ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ

ԵՐԱԶԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
ԱՂՕԹՔ

Եւ եթէ նորից ջրհեղեղ լինի,
Եւ նորից փրկուի ոմն մի Նոյ,
Եւ նորից կառուցուի ինչ-որ մի լաստ,
Այն նորից իջնելու է Արարատի գագաթին։
Որովհետեւ
Դա մշտահունչ առասպելն է
Ապականուած աշխարհի սրբացման,
Յոյսի եւ ապաշխարանքի…
Կեանքի շրջափուլերի
Նորացումն է պարբերական՝
Ա՛յս սուրբ հողի վրայ,
Ա՛յս սուրբ լեռան պատուանդանով,
Աստուածաշնորհ ա՛յս սուրբ ազգի
Գաւազանակրի մենաշնորհով։
Ուրիշ ընտրութիւն չի լինելու…
Պայքարե՛նք
Տապանի մէջ ունենալիք տեղի համար։
Պայքարե՛նք
Վերընձիւղման սուրբ իրաւունքի համար։
Նոյեան տապանը
Ամենաիրական հրաշքն է կեանքի,
Ամենադաժան ընտրութիւնն է աշխարհի,
Ամենաարդարը։
Նոյ լինենք մեր խղճի ու խոհի առջեւ …
Ապա եւ՝ Աստծոյ։

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՈՒՈՐԸ

Զինուորն իմ աշխարհի՝
Որպէս նոյեան թռչուն —
Աւետում եւ զղջում
Արդարացում ու խիղճ…
Ամենազօր, անպարտ
Այս զինուորը ահա,
Որ խաղաղ է այնպէս,
Առանց կասկած ու վախ,
Քմծիծաղի միջով՝
Վտանգներին մահուան,
Աստծոյ դուռն է հասել։
Եւ պատմում է նրան
Ճշմարտութիւնն իր պարզ,
Առանց համոզելու,
Ու նայում է ուղիղ
Աչքերի մէջ Աստծոյ.
— Թոյլ տուր ապրել շիտակ,
Ստեղծածիդ յարիր,
Ուղեծրով կամքիդ,
Սահմաններում Երկրիդ։
Թոյլ տուր ապրել, Տէր իմ։
Ուրիշ ճամբայ չկայ,
Չկայ երկիր ուրիշ.
Հող ու քարի շաղախ,
Անջուր, անհարթ, անյոյս,
Սա է բաժինը մեր
Որոշումը՝ Վերիդ…
Մենք մուրհակներ չունենք,
Ժամանակ էլ չունենք՝
Դատ ու դատաստանի։
Թոյլ տուր ապրել, Տէր, իմ։

ՊԱՏԵՐԱԶՄ

Գիւղից դուրս արիւն ու կռիւ է,
Գիւղի մէջ ծառերն են կանաչում։
Բլուրին՝ արկերի շառաչ է,
Բլրի տակ գառներն են արածում։

Ժամ առաջ ինքնաձիգն ուսին էր,
Ժամ յետոյ՝ բահն է ձեռքերում։
Ժայռերին գնդացիր ու տանկ է,
Ժայռն ի վար առուն է գլորւում։

Մարգերում ծլարձակ կարկաչ է,
Ծառերին ծաղիկներն են բուրում։
Պահ յետոյ մահաբեր թնդիւն է,
Ու ամբողջ երկինքն է դղրդում։

Պարտէզում քաղհան ու զրոյց է,
Մահուան ահ ու վիշտ է պարտէզում,
Արկերի բեկորը դաժան է,
Անհասցէ գնդակներ են սուրում։

Ոտքի տակ ականի պայթիւն է՝
Հովիւը իր հողին է փարւում,
Հօտի մէջ մայիւն ու բառաչ է,
Ոչխարն է սարն ի վեր մոլորւում։

Տնից դուրս աւեր ու սարսափ է,
Երկնքում ամպերն են խտանում,
Օջախում ջերմութիւն ու լոյս է,
Մանկաբոյր յոյսերն են ծաղկանում։

Վերեւում սեւ ծուխ է, ոճիր է,
Ներքեւում գարունն է ամաչում։
Մեռնելը վայրկեանի խնդիր է,
Ու կեանքն է անզօր հառաչում։

Ո՞վ խառնեց մեռնելն ու ապրելը,
Տէ՜ր Աստուած, այդ ինչպէ՜ս ես լռում…
Արեւը հանում է գլխիկը,
Շողն ի վեր աղօթքն է երկարում։

ԱՄԱՌ

Ես միշտ էլ սիրում էի ամառը։
Տատս սեւ շորերը փոխում էր դարչնագոյնով,
ծանր շալը՝ թեթեւ գլխաշորով,
ճերմակ գանգուրները ազատում էր գերութիւնից
եւ աւելի քիչ էր լացում անարցունք լացով՝
զոհուած որդու եւ թոռան վրայ,
ժամանակ չկար։

Ես սիրում էի ամառը։
Ուսուցիչ հայրս արձակուրդում էր,
միշտ ինձ հետ, եւ ինձ պատմում էր
մեր այգու ծաղիկների ու ծառերի մասին
մեր գիւղի սարերի ու դաշտերի մասին,
մեր աշխարհի մասին…
Անվերջ պատմում էր,
եւ այգին լցւում էր հեքիաթներով,
լուսաւոր, տաք,
արեւոտ, դեղին հեքիաթներով։
Դեղին…
Ես մեծանում էի ամեն ամառ։
Նախ հասայ հօրս գրասեղանին,
դարակներին,
յետոյ գրապահարանին…
Բայց գրքերին ձեռք չէի տալիս,
նա ինձ կը տար, որը կարելի էր,
որը պէտք էր։

Ես սիրում էի ամառը։
Ծիրանենին լցւում էր
արեւով, բուրմունքով, դեղինով։
Ես ուտում էի, ուտում,
չէր վերջանում։
Մայրս մուրաբա էր եփում, չէր վերջանում։
Տատս չիր էր կտրում,
չէր վերջանում։
Հայրս բաժանում էր ամբողջ գիւղին,
չէր վերջանում։
Ես սիրում էի ամառը։
Իմ առաջին սէրը գիւղական ակումբում
հնդկական ֆիլմի անձրեւի տակ
իմ ափն էր որոնում
տաք,
վախուորած,
խուսափող…
եւ բոլոր ֆիլմերն ու գրքերը
իրական պատմութիւններ էին թւում։

Յետոյ… իմ մեծ սէրը
ամառային օրուայ պէս չաւարտուող,
չամփոփուող,
վառող,
փորձում էր բեմ հանել
բոլոր իրական պատմութիւնները՝
դեղին։
Եւ իմ վերջին սէրը
ամառային շոգ Երեւանում,
համոզեց,
որ սէրը չունի անցեալ ժամանակ,
կամ եղել է ու կայ,
կամ չի եղել։

Երեւանը…
միշտ ամառային,
հանդիպման եւ հրաժեշտի թախիծներով,
տեղատւութեան աւազների վրայ
ծարաւող ոսկէ ձկնիկ…
Ու ես — յաւերժական ցանկութիւններով՝
ալիքի,
հոսանքի,
մակընթացութեան
դեղին…

Ես միշտ էլ սիրում էի ամառը։
Մեր հսկան ՝ վիթխարի ծիրանենին,
հօրս մահուան օրը,
ծոցուորուած, բեռնաւորուած,
դեղին,
արմատախիլ տապալուեց,
վերջացաւ… մէկ վայրկեանում։

Ես շատ մեծացայ…
Այցելում եմ հօրս գերեզմանին
եւ պատմում եմ նրան
իմ կեանքի հէքեաթները,
որոնց սիրում եմ,
որոնց հաւատում եմ,
որոնց սպասում եմ դեռ
եւ սպասելու եմ մինչեւ իմ վերջին ամառը
դեղին։
Այս ամառը վկայ.
տաք, շոգ, հեղձուցիչ,
ջերմող եւ սարսռացող մարմնիս փարուած
արեւաբոյր, կաթնաբոյր մանկիկներս՝
Էլենը, Էմմին Նարինէն,
Ներսէսն ու Արեգը
որպէս վերընձիւղուող
ծիրանենու ծաղիկներ՝
հօրս տոհմածառին,
տատիս այգում։

Կրասնոդար

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՄԱՍԻՆ

Երազիկ Յարութիւնեան ծնած է 1964-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Մարտունի շրջանի Աշան գիւղը։ 1996-ին ՀՀ ԳԱԱ գրականութեան հիմնարկէն ներս պաշտպանած է «Հայ ժողովրդական սգոյ երգերը» գիտական ատենախօսութիւն եւ ստացած բանասիրական գիտութիւնների թեկնածուի աստիճան։
Հայոց լեզու եւ գրականութիւն է դասաւանդած է Արցախի դպրոցներէն ինչպէս նաեւ Երեւանի «Դաւիթ Անյաղթ» համալսարանէն ներս, որպէս լրագրող աշխատակցած է «Խորհրդային Ղարաբաղ» ամենօրեայ պաշտօնական թերթին, Կրասնոդարի հայկական «Խաչքար» ամսագրին։
1999-ին ընտանիքին հետ տեղափոխուած է Ռուսիա, Կրասնոդարի շրջան եւ սկսածa է զբաղիլ համայնքի երեխաներու եւ երիտասարդներու հայեցի կրթութեամբ։ Կրասնոդարի երկրամասի ազգային-մշակութային ինքնավարութեան Յովհաննէս Թումանեանի անուան հայկական կեդրոնի տնօրէնն է
Հեղինակ է ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան կողմէ հաստատուած հայոց լեզուի ուսումնական դասացոյցներու եւ բանաստեղծական ժողովածուներու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *