն իր դէմ սկսած կռուում, աշխարհի պարտութիւնն է տիեզերքի աչքի առաջ, սիրոյ նսեմացումն է ատելութեան ոտքի տակ, կեանքի գերեվարումն է մահուան ճիրաններում»: (էջ 148)