ԼՈՐԱ (Բ.)

ՊԵՏՐՈՍ ԱԲԱՋԵԱՆ

Սկիզբը՝ նախորդ թիւին մէջ

Մարեկը եւ Լորան շատ արագ ամուսնացան: Պսակադրութեան արարողութիւնից յետոյ, բաւական համեստ փոքրիկ խնջոյք եղաւ: Լորան համակերպուած եւ երջանիկ տեսք ունէր, թէեւ խուսափում էր աչքերիս նայել: Խնջոյքից անմիջապէս յետոյ, նորապսակները հարսանեկան ճանապարհորդութեան մեկնեցին Իտալիա: Երբեմն Իտալիայի տարբեր քաղաքներից ես ու Դանուտան իրենից փոստային բացիկներ էինք ստանում:
Երկար տատանումից յետոյ, համարձակուեցի կնոջս խոստովանել, Լորայի եւ իմ միջեւ պատահածի մասին: Դանուտան հանգիստ, աչքերիս մէջ նայելով պատասխանեց.
— Ես դա գիտէի նոյն օրը, երբ տեսայ իր գլուխը կորցրած վիճակը եւ վզի վրայի իւղաներկի հետքերը:
Արտասուելու աստիճան յուզեց ինձ կնոջս մեծահոգի եւ իմաստուն վերաբերմունքը:
Իտալիայից վերադառնալուց մի քանի օր յետոյ, Մարեկենք մեզ հրաւիրեցին իրենց տուն: Մարեկի մայրը, որի հետ արդէն ծանօթ էինք, այրի էր, ամուսնու կողմից Վարշաւայի հին աղքատացած ազնուական ընտանիքներից: Նա մեզ ընդունեց շեշտուած սիրալիր, մի փոքր չորաւուն քաղաքավարութեամբ: Բնակարանը հնաոճ անբասիր կատարելութեան, չէի ասի լաւ ճաշակի, տպաւորութիւն էր թողնում: Ոչ մի անկիւն ազատ չէր թողած: Սենեակի պատերը մինչեւ առաստաղ ամբողջովին ծածկուած էին բազմաթիւ փոքր, տարբեր չափերի շրջանակների մէջ վերցրած, լուսանկարներով, որոնք մեծ մասամբ Մարեկի մանկութիւնից էին: Լորան փոքր ինչ շփոթուած, կարծես իր տեղը չէր գտնում: Զգացւում էր, որ այս տան միանձնեայ ղեկավարը Մարեկի մայրն է: Մեզ էլ, որպէս Լորայի մօտիկներ, քաղաքավարութիւնից ելնելով է միայն հանդուրժում: Այս իրադրութեան մէջ, Մարեկին երրորդական դեր էր տրուած: Լարուածութիւնը անտես կախուած էր օդում: Ես փորձում էի անկաշկանդ կեցուածք ընդունել, որը ինձ մօտ վատ էր ստացւում, այնպէս ինչպէս վատ էր ստացւում հիւրասիրութեան ժամանակ ձախ ձեռքով պատառաքաղ բռնելը: Միայն Դանուտան էր, որ շատ հանգիստ, կանացի խելացի նրբանկատութեամբ ընդհանուր հետաքրքրութեան թեմաներ գտնելով, հանդարտում էր մթնոլորտը: Երեկոն աւելի հանգիստ եւ բնական վերջացաւ, քան սպասում էի: Լորայի վիճակի համար մեր բնազդական անհանգստութիւնը մի փոքր մեղմացել էր:
Մեր հետագայ հանդիպումների ժամանակ, Լորան խոնարհ եւ համակերպուած էր պահում իրեն: Ինձ թւում էր, բայց կարծում եմ անզէն աչքով էլ կարելի էր տեսնել, իր խոր մեղաւորութեան զգացումը Դանուտայի հանդէպ:
Դանուտան դարձեալ, երրորդ անգամ լինելով, վիժեց: Ինքը անչափ ծանր էր տանում դա: Բժիշկները յոյսը դեռեւս չէին կորցնում: Խոստանում էին ժամանակակից միջոցներով բուժելով, հասնել բաղձալի նպատակի: Բուժող բժիշկի խորհրդով սկզբի համար, գնացինք Չեխիայի նշանաւոր բուժարանները: Ես ամբողջ երկու ամիս իր հետ էի այնտեղ եւ նկարում էի: Այս փոքրիկ քաղաքում մեզ արդէն ճանաչում էին: Իմ նկարիչ լինելու հանգամանքը համակրանքի մթնոլորտ էր ստեղծել մեր շուրջը:
Չեխիայից վերադառնալուց յետոյ, իմացանք Լորայի յղիութեան մասին: Ես գիտէի, որ այդ վիճակում շատ կանայք ձեւափոխուելով տգեղանում են: Դէմքերի վրայ այտուցուացք եւ անառողջ կարմրութիւն է առաջանում: Լորան հակառակը, արտակարգ գեղեցկացել էր: Փոքր ինչ ամաչկոտութեան հետ խառը, ոգեշունչ եւ հպարտ կրում էր իր խոշորացած որովայնը: Քայլուածքն անգամ աւելի վստահ եւ ամուր էր դարձել: Կինս ուրախութեամբ ընդունեց նրա յղիութեան փաստը, դա համարելով բարի նշան նաեւ իր համար: Լորայի հետ կարծես բոլորովին հաշտուել էին: Յղիութեան շրջանում, գրեթէ ամեն օր մեր տուն էր գալիս: Հասկանում էինք, որ իրենց տանը լաւ չի զգում իրեն: Սկեսուրի մանրախնդիր դիտողութիւնները վէճերի առիթ էին դառնում, որոնց ժամանակ Մարեկը միշտ մօր կողմում էր: Արուեստանոցից գալով յաճախ տեսնում էի Լորային եւ կնոջս, միասին տնային գործերով զբաղուած, կամ գլուխ գլխի մտերիմ զրուցելիս: Ինձ դա աներեւակայելի երանութիւն էր պատճառում: Յիշողութեամբ նկարեցի իրենց մի նաւթի լամպով կոմպոզիցիայի մէջ, Լորայի վերջին ամիսների յղիութեան պատկերով:

* * *

Յունուարին Լորան աղջիկ երեխայ ունեցաւ: Երեխան ծնուել էր շատ խոշոր: Կարծես երեք ամսական լինէր, սպիտակ մաշկով եւ զարմանալի սեւ, առատ, գանգուր մազերով: Անունը Եւա դրեցին: Լորայի խնդրանքով, կնքահայրը եւ կնքամայրը մենք եղանք: Կնունքի արարողութիւնը կաթոլիկ ծէսով կատարեցինք մեզ հարազատ դարձած «Հայկական» եկեղեցում:
Դանուտան իրեն յատուկ հետեւողականութեամբ կենտրոնացել էր իր բուժման գործին: Այլեւս չէր աշխատում: Բոլորովին դադարել էր զբաղուել իմ նկարներով: Բերլինում, ուր գնացել էինք իր առողջական խնդիրներով, ծանօթացանք Արչի Գալենցի հետ: Արչին իր հայ նշանաւոր նախնիների գեները ժառանգած, տաղանդաւոր նկարիչ էր: Տարիներ առաջ հաստատուել էր Բեռլինում: Այստեղ ունէր ստուդիա, որտեղ իր նկարչութեանը զուգահեռ, զբաւում էր նաեւ, ցուցահանդէսների եւ ձեւաւորումների կազմակերպմամբ: Երբ իրեն ցոյց տուեցինք աշխատանքներս, համաձայնեց լինել իմ գործակալը արուեստի շուկաներում: Թւում էր թէ ամեն ինչ դէպի լաւն է գնում:
Մի օր անսպասելի ինձ առանձին իր մօտ կանչեց Դանուտային բուժող գերմանացի ծեր պրոֆեսորը:
— Ձեր կինը լուրջ հիւանդ է, — ուղղակի յայտարարեց նա:
— Երեխայ չեն՞ք կարող ունենալ, — շփոթուած հարցրեցի ես: Նա երկար լռում էր:
— Աւելի լուրջ է վիճակը: Չարորակ ուռուցք ենք յայտնաբերել օրգաններում:
Տեսնելով իմ այլայլումը անմիջապէս շարունակեց.
— Բարեբախտաբար հիւանդութիւնը նախնական շրջանում է գտնւում եւ ես մեծ յոյսեր ունեմ բուժել իրեն: Իսկ երեխայ ունենալու միտքը հանեք ձեզանից, — ալեհեր բժիշկը առանց խնայելու աւարտեց խօսակցութիւնը:
Ես Դանուտային չհամարձակուեցի ասել այդ մասին, բայց ինքը անհասկանալի ձեւով արդէն գիտեր: Բուժման առաջին կուրսը ընդունելուց յետոյ, վերադառձանք տուն: Երբ Լորան իմացաւ այս մասին, դառնօրէն լաց եղաւ: Մեզ հետ կապուած ամեն ինչ շատ մօտ էր ընդունում սրտին:
— Ես եմ մեղաւոր: Ինչո՞ւ Աստուած ինձ չի պատժում, — հեկեկալով ասում էր ինձ: Յետոյ էլ յաճախ իրեն տեսել էին եկեղեցում ծնկաչոք աղօթելիս: Միեւնոյնն է կեանքը պիտի շարունակուէր: Դանուտայի լուրջ հիւանդութիւնը մեզ հաշտեցրել էր երեխայ ունենալու անկարողութեան մտքի հետ:
Լորայի աղջիկը աննկատելի մեծանում էր: Վառվռուն, գանգուր մազերով, չափազանց աշխոյժ երեխայ էր: Լորան յաճախ նրան մեր տուն էր բերում: Դանուտան էլ շատ երես էր տալիս, թանկարժէք խաղալիքներ նուիրելով: Մարեկի մայրը խանդում էր մեզ ամեն ինչում: Նրան նոյնիսկ դուր չէր գալիս, որ Եւա հոր նման շէկ չէ: Երեխային էլ լեհական ձեւով ցուցադրաբար Էւա էր կոչում: Լորան ոչնչից չէր գանգատւում, բայց զգացւում էր, որ երջանիկ չէ: Մարեկը մի տեսակ կողմ էր քաշուել: Առաջուայ սիրահարութեան հետքն էլ չէր մնացել:
Արչին ասում էր, որ իմ նկարները գնալով աւելի ու աւելի խիստ, խոր ու դաժան են դառնում: Ես ուզում էի հասկանալ, թէ ինչո՞ւ է այդպէս: Դա միայն վարպետութեան եւ փորձի կուտակումով չէր կարելի բացատրել: Դեռ Մելիքից էի լսել, որ ամեն մի նկարչի արուեստ, որոշակի աստիճանի վարպետութեան հասնելուց յետոյ, սկսում է նմանուել իրեն եւ արտայայտել իր էութիւնն ու հոգեբանութիւնը: Ուրեմն ես ա՞յն աստիճանի եմ փոխուել, որ դա երեւում է գործերիս մէջ: Զարմանալի էր, որ նոր նկարներս շատ աւելի լաւ էին ընդունւում քննադատների եւ արուեստագէտների շրջանակներում: Գներն էլ, Արչիի ջանքերով, կտրուկ բարձրացել էին: Այդ բանը, այլեւս մեզ առաջուայ պէս շատ չէր ուրախացնում: Հիմա ոեւէ գործ սկսելուց առաջ, ես երկար մտածմունքների մէջ էի ընկնում: Համեմատում էի հին նկարներիս հետ եւ տեսնում էի, թէ ինչքան թեթեւ ու անհոգ, երջանիկ անգիտութեամբ եմ ապրել այն տարիներին: Արդեօք այդ բանի համա՞ր են հիմա վճարում կինս ու չծնուած զաւակներս:
Անցաւ եւս մի քանի տարի, Դանուտան գրեթէ լրիւ ապաքինուել էր: Միայն տարին մէկ անգամ, նրան տանում էի Բերլին, ծերունի, փորձառու բժիշկի մօտ ստուգման: Նա, դժգոհ փնթփնթալով, ասում էր, որ կարծես ամեն ինչ լաւ է եւ հաւանաբար շուտով պէտք չի լինի Դանուտային բերել իր մօտ: Երբ ես ժպտալով հարցրեցի, ինչու մեզ հետ չի ուրախանում, եթէ ամեն ինչ լաւ է, հանգիստ պատասխանեց.
— Եթէ ես զգացմունքներիս ազատութիւն տայի, վաղուց արդէն գերեզմանում կը լինէի:
Ես հասկացայ, որ իր կոպիտ պահուածքի կեղեւի տակ, նուրբ ու զգայուն հոգի է թաքցնում այս փորձառու եւ իմաստուն բժիշկը:
Լորան օդանաւակայանում ինժեների պաշտօնով աշխատանք էր գտել: Շարունակում էր երգել եկեղեցու համերգներին, բացի այդ՝ բարեգործական կազմակերպութիւններում որպէս կամաւոր իր անսպառ բարութիւնը գործադրելու — կամ տանից փախչելու — հնարաւորութիւնն էր ապահովում: Նա յաճախ Եւային բերում էր Դանուտայի մօտ, որովհետեւ սկեսուրը սկզբունքօրէն դէմ էր հարսի հասարարական գործունէութեանը եւ երեխայի հոգսը իր վրայ չէր ուզում վերցնել: Ամուսինը նոյնպէս, մօր օրինակով, քիչ էր զբաղւում երեխայով: Իր հիւանդութիւնից յետոյ, կինս շատ էր փոխուել: Պակաս գործնական, աւելի հանդարտ, աւելի բարի եւ ուշադիր էր դարձել բոլորի նկատմամբ: Յատկապէս կապուել էր Եւային: Երբեմն երբ պէտք էր լինում, նրան մանկապարտեզից ինքն էր վերցնում եւ մինչեւ երեկոյ պահում էր մեր տանը: Տխրութեամբ տեսնում էի, որ կինս իր չիրականացած մայրութեան պահանջն է լրացնում Եւայի միջոցով: Ես եւս շատ էի վարժուել երեխային: Նա էլ ամեն հանդիպելիս, մանկական անմիջականութեամբ, ջերմօրէն փաթաթւում էր ինձ:

* * *

Լորայի եւ սկեսուրի յարաբերութիւնները գնալով աւելի ու աւելի լարուած բնոյթ էին ստանում: Լորան անտարբերութեամբ, չէր պատասխանում նրա նկատողութիւններին, որը աւելի էր զայրեցնում յարգարժան տիկնոջը: Նրանք ի վերջոյ դադարել էին յարաբերակցուել: Մի օր էլ, Մարեկի մայրը անսպասելի պահանջել էր, որ որդին բաժանուի կնոջից:
— Կամ ես, կամ ինքը, — յայտարարել էր նա:
Անկախ ամեն ինչից, Մարեկը չէր ուզում բաժանուել: Մայրը անդրդուելի էր: Վիճակը անտանելի էր դառնում: Վերջ ի վերջոյ, սկեսուրի պահանջով, տունը կիսեցին: Նա վիրաւորուած տղայից, որոշեց վաճառել իր բաժինը եւ մեկնել Պոզնան, իր քրոջ մօտ: Լուծումը կարծես գտնուել էր: Մեզ թւում էր թէ Լորայի յարաբերութիւնները ամուսնու հետ պիտի լաւանան, սակայն ոչինչ չփոխուեց: Աւելի վատ, Մարեկը կարծես անխօս, ցոյց էր տալիս որ, մենք եւս նպաստել ենք մօր հետ իրենց բաժանմանը եւ սկսեց խուսափել մեզ հանդիպելուց: Լորային այդ վիճակը նոյնիսկ գոհացնում էր: Աւելի յաճախ սկսեց գալ մեզ մօտ: Եւայով էլ ամբողջ ժամանակ մենք էինք զբաղւում: Եկայ այն մտքին, որ նա երբեք չի սիրել ամուսնուն:
Ես եւ Լորան, անխօս պայմանաւորուածութեամբ, պահել էինք մեր բարեկամական, բայց ոչ նախկին մտերմական կապը: Դանուտայի հետ շատ աւելի անկաշկանդ եւ ազատ էին իրենց յարաբերութիւններում: Չէի կարողանում ըմբռնել իրենց կանացի հոգեբանութիւնը: Մի՞թէ իմ եւ Լորայի միջեւ, տարիներ առաջ կատարուածը մոռացուել էր, թէ՞ ընդհակառակը, պատճառ էր իրենց այժմեան զարմանալի մտերմութեանը: Իսկապէս, դա ինձ համար առեղծուած է մինչեւ հիմա:
Յետոյ եղավ ամենասարսափելին: Ճակատագիրը անիւի նման պտտվելով, նորից խփեց նոյն ձեւով: Լորան հիւանդ էր Դանուտայի հիւանդութեամբ: Մեր նիւթական հնարաւորութիւնները թոյլ էին տալիս օգնել իրեն: Այս անգամ վատն այն էր, որ ինքը երկար ժամանակ ցաւերին ուշադրութիւն չէր դարձրել, դրանք համարելով անցողիկ, աննշան բաներ: Դանուտայի հետ գնացին Բերլինի նոյն հիւանդանոցը: Նրան բուժող ծերունի բժիշկը այլեւս չկար: Նախասրահի պատին սեւ շրջանակի մէջ կախուած էր եղել իր մեծ դիմանկարը: Լորայի մանրակրկիտ հետազօտութիւնը կատարելուց եւ ախտորոշումը ճշտելուց յետոյ վերադարձան Վարշաւա: Նշանակուած բուժումը այստեղի հիւանդանոցում պիտի կատարէին: Դանուտան բոլորովին յուսահատ էր.
— Լորայի մօտ հիւանդութիւնը տարածուած է եւ բժիշկները ամենաշատը մէկ տարուայ կեանք են խոստանում:
Կինս շատ սուր էր զգում դժբախտութիւնը, որովհետեւ, ոչ շատ առաջ, ինքը ապրել էր այդ նոյն վիճակը:
Լորան գիտէր ամեն ինչ: Ձեւի համար գնում էր քաղաքի հիւանդանոցում նշուած բուժումները ընդունելու: Աւելի շատ էր լինում եկեղեցում: Իր շարականներն էլ աւելի խոր եւ զգացմունքային էին դարձել: Մնացած հարցերում կարծես ոչինչ չէր փոխուել: Միայն երբեմն ծանր, մտածկոտ հայեացք էր կենտրոնացնում ինձ վրայ: Դա անասելի խղճալի եւ անտանելի էր ինձ համար: Կարծես այն աշխարհից էր նայում:
Մի օր, անսպասելի մեզ մօտ եկաւ Մարեկը: Օտարացած հայեացքով, դժուարութեամբ բառերը ընտրելով, յայտնեց որ բաժանւում է Լորայից: Աշխատանք է գտել Պոզնանում եւ գնալու է այնտեղ ապրելու: Հաշուի առնելով Լորայի հիւանդութիւնը, խնդրում է հոգ տանել Եւային: Ես համաձայնելով, նոյնպէս խնդրեցի իր գրաւոր համաձայնութիւնը տալ Լորայի հիւանդութեան պատճառով անկարողութեան պարագայում, երեխայի հոգաբարձութիւնը մեզ յանձնելու մասին: Նա խոստացաւ իրաւաբանօրէն ձեւակերպել այդ հարցը: Հաշտ ձեւով բաժանուեցինք, բայց ինձ զարմացրեց Մարեկի իր երեխայից այդքան հեշտութեամբ, փաստօրէն հրաժարուելու ձեւը: Արեւելցու հոգեբանութեամբ, չէի կարողանում հասկանալ դա: Լորան, երբ իրեն պատմեցի այս մասին, անչափ գոհ եւ շնորհակալ եղաւ: Տարիների ընդմիջումից յետոյ առաջին անգամ՝ գրկեց ինձ:

* * *

Յովհաննէս Պօղոս երկրորդ պապի գահակալման քսանամեայ յոբելեանի օրերը մօտենում էին: Վատիկանում պատրաստւում էին հանդիսաւոր պատարագով նշել այդ յոբելեանը: Լեհաստանում այդ առիթով մեծ ոգեւորութիւն էր տիրում: Այստեղ դա համարւում էր համազգային տօն: Լեհաստանի հազարաւոր կաթոլիկ հաւատացեալներ ուզում էին մասնակցել տօնակատարութեանը: Այդ նպատակով կազմակերպել էին օդանաւի չարտերային ուղերթեր Վարշաւայից Հռոմ եւ ետ: Տեղերը խիստ սահմանափակ էին: Լորայի համար տեղ ի հարկէ կար: Դանուտան նրան այդ վիճակով համաձայն չէր առանց ուղեկցողի թողնել: «Հայկական» եկեղեցու մեզ վաղեմի ծանօթ կանոնիկոսը, որպէս բացառութիւն, եւս մէկ տեղ կարողացավ ապահովել: Դանուտայի պնդմամբ ես ուղեկցելու էի Լորային: Ինքը պետք է մնար Եւայի հետ:
Մեր մեկնելու օրը օդանաւակայանում մեծ իրարանցում էր: Ուխտաւորների խմբի ղեկավարը Եոզէֆ անունով մի շատ երիտասարդ համակրելի արտաքինով վարդապետ էր: Յետոյ պարզեցի, որ Հռոմի Պապի ներկայացուցիչն է Լեհաստանում: Խումբը մեծ մասամբ կանանցից էր բաղկացած, որոնք շրջապատել էին իրեն: Վարդապետը մօտեցաւ կողք քաշուած ինձ ու Լորային եւ առանց ձեւականութեան իրեն մի կողմ տարաւ: Երկար զրուցում էին, աւելի շուտ խօսում էր ինքը: Լորան լուռ գլուխը կախ լսում էր: Յետոյ, երբ բարձրացանք օդանաւ, մեր ղեկավարը զբաղվեց մեզ բոլորիս տեղաւորելով: Լորային նստեցրել էր առաջին շարքում: Թէեւ կողքին ազատ տեղ կար, ինձ տեղ յատկացրեց ետեւի աթոռին: Ես տեսնում էի Լորայի տխուր դէմքը: Շուրջը աշխոյժ իրարանցում էր: Յանկարծ սկսեց լաց լինել: Սկզբում անձայն, յետոյ աւելի ու աւելի բարձր: Լաւ էր որ օդանաւի շարժիչները սկսեցին աշխատել եւ այս ուժեղ աղմուկի մէջ, ոչ ոք, բացի ինձանից չէր լսում եւ տեսնում դա: Չէի կարողանում արցունքներս զսպել այս անտանելի տառապանքը տեսնելով: Երկար լաց լինելուց յետոյ, աստիճանաբար, դանդաղ սկսեց հանդարտուել: Օդանաւը դեռ չէր շարժուել, երբ Եոզէֆը եկաւ նստեց իր կողքին: Ամբողջ թռիչքի ընթացքում, առանց բառերը հասկանալու, լսում էի նրա հանդարտ առինքնող ձայնը: Երբ Հռոմ էինք հասել, Լորան արդէն բոլորովին հանգիստ էր: Կ՚ուզէի իմանալ, թէ այդ բոլորովին երիտասարդ տղան ինչ մխիթարիչ խօսքեր գտաւ, որոնց միջոցով նրան կարողացաւ դուրս բերել այս հոգեվիճակից:
Վատիկանում անասելի եռուզեռ էր: Սուրբ Պետրոսի տաճարի դիմաց, Բերնինիի կամարաշարի միջեւ, ամբողջ հրապարակով մէկ աթոռներ էին շարուած: Բացօթեայ շատ շքեղ, ամպհովանիով բեմ էր շինուած պատարագի համար: Ամենուրեք գորգեր եւ գեղեցիկ պաստառներ էին: Եղանակն էլ այդ օրը, կարծես պատուէրով, հրաշալի էր: Կարգադրիչների մի խումբ երիտասարդ վանականներ, հանդիսականներին հերթով առաջնորդեցին հրապարակի աթոռների շարքերի մօտ: Լորային ճանաչում էին եւ տարան նստեցրեցին առաջին շարքում: Մեզ, որպէս Լեհաստանցի ուխտաւորների, պատուաւոր տեղեր էին յատկացրել երրորդ եւ յաջորդ շարքերում: Ժամերգութեան ընթացքում իրար էին յաջորդում երգչախմբեր, առանձին նշանաւոր երգիչներ: Պատարագի գագաթնակէտին, յանկարծ յայտարարեցին, որ հիմա պիտի երգի հայ երգչուհի Լորա Նազարեանը: Գլխաւոր արարողապետը մօտենալով շփոթուած Լորային տարաւ միկրոֆոնի մօտ: Տիրեց բացարձակ լռութիւն, որից յետոյ հրապարակից դէպի երկինք վեր բարձրացավ «Սուրբ սուրբ» աստուածային մեղեդին: Սկզբում մեղմ, յետոյ աւելի ու աւելի հզօր: Ես շատ անգամ էի իրենից լսել, բայց այսպիսի զգացմունքային կատարում չէր եղել: Երբ վերջացրեց, բազմահազար հանդիսատեսները միահամուռ ծափահարեցին: Մինչեւ այդ չէին ծափահարել ոչ մէկին: Կարծեմ պատարագներին այդ ընդունուած էլ չէր: Հանդիսութեան վերջում, մօտ քսան պատուաւոր հիւրերի, որոնց թւում Լորային, հրաւիրեցին Պապի հետ յատուկ հանդիպման: Մօտ մէկ ժամ յետոյ Լորան վերջապէս վերադարձաւ մեզ մօտ: Դէմքը բոլորովին փոխուել էր: Կարծես երիտասարդ տարիների Լորան էր: Երանաւետ ու խաղաղ արտայայտութիւն էր աւելացել: Մենք շրջապատեցինք իրեն: Ինքը հանդարտ, վերացուած ձայնով պատմեց.
— Պապը երկու անգամ օրհնեց ինձ: Ձեռքը դրեց գլխիս եւ հարցրեց. «Ի՞նչ կ՚ուզէիր աղջիկս»։ Երկու անգամ էլ կրկնեցի. «Խաղաղութիւն հայ ժողովրդին»:
Յետոյ Եոզէֆը մօտեցավ մեր խմբին: Դիմելով Լորային, ափսոսանքով հարցրեց. — Ինչ՞ու քեզ համար ոչինչ չխնդրեցիր:
Վերադարձանք Վարշաւա: Կեանքը շարունակուեց իր հունով: Լորայի մօտ հիւանդութիւնը մի փոքր դէպի լաւ էր գնում: Թեւատակի ուռուցքը կարծես սկսում էր փոքրանալ: Ապրում էր իրենց տանը: Շարունակում էր իր երգեցողութիւնը եկեղեցիներում: Եւան անհոգ թռչնակի նման մեծանում էր: Յատուկ կապուել էր ինձ հետ: Երեւի հօր կարիքն էր զգնում: Ես էլ յաճախ զբաղւում էի իրենով: Ի հարկէ նկարում էի, եթէ կարողանում էի նստեցնել: Մի ամբողջ շարք նկարեցի յիշողութեամբ: Արտակարգ աշխոյժ եւ էներգիայով լեցուն երեխայ էր: Մանկապարտէզում նոյնիսկ ծեծում էր տղաներին: Ստիպուած, մի քանի մանկապարտէզ էինք փոխել:

* * *

Աշնանը Լորան մահացաւ: Վատացել եւ հիւանդանոց էր պառկել: Վերջին անգամ երբ իր մօտ էի, շատ հանգիստ էր:
— Ես մեռնելուց չեմ վախենում, — ասաց նա: — Գնում եմ Մելիքի մօտ: Դուք էլ հանգիստ եղէք: Ափսոսում եմ միայն, որ Եւային չեմ կարողանալու մեծ տարիքում տեսնել:
Յետոյ երկար, շատ երկար լռելուց յետոյ, ինձ մի փակ ծրար տուեց. — Աղաչում եմ, խոստացիր որ կը բացես միայն իմ մահից յետոյ:
Երբ խոստացայ, համբուրեց ձեռքս:
— Դէ հիմա գնա՛, ուզում եմ հանգստանալ:
Սա նրա վերջին խօսքերն էին եղել: Այդ գիշեր միայնակ փակել էր աչքերը: Մեզ այդ մասին միայն առաւօտեան հեռախօսով յայտնեցին:
Հոգեհանգիստը իր հարազատ եկեղեցում կատարեցին: Քիչ մարդ կար: Պոզնանից եկել էր Մարեկը: Մի քանի մօտիկներ էլ եկել էին Հայաստանից: Թաղումից յետոյ, մեր տանը, Դանուտայի նախաձեռնութեամբ, եւրոպական ձեւով, մի փոքր ընդունելութիւն արուեց եւ վերջ: Ահա այսպէս, պարզւում է մարդը կար, այլեւս չկայ: Կան յիշողութիւններ միայն: Եւ կար Եւան, որը այս մի քանի օրում կարծես թէ խաղաղուել ու հասունացել էր:
Թաղման յաջորդ օրը գնացի արուեստանոց, ուր բաւական ժամանակ չէի եղել: Որոշեցի վերջապէս բացել Լորայի տուած ծրարը: Նամակը իր գեղեցիկ, կանացի ձեռագրով գրած, ընդամենը կէս էջ էր: Կարդալով տեսայ թէ ինչ կոյր եւ անսիրտ եմ եղել իր նկատմամբ: Գրածը, սա է, որը պահելու եմ մինչեւ վերջ.
«Հիմայ երբ ես այլեւս չկամ, կարող եմ խոստովանել. Այն առաջին վայրկեանից երբ տեսայ քեզ, հասկացայ, որ անդարձ սիրահարուել եւ սիրում եմ քեզ: Որոշել էի երբեք չտեսնել քեզ, որովհետեւ կարծում էի, իմը լինելու համար դու չափազանց լաւն ես: Երջանիկ էի երբ նորից հանդիպեցինք: Բայց ես ինքս պատճառ եղայ, որ ծանօթացար եւ տարուեցիր Դանուտայով: Դուք սիրեցիք իրար եւ ես հասկացայ, որ դա իմ ճակատագիրն է եւ համակերպուեցի: Ամբողջ ժամանակ կարողանում էի զսպել զգացմունքներս: Միայն այն օրը քո արուեստանոցում այլեւս չդիմացայ եւ դէմ գնացի ճակատագրիս, որի համար պատիժ եմ կրում հիմա: Չէի խոստովանի եւ ինձ հետ, որպէս գաղտնիք կը տանէի, եթէ չծնուէր Եւան: Եւան քո դուստրն է, քո արիւնից: Ես դա գիտէի առաջին վայրկեանից, մեր միակ հանդիպումից սկսած: Մարեկին, այդ նոյն օրը, պատմել էի ամեն ինչ քո մասին, մինչեւ մեր ամուսնանալը: Ինքը համաձայն էր ամեն ինչի: Բայց չկարողացաւ հաշտուել, երբ տեսաւ երեխային, որը քեզ էր նման առաջին իսկ հայեացքից: Աղաչում եմ վերցրու Եւային: Դանուտան իմաստուն կին է եւ սիրում է քեզ: Յանուն սիրոյ, ամեն ինչի պատրաստ կը լինի: Իսկ հիմա, մնաս բարով եւ երջանիկ եղիր. Լորա»:
Երբ տուն գնացի, Լորայի նամակը թարգմանեցի Դանուտային. լաց եղաւ: Եւան արդէն վաղուց մեզ հետ էր ապրում: Նրան որդեգրելը միայն տեխնիկական խնդիր էր: Եւան օր օրի աւելի է նմանւում Լորային, բայց շատ աւելի համարձակ ու նախաձեռնող է: Ինձ ոչ մի կերպ «պապա» չի կոչում, «մամա» էլ չի ասում Դանուտաին, միայն մեր անուններն է տալիս: Մենք անհանգիստ ենք իր ապագայի համար: Իր բուռն ակտիւութեամբ դպրոցում միշտ խնդիրների մէջ է ընկնում: Իր հասակակից տղաներն անգամ վախենում են իրենից:
Հիմա կեանքի նկատմամբ անորոշ վախի զգացում է առաջացել մէջս: Կարծես սպասում եմ ճակատագրի հնարաւոր նոր հարուածի: Վախը վերանում է միայն երբ նկարակալի առաջ կանգնած աշխատում եմ:

Մշուշ մշուշ համատարած, կաթ աղջամուղջ անեզրական,
Սարսափազդու դարանակալ, անյայտութիւն վաղնջական:
Յուսահատ ու անօգնական տարածութիւն անիրական,
Ուր միայնակ մարդն է կանգնած ճակատագրի դէմ հանդիման:

* * *

Սկսում եմ հասկանալ հաւատացեալներին, որոնք ապավինում են Աստծուն: Հիմա իմ մէջ կայ մի համոզում. «Թող լինի, ինչ որ պիտի լինի»: Այսինքն Աստծոյ կամքն է: Այս դրոյթը օգնում է ինձ շարունակել ապրել:
Ինչպէս կ՚ուզէք անուանէք, նախախնամութեան կամ Աստծոյ կողմից, մարդուն տրուած է կեանքում հետք թողնելու անբացատրելի մի ձգտում: Արուեստի գոյութիւնը, դեռ նախամարդուց սկսած, միայն սրանով կարելի է բացատրել: Առաւել եւս, եթէ կայ չնչին անգամ տաղանդ, անբարոյականութիւն եւ մեղք է չօգտագործել դա, վերուստ տրուած այդ ձգտումը իրականացնելու խնդրի համար: Այս խորին համոզումը ինձ ստիպում է աշխատել եւ աշխատել: Ստեղծել այն ինչ կարող եմ անել միայն ես իմ ձեւով: Ուրիշներ, այդ նոյնը կարող են կատարել ինձանից լաւ կամ վատ, բայց իմ ձեւով անելու եմ միայն ես: Այս է այն անձնական հետքը, որը այս կամ այն չափով երկար, մնալու է մեզանից յետոյ:

(Շար. 2 եւ վերջ)

Երեւան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *