ԼԵԶՈՒԻ ՁԵՌՆԱՓԱՅՏԸ ԲՌՆԱԾ

ԿԱՐԴԱԼՈՎ ՎԵՀԱՆՈՅՇ ԹԵՔԵԱՆԻ «ԱՂՕԹՔՆԵՐ»Ը

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆԵԱՆ

Ես գրում եմ Վեհանոյշ Թեքեանի մասին նրա համար, որպէսզի հիացմունքս յայտնեմ հայերէն կարդացողների առաջ եւ ասեմ, որ այս ազնուազարմ տիկնոջ տողերը սովորականութեան դաշտից չեն քաղուած, դրանք լոյսի, մթան, անձրեւի եւ ճակատագրի նման տեղում են բանաստեղծութեան վերեւից: Վեհանոյշը զարմացնում է արդեն 40 տարուց աւելի: Զարմանքը բանաստեղծութեան երկուորեակն է, առանց նրա ուղեկցութեան չկայ պոեզիա: Նա զարմացնում էր իր երիտասարդական տարիներին` համարձակ կեցուածքով, դէպի նորն ու անսովորը հակուելու համարձակութեամբ, զարմացնում է այսօր` մտքի եւ զգացումների հարստութեամբ ու խորութեամբ եւ դարձեալ նորի ու անսովորի թեւը բաց չթողնելով ամենեւին:

Վեհանոյշ Թեքեանը մեր գրականութեան այն քչերից է, որոնց ընթերցելիս պիտի օժտուած լինես որոշակի կարողութիւններով, որովհետեւ նա հարուստ մէկն է, հոգեւոր տիրոյթների կալուածատիրուհի: Նրա լեզուն հասկանալու դէպքում յանկարծ նկատում ես, որ քո մասին է խօսում, քո պատմութիւնն է արւում տուեալ հատորի էջերի մեջ: Ու հրճւում ես, որովհետեւ նկատուած մէկն ես դու: Մտածէք ու կը տեսնէք, որ այդպէս է մեծ գրականութեան պարագային:

Վեհանոյշի ստեղծագործութեան մէջ օրը 24 ժամ չէ, ինչպէս որ լինում է առօրեայում: Այստեղ տեւում է Վեհանոյշի կայացրած ժամանակը` գոյացած մարդկային ու ազգային ճակատագրերի շնչից: Ամէն բան, որ խորիմաստ մարդու աչքը կարող է տեսնել՝ կայ այս գրքում, Հայրենիք, ցաւ, վերեւ, ներքեւ, հեռու-մօտիկ, սուզուող-սաւառնող, նաեւ ուրուագծի մէջ տեսնում ես բայցը, սակայնը` այսինքն չկան, առանց որի կեանքը կեանք չէ: Այս մասում է գրականութեան յաղթանակը: Ես չեմ կարող չտրուել գայթակղութեանը եւ ասելիքս աւելի տեսանելի դարձնելու համար Վեհանոյշի քերթուածներից չկատարել մէջբերումներ: Ահա հայի ներկայ վիճակի` չափաւոր հիւմորով քննութեան մի պատկեր. «Պիտի սփիւռքէ, պիտի հայաստանէ, պիտի արցախէ, ինչ որ իյնայ իր հոգիին` պիտի պաշտէ, ինչ որ անցնի իր ուղեղէն` պիտի մաղէ: Մէկ բան սակայն անկարելի պիտի ըլլայ, ընթեռնելի պիտի չըլլա՛յ»: Սա բանաստեղծուհու ձեւած մի հագուստ է, որ բոլոր ժամանակների հայի վրայով է, որը տասնեակ պատմագիտական գրքերի ճանաչողութիւն է բովանդակում սուղ տողերի մեջ: Կեանքի անցած-գնացած օրերի մասին հազարաւոր երգեր են գրուել, սակայն այս մէկը տարբեր է, անձրեւի`այսինքն թարմութեան ու խենթութեան հետ ճամբայ անցնելուց յետոյ, երբ վրայ են տալիս կորուստներն ու հիասթափութիւնը, ծնւում է մարդու ողբերգական խոստովանութիւնը.

Ալ թաց պարեր չենք հնարեր անձրեւն ու ես

 

Կեանքի քննութիւնը գրականութեան նիւթն է, ամէն դատողութիւն, փորձ ու փորձառութիւն նրա շուրջը կը դառնայ: Ժամացոյցը խորհրդանշում է մարդու ժամանակը. մարդը փոթորկոտ ջահելութեան օրերում չի լսում իր ժամացոյցի ձայնը, դա նոյնիսկ նրան խանգարում է, շեղում խենթութիւններից, իսկ ահա մայրամուտին`

Ականջդ որքան ծանր ըլլայ` անոր ձայնը կը զօրանայ:

Այս բանաստեղծութեան աւարտին կայ մի ծանր բառ` մահագորով, որը իմ համոզմամբ ստեղծել է Վեհանոյշը: Տարողունակ բառ է, ինքնին արդէն ստեղծագործութիւն է:

Ահա բանաստեղծութեան մի վերնագիր. «Յայտնի չէ, որ յայտնի՞ է թէ յայտնի չէ»: Հակադիրների միջեւ համերաշխութիւն տեսնելու ձգտում է, ինչը որ մենք ջանում ենք անել մեր բոլոր օրերում.

Միայնութեան եւ լռութեան միջեւ

կայ խօսակցութիւն

ժպիտի եւ լացի միջեւ

կայ խոր ճանաչում

Սէրը կորուստ է

Յոյսը մշտաստուեր

Ճանապարհը պիտի երկարի՞ թէ կարճնայ — յայտնի չէ:

Յայտնին ու անյայտը թողնւում է ընթերցողին, նրան արդէն այնքան տեղեկութիւն է տրուած սեփական գոյութեան մասին, որ մնացածը ինքը կը շարունակի:

Մարդու գոյութեան քննումը բանաստեղծուհուն հասցնում է այն ճշմարտութեանը, որ կեանքի ընթացքը պարզ թուաբանութիւն չէ, դա ուրիշ հաշուարկ է, որ դուրս է գիտութիւնից եւ սովորական իմացութիւնից:

Մէկ` մէկ ալ` երկու կ՚ընէ մի՛ ըսեր,

Մէկը կայ, միւսը չէ եղած, չկայ.

Ալ երկու-ն ո՛րն է:

Մենք յաճախ կեանքում եւ արուեստում մեր երեւակայութիւնից դուրս թեւածող թռչուններին, սիրահարներին, ճայթողներին եւ այլն կոչում ենք աբսուրդ: Թող այդպէս լինի, բայց կեանքի այդ բացատը տեսնել է պէտք եւ յայտնել մարդկանց, եթե այդ անիրական-իրականները չեն թափանցում բանաստեղծութեան մէջ, ապա վերջինս կը նմանուի գետնամած խոտաբոյսի: Ես պիտի խոստովանեմ, գրականութեան մէջ շատ չեն հանդիպում ողջ կեանքն իր դրեւորումներում այսքան հակիրճ եւ իմաստուն ձեւակերպելու փորձեր.

Ամբողջ պէտք եղածը

Կտոր մը շաքար է սեւ սուրճին խառնելու:

Վեհանոյշը մի բանաստեղծութեան մէջ ասում է. «համով է ինքնախաբէութիւնը»: Պէտք չէ վիճել. սա բանաստեղծութեան ճշմարտութիւնն է: Կամ, եթէ կ’ուզեք, մարդու պատրանքներից ծնուած մի համոզմունք է, առանց որի չես հաւատայ, որ «ինչ ալ ըլլայ` Աշխարհը մի փանջարա է»: Որ «Կեանքը տակաւին կարելի է անոնց համար որ կ՚ապրին դժոխքի մէջ», առանց այդ համոզման ուղղակի ապրել չի լինի, որովհետեւ «Ճամբայ կ՚ելլես անդունդ չկայ, անդունդ կ՚իյնաս` ճամբայ չկայ»:

Վեհանոյշի` տարբեր տարիներին գրած բանաստեղծութիւնները ապրում են իրար հետ ներքին հաշտութեան մէջ, իրարից երես չեն դարձնում, ինչպէս որ յաճախ լինում է` տարբեր տարիներիդ լուսանկարների նման:

Գործերից մէկում բանաստեղծուհին մի համեստ խոստովանութիւն է անում. «Շարունակեր եմ քալել` Լեզուիս ձեռնափայտը բռնած»:

Ինքնադիմանկար է: Հայերէնի ինքնատիպ փառաբանութիւն: Հայ բանաստեղծի ընթացքի բանաձեւ:

Մեր կեանքը բաղկացած է միլիոնաւոր հարցերից եւ շատ քիչ պատասխաններից: Ե՛ւ հարցերը, ե՛ւ պատասխանները ուռկանի մեջ են` անյայտ ժամանակի ձեռքերով որսուած: Այդ հարցերն ու պատասխանները ուզում են դուրս կորզել փիլիսոփաներն իրենց ձեւով, կրօնաւորները` իրենց, երկրի տէրերն` իրենց, ստրուկներն` իրենց: Սակայն դա հազուագիւտ դէպքերում ինչ-որ չափով յաջողւում է միայն բանաստեղծներին, հազուագի՛ւտ բանաստեղծներին, ինչպէս օրինակ` Վեհանոյշ Թեքեանին: Ես վերցնում եմ նրա մէկ բանաստեղծութիւնը, որը թեթեւ ծիծաղով մարդու կեանքի անհնարինի եւ հնարաւորի անչափ հետաքրքիր մի բանաձեւում է` ուզում ես խնդա՛, ուզում ես բարձրացիր լեռը շուռ տալու — եղածը այդ է:

ՃԱՇԱԿԵՍՑՈՒՔ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՄԲ

Նախ առաստաղը ծալլել — մէկ կողմ դնել

Տուփ մը հայելի լաւ մը փշրտել — ան ալ մէկդի դնել

Մեծ աման մը առնել — լուալ յոյսով

            մէկ վայրկեան ետք զայն չորցնել խաբկանքով

Մէջը խառնել

Երկու քիլօ դուռ

Հինգ փաունտ պատուհան — տեսարանները — կեղուել

            թափել

                        շրջանակը փոքր քառակուսիներու վերածել

Աւելցնել առօրեայ դեղեր

Քիչ մը արցունք

Մէկ գլուխ կասկած

Մէկ ափ խնդուք

Առածին չափ` յիշատակ

Եթէ խառնուրդը թանձր թուի` կամաց կամաց աւելցնել

մէկ ապուրի դգալ ապագայ — աւելին կծու կ՚ըլլայ

 

Այս բոլորը լաւ մը խառնել եւ ձգել որ ուռի

Փուռ չդրած` վրան ցանցնել հայելին

 

Եփել մինչեւ որ ժամդ հասնի

Կեցցես, Վեհանոյշ, շնորհակալութիւն` քո կալուածքում մէկ պահ մնալու եւ սքանչանալու հնարաւորութեան համար:

Երեւան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *